Հայերն ԱՄՆ-ում (անգլ.՝ Armenian Americans), հայկական սփյուռքի՝ թվաքանակով երկրորդ գաղթօջախը։ Տարբեր տվյալներով՝ նրանց թիվը տատանվում է 483,366-ից (ԱՄՆ-ի 2011 թվականի մարդահամար) մինչև 1,500,000 (այդ թվում՝ հայկական ծագմամբ ամերիկացիներ)։ Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա (մոտ 900 հազար) նահանգում, որը երբեմն անվանում են «Ամերիկյան Հայաստան»։

Ամերիկահայեր
Armenian Americans
Ընդհանուր քանակ

մինչև 1 500 000

Բնակեցում
Կալիֆոռնիա 900.000
Նյու Յորք 150.000
Մասաչուսեթս 130.000
Նյու Ջերսի 50.000
Միչիգան 40.000
Ֆլորիդա 40.000
Փենսիլվանիա 15.000
Իլինոյս 40.000
Ռոդ Այլենդ 10.000
Տեխաս 10.000
Լեզու(ներ)
հայերեն, անգլերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն (հայ առաքելական, հայ կաթողիկե և հայ ավետարանական), անկրոն

ԱՄՆ-ում հայերի հաստատման պատմությունն ընդունված է բաժանել 4 փուլի։ Առաջին փուլում՝ մինչև 20-րդ դարի սկզիբը, ԱՄՆ-ում ձևավորվել էին փոքրաթիվ հայկական համայնքներ։ Այդ ժամանակահատվածում երկրում հաստատվում էին եվրոպացի, ասիացի ու աֆրիկացի գաղթականների տարբեր խմբեր, որոնք ձևավորում էին ամերիկյան հասարակությունը։ Նախքան 20-րդ դարը հայերը փոքրաթիվ համայնքներով հաստատվել են նաև Եվրոպայի ու Ասիայի մի քանի երկրներում։ Երկրորդ փուլում՝ առաջին համաշխարհային պատերազմից ու հայոց ցեղասպանությունից հետո, այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արևմտյան Հայաստանից ու Թուրքիայի հայաշատ վայրերից։ Այդ ժամանակ ձևավորվում է հայկական սփյուռքը։ Երրորդ փուլն ընդգրկում է երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև Արցախյան շարժումն ընկած ժամանակահատվածը, երբ ԱՄՆ են տեղափոխվում հարյուր հազարավոր հայեր՝ հիմնականում Մերձավոր Արևելքի երկրներում (Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Իրան և այլն) տեղի ունեցած քաղաքական անկայունության պատճառով։ Չորրորդ փուլի ընթացքում (1990-ականներից մինչև մեր օրեր) ԱՄՆ են տեղափոխվում Հայաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ, ովքեր գաղթական էին դարձել Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախյան պատերազմի, նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման հետևանքով։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հաստատվել են 1992 թվականին։

Ամերիկահայերը ակտիվ ներգրավվածություն ունեն պետության բոլոր մակարդակներում։ Գաղթականների առաջին ալիքը ունեցել է զգալի դժվարություններ, սակայն վերաբնակների երկրորդ, երրրոդ և չորրորդ սերունդներից սկսած՝ ԱՄՆ-ում և հայկական սփյուռքում սկսում են հանրահայտ դառնալ ամերիկահայ գործարարները, քաղաքական ու ռազմական, հասարակական ու մշակութային գործիչները, գիտնականներն ու մարզիկները։ 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարի սկզբին այստեղ հիմնադրվել են 50-ի հասնող հայկական բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ, որոնք կարգավորում են ամերիկահայերի կյանքը և օգնում նրանց՝ ինտեգրվել ամերիկյան հասարակությանը։

Ամերիկահայ գաղութի ստվարացման՝ որպես ցեղասպանությունից փրկված հայերին ամերիկյան հասարակության մեջ առավելագույնս ինտեգրման և միաժամանակ հայապահպանման գործում մեծ դեր են խաղացել սփյուռքահայ կուսակցությունները (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար ազատական, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան) և հայ առաքելական եկեղեցին։ Նրանց ջանքերով բացվել են տարբեր կազմակերպություններ, որոնք պետության աջակցությամբ հիմնել են տասնյակ դպրոցներ ու վարժարաններ, եկեղեցիներ ու հասարակական շինություններ։ Աշխուժանում է ինչպես գիտական, այնպես էլ մշակութային ու մարզական կյանքը։ Հայաստան-սփյուռք և միջպետական հարաբերություններում իր ուրույն տեղն է գրավում ամերիկահայ մամուլը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հայկական լոբբին։

Ամերիկահայերի խոսակցական և գործնական լեզուն հիմնականում անգլերենն է, կենցաղային լեզուն՝ հայերենը։ Ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը կրոնական տեսանկյունից հարում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Արևելյան և Արևմտյան թեմեր), կան նաև ավետարանականներ, կաթոլիկներ ու բողոքականներ։ Ամերիկահայ գաղութը եզակի է այն տեսանկյունից, որ այստեղից արտագաղթ հիմնականում չկա։

Պատմություն

խմբագրել

Ամերիկահայ գաղթօջախ

խմբագրել
Հայերը ԱՄՆ-ում թվականներով[1]
Տարի Հայերի բնակչությունը
1890
1.500
1898
14.000
833.3
1900
25.000
78.6
1914
66.000
163.8
1920
100.000
33.3
1930's
200.000
50
1945
215.000
7.5
1972
450.000
109.3
1979
550.000
22.3
1983
700.000
27.3
1986
800.000
14.3
1994[2]
1.000.000
25
2003[2]
1.250.000
20
2009[2]
1.500.000
5.8

Հայերը Հյուսիսային Ամերիկայում բնակություն են հաստատել 17-րդ դարի առաջին տասնամյակներից։ Այստեղ եկած առաջին հայի՝ պարսկահպատակ Ջոն Մարտինի անունը հիշատակվում է 1618 թվականին (զբաղվել է ծխախոտագործությամբ)։ 1653-1654 թվականներին Վիրջինիայի նահանգի կառավարչի հրավերով Թուրքիայից եկել են շերամաբույծ երկու հայ վարպետներ՝ շերամապահությունը զարգացնելու նպատակով։ 17-18-րդ դարերին հայերի փոքրաթիվ խմբեր Ամերիկա են գաղթել Եվրոպայից (Լեհաստանից, Հունգարիայից, Հոլանդիայից), ինչպես նաև Հնդկաստանից և վերաբնակվել Վիրջինիա, Հարավային Կարոլինա, Ջորջիա նահանգներում։ 1770-ական թվականներին հայերի թիվն ԱՄՆ-ում հասել է 70-ի։

1830-ական թվականներից սկսված հայերի նոր հոսքը հետևանք էր Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Թուրքիայի հայաբնակ այլ վայրերում ամերիկյան միսիոներների քարոզչական, կրթալուսավորչական գործունեության, որի արդյունքում բացվեցին բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ։

1834 թվականին Կոստանդնուպոլսի միսիոներական դպրոցի սան 16-ամյա Խաչատուր Ոսկանյանը սկզբնավորել է հայ, մասնավորապես պոլսեցի, երիտասարդության հոսքը ԱՄՆ-ի բարձրագույն և առաջնակարգ ուսումնական հաստատություններ՝ դառնալով առաջին հայ մտավորականը Նոր Երկրում։ 1861-1865 թվականներին, քաղաքացիական պատերազմին հաջորդած տարիներին, երբ ԱՄՆ թևակոխել է արդյունաբերական բուռն զարգացման շրջան, ի թիվս «հին աշխարհի» շատ գաղթականների, ԱՄՆ են սկսել մեկնել հայերի խմբեր (հիմնական պատճառներն էին հայ գյուղացու տնտեսական քայքայումը, ծանր հարկերը, կյանքի և գույքի ապահովությունը Օսմանյան Թուրքիայում)։ Նրանց մեծ մասը ձգտել է ժամանակավորապես աշխատելուց և որոշ գումար ձեռք բերելուց հետո վերադառնալ հայրենի բնակավայրեր։ 1870-ական թվականների վերջին Նյու Յորքում, Ուստրում, Փրովիդենսում սկսել են ձևավորվել հայկական առաջին համախմբումները։

19-րդ դարի վերջին Թուրքիայում գործել են ավելի քան 160 միսիոներներ, 40 միսիոներական գիշերօթիկներում և 7 քոլեջներում սովորել են շուրջ 2700 տղա և աղջիկ (1899-1900 թվականներին Կոստանդնուպոլսի Ռոբերտ քոլեջի աշակերտների 74%-ը հայեր և հույներ էին)։

 
Ամերիկահայերի ընտանիք
(Բոստոն, 1908)

Օսմանյան Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր կենտրոններում ամերիկյան ավետարանական քարոզիչների կրթալուսավորչական գործունեության (եկեղեցիների, նախնական ու բարձրագույն դպրոցների, քոլեջների և մշակութային այլ օջախների ստեղծում) ծավալման հետևանքով 19-րդ դարի 80-ական թվականներին աճել է հայ, հիմնականում ամուրի (95%) երիտասարդների արտահոսքը երկրի գրեթե բոլոր շրջաններից, գերազանցապես՝ Խարբերդից (40%)։ Եվրոպական շուկաներում արդեն իսկ իրենց գործունեությունը տարածած հայ հարուստ վաճառականները ձեռնպահ էին մնում ԱՄՆ ներթափանցելուց։ 1880-ական թվականների վերջից արդեն 1500 հայ ունեցող ԱՄՆ դարձել էր նաև քաղաքական ապաստան և գործունեության ազատ դաշտ հայ հեղափոխական կուսակցական (հնչակյան, դաշնակցական) գործիչների համար։

Ժամանակի ընթացքում ԱՄՆ մեկնած հայերը տարածվել են գրեթե բոլոր նահանգներում՝ նախապատվություն տալով հայ բնակչություն ունեցող շրջաններին (Նյու Յորք, Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Իլինոյս, Կալիֆոռնիա, Միչիգան, Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Քոնեքթիքութ, Վիսկոնսին և այլն)։ Հայաշատ քաղաքներից էին Նյու Յորքը, Ուստրը, Լիննը, Բոստոնը, Փրովիդենսը, Հարթֆորդը, Ֆիլադելֆիան, Հոբոքենը, Թրոյը, Չիկագոն, Ֆրեզնոն և այլն։ Հայերի շրջանում մշտապես նկատվել է տեղաշարժ՝ հատկապես արևելյան նահանգներից դեպի արևմտյան նահանգներ։ Դա տեղի է ունեցել որոշակի օրինաչափությամբ. սկզբում՝ 1834 թվականից, հարազատ բնակավայրեր վերադառնալու հույսով մեկնած տղամարդիկ հաստատվել են գլխավորապես երկրի արևելյան ափի ուսանողական (հիմնականում՝ Նյու Յորք քաղաք) և արդյունաբերական (հիմնականում՝ Ուստր քաղաք) շրջաններում։ Հետագայում՝ հատկապես 1880-ական թվականներին, ԱՄՆ-ում հայերի թվի ստվարացմանը, արևելյան նահանգներում աշխատատեղերի նվազեցմանը զուգընթաց, հայերն աստիճանաբար տարածվել են նաև երկրի հյուսիսարևելյան, հյուսիսային, միջին, միջինարևմտյան ու արևմտյան շրջաններում (հիմնականում՝ Կալիֆոռնիայի գյուղատնտեսական նահանգ)։ Ամերիկյան կյանքին ընտելացած հաջողակ ու գործարար հայերը պայմաններ են ստեղծել հետագա տասնամյակներին գաղթի դիմած հազարավոր հայրենակիցներին նյութական ու բարոյական աջակցություն ցույց տալու, նրանց համախմբելու և որպես համայնք կազմակերպելու համար։

 
առաջին հայկական՝ Սուրբ Փրկիչ եկեղեցին
Ուսթըր, 1891

1820-1898 թվականներին ԱՄՆ մեկնած հայերի թիվը մոտավոր է (4 000), քանի որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ մուտք գործած գաղթականները գրանցվել են ոչ թե ըստ ազգային պատկանելության, այլ՝ մշտական բնակության երկրների։ Ընդ որում՝ Օսմանյան Թուրքիայից գաղթածները մինչև 1868 թվականը գրանցվել են որպես «Եվրոպական Թուրքիայից», իսկ 1869 թվականից՝ նաև «Ասիական Թուրքիայից» և «Հայաստանից» եկածներ։ 1899 թվականից գաղթականները սկսել են գրանցվել՝ ըստ իրենց ազգային պատկանելության։

1893 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը դատապարտել է թուրքական իշխանություններին, որոնց թողտվությամբ Մարզվանում կողոպտվել ու այրվել էր ամերիկյան քոլեջը, Բարձրագույն Դռնից պահանջել է հարգանքով վերաբերվել ամերիկահպատակներին։ 1894 թվականի դեկտեմբերի 3-ի Սասունի կոտորածից հետո ԱՄՆ-ի Սենատն առաջարկել է եվրոպական տերությունների հետ մասնակցել Սասունում կատարված հանցագործությունների հետաքննությանը և պահանջել է դադարեցնել հայ բնակչության հետագա հալածանքները։ 1894-1896 թվականների համիդյան կոտորածները Օսմանյան Թուրքիայում բողոքի ալիք են առաջ բերել ԱՄՆ-ում։ Ֆիզիկական բնաջնջման վտանգից խուսափող հայերի զանգվածային գաղթը մեծ չափեր է ընդունել՝ ներառելով կայսրության բոլոր հայաբնակ շրջանները։ Ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը։ Արևմտահայությանն օգնելու համար ստեղծվել են հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպություններ։ Մեծ աշխատանք են կատարել 1895 թվականին Բոստոնում ստեղծված «Հայաստանի բարեկամների միությունը» (անդամներն էին՝ բանաստեղծուհիներ Ջուլիա Ուորդ Հաուն և Ալիս Սթոուն Բլեքուելը, լրագրողներ Սեմյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Ուիլյամ Ուորդը և ուրիշներ), Կարմիր խաչի ազգային ընկերության նախագահ Կլարա Բարտոնը, բազմաթիվ միսիոներներ։

 
Ամերիկահայեր, 20-րդ դարի սկիզբ

1904 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ) ԱՄՆ-ի կառավարությունը խնդրել է օգնել թուրքական լծի տակ հեծող արևմտահայությանը։ Հայ պատվիրակներին (եպիսկոպոսներ Հ. Սարաջյան, Ս. Այվատյան) ընդունել է ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Նա հայտարարել է, որ հետաքրքրվում է Հայկական հարցով, սակայն չի կարող օգնել հայերին, քանի որ 1878 թվականի Բեռլինի դաշնագրի տակ չկա ԱՄՆ-ի ստորագրությունը։

1900 թվականին հայերի թիվը ԱՄՆ-ում շուրջ 20 000 էր։ 1904 թվականին ԱՄՆ (մասնավորապես՝ Կալիֆոռնիան) հանգրվան է դարձել նաև տնտեսական և քաղաքական հանգամանքների բերումով Ռուսական կայսրությունից գաղթած հայերի համար, որոնք Նոր Երկրի մասին տեղեկացել էին 19-րդ դարի կրոնական հալածանքների հետևանքով Կովկաս աքսորված դուխոբորներից և մոլոկաններից։ Դեպի ԱՄՆ արևելահայ պանդխտության նախակարապետները Կարսի Ղարաղալա գյուղից Մուշեղյաններն էին, որոնց շուտով հետևել է գյուղի գրեթե ողջ բնակչությունը։ 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունում և մասնավորապես Կովկասում տիրող տնտեսական ու քաղաքական ճգնաժամը խթանել է արևելահայության տեղաշարժը դեպի օտար ափեր՝ ներառելով նաև Ալեքսանդրապոլի հարակից գյուղերից, Իգդիրից, Կողբից, Թիֆլիսից, Ղարաբաղից, Երևանից և այլ վայրերից մեկնած մի խումբ հայերի։ Նրանք հիմնականում բնակություն են հաստատել ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Հայոց Մեծ եղեռն

խմբագրել

20-րդ դարի սկզբին առավել մեծ չափերի հասած արևելահայերի արտահոսքը (շուրջ 2500 մարդ) նվազել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918), ապա որոշ չափով նորից ավելացել Ռուսաստանում 1917 թվականին ստեղծված քաղաքական անկայուն իրավիճակի հետևանքով։ Արևելահայերի հոսքը ԱՄՆ, ի տարբերություն արևմտահայերի, մեծ չափերի չի հասել, ինչը բացատրվում է Ռուսաստանում քաղաքական ու տնտեսական համեմատաբար բարվոք վիճակով։ ԱՄՆ-ի Գաղթականական գրասենյակի տվյալներով՝ 1899-1924 թվականներին Ռուսաստանից ԱՄՆ էր մեկնել ավելի քան 3500 հայ։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ԱՄՆ-ում բնակվել է 60 000 հայ։

 
Օսմանյան կայսրության մասնատումը և Հայաստանի տարածքային ընդարձակումը՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գծած քարտեզի
Սևրի պայմանագիր, 1920

1908 թվականից հետո Թուրքիայի անկայուն վիճակը, Ադանայի կոտորածը (1909), Բալկանյան պատերազմները (1912-1913), ապա Մեծ եղեռնը ուժեղացրել են հայերի արտագաղթը Թուրքիայից։ Ամերիկյան մամուլը գրեթե ամեն օր տպագրել է Օսմանյան Թուրքիայում ողբերգական իրադարձությունների ականատես միսիոներների, դիվանագետների, հրաշքով փրկված հայերի պատմածները։ ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, համոզվելով, որ հայերի կոտորածներն ու աքսորը նպատակ ունեն գլխովին ոչնչացնել հայերին, ապարդյուն փորձել է համոզել Թալեաթին և Էնվերին` դադարեցնելու հայերի բնաջնջումը։ 1915 թվականի վերջին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին։ Վերջինս 1920 թվականին փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը։ Հայաստանի տնտեսությունը, բնական հարստությունները և քաղաքական իրադրությունը հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի նախագահի հատուկ քննիչ հանձնաժողովը՝ գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ։ Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920) ԱՄՆ-ի կառավարությանը պաշտոնապես առաջարկվել է ընդունել Հայաստանի մանդատը։ Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով։ 1920 թվականի մայիսի 27-ին ԱՄՆ-ի կառավարությունը Կոնգրեսի քննությանն է ներկայացրել Հարբորդի առաքելության զեկուցագիր։ 1920 թվականի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը արտաքին և ներքին քաղաքական դրդապատճառներով մերժել է Հայաստանի մանդատն ընդունելու երկրի նախագահի առաջարկը։ ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները։ Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում։ Հայաստանում այն գործել է 1919 թվականի մայիսից հետո, երբ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև կնքված համաձայնագրով Ամերիկոմն իր վրա է վերցրել հայ որբերի հովանավորությունն ու դաստիարակությունը (դադարել է գործելուց 1931 թվականին)։ 1920-1924 թվականներին ԱՄՆ է գաղթել շուրջ 21 000 հայ։ Ամերիկյան գաղթականական հանձնախմբի վիճակագրական տվյալների համաձայն՝ 1925-1933 թվականներին ԱՄՆ է մուտք գործել 7286, իսկ 1925-1943 թվականներին՝ 7706 հայ։

 
Ամերկոմ, Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտե

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական սահմանադրությամբ վերացված գաղթի արգելքի վերականգնման պայմաններում նվազ թվով հայերի է հաջողվել արտագաղթել։ Եթե միայն 1914 թվականին ԱՄՆ էր գաղթել 7785 հայ, ապա հետագա տարիներին նրանց թիվը կտրուկ նվազել է` 1915-1919 թվականներին կազմելով ընդամենը 3620 մարդ։ 1919-1920 թվականներին ԱՄՆ-ում կար շուրջ 78 000 հայ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո միջազգային ասպարեզում ստեղծված քաղաքական նոր հարաբերությունների հետևանքով ամերիկյան գաղթականական օրենքները պարբերաբար վերանայվել են. խիստ սահմանափակվել է նաև հայերի ներգաղթը։ 1924 թվականին ընդունվել է Ազգային ծագումների քվոտայի օրենքը (անգլ.՝ National Origins Quota)։ Այդ թվականին ԱՄՆ-ում բնակվող հայերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 120 000։

Օսմանյան Թուրքիայում հայերի պարբերական ջարդերով ու տեղահանություններով ուղեկցված քեմալական շարժման վերելքը, ինչպես նաև Անդրկովկասում Հայաստանի Հանրապետության (1918-1920) անկումը կրկին խթանել են հայերի գաղթը ԱՄՆ` 1921 թվականին, նախորդ տարիների համեմատությամբ, այն հասցնելով ամենաբարձր ցուցանիշի՝ 10212-ի (մեծ մասամբ՝ հայկական և ամերիկյան բարեգործական կազմակերպությունների, ինչպես նաև ամերիկյան քարոզիչների կողմից թուրքական հարեմներից, ոչ քրիստոնյա ընտանիքներից, ճամբարներից ու որբանոցներից հավաքագրված հայեր էին)։ Ընդ որում, եթե մինչև 1919 թվականը ԱՄՆ գաղթած հայերի շուրջ 76%-ը տղամարդիկ էին, և միայն 24%-ը՝ կանայք, ապա 1921 թվականից հետո կանայք կազմել են 52, տղամարդիկ՝ 27, երեխաները՝ 21%: Գաղթականները (հիմնականում 16-45 տարեկան) մեկնում էին ընտանիքների վերամիավորման նպատակով։

Հայերը հիմնականում կենտրոնացած էին Մասսաչուսեթսի, Կալիֆոռնիայի, Ռոդ Այլենդի, Քոնեքթիքութի նահանգներում, իսկ ամերիկյան հայաշատ քաղաքներից էին Դետրոյտը, Լոս Անջելեսը, Փրովիդենսը, Բոստոնը, Ուստրը, Ֆրեզնոն, Սան Ֆրանցիսկոն և այլն։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան սերժանտ Վիկտոր Մաղաքյանը ճապոնական ընտանիքի հետ, 1944

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ԱՄՆ-ում բնակվում էր շուրջ 200 000 հայ։ Պատերազմի տարիներին ամերիկյան զինվորների հետ բոլոր ռազմաճակատներում (Փերլ-Հարբորի, Կորալյան ծովի, Միդուեյի, Հյուսիսային Աֆրիկայի, Սիցիլիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլն) և զորատեսակներում (օդային, ցամաքային, ծովային) ծառայել են 18,500 ամերիկահայեր։ Պատերազմի տարիներին կամ դրա հետևանքով գեներալի կոչում են ստացել Հայկ Շեքերջյանը, Ջեք (Սիրակ) Հանիկյանը, գնդապետի՝ Սարգիս Զարդարյանը, Քիրք Բուչախը, «Կոնգրեսի պատվո շքանշանին» արժանացած 87 բանակայինների թվում էր ավագ լեյտենանտ Էռնեստ Հ. Դերվիշյանը։

Դեպի ԱՄՆ գաղթի նոր ալիք է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից «Տեղահանված մարդկանց մասին» օրենքի հաստատումով՝ «Հայրենազուրկ հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտեն» (ANCHA-ԱՆՉԱ, նախագահ՝ Ջորջ Մարտիկյան) մինչև 1952 թվականը իրականացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում հայտնված 4 500 ռազմագերի-տարագրյալ հայերի փոխադրումն ու բնակեցումը ԱՄՆ-ում։ 1947 թվականին ԱՄՆ-ում կար 215 000 հայ։ 1944-1952 թվականներին ԱՄՆ է մուտք գործել 4379 հայ։ 1947-48 թվականներին, զանգվածային հայրենադարձության տարիներին, Խորհրդային Հայաստան է ներգաղթել 151 ամերիկահայ։ Խորհրդային հասարակարգում հայրենադարձների նկատմամբ քաղաքական և տնտեսական բնույթի անարդարություններն ու հետապնդումները սահմանափակել են ամերիկահայերի հետագա հայրենադարձությունը։

 
ԱՄՆ 200-ամյակի տոնակատարություն. հայկական պարեր Մանհեթենում, Նյու Յորք, 1976

Հայերի հոսքը ԱՄՆ նոր թափ է ստացել 1950-ական թվականներին և որոշ ընդհատումներով շարունակվում է ցայսօր։ 1952 թվականին՝ Եգիպտոսից, 1958-1961 թվականներին՝ Սիրիայից, 1960-ական թվականների կեսից՝ Թուրքիայից, Հունաստանից, 1960-ական թվականների վերջից՝ Լիբանանից, 1979 թվականին՝ Իրանից, ապա Հորդանանից և Իրաքից տեղի ունեցած արտագաղթը հետևանք էր վերոհիշյալ երկրների տնտեսական և քաղաքական անկայուն գործընթացների։ 1965 թվականին ԱՄՆ-ում բնակվում էր 300 000 հայ։ ԱՄՆ-ում ընդունված Գաղթականական օրենքով (անգլ.՝ Immigration Act) վերացվել են ներգաղթի նկատմամբ նախկինում գործող սահմանափակումները՝ խթանելով աշխարհի տարբեր կողմերից (հատկապես Մերձավոր և Միջին Արևելքից, Խորհրդային Հայաստանից) շուրջ 2 000 հայերի ամենամյա հոսքը ԱՄՆ։

1960-1970-ական թվականներին ԱՆՉԱ-ի միջոցով Մերձավոր և Միջին Արևելքի երկրներից, ինչպես նաև Հայաստանից 18500 հայ է արտագաղթել ԱՄՆ, ընդ որում՝ 512 ընտանիք հաստատվել է Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Ժամանակի ընթացքում Կալիֆոռնիայի նահանգը և մասնավորապես Լոս Անջելեսը վերածվել են ԱՄՆ արտագաղթող հայության կենտրոնատեղիի։ Միայն 1979 թվականին Խորհրդային Հայաստանից Լոս Անջելես է գաղթել 3200 հայ (1980 թվականին տեղի հայ բնակչության աճը կազմել է 50%)։ Եթե 1970-1972 թվականներին ԱՄՆ-ում բնակվում էր շուրջ 450-500 հազար, ապա 1985 թվականին՝ 600-800 հազար հայ։

Արցախյան շարժում

խմբագրել

1985 թվականին Խորհրդային Միությունում սկսված արմատական գործընթացները, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, 1990-94 թվականների Արցախյան ազատամարտը և նորանկախ Հայաստանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական ճգնաժամը աննախադեպ մեծ չափերի են հասցրել հայերի արտագաղթը ԱՄՆ։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումով երկրից արտագաղթողների նկատմամբ ամերիկյան օրենքների խստացման պայմաններում իսկ շարունակվում է հայերի հոսքը ԱՄՆ՝ հիմնականում ժամանակավոր այցագրերով։

 
Լոս Անջելեսի Փոքր Հայաստան թաղամասը

Եթե մինչև 1980-ական թվականները ԱՄՆ էին գնում հիմնականում սփյուռքահայեր, ովքեր խոսում էին արևմտահայերենով, ապա դրանից հետո ԱՄՆ տեղափոխվեցին հազարավոր արևելահայեր։ Նրանց առաջին ալիքը ԱՄՆ ուղղվեց Իրանից, որտեղ հայկական գաղութն ուներ դարերի պատմություն։ Իրանահայերի արտագաղթը նույնպես ուներ քաղաքական պատճառներ. 1979 թվականին Իրանում սկսվել էր իսլամական հեղափոխություն, իսկ մեկ տարի անց տեղի էր ունեցել Իրան-իրաքյան պատերազմը (1980-88)։ ԽՍՀՄ փլուզման հետևանքով ԱՄՆ են մեկնում Խորհրդային Ադրբեջանի, մասնավորապես՝ Բաքվի հայ բնակիչներ, որոնց համար մայրենի լեզուն ռուսերենն էր, իսկ արևելահայերենի գրեթե չէին տիրապետում։ Նրանց սերունդները ԱՄՆ-ում սկսում են սովորել արևմտահայերենը՝ որպես մայրենի լեզու։ Այլ կարգավիճակ ունեին Խորհրդային Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Վրաստանի, մասնավորապես՝ Երևանի ու Թբիլիսիի հայերը, ովքեր չեն կորցնում իրենց մայրենի արևելահայերենը։

21-րդ դարասկզբի դրությամբ հայերի բացարձակ մեծամասնությունը բնակվում է Կալիֆոռնիա, Մասաչուսեթս և Նյու Յորք նահանգներում (Լոս Անջելես, Նյու Յորք, Դեթրոյթ, Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո, Գլենդել)։ Այլ նահանգների հայ բնակչությունը կենտրոնացած է հիմնականում խոշորագույն արդյունաբերական կենտրոններում՝ Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա, Փրովիդենս և այլն։ Հայերի թիվը Լոս Անջելեսում հասնում է 600,000-ի։ Դա հայկական բնակչություն ունեցող երկրորդ քաղաքն է՝ Մոսկվայից հետո. Մոսկվահայերի թիվը հասնում է 900,000-ի։

Հայերի թիվը քաղաքներում[3]
# Քաղաք Թիվը
1 Լոս Անջելես 600.000
2 Գլենդել 165.600
3 Նյու Յորք 100.000
4 Բոստոն 60.000
5 Սան Ֆրանցիսկո 40.000
6 Նյուարկ 35.000
7 Չիկագո 10.000

Ամերիկահայերը քաղաքաբնակներ են, և իրենց զբաղմունքը կապված է հիմնականում քաղաքային արդյունաբերության հետ։ Նրանք կարող են լինել մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ ու սպասարկման ոլորտի աշխատողներ, առևտրականներ ու արհեստավորներ, գիտնականներ ու մշակույթի գործիչներ։ Հայերը զբաղվում են նաև ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական կյանքով. նրանք աշխատում են երկրի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում։ Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի նահանգապետն էր (1981-92) Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985 թվականին (Հայոց Ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից են գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը, ռազմածովային ուժերի քարտուղար Փոլ Ռոբերտ Իգնաշիուսը, հայրենիք տեղափոխված և ՀՀ ու ԼՂՀ ազգային հերոսի կոչում ստացած Մոնթե Մելքոնյանը։ Գիտության մեջ հայտնի դարձան տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, բժիշկ Ջեք Գևորգյանը, փաստաբան Ջորջ Դոքմեջյանը, պատմաբան Վարդան Գրեգորյանը, բժիշկ և տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը, ակադեմիկոս ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։ Հայտնի գործարարներ էին Ալեք Մանուկյանը, Քըրք Քըրքորյանը, Ռիչարդ Թուֆենկյանը, Ջերարդ Գաֆեսճյանը և ուրիշներ։ Շոու բիզնեսում և սպորտում աչքի ընկան երգչուհի և դերասանուհի Շերը, թենիսիստ Անդրե Աղասին, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, բասկետբոլիստ Մայք Դանիելյանը, երգիչ և երգահան Սերժ Թանկյանը, դերասանուհի Քիմ Քարդաշյանը։

Գիտություն

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո աշխարհը բաժանվեց կապիտալիստական ու սոցիալիստական ճամբարների։ Իրենց ուժը կորցրած եվրոպական գերտերությունները և իրենց ասիական ու աֆրիկյան գաղթօջախներն ընտրեցին զարգացման կապիտալիզմի ճանապարհը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությամբ, իսկ այն երկրները, որոնք պատերազմի տարիներին ազատագրվել էին ֆաշիստական Գերմանիայից ու Ճապոնիայից՝ Խորհրդային Միության օգնությամբ, զարգացան սոցիալիստական ճանապարհով։ Ավելի ուշ ձևավորվեցին Հյուսիսատլանտյան և Վարշավյան դաշնակցային կազմակերպությունները՝ որպես ռազմաքաղաքական դաշինքներ։

ԱՄՆ-ն, այդպիսով, դարձավ աշխարհի երկու գերտերություններից մեկը։ Գիտությունն ու տեխնիկան այստեղ աննախադեպ աճ արձանագրեցին։ Ամերիկահայ հասարակությունը նույնպես մասնակցություն ունեցավ պետության գիտատեխնիկական առաջընթացին։

ԱՄՆ-ում հայկական առաջին դպրոցը` Վարդուկյան վարժարանը, հիմնվել է 1880-ական թվականների վերջին, Նյու Յորքում։ Առաջին ամենօրյա դպրոցը՝ Ֆերահյան երկրորդական վարժարանը, գործում է 1964 թվականից՝ Լոս Անջելեսում։ 21-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա վարժարաններ։ ԱՄՆ-ի գրեթե բոլոր հայահոծ քաղաքներում մասնաճյուղեր ունեն համասփյուռքյան նշանակություն ունեցող միությունները (ՀԲԸՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ, ՀՕՄ, ԹՄՄ, Նոր սերունդ, Համազգային և այլն)` իրենց գեղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով և այլն։

 
Արշակ Տիգրանյան վարժարան, Հոլիվուդ

1965 թվականին Կալիֆոռնիայի Մոնթեբելլո քաղաքում բացվում է Մեսրոպյան ազգային ամենօրյա վարժարանը, որը 18 տարի անց տեղափոխվում է Պիկո Ռիվերա։ Հիմնադրվել է Սուրբ Խաչ եկեղեցու, Հայ կրթական հիմնարկության և ՀՅԴ կոմիտեի կենտրոնի նախաձեռնությամբ։ 1967 թվականին Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում Արուսյակ Սաջոնյան, Հռիփսիմե Չիֆթելյան, Վալենտին Ջենենյան կաթոլիկ քույրերը հիմնում են Հայ քույրերի վարժարանը։ 1969 թվականին Լոս Անջելեսում հիմնվում է Ռոզ և Ալեք Փիլիպոս ամենօրյա վարժարանը՝ ՀԱԵ Արևմտյան հայոց թեմի Հոլիվուդի հոգաբարձության նախաձեռնությամբ և Փիլիպոս ամուսինների նվիրատվությամբ։ Նույն թվականին Միչիգանի Դեթրոյթ քաղաքից ոչ հեռու՝ Սաութֆիլդում, բացվում է Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանը՝ Ալեք և Մարի Մանուկյան հիմնարկի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ։ 1976 թվականին Լոս Անջելեսի Կանոգա Պարկ թաղամասում բարերարներ Ալեք և Մարի Մանուկյանի, Սարգիս և Սեդա Դեմիրճյանների գլխավորությամբ հիմնադրվում է Մանուկյան-Դեմիրճյան ամենօրյա վարժարանը։ Հիմնադրվել է Սուրբ Պետրոս եկեղեցու և ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։ Նույն տարում Գլենդելում կառուցվում է Վահան և Անուշ Շամլյան ամենօրյա վարժարանը՝ սուրբ Աստվածածին եկեղեցու նախաձեռնությամբ։ Հինգ տարի անց վարժարանը ձեռք է բերել նոր շենք։ 1977 թվականին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում հիմնվում է Համագաղութային հայ վարժարանը՝ տեղի հայ համայնքի նյութական օժանդակությամբ։

1980 թվականին Լոս Անջելեսից ոչ հեռու՝ հայ համայնքի նախաձեռնությամբ հիմնադրվում է Սահակ-Մեսրոպ ամենօրյա վարժարանը։ 1981 թվականին Հոլիվուդ քաղաքում բացվում է Արշակ Տիգրանյան ամենօրյա վարժարանը՝ Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և Արշակ Տիգրանյանի նվիրատվությամբ։ 1982 թվականին Լոս Անջելեսի մեկ այլ՝ Շերման Օքս թաղամասում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական եկեղեցիների միության նախաձեոնությամբ և հովանավորությամբ հիմնադրվում է Շառլոթ և էլիզ Մերտինյան հայ ավետարանական ամենօրյա վարժարանը։ 1986 թվականին հիմնադրվում է Արի Կիրակոս Մինասյան ամենօրյա հայկական վարժարանը՝ Կալիֆորնիայի Սանտա Անա քաղաքի Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու հոգաբարձուների նախաձեռնությամբ։ 1988 թվականին Գլենդելում Ա. Արամունի-Քեշիշյանի նախաձեռնությամբ և տնօրինությամբ բացվում է Մաշտոց երեկոյան և շաբաթօրյա հայերեն լեզվի դպրոցը։

21-րդ դարի սկզբին ԱՍՆ-ում գործել են 26 ամենօրյա վարժարաններ և 131 մեկօրյա դպրոցներ։ Հայկական ամենօրյա վարժարանները սովորաբար ունեն մանկապարտեզներ, նախակրթարանի և երկրորդականի բաժիններ, գրադարաններ, հրատարակում են իրենց առօրյային և կրթական հարցերին նվիրված տարեգրքեր, թերթեր։ Ոա ումնական ծրագիրը համապատասխանում է պետական դպրոց ների ծրագրերին, հավելյալ դասավանդվում են հայոց լեզու, պատմություն, կրոն, ազգային երգ ու պար։ Նախակրթարաններ կան Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Փասադենայում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում, Բոստոնում։ Հայկական վարժարաններին մեթոդական օգնություն են ցույց տալիս Ազգային առաջնորդարաններին կից գործող կրթական խորհույպները։ Ամերիկահայերի կրթամասնագիտական զարգացման, մանկավարժների վերապատրաստման կարևոր կենտրոններից է եղել 1976 թվականին Լա Վեռնում բացված Ամերիկահայ միջազգային քոլեջը (փակվել է 1992 թվականին)։ 1983 թվականից Փասադենայի Աստվածաբանական սեմինարիայում գործում է հայկական աստվածաբանության բաժանմունքը։

ԱՍՆ-ի մի շարք համալսարաններում՝ Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Թաֆթսի, Կայիֆոռնիայի (Լոս Անջելես, Ֆրեզնո, Բերկլի, Նորթրիջ), Բոստոնի, Բրաունի, Մասսաչուսեթսի, Սենթ Ջոնսի, Սիրակուզի, Ռեյսինի, Քոնեքթիքութի, Վիսկոնսինի, Փենսիլվանիայի, Քլարքի, Քյիվլենդի, Քորնուելի և քոլեջներում (Բոստոնի, Բրուքդեյլի, Գլենդելի, Մաունթ Հոլիյոքի, Ռոքլենդի, Քուինգի) գործում են հայագիտական դասընթացներ ու ամբիոններ։

Բնական գիտություններ

խմբագրել
 
Ջեյմս Բաղյան

Ամերիկահայերը մեծ նվաճումներ են ունեցել բնական գիտությունների բնագավառում։ Առավելապես հայտնի են բժիշկները, ճարտարապետները, ֆիզիկոսները և մաթեմատիկոսները, որոնց մի մասն ունի պրոֆեսորի ու ակադեմիկոսի կոչում։

Դեռևս 1843 թվականին քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները, Միհրան Ղասաբյանը Ֆիլադելֆիայում 1903 թվականին հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան, կենսաքիմիկոս Միհրան Կյուլյանը Չիկագոյի համալսարանում (1967) ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը գեղավիրահատության հիմնադիրներից է։ Նշանավոր գիտնականներ են ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վերջինիա Աբգարը, վիրաբույժ-գյուտարար Ջոն Նաջարյանը, հոգեբույժ Հակոբ Ակիսկալը, ռենտգենաբան Միհրան Ղասաբյանը, սրտաբան Արամ Չոբանյանը, «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը, կենսաքիմիկոս Մանասե Սևակը և ուրիշներ։ 1994 թվականին նյույուրքաբնակ ստամբուլահայ բժիշկ և գործարար Կարո Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ հիմնել է հակաքաղցկեղային «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվում է օնկոֆաժ (անգլ.՝ Oncophage) դեղանյութը՝ սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար։

Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հայտնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Ալեպյանը, Երվանդ Թերզյանը։ Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում։ 1989 թվականի մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով առաջին անգամ թռիչք է կատարել բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բաղյանը։ Նա 337 ժամ է անցկացրել տիեզերքում։ աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ)։

 
Արմեն Տեր-Կյուրեղյան

Ֆիզիկոս Հարրի Դաղլյանը եղել է Մանհեթենյան նախագծի մասնակից, որի նախագծած և ստեղծած ռումբերը օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ճառագայթվել է 1945 թվականի օգոստոսի 21-ին՝ Նյու Մեքսիկոյի Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում կրիտիկական զանգվածի գիտափորձի ժամանակ, որից 25 օր հետո՝ քսանչորս տարեկան հասակում, մահացել է։

Մաթեմատիկայի մեջ մեծ ներդրում ունեն Ջորջ Փիրանյանը (1914-2009), Փոլ Գարաբեդյանը (1927-2010) և ուրիշներ։ Ճարտարագիտության պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանը 1998 թվականին դարձել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, իսկ 2015 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ։

Ամերիկահայ ճարտարագետ և արդյունաբերող Ալեք Մանուկյանը 1954 թվականին հայտնագործել է ջրի՝ ժամանակակից միաբռնակ ծորակը։ Հայրենիքում ու սփյուռքում իր կատարած բարեգործությունների համար նա արժանացել է ՀՀ բարձրագույն՝ «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը։

Հումանիտար գիտություններ

խմբագրել

Հումանիտար գիտություններով զբաղվող ամերիկահայերը առավելապես հայտնի են հայագիտության բնագավառում։ Նրանց աշխատությունները վերաբերում են հայոց պատմությանը, Հայաստանի աշխարհագրությանը, հայ գրականությանը և հայկական մամուլին։

 
Վարդան Գրեգորյան

Կովկասագետ Ռոբերտ Հյուսենը երկար տարիներ դասավանդել է Ռոուենի, Կոլումբիական, Կալիֆորնիայի ու Չիկագոյի համալսարաններում։ 2001 թվականին հրատարակել է «Հայաստանի պատմական ատլասը»[4], որը ընդգրկում է 278 քարտեզ բաշխված հինգ բաժինների՝ պատմական ներածությունով և ժամանակագրական աղյուսակով։ «Մերձավոր Արևելքի Թյուբինգենյան ատլասի» համար պատրաստել է Հայաստանի և Կովկասի քարտեզները (Wiesbaden։ Dr. Ludwig Reichert Press, 1987—1991)։ Նույն հրատարակության համար կատարել է Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի» անգլերեն թարգմանությունը[5] և գրել է այդ գրքի բնօրինակ հայկական տեքստերի վերտպված հրատարակության նախաբանը[6]։ Հայկական հարցի ու հայ դատի հարցերով զբաղվել են պատմաբաններ Լուիզ Նալբանդյանը և Մարջըրի Հուսեփյանը, Մերձավոր Արևելքի պատմության բնագավառում՝ իրանագետ Երվանդ Աբրահամյանը։

Հայ պատմաբաններից Ռիչարդ Հովհաննիսյանը, Ջորջ Բուռնությանը և Ռոնալդ Սյունին ենթարկվել են խիստ քննադատության՝ հայրենիքի պատմաբան աշխատակիցների կողմից՝ հայոց պատմությունը կեղծելու մեղադրանքով։ Ռիչարդ Հովհաննիսյանի որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արցախյան շարժման տարիներին ընտանիքով հայրենադարձվել էր Հայաստան և ընդգրկվել պետական մարմիններում։ 2002 թվականին հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 2013 թվականին առաջարկել իր թեկնածությունը՝ ՀՀ նախագահի ընտրություններում՝ պաշտոնապես ստանալով ընտրաձայների 37 %-ը։

Հայագիտության նշանավոր դեմքերից էր իրանահայ կրթության ու մշակույթի ականավոր գործիչ Վարդան Գրեգորյանը։ Նա երկար տարիներ ղեկավարել է Նյու Յորքի հանրային գրադարանը, ապա՝ Բրաունի համալսարանը, իսկ 1997 թվականից Կարնեգի հիմնադրամի նախագահն է։ Հայաստանում ու ԱՄՆ-ում արժանացել է պատվավոր կոչումների, պարգևատրվել ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով, իսկ 2012 թվականին՝ Մխիթար Գոշի շքանշանով։

Գիտական և մշակութային կազմակերպություններ

խմբագրել

ԱՄՆ-ում մեծ թիվ են կազմում համալսարաններում ու քոլեջներում ուսանող հայ երիտասարդները, որոնք կազմակերպում են հայ ուսանողների միություններ։ Դեռ 1910 թվականին Նյու Յորքում հիմնվել էր Ամերիկահայ ուսանողների միությունը, իսկ ավելի ուշ շրջանում բացվում են նոր կազմակերպություններ։ 1916 թվականին բացվում է Վարդանանց ասպետներ եղբայրական կազմակերպությունը, որից հետագայում առանձնանում է «Վարդանանց քույրեր» մասնաճյուղը։

 
Հայկական ժառանգության այգին ԱՄՆ Բոստոն քաղաքում

1978 թվականին Լոս Անջելեսում հիմնվել է Հայ համալսարանականների միությունը, իսկ 1980 թվականին Վաշինգտոնում` Ամերիկայի հայ ուսանողների ակումբների ֆեդերացիան։ Կալիֆոռնիայի (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Ֆրեզնո), Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի և այլն գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ։

Հայագիտական կարևոր կենտրոններից են Մասսաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում գործող Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունը (NAASR) և Ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյան հիմնարկությունը, Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոնը, Միչիգանի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (SAS) Ֆրեզնոյում և այլն։ Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր։

Ամերիկահայ գաղութի կրթամշակութային կյանքը հիմնականում կազմակերպվում է Թեքեյան և Նոր սերունդ մշակութային միությունների ամերիկյան գրասենյակների միջոցով։ Նման միություններից առավել հայտնի էր դեռ 1982 թվականին Ջորջիայի Ատլանտա քաղաքում բացված Հայ անկախ մշակութային միությունը։ 1983 թվականին Լոս Անջելեսում հիմնվում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը։ Դրա նպատակն էր ԱՄՆ-ում, Հայաստանում և այլ երկրներում բնակվող հայ ճարտարագետներին համախմբել՝ համագործակցության համար։ 1985 թվականին Կալիֆոռնիայում բացվում է Փարիզյան Երկիր և մշակույթ կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը։ 1993 թվականին դարձյալ Լոս Անջելեսում հիմնվում է Կալիֆոռնիայի հայ ատամնաբուժական միությունը։

Հասարակություն

խմբագրել

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ամերիկահայերի գերակշռող մասը բանվորներ էին։ Ավելի ուշ հայերը սկսել են աչքի ընկնել նաև բիզնեսի ասպարեզում։ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում գործել են արևելյան գորգի 75 խոշոր հայկական ընկերություններ և 200-ից ավելի նորոգման արհեստանոցներ։ Հայտնի էին Կյուլպենկյան տոհմից գորգավաճառներ Պատրիկ, Գուլաբի, Հարություն եղբայրները։ Հայերը զբաղվում էին նաև հողագործությամբ (հատկապես Կալիֆոռնիայում). ունեին խաղողի, չամիչի, մրգի, գինիների արտադրության ու վաճառքի ձեռնարկություններ։ 21-րդ դարի սկզբին հայերի սոցիալական կազմը բազմազան է՝ ծառայողներ, մանր և խոշոր ձեռնարկատերեր, առևտրականներ, բանվորներ, արհեստավորներ, բժիշկներ, գիտնականներ, արվեստագետներ և այլն։ Հայ պաշտոնյաներ կան Սպիտակ տանը, ԱՄՆ Պետդեպարտամենտում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում։

Իրավունք և քաղաքականություն

խմբագրել
 
Ջորջ Դոքմեջյան

20-րդ դարի երկրորդ կեսին սկսեց աշխուժանալ հայ գիտական ու կրթական կյանքը։ Ամերիկահայերի հերթական սերունդը արդեն ավարտում էր համալսարաններ ու ինտեգրվում ամերիկյան հասարակության մեջ։ Դրա լավագույն ապացույցը իրավաբանների ու հասարակական-քաղաքական գործիչների ի հայտ գալն էր։ Մերձավոր Արևելքի երկրներից ԱՄՆ տեղափոխված հայերի մեջ ևս մեծ թիվ էին կազմում մտավորականները։

Ստեղծվում են մի քանի իրավաբանական-փաստաբանական, ինչպես նաև՝ հասարակական-քաղաքական միություններ ու խմբակներ։ Հայտնի էր 1989 թվականին Լոս Անջելեսում ստեղծված հայ իրավաբանական միությունը (անգլ.՝ Armenian Bar Association)։ Դրա շրջանակներում գործում է «Հայկական իրավունքների պահապան» (անգլ.՝ Armenian Right՝s Watch) կազմակերպությունը, որը զբաղվում է հայ դատի ու Արցախի հարցերով, ԱՄՆ-ում հայերի ազգային ու համայնքային շահերի պաշտպանությամբ և այլն։

Ամերիկահայ փաստաբաններից ու իրավաբաններից ոմանք զբաղվում են նաև քաղաքականությամբ։ Հայ քաղաքական գործիչներից է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը, ցեղակրոնության հիմնադիր Արմենակ Բարսեղյանը, Ֆրեզնոյի Գերագույն դատարանի դատավոր Սիմոն Մարությանը, ԱՄՆ Սենատի Նևադա նահանգի հանրապետական թեկնածու Դեննի Թարխանյանը, դիվանագետ Էդվարդ Ջերեջյանը և ուրիշներ։ Մեկ այլ քաղաքական ու իրավական գործիչ՝ Զարեհ Սինանյանը, անդամակցում է Հայ հեղափոխական դաշնակցությանը, Գլենդելի քաղաքապետն է 2014 թվականից։ Քաղաքական դաշտում աչքի ընկավ նաև Ջորջ Դոքմեջյանը, ով դարձավ Կալիֆոռնիայի նահանգապետ (1983-1991), ինչպես նաև՝ գլխավոր դատախազ, Խորհրդի անդամ և Սենատի անդամ։

 
Րաֆֆի Հովհաննիսյան

Հայ իրավաբանների մի մասն ընդգրկվում է նաև փորձի փոխանակման գործընթացում՝ հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնման նպատակով։ Հատկապես հայտնի է Թոմաս Սամուելյանը, ով Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան էր, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի համակուրսեցին՝ Հարվարդի համալսարանում։ Ամերիկահայ փաստաբաններից էր Ռոբերտ Քարդաշյանը, ով հայտնի էր դարձել ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։

ԱՄՆ-ում ակտիվ գործունեությամբ են զբաղվել հայ ազգային կուսակցությունների խմբակները։ Դեռևս 1890 թվականին Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը Ուստր քաղաքում հիմնադրում է տեղական մասնաճյուղը։ 1895 թվականից Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ԱՄՆ-ում հիմնում է տեղական մասնաճյուղը, որն ակտիվ գործունեություն է ծավալում տարբեր նահանգներում։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո՝ 1919 թվականից, ԱՄՆ-ում գործում է նաև Ռամկավար ազատական կուսակցություն տեղական կազմակերպությունը։ Դրանք վարում էին ոչ միայն քաղաքական, այլև հասարակական-մշակութային գործունեություն։

ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված իրավագետների ու քաղաքագետների թվում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա քաղաքական ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում, եղել արտաքին գործերի առաջին նախարարը (հեռացվել պաշտոնից՝ ցեղասպանության ճանաչման մասին բարձրաձայնելու համար, որն այդ պահին խոչընդոտում էր հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, երբ ընթանում էր Արցախի ազատագրական պատերազմը), հետագայում զբաղվել էր բարեգործությամբ, ինչպես նաև հիմնել էր «Ժառանգություն» կուսակցությունը, իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի նախագահական ընտրություններում՝ 2013 թվականին։

 
սուրբ Վարդան եկեղեցի
(Նյու Յորք)

ԱՄՆ-ում հաստատվելուց հետո հայերը ստեղծում են քաղաքական և մշակութային կազմակերպություններ՝ ազգային դեմքը պահելու նպատակով։ Դեռ 19-րդ դարի վերջին աշխատանքներ են տարվում հայաշատ կենտրոններում եկեղեցի հիմնելու նպատակով։ Այդ տեսանկյունից մեծ դերակատարում ունի «Կաճառ հայկական» կազմակերպությունը։ Այն հիմնվել էր 1888 թվականին՝ Ուսթր քաղաքում Մկրտիչ Փորթուգալյանի և այլոց նախաձեռնությամբ։ Դեռ 1885 թվականին նա Վանում հիմնել էր Արմենականների կազմակերպությունը։ Հայկական կաճառի նպատակն էր աղոթատեղիի հիմնումը, որը կհեշտացներ հայերի ազգային դիմագծի պահպանումը։ Որոշ ժամանակ անց՝ 1891 թվականին, այստեղ հիմնվում է սուրբ Փրկիչ եկեղեցին։ Ավելի ուշ՝ 1915 թվականին, Նյու Յորքում կառուցվում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Մինչ այդ ԱՄՆ-ի հայ առաքելական համայնքը միավորված էր մեկ թեմի մեջ։ Այն ստեղծվել էր 1898 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) կոնդակով։

Հայ առաքելական եկեղեցուց զատ՝ ԱՄՆ-ում իրենց հոգևոր կենտրոնն են հիմնում ավետարանական և կաթոլիկ հայերը։ Ավետարանական հայերը առանձնանում են Կաճառից, ապա 1901 թվականին նույն քաղաքում հիմնում են իրենց եկեղեցին։ Հայ կաթողիկե եկեղեցին երկրորդն էր, որ այստեղ ունենում է հոգևոր միություն՝ Հյուսիսային Ամերիկայի թեմը, որի առաջին հոգևոր հովիվը Մարտիրոս Մկրյանն էր։ Նա 1899 թվականին ստանձնել էր Բոստոնի հայ կաթոլիկ համայնքի ղեկավարի պարտականությունը։ 1910 թվականին Նյու Յորքում ստեղծվել է հայ կաթոլիկ առաջին աղոթատեղին։

Հայոց մեծ եղեռնից հետո ձևավորվում է հայկական սփյուռքը։ Ուշ միջնադարի ընթացքում հայկական փոքրաթիվ գաղութներ են ստեղծվել Եվրոպայում ու Ասիայում, մասամբ նաև Հյուսիսային Ամերիկայում։ Ամերիկահայ գաղութը սկսում է ստվարանալ։ Այստեղ են ժամանում հայ գաղթականներ՝ Արևմտյան Հայաստանից և Թուրքիայի հայաշատ վայրերից։ Լոնդոնի (1921) ու Լոզանի (1923) պայմանագրերից հետո վերջնականապես կորցնելով երկիր վերադառնալու հույսը՝ հայերը սկսում են հաստատվել ԱՄՆ-ում։ Դրան օժանդակում են քաղաքական ու հոգևոր առաջնորդները։ 1923 թվականին Ամերիկահայոց թեմի կենտրոնի Ուսթրից տեղափոխվում է Բոստոն։ 1927 թվականին բացվում են Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևելյան ու Արևմտյան թեմերը՝ Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով։ Արևմտյան թեմը ներառում է միայն արևմտյան 21 նահանգները, և ունի 64 եկեղեցական համայնք։ Արևելյան թեմում ընդգրկված են արևելյան, հարավային ու կենտրոնական 27 նահանգներ։

Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին ԱՄՆ-ում ունի շուրջ 90 եկեղեցի։ Հայ ավետարանականներն ունեն 22 ժողովարան, հայ կաթոլիկները՝ 6 եկեղեցի։

Մամուլ

խմբագրել

Ամերիկահայ մամուլն ունի ավելի քան մեկուկես դարի պատմություն։ Դեռ 1867 թվականին ԱՄՆ գաղթած Հակոբ Առաքելյանը հիմնել է ժամանակի խոշորագույն «Փիլգրիմ փրես» տպարանը, իսկ առաջին հայ պարբերականը՝ «Արեգակը», լույս է տեսել 1888 թվականին, Ջերսի Սիթիում. մինչ այժմ ԱՄՆ-ում լույս է տեսել ավելի քան 300 անուն պարբերական։

 
«Հայ Դատի» հանձնախմբի կենտրոնական գրասենյակը Վաշինգտոնում

ԱՄՆ-ում մեծ հեղինակություն են վայելում երեք ազգային լոբբիներ՝ հունական, հայկական և հրեական։ ԱՄՆ-ի հայկական լոբբին ունի հետևյալ նպատակները.

  • Հայոց Մեծ եղեռնի (1915-1923) ճանաչում
  • Հայկական սփյուռքի մասնակցության ապահովում՝ քաղաքական գործընթացներին
  • ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Արցախ հարաբերությունների ուժեղացում
  • Արցախի ու Հայաստանի սատարում

Ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների (Հայ դատի հանձնախումբ, Ամերիկայի հայկական համագումար և այլն) գործունեության կարևոր ձեռքբերումներից էր ԱՄՆ-ի Կոնգրեսի «Ազատության աջակցության ակտ» կոչվող օրենքի 907 բանաձևի ընդունումն ու նրա կենսունակության ապահովումը (այս բանաձևն արգելում էր ԱՄՆ-ի կառավարության ուղղակի օգնությունը Ադրբեջանին` Հայաստանն ու Արցախը շրջափակման ենթարկելու համար. կասեցվել է 2001 թվականի վերջին)։ ԱՄՆ-ի 32 նահանգներ ճանաչել են Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում գործում են հայկական գրատներ, հրատարակչություններ և գրախանութներ։ Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Դետրոյտում, Բոստոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Փրովիդենսում, Ֆիլադելֆիայում, Սաութֆիլդում և այլուր գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ծրագրեր՝ հայերեն և անգլերեն։

Հայկական թերթերից հատկապես հայտնի են «Արմինիըն Ուիքլի» և «Հայրենիք» (Բոստոն), «Հայ կյանք» (Գլենդել), «Արմենիա», «Գրամատիկ» և Փարոս (Լոս Անջելես), «Արմինիըն Ռիփորթր», «Հայաստանի կոչնակ» և Լրաբեր (Նյու Յորք), «Ծիածան» (Սան Ֆրանցիսկո), «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» (Ուոթերթաուն), «Մասիս» (Փասադենա), «Կռունկ» (Ֆիլադելֆիա), «Կալիֆոռնիա Կուրիեր» և «Մշակ» (Ֆրեզնո) և այլն։ Դրանց մի մասը փակվել է ժամանակի ընթացքում, բացվել են նորերը։ Հայկական տասնյակ թերթերից և ամսագրերից բացի, տպագրվում են նաև հանդեսներ։ Դրանք սկսել էին տպագրվել դեռ 20-րդ դարի սկզբին։ 21-րդ դարի սկզբին շարունակվում են տպագրվել Լոս Անջելեսի «Համայնապատկեր», Գլենդելի «Հայ բույժ» և «Վարազ» հանդեսները։ Վերջինս ժամանակին տպագրվել էր նաև Ֆրեզնոյում ու Բոստոնում։

Հասարակական կազմակերպություններ

խմբագրել
 
Քըրք Քըրքորյանի հուշարձան (Գյումրի)

Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաբնույթ կազմակերպություններ։ Առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886 թվականին, Նյու Յորքում։ 19-րդ դարի 80-90-ական թվականներին հիմնվել են Կաճառ հայկականը (1888, Ուստր, Արարատյան գունդը (1890, Նյու Յորք, Հայոց գրադարանի միությունը (1892, Ֆրեզնո), Հայոց առաջադիմական ընկերությունը (1899, Ֆիլադելֆիա) և այլն։ 19-րդ դարի 90-ական թվականներին ԱՄՆ-ում սկսել են ի հայտ գալ նաև հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունները՝ իրենց պարբերականներով։

Հայերը գործուն մասնակցություն են ունեցել երկրի հասարակական-քաղաքական կյանքին։ 1906 թվականին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում (Բոստոն, Նյու Յորք, Չելսի և այլն) կազմակերպվել են սոցիալ-դեմոկրատական խմբակներ, որոնք հայ բանվորներին ներգրավել են ամերիկյան սոցիալիստական շարժման մեջ։ 1906 թվականի հուլիսին ստեղծվել է Ամերիկահայ սոցիալիստական կազմակերպությունը, որը 1919 թվականին միացել է ԱՄՆ-ի Կոմունիստական կուսակցությանը։ Հայ սոցիալիստները 1921 թվականին Նյու Յորքում հիմնել են «Նոր հոսանք» շաբաթաթերթը և Հայկական բյուրո։ 1921 թվականից նրանք հանդես են եկել Հայ բանվորական միության լեգալ կազմակերպություն անվամբ։ 1922 թվականի սկզբին Նյու Յորքում կազմվել է միացյալ հայ բանվորական կուսակցություն, որը 1923 թվականին միավորվել է հնչակյանների հետ՝ ստեղծելով ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական ֆեդերացիան, որը, սակայն, շուտով պառակտվել է։ 1924 թվականի օգոստոսի 30-ին Նյու Յորքում կայացել է ԱՄՆ-ի բանվորական կուսակցության հայկական հատվածի առաջին պատգամավորական ժողովը, որն ընտրել է կենտրոնական բյուրո։ 1938 թվականին տեղի հայ կոմունիստներն անդամակցել են Ամերիկահայ առաջադիմական միությանը։

 
Ջերարդ Գաֆեսճյան

Հետպատերազմյան ժամանակաշրջանում ամերիկահայերը մասնակցել են Հայկական համաշխարհային կոնգրեսի (1947) աշխատանքներին, հայրենադարձության կազմակերպմանը, Հայաստանի հետ մշակութային կապերի ամրապնդմանը։ Հայերը կարևոր ավանդ ունեն նաև ԱՄՆ-ի գիտության, գրականության ու արվեստի զարգացման գործում։

Ամերիկահայությունը շոշափելի օգնություն է ցույց տվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին։ Աղետի գոտուն ցուցաբերվող բազմակողմանի օգնությունը համակարգելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակով 1989 թվականի նոյեմբերին հիմնվել է Միացյալ հայկական ֆոյդ բարեգործական կազմակերպությունը, որը միավորում է ԱՄՆ-ում գործող յոթ խոշոր հայկական կազմակերպությունների (Ամերիկայի հայկական համագումար, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայ օգնության միություն, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի էջմիածնական և անթիլիասական թեմերի առաջնորդարաններ, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն և Քըրք Քըրքորյանի «Լինսի հիմնադրամ») ջանքերը։ Հաղթահարելով շրջափակման արգելքները՝ Միացյալ հայկական ֆոնդը օդանավային կանոնավոր առաքումներով Հայաստան է հասցրել շուրջ 350 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։

Վերջին տարիներին Հայաստանում բարեսիրական և մշակութային լայն գործունեություն է ծավալում Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը (կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինիապոլիս քաղաքում, մասնաճյուղ ունի նաև ԵրևանումՋերարդ Գաֆեսճյանը հիմնադրել է նաև «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամը (ԳԹՀ), «Գաֆեսճյան արվեստի կենտրոնը»։ Վերջինս բացվել է Երևանում՝ 2009 թվականի նոյեմբերի 17-ին (Կասկադ համալիր, ժամանակակից արվեստի թանգարան)։

2004 թվականին գիտնական դոկտոր Կարո Արմենը հայաստանում հիմնում է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը՝ աջակցելու գյուղերում կյանքի որակի բարձրացմանը և խրախուսելու երեխաներին սովորել, բարձր նպատակներ սահմանել ու հաջողել։ Այն աշխատում է Հայաստանի 6 մարզերի 44 տեքստերում։

Մշակույթ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
 
Վիլյամ Սարոյան

Դպրոցների բացմանը զուգընթաց՝ ամերիկահայերը զբաղվում են հայոց լեզվի ու գրականության զարգացմամբ, ի հայտ են գալիս ոչ միայն հայագիր, նաև անգլագիր գրողներ։ Այդ տեսանկյունից կարևոր էր գրական խմբակների հիմնումը, որոնցից նշանավոր էր Նյու Յորքում բացված Հայ գրականության բարեկամների միությունը (1955)։ Սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկն է համարվում Համբարձում Կելենյանը (Համաստեղ)։

Հայ անգլագիր գրողներից է բանաստեղծ Լևոն Զավեն Սյուրմելյանը, ով ունի նաև մեկ հայերեն ժողովածու։ Նա ծնվել էր Տրաբզոնում և վաղ տարիներն անց կացրել այնտեղ, որի մասին պատմում է «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պարոններ» անգլալեզու ինքնակենսագրականում։ Օսմանյան կայսրությունից ԱՄՆ տեղափոխված բանաստեղծներից է նաև երաժշտագետ Հակոբ Ասատուրյանը, ով մահացավ Նյու Ջերսիում՝ 100 տարեկանում, արձակագիր Արամ Հայկազը և ուրիշներ։ Ինտեգրվելով ամերիկացի հասարակությանը՝ հայերը նաև հայտնի են դառնում որպես անգլերենի ճանաչված մասնագետներ։ Նրանցից էր լեզվաբան, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր Փիթեր Սուրյանը, վիպագիր Մայքլ Արլենը, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը, թարգմանիչ Մարջըրի Հուսեփյանը և ուրիշներ։

Ամերիկահայ գրականության առավել հայտնի ներկայացուցիչ է Վիլյամ Սարոյանը։ Նրա պատմվածքներից երկուսի հիման վրա Հայաստանում նկարահանվել են ֆիլմեր («Իմ սիրտը լեռներում է», 1975 և «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», 1979)։ Ապրել է Ֆրեզնո քաղաքում, որտեղ և իր թատրոնն է բացվել և տուն-թանգարանը (2016)։ Հայտնի են իր վեպերից «Մարդկային կատակերգություն» և «Իմ անունն Արամ է» ստեղծագործությունները։ Վերջինս նվիրվել է որդուն՝ Արամ Սարոյանին, ով նույնպես բանաստեղծ է և թատերագիր։ Նրա դուստրը՝ լրագրող Սթրոբերի Սարոյանը շարունակում է ստեղծագործել։ Վիլյամ Սարոյանը թաղված է Ֆրեզնոյում, իսկ սիրտը՝ Կոմիտասի անվան պանթեոնում՝ համաձայն իր կտակի ու վեպի։

Երաժշտություն

խմբագրել

Ազգապահպանության գործում կարևոր էր հայկական երգի ու երաժշտության պահպանումն ու զարգացումը հեռավոր մայրցամաքում, որտեղ հաստատվում էին աշխարհի բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները։ Տեղական երաժշտությունից անմասն չմնալու և սեփականն ըստ արժանվույն ներկայացնելու համար ստեղծվում են երաժշտական տարբեր խմբեր, հայկական դպրոցներում կազմակերպվում են երգի ու պարի դասընթացներ։ Դրան օժանդակում էին հայ կոմպոզիտորների ավագ սերնդի ներկայացուցիչները՝ տեղափոխված Մեծ եղեռնի նախօրյակին, ինչպես նաև երգահանների նոր՝ արդեն ամերիկացի սերունդներ։ Հայտնի էին Ալան Հովհաննեսը, Վաղարշակ Սրվանձտյանը, Գրիգոր Սյունին, Համբարձում Պերպերյանը։

 
Սերժ Թանկյան

Դա հաջողվում էր հատկապես հայաշատ գաղթավայրերում։ Լոս Անջելեսում, դեռևս մինչև ԽՍՀՄ փլուզումը, երաժշտական խմբակներից նշանավոր էին Ամերիկահայ թատերաերաժշտական միությունը (1966), Սիփան երգչախումբը (1978), «Լարք» երաժշտական ընկերությունը (1991)։

Առանձին հայ երաժիշներ հայտնի են դառնում ոչ միայն ԱՄՆ-ում ու Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Դաշնակահարներից հայտնի էին Գրեմմի մրցանակակիր, երգահան Արմեն Չաքմաքյանը, Գյումրուց ԱՄՆ տեղափոխված Սերգեյ Բաբայանը, նաև՝ դերասան Ռոս Բաղդասարյանը, երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը, ջազմեններ Արա Դինքջյանը և Ջորջ Ավագյանը, ջութակահարներ Իդա Քավաֆյանը և Անի Քավաֆյանը, ստեղնաշարահարներ Դերեկ Շերինյանը և Սեպուհ Սիմոնյանը։

Ամերիկահայ երաժշտության մեջ առավել հայտնի է «System of a Down» խումբը, որի առավել հայտնի երաժիշտներից են եղել թմբկահար Ջոն Դոլմայանը, կիթառահար Տարոն Մալաքյանը, ռոք-երաժիշտ և դիջեյ Էնդի Խաչատրյանը, երգահան Սերժ Թանկյանը։ Վերջինս համագործակցել է Տոմ Մորելլոյի հետ և ստեղծել է «Axis Of Justice» կազմակերպությունը՝ երիտասարդների իրավունքները քաղաքականության ոլորտում պաշտպանելու համար։ Խումբը ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգներին և Թուրքիային Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և ընդունելու տեսանկյունից։ Հայտնի են նաև «Scars on Broadway», «Mt. Helium» և այլ ռոք խմբեր։

Առանձին հռչակ են ձեռք բերում երգչուհիներն ու երգիչները։ Օպերային երգչուհիներից էին Ռոզի Անուշ Սվազլյանը, Լուսին Ամարան և Քեթի Բերբերյանը, դերասանուհի Քեյ Արմենը, երգահան Թամար Կապրելյանը և ուրիշներ։ Սփյուռքում և Հայաստանում մեծ ճանաչում ունեցան օպերային երգիչ Արա Բերբերյանը, փոփ երգիչներ Փոլ Բաղդադլյանը և Ադիս Հարմանդյանը, հայրենասիրական երգերի կատարող Գառնիկ Սարգսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը։

Թատրոն և կինո

խմբագրել

ԱՄՆ-ի հայաշատ վայրերում դեռ 19-րդ դարից կազմակերպվել են թատերական միջոցառումներ և ներկայացումներ։ Ամերիկահայ թատրոնի զարգացմանը նպաստել են տարբեր դերասաններ ու ռեժիսորներ, բարեգործական կազմակերպություններ ու առանձին ընտանիքներ։ Հայտնի են դառնում տարբեր խմբակներ ու թատրոններ, որոնց մեջ առաջիններից էր «Սուրաբյան թատերախումբը» (1923)։

 
Էրիկ Բոգոսյան

1950-ական թվականներից գործել են Նյու Յորքի հայկական թատերական միությունը, Լոս Անջելեսի «Պերճուհի», «Ամերիկահայ թատերաերաժշտական միությունը», 1960-ական թվականներին՝ «Սևան», «Նորք» և այլ թատերախմբեր։ Հայաստանից և այլ երկրներից ԱՍՆ են տեղափոխվել թատերական գործիչներ, հիմնել Նյու Յորքի «Համազգային» (ղեկավար՝ Հրանտ Մարգարյան), Բոստոնի «Պարոնյան» (ղեկավար՝ Հ. Վարդիվառյան), Լոս Անջելեսի «Վարդան Աճեմյան» (ղեկավար՝ Ժան Նշանյան), «Հեքիաթն է կանչում» (ղեկավար՝ Գ. Ավետիսյան), Փասադենայի «Սրտավազդ» (ղեկավար՝ Գրիգոր Սաթամյան) և այլ թատերախմբեր։ 1990 թվականին Լոս Անջելես է տեղափոխվում Հայ թատրոնի ընկերությունը, որը հիմնադրվել էր Լոնդոնում։

Ամերիկահայ թատրոնում ճանաչված են դերասաններ Վարո Գրիգորյանը, Առլին Ֆրենսիսը (Գազանչյան), Էդ Սեդրակյանը, Մագդա Հարութը, Շաքե Թուխմանյանը, Ռիմա Սարիբեկյանը, Մարի Աբուսեֆյանը, հայկական ծագմամբ Էդրիեն Բարբոն, Դեյվիդ Հեդիսոնը, ռեժիսորներ Ժան Նշանյանը, Սիրին Գասպարյանը, Նշան Բառլաքյանը, Ռուբեն Մամուլյանը և ուրիշներ։ Դերասանուհիներից Քեյ Արմենը եղել է նաև ճանաչված երգչուհի ու ռադիոհաղորդավարուհի, նկարահանվել ֆիլմերում ու սերիալներում։ Ճանաչված դերասաններից էին նաև Ռուսական կայսրությունից ԱՄՆ տեղափոխված Ակիմ Թամիրովը և Թամարա Դեյկարխանովան, ովքեր տարբեր դերեր են խաղացել կինոյում ու թատրոնում։ Նյու Յորքի հայկական ու տեղական թատրոններում հայտնի են դառնում Էրիկ Բոգոսյանը, ով նաև թատերական սցենարիստ ու դրամատուրգ էր, Բաք Քարթալյանը և ուրիշներ։

 
Ռուբեն Մամուլյան

Ամերիկահայ թատրոնին հակառակ՝ ամերիկահայ կինոյի դերասաններն ու ռեժիսորները հայկական թեմատիկայով հիմնականում հանդես չեն եկել։ 1979 թվականին Լոս Անջելեսում հիմնված Հայկական ֆիլմի հիմնարկությունը գործում էր ոչ միայն ամերիկահայ գաղթօջախի, այլև տարբեր երկրների, այդ թվում՝ հեռավոր Ավստրալիայի հայ համայնքի համար։

Ամերիկահայ կինոյի կարկառուն ներկայացուցիչներից էր կինոյի ու թատրոնի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, ով առաջին անգամ է օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա և նկարահանել ստուդիայից դուրս՝ շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։ Իր նկարահանած «Քաղաքի փողոցները» ֆիլմում առաջին անգամ հնչել է ձայնը կադրից դուրս, իսկ «Բեքքի Շարփ» կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։ Նրա անունով աստղ կա նաև Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Հայկական ծագմամբ ամերիկացի դերասաններից հայտնի էին Մայք Քոնորսը (Կրիկոր Օհանյան), Սիդ Հեյգը (Էդդի Մոսեսյան), Ջո Մանգանելոն, Դիտա ֆոն Թիզը (Հեթեր Սվիթ) և Շերը (Շերիլին Սարգիսյան)։ Վերջինս հայտնի է նաև «փոփի աստվածուհի». նրա ստուդիական ալբոմները թողարկվել են 1965 թվականից։ Հոլիվուդյան դերասաններից են Ռոս Բաղդասարյանը, Ռիչարդ Բաքալյանը, Դեն Բիլզերյանը, Քեն Դավիթյանը, Ռիչարդ Սարաֆյանը և ուրիշներ։ Որպես կինոդրամատուրգներ՝ ամերիկահայ կինոն ներկայացնում են նաև Թեդի Սարաֆյանը, Էրիկ Նազարյանը, Մարդիկ Մարտինը։

Նոր սերնդի դերասաններից հայտնի են Ադամ Սևանին, Ռոբ Քարդաշյանը և իր քույրերը՝ Քիմ, Քլոյի, Քորթնի։ Վերջիններս ԱՄՆ-ում հայտնի են նաև «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի ցուցադրությամբ։

Ճարտարապետություն և կերպարվեստ

խմբագրել
 
Ամերիկայի հայկական թանգարան

Ամերիկահայ ճարտարապետությունը գլխավորապես ներկայացված է հայկական համայնքի հասարակական, կրոնական ու մշակութային կառույցների հիմնադրմամբ։ Հասարակական կառույցներից հայտնի են դպրոցները, վարժարաններն ու թանգարանները։ ԱՄՆ տարբեր քաղաքներում են գործում Ալեք Մանուկյան, Արի Կիրակոս Մինասյան, Արշակ Տիգրանյան, Մանուկյան-Դեմիրճյան, Մեսրոպյան, Շառլոտ և Էլիզ Մերտինյան, Ռոզ և Ալեք Փիլիպոս, Սահակ-Մեսրոպ, Ֆերահյան, Վահան և Անուշ Շամլյան և այլ վարժարաններ։ Դրանցում դասավանդվում է նաև հայոց լեզու՝ գլխավորապես արևմտահայերեն։

ԱՄՆ-ում 20-րդ դարում կառուցվել են տասնյակ հայկական եկեղեցիներ։ Դրանց մեծ մասը Կալիֆոռնիա նահանգում է՝ սուրբ Կարապետ (Հոլիվուդ), սուրբ Պողոս և սուրբ Երրորդություն (Ֆրեզնո), սրբոց Նահատակաց (Էնսինո), սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ և սուրբ Աստվածածին (Գլենդեյլ), սուրբ Հովհաննես (Սան Ֆրանցիսկո), սուրբ Լեոն (Բըրբանք) և այլն։ Կալիֆոռնիայից դուրս հայտնի են սուրբ Կարապետ (Լաս Վեգաս), սուրբ Խաչ կաթոլիկ (Բելմոնտ), սուրբ Երրորդություն (Բոստոն), սուրբ Հակոբ և սուրբ Ստեփանոս (Ուոթերթաուն), սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Բինգեմթոն), սուրբ Վարդանանց (Ռիգֆիլդ), սուրբ Ստեփանոս (Էլբերոն), սուրբ Գևորգ (Հյուսթոն), սուրբ Հովհաննես (Սաութհեմփթոն), սուրբ Վարդան, Սուրբ Խաչ և սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Նյու Յորք) և այլն։

 
Արշիլ Գորկի

Ամերիկահայ կերպարվեստը՝ ի դեմս նկարչության ու քանդակագործության, սկսեց զարգանալ դեռ 20-րդ դարի սկզբից։ Քանդակագործներից նշանավոր էր Միքայել Քերոբյանը, ով Հադսոն Վալլեյի Արվեստի ասոցիացիայի կողմից արժանացել է ոսկե մեդալի։ Նա ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Մասաչուսեթսում, Սփրինգֆիլդում։ Հայտնի էր հիմնականում ֆիգուրատիվ պատկերներով ու պատմական կոթողներով։ Մեկ այլ քանդակագործ՝ Խորեն Տեր-Հարությանը ստեղծագործել է նաև գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզներում։ Հիմնական թեմաներն են ընտանիքը, մայրությունը, ինչպես նաև՝ ոճրագործությունն ու պատերազմը։ Ամերիկահայ քանդակագործներից էին Ենովք Տեր-Հակոբյանը, Ռուբեն Նակյանը, Նշան Թուրունճյանը, Ժիրայր Զորթյանը, Հայկ Բադիկյանը, ժամանակակիցներից՝ Նինա Խաչատուրյանը և ուրիշներ։

Ամերիկահայ նկարիչները հաճախ հանդես են գալիս հայկական թեմատիկայով։ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողն է, ում նկարներում գույները հիմնականում կենտրոնացված են մանկության հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արձագանքնով։ Ունեցել է իր անհատական ցուցահանդեսները։ Մեկ այլ նկարիչ՝ Չարլզ Կարապետյանը, հայտնի էր նաև որպես արվեստագետ. նա ավելի քան երեք տասնամյակ դասախոսություններով էր հանդես գալիս ԱՄՆ տարբեր համալսարաններում։ Հայ նկարիչներից հայտնի են Վարազը (Վարազդատ Սամվելյան), Վահրիճ Բախչանյանը, Մանուել Թոլեկյանը, Նևդոն Ժամկոչյանը, ժամանակակիցներից՝ Վարդենի Մոստիչյանը, Ջեքի Ղազարյանը և այլք։

Կերպարվեստի մեջ նոր ճյուղեր էին դիզայնը և լուսանկարչությունը։ Հայ լուսանկարիչների մի ստվար մաս ԱՄՆ է տեղափոխվել Մերձավոր Արևելքից։ Նրանցից էին Լևոն Փարյանը, հայտնի էր նաև Վիլյամ Սարոյանի դուստր Լյուսի Սարոյանը, ֆոտոլրագրող Սքաութ Թուֆանքջյանը և ուրիշներ։ Դիզայնի ասպարեզում հայտնի դարձան Ռեյ Աղայանը, Մայքլ Արամը։

 
Անդրե Աղասի

ԱՄՆ-ում հայկական սպորտի զարգացմանը մեծապես նպաստում է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) ԱՄՆ-ի մասնաճյուղերը։ Ամերիկահայերը մասնակցում են Համահայկական խաղերին՝ սկսած 1999 թվականից։

Ամերիկյան հասարակության մեջ տարածում ունի բասկետբոլը։ Ամերիկահայ բասկետբոլիստներից են Մայք Դանիելյանը (2012 թվականից Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքական), Ջեք Կարապետյանը, Զարեհ Զարգարյանը, բասկետբոլիստ և մարզիչ Ջերրի Թարխանյանը (քաղաքական գործիչ Դեննի Թարխանյանի հայրը) և ուրիշներ։ Ավագ սերնդի մարզիկների ներկայացուցիչներից էր ջրացատկորդ Հայկ Փրիստը (Քեշիշյան), ով ժամանակակից օլիմպիական խաղերի հայազգի առաջին մրցանակակիրը (1920)։

Ամերիկահայ մարզիկների մի մասը, գլխավորապես Հայաստանից ԱՄՆ տեղափոխվածների շրջանում, հետաքրքրված է շախմատով։ Հայտնի գրոսմայստերներ են Վարուժան Հակոբյանը և Սամվել Սևյանը։ Վերջինս ԱՄՆ-ի ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստերն է, ով այդպիսին դարձել էր 14 տարին չբոլորած։ Այս արդյունքով նա դարձել է աշխարհում 6-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերը[7]։

Անդրե Աղասին աշխարհի համար մեկ պրոֆեսիոնալ թենիսիստն է, որպիսին դարձել է տասնվեց տարեկանում։ Կարիերայի ընթացքում հաղթեց 60 անհատական մրցաշարերում, այդ թվում՝ Մեծ սաղավարտի 8 մրցաշարերում և դարձավ պատմության մեջ «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիրը տղամարդկանց մեջ՝ տարբեր տարիներին հաղթելով Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերը և Օլիմպիական խաղերը։ ԱՄՆ հավաքականի կազմում 3 անգամ նվաճել է տղամարդ թենիսիստների ամենահեղինակավոր մրցանակը՝ Դևիսի գավաթը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Վիկտոր Համբարձումյան, ՀՍՀ, Հայաստանի ԳԱԱ, 1974-1987, Երևան։
  2. 2,0 2,1 2,2 Տիգրան Ղանալանյան, «Հայերն ԱՄՆ-ում» (Armenians in the USA), «Նորավանք գիտահետազոտական հիմնադրամ, Երևան, 2009
  3. M. Vartan Malcom, The Armenians in America, 1919, The Pilgrim Press, Boston, pp.71
  4. Կաղապար:Գիրք։Robert Hewsen:Armenia: A Historical Atlas
  5. «Ashkharhats’oyts'»; Wiesbaden: Dr. Ludwig Reichert Press, 1992
  6. Delmar, New York: Caravan Press, 1994
  7. Սամվել Սևյանը գերազանցել է լեգենդար Ռոբերտ Ֆիշերին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։