Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

(Վերահղված է Հայ Առաքելական եկեղեցիից)

Հայ Առաքելական Եկեղեցի (նաև՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի[Ն 1], Հայաստանյայց եկեղեցի, Հայ եկեղեցի, Հայոց եկեղեցի), աշխարհի հնագույն քրիստոնեական ազգային եկեղեցիներից մեկը, որ պատկանում է Արևելյան ուղղափառ ոչ քաղկեդոնական[2] եկեղեցիների խմբին։ Հոգևոր առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, որի գլխավոր նստավայրն է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքը[3]։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Հայ Առաքելական Եկեղեցի
Изображение логотипа
Տեսակազգային եկեղեցի և քրիստոնեության ուղղություն
Հիմնադրված301 թ.
Ինքնավարության ճանաչումԿաթողիկոսները սկսեցին օծվել Մեծ Հայքում
Ինքնավարության ճանաչումԿաթողիկոսները սկսեցին օծվել Մեծ Հայքում
Այժմյան առաջնորդԳարեգին Բ
ԿենտրոնՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Առաջնորդի նստավայրՍուրբ Էջմիածին
Մայր եկեղեցիԱրևելյան ուղղափառ եկեղեցիներ
Ժամերգության լեզուգրաբար
ՏոմարԳրիգորյան օրացույց
Թեմերի թիվ42 (Հայաստան՝ 11, Արցախ՝ 1, արտերկիր՝ 22, Կիլիկիո աթոռ՝ 11)[1]
Մասնակից էԵկեղեցիների Համաշախարհային Խորհուրդ և Եկեղեցիների Ազգային Խորհուրդ (ԱՄՆ)
Կայքarmenianchurch.org
 Armenian Apostolic Church Վիքիպահեստում
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, Լիբանան
Հայ առաքելական եկեղեցի, Փարիզ

Անվանում

խմբագրել

Եկեղեցու անվանումը ծագում է Թադեոս և Բարդուղիմեոս հիմնադիր առաքյալների հոգևոր կոչումից։ Այդ է պատճառը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատվում է որպես հաջորդն ու ժառանգորդը Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի։

Դարերի ընթացքում հայկական եկեղեցուն տրվել են զանազան անվանումներ՝ «գրիգորյան», «լուսավորչական» և այլն։ Գրիգոր Լուսավորիչը, սակայն, հանդիսանում է ոչ թե եկեղեցու հիմնադիրը, այլ գոյություն ունեցող եկեղեցու առաջին կաթողիկոսը, ում նախորդել են եպիսկոպոսները։ Ըստ այդմ, «լուսավորչականություն», «Հայ-լուսավորչական հավատ» անվանումները դավանանքի, նաև դավանապատկանության շինծու, պայմանական անվանումներ են։ Արտահայտությունն առաջացել է 19-րդ դարի առաջին կեսին։ Արհեստական այդ կապը պատճառ է դարձել այն թյուր կարծիքի, թե նա է ստեղծել Հայոց եկեղեցու դավանանքը կամ դավանապատկանությունը, որի հետևանքով էլ առաջացել է իբր դրանք բնորոշող «Լուսավորչականություն» անվանումը։ Միաժամանակ և միևնույն նշանակությամբ ռուս, (մասամբ նաև՝ արևելաեվրոպական) գիտական գրականության մեջ և պետական-պաշտոնական գրագրություններում լուսավորչականությանը համարժեք օգտագործվել է «հայ-գրիգորյան հավատ» (կամ՝ «գրիգորյան հավատ») արտահայտությունը։ Իրականում դրանք ոչ մի առնչություն չունեն Հայոց եկեղեցու դավանական ուղղության հետ, ընդհանրապես չեն արտահայտում ոչ մի ուսմունք կամ վարդապետական ուղղություն։ Պետական կրոն հռչակելով (301) դեռևս առաջին դարից Հայաստանում տարածված (թեև հալածական) քրիստոնեությունը՝ Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունք կամ դավանանք չի ստեղծել, այլ Հայոց եկեղեցու համար ընդունել է դավանական այն միակ ուղղությունը, այն միակ առկա դավանանքը, որ քրիստոնեության սկզբնավորումից ի վեր սրբագործել էին համաշխարհային եկեղեցու համընդհանուր հայրերը՝ որպես միակ ուղղափառություն։ Այնուհետև, Գրիգոր Լուսավորիչն ինքն անձամբ է Հայոց եկեղեցու համար սրբագործել Նիկիայի առաջին (325) տիեզերական ժողովի (որին մասնակցել է նաև Հայոց եկեղեցու ներկայացուցիչը՝ Գրիգոր Լուսավորչի պատվիրակը, որդին ու հաջորդը՝ Արիստակես Ա Պարթևը) վավերացրած ընդհանուր ավանդության հավատքը (Ագաթանգեղոս, Պատմություն, գլուխ ՃԻԷ)։ Գրիգոր Լուսավորչի օրոք համաշխարհային եկեղեցին դեռևս ճեղքվածքներ չէր տվել, չկային դավանաբանական սուր տարաձայնություններ և անանուն «ավանդության հավատքը» միասնական էր ու համընդհանուր բոլոր եկեղեցիների համար։ Դեռևս չէին գումարվել տիեզերական այն ժողովները (Քաղկեդոնի՝ 451 թ., Կոստանդնուպոլսի երկրորդ՝ 553 թ. և այլն), որոնք խախտեցին առաջին երեք ժողովների (Նիկիայի առաջին, Կոստանդնուպոլսի առաջին՝ 381 թ., Եփեսոսի՝ 431 թ.) համերաշխ սկզբունքները և միասնական ու միադավան եկեղեցին պառակտեցին միաբնակ, երկաբնակ, կաթոլիկ, բողոքական և այլ եկեղեցիների՝ համապատասխան դավանություններով ու վարդապետություններով։ Հայոց եկեղեցին Աշտիշատի 435 թ.-ի ժողովում ընդունեց Եփեսոսյան բանաձևը՝ «Մի բնութիւն Բանին Մարմնացելոյ», իսկ Դվինի 506 թ.-ի ժողովում (տես Դվինի ժողովներ) պաշտոնապես մերժեց քաղկեդոնականությունը և վերջնականապես վավերացրեց իր հանգանակ կամ հավատամք (տես Հավատոհանգանակ) դավանությունը՝ միաբնակությունը (Երրորդություն, Մարդեղություն, Փրկագործություն

Կառուցվածք

խմբագրել

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։ Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է։ Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։

Բացի նվիրապետական այս չորս աթոռներից` աշխարհի մի շարք երկրներում գործում են եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր, և ունեն իրենց թեմակալ առաջնորդները։ Թեմերի մեծագույն մասը, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ավստրալիայում և այլուր, գործում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության հոգևոր իշխանության ներքո։ Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայկական թեմերը գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության (նստավայրը Անթիլիաս) հովանու ներքո։

Պատմություն

խմբագրել

Հայոց եկեղեցու հիմնադրում

խմբագրել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության վաղ շրջանի մասին պահպանված պատմական սկզբնաղբյուրները փոքրաթիվ են (Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, ասորական, հունական որոշ աղբյուրներ), սակայն առկա տեղեկություններն էլ բավարար են պատմական եղելությունների ամբողջական պատկեր ստանալու համար։ Ավանդաբար Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնք անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։

Ըստ հայկական աղբյուրների` Թադեոս առաքյալը Հայաստանում քրիստոնեություն է քարոզել Սանատրուկ թագավորի իշխանության օրոք՝ դարձի բերելով բազմաթիվ հայերի (Ոսկյանք և Սուքիասյանք) և անգամ Սանդուխտ արքայադստերը։ Սանատրուկի հրամանով քրիստոնյաների դեմ սկսված հալածանքների արդյունքում շուրջ 66 թ. Արտազ գավառում նահատակվում են Սանդուխտ կույսն ու Թադեոս առաքյալը։

Բարդուղիմեոս առաքյալը ութ պարսիկ հետևորդների հետ Հայաստան է եկել Սանատրուկի թագավորության 29-րդ տարում և ըստ ավանդության` Արտաշատում հանդիպում է ունեցել Թադեոս առաքյալի հետ։ Քարոզելով նախ Գողթնում, ապա Հայաստանի կենտրոնական շրջաններում՝ Բարդուղիմեոսը Անձևացյաց գավառում հիմնել է Հոգեաց վանքը, ուր զետեղել է Երուսաղեմից իր հետ բերած Աստվածամոր պատկերը։ Բարդուղիմեոսի քարոզչությունը ևս ժողովրդի տարբեր խավերին զուգահեռ հասել է նաև արքունիք՝ Քրիստոսի հետևորդ դարձնելով արքայի քրոջը՝ Ոգուհուն և Տերենտիոս հազարապետին, որոնք ևս նահատակվել են Սանատրուկի հրահանգով։ 68 թվականին թագավորի հրամանով սպանվում է նաև Բարդուղիմեոս առաքյալը։

Հայոց եկեղեցու ձևավորումը 1-3-րդ դարերում

խմբագրել

Առաքելական ժամանակներից մինչև 3-րդ դարի վերջը քրիստոնեությունը աստիճանաբար տարածվել է Հայաստանի մեջ։ Դրա համար մեծ նպաստող ուժեր էին ոչ միայն Քրիստոսի առաքյալների քարոզչությունը, այլև ստեղծված օգտակար մի շարք գործոնները։ Առաջին դարում քրիստոնեությունը լայնորեն տարածված էր Հայաստանի հարևան Կապադովկիայում (սրա մաս էր կազմում Փոքր Հայքը), Օսրոենեում և Ադիաբենեում, որոնց հետ առկա առևտրային և մշակութային կապը հարմար պայմաններ էին ստեղծում քրիստոնեության ներթափանցման համար։ Նպաստող հանգամանք էր նաև Տիգրանակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և Զարեհավանում հրեական համայնքների գոյությունը. քրիստոնեության առաջին քարոզիչները իրենց գործունեությունը սկսում էին հենց այդ համայնքներից[4]։ 197 թ. Տերտուղիանոսը «Ընդդեմ Հրեաների» գրքում քրիստոնեությունը ընդունած ազգությունների շարքում նշում է նաև հայերին։ Այս տեղեկությունը հաստատում է նաև Օգոստինոս Երանելին «Ընդդեմ մանիքեականների» աշխատության մեջ։

Քրիստոնեության արագ տարածումը փաստող վկայություններ են նաև Վաղարշ Բ (186-196 թվականներ), Խոսրով Ա (196-216 թվականներ) և հաջորդ արքաների հալածնքները ընդդեմ քրիստոնյաների։ Սրանց մասին նկարագրություններ են առկա Կապադովկիայի Փիրմիլիանոս եպիսկոպոսի (230-268 թվականներ) «Եկեղեցու հալածանքների պատմությունը» գրքում։ Եկեղեցական պատմության հայր Եվսեբիոս Կեսարացին հիշատակում է նաև ապաշխարողական մի նամակ՝ «ուղղված Հայաստանի քրիստոնյաներին, որոնց եպիսկոպոսն է Մերուժանը»։ Այս նամակի հեղինակը ըստ Եվսեբիոսի 3-րդ դարի Ալեքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոսն էր[5]։ Համաձայն պատմական մի քանի տեղեկությունների՝ առաքելական քարոզչությունից հետո Հայաստանում հիմնվում են եպիսկոպոսական մի քանի աթոռներ (Գողթն, Արտազ կամ Աշտիշատ), որոնց եպիսկոպոս առաջնորդներն են եղել՝

Քրիստոնեությունը պետական կրոն Հայաստանում

խմբագրել

301 թվականին Հայոց Տրդատ Գ Մեծ (287-330 թվականներ) արքայի օրոք և Գրիգոր Ա Պարթև Լուսավորչի (302-326 թվականներ) ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն։ Այդ թվականը համարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը։

Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը։ Համաձայն պատմիչների՝ Սուրեն Պարթևը, որ հետագայում անվանվեց Գրիգոր Լուսավորիչ, որդին էր Տրդատ Մեծի հորը՝ Խոսրով արքային դավադրաբար սպանած Անակ Պարթևի։ 287 թվականին, երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Հայաստան է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (խոր վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13-14 տարի։ Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է. «Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու»։ Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի՝ Հռիփսիմեի սպանությունն էր։ Վերջինս քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։

Շուտով Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ։ Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին։ Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։

Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ Տրդատ Գ Մեծի հրովարտակով քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։

Հայոց Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի հաջորդների օրոք

խմբագրել

Գրիգոր Լուսավորչին կաթողիկոսական պաշտոնում փոխարինում է որդին՝ Արիստակես հայրապետը, ով, եպիսկոպոս լինելով, 325 թվականին որպես Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ՝ մասնակցել էր նաև Նիկիայի Առաջին Տիեզերաժողովին՝ իր հետ բերելով ժողովի կանոններն ու հավատո հանգանակը։ Հեթանոս իշխանների դեմ պայքարելու արդյունքում Արիստակեսը դավադրաբար սպանվում է։ Նույն բախտին են արժանանում նաև նրա եղբայրը՝ հաջորդ հայրապետը՝ Վրթանեսը, և վերջինիս որդին՝ Հուսիկ Ա հայրապետը։ Հուսիկ կաթողիկոսի թոռի՝ Ներսես Ա Մեծի կաթողիկոսության շրջանը նշանավորվեց Հայոց Եկեղեցու բարենորոգչությամբ. 354 թվականին Աշտիշատում գումարվեց Հայոց Եկեղեցու առաջին ազգային եկեղեցական ժողովը, որի ժամանակ ընդունվեցին, ապա կյանքի կոչվեցին դավանաբանական, կազմակերպչական, բարեսիրական ուղղվածության մի շարք որոշումներ։ Այս ժողովի ընթացքում ևս մեկ անգամ մերժվեց ու նզովվեց արիոսականությունը։ Հայոց Եկեղեցու ոսկեդարը մեկնարկեց 5-րդ դարի սկզբով, երբ Ներսես Մեծի որդու՝ Սահակ Ա Պարթև կաթողիկոսի, Մեսրոպ Մաշտոց վարդապետի ջանքերով և Վռամշապուհ թագավորի հովանավորությամբ ստեղծվեցին հայոց գրերը։ Գրերի գյուտը հզոր զենք դարձավ Հայոց եկեղեցու և պետականության պահպանման համար, ինչպես նաև խթան հանդիսացավ եկեղեցական-ծիսական, գրական, մշակութային կյանքի հարստացման ու աշխուժացման համար։ Սահակ կաթողիկոսից հետո վերջնականապես դադարեց կաթողիկոսական գահի՝ Լուսավորչի տոհմին պատկանելը։ 5-րդ դարի երկրորդ կեսին զրադաշտական Սասանյան Պարսկաստանի կրոնական ձուլման քաղաքականության դեմ ժողովրդական ընդվզումը վերաճեց Վարդանանց և Վահանանց պատերազմների, որոնց ժամանակ իր ազգանվեր ծառայությունն է մատուցել նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Արդյունքում երկու կաթողիկոսներ՝ Հովսեփ Հողոցմեցին (440-452)և Գյուտ Արահեզացին (461-479) հալածվեցին Պարսից կառավարության կողմից։ Հարաբերական խաղաղություն հաստատվեց Հովհան Ա Մանդակունի (479-490) և Բաբկեն Ա Ոթմսեցի (490-516) կաթողիկոսների օրոք։ 506 թվականին Բաբկեն կաթողիկոսը հրավիրեց Դվինի Ա եկեղեցական ժողովը, որին մասնակցում էին նաև Հայոց Եկեղեցու վերագահությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիները։ Դվինի ժողովում առաջին անգամ քննության առնվեց 451 թվականին գումարված Քաղկեդոնի 4-րդ Տիեզերաժողովը և դրա ընթացքում քննարկված հարցերն ու ընդունած քրիստոսաբանական բանաձևը (Ավարայրի ճակատամարտի և անկայուն քաղաքական դրության պատճառով ժողովին Հայաստանից ներկայացուցիչ չէր մասնակցել)։ Դվինի ժողովը հիմնովին մերժել է Քաղկեդոնի որոշումները՝ դրանք համարելով առաջին երեք Տիեզերաժողովների որոշումներին հակասող։ Քաղկեդոնի ժողովը որպես ներքին նպատակ ուներ նաև մեծացնել Բյուզանդիայի ազդեցությունը արևելքի Քրիստոնյա ժողովուրդների վրա, զրկել նրանց մշակութային և դավանաբանական ինքնուրույնությունից։ 554 թ. Դվինում գումարվեց 2-րդ ժողովը, որը ևս մեկ անգամ բացեիբաց նզովեց Քաղկեդոնի ժողովը և խզեց հարաբերությունը Բյուզանդական եկեղեցու հետ։ Պապ թագավորի ժամանակ ձեռք բերած վարչական անկախությունից հետո 6-րդ դարում Հայոց եկեղեցին վերջնականապես դավանապես զատվեց բյուզանդական եկեղեցուց՝ ընդունելով միայն առաջին 3 տիեզերական ժողովները։ Այսուամենայնիվ, Բյուզանդիան (հատկեպես Հայաստանի՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև 2-րդ բաժանումից հետո) չէր դադարում ձուլման քաղաքականություն տանել։ Մորիկ կայսեր վարած քաղաքականության արդյունքում 608 թվականին Վրաց եկեղեցին բաժանվեց Հայոց Եկեղեցուց՝ ընդունելով քաղկեդոնականությունը։ Հայաստանը քաղկեդոնականացնելու և Հայոց Եկեղեցուն մոնոֆիզիտություն պարտադրելուն ուղղված ջանքեր էին ներդնում նաև Հերակլ, ապա Կոստանդ Բ կայսրերը, սակայն քաղաքական պատեհությամբ պայմանավորված՝ միավորման որոշումները այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Դրան մեծ արգելք են հանդիսանում նոր թափ ստացած արաբական արշավանքները[6]։

Հայ Առաքելական Եկեղեցին արաբական տիրապետության շրջանում

խմբագրել

7-րդ դարի սկիզբը վտանգավոր էր Հայ ժողովրդի և եկեղեցու համար ոչ միայն Բյուզանդիայի դավանական ճնշումների պատճառով, այլ նաև Պարսկական պետության անկման։ Շուրջ 2 տասնամյակ Հայաստանը արաբա-բյուզանդական պատերազմների թատերաբեմ էր։ Միայն Գրիգոր Ա Մամիկոնյանի (661-684) կառավարման շրջանում էր, որ Հայոց Եկեղեցին հնարավորություն ստացավ փոքր-ինչ շունչ քաշելու։ Սրա վառ ապացույցը եղան մի շարք եկեղեցիների կառուցումները իշխանական տների կողմից։ Հայրապետական ակտիվ գործունեությամբ աչքի ընկան Կոմիտաս Ա Աղցեցի (615-628 թթ.), Ներսես Գ Տայեցի (641-661) կաթողիկոսները։ 8-րդ դարի սկզբին, սակայն, արաբական արշավանքները աղետալի իրավիճակ են ստեղծում Հայաստանում՝ առիթ դառնալով Հայոց եկեղեցու մի քանի դար տևած ամլության։ Աքսորի է ենթարկվում Սահակ Գ Ձորափորեցի կաթողիկոսը (677-703), Հայաստան են ներխուժում պավլիկյան և թոնդրակյան աղանդները[7]։ 717 թ. Հայ Եկեղեցու հովվությունը ստանձնում է Հովհան Օձնեցի հայրապետը, ով ոչ միայն համառ պայքար է մղում աղանդների դեմ, այլև 720 թ. գումարելով Դվինի վերջին եկեղեցական ժողովը՝ կյանքի է կոչում կենցաղվարական, ամուսնական, ծիսական-արարողական և այլ հերցերի առնչվող 32 կանոններ։ 726 թ. Օձնեցու ջանքերով գումարվում է Մանազկերտի ժողովը, որը նպատակ ուներ համագործակցության եզրեր գտնել հակաքաղկեդոնական 2 եկեղեցիների՝ Հայոց եկեղեցու և Ասորական եկեղեցու միջև։ Հովհան Օձնեցուց (717-728 թթ) հետո մինչև 9-րդ դարի կես՝Բագրատունյաց իշխանության հաստատումը Հայաստանում, Հայ Եկեղեցու պատմության մեջ աչքի ընկնող դեպքեր ու դրվագներ չեն հանդիպում[8]։

