Խարբերդ
Խարբերդ, քաղաք Արևմտյան Հայաստանում, պատմական Խարբերդի նահանգի Խարբերդի գավառում։ Գտնվում է Խարբերդի դաշտում, Արածանու ձախ ափին։ Այժմ գտնվում է Թուրքիայի Էլազըղի մարզում, Էլյազըղ (պատմական Մեզիրե) քաղաքի արվարձան է։
Քաղաք | ||
---|---|---|
Խարբերդ | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Էլազըղի մարզ | |
ԲԾՄ | 1270 մետր | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Անվանում
խմբագրել«Խարբերդ» տեղանունը նախապես ստուգաբանվել է որպես քար և բերդ բառերից կազմված անվան ձևափոխություն։ Մեկ այլ տեսության համաձայն՝ այն սերում է քաղաքի այժմյան տարածքում մ. թ. շուրջ երկու հազար տարի առաջ եղած Խար գյուղի անունից (խար, խարի, խարա՝ խուրրիերենում՝ ճանապարհ), որին ավելի ուշ ավելացվել է բերդ բառը։ Այսպիսով, Խարբերդ նշանակում է ճանապարհի բերդ կամ բերդի ճանապարհ։ Սա բացատրվում է դրանով, որ դեռևս վաղ ժամանակներից Խարբերդի շրջանի միջով է անցնում Արևելքն ու Արևմուտքը կապող ճանապարհներից մեկը։
Հետագայում Դարեհ I-ի ժամանակ (մ.թ.ա. 522-484) կառուցված Աքեմենյանների մայրաքաղաք Շոշը Միջերկրականին միացնող ուղին ևս անցնում էր Խարբերդի գավառով՝ պատմական Անձիտով։ Որպես ջրային ճանապարհ օգտագործվել է Արածանիի ստորին հոսանքը։ Մեր ժամանակներում էլ Խարբերդը պահպանում է ճանապարհների հանգույցի այդ դերը։ Մի այլ վարկածի համաձայն Խարբերդը եղել է որսորդության, հողագործության և լուսնի՝ խեթա-խուրրիական աստվածուհի Խատիին նվիրված մեհենական սրբավայր, որից և՝ անվանումը։
Հ․ Մանանդյանը Խարբերդի տեղում էր դնում հին Հայասա-Ազզի ցեղային միության գլխավոր ամրոց Ուրային, իսկ ոմանք էլ այն նույնացնում են հայկական Հոռեբերդին։ Ըստ որոշ հետազոտողների՝ Խարբերդը Ստրաբոնի հիշատակած Կարկաթիակերտն է, որը Ծոփաց թագավորության առաջին մայրաքաղաքն էր։ Ն․ Ադոնցը Խարբերդը կապում էր ասորեստանյան արձանագրություններում հիշատակվող Խարտա քաղաքի հետ։
Արաբական աղբյուրներում Խարբերդ կոչվում է Խարտբիրտ կամ Հիսն Զիադ («Զիադի բերդ»)։ Թուրքերը այն կոչում են Խարպութ։
Պատմություն
խմբագրելՊեղված հնագույն դամբարանները թվագրվում են մ.թ.ա. XX-XVIII դարերով, երբ այդտեղ բնակվել են խուրրիական ցեղերը։ Խարբերդի բերդը հիմնադրել են ուրարտացիները մ․թ․ա․ IX-VIII դդ։ 1070-ական թթ. Խարբերդում բյուզանդական կայազորի հրամանատարն էր հայազգի զորավար Փիլարտոս Վարաժնունին։ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների պարտությունից հետո (1071) նա, միավորվելով Կապադովկիայի, Կիլիկիայի, Հյուսիսային Սիրիայի և Միջագետքի հայկական իշխանությունները մի պետության մեջ, Խարբերդը դարձրեց մայրաքաղաք։
X-XIII դդ քաղաքը հայտնի էր իր ամուր բերդով։ 1185 թ․-ին Խարբերդը անցավ Որդոքյաններին։ 1236 թվականին գրավեցին մոնղոլները։ Դրանից հետո Խարբերդը հաճախ է ձեռքից ձեռք անցել. այն տիրել են Լենկթեմուրը, կարակոյունլոիները, ակ-կոյունլունները։ 1507 թվականին Խարբերդ ներխուժեց պարսից շահ Իսմայիլի զորքը, որը կողոպտեց ու ավերեց քաղաքը։ 1515 թվականին Խարբերդին տիրեց օսմանյան սուլթան Սելիմ I-ը։ Թուրքական տիրապետության շրջանում ավելի սաստկացավ բնիկների՝ հայերի կեղեքումը։ Վիճակը հատկապես ծանրացավ XVI դ վերջին, երբ իշխող վերնախավի կամայականությունների, ենիչերինների բռնությունների և կրոնական հալածանքների հետևանքներով ծայրահեղորեն քայքայվեցին արտադրողական ուժերը, մոլեգնեց ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող սովը, որի զոհ դարձան շատ խարբերդցիներ։ Ապրուստի միջոց որոնելով՝ նրա բնակչության զգալի մասը շարժվեց դեպի կայսրության արևմտյան սահմանները։
1617 թվականին Խարբերդը հիմնահատակ կործանեց և բնակիչներին սրի քաշեց Չոփան օղլի բեկը։ XVIII դարում Խարբերդը և շրջակայքը մտնում էին Սեբաստիայի վիլայեթի մեջ։ Այդ ժամանակ Խարբերդը նորից դարձավ մարդաշատ քաղաք՝ հիմնականում շրջակա գավառների հայերի հաշվին։ 1800 թ․-ին այնտեղ բնակվում էր 8000, 1850 թ․-ին՝ 6000 ընտանիք։ Թուրքիայի 1834 թ․-ի վարչական բաժանմամբ Խարբերդը մտավ Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ 1878-ին կազմվեց Խարբերդի վիլայեթը, որի վարչական կենտրոնը Մեզիրեն էր։
XX դարի սկզբին Խարբերդի թաղերին էին. հարավ-արևելքում երկու ձորի մեջ տարածված Սինամուտը, որից վեր հաջորդաբար բարձրանում էին ասորիների Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ թաղերը։ Տարածքի արևմտյան բարձունքները զբաղեցնում էր Վերի թաղը, որը անվանվում էր նաև Ս. Հակոբի կամ Միսիոներների թաղ, որովհետև այնտեղ էին գտնվում Ս. Հակոբի եկեղեցին և Եփրատ կոլեջը։ Քաղաքը կառուցապատված էր մեկ-երկհարկանի տներով։ Խարբերդի պատմական հնագույն հուշարձանը և ճարտարապետական խոշորագույն կառույցը բերդն էր, որը կառուցված էր լեռան բարձունքին և զբաղեցնում էր ավելի քան 5 հա տարածություն։ Այն հիմնադրվել է ուրարտացիների օրոք, ապա վերակառուցվել մ․թ․ա․ II դարում՝ Արտաշեսյանների ժամանակ։ Գլխավոր պարիսպը կառուցապատված էր մինչև 1.5 մ լայնությամբ և 2 մ բարձրության քարե զանգվածներով։ Բերդը ունեցել է տարբեր նշանակության բազմաթիվ սենյակներ, իսկ ստորերկրյա ճանապարհը հասել է մինչև մերձակա Քեորբե, Հյուսեյնիկ և Մեզիրե գյուղերը։ XIX դարի վերջին, XX դարի սկզբին թուրք բարբարոսները հիմնահատակ արեցին Խարբերդի բերդը՝ քարերն օգտագործելով Մեզիրեում կառավարական շենքեր կառուցելու համար։
Խարբերդի բնակչությունը զբաղվում էր արհեստներով, երկրագործությամբ, առևտրով։ Հայերը հռչակված էին որպես հմուտ դերձակներ, կոշկակարներ, դարբիններ, թիթեղագործներ, հյուսներ, կտավագործներ, ոսկերիչներ, կաշեգործներ, զինագործներ։ XIX դարի վերջին նրանք առևտրական կապեր ունեին Հալեպի, Կ.Պոլսի, Տիգրանակերտի, Այնթապի, Սեբաստիայի, Մալաթիայի, Սամսունի, Թոխաթի, Վանի, Ադանայի, Արաբկիրի, Բալուի, Բիթլիսի և այլ շատ վայրերի հետ։ Վանի Գափամաջյան առևտրական ընկերությունը մասնաճյուղ ուներ Խարբերդում։ Քաղաքում կար շուրջ 100 խանութ։
1880-1890-ին Խարբերդի հայ վաճառականները հայտնվեցին նաև արտասահմանյան շուկայում՝ Ռուսաստանում, Պարսկաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, նույնիսկ Ամերիկայում։ Արտահանում էին բամբակ, բուրդ, կաշի, ցորեն, գարի, մետաքս, գինի, օղի, գորգեր, չորացված պտուղներ։ Տեղական հումքի հիման վրա ստեղծվեցին խոշոր ձեռնարկություններ։
Խարբերդը եղել է հայ մշակույթի նշանավոր կենտրոն։ Դեռևս 1160 թվականի մի ձեռագրում նշվում է, որ այն գրված է «ի մայրաքաղաքին Խարբերդ»։ Ազգային-մշակութային կյանքում Խարբերդի դերը բարձրացավ XIX դարում, և պատահական չէ, որ 1880-ական թթ․ այն հիշատակվում է որպես «գավառի Աթենք»։ Համազգային հռչակ էր վայելում Աստվածաբանական ճեմարանը, որ գործել է 1859-1915 թթ․-ին։ Այստեղ դասավանդում էին հայերեն, գրաբար և աշխարհաբար քերականություն, հայոց պատմություն, աստվածաբանություն, մարդակազմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն։ Ավելի քան 600 շրջանավարտ է տվել Եփրատ կոլեջը։ 1865 թ․-ին կազմակերպվեց կրթական և մշակութային «Սմբատյան ընկերություն»-ը, որը բացեց երկսեռ վարժառան։ 1880-ական թթ Խարբերդում բեմադրվեց առաջին ներկայացումը՝ «Քաջն Վարդան»-ը։ 1889-ին հայերն այնտեղ հիմնադրվեցին տպագրական գործը, 1909 թ․-ին հրատարակվեց «Եփրատ» թերթը։ Կանանց շրջանում իր գործունեությունը ծավալեց «Արաքս» ընկերությունը։
Տնտեսական և մշակութային վերելքին զուգընթաց 1880-ական թվականներին արագորեն աճում էր Խարբերդի բնակչությունը, որի մեծ մասը հայեր էին։ Բնակվում էին նաև թուրքեր, ասորիներ, քրդեր։ Այդ ժամանակից էլ ծայր առավ խարբերդցիների արտագաղթը՝ նախապես դեպի Կանադա, ապա՝ ԱՄՆ։ Արտագաղթը ուժեղացավ հատկապես 1895-1896՝ համիդյան ջարդերի ժամանակ։ 1914 թվականին Խարբերդը ուներ 18-20 հազար բնակիչ, որից մոտ 10 000 հայ։ 1915 թ․-ի հուլիսին սկսվեց հայերի զանգվածային բնաջնջումը։ 2500 և 3000 մարդուց բաղկացած 2 քարավանով, Խարբերդ-Մեզիրե-Տիգրանակերտ-Ռաս էլ Այն ճանապարհով, բռնագաղթեցվեցին դեպի Դեյր էզ-Զոր և ոչնչացվեցին անապատներում։
Ցեղասպանությունից փրկվածները հաստատվեցին տարբեր երկրներում։ Փրկվածների մի մասը հաստատվեց Խորհրդային Հայաստանում։ 1929 թվականին՝ Համախարբերդցիական միության օգնությամբ հիմնադրվեց Նոր Խարբերդ, որի նախնական բնակիչները խարբերդցիներ էին։
Թուրքիայի Հանրապետությունում
խմբագրել1930-1940-ական թվականներին Խարբերդի տեղում լքված ավերակներ էին։ Իշխանություններն առաջնահերթություն էր տալիս մոտակա Էլյազըղի (նախկին Մեզիրե) զարգացմանը։ Սկսած 1950-ականներից հին քաղաքի որոշ հատվածներ վերանորոգվել են։ Որոշ պատմական հուշարձաններ վերականգնվել են, քաղաքապետարանի նոր շենք է կառուցվել և բացվել է թանգարան։ Հին Խարբերդը դարձավ ընդարձակվող Էլյազըղի փոքր մի արվարձան։ Ստեղծվեցին զբոսաշրջության և հանգստի համար հարմարություններ։ 1960-70-ական թվականներին Խարբերդի ավերված հայկական թաղամասերը հողին են հավասարեցվել։ Խարբերդում այսօր կանգուն միակ եկեղեցին ասորական Սուրբ Մարիամ եկեղեցին է, որը վերանորոգվել է 2000-ականների սկզբին։
Խարբերդ քաղաքի մերձակայքում գտնվում է Գուզովա դաշտ[1]։
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարբերդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 37)։ |
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ 972 — 992 էջ։