Սևրի պայմանագիր
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն (Հարավսլավիա), Հեջազ (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա) միջև։ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։
Ըստ Սևրի պայմանագրի Թուրքիայի տարածքը | |
Ստորագրված է | 1920 թ. օգոստոսի 10-ին |
Ստորագրման վայր | Սևրում (Փարիզի մոտ) Ֆրանսիա |
Ստորագրող կողմեր | Մի կողմից Օսմանյան կայսրություն Մյուս կողմից Միացյալ Թագավորություն Ֆրանսիա Իտալիա Ճապոնիա Բելգիա Հունաստան Լեհաստան Պորտուգալիա Ռումինիա Հայաստանի Առաջին Հանրապետություն Չեխոսլովակիա Հարավսլավիայի թագավորություն (Հարավսլավիա) Հեջազ |
Պայմանագրի լեզուները | Ֆրանսերեն Անգլերեն Իտալերեն |
Հիմնական էություն
խմբագրելՍևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։
Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։
Առնչությունը Հայկական հարցի հետ
խմբագրելՍևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ²։ Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ² տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։
Սևրի ոդիսականը
խմբագրելՍևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի սառեցմանը (այն ուղղակի չի վավերացվել մինչև օրս)։ Հետագայում 1923 թ. կնքվեց Լոզանի պայմանագիրը(Լոզանի կոնֆերանս, 1922-23 թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավունքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, բայց ոչ Կիլիկիայի նկատմամբ։
Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)
խմբագրել1920-ի ամռան վերջին և աշնանը տեղի ունեցավ Ռուս-թուրքական համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի (1920)։ Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանները, բոլոր այն տարածքների թուրքական գրավումն ու վերատիրումը որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Դա տեղի ունեցավ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրմամբ։
Բայց Հայաստանի Արևմտյան դաշնակիցները չճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Չճանաչեցին հենց Լոզանի պայմանագրի ստորագրմամբ։
Ռուսաստանի օգնությամբ Թուրքիայի հաղթանակը Հայաստանի նկատմամբ լիակատար հաղթանակ չէ, քանի դեռ Արևմտյան դաշնակիցների կողմից չեն ճանաչվել հայ-թուրքական պարտադրված սահմանները։
Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։
Այսպիսով Սևրի պայմանագրի իրականացմանը Հայաստանի մասով խանգարեց Ռուսաստանը։
Լոզանի և Սևրի պայմանագրերի իրավական փոխհարաբերություններ
խմբագրելԿարծիք կա, ըստ որի Լոզանի պայմանագրի կնքումով Սևրի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել։ Դա թյուր կարծիք է, քանի որ պայմանագիրը չեղյալ է դառնում չեղյալ հայտարարելով։ Ընդ որում, պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել միմիայն նախորդ պայմանագրի մաս հանդիսացող բոլոր կողմերի համաձայնությամբ՝ դրա մասին հստակ հայտարարումով և այդ իրողության ամրագրումով հաջորդ պայմանագրի մեջ։ Լոզանի պայմանագիրը չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը։ Լոզանի պայմանագրի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին։ Ըստ միջազգային իրավունքի, պայմանագիրը կնքած երկրներն իրավասու են հաջորդ պայմանագրով վերատեսության ենթարկել նախորդ պայմանագրի դրույթները։ Սակայն փոփոխված կամ նորամուտ դրույթներն իրավական ուժ ունեն միայն նոր պայմանագիրը ստորագրած երկրների համար, իսկ մնացածների համար շարունակում են ուժի մեջ մնալ նախորդ պայմանագրի դրույթները։ Սա հստակորեն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիայի 39, 40 և 41-րդ հոդվածներում։ Սևրի պայմանագրի կողմեր են հանդիսացել 18 երկիր, իսկ Լոզանի պայմանագրի՝ ընդամենը 8-ը։ Այսինքն, Լոզանին չմասնակցած երկրների համար իրավական է Սևրի պայմանագիրը, իսկ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկրների համար իրավական են Սևրի պայմանագրի այն դրույթները, որոնք չեն փոփոխվել Լոզանի պայմանագրում։
Սևրի պայմանագիրը վավերացման գործընթացի թերի մնալու պատճառով ի սկզբանե չի մտել ուժի մեջ, այսուհանդերձ Լոզանը չեղյալ չի հայտարարել Սևրը. Լոզանը չէր կարող դա անել, քանի որ նշյալ պայմանագիրը և՛ իր բնույթով, և՛ ստորագրողների շրջանակով էապես տարբերվում է Սևրի պայմանագրից։ Այսինքն, ներկայումս Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի վավերական փաստաթուղթ է, որը բանակցվել և ստորագրվել է օրինական ընթացակարգի համաձայն, սակայն ուժի մեջ չի մտել (valid but not in force)։ Եթե Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները վավերացնեն այն, ապա այն օրինապես կմտնի ուժի մեջ։
Սևրի պայմանագրի անկատար լինելը (unperfected treaty), ինչպես միջազգային իրավունքում կոչվում են չվավերացված պայմանագրերը չի խաթարում ՀՀ իրավունքները, քանի որ Թուրքիայի պարտավորությունները ՀՀ նկատմամբ բխում են ոչ թե Սևրի պայմանագրից, այլ այդ պայմանագրից ածանցվող ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից (նոյեմբերի 22, 1920)։
Լոզանը ոչ միայն չեղյալ չի հայտարարել հայոց իրավունքները, այլև 16-րդ հոդվածով վերահաստատել է դրանք։ Լոզանի պայմանագիրն անդրադառնում է թուրք-բուլղարական, թուրք-հունական և թուրք-սիրիական սահմաններին, ըստ այդմ՝ հստակեցնում Թուրքիային պատկանող տարածքները միայն երկրի այդ հատվածներում։ Իսկ քանի որ Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը հայտարարում է, որ Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքներից, որոնց վրա Լոզանի պայմանագրով չի ճանաչվել Թուրքիայի ինքնիշխանությունը, իսկ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքների վրա Լոզանի պայմանագիրը չի ճանաչել թուրքական ինքնիշխանությունը, հետևաբար Թուրքիան մեկ անգամ ևս հաստատել է վիլսոնյան Հայաստանից իր հրաժարումը։
Իրավական տեսանկյունից Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր փաստաթղթեր են՝ տարբեր ոչ միայն մասնակիցների շրջանակով ու հարցերի ընդգրկումով, այլև, ամենակարևորը՝ էությամբ ու նպատակներով։ Սևրի պայմանագիրը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ Լոզանի պայմանագիրը՝ 1919-1922 թվականների տեղի ունեցած պատերազմական գործողություններին։
Սևրի պայմանագրի առաջնային նպատակը մի կողմից Գլխավոր դաշնակից ուժերի և Դաշնակից ուժերի, իսկ մյուս կողմից Թուրքիայի միջև Առաջին համաշխարհային պատերազմին պաշտոնապես վերջ տալն էր և նրա փոխարինումը կայուն, արդար ու տևական խաղաղությամբ, իսկ Լոզանի պայմանագրի նպատակն ընդամենը Բարձր պայմանավորվող կողմերի՝ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության, և ոչ թե՝ Թուրքիայի կառավարության, միջև սոսկ պատերազմական իրավիճակի դադարեցումն էր։
Լոզանի պայմանագիրը վերատեսության է ենթարկել 1919-1922 թվականների ռազմական գործողություններին ուղղակի կամ անուղղակի մասնակից մի շարք երկրներին առնչվող դրույթներ, որոնց անդրադարձել էր նաև Սևրի պայմանագիրը։ Միջազգային իրավունքը չի արգելում նոր պայմանագրի կնքումը նախկինում կնքված պայմանագրի դրույթների փոփոխմամբ կամ բազմակողմ պայմանագրի նորափոխումը (modification) պայմանագրին մաս կազմող 2 և ավելի կողմերի անունից։ Սակայն միանշանակ է, որ նոր պայմանագիրը, ինչպես ամեն մի պայմանագիր, կարող է վերաբերել միմիայն տվյալ պայմանագրին մաս կազմող կողմերին, իսկ պայմանագրի նորափոխումները կարող են վերաբերել միայն նորափոխումների մասնակիցներին և չեն կարող որևէ ազդեցություն ունենալ այլ երկրների իրավունքների և պարտավորությունների վրա։ Դեռևս 19-րդ դարի կեսերից միջազգային իրավունքը զարգացրել էր հստակ դիրքորոշում՝ պայմանագրի ոչ մի փոփոխություն կամ նորափոխում չի կարող լինել իրավականորեն վավերական առանց նախկին պայմանագրի բոլոր կողմերի մասնակցության։
