Ալան Հովհաննես

կոմպոզիտոր

Ալան Հովհաննես (իսկական անունը՝ Ալան Հարությունի Չաքմաքչյան, մարտի 8, 1911(1911-03-08)[1][2][3][…], Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] - հունիսի 21, 2000(2000-06-21)[1][2][6][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկահայ կոմպոզիտոր։ Համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ։

Ալան Հովհաննես
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱլան Հարությունի Չաքմաքչյան
Նաև հայտնի է որպեսԱլան Հովհաննես
Ծնվել էմարտի 8, 1911(1911-03-08)[1][2][3][…]
Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունիսի 21, 2000(2000-06-21)[1][2][6][…] (89 տարեկան)
Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[4]
ԺանրերԴասական երաժշտություն
ՄասնագիտությունԿոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր, Սիտար և veena?
ԱշխատավայրBoston Conservatory at Berklee?, Հայ Առաքելական Եկեղեցի, Ամերիկայի ձայն և Իսթմանի երաժշտական դպրոց
ԿրթությունՆոր Անգլիայի կոնսերվատորիա[5], Թաֆթսի համալսարան և Arlington High School?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Կայքhovhaness.com
 Alan Hovhaness Վիքիպահեստում

«Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է... Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում», – գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը։ Մամուլը Հովհաննեսի երաժշտությանը հետևյալ գնահատականներն է տվել. «Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթևացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի և գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը»։ Ամերիկայում նրան անվանում են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում և Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»[8]։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1911 թվականի, մարտի 8-ին, Բոստոնի Սոմերվիլ արվարձանում (Մասաչուսեթս, ԱՄՆ)։ Հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը՝ Ադանայից էր, Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո։ Նա բազմաթիվ գրքերի, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակն է, Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը։ Մայրը ծագումով շոտլանդացի էր։

Հովհաննեսը ստացել է ամերիկյան խիստ դաստիարակություն։ Մոր կամքով որդին հրաժարվել է հայկական ազգանունունից և հանրությանը հայտնի դարձել Ալան Սքոթ Վանես անվամբ։ Նրան փոքր հասակից հետաքրքրել է նկարչությունը, գրականությունը, աստղագիտությունը և երաժշտությունը[9]։ Մանուկ Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները ծնվել են չորս տարեկանում։ 14 տարեկանում, չնայած ծնողների լուրջ դիմադրությանը, գրել է առաջին օպերաները։ «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ, և եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս։ Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա ծնողներիցս թաքցնում ձեռագրերը»։ Գիշերներն ստեղծագործելու սովորույթն ուղեկցում է Հովհաննեսին ողջ կյանքի ընթացքում։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Հովհաննեսը երկու տարի սովորել է Թաֆթս համալսարանում[9]։ Ա. Հովհաննեսը սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում, զուգընթաց ստեղծել։

Այս ամենով հանդերձ, Հովհաննեսն անվերջ ինքնաճանաչման պրպտումների մեջ էր։ Ինքնահաստատվեց, երբ որպես երգեհոնահար, սկսեց ծառայել Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում։ Չնայած բացառիկ տաղանդին և մեկը մյուսի ետևից շնորհվող մրցանակներին, Հովհաննեսն Ամերիկայում շարունակում է ընկալվել օտար և վտարանդի։ Շատ հաճախ, հանուն հանապազօրյա հացի, նվագել է ռեստորաններում ու հյուրանոցներում, նվագակցել երաժիշտների ու երգիչների։ Բոստոնում հանդիպած միստիկ նկարիչ, ազգությամբ հույն Հերմոն դի Ջիովաննին, որին հետագայում նա համարում է իր «հոգևոր ուսուցիչը», խորհուրդ է տալիս Հովհաննեսին՝ փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգևոր ժառանգությունը և ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան։ Ցավոք, ներշնչված այդ գաղափարներով, մի օր նա այրում է մինչ այդ գրած իր 100-ավոր ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 օպերաներ, 7 սիմֆոնիաներ։ Միայն 50 տարի անց, մեկնաբանելով իր խելացնոր արարքը, Հովհաննեսը ժպիտով «արդարանում» է. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան և պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից»։

1940-ականներին Հովհաննեսի կյանքում սկսվում է հայկական շրջանը։ Հիմնում է նվագախումբ, ղեկավարում այն, նվագում իր հայկական ստեղծագործությունները։ 1950- ական թթ. նա ԱՄՆ-ում արդեն մեծ հռչակ ուներ որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար, և հանրահայտ երաժիշտների կողմից պարբերաբար ստանում էր մեծաքանակ պատվերներ։ Նրան շնորհվում են ակադեմիական բարձր տիտղոսներ և տարբեր հեղինակավոր հաստատությունների կողմից՝ Պատվավոր դոկտորի կոչումներ։

1960-70 թթ. վերածվում են Ալան Հովհաննեսի ստեղծագործությունների ձայնագրությունների և տարածման փառահեղ հաղթարշավի։ Նա հռչակվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր։ 1977 թթ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրում է պատվավոր անդամ։

70-80 տարեկանում Ա. Հովհաննեսը գրել է շուրջ 80 ստեղծագործություն, այդ թվում՝ 20 սիմֆոնիա։ 85 տարեկանում նա դեռ ստեղծագործում էր։ Մահացել է 2000 թ. հունիսի 21-ին Սիեթլում, ծանր հիվանդությունից։

Կապը Հայաստանի հետ

խմբագրել
 
Ալան Հովհաննեսի հուշաքարը Արլինգտոնի Ուաթերմոր զբոսայգում

Ալան Հովհաննեսը Հայաստան է այցելել 1965 թվականին[10]։ Ալան Հովհաննեսը հայրենիքում երկար չմնաց. ծանոթացավ գործընկերներին, նվիրեց իր ստեղծագործությունները գրականության և արվեստի թանգարանին ու հեռացավ։ Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ բան կա։ Երբ Խորհրդային Միությունը տապալվեց, և սկսվեց Արցախյան ազատամարտը, Հովհաննեսն արդեն ծեր էր ու, չնայած ցանկությանը, չէր կարող գալ նորանկախ Հայաստան։ Նա հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ գտավ. գրեց «Արցախ» սիմֆոնիան՝ նվիրված Արցախյան ազատամարտի քաջերին։

1991 թ. երբ Ամերիկահայոց արևելյան թեմի ազգային առաջնորդարանը և Ամերիկայի կոմպոզիտորների նվագախումբը համատեղ, Կարնեգի Հոլում մեծ շուքով նշում են Ալան Հովհաննեսի ծննդյան 80-ամյակը, գալա համերգին 80-ամյա Մաեստրոն ղեկավարում է իր նոր՝ «Արցախ» սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան...

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.otherminds.org/alan-hovhaness-centennial/
  5. 5,0 5,1 5,2 5,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  6. 6,0 6,1 6,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  7. https://artsandletters.org/awards/
  8. ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ-95(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 Աշխարհի հայ երաժիշտները. Երևան: Անտարես. 2014. էջ 20.
  10. Հայկական կարմիր․ 1965, Mediamax

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 556  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Հովհաննես» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Հովհաննես» հոդվածին։