Գեղանկարչություն
Գեղանկարչություն (երփնագիր), կերպարվեստի տեսակ։ Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է և առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք։
Ենթակատեգորիա | գործունեություն, Կերպարվեստ | |
---|---|---|
Product, material, or service produced or provided | գեղանկար | |
Ով է կիրառում | նկարիչ |
Արտահայտամիջոցներ
խմբագրելԳեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը, ստեղծել ծավալի ու տարածության պատրանք, հոգեբանական կերպարներ, կենդանի ու անշունչ առարկաներ՝ ստատիկ ու շարժուն վիճակներում։ Գեղանկարչությունը ձևավորում է մարդու գեղագիտական ճաշակը, ունի ճանաչողական նշանակություն, ստեղծում է մարդու, բնության, առարկաների, պատմական և այլ երևույթների գեղարվեստական պատկերներ՝ օգտագործելով գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորությունները։ Տարբերում են գեղանկարչության պատմական, կենցաղային, անիմալիստական (կենդանիների պատկերումը) և այլ ժանրեր։ Նշանակությամբ, կատարման բնույթով ու կերպարներով առանձնանում են մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչությունը (որմնանկարչություն, առաստաղապատկեր, պաննո), հաստոցային նկար, բեմանկարչությունը, մանրանկարչությունը, սրբանկարչությունը և այլն[1]։ Գեղանկարչության տարբերակներից են տրամապատկերը և համայնապատկերը։ Ներկանյութը կապակցող նյութերի բնույթով, հարթության վրա նրա ամրանալու տեխնոլոգիայով տարբերվում են՝ յուղաներկ գեղանկարչություն, ջրում լուծվող ներկերով գեղանկարչություն՝ թաց (ֆրեսկո) և չոր (ասեկկո) հիմնածեփի վրա, տեմպերա, սոսնձաներկով գեղանկարչություն, մոմանկարչություն, արծն, սիլիկատային խեցեգործական ներկերով գեղանկարչություն և այլն։ Անմիջականորեն գեղանկարչությանն են հարում խճանկարը և վիտրաժը։ Գեղանկարչական գործեր ստեղծելիս կիրառվում են նաև ջրաներկը, գուաշը, պաստելը, տուշը։
Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է։ Կազմակերպված և իմաստավորված գույնը՝ կոլորիտը, ոչ միայն տալիս է ռեալ իրականության գունապատկերը, այլև օժտված է զգայական ներգործության մեծ ուժով։ Յուրաքանչյուր պատկերում կոլորիտն ունի իր գունաշարը (գամմա)։ Գոյություն ունի նաև մեկ գույնի երանգներով գեղանկարչություն (միագույն գեղանկարչություն)։ Գունային կոմպոզիցիան ապահովում է ստեղծագործության գունային որոշակի ամբողջականությունը։ Գեղանկարչության մյուս արտահայտչամիջոցը՝ գծանկարը (գիծ և լուսաստվեր), ռիթմով և կոմպոզիցիայով գույնի հետ կազմակերպում են պատկերը։ Պայմանականորեն տարբերվում են գեղանկարչական պատկերման երկու տիպ՝ գծա-հարթապատկերային և ծավալա-տարածական, սակայն նրանց մեջ հստակ սահման գոյություն չունի։ Գծա-հարթապատկերային գեղանկարչությանը բնորոշ են լոկալ գույնի ընդգծված եզրագծերով հարթ գունահատվածները, հստակ և ռիթմիկ գծերը։ Տոնային գեղանկարչության հնարավորությունները հարուստ են, այն բարդ ու դինամիկ մշակման միջոցով ցուցադրում է գույնի նրբագույն փոփոխությունները, ինչպես նաև այդ գույնի տոնը՝ կախված լուսավորությունից, իրար հարևանող գույների փոխհարաբերությունից (ռեֆլեքսներ)։