Լոզանի պայմանագրից ոչ միայն ակնհայտ չէ, որ կողմերը մտադիր էին չեղյալ հայտարարել Սևրի պայմանագիրը, այլև Լոզանի պայմանագրում ընդհանրապես հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին։ Ավելի պարզ ասած՝ պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել ոչ այլ կերպ, եթե ոչ պայմանագիրը կնքած բոլոր կողմերի, դրա մասին միանշանակ հայտարարումով։ Միջազգային իրավունքի էական սկզբունքներից է, որ ոչ մի պետություն չի կարող ձերբազատվել պայմանագրի պարտավորություններից և ոչ էլ կարող է նորափոխել դրա պայմանները, քանի դեռ չունի մյուս պայմանավորվող բոլոր կողմերի հստակ համաձայնությունը։
Այսպիսով, Սևրի և Լոզանի պայմանագրերը իրավական երկու տարբեր փաստաթղթեր են։ Լոզանի պայմանագիրն իրավասու չէր և չեղյալ չի հայտարարել Սևրի պայմանագիրը։ Լոզանի պայմանագիրը, հիմնական օրենքի կարգավիճակով, ամրագրել է ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները։ Լոզանի պայմանագիրը վերահաստատել է Թուրքիայի հրաժարումը իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված տարածքների տիտղոսից և իրավունքից։
Գրականություն
խմբագրել- Ազատյան Հենրիկ «Բախտորոշ պայմանագրեր», 2002, 172 էջ։
- Ահարոնեան Ավետիս «Սարդարապատից մինչեւ Սեւր եւ Լօզան», Պոսթըն, 1943, 213 էջ, Գլէնտէյլ, 1993, 226 էջ, Երևան, 2001, 252 էջ։
- Գալոյան Գալուստ «Հայաստանը և Մեծ տերությունները 1917 – 1923 թթ.», 1999, 539 էջ։
- Եսայան Աղասի «Հայաստանի միջազգային – իրավական դրությունը», 1967, 431 էջ։
- Խատիսեան Ալեքսանդր «Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը», Աթէնք, 1930, 367 էջ, Պէյրութ, 1968, 487 էջ։
- Կարապետյան Հ. «Սևրի պայմանագիրը հայոց ճակատագրում», 2004, 128 էջ։
- Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ։
- Հայկական հարցը հաշտութեան կօնֆերանսի առաջ, Թիֆլիս, 1919, 32 էջ, Պոսթըն, 1919, 28 էջ։
- Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան (1918 թվականից մինչև մեր օրերը), գիրք I (1918–1945 թթ.), 2010, 800 էջ։
- Հարությունյան Ա. «Սևրի պայմանագիրը և հայ հասարակական – քաղաքական միտքը», 2004, 140 էջ։
- Հովհաննիսյան Ռիչարդ «Հայաստանի հանրապետություն», հատ. 2. (Վերսալից Լոնդոն 1919–1920 թթ.), 2014, 689 էջ։
- Ղազարյան Հայկ «Սևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը», 2012, 732 էջ։
- Ղազարյան Հայկ «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան – Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ», 2012, 732 էջ։
- Ղորղանեան Գ. «Հայաստանի հանրապետութիւնը եւ պետութիւնները Սեւրից Լօզան», Փարիզ, 1934։
- Յարութիւնեան Ա. «Սևրի դաշնագրի վերլուծումը», Պէյրութ, 1999։
- Նասիպեան Ագապի «Բրիտանիա և Հայկական հարցը 1915–1923 թթ.», Պէյրութ, 1994, 343 էջ։
- Պօղոսեան Սամուել «Պօղոս Նուբար փաշա։ Ազգային գործիչը», 2004, 264 էջ։
- Վրացեան Սիմոն «Բանակցութիւններ Ազգային պատուիրակութեան և Հայաստանի պատուիրակութեան միջև», Պոսթըն, 1920, 67 էջ։
- Վրացեան Սիմոն «Հայաստանի հանրապետութիւն», Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երևան, 1993, 704 էջ։
- Քառյան Սամսոն «Հայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը (1918–1923 թթ.)», 2005, 240 էջ։
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքակրթության փաստաթղթերում (1828-1923 թթ.)», Երևան, 1972 թ.
- Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 4, Երևան, 2003 թ.
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996 թ.
- «Սեւրի Դաշնագիրը եւ «Հայաստանի Հովանաւորութիւնը», Չէքիճեան Յարութ (19 Սեպտեմբեր 2016)։
- «Les pays occidentaux doivent tenir tête à l’impérialisme d’Erdogan», Le Figaro, 2020