Արտաշես Ա
Արտաշես Ա Բարեպաշտ (մ.թ.ա. 189 – մ.թ.ա. 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 189 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։ Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»։ Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։
Արտաշես Ա Բարեպաշտ | |
---|---|
Մեծ Հայքի Արքա | |
![]() | |
Արտաշես Ա-ի դրամը | |
Իշխանություն | մ.թ.ա. 190–մ.թ.ա. 160 |
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | մոտ մ. թ. ա. 160[1] |
Երկիր | ![]() |
Հաջորդող | Արտավազդ Ա |
Ուղեկից | Սաթենիկ (Ալանաց թագավորի աղջիկը) |
Տոհմ | Արտաշեսյան |
գերիշխան | |
Հայր | Զարեհ Երվանդունի |
Երեխաներ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 139.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 139)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Նախորդող Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 201 |
Մեծ Հայքի արքա Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 189 - մ.թ.ա. 160 |
Հաջորդող Արտավազդ Ա մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115 |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |