Հայկական միություն, ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցված հայկական առաջին կազմակերպությունը։ Հիմնվել է 1886 թվականին, Նյու Յորքում։ Նպատակն էր «ամերիկաբնակ հայոց մէջ միութեան կապ հաստատել, ազգային զգացումներ մշակել և ազգօգուտ ձեռնարկներ ընել»։ Միության գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում ապաստանած հայ գաղթականները հնարավորություն են ստացել միմյանց հետ ծանոթանալու և մայրենի լեզվով խոսելու (թրքախոս շատ հայեր, միության ժողովներին հաճախելով, սկսել են հայերեն խոսել, հայոց պատմությանը վերաբերող գրքեր կարդալ)։ Սահմանված էր միության անդամների երեք կարգավիճակ՝ գործուն, ցկեանս և պատվո։ 1888 թվականից միությունն առաջնորդվել է Ընդհանուր և Ներքին կանոնագրերով։ Ունեցել է ընթերցատուն, վարժարան (շուրջ 55 հայ երկսեռ աշակերտների ուսուցանվել են ընթերցանություն, ուղղագրություն, արտասանություն, գրավարժություն, քերականություն, հայոց պատմություն), գիշերային դպրոց։ Միությունը ստեղծել էր «Կարոտելոց սնդուկ»՝ դժբախտության մեջ հայտնված, հիվանդ ու կարիքավոր ամերիկահայերին օգնելու նպատակով։ Իր հովանավորության տակ էր վերցրել նաև հայրենիքում գտնվող երկու դպրոց։ Միությունը կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ում աստիճանաբար ստվարացող հայությանը ձուլման վտանգից զերծ պահելու, նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանելու գործում։

Հայկական միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1886
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։