Հայոց Եկեղեցին Բագրատունիների թագավորության շրջանում

խմբագրել

9-րդ դարի 2-րդ կեսին՝ Զաքարիա Ա Ձագեցի (855-876) և Գևորգ Բ Գառնեցի (877-897) կաթողիկոսների օրոք Բագրատունիների գլխավորությամբ թոթափվեց արաբական լուծը՝ վերականգվելով պետության և Եկեղեցու անկախությունը։ Այսուհանդերձ արաբական ճնշումները Հայոց եկեղեցու և կաթողիկոսության վրա շարունակվում էին. այսպես՝ գերության մեջ է հայտնվում Գևորգ Գառնեցի կաթողիկոսը, հալածվում և նեղություններ է կրում Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչ կաթողիկոսը (898-929)։ Արաբական գերիշխանության աստիճանական անկմանը զուգահեռ դարձյալ մեծանում է Հայոց Եկեղեցին դավանական կախվածության մեջ գցելու Բյուզանդիայի հավակնությունը։ Կոստանդնուպոլսի Փոտ պատրիաիքը առաջրկում է միավորել 2 եկեղեցիները։ Այս առաջարկի առթիվ 862 թվականին Շիրակավանում ժողով է գումարվում, որը մերժում է քաղկեդոնականների այս առաջարկները։ Բյուզանդիան այնուհետ ձեռնամուխ է լինում Հայոց Եկեղեցու մեջ պառակտում մտցնելուն և սկսում է հալածել հայ հոգևորականներին։ Առաջ են գալիս մի շարք հակաթոռ կաթողիկոսություններ, անընդհատ տեղափոխվում է կաթողիկոսական նստավայրը։ Այսքանով հանդերձ 10-րդ դարի վերջը և 11-րդ դարի սկիզբը Անիի թագավորության համար նշանավորվում են հոգևոր-մշակութային կյանքի վերելքով. հիմնվում են դպրոցներ, մատենադարաններ, մեծաքանակ եկեղեցիներ և վանքեր (Կամրջաձոր, Դպրեվանք, Հոռոմոս, Սանահին, Հաղպատ), ի հայտ են գալիս եկեղեցական ակնառու դեմքեր (Հովհաննես Կոզեռն, Ստեփանոս Ասողիկ, Սարգիս Անեցի, Անանիա Սանահնեցի, Արիստակես Լաստիվերցի, Հովհաննես Սարկավագ Վարդապետ

1019 թ. Հայոց կաթողիկոս է նշանակվում Պետրոս Ա Գետադարձը(1019-1058), որի օրոք սկիզբ է առնում Բագրատունյաց պետության ճգնաժամը։ Իր ծրագրերը և հույսերը կապելով Բյուզանդիայի հետ՝ կաթողիկոսը անկման է տանում նաև Հայոց Եկեղեցին։ 1045 թվականին Բյուզանդիայի վարած քաղաքականության, պետության և եկեղեցու անհեռատես քայլերի արդյունքում Բագրատունյաց թագավորությունը փլուզվում է։ Աննախադեպ հալածանքներ են սկսվում Հայ Եկեղեցու դեմ, բանտարկվում և տանջանքների է ենթարկվում Պետրոս Գետադարձին հաջորդած Խաչիկ Բ Անեցի (1058-1065) կաթողիկոսը, որի մահից հետո Բյուզանդիան միառժամանակ արգելում է Հայ Եկեղեցուն կաթողիկոս ընտրել։ Ստեղծված ծայրահեղ վիճակում 11-րդ դարի վերջում կաթողիկոսական Աթոռը տեղափոխվում է ավելի անվտանգ վայր՝ Կիլիկիա։

Ամենայն Հայոց կաթողիկոսությունը Կիլիկիայում

խմբագրել

1080 թվականին նախկին բագրատունյաց թագավորության վերջին ժառանգ Գագիկի ազգականներից Ռուբենը իր իշխանական տարածքներին միացնելով դաշտային Կիլիկիան՝ հիմնեց Կիլիկիայի հայկական իշխանությունը։ 1198 թվականին այդ իշխանությունը վերջնականապես հաստատվեց որպես թագավորություն և գոյատևեց մինչև 1375 թվականը։ Հայոց քաղաքական կենտրոնը Կիլիկիա տեղափոխելուն զուգահեռ տեղափոխվեց նաև Կաթողիկոսական աթոռը. Հայոց Եկեղեցին Կիլիկիայի տարածքում գոյատևեց 1062-1441 թվականներին։ Այսուամենայնիվ, բուն Հայաստանում ևս չկորսվեց հայ հոգևոր կյանքը։ Համախմբվելով Սանահինում, Հաղպատում, Սյունիքում և Խորանաշատում՝ Հայաստանի հոգևորականները ձևավորում են Արևելյան վարդապետների խումբը։ Մինչև Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսական աթոռի վերջնական հաստատումը Կիլիկիայում, հաստատվել էին երեք հակաթոռ կաթողիկոսություններ Հոնում, Մարաշում և Տարսոնում։ Դեռևս Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի (1066-1105) կենդանության օրոք՝ 1081 թվականին Անիում աթոռակից կաթողիկոս է նշանակվում Բարսեղ Ա Անեցին (1105-1113)։ Այս նշանակումը եղել էր Գրիգոր Վկայասերի համաձայնությամբ, քանի որ Վկայասերը երկարատև բացակայում էր Հայաստանից՝ շրջելով և հավաքագրելով սրբերի վարքեր և վկայաբանություններ։ Բարսեղի ջանքերով վերացվում են Կիլիկիայի հակաթոռ կաթողիկոսությունները, իսկ արդեն Վկայասերի մահվանից հետո Բարսեղ Անեցին հաստատվում է Քեսունի Կարմիր վանքում։ Բարսեղ Անեցուց հետո Հայոց Կաթողիկոս է ձեռնադրվում 20-ամյա Գրիգոր Գ Պահլավունին (1113-1166)։ Երիտասարդ կաթողիկոսի ընտրությունը պատճառ է դառնում հայոց ամենաերկարակյաց հակաթոռ կաթողիկոսության՝ Աղթամարի (1113-1895) հիմնադրման համար։ Գրիգոր կաթողիկոսի դեմ բողոքելով՝ Աղթամարի կաթողիկոս է ինքն իրեն հռչակում Աղթամարի Դավիթ եպիսկոպոսը, ում կաթողիկոսությունը միանգամից մերժվում է։ Ելնելով քաղաքական իրավիճակից՝ 1116 թվականին Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսը Կարմիր վանքից տեղափոխվում է Ծովք, սակայն այստեղ էլ ապահով չլինելով՝ վերջնականապես հաստատվում է Հռոմկլայում՝ հընթացս մի քանի անգամ անհաջող փորձ անելով աթոռը վերահաստատել Անիում։ Հռոմկլայում Հայոց կաթողիկոսական աթոռը մնում է մինչև 1292 թվականը։ Գրիգոր Պահլավունուց հետո Հայոց եկեղեցու ղեկավարումը ստանձնում է նրա եղբայրը՝ Ներսես Դ Կլայեցի Պահլավունին (Ներսես Շնորհալի, 1166-1173), ով Հայ Եկեղեցու պատմության ամենաբազմերախտ հայրապետներից էր։ Շնորհալին պատմությանը հայտնի է ոչ միայն իր բեղուն գրիչով՝ որի տակից դուրս են եկել մի շարք աստվածաբանական աշխատություններ և ծիսադավանական հարցերի առնչվող գործեր, այլ նաև քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Ի հակակշիռ այդ ժամանակաշրջանում դարձյալ գլուխ բարձրացնող բյուզանդական ձուլման քաղաքականության՝ Ներսես Հայրապետը նամակագրություն է սկսում Մանուիլ I Կոմնենոս կայսեր հետ՝ ճիգեր անելով ամեն պարագայում պահպանել Հայոց եկեղեցու ամբողջականությունն ու վարդապետական անաղարտությունը։ Արդեն հաջորդ կաթողիկոս Գրիգոր Դ Տղայի (1173-1193) օրոք՝ 1179 թվականին Հռոմկլայում մեծ եկեղեցական ժողով է գումարվում, որտեղ Արևելյան վարդապետների անզիջում կողմնորոշման շնորհիվ մերժվում են Մանուել կայսեր առաջարկները (սրան նպաստում է նաև 1080 թվականին կայսեր մահը)։ Միևնույն ժամանակ Հայոց եկեղեցուն սկսում է այլ վտանգ սպառնալ. Խաչակրաց արշավանքներին զուգահեռ Կիլիկյան Հայաստանում քաղաքական աջակցություն գտնելու համար նախարարական տները հայացքները դարձնում են դեպի Կաթոլիկ եկեղեցին։

Ունիթորական շարժումը Հայոց Եկեղեցում

խմբագրել

12-14-րդ դարերում Հայոց եկեղեցին առաջին անգամ սերտ հարաբերությունների մեջ մտավ Հռոմեակաթոլիկ եկեղեցու հետ։ Այս փոխհարաբերությունը մեծապես կապված էին Կիլիկիայի տարածքում և հարակից շրջաններում խաչակրաց արշավանքների արդյունքում ձևավորված արևմտյան մի շարք նախարարությունների ձևավորմամբ, Կիլիկյան թագավորության քաղաքական և տնտեսական անկայուն դրությամբ։ Ցանկանալով ստանալ Արևմուտքի՝ հետևաբար և Հռոմեական եկեղեցու օժանդակությունը՝ որոշ հայ քաղաքական և հոգևոր գործիչներ՝ պատրաստ էին գնալ զիջումների անգամ հոգևոր-դավանաբանական հարցերում։ Այս հաշվի առնելով Կաթոլիկ եկեղեցին այդ դարերի ընթացքում մշտապես առաջ էր քաշում եկեղեցիների ունիայի (միավորման) խնդիրը՝ հիմնականում պնդելով 2 դավանական զիջում՝

Խաչակիրների 3-րդ արշավանքի ժամանակ Հռոմի Կղեմես 3-րդ պապի խնդրանքով Կիլիկյան Հայաստանը ի դեմս Լևոն թագավորի մեծապես օժանդակեց խաչակիրներին, ինչի համար Լևոնը 1195 թվականին Գերմանիայ Սրբազան թագավորության կայսր Հենրիխ 4-րդի կողմից ճանաչվեց Կիլիկիայի թագավոր, իսկ 1196 թվականին թագ ստացավ Ալեքս 3-րդից։ Լևոնը պարտադիր կերպով ձգտում էր թագադրվել Արևմուտքի կողմից, սակայն կաթոլիկ եկեղեցին թագադրման արարողություն չէր ցանկանում իրականացնել այլադավան արքայի վրա, ինչի համար Կիլիկիա է ուղարկվում Պապի պատվիրակ Կոնրադոս կարդինալը՝ առաջարկով միավորել Հայ և Լատին եկեղեցիները։ Լևոնը ժողով է գումարում այդ հարցը քննարկելու համար, սակայն ժողովը իսպառ մերժում է կարդինալի առաջարկը՝ զիջման գնալով այլ կետում. 1198 թվականի հունվարի 6-ին Կոնրադոս Կարդինալը իրականացրեց Լևոնի թագադրումը, իսկ Գրիգոր Զ Ապիրատ (1194-1203) կաթողիկոսը՝ օծման արարողությունը (օծումը կատարվեց հայերենի թարգմանած լատին ծիսակարգի համաձայն)։

Ունիթորական ձգտումները շարունակվեցին նաև Հեթում արքայի և Կոնստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի օրոք (1221-1267), երբ Հայ Առաքելական Եկեղեցուն առաջարկվեց ընդունել Ֆիլիոքվեի վարդապետությունը։ Կոնստանդին կաթողիկոսը 1251 թ. Սսում ժողով է գումարում հարցը քննարկելու համար, սակայն ժողովականների հետ ընդհանուր հայտարարի չգալով ստիպված է լինում դիմել նաև Արևելյան վարդապետներին։ Քանի որ այս վարդապետությունը մինագամայն նոր էր և անծանոթ, դրա պատասխանը երկար ժամանակ հապաղում էր։ Լատին եկեղեցին, սակայն, շարունակում էր իր պատվիրակներին ուղարկել՝ Կիլիկիա՝ նպատակ ունենալով զրկել ինքնուրույնությունից Հայոց Եկեղեցին։ Այս գործընթացին բավական նպաստում էին նաև կաթոլիկների հանդեպ ընդգծված դրական վերաբերմունք ունեցող Գրիգոր Է Անավարզեցի (1293-1306) կաթողիկոսը և Հեթում Բ թագավորը, որոնց ջանքերով ինչ-ինչ փոփոխություններ և մուծումներ եղան ծեսի մեջ։ Ընդդիմանալով սրան՝ Արևելյան վարդապետները՝ Սյունյաց մետրոպոլիտության առաջնորդությամբ զգաստության են կոչում Գրիգոր կաթողիկոսին։ Հաշվի առնելով շրջակա իսլամադավան երկրների սպառնալից ընթացքը՝ Գրիգոր Անավարզեցին արդարացնում էր իր քայլերը նարանով, որ Հռոմը և Բյուզանդիան քրիստոնյա երկրներ էին, քիչ ավելի վտանգավոր քան մուսուլմանները։ Կարճ ժամանակ հետո հասկանալով, որ ոչ Հռոմը ոչ Բյուզանդիան չեն պատրաստվում օժանդակել Կիլիկյան թագավորությանը, կաթողիկոսը մեկուսացավ գործունեությունից, ապա թագավորի կողմից աքսորի ենթարկվեց՝ Հռոմի հետ միավորման գրությունը չստորագրելու համար։

1307 թվականին Լևոն արքան Սիսում գումարեց 7-րդ ժողովը, որին մասնակից էին 43 եպիսկոպոսներ և Կիլիկիայի մի շարք իշխաններ։ Լևոնը ժողովականներին ներկայացրեց զիջումներով ու դավանական լուրջ փոփոխություններով մի գրություն, որն իբր գրել էր Գրիգոր Անավարզեցին։ Զիջումները ժողովականների մեծամասնության որոշմամբ ընդունվեցին՝ ընդդիմության արժանանալով Արևելյան վարդապետների կողմից։ Միայն այն ժամանակ, երբ լիովին պարզ դարձավ Լատին եկեղեցու անպատրաստակամությունը Կիլիկիային օգնելու (մանավանդ որ Եգիպտոսի Մամլուքները անխնա ասպատակում էին Կիլիկիան) 1361 թվականին Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372) կաթողիկոսը գումարեց Սսի 8-րդ ժողովը և չեղյալ համարեց ամեն տեսակ փոփոխություններն ու մուծումները։

1375 թվականին մամլուքների արշավանքների արդյունքում ի վերջո դադարեց գոյություն ունենալ Կիլիկիայի Հայոց թագավորությունը։ Հասունանում էր կաթողիկոսական աթոռը ավելի ապահով վայր՝ բուն Հայաստան տեղափոխելու գաղափարը։

Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային կյանքը Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանում

խմբագրել

Չնայած քաղաքական դաշտի վայրիվերումներին, միավորման համար այլ եկեղեցիների վարած քաղաքականությանը` հոգևոր մշակութային կյանքը Կիլիկիայում և Հայոց Եկեղեցում տվել է իր լավագույն պտուղները՝ որակվելով որպես «արծաթե դար»։ Այս շրջանում կառուցվել են բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, վարդապետարաններ ու համալսարաններ, ընդօրինակվել ձեռագրեր, ստեղծվել արվեստի, գիտության ու մշակույթի անկրկնելի արժեքներ։ Թորոս Ռոսլինի գլխավորությամբ զարկ է տրվում մանրանկարչական արվեստի կատարելագործմանը։

13-րդ դարի սկզբներին աշխուժանում է կյանքը նաև բուն՝ Հյուսիսային Հայաստանում։ Զաքարյան իշխանական տան ջանքերով ազատվելով մուսուլմանների գերիշխանությունից՝ Հայաստանը հնարավորություն է ստանում մշակութային վերելք ապրելու, ինչի արդյունքում կարճ ժամանակ հետո հիմնվում են Սանահինի և Հաղպատի վանքերն ու վարդապետարանները, Գլաձորի համալսարանը, Որոտնավանքն ու Տաթևի վանքը և այլն։

Այս դարաշրջանում Հայոց Եկեղեցում գործունեություն են ծավալում այնպիսի հայտնի գործիչներ ինչպիսիք են Ներսես Շնորհալին, Հակոբ Ա Կլայեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Տիրատուր Կիլիկեցին, Եսայի Նչեցին, Մխիթար Գոշը և այլք։

Կաթողիկոսական Աթոռի վերահաստատումը Էջմիածնում

խմբագրել

Կիլիկիայում թագավորության անկումից հետո Հայոց եկեղեցու առաջ ծառացան մի շարք խնդիրներ. ստեղծված հոգևոր-մշակութային ճգնաժամը, տնտեսական և քաղաքական անելանելի դրությունը անհնար էին դարձնում Եկեղեցու ազատ և նպատակաուղղված գործունեությունը։ Հաշվի առնելով այս հանգամանքները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործիչները 13-րդ դարի վերջից սկսած քայլեր են ձեռնարկում հայրապետական աթոռն ավելի ապահով ու նպաստավոր վայր տեղափոխելու համար։ Արդեն 15-րդ դարի սկզբին, երբ բուն Հայաստանում կարակոյունլու Ջհանշահի իշխանությունը հաստատվեց, համեմատաբար խաղաղ ու նպաստավոր իրադրություն ստեղծվեց և հնարավորություն առաջ եկավ կաթողիկոսությունը հաստատել իր նախնական վայրում՝ Սուրբ Էջմիածնում։ Այս որոշումը կայացվեց դեռևս Կիլիկիայի Գրիգոր Թ Մուսաբեկյանց կաթողիկոսի կենդանության օրոք, նրա համաձայնությամբ։ 1441 թվականին Համբարձման տոնի օրը Թովմա Մեծոփեցու և Հովհան Հերմոնեցու ջանքերով Վաղարշապատում ժողով գումարվեց 700 եպիսկոպոսների մասնակցությամբ, վիճակ գցվեց և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնն ընկավ Կիրակոս Վիրապեցուն (1441-1443), ով փաստորեն դարձավ գոյություն ունեցող հայկական բոլոր կաթողիկոսությունների, նվիրապետական աթոռների և թեմերի գլուխը։ Կարճ ժամանակ հետո՝ 1446 թվականին, Կիլիկիայում Կարապետ Եվդոկացին կաթողիկոս օծվեց՝ ինքն իրեն Սսի կաթողիկոս հայտարարելով, ինչով վերականգնվեց Սսի Կիլիկյան կաթողիկոսությունը։ Կարճ ժամանակ հետո՝ 1461 թվականին հիմնվեց նաև Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը։ Վաղարշապատը կրկին դարձավ համայն հայության հոգևոր կենտրոնը, Սուրբ Էջմիածինը՝ պետականությունից զրկված, աշխարհով սփռված հայ ժողովրդի հոգևոր և ազգային-քաղաքական կենտրոնը։ Այս վերջին հանգամանքը չափազանց կարևոր էր Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի հայահալած ու զավթողական նպատակների պայմանում։ Հայոց Եկեղեցու կենտրոնը՝ Վաղարշապատը, գտնվում էր Պարսկաստանի իշխանության տակ և զրկված էր ինքնավարությունից։ Արդյունքում 15-16-րդ դարերում Հայոց Եկեղեցին դարձյալ մութ ու լճացած տարիներ է անցկացնում, երբ ներսում ձեռքից ձեռք էր խլվում կաթողիկոսական աթոռը, իսկ արտաքին քաղաքականությամբ Պարսկաստանն ու Թուրքիան պառակտում և թուլացնում էին Հայոց Եկեղեցին ու Հայաստանը։ Միայն 17-րդ դարասկզբին՝ Մովսես Գ Տաթևացի (1629-1632), Փիլիպոս Ա Աղբակեցի (1632-1655), Հակոբ Դ Ջուղայեցի (1655-1680) կաթողիկոսների օրոք Հայ Առաքելական եկեղեցու ներքին կացությունը, նյութական վիճակը, ազգային-եկեղեցական, հոգևոր-մշակութային կյանքը սկսեցին վերելք ապրել։ Կարգավորվեցին հարաբերությունները Պարսկական արքունիքի, նվիրապետական աթոռների հետ։ Հիմնվեցին մի շարք դպրոցներ ու կրթական հաստատություններ Սյունիքում, Վաղարշապատում, Վանա լճի կղզիներում, Նոր Ջուղայում[9]։ Վերազարթոնքը շարունակվեց նաև հաջորդ կաթողիկոսներ Եղիազար Ա Այնթափցու (1691-1705), Ղազար Ա Ջահկեցու (1737-1751), Հակոբ Ե Շամախեցու (1795-1763, այս հայրապետը առաջիններից էր, ով սկսվեց զբաղվել Հայաստանը օտար լծից ազատելու գործով) օրոք։ Դարաշրջանի ամենաբեղուն հայրապետներից էր Սիմեոն Ա Երևանցին (1763-1780), ով աշխատանքներ տարավ հայոց Եկեղեցու կալվածքները վերադարձնելու, հոգևոր կյանքը աշխուժացնելու և ծիսական կայնքի մեջ բարեփոխումներ կատարելու ուղղությամբ։

