Հյուսիսային Ամերիկա

մայրցամաք

Հյուսիսային Ամերիկա, երկրագնդի վեց մայրցամաքներից մեկը, որը գտնվում է Հյուսիսային և գրեթե ամբողջությամբ Արևմտյան կիսագնդերում։ Կարելի է սահմանել նաև որպես Ամերիկա աշխարհամասի կամ մեկ միասնական մայրցամաքի հյուսիսային ենթամայրցամաքը։ Հյուսիսում նրա ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի, հարավում և արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի, իսկ հարավ-արևելքում սահմանակից է Հարավային Ամերիկային և Կարիբյան ծովին։ Չնայած գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա՝ աշխարհագրորեն Գրենլանդիա կղզին ներառված է Հյուսիսային Ամերիկայի կազմում։Հյուսիսային Ամերիկայի տարածքը կազմում է մոտ 24 709 000 կմ² կամ Երկրագնդի ցամաքային տարածքի մոտ 16,5%-ը և ընդհանուր տարածքի՝ մոտ 4,8%-ը։ Իր տարածքով Հյուսիսային Ամերիկան մեծությամբ երրորդ մայրցամաքն է և զիջում է միայն Եվրասիային և Աֆրիկային։ Բնակչության թվաքանակով ևս երրորդն է՝ դարձյալ զիջելով Եվրասիային և Աֆրիկային։ 2021 թվականի դրությամբ՝ մայրցամաքի բնակչությունը կազմում էր ավելի քան 592 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 7,46%-ը։Առաջին մարդիկ Հյուսիսային Ամերիկա են հասել վերջին սառցե դարաշրջանի ընթացքում՝ մոտ 40 000-17 000 հազար տարի առաջ՝ հատելով Բերինգիան կամ Բերինգի ցամաքային կամուրջը։ Այսպես կոչված պալեոհնդկական ժամանակաշրջանն ավարտվեց մոտ 10 000 տարի առաջ (արխայիկ կամ մեզոհնդկական ժամանակաշրջանի սկիզբը)։ Դասական դարաշրջանն ընդգրկում է մոտ 6-13-րդ դարերը։ Առաջին եվրոպացիները, որոնք այցելել են Հյուսիսային Ամերիկա (բացի Գրենլանդիայից), վիկինգներն էին, որոնք ամերիկյան ափերին իջել են մեր թվարկության մոտ 1000 թվականին։ 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի ժամանումով սկսվեց միջատլանտյան փոխանակումը, որը նպաստեց Աշխարհագրական մեծ հայտնագործությունների և Վաղ-նոր ժամանակների շրջանում եվրոպացի գաղութարարների ներհոսքին։ Հյուսիսային Ամերիկայի ժամանակակից մշակութային և ազգային մոդելներն արտացոլում են եվրոպացի գաղութարարների, բնիկ ժողովուրդների, աֆրիկյան ստրուկների, Եվրոպայից, Ասիայից ներգաղթյալների և այս խմբերի ժառանգների փոխգործակցությունը։Եվրոպացիների կողմից Ամերիկա աշխարհամասի գաղութացման պատճառով Հյուսիսային Ամերիկայի բնակիչների մեծ մասը խոսում է եվրոպական լեզուներով, այդ թվում՝ անգլերենով, իսպաներենով և ֆրանսերենով, իսկ նրանց մշակույթները հիմնականում արտացոլում են արևմտյան ավանդույթներն ու սովորույթները։ Այդուհանդերձ, Կանադայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի որոշ հատվածներում բնիկ ժողովուրդները շարունակում են ապրել իրենց մշակութային ավանդույթներով և կիրառում են իրենց լեզուները։

Սահմաններ խմբագրել

Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ընդունում է, որ Հյուսիսային Ամերիկան բաժանված է երեք մասի՝ Հյուսիսային Ամերիկա տարածաշրջան (ի նկատի ունի Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային հատվածը), Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան։ Սա պաշտոնապես ամրագրված է ՄԱԿ-ի վիճակագրության բաժնի կողմից[1][2][3]։Հյուսիսային Ամերիկա տարածաշրջանը, որպես տերմին, տարբերվում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից՝ իր կազմում չներառելով Կենտրոնական Ամերիկան։ Վերջինս էլ իր հերթին կարող է ներառել կամ չներառել Մեքսիկան։ Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու նեղ համատեքստում տերմինը տարածվում է Կանադայի, Միացյալ Նահանգների և Մեքսիկայի վրա, որոնք այդ պայմանագիրն ստորագրած երեք կողմերն են։Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ռումինիան, Հունաստանը և Լատինական Ամերիկայի երկրները կիրառում են «վեց մայրցամաքների մոդելը», որտեղ Ամերիկա աշխարհամասը դիտարկվում է որպես մեկ մայրցամաք, իսկ Հյուսիսային Ամերիկան բնորոշվում որպես ենթամայրցամաք, որն իր մեջ ներառում է Կանադան, ԱՄՆ-ն, Մեքսիկան, Սեն Պիեռ և Միքելոնը (քաղաքականապես Ֆրանսիայի մի մասը), հաճախ նաև Գրենլանդիան և Բերմուդյան կղզիները։Հյուսիսային Ամերիկան պատմականորեն տարբեր անուններով է կոչվել։ Իսպանական Հյուսիսային Ամերիկան (Նոր Իսպանիա) հաճախ անվանում էին Ամերիկայի հյուսիսային հատված, և դա նաև Մեքսիկային տրված առաջին պաշտոնական անվանումն էր։

Տարածաշրջաններ խմբագրել

Աշխարհագրորեն, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքն ունի բազմաթիվ տարածաշրջաններ և ենթատարածաշրջաններ։ Դրանք ներառում են մշակութային, տնտեսական և աշխարհագրական տարածաշրջանները։ Տնտեսական տարածաշրջանները ներառում են տարածաշրջանային առևտրային գոտիների ընդգրկած տարածքները, ինչպես օրինակ Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտին և Կենտրոնաամերիկյան առևտրային համաձայնագիրը։ Լեզվաբանական և մշակութային տեսանկյուններից, մայրցամաքը կարելի է բաժանել անգլո-ամերիկյանի և Լատինական Ամերիկայի։ Անգլո-Ամերիկան ներառում է մայրցամաքի մեծ մասը, Բելիզը և Կարիբյան կղզիների անգլախոս բնակչությունը՝ չնայած Անգլո-Ամերիկայի մաս կազմող Լուիզիանան և Քվեբեկն ունեն ֆրանսախոս մեծ բնակչություն, իսկ Քվեբեկում միակ պաշտոնական լեզուն ֆրանսերենն է[4]։Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հարավային հատվածը բաժանված է երկու տարածաշրջանի` Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի։ Մայրցամաքի հյուսիսում ևս պահպանվել են ճանաչված տարածաշրջաններ։ Ի տարբերություն Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի ընդհանուր սահմանման, որն ընդգրկում է ողջ մայրցամաքը՝ «Հյուսիսային Ամերիկա» եզրույթը երբեմն կիրառվում է՝ բնորոշելու միայն Մեքսիկան, Կանադան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Գրենլանդիան։«Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատված» եզրույթը վերաբերում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային երկրներին և տարածքներին՝ Միացյալ Նահանգներին, Բերմուդյան կղզիներին, Սեն Պիեռ և Միքելոնին, Կանադային և Գրենլանդիային։ Չնայած եզրույթը չի վերաբերվում միասնական տարածաշրջանի՝ Միջին Ամերիկան (չշփոթել Միջին Արևմուտքի հետ) ներառում է Մեքսիկան, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը։Հյուսիսային Ամերիկայի տարածքով ամենամեծ երկրները Կանադան և Միացյալ Նահանգներն են, որոնք ունեն հստակ սահմանված և ճանաչված տարածաշրջաններ։ Կանադայի պարագայում այդ տարածաշրջանների թվում են (արևելքից արևմուտք) Ատլանտյան Կանադան, Կենտրոնական Կանադան, Կանադական պրերիաները, Բրիտանական Կոլումբիական ափը և Հյուսիսային Կանադան։ Այս տարածաշրջաններն ունեն նաև իրենց ենթատարածաշրջանները։ Միացյալ Նահանգների պարագայում և համաձայն ԱՄՆ մարդահամարի բյուրոյի սահմանումների՝ տարածաշրջաններն են Նոր Անգլիան, Միջինատլանտյան նահանգները, Հարավատլանտյան նահանգները, Արևելահյուսիսկենտրոնական նահանգները, Արևմտահյուսիսկենտրոնական նահանգները, Արևելահարավկենտրոնական նահանգները, Արևմտահարավկենտրոնական նահանգները, Լեռնային նահանգները և ԱՄՆ արևմտյան ափը։ Բացի այդ, Մեծ լճերի տարածաշրջանն ընկած է Կանադայի և ԱՄՆ-ի տարածքներում։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան ափի և Մեծ լճերի պարագայում մեգապոլիսները ձևավորվել են Կանադայի և ԱՄՆ-ի միջև։

