Ամարասի վանք, հայկական առաքելական վանքային համալիր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ[1]։

Ամարաս
ադրբ.՝ Amaras monastırı
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանքային համալիր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՄարտունու շրջան
ՀասցեՄաճկալաշեն գյուղի մոտ
ԴավանանքՀայ առաքելական
ԹեմԱրցախի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը4-րդ դար
Ժառանգության կարգավիճակԱյո
ՀիմնադիրԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ4-րդ դար
Հիմնադրված4-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Amaras Վիքիպահեստում
amaras.org

Պատմություն

խմբագրել

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։

Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ 5-րդ դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։

821 թվականին վանքն ասպատակում են արաբները։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության՝ 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը՝ որպես ավար տիրանալով Սուրբ Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։ Հերթական անգամ Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ 15-ից 16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ 17-րդ դարերի 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից։

19-րդ դարի 2-րդ քառորդին Ամարասի վանքային համալիրը, որն ուներ 17-րդ դարում կառուցված բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832–1847 թվականներին ծառայել է որպես ռուս-պարսկական սահմանի մաքսատուն։ 1848 թվականին վանքը հանձնվել է Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարին։ Խարխլված եկեղեցին վերականգվել է 1858 թվականին՝ շուշեցի հայերի օժանդակությամբ, 1898 թվականին պատրաստել է շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից պատրաստվել է Գրիգորիսի նոր տապանաքար։ 19-րդ դարի վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է։ Վերաբացվել է 1992 թվականին որպես Արցախի թեմի գործող վանք։ Ամեն տարի հարյուրավուր այցելուներ է ունենում Ամարաս վանքը։

2019 թվականից սկսվեցին Ամարասի վերանորոգման աշխատանքները, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմի պատճառով որոշ ժամանակով դադարեցվեցին։ Ներկայումս վերանորոգման աշխատանքները վերսկսված են։

Նկարագրությունը

խմբագրել
 
Ամարասի հատակագիծը

Վանքը կառուցված է հարթ տեղանքում։ Եկեղեցին ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (59x85 մ)։ Վանքը շրջապատում են հրակնատներով բարձր պարիսպներ, որոնց ներսից ողջ պարագծով կից գտնվում են բնակելի և օժանդակ շինություններ։ Բնակելի խցերի շարքով անջատվող երկու ներքին բակերից արևելյանը տնտեսական նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ախոռը, մթերանոցները)։ Արևմտյան՝ ավելի ընդարձակ բակի կենտրոնում գտնվում է Սուրբ Գրիգորիս եռանավ բազիլիկը՝ երկու զույգ մույթերով։ Վանքի բնակելի սենյակները հիմնականում գտնվում են համալիրի արևելյան և հյուսիսային սահմաններում։ Սրանք ունեն դեպի բակ բացվող երկուական սենյակներ, որոնք պատկանում էին բնակելի վանքերի տիպին։ Այդպիսի սենյակներ ունեցել են նաև Տաթևի, Գնդեվանքի, Գեղարդի վանքերը[2]։ Եկեղեցու առաջին հարկը բաղկացած է երկու, իրար հետ հաղորդակցվող, առանց լուսամուտների շինություններից։ Այդ սենյակներից հյուսիսային մուտքը դրսից է, իսկ հարավայինը՝ բակից՝ արևելյան պատի վրա։ Ամարասի վանքի գլխավոր հատակագծում կա առանձնացված որոշակի ֆունկցիոնալ զոնավորում։ Տնտեսական շենքերի առանձնահատկությունը հատուկ է նաև Արցախում մի շարք հոգևոր կենտրոնների համար։ Եկեղեցու առանձին բակի առկայությունը կատարում է ոչ միայն տնտեսական նշանակություն, այլև նպատակահարմար է եկեղեցու շարժական գույքի համար[3]։

Չնայած նրան, որ Ամարասի վանքն ունի աշխարհագրական բարենպաստ դիրք նաև քաղաքական անկայունության դեպքում ունի նաև ապահովող նշանակություն․ պարիսպները բարձր են, պարիսպների ներսում կան հատուկ հարմարեցված տանիքներ, որոնք ստեղծված են մարտական նշանակության և պատսպարվելու համար։

Ամարասի վանքի գմբեթի ցածրադիր լինելու մասին կան հետաքրիր ուսումնասիրություններ, որոնցից մեկը համեմատությունն է Հերհերի ս․Գրիգորիս եկեղեցու հետ[4]։ Երկուսն էլ կառուցվել են նույն ժամանակաշրջանում՝ 17-րդ դարում։ Հերհերի այժմյան մնացած բազիլիկը գմբեթավոր է, որի գմբեթի թմբուկը գրեթե չի երևում։ Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ամարասն ունի այն լայնությունը ինչ Հերհերի հուշարձանը, ապա պարզ է դառնում, որ Ամարասը 17-րդ դարում ունեցել է ցածրադիր գմբեթ և քառամույթ բազիլիկ։

Եկեղեցու բեմի տակ գտնվում է Սուրբ Գրիգորիսի մատուռ-դամբարանը, որն իրենից ներկայացնում է արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյուն (1,90 x 3,75 մ), պայտաձև կտրվածքով թաղով միանավ դահլիճ, որն արևելքում ունի խորշ և երկայնական պատերում՝ մեկական մուտք։ Նախամուտքերի արևելյան պատերին քանդակված են ոճավորված արմավենիներ։ Դամբարանի թաղման խուցը բացվում է նախամուտքից։ Ուսումնասիրություններ կատարելու համար հարմար են իրականացնել հետազոտություններ նախամուտքի արևելյան հատվածից, քանի որ բարձրությունը կիսով չափ է, և վեր տանող հինգ աստիճաններ կան։ Դամբարանի խորշմ ու արևելյան մուքտը փակվել են 19-րդ դարում։ Գրիգորիսի դամբարանը կառուցված է նույն հորինվածքով, որը հատուկ է Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի 5-րդ դարի դամբարաններին։ Հայ ճարտարապետության միջնադարյան հուշարձանների շարքում նրա իրական արժեքը որոշելու համար պետք է դիտարկել Հայաստանի 4-5-րդ դարերի դամբարանները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 211 — 992 էջ։
  2. Հասրաթյան, Մ․ (1975). Ամարասի ճարտարապետական համալիր. Լրաբեր Հասարակական. էջ 38.
  3. Հասրաթյան, Մ․ (1975). Ամարասի ճարտարապետական համալիր. Լրաբեր Հասարակական Գիտություններ. էջեր 38–39.
  4. Հասրաթյան, Մ․ (1975). Ամարասի ճարտարապետական համալիրը. Լրաբեր Հասարակական Գիտություններ. էջ 42.