Գեղանկարչության ստեղծագործությունը բաղկացած է հիմքից (կտավ, փայտ, թուղթ, ստվարաթուղթ, քար, ապակի, մետաղ և այլն), որը սովորաբար ծածկվում է հիմնաշերտով։ Գեղանկարչության արտահայտչական հնարավորությունները, կատարման տեխնիկայի յուրահատկությունները նաև կախված են ներկերի հատկություններից, կապակցանյութի բնույթից, վրձիններից, լուծիչներից։ Անհրաժեշտ գույնը, նրբերանգը ստանալու համար ներկերը միմյանց խառնում կամ գունաթափանցում են (լեսել)[Ն 1]։ Հաստոցային նկարի կամ որմնանկարի ստեղծման պրոցեսը բաղկացած է մի քանի փուլերից (գծանկար, նախաթույր, լեսում)։
Պատմություն
խմբագրելԳեղանկարչությունը առաջացել է դեռևս ուշ քարի դարում։ Պահպանվել են ժայռապատկերներ (Ֆոն դե Գոմ քարայրերը Ֆրանսիայում, Ալտամիրը՝ Հյուսիսային Իսպանիայում), որոնք կատարված են հողաներկերով։ Արևելքի հնագույն երկրներում (հատկապես Հին Եգիպտոսում) և Ամերիկայում գոյություն է ունեցել մոնումենտալ գեղանկարչություն։ Հին Հունաստանում ֆրեսկոների և խճանկարների կողքին տեղ է գտել նաև հաստոցային նկարչությունը (հաճախ տախտակի, մասամբ՝ կտավի վրա)՝ հիմնականում մոմանկարչության տեխնիկայով։ Անտիկ շրջանի հաստոցային նկարչության փայլուն օրինակներ են ֆայումյան դիմանկարները։ Միջին դարերի Արևմտյան Եվրոպայում, Բյուզանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում զարգացել է հիմնականում եկեղեցական, կանոնացված գեղանկարչություն (որմնանկարչություն, սրբանկարչություն, մանրանկարչություն, խճանկար, վիտրաժ)։ Մ.թ. 1-ին հազարամյակում Առաջավոր և Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ցեյլոնում մեծ վերելք է ապրել մոնումենտալ գեղանկարչությունը, իսկ Միջագետքում, Իրանում, Հնդկաստանում, Միջին Ասիայում՝ դեկորատիվ հարթապատկերային մանրանկարչությունը։ Բանաստեղծականությամբ են շնչում մետաքսի և թղթի վրա կատարված Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի (տուշ, ջրաներկ, գուաշ) գեղանկարչության նմուշները։
Գեղանկարչությունը մեծ վերելք է ապրել Վերածննդի դարաշրջանում։ Այդ արվեստի նախակարապետներից էր XIV դարի իտալացի նկարիչ Ջոտտո դի Բոնդոնեն։ Հեռանկարի, օպտիկայի և անատոմիայի գիտական ուսումնասիրումը, Յան վան Էյքի (Նիդերլանդներ) կատարելագործած յուղաներկի տեխնիկայի կիրառումը գեղանկարչության առաջընթացի մեծ հնարավորություններ են ընձեռել (լուսաստվերային կերպավորման օգնությամբ ծավալային ձևերի համոզիչ վերարտադրություն, աշխարհի գունային հարստության յուրացում)։ Վերածննդի խոշորագույն գեղանկարիչներից են Մազաչչոն, Պիեռա Դելլա Ֆրանչեսկան, Ա. Մանտենիան, Բոտտիչելլին, Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Ջորշոնեն, Տիցիանը, Պաոլո Վերոնեզեն, Յակոպո Տինտորետտոն Իտալիայում, Յան վան Էյքը, Պիտեր Բրեյգելը Նիդերլանդներում, Ալբրեխտ Դյուրերը, Հանս Հոլբայն Կրտսերը, Մ․ Նիթհարդը (Գրյունեվալդ) Գերմանիայում։
17-18-րդ դարեր
խմբագրելXVII-XVIII դարերի եվրոպական գեղանկարչության զարգացման պրոցեսը եղել է բարդ։ Կազմավորվել են ազգային դպրոցներ Ֆրանսիայում (Ժ․ Լաթուր, Նիկոլա Պուսսեն, Անտուան Վատտո, Ժան Բատիստ Շարդեն, Ժան Օնորե Ֆրագոնար, Ժ․ Լ․ Դավիդ), Իտալիայում (Մ․ Կարավաջո, Դ․ Ֆետտի, Ջ․ Բ․ Տիեպոլո, Զ․ Մ․ Կրեսպի, Ֆ․ Գուարդի), Իսպանիայում (Էլ Գրեկո, Դիեգո Վելասկեզ, Ֆրանսիսկո Սուրբարան, Բ․ է․ Մուրիլլո, Ֆ․ Գոյա), Ֆլանդրիայում (Պ․ Պ․ Ռուբենս, Յա․ Յորդանս, Ա․ վան Դեյք, Ֆ․ Սնայդերս), Հոլանդիայում (Ֆ․ Հալս, Ռեմբրանդ, Յա․ վան Ռյոյսդալ), Անգլիայում (Թոմաս Գեյնսբորո, Ու․ Հոգարթ), Ռուսաստանում (Դ․ Գ․ Լևիցկի, Վ․ Լ․ Բորովիկովսկի) և այլ երկրներում։ Ակտիվ պայքար է ծավալվել հոսանքների, առաջադիմական ու ռեակցիոն գաղափարների միջև, ակադեմիզմի դեմ։ XVII դ․ ընդլայնվել և ավելի հստակ ձևավորվել է ժանրերի համակարգը։ XVII-XVIII դդ․ ծաղկել է մոնումենտալ դեկորատիվ արվեստը (հատկապես բարոկկո ոճում)։ Հասարակական բարդ իրադրության պայմաններում ձևավորվել են ինչպես ոճական ընդհանրություն ունեցող (կլասիցիզմ, ռոկոկո), այնպես էլ որևէ ոճի շրջանակում չպարփակվող գեղանկարչական համակարգեր։
19-20-րդ դարեր
խմբագրել19-րդ դարում Եվրոպայում (Բալկանյան երկրներ) և Ամերիկայում առաջացել են նոր ազգային դպրոցներ, ուժեղացել է տարբեր երկրների գեղանկարչության փոխազդեցությունը։ Սալոնային-ակադեմիսաան պաշտոնական գեղանկարչության դեմ մղվող պայքարում կազմավորվել է ռոմանտիզմի կրքոտ, մարտնչող գեղանկարչություն (Թ․ Ժերիկոն, Է․ Դելակրուան Ֆրանսիայում, Կառլ Բրյուլլովը, Ալեքսանդր Իվանովը Ռուսաստանում)։ Ռեալիստական գեղանկարչության առավել հետաքրքրություն է ցուցաբերել իրական կյանքի ճշմարիտ արտացոլմանը (Դ․ Կուրբեն, Ժ․ Ֆ․ Միլլեն, Օ․ Դոմիեն, Կ․ Կորոն, Բարբիզոնի դպրոցի վարպետները Ֆրանսիայում, Ջոն Կոնստեբլը Անգլիայում, Ադոլֆ ֆոն Մենցելը, Վ․ Լայբլը Գերմանիայում, Ա.Գ. Վենեցիանովը, Պ․ Ա․ Ֆեդոտովը Ռուսաստանում)։ Դեմոկրատական ռեալիզմի գեղանկարչությունը պատկերել է ժողովրդի կենցաղն ու աշխատանքը, պայքարն իր իրավունքների համար, պատմական կարևոր իրադարձությունները, հասարակ մարդկանց և առաջադեմ գործիչների կերպարները։ Սոցիալ-քննադատական սրությամբ է աչքի ընկնում պերեդվիժնիկների և մոտ կանգնած նկարիչների գեղանկարչությունը (Վասիլի Պերով, Իվան Կրամսկոյ, Իլյա Ռեպին, Վասիլի Սուրիկով, Վասիլի Վերեշչագին, Իսահակ Լևիտան)։ Շրջակա իրականության կենդանի մարմնավորումը, նրա բնականության