Աշխարհագրություն խմբագրել

Հյուսիսային Ամերիկան զբաղեցնում է «Նոր աշխարհ» անունը կրող ցամաքային տարածքի հյուսիսային հատվածը։ Այն գտնվում է Արևմտյան կիսագնդում, Ամերիկա աշխարհամասի վրա (որոշ երկրներում Ամերիկա աշխարհամասը դիտարկվում է որպես առանձին մայրցամաք[5][6][7], որտեղ Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան առանձին ենթամայրցամաքներ են[8][9][10])։ Հյուսիսային Ամերիկան տարածքով երրորդ ամենամեծ մայրցամաքն է և զիջում է միայն Եվրասիային և Աֆրիկային[11][12]։ Հյուսիսային Ամերիկան ցամաքային ճանապարհով Հարավային Ամերիկայի հետ կապված է Պանամայի պարանոցով, որը հաճախ անվանում են նաև Դարիենի պարանոց։ Աշխարհագրագետների մեծ մասը կարծում է, որ հարավ-արևելքից մայրցամաքը սահմանափակված է Դարիենի ջրբաժանով, որը ձգվում է Կոլումբիայի և Պանամայի սահմանի երկայնքով, ինչի արդյունքում Պանամայի գրեթե ողջ տարածքը հայտնվել է Հյուսիսային Ամերիկայում[13][14][15]։ Ի հակադրումն սրա, որոշ երկրաբաններ ֆիզիկական առումով Հյուսիսային Ամերիկայի հարավային սահմանագիծ են համարում Մեքսիկայում գտնվող Տեուանտեպեկի պարանոցը։ Ըստ նրանց՝ այս կետից սկսվում է Կենտրոնական Ամերիկան, որը, ձգվելով դեպի հարավ-արևելք, հասնում է մինչև Հարավային Ամերիկա[16]։ Կարիբյան կղզիները կամ Վեստ Ինդիան մտնում են Հյուսիսային Ամերիկայի կազմի մեջ[9]։ Մայրցամաքի ափագիծը երկար է և անկանոն։ Մեքսիկական ծոցը մայրցամաքի կտրտված ափագծով ամենամեծ ջրային տարածքն է, իսկ երկրորդը՝ Հուդզոնի ծոցն է։ Դրանց հաջորդում են Սուրբ Լավրենտիոս ծոցը և Կալիֆոռնիայի ծոցը։Մինչ Կենտրոնաամերիկյան պարանոցի ձևավորումը, տարածաշրջանը եղել է ջրի տակ։ Վեստ Ինդիայի կղզիներն ուրվագծում են ջրասույզ եղած նախկին ցամաքային կամուրջը, որն իրար էր կապում Հյուսիսային և Հարավային Ամերիկաները՝ Ֆլորիդայի և Վենեսուելայի ներկայիս տարածքներով։Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոնի (Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’), հարավում՝ Մարյատոյի (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի (Լաբրադոր թերակղզում, 55°40’) հրվանդանները։Մայրցամաքի ափերին մոտ կան բազմաթիվ կղզիներ, որոնց թվում են Կանադական Արկտիկական կղզեխումբը, Բահամյան կղզիները, Թերքս և Քայքոս կղզիները, Մեծ Անտիլյան և Փոքր Անտիլյան կղզիները, Ալեուտյան կղզիները, (որոնց մի մասը գտնվում են Արևելյան կիսագնդում), Ալեքսանդրի կղզեխումբը, Բրիտանական Կոլումբիական ափի հազարավոր կղզիներն ու Նյուֆաունդլենդը։ Գրենլանդիան, որն ինքնիշխան դանիական տարածք է և աշխարհի ամենամեծ կղզին, գտնվում է միևնույն տեկտոնական սալի վրա, ինչ Հյուսիսային Ամերիկան և աշխարհագրորեն հանդիսանում նրա բաղկացուցիչ մասը։ Երկրաբանական տեսանկյունից, Բերմուդյան կղզիներն Ամերիկա աշխարհամասի կազմում չէ, այլ օվկիանոսային կղզի է, որը ձևավորվել է ավելի քան 100 միլիոն տարի առաջ՝ Միջինատլանտյան լեռնազանգվածի ճեղքվածքի հետևանքով։ Այդուհանդերձ, Բերմուդյան կղզիներին հաճախ դիտարկում են Հյուսիսային Ամերիկայի կազմում՝ հատկապես Վիրջինիա նահանգի և մայրցամաքի մյուս հատվածների հետ դրա պատմական, քաղաքական և մշակութային կապերի պատճառով։ Մայրցամաքին ամենամոտ ցամաքային տարածքն ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգին պատկանող Հաթերաս հրվանդանն է։Հյուսիսային Ամերիկայի տարածքի մեծ մասը գտնվում է Հյուսիսամերիկյան սալի վրա։ Մեքսիկայի արևմտյան հատվածները՝ ներառյալ Ստորին Կալիֆոռնիան և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը, այդ թվում՝ Սան Դիեգո, Լոս Անջելես և Սանտա Կրուս քաղաքները, գտնվում են Խաղաղօվկիանոսյան սալի արևելյան եզրին։ Երկու սալերի հատման վայրում առաջացել է Սան Անդրեաս խզվածքը։ Մայրցամաքի ծայր հարավն ու Վեստ Ինդիայի մեծ մասը գտնվում են Կարիբյան սալի վրա, մինչդեռ Խուան դե Ֆուկա և Կոկոսի սալերը Հյուսիսամերիկյան սալին սահմանակցում են արևմուտքից։Մայրցամաքը կարելի է բաժանել չորս մեծ տարածաշրջանների, որոնցից յուրաքանչյուրն ունեն իրենց ենթատարածաշրջանները. Մեծ Հարթավայրերը ձգվում են Մեքսիկական ծոցից մինչև Հյուսիսային Կանադա, երկրաբանական տեսանկյունից երիտասարդ Լեռնային Արևմուտքը, որի կազմում մտնում են Ժայռոտ լեռները, Մեծ Ավազանը, Կալիֆոռնիան և Ալյասկան, մայրցամաքի հյուսիս-արևելքում գտնվող Կանադական վահան սարահարթը և համեմատաբար խայտաբղետ Արևելյան տարածաշրջանը, որը ներառում է Ապալաչները, Ատլանտյան ափի երկայնքով ձգվող մերձափնյա հարթավայրը և Ֆլորիդա թերակղզին։ Մեքսիկան իր երկար սարավանդներով և Կորդիլերներով, հիմնականում գտնվում է արևմտյան տարածաշրջանում՝ չնայած արևելյան ափագծով ձգվող հարթավայրերը Մեքսիկական ծոցի երկայնքով ձգվում են մինչև հարավ։Արևմտյան լեռները միջին հատվածում կիսվել են՝ ձևավորելով Ժայռոտ լեռնազանգվածը և Կալիֆոռնիայում, Օրեգոնում, Վաշինգտոնում և Բրիտանական Կոլումբիայում Առափնյա լեռնաշղթաները։ Իսկ արդեն նրանց միջև գտնվում է Մեծ ավազանը. ցածրավայր, որն ունի ցածր լեռնազանգվածներ և ցածրադիր անապատներ։ Մայրցամաքի ամենաբարձր կետը Դենալի կամ ՄաքՔինլի լեռնագագաթն է։Միացյալ Նահանգների աշխարհագրական գործակալությունը (USGS) նշում է, որ Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Հյուսիսային Դակոտա նահանգի Բալթա քաղաքից մոտ 10 կմ դեպի արևմուտք (48°10′ հս․ լ. 100°10′ ամ. ե.HGЯO) կամ նույն նահանգի Ռեգբի քաղաքից 24 կմ հեռավորության վրա։ USGS-ը նշում է, որ «կառավարական որևէ գերատեսչություն չի մակնանշել կամ որևէ հուշարձան չի տեղադրել ԱՄՆ 50 նահանգների, Միացյալ Նահանգների և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի աշխարհագրական կենտրոններում»։ Այդուհանդերձ, Ռեգբիի կենտրոնում տեղադրված է 4,6 մ բարձրություն ունեցող քարե կոթող, որը խորհրդանշում է քաղաքի կենտրոնը։ Հյուսիսային Ամերիկայում մոտակա ափագծից ամենահեռու կետը գտնվում է 1650 կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է Հարավային Դակոտա նահանգի Ալեն և Քայլ բնակավայրերի միջև (43°22′ հս․. լ. 101°58′ ամ. ե.HGЯO

Երկրաբանություն խմբագրել

Երկրաբանական պատմություն խմբագրել

Լավրենտիան հնագույն կրատոն է, որը ձևավորում է Հյուսիսային Ամերիկայի երկրաբանական կորիզը։ Այն ձևավորվել է 1,5-ից 1 միլիարդ տարի առաջ՝ Պրոտերոզոյան դարաշրջանում[17]։ Կանադական վահանը կրատոնի խոշորագույն դրսևորումն է։ Ուշ պալեոզոյան դարաշրջանից մինչև վաղ մեզոզոյան դարաշրջան Հյուսիսային Ամերիկան ներկայիս մյուս մայրցամաքների հետ եղել է Պանգեա գերմայրցամաքի մասերից մեկը, որից արևելք ընկած էր Եվրասիան։ Պանգեայի ձևավորման արդյունքներից մեկը եղել են Ապալաչյան լեռները, որը ձևավորվել է ավելի քան 480 միլիոն տարի առաջ։ Ուստի, վերջինս աշխարհի ամենահին լեռնաշղթաներից մեկն է։ Երբ մոտ 200 միլիոն տարի առաջ Պանգեան սկսեց մասնատվել, Հյուսիսային Ամերիկան ու Եվրասիան դարձան Լավրասիայի մաս։ Իսկ արդեն Կավճի ժամանակաշրջանի կեսերին Լավրասիան ևս մասնատվեց, որի արդյունքում ձևավորվեցին ներկայիս մայրցամաքները[18]։ Ժայռոտ լեռները և արևմտյան մյուս լեռնաշղթաները սկսեցին ձևավորվել մոտավորապես 80-55 միլիոն տարի առաջ, այսպես կոչված, Լարամիդյան օրոգենեզի ժամանակաշրջանում, երբ ձևավորվում էին մի շարք լեռնաշղթաներ։ Պանամայի պարանոցի ձևավորումը, որը մայրցամաքը միավորում է Հարավային Ամերիկայի հետ, հավանաբար տեղի է ունեցել մոտ 12-15 միլիոն տարի առաջ[19], իսկ Մեծ լճերը (ինչպես նաև հյուսիային մի շարք քաղցրահամ լճեր ու գետեր) կտրվել են մոտ 10 000 տարի առաջ՝ նահանջող սառցադաշտերի հետևանքով։Հյուսիսային Ամերիկան հանդիսանում է այն բանի աղբյուրը, ինչ մարդկությունը գիտի երկրաբանական ժամանակաշրջանների մասին[20]։ Աշխարհագրական տարածքը, որտեղ ավելի ուշ կստեղծվի Միացյալ Նահանգները, բնակեցված է եղել դինոզավրերի ավելի շատ տեսակներով, քան մեկ այլ ժամանակակից պետություն[20]։ Համաձայն հնէաբան Պետեր Դոդսոնի՝ դա հիմնականում կապված է շերտագրության, կլիմայի, աշխարհագրության, մարդկային ռեսուրսների և պատմության հետ[20]։ Մեզոզոյան դարաշրջանի մեծ մասը մայրցամաքի չորային բազմաթիվ շրջաններում ներկայացված է մերկ ժայռերի տեսքով։ Հյուսիսային Ամերիկայում յուրայի ժամանակաշրջանի դինոզավրերի բնակեցման ամենահայտնի վայրը եղել է Միացյալ Նահանգների արևմուտքում գտնվող Մորիսոնի ձևավորումը, որտեղից հայտնաբերվել են այդ բրածո կենդանիների բազմաթիվ մնացորդներ։

Կլիմա խմբագրել

Հյուսիսային Ամերիկան խոշոր մայրցամաք է, որն ընկած է Հյուսիսային բևեռային շրջանի և Հյուսիսային արևադարձի միջև։ Գրենլանդիայում, ինչպես նաև Կանադական վահանում, գերիշխող է տունդրան, որտեղ միջին ջերմաստիճանը տատանվում է 10-20 °C (50-68 °F), սակայն Գրենլանդիայի կենտրոնական հատվածները ծածկված են սառույցի հաստ շերտով։ Տունդրան տարածված է Կանադայի ողջ երկայնքով, սակայն դրա սահմաններն ավարտվում են Ժայռոտ լեռների (ներառյալ՝ Ալյասկան) և Կանադական վահանի վերջում՝ Մեծ Լճերի մոտ։Կասկադյան լեռներից արևմուտք ընկած տարածքների կլիման բնորոշվում է որպես չափավոր՝ տեղումների միջին քանակով (շուրջ 510 մմ)։Կալիֆոռնիայի ափամերձ շրջաններում կլիման միջերկրածովյան է։ Ափամերձ քաղաքներում միջին ջերմաստիճանը տարվա ողջ ընթացքում տատանվում է 14-21 °C (57-70 °F)։Արևելյան ափից մինչև Հյուսիսային Դակոտայի արևելք, այնուհետև հարավ՝ մինչև Կանզաս, կլիման խոնավ ցամաքային է, որն արտահայտվում է տարվա բոլոր եղանակներով և առատ տեղումներով։ Օրինակ՝ Նյու Յորքում տարեկան միջին տեղումների ցուցանիշը կազմում է 1300 մմ։Մերձարևադարձային կլիման սկսվում է խոնավ ցամաքային կլիմայի հարավային սահմանին և ձգվում մինչև Մեքսիկական ծոց (ընդգրկում է Տեխասի արևելյան հատվածը)։ Այստեղ գտնվում են Միացյալ Նահանգների հիմնական տարածքի ամենախոնավ քաղաքները։ Օրինակ՝ Ալաբամա նահանգի Մոբիլ քաղաքում տեղումների տարեկան ցուցանիշը հասնում է 1700 մմ-ի։Տափաստանային/անապատային կլիման Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաչոր կլիման է։ Այն սկսվում է ցամաքային խոնավ և մերձարևադարձային կլիմաների սահմաններից և ձգվում դեպի արևելք՝ Սիեռա Նևադա, դեպի հարավ՝ Դուրանգոյի հարավային սահմաններ, և հյուսիս՝ դեպի տունդրա։ Ցուրտ լեռնային կլիման հյուսիսից հարավ հատում է մայրցամաքը, որտեղ մերձարևադարձային կամ բարեխառն կլիմաները հանդիպում են արևադարձային կլիմայի հենց ներքևում, ինչպես օրինակ՝ Մեքսիկայի կենտրոնում և Գվատեմալայում։ Արևադարձային կլիմաները հանդիպում են կղզիների շրջաններում և ենթամայրցամաքի ամենահարավում։ Սովորաբար սավաննաները ողջ տարվա ընթացքում աչքի են ընկնում անձրևներով և բարձր ջերմաստիճանով։ Դրանք հանդիպում են Կարիբյան ծովի ափին գտնվող երկրներում և նահանգներում կամ Մեքսիկական ծոցից և Խաղաղ օվկիանոսից հարավ ընկած տարածքներում։

Բնապահպանություն խմբագրել

Հյուսիսային Ամերիկայի կենդանական աշխարհին բնորոշ են բիզոնը, սև արջը, յագուարը, պուման, մարգագետնային շունը, հնդկահավը, ժանիքավոր այծյամը, ջրարջը, կոյոտը և թագավորական թիթեռը։Հյուսիսային Ամերիկայում ընտելացված բուսատեսակներից են ծխախոտը, եգիպտացորենը, դդումը, լոլիկը, արևածաղիկը, հապալասը, ավոկադոն, բամբակենին, կարմիր պղպեղը և վանիլը։

Բնակչություն խմբագրել

Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից և Աֆրիկայից հետո բնակչության թվով երրորդ ամենամեծ մայրցամաքն է[21]։ Ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը Միացյալ Նահանգներն է՝ 329,7 մլն բնակչով, երկրորդը Մեքսիկան է՝ 112,3 մլն բնակչությամբ[22], իսկ երրորդը՝ Կանադան՝ 37 միլիոնով[23]։ Կարիբյան ավազանի կղզի-պետությունների մեծ մասի բնակչությունը միլիոնից քիչ է, թեև Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Հայիթին, Պուերտո Ռիկոն (ԱՄՆ-ի տարածք), Ճամայկան, Տրինիդադ և Տոբագոն մեկ միլիոնից ավել բնակչություն ունեն[24][25][26][27][28]։ Չնայած իր հսկայական տարածքին (2 166 000 կմ²)՝ Գրենլանդիայի բնակչությունը 55 984 է, ինչի պատճառով աշխարհի ամենափոքր խտություն ունեցող երկիրն է՝ 0,026 մարդ/կմ²[29]։Թեև Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան ամենաշատ բնակչություն ունեցող երկրներն են, մեծ քաղաքները միայն այդ երկրներում չեն տեղակայված։ Մեծ քաղաքներ կան նաև Կարիբյան ավազանի երկրներում։ Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ քաղաքները Մեխիկոն և Նյու Յորքն են։ Այս քաղաքները միակն են մայրցամաքում, որոնց բնակչությունը գերազանցում է ութ միլիոնը։ Մեծությամբ մյուս քաղաքներն են Լոս Անջելեսը, Տորոնտոն, Չիկագոն, Հավանան, Սանտո Դոմինգոն և Մոնրեալը։ ԱՄՆ-ի արևային գոտու քաղաքներում, ինչպիսիք են Հարավային Կալիֆոռնիան և Հյուսթոնը, Ֆինիքսը, Մայամին, Ատլանտան և Լաս Վեգասը, բնակչության արագ աճ է նկատվում։ Պատճառներից են տաք եղանակը, բեյբի բումերների սերնդի «թոշակի գնալը», մեծ արդյունաբերությունը և ներգաղթյալների հոսքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանային քաղաքներում՝ մասնավորապես Մեխիկոյում ևս բնակչության զգալի աճ է նկատվում։ Հատկանշական է Սան Դիեգոյին սահամանակից Տիխուանա քաղաքը, որտեղ ներգաղթյալների հոսք է ամբողջ Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և Ասիայից։ Քանի որ այս տաք շրջաններում մարդկանց քանակն ավելանում է, վերջիններս ջրի պակասի առաջ են կանգնում։Միացյալ Նահանգներում են տեղակայված խոշորագույն տաս մերձքաղաքային շրջաններից ութը, որոնց բնակչությունն ավելի քան 5,5 մլն է։ Դրանց թվում են՝ Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Չիկագոն և Դալլաս-Ֆորթ Ուորթը։ Մինչդեռ ամենամեծ մերձքաղաքային շրջանները գտնվում են Միացյալ Նահանգներում, Մեխիկոյում է գտնվում բնակչությամբ Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մերձքաղաքային շրջանը՝ Մեծ Մեխիկոն։ Կանադան ևս մտնում է այն երկրների ցանկում, որոնք խոշոր մերձքաղաքային շրջաններ ունեն։ Այստեղ է գտնվում Տորոնտոյի մերձքաղաքային շրջանը՝ վեց միլիոն բնակչությամբ։ Կանադա-ԱՄՆ և Մեքսիկա-ԱՄՆ սահմանին քաղաքների՝ իրար մոտ գտնվելը հանգեցրել է միջազգային մերձքաղաքային շրջանների ձևավորվելուն։ Այդպիսի քաղաքային ագլոմերացիաներ են Դեթրոյթ-Վինձորը և Սան Դիեգո-Տիխուանան, որտեղ ակտիվ առևտրային, տնտեսական և մշակութային գործունեություն է ծավալվում։ Մերձքաղաքային շրջաններում միջազգային բեռնափոխադրումների շնորհիվ միլիոնավոր դոլարների առևտուր է կատարվում։ 2004 թվականին Դեթրոյթ-Վինձորում կատարված Սահմանային տրանսպորտային համագործակցության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 13 մլրդ ԱՄՆ դոլար է գոյանում Դեթրոյթ-Վինձոր միջազգային սահմանը հատելուց, այն դեպքում, երբ Օտայ դե Մեսա նավահանգստով ժամանած Սան Դիեգո-Տիխուանա բեռնափոխադրումները գնահատվել են 20 մլրդ ԱՄՆ դոլար։Հյուսիսային Ամերիկայում կան նաև մեգապոլիսներ։ Միացյալ Նահանգներում տասնմեկ մեգապոլիս կա, որոնք ունեն միջազգային սահմաններ և մտնում են Կանադական և Մեքսիկական մերձքաղաքային շրջանների մեջ։ Այդ մեգապոլիսներն են Արիզոնա Սան Քորիդորը, Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան հատված, Ֆլորիդան, Ֆրոնթ Ռեյնջը, Մեծ լճերը, Մեքսիկական ծոցի ափը, Բոսվաշը, Հյուսիսային Կալիֆոռնիան, Պիեդմոն Ատլանտյան մեգապոլիսը, Հարավային Կալիֆոռնիան և Տեխասի եռանկյունին։ Կանադայում և Մեքսիկայում ևս կան մեգապոլիսներ՝ Քվեբեկ-Վինձոր միջանցքը, Գոլդեն Հորսշուն, որոնք համարվում են Մեծ լճեր մեգապոլիսի մասը, ինչպես նաև Կենտրոնական Մեխիկո մեգապոլիսը։ Ավանդաբար ամենամեծ մեգապոլիսը համարվել է Բոսթոն-Վաշինգտոնը, քանի որ այս շրջանը մեկ ընդարձակ սահմանամերձ շրջան է։ Ամենաշատ բնակչություն ունեցող մեգապոլիսը համարվում է Մեծ լճերի մեգապոլիսը, որտեղ 2000 թվականի տվյալներով բնակվում է 53 768 125 մարդ։2013 թվականի տվյալներով բնակչությամբ Հյուսիսային Ամերիկայի առաջին տաս մերձքաղաքային շրջանները՝ հիմնված ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի պետական մարդահամարի վրա՝

  1. Division, United Nations Statistics. «UNSD — Methodology». unstats.un.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. Division, United Nations Statistics. «UNSD — Methodology». unstats.un.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Division, United Nations Statistics. «UNSD — Methodology». unstats.un.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Office Québécois de la langue francaise. «Status of the French language». Government of Quebec. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «The Olympic symbols» (PDF). Lausanne: Olympic Museum and Studies Centre: International Olympic Committee. 2002. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ մարտի 7-ին. The five rings of the Olympic flag represent the five inhabited, participating continents (Africa, America, Asia, Europe, and Oceania Արխիվացված 23 Փետրվար 2002 Wayback Machine).
  6. Equipo (1997). «Continente». Océano Uno, Diccionario Enciclopédico y Atlas Mundial. էջեր 392, 1730. ISBN 978-84-494-0188-6.
  7. Los Cinco Continentes (The Five Continents). Planeta-De Agostini Editions. 1997. ISBN 978-84-395-6054-8.
  8. «Encarta, "Norteamérica"» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին.
  9. 9,0 9,1 «North America». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  10. «Map And Details Of All 7 Continents». worldatlas.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. «In some parts of the world, students are taught that there are only six continents, as they combine North America and South America into one continent called the Americas.»
  11. Rosenberg, Matt (2020 թ․ ապրիլի 11). «Ranking the 7 Continents by Size and Population». ThoughtCo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «North America Land Forms and Statistics». World Atlas.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  13. «Americas». Standard Country and Area Codes Classifications (M49). United Nations Statistics Division. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
  14. «North America». Atlas of Canada. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. «North America Atlas». National Geographic. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  16. «Central America». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.
  17. Dalziel, I.W.D. (1992). «On the organization of American Plates in the Neoproterozoic and the breakout of Laurentia». GSA Today. 2 (11): 237–241.
  18. Merali, Zeeya; Skinner, Brian J. (2009 թ․ հունվարի 9). Visualizing Earth Science. Wiley. ISBN 978-0-470-41847-5.
  19. «Land Bridge Linking Americas Rose Earlier Than Thought». LiveScience.com. 2015 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  20. 20,0 20,1 20,2 Dodson, Peter (1997). «American Dinosaurs». In Currie, Phillip J.; Padian, Kevin (eds.). Encyclopedia of Dinosaurs. Academic Press. էջեր 10–13.
  21. «North America Fast Facts». World Atlas.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  22. «INEGI 2010 Census Statistics». inegi.org.mx. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  23. «Population estimates, quarterly». www150.statcan.gc.ca. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  24. «Anuario Estadístico de Cuba 2009» (իսպաներեն) (2010 ed.). Oficina Nacional de Estadísticas, República de Cuba. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին. Note: An exchange rate of 1 CUC to US$1.08 was used to convert GDP. [1] Արխիվացված 2 Դեկտեմբեր 2021 Wayback Machine
  25. «Presidencia de la República; Generalidades» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
  26. «The World Factbook: Haiti». Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
  27. «2010 U.S. Census Data». 2010.census.gov. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
  28. «The World Factbook: Jamaica». Central Intelligence Agency. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին.
  29. «Grønlands Statistik». stat.gl. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.