Հայոց Եկեղեցին 19-րդ դարում

խմբագրել

19-րդ դարասկիզբը Հայոց եկեղեցու համար առանձնացավ պետական կյանքում տեղի ունեցած բուռն փոփոխություններով. Հայաստանի մի զգալի մասը՝ Արևելյան Հայաստանը, ազատվելով Թուրքիա-Պարսկական լծից, ընկավ Ցարական Ռուսաստանի գերիշխանության տակ։ Հայ Եկեղեցին և հայ ժողովուրդը, խանդավառված քրիստոնյա Ռուսաստանի կազմի մեջ անցնելով՝ մեծապես օժանդակեցին Ռուսաստանին՝ թշնամու դեմ պայքարի հարցում։ Հայ ժողովրդին ներկայանալով որպես հավատակից ազատարար՝ Ռուսաստանը մեծ կարևորություն էր հատկացնում եկեղեցական խնդիրներին և Հայոց Եկեղեցուն՝ գիտակցելով, որ պետականության կորստից հետո հայ ամբողջականության շահերի ու տրամադրությունների արտահայտիչը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Ըստ այդմ Ռուսաստանը փորձում էր փոքրացնել Հայ Եկեղեցու քաղաքական դերը երկրի ներսում, օգտագործել Ամենայն Հայոց Կաթողիկոսության հեղինակությունը Ռուսաստանում և դրանից դուրս բնակվող հայերի վրա ազդեցություն տարածելու համար։ Ռուսաստանը իրավունք էր վերապահել իրեն մինչև անգամ վավերացնելու Կաթողիկոսի ընտրությունը։ Ավելին՝ 1836 թ. Ռուսական կառավարությունը հրապարակեց պետության և Հայոց եկեղեցու հարաբերությունները կանոնակարգող «Պոլոժենիե» փաստաթուղթը, որը ծայրահեղորեն նվազեցնում էր Հայոց եկեղեցու հեղինակությունը, զրկում նրան կալվածքներից, դպրոցներից և ունեցվածքից։ Սա առաջ բերեց հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու վրդովմունքը, սակայն մինչև 1917 թ. «Պոլոժենիեն» չդադարեց գործելուց։ Չնայած Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներին՝ Հայոց Եկեղեցին շարունակում էր պահպանել իր գոյությունը՝ միաժամանակ որոշակի դրական արդյունքներ արձանագրելով հոգևոր-մշակութային կյանքում։ Միմյանց հաջորդած Եփրեմ Ա Ձորագեղցի (1809-1830 թթ.), Հովհաննես Ը Կարբեցի (1831-1842 թթ.) և Ներսես Ե Աշտարակեցի (1843-1857 թթ) կաթողիկոսների շարքում ամենից աչքի ընկնողը եղավ Ներսես Աշտարակեցին, ով ակտիվ գործունեություն էր ծավալել նույնիսկ մինչև կաթողիկոս դառնալը՝ քաջալերողն ու նպաստողը լինելով 1804-1813 թթ, 1826-1828 թթ. Ռուս-Պարսկական պատերազմների։ Աշտարակեցու ջանքերով հիմանդրվեց Ռուսաստանի Նոր-Նախիջևանի, Աստրախանի թեմը, Թիֆլիսում բացվեց հանրահայտ Ներսիսյան դպրոցը (1824 թ.)։ Կաթողիկոս դառնալուց հետո Աշտարակեցին ձեռնամուխ եղավ եկեղեցական կյանքի շենացմանն ու կրթամշակութային աշխատանքների։ Արդյունաշատ եղավ նաև Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (1866-1882 թթ) կաթողիկոսի աթոռակալությունը. Էջմիածնում հիմնվեց տարածաշրջանի առաջին Բարձրագույն Ուսումնական հաստատությունը՝ Գևորգյան ճեմարանը (1874 թ), բացվեցին Մայր Աթոռի թանգարանը, տպարանը, թղթի արտադրամասը, սկսվեց հրատարակվել Հայոց Եկեղեցու առաջին պաշտոնաթերթը՝ «Արարատ» ամսագիրը(1868 թ)։ Այս շրջանի հայտնի հոգևոր գործիչներից էր նաև Մկրտիչ Ա Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ, 1892-1907), ով մինչև կաթողիկոսանալը վարել է ոչ միայն հոգևոր, այլև հասարակական գործունեություն։ Զբաղեցնելով պատասխանատու բարձր պաշտոններ (ընդհուպ Կ.Պոլսի պատրիարքի պաշտոնը)՝ Խրիմյանը միաժամանակ զբաղվում էր հրատարակչական և գրական գործունեությամբ։ Որպես հայկական պատվիրակության ղեկավար՝ մասնակցել է 1878 թ. Բեռլինի Կոնգրեսին, ուր քննարկման էր դրված Հայկական հարցը։ Խրիմյանի կաթողիկոսության օրոք՝ 1903 թ. Ցարական կառավարությունը նոր օրենք առաջ քաշեց, որի համաձայն բռնագրավվում էր ողջ եկեղեցական գույքը, փակվում էին հայկական դպրոցները։ Խրիմյանը ակտիվորեն հակառակվեց այդ օրենքին՝ նամակով դիմելով ցարին և պատվիրեց թեմերին չհնազանդվել այդ օրենքին։ Շուտով այս օրենքը դադարեց գոյություն ունենալուց։ Բարդ էր Հայոց եկեղեցու վիճակը նաև Արևմտյան Հայաստանում։ Ռուս-Թուրքական պատերազմից (1828-1829 թթ) հետո Եվրոպական երկրների ճնշմամբ Օսմանյան թուրքիայում հիմնվեցին բողոքական և կաթոլիկ համայնքներ, ովքեր սկսեցին ակտիվ և ագրեսիվ գործունեություն ծավալել՝ ջանալով թուլացնել առանց այդ էլ հյուծված Հայոց Եկեղեցին։ Այսուամենայնիվ հայոց պատրիարքը շարունակում էր մնալ իր բարձր դիրքի վրա, իսկ Թուրքական կառավարությունը փորձում էր մշտապես միջամտել նրա ընտրության և գործունեության հարցում։ Առանց պատրիարքի չէին լուծվում ազգային-եկեղեցական և համայնքային խնդիրները, պատրիարքը միջնորդ էր պետության և Սուրբ Էջմիածնի միջև։ Հարցը «կարգավորելու» համար 1860 թ. կառավարությունը առաջ քաշեց Ազգային Սահմանադրությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1880-ական թվականները։ Համաձայն դրա՝ Օսմանյան Կայսրության հայ համայնքի և բնակչության ղեկավարումը կատարվում էր 2 խորհուրդների՝ հոգևոր խորհրդի (14 եպիսկոպոսներ կաթողիկոսի գլխավորությամբ) և աշխարհիկ խորհրդի (20 երեցփոխաններ՝ ընտրված 400 հոգու կողմից) միջոցով։ 1895-1896 թթ. սկիզբ առան հայերի զանգվածային ջարդերը, որոնք կանխելու դեմ ջանք չէին խնայում ժամանակի պատրիարքներ Մկրտիչ եպիսկոպոս Խրիմյանը, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը և մյուսները։

Հայոց Եկեղեցին 20-րդ դարում

խմբագրել

Հայոց Եկեղեցին Մեծ Եղեռնի և Առաջին Հանրապետության տարիներին

խմբագրել

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին 20-րդ դար ոտնակոխեց Խրիմյան Հայրիկի գահակալությամբ, ում հաջորդեց Կ. Պոլսի պատրիարք Մատթեոս Իզմիրլյանը (1908-1910 թթ.)։ Իզմիրլյանի հաջորդ Գևորգ Ե Սուրենյանցը (1911-1930 թթ) իր կաթողիկոսության ընթացքում ականատեսն ու ժամանակակիցը եղավ միանգամից պատմական մի քանի իրադարձությունների՝ Առաջին աշխարհամարտի,Հայոց Մեծ Եղեռնի, Սարդարապատի ճակատամարտի,Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը և Հայաստանի Խորհրդայնացմանը։ Դեռևս 1912 թ. Գևորգ կաթողիկոսի ջանքերով Էջմիածինը բազմիցս բարձրացրել է հայ դատի խնդիրը՝ փորձելով դրա վրա բևեռել Եվրոպայի ուշարությունը, սակայն 1914 թ-ին սկիզբ առած աշխարհամարտը, ապա 1915 թ-ի Հայկական Ցեղասպանության Օսմանյան ծրագիրը՝ Հայոց Եկեղեցու ջանքերը թողեցին ապարդյուն։ Գիտակցելով Հայոց Եկեղեցու և եկեղեցականների կարևորությունը ազգային կյանքում՝ ջարդերի կազմակերպիչները կայսրության տարածքում կոտորեցին թվով ավելի քան 400 հոգևորականների, ոչնչացրին քրիստոնեական մշակույթի կոթողներն ու հարստությունները, կրակի մատնեցին շուրջ 200 եկեղեցիներ ու վանքեր։ Կոտորածի արդյունքում վտանգի տակ հայտնվեց Սսի կաթողիկոսությունը, որը Սսում մնալով մինչև 1920 թ-ը, բռնեց դեգերման ճամփան և վերջնական հանգրվան գտավ Լիբանանի Անթիլիաս քաղաքում միայն 1930-ականներին։ Վերացան Կ.Պոլսի պատրիարքությունն ու Աղթամարի Կաթողիկոսությունը։ Հայոց Եկեղեցին զրկվեց իր 1.500.000 հավատացյալներից։ Մեծ Եղեռնի և հետագա տարիներին Էջմիածինը ձեռնամուխ եղավ աղետյալների և մազապուրծ եղած փախստականների օժանդակությանը. Հայաստանի և արտերկրի տարբեր քաղաքներում ստեղծվեցին Եղբայրական օգնության կոմիտեներ, նամակներ հղեց պետական բարձրագույն ատյաններին՝ բարձրաձայնելով Թուրքիայում կատարվող արյունահեղությունների մասին։ Ամբողջովին հայաթափելով Արևմտյան Հայաստանը՝ Թուրքերը շարժվեցին դեպի Հայաստանի Արևելյան հատված՝ Երևան և Սուրբ Էջմիածին։ 1918 թ. մայիսին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի անհավասար մարտերում հաղթանակ տարավ թշնամուն ՝ արգելելով նրա մուտքը Մայր երկիր։ Պայքարի օրերին չդադարեցին հնչել եկեղեցիների զանգերը, Գևորգ Ե կաթողիկոսը, չնայած սպառնացող վտանգին չլքեց Մայր Աթոռի տարածքը, ռազմաճակատում հանդես եկան Հայոց Եկեղեցու մի շարք սպասավորներ՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, Զավեն եպիսկոպոս Մահտեսի Բաբայանը, Թադեոս, Եզնիկ վարդապետները, Զաքար քահանա Տեր-Հարությունյանը, Հովհաննես քահանա Տեր-Մովսիսյանը և այլք։ Փառահեղ հաղթանակին հետևեց 1918 թ մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, որը միանշանակ ողջունվեց Հայոց Եկեղեցու կողմից։ Չնայած Հանրապետության կարճատև գոյությանը, Հայոց Եկեղեցու և կառավարության միջև սկսվել էին ձևավորվել հարաբերություններ. Հայ Առաքելական Եկեղեցու համար հնարավորություն էր ստեղծվել ազատ շունչ քաշելու և գործելու համար։

Հայոց Եկեղեցին Խորհրդային համայնավարության տարիներին

խմբագրել
Պատկեր:HisHolinessVazgenI.jpg
Ն․Ս․Օ․Տ․Տ․Վազգեն Ա

Նոր հանրապետության ընձեռած լայն հնարավորությունները երկար չտևեցին։ 1920 թ. խորհրդային ուժերի ներխուժումը Հայաստան նոր փորձությունների սկիզբ դարձավ Հայոց Եկեղեցու համար, ինչը ձգվեց ավելի քան 70 տարի։ Համայնավար վարչակարգը, պաշտոնապես հռչակելով անաստավածությունը որպես գաղափարախոսություն, սկսեց հալածել կրոնն ու եկեղեցին։ 1920 թ. դպրոցը վերջնականապես բաժանվեց Եկեղեցուց, քիչ ավելի ուշ առգրավվեց եկեղեցական ողջ ունեցվածքը՝ ծիսական սպասքը, թանգարանային նմուշները, ձեռագրական հարստությունը, հողակտորները, քանդվեցին կամ պահստների ու ախոռների վերածվեցին հարյուրավոր եկեղեցիներ (մնացել էր ընդամենը 4 եկեղեցի, իսկ 800-ը փակվել հիմնականում վարչական եղանակով), ստեղծվեցին եկեղեցու ոչնչացմանը միտված մի քանի կազմակերպություններ։ Նման ծանր պայմաններում անգամ Գևորգ Ե Կաթողիկոսը հաջողեցրեց փոփոխել եկեղեցական տոմարը, հիմնել Գերագույն Հոգևոր Խորհուրդը, հաստատել ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը։

Ի թիվս 30-ական թվականներին մահվան դատապարտված և աքսորված բազմաթիվ հոգևորականների (ավելի քան 200 հոգի), Խորհրդային ռեպրեսիաների զոհը դարձավ նաև Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսը (1932-1938 թթ.), որը սպանվեց իր առանձնասենյակում խորհրդային գործակալների ձեռքով։

1941 թ. սկիզբ առած Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայոց Եկեղեցին իր փոքր հնարավորություններով հանդերձ կանգնեց պետության կողքին՝ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի նախաձեռնությամբ հանգանակություններ և ռազմական ուժ («Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուներ) ուղարկելով ռազմաճակատ։ Այս փաստը փոքր-ինչ փոխեց Խորհրդային կառավարության մոտեցումը Հայոց Եկեղեցու նկատմամբ, ինչի արդյունքում 1945-ին թույլատրվեց Կաթողիկոսական ընտրություններ անցկացնել (ընտրվեց Գևորգ Զ Չորեքչյանը, 1945-1954 թթ.), հրատարակել «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը, բացվեց Հոգևոր Ճեմարանը։ Գևորգ կաթողիկոսով սկսվեց վերազարթոնքի նոր փուլ, որը շարունակվեց նաև Վազգեն Ա Պալճյան (1955-1994 թթ) հայրապետի օրոք։ Ճիշտ է, Խորհրդային իշխանությունները ամբողջովին ազատ չէին թողել Հայ Առաքելական Եկեղեցուն և դեռևս գոյություն ունեին բազում սահմանափակումներ, սակայն կաթողիկոսի հեռատես քայլերի շնորհիվ Եկեղեցին փոքրիկ քայլերով շարունակում էր ազգային-եկեղեցական իր գործունեությունը։ Վերանորոգվեց ու կառուցապատվեց Սուրբ Էջմիածինը և մի շարք եկեղեցիներ ու վանքեր (Գայանե, Հռիփսիմե, Շողակաթ, Գեղարդավանք, Խոր Վիրապ), ուշադրություն դարձվեց կրթությանը ճեմարանում, «Էջմիածին» ամսագրի և մի շարք այլ գրքերի հրատարակությանը։ Խորացվեցին հայրենիք-սփյուռք, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունները։

1988 թ.-ից սկսած հայ եկեղեցու մի շարք եկեղեցականներ իրենց օգտակարությունը և մասնակցությունը բերեցին Արցախյան գոյամարտին, ինչպես նաև լայն աջակցություն ցուցաբերեցին հայորդիներին 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի օրերին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ՀՀ Երրորդ Հանրապետության օրերին

խմբագրել

1991 թ. սեպտեմբերի 21-ին Վազգեն Ա հայրապետը օրհնեց ու ողջունեց հայկական նոր պետականության՝ ՀՀ Երրորդ հանրապետության ծնունդը։ Հայոց Եկեղեցին ազատվեց Խորհրդային ճնշումներից և ազատ գործելու հնարավորություն ստացավ։ Ստեղծված շրջափակումը, ընթացող պատերազմն ընդդեմ ադրբեջանական զավթիչների, քաղաքական և տնտեսական ճգնաժամը չկարողացան ճնշել հայ ժողովրդի ազատատենչությունն ու Հայոց Եկեղեցին։ 1995 թ. Ամենայն Հայոց հայրապետական գահին բազմեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով անվանվեց Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս (1995-1999 թթ)։ Նրա օրոք Հայոց Եկեղեցին ենթարկվեց թեմական նոր բաժանման՝ նախկին 4-ի փոխարեն ունենալով 8 թեմ։ Աշխուժանում է եկեղեցական կյանքը, Մայր Աթոռին է հանձնվում Գևորգյան ճեմարանը, կառուցվում է ուսանողական նոր մասնաշենք, բացվում են Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և Շիրակի Հոգևոր Ընծայարանը, բացվում է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, հրատարակվում են տասնյակ գրքեր, ամրապնդվում են միջեկեղեցական հարաբերությունները, 1995-ին հիմնվում է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը, 1996-ին` Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը։ Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700 ամյակին ընդառաջ սկսվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու շինարարությունը, որն ավարտվեց արդեն Ամենայն հայոց Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի օրոք (գահակալ 1999-ից)։ Հայոց Եկեղեցու և քրիստոնեական հավատքի զորացմանը հավատարիմ նոր հայրապետի ջանքերով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նորանոր ձեռքբերումներով մտավ 3-րդ հազարամյակ. կառուցվեցին ու վերանորոգվեցին տասնյակ վանքեր ու եկեղեցիներ, հարյուրներով ավելացավ հոգևորականների թիվը, նոր մակարդակի վրա դրվեց հոգևոր ճեմարանների կրթական որակը, Մայր Աթոռին վերադարձվեցին նախկինում Հայոց Եկեղեցուն պատկանող մի շարք կալվածքներ և եկեղեցիներ, բարեկարգվեց, ընդարձակվեց և նոր շինություններով հարստացավ Սուրբ Էջմիածնի մայրավանքը։ Գարեգին Բ կաթողիկոսի բարձր նախագահությամբ 2001 թ. մեծ շուքով տոնվեց Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակը։

Գարեգին Բ կաթողիկոսի ջանքերով կյանքի են կոչվել սոցիալական, բարեգործական, մանուկների ու պատանիների հոգևոր կրթությանը օժանդակող մի շարք ծրագրեր։ Ամրացվել և ընդլայնվել են միջեկեղեցական հարաբերությունները։ Հայոց Եկեղեցին, այսօր կանգնած հաստատուն հիմքերի վրա, դեպի լույս և փրկություն է առաջնորդում իր հավատավոր հոտին։

Այս շրջանում Հայ Առաքելական Եկեղեցին առաջին անգամ սկսեց օգտագործել լատիներեն տառերը հայերեն հաղորդագրություններ տարածելու համար[10]։

Նվիրապետական կարգը (Հոգևոր աստիճանակարգ)

խմբագրել

Հայ Եկեղեցու կրտսեր աստիճանավորներ.

  • Դպիր՝ կրտսեր աստիճանավորներին (ընթերցող, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։
  • Սարկավագ՝ ընտրվում է դպիրներից։

Քահանայությունը Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության հիմնական կարգն է։ Հայ, ինչպես նաև Ուղղափառ եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ։

  • Քահանա (ամուսնացյալ), ով իր երկարամյա ծառայության շնորհիվ ստանում է Ավագ քահանայության կոչում։
  • Աբեղա (կուսակրոն քահանա), շնորհիվ իր մանկավարժական, գիտական գործունեության, ստանում է գիտական աստիճան՝ Վարդապետի, ապա Ծայրագույն Վարդապետի կոչում։

Եպիսկոպոսը Եկեղեցու Նվիրապետության ամենաբարձր կարգն է ներկայացնում։

  • Եպիսկոպոս, ով իր արգասաբեր ծառայության համար ստանում է Արքության պատիվ՝ կոչվելով Արքեպիսկոպոս։
  • Պատրիարք՝ նվիրապետական աթոռներից (կենտրոններից) մեկի առաջնորդն է։
  • Կաթողիկոս՝ Հայ Եկեղեցու գլուխն ու ղեկավարն է։ Հայ Եկեղեցում նա ավելի բարձր է կանգնած պատրիարքներից, արքեպիսկոպոսներից և եպիսկոպոսներից։ Նա սովորաբար ընտրվում է եպիսկոպոսներից և ընտրվելուց հետո համարվում է «Առաջինը հավասարների մեջ»։

Հայ Եկեղեցու Հավատամք

խմբագրել
  Հաւատամք ի մի Աստուած՝ ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի և երկրի, երևելեաց և աներևութից։ Եվ ի մի Տէր Յիսուս Քրիստոս՝ յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ Հօրէ՝ միածին, այսինքն՝ յէութիւնէ Հօր։ Աստուած յԱստուծոյ, լոյս ի լուսոյ, Աստուած ճշմարիտ յԱստուծոյ ճշմարտէ՝ ծնունդ և ոչ արարած։ Նոյն ինքն ի բնութենէ Հօր, որով ամենայն ինչ եղեւ յերկինս և ի վերայ երկրի, երևելիք և աներևոյթք։ Որ յաղագս մեր՝ մարդկան և վասն մերոյ փրկութեան իջեալ ի յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ՝ ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ կուսէն Հոգւովն Սրբով։ Որով էառ մարմին, հոգի և միտ, և զամենայն, որ ինչ է ի մարդ՝ ճշմարտապէս և ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, թաղեալ, յերրորդ ավուր յարուցեալ, ելեալ ի յերկինս նովին մարմնովն նստաւ ընդ աջմէ Հօր։ Գալոց է նովին մարմնովն և փառօք Հօր ի դատել զկենդանիս և զմեռեալս, որոյ թագաւորութեանն ոչ գոյ վախճան։ Հաւատամք և ի Սուրբ Հոգին յանեղն և ի կատարեալն. որ խօսեցաւ յօրէնս և ի մարգարէս և յաւետարանս։ Որ էջն ի Յորդանան, քարոզեաց զառաքեալսն և բնակեցաւ ի սուրբսն։ Հաւատամք և ի միմիայն յընդհանրական և յառաքելական Սուրբ Եկեղեցի, ի մկրտութիւն, յապաշխարութիւն, ի քաւութիւն և ի թողութիւն մեղաց, ի յարութիւնն մեռելոց, ի դատաստանն յաւիտենից հոգւոց և մարմնոց, յարքայութիւնն երկնից և ի կեանսն յաւիտենականս։
- Նիկիական Հանգանակ, 325 թ., Ժամագիրք
 

Հայ եկեղեցու դավանաբանության կարևորագույն աղբյուրներից են եկեղեցու սուրբ հայրերի՝ Դիոնիսիոս Արիոպագացու, Աթանաս Ալեքսանդրացու, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու դավանական երկերը, որոնց ավանդների հիման վրա զարգացել և ձևավորվել է հայ դավանական միտքը։ Կարևոր աղբյուր է նաև Տիմոթեոս Կուզի «Հակաճառութիւն...» երկը, որը զգալի ազդեցություն է թողել հայ դավանական մտքի ձևավորման վրա։ Նշանավոր են «Կնիք հավատո» և «Գիրք թղթոց» ժողովածուները։ Հայ եկեղեցու դավանական համակարգը վերջնականապես բյուրեղացել է Հովհաննես Գ Օձնեցու, Խոսրովիկ Թարգմանչի, Ստեփանոս Սյունեցու, Գրիգոր Նարեկացու, Անանիա Սանահնեցու, Պողոս Տարոնացու, Հովհաննես Սարկավագի, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Վարդան Արևելցու, Մխիթար Սասնեցու, Կիրակոս Երզնկացու, Ստեփանոս Օրբելյանի, Եսայի Նչեցու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու աշխատությունների շնորհիվ։ Հայ դավանական մտքի զարգացման պատմության մեջ առանձնահատուկ դեր է ունեցել 726 թվականի Մանազկերտի եկեղեցական ժողովը, որի ընդունած նզովքները ուղղափառ հավատքի սահմանումներ են ընդհակառակից։

Հայ եկեղեցում ծիսական կիրառություն ունի երեք Հանգանակ, որոնք հակիրճ ներկայացնում են հայ հավատքի կարևորագույն սկզբունքները։ Առաջինը կոչվում է Նիկիական, սակայն իրենից ներկայացնում է ՆիկիաԿ. Պոլսյան մի խմբագրություն։ Երկրորդը Գրիգոր Տաթևացու խմբագրած հավատքի խոստովանությունն է։ Երրորդը Մկրտության ծեսի մեջ գործածվող համառոտ տարբերակն է։ Դավանական աղերսներով լի են նաև Հայ եկեղեցու ծիսամատյանները՝ Շարակնոցը, Ժամագիրքը, Մաշտոցը և Խորհրդատետր-Պատարագամատույցը։ Հայ եկեղեցու դավանությունն ունի հետևյալ կառույցը.

  1. Աստված,
  2. Արարչագործություն,
  3. Փրկագործություն։

Վերջինս բաժանվում է երեք հիմնական մասերի.

  • քրիստոսաբանություն,
  • Սուրբ Հոգու տնօրինություն և եկեղեցի,
  • վախճանաբանություն։

Խորհուրդներ

խմբագրել

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ խորհուրդներն են՝ մկրտություն, դրոշմ, պսակ, ձեռնադրություն, հաղորդություն, ապաշխարություն և վերջին օծում կամ կարգ հիվանդաց[11]։

Սրանցից մկրտությունը, դրոշմը, հաղորդությունը, ապաշխարությունը պարտադիր են, իսկ պսակը, ձեռնադրությունը ցանկությամբ։ Կարգ հիվանդացը կատարվում է միայն հիվանդների համար։ Բոլորը բացի պսակից անկրկնելի են և կատարվում են կյանքում մեկ անգամ։

Ապաշխարհությունը մեղեքերին թողություն ստանալու խորհուրդն է[12]։ Դրոշմի խորհուրդը մկրտության խորհրդի կատարումն է, եզրափակումը։ Դրոշմը դրվում մյուռոնով[13]։

Ժամերգություններ

խմբագրել

Հայ Առաքելական Եկեղեցին ունի ինը Ժամերգություններ՝

  • Գիշերային
  • Առավոտյան
  • Արևագալի
  • Ճաշու երրորդ
  • Ճաշու վեցերորդ
  • Ճաշու իններորդ
  • Երեկոյան
  • Խաղաղական
  • Հանգստյան

Հայ Առաքելական Եկեղեցու թեմեր

խմբագրել

Հայաստանում և Արցախում

Այրարատյան հայրապետական թեմ

խմբագրել

Թեմի առաջնորդանիստը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Ներկայումս թեմի առաջնորդը Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը միաժամանակ Այրարատյան թեմի առաջնորդն է (ինչի համար էլ թեմը կոչվում է Արարատյան Հայրապետական թեմ

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին, երբ Հայ եկեղեցու նվիրապետական կառույցը ձևավորում էր Գրիգոր Ա Լուսավորիչը, հենց ինքն էլ եղել է առաջին թեմակալ առաջնորդը։ Ագաթանգեղոսի Պատմության հունական և արաբական խմբագրությունների համաձայն՝ սուրբը ինքը մշտական եպիսկոպոսարաններ կառուցեց Այրարատում՝ Վաղարշապատում, Արտաշատում և Դվինում, և հիշյալ քաղաքներն իր աթոռին ենթարկեց։ Թեմում ընդգրկված էին Արարատյան դաշտի Մասյացոտն, Մազազ, Ոստան գավառները, նաև՝ Կոտայք, Նիգ, Ծաղկոտն, Արագածոտն գավառների ու Շարուրի դաշտի տարածքները, որոնք կառավարում էին անմիջականորեն Հայոց կաթողիկոսին ենթակա Վաղարշապատ, Արտաշատ և Դվին քաղաքների եպիսկոպոսները։

449 թվականի Արտաշատի ժողովի ժամանակ կաթողիկոսի տեղապահ Հովսեփ եպիսկոպոսը (Հովսեփ Ա Հողոցմեցի) միաժամանակ հիշատակվում է որպես «եպիսկոպոս Այրարատոյ»։ Պահպանվել են թեմի շուրջ երկու տասնյակ նշանավոր վանքերի անուններ՝ իրենց առաջնորդների անուններով հանդերձ․ Աբրահամ՝ սրբո Կաթուղիկե վանից երեց (Սուրբ Էջմիածնի), Սամուել սրբո Հռիփսիմեի, Բաբյուլաս սրբո Հովհաննու վանաց, Խոսրով Օշականու, Հավիտյան Եղիվարդա, Դավիթ Երևանա, Իսմայել Գառնո, Հունանես Ավանի, Իսրայել Պտղավանից, Ջոջիկ Արամուսից, Հովհանիկ Արտավազդա Ապարանից, Աբաս, Որդյակ և Աբրահամ Փարպիո, Միքայել Աղցից, Գրիգորիս Արճո, Կոզմաս Ուրդա, Մահեն Մյուս Արճո, Հովհանիս Արծափաց, Սիմոն Դարունից, Սամոտ Բագարանի։ 607 թվականի այս ցուցակը հիշյալ վանքերից շատերի առաջին հիշատակությունն է պատմական տեքստերում։

Բագրատունյաց թագավորության շրջանում (9–11-րդ դարեր) Արարատյան Հայրապետական թեմի մասին հավաստի տվյալներ չկան, իսկ հայկական պետականության անկումից (1045) հետո և կաթողիկոսական աթոռի երկարատև դեգերումների շրջանում (1045-1441) Հայոց կաթողիկոսներն այլևս չեն կարողացել անձամբ կամ իրենց նշանակած փոխանորդների միջոցով մասնակցել երբեմնի ընդարձակ այդ թեմի կառավարման գործերին։

Ձեռագրերի հիշատակարանների համաձայն` 1390 թվականին Արարատյան թեմը միացվել է Բջնո թեմին, և այս երկուսը կառավարել է մեկ եպիսկոպոս։ Կես դար անց Արարատյան թեմը մեկ անգամ էլ է հիշատակվում՝ կապված կաթողիկոսական աթոռն Էջմիածնում վերահաստատելու իրադարձությունների հետ, և, ինչպես պարզվում է, նրա երեք վարդապետները՝ Կիրակոս Ռշտունեցին, Սարգիս Ձագավանեցին և Տիրացու Վանանդեցին, գործուն մասնակցություն են ունեցել 1441 թվականի ազգային եկեղեցական ժողովին։ Բացի Վաղարշապատի առաջնորդարանից ու Մայրավանքից` թեմի կյանքում շոշափելի դեր են խաղացել Հավուց թառի, Հովհաննավանքի, Բջնիի, Խոր վիրապի, Կողբի, Բագարանի վանքերն իրենց միաբանություններով։ Դարավերջից Արարատյան թեմ անվանումն անհետանում է պատմական վավերագրերից, և ժամանակ անց նույն տարածքում հիշատակվում է Երևանի թեմը։ Դա հետևանք էր 14-րդ դարի վերջից երկրամասում կազմավորված մուսուլմանական կիսանկախ իշխանությունների, որոնց մայրաքաղաքն է դառնում տարեցտարի բարգավաճող Երևանը։

Ըստ 18-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու և Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու (1763–1780) վկայությունների` 15-18-րդ դարերի Երևանը ձևավորվել է որպես նվիրական թեմ, իսկ նրա մեջ ընդգրկված բնակավայրերը սեփականության իրավունքով բաժանվել են մեծ ու փոքր վանքերի միջև։ Ըստ այդմ` Երևանի առաջնորդը միաժամանակ Հավուց թառի վանահայրն էր, որը նշանակվում էր քաղաքացիների ցանկությամբ և կաթողիկոսի հաստատմամբ։ 15-րդ դարից Հավուց թառի վանահայրեր են հիշվում Զաքարիա (1441), Հովհաննես (1465), Զաքարիա Բ (1487), Համազասպ և Զաքարիա Պահլավունիներ (1526–1577), Սահակ (1602), Համազասպ (1618), Մկրտիչ (1630-ական թթ․), Սիմեոն Ջուղայեցի (1640–1650-ական թթ․), Հովհաննես (1650–1660-ական թվականներ) և այլ եպիսկոպոսներ։

Հավուց թառն ամայացել է 18-րդ դարի 50-ական թվականներին, որից հետո Երևանը դարձել է Սուրբ Էջմիածնի տերունական թեմերից մեկը։ Երևանում Հայոց կաթողիկոսներն ունեին իրենց մշտական իջևանը՝ Ձորագյուղի անապատը։ Այստեղ կառուցվել են կաթողիկոսարան, կաթողիկոսական փոքր եկեղեցի՝ Սուրբ Գևորգ անունով, Սուրբ Հակոբ Հայրապետ և Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Էջմիածնից ուղարկված վարդապետները, հաստատվելով այստեղ, կառավարել են Մայր աթոռի երևանյան կալվածները՝ այգիներ, ջրաղացներ, կրպակներ և այլն։ Այս թեմին էր ենթարկվում նաև Տփղիսի հայ համայնքը։

 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Երևան)

18-րդ դարի կեսին, երբ վերջնականապես կարգավորվել են Հայ եկեղեցու թեմերի սահմանները, Երևանը հիշատակվում է կիսով նվիրական և կիսով տերունի թեմ, որի մեջ համախմբված էին Երևան քաղաքը և շրջակա բոլոր գյուղերը, Արաքսի աջ ափին գտնվող Բլուր ավանն ու շրջակա տարածքները։ Այս իրավիճակը հարատևել է մինչև 1836 թվականի Պոլոժենիեի ընդունումը։ 19-րդ դարի կեսին Ռուսական կայսրության սահմաններում ձևավորվել են Հայ եկեղեցու 6 ընդարձակ թեմեր կամ վիճակներ, որոնցից երրորդը Երևանի թեմն էր, որի իրական առաջնորդն էր Ամենայն հայոց կաթողիկոսը։ Թեմն ունեցել է 4 փոխանորդություն՝ Երևանի, Նախիջևանի, Շիրակի ու Տաթևի։ Կարսը Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց (1878) հետո՝ 1880-ական թվականներին, թեմի կազմում ավելացել է նաև հինգերորդ՝ Կարսի փոխանորդությունը, որն ընդգրկում էր ողջ Կարսի մարզը։

1900 թվականին Երևանի թեմում կային 643 եկեղեցի, 47 վանք, 788 քահանա, 585 004 ծխական համայնքի անդամներ, որոնցից 66 500-ը՝ քաղաքաբնակ, իսկ 518 504-ը՝ գյուղաբնակ։ Գործում էր 1837 թվականի սեպտեմբերի 2-ին բացված մեկ թեմական դպրոց՝ 460 աշակերտով և 20 ուսուցչով։

Խորհրդային իշխանության տարիներին Ամենայն հայոց կաթողիկոսության նվիրապետական կարգը ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Փակվել են թեմի տարածքում գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, բանտարկվել, աքսորվել կամ գնդակահարվել է հոգևորականների զգալի մասը։ Երևանում քանդվել են՝

1991 թվականին ձևավորվում է Գուգարքի թեմը, 1996 թվականի մայիսի 30-ին Գարեգին Ա-ի հայրապետական տնօրինությամբ թեմից անջատվել և առանձին միավոր են կազմել Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի թեմերը։

Արարատյան Հայրապետական թեմը ներկայումս ներառում է Երևան քաղաքը, Արարատի մարզը և Սևանի վանքը։ Թեմն ունի 17 գործող եկեղեցի և վանք, 8 մատուռ։

Արարատյան Հայրապետական թեմի տարածքում են գտնվում Դվինի կաթողիկոսարանի համալիրը, Խոր վիրապ (ենթարկվում է Մայր աթոռին), Սուրբ Հովհաննես Կարապետ, Հավուց թառ, Աղջոց վանքերը, Երևանում՝ Ավանի Սուրբ Հովհաննես (6-րդ դար), Քանաքեռի Ս․ Աստվածածին (17-րդ դար), Նորագավթի Ս․ Ծիրանավոր (18-րդ դար), Ս․ Սարգիս (19-րդ դար, վերակառուցված՝ 20-րդ դար) եկեղեցիները, Արարատի մարզում՝ Մրգավանի Ս․ Հակոբ, Արգավանդի Սուրբ Սարգիս, Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին, Արարատի Սուրբ Հակոբ, Դալարի Սուրբ Աստվածածին, Գեղարքունիքի մարզում՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Կարապետ եկեղեցիները։

Արարատյան Հայրապետական թեմի գործող եկեղեցիներն են՝ Երևանում՝ Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր, Սուրբ Կաթողիկե, Կոնդի Սուրբ Հովհաննես, Նորագավթի Սուրբ Գևորգ, Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին, Քանաքեռի Սուրբ Հակոբ, Մալաթիայի Սուրբ Աստվածածին, Եռաբլրի Սուրբ Վարդանանց, Շենգավիթի Սուրբ Խաչ մատուռը։

1999 թվականից Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցին գրանցված է Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցի անվանումով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանյայց առաքելական եկեղեցի
  2. Հայոց եկեղեցու պատմություն-6։
  3. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 541
  4. Եզնիկ Ծ. վարդապետ Պետրոսյան, Հայ Եկեղեցու Պատմություն, Ս. Էջմիածին, 1995, էջ 17
  5. Եզնիկ Ծ. վարդապետ Պետրոսյան, Հայ Եկեղեցու Պատմություն, Ս. Էջմիածին, 1995, էջ 21-22
  6. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 542-543
  7. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 543
  8. Եզնիկ Ծ. վարդապետ Պետրոսյան, Հայ Եկեղեցու Պատմություն, Ս. Էջմիածին, 1995, էջ 115
  9. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002, էջ 545
  10. Դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Մայր Աթոռի շնորհավորական հաղորդագրությունների վերաբերյալ
  11. «Հայ եկեղեցու յոթ խորհուրդները | ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ». shoghakat.am. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  12. «Ապաշխարություն, մաս 1-ին». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2016 թ․ փետրվարի 12. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  13. «Դրոշմ». ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ. 2015 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 153