ու անմիջականության, մշտական փոփոխականության պատկերումն է եղել իմպրեսիոնիզմի (Կլոդ Մոնե, Օ․ Ռենուար, Կամիլ Պիսսարո, Ալֆրեդ Սիսլեյ, մասամբ՝ Էդուարդ Մանե, Էդգար Դեգա) ելակետը 1870-ական թվականների սկզբին։ XIX դ․ Եվրոպայում գերիշխել է հաստոցային գեղանկարչություն։ Միայն XIX դարի վերջին և XX դարի սկզբին փորձեր են արվել վերականգնել մոնումենտալ գեղանկարչությունը։ Այդ շրջանում գեղանկարչության զարգացումը եղել է առանձնապես բարդ ու հակասական, գոյակցել և միմյանց դեմ պայքարել են ռեալիստական և մոդեռնիստական հոսանքները։
XIX դարի վերջի և XX դարի ռեալիստական գեղանկարչության դեմոկրատական միտումներով, կյանքի հետ սերտ կապով հետևում է նախորդ դարաշրջանների լավագույն ավանդույթներին։ Պոստիմպրեսիոնիզմի (Պոլ Սեզան, Վինսենթ վան Գոգ, Պոլ Գոգեն, Ա․ Թուլուզ-Լոտրեկ) և մասամբ «մոդեռն» գեղանկարչության մեջ ծնունդ են առել XX դարի որոշ հոսանքների առանձնահատկությունները կանխորոշող գծեր։ XX դարում առաջացած առաջին այդպիսի հոսանք էր ֆովիզմը։ Կապիտալիստական երկրների խոշոր գեղանկարիչներ Պաբլո Պիկասսոն, Անրի Մատիսը, Ֆ․ Լեժեն, Ա․ Մարկեն Ֆրանսիայում, Դիեգո Ռիվերան, Խոսե Կլեմենտե Օրոսկոն, Խոսե Դավիդ Սիկեյրոսը Մեքսիկայում, Ռ․ Գուտտուզոն Իտալիայում, Ջ․ Բելլոուզը, Ռ․ Քենտը ԱՄՆ-ում իրականությունն ըմբռնել և պատկերել են տարբեր տեսանկյուններից։ Աշխարհը նորովի է մարմնավորվել այդ շրջանի ռուս մեծ նկարիչների՝ Վ․ Ա․ Սերովի սոցիալապես հագեցած, սուր կերպարային նկարներում, Միխայիլ Վրուբելի լարված-դրամատիկական երկերում։ Կապիտալիստական երկրներում լայն տարածում են գտել զանազան մոդեռնիստական ուղղություններ, որոնք արտահայտում են բուրժուական հասարակության մշակույթի ճգնաժամը։ Սակայն մոդեռնիստական գեղանկարչության մեջ երբեմն անուղղակի արտացոլվում են արդիականության «հիվանդոտ» պրոբլեմները, անզուսպ բողոքը (օրինակ՝ էքսպրեսիոնիզմում)։ Մոդեռնիստական բազմաթիվ հոսանքներում (կուբիզմ, ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ) արտաքին աշխարհի առանձին տարրեր ի հայտ են գալիս անսպասելի, երբեմն անտրամաբանական զուգորդումներով, հաճախ ձուլվելով վերացական ձևերին։ Այդ հոսանքների հետագա էվոլյուցիան արդեն 1910-ական թվականներին հանգեցրեց կերպարայնությունից լրիվ հրաժարվելուն՝ վերացական գեղանկարչությանը։
XX դարում աճել է մոնումենտալ դեկորատիվ գեղանկարչության դերը (օրինակ՝ հեղափոխական–դեմոկրատական մոնումենտալ գեղանկարչությունը Մեքսիկայում)։
Սովետական գեղանկարչությունը սերտորեն կապված է կոմունիստական գաղափարախոսությանը, արվեստի կուսակցականությանն ու ժողովրդայնությանը։ Հենվելով ռեալիզմի ավանդույթների վրա՝ սովետական գեղանկարչությունը քննադատաբար օգտվում է XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի հայրենական և համաշխարհային գեղանկարչության փորձից, գեղարվեստական համակարգից։ Այն գեղանկարչության զարգացման նոր փուլ է, որին բնորոշ է սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաղթանակը։ Գեղանկարչությունը ԽՍՀՄ–ում զարգանում է բոլոր միութենական և ինքնավար հանրապետություններում։ Խորհրդային գեղանկարչությանը հատուկ են իրականության, աշխարհի նյութականության սուր զգացողությունը, կերպարների հոգևոր հարստությունը, ինչպես և ռոմանտիկ ոգեշնչվածությունը։ 1920-ական թվականներին մեծ նշանակություն է ստացել պատմա–հեղափոխական թեման (Մ․ Բ․ Գրեկովի, Ա․ Ա․ Դեյնեկայի, Կ․ Ս․ Պետրով–Վոդկինի, Բ․ Վ․ Իոզանսոնի, Ի․ Ի․ Բրոդսկու, Ա․ Մ․ Գերասիմովի կտավները)։ Հետագայում երկրի հերոսական անցյալին, 1941-1945 թվականների Երկրորդ համաշխարհային պատերազմին, խորհրդային մարդու հերոսականությանը նվիրված կտավներ։ Մեծ նշանակություն է տրվում դիմանկարի (Ա․ Ե․ Արխիպով, Մ․ Վ․ Նեստերով, Մարտիրոս Սարյան, Պ․ Դ․ Կորին, Պ․ Պ․ Կոնչալովսկի), կենցաղային ժանրի (Ս․ Վ․ Գերասիմով, Ա․ Ա․ Պլաստով, Տ․ Ն․ Յաբլոնսկայա), բնանկարի (Վ․ Ն․ Բակշեև, Ն․Պ․ Կրիմով, Ն․ Մ․ Ռոմադին), նատյուրմորտի (Դ․ Դ․ Մաշկով) և մոնումենտալ–դեկորատիվ արվեստի (Վ․ Ա․ Ֆավորսկի, Ե․ Ե․ Լանսերե) զարգացմանը։ Կազմավորվել են գեղանկարչության ազգային դպրոցներ (Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան, Ս․ Ա․ Չույկով, Ու․ Տանսիբաև, Թ․ Սալախով, Լ․ Դուդիաշվիլի, Է. Իլտներ, Մ․ Ա․ Սավիցկի, Ա․ Դուդայտիս, Ա․ Ա․ Շովկունենկո և ուրիշներ)։
Գեղանկարչությունը Հայաստանում
խմբագրելԳեղանկարչություն տերմինը հայերենում ունի իր հոմանիշները․ գունանկար, գունանկարչություն, գունագրություն, կենդանագիր, կենդանագրություն, երփնագիր։ Ներկա իմաստով գեղանկարչությունը նոր տերմին է։ Հնում կիրառվել են «կենդանագիրը» և «երփնագիրը», որոնք վկայված են դեռևս վաղ միջնադարից։ «Երփնագիրը» մեր լեզվի պատմական զարգացման ինչ-որ փուլում դուրս է մնացել ակտիվ գործածությունից ու, ինչպես և «կենդանագիրը», իր ստեղծագործական իմաստով պահպանվել է բառարաններում։ Մանուկ Աբեղյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Դ․Լևոնյանի առաջարկով այն կրկին դրվել է գործածության մեջ։
Հայկական գեղանկարչության սկզբնավորումը շատ հին է։ Օրգանական և անօրգանական ներկանյութերի առատությունն ու հարուստ գունաշարը նպաստել են գույների ակտիվ օգտագործմանը պաշտամունքային, կիրառական և գեղարվեստական նպատակներով (մ․ թ․ ա․ VI-IV հազարամյակների ժայռապատկերները, Մալաթիայից ու Սեբաստիայից մինչև Կուր-Արաքս հայտնաբերված նեոլիթյան և էնեոլիթյան գունավոր և նախշազարդ խեցեղենը), իսկ անտիկ շրջանում ու միջնադարում Հայաստանը եղել է բազմատեսակ ներկանյութեր ու ներկեր արտահանող։ Երկրաչափական, բուսական, կենդանական զարդամոտիվներով, իսկ երբեմն նաև ռեալ պատկերներով գունազարդ խեցեղեն է գոյություն ունեցել բրոնզի դարում (Շրեշ-բլուր, Թազաքենդ, Սևան և այլն, III-II հազարամյակ, մ․ թ․ ա․)։ Սակայն գեղանկարչությունը որպես արվեստի մասնագիտացված բնագավառ Հայաստանում մեզ հայտնի է ուրարտական ժամանակաշրջանից (Էրեբունի՝ խճանկար, որմնանկար)։ Այստեղ կիրառված զարդանախշային մոտիվների (խոյեր, ցլիկներ, կենաց ծառեր, արմավազարդեր և այլն) հետ հանդիպում են կենդանի դիտված կրոնական, որսորդական աշխատանքային պատկերներ։ Գեղանկարչության պահպանված լավագույն օրինակ է Գառնիի բաղնիքի խճանկար հատակը (III դ․), որտեղ օգտագործվել են տեղական գունախճերը։ Հայաստանում ֆեոդալիզմի հաստատումն ու քրիստոնեության պաշտոնականացումը գեղանկարչությանը գաղափարական նոր բովանդակություն ու ձև են հաղորդել։ Գլխավոր պատվիրատուն դարձել է եկեղեցին, որն իր որոշակի պահանջներն է դրել նկարիչ-կատարողների առջև։ Այս շրջանից պահպանված ամենավաղ նմուշները վերաբերում են IV դ․ (որմնանկար՝ Մանազկերտ, խճանկար՝ Դվին, Երուսաղեմ)։ Այնուհետև մինչև XII դ․ հայկական միջնադարյան գեղանկարչություն (հատկապես որմնանկարը), ոճերի ու կատարողական եղանակների բազմազանությամբ խոշոր նվաճումներ է արձանագրել (Էջմիածնում, Աշտարակում, Տեկորում՝ IV-V դդ․, Լմբատում, Թալինում, Հառիճում, Եղվարդում՝ VI 1դ․, Տաթևում, Գնդեվանքում, Աղթամարում՝ X դ․)։ XII-XIII դդ․ մոնումենտալ գեղանկարչությունը համեմատաբար սակավ է հանդիպում։ Այնուհետև գեղանկարչությունը նոր վերելք է ապրել (Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի, Քոբայր՝ XIII դ․, Հաղպատ՝ XIV դ․)։ IV դարից առանձին թերթիկներով, իսկ IX դարից մատյաններով մեզ են հասել մանրանկարչության բազմաթիվ նմուշներ։ Մանրանկարչությունը դարձել է հայկական միջնադարյան գեղանկարչության առաջատար ասպարեզը։ Աբգար թագավորի անձեռակերտ կերպարի հետ կապված ու գրավոր պահպանված հնագույն ավանդությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հայերը քրիստոնեության առաջին իսկ դարերում ունեցել են հաստոցային նկարչություն։ Սակայն հաստոցային գեղանկարչության պահպանված ամենավաղ նմուշները, ըստ երևույթին, պատկանում են XVII դարին։ XVII-XVIII դարերում մոնումենտալ ու հաստոցային գեղանկարչության նոր վերելքը գլխավորապես կապված է Նաղաշ Հովնաթանի, նրա հետնորդներ Հովնաթանյանների, ինչպես նաև Նոր Ջուղայի հայ նկարչական դպրոցի (Մինաս Զոհրաբյան, Հովհաննես Մրքուզ) գործունեությանը։ Նրանց գործերում, եկեղեցականի կողքին ինքնություն է հաստատել աշխարհիկ բովանդակությամբ պրոֆեսիոնալ երփնագիրը։ Նոր գեղանկարչությունը իր ձևակերպումն է ստացել Հ․ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, իսկ փոքր-ինչ ուշ՝ Ս․ Ներսիսյանի ստեղծագործություններում։ Ասպարեզ է եկել նկարիչների մի փայլուն համաստեղություն՝ Վ․ Սուրենյանց, Դ․ Բաշինջաղյան, որոնց դարավերջին միացել են Փանոս Թերլեմեզյանը, Ս․ Աղաջանյանը, Ե․ Թադևոսյանը, եվրոպական գաղթավայրերից՝ Վ․ Մախոխյանը, Մ․ Քյուրքչյանը, է․ Շահինը և ուրիշներ, որոնք հայկական գեղանկարչությունը հարստացրել են ռեալիստական արվեստի ժամանակակից արտահայտչամիջոցներով։ XX դ երկու տասնամյակներում և ապա խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական կերպարվեստի ազգային ավանդներն ու գեղանկարչության նորագույն հոսանքները համադրելու խնդրում բացառիկ դեր է խաղացել Մ․ Սարյանի արվեստը։ Խորհրդահայ գեղանկարչությունը կազմավորվել է Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ե․ Թադևոսյանի, Փ․ Թերլեմեզյանի, Մ․ Աղաջանյանի, Մ․ Առաքելյանի, Վ․ Գայֆեճյանի, Գ․ Գյուրջյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի և այլ արվեստագետների ջանքերով, որոնք հենց սկզբից իրենց արժանի տեղն են գրավել խորհրդային բազմազգ կերպարվեստի ընտանիքում։ Տիրապետելով սոցիալիստական ռեալիզմի մեթոդին՝ հայ երփնագրողները գեղանկարչությունը հարստացնում են մարդն ու բնությունը ճշմարտացի պատկերող բարձրարվեստ կտավներով։
Գեղանկարչության ժանրեր
խմբագրելԴիմանկարչություն
խմբագրելԴիմանկարը մարդու կամ մարդկանց խմբի պատկեր է, որ գոյություն ունեն կամ գոյություն են ունեցել իրականում։ Դիմանկարի ժանրի սահմանները հստակ չեն, և հաճախ դիմանկարը կարող է համատեղվել այլ ժանրերի տարրերի հետ։
- Պատմական դիմանկար - հիշողությամբ կամ նկարչի երևակայությամբ պատկերվում է անցյալում ապրած նշանավոր անձ,
- Հետմահու դիմանկար - ստեղծվում է մարդու մահվանից հետո ըստ նրանց կենդանության օրոք արված նկարների կամ երևակայությամբ,
- Դիմանկար-նկար - հիմնական անձը պատկերված է շրջակա աշխարհի առարկաների, բնության, ճարտարապետական մոտիվների ու այլ մարդկանց հետ սյուժետային կապով,
- Դիմանկար-զբոսանք - զբոսնող մարդու պատկերը բնության ֆոնին սկիզբ է առել Անգլիայում XVIII դարում և մեծ ժողովրդականություն է վայելել սենտիմենտալիզմի դարաշրջանում,
- Դիմանկար-տիպ - հավաքական կերպար, որ իր բնույթով նման է դիմանկարի,
- Զգեստավորված դիմանկար - մարդը պատկերված է ալեգորիկ, առասպելական, պատմական, թատերական կամ գրական հերոսի կերպարով,
- Ինքնադիմանկար
- Կրոնական դիմանկար - դիմանկարի հին ձև, երբ նվիրատվություն կատարած մարդը պատկերվում էր նկարում (օրինակ՝ Աստվածածնի հետ) կամ խորանի մի կողմում (հաճախ ծնկաչոք)։
-
Վասիլի Պերով, Դոստոևսկու դիմանկարը, 1872
-
Ուիլյամ Հոգարտ, Վուդս Ռոջերսի ու նրա ընտանիքի դիմանկարը
-
Էդգար Դեգա, Դայակի դիմանկարը երեխայի հետ
-
Պոլ Սեզան, Ինքնադիմանկար
-
Նաթանիել Զիխել, 1900
Բնանկարչություն
խմբագրելԲնանկարի պատկերման առարկան նախաստեղծ կամ մարդու կողմից որոշակիորեն փոփոխված բնությունն է։ Գոյություն է ունեցել հին դարերում, միջնադարում կորցրել է իր նշանակությունը և կրկին տարածում է գտել Վերածննդի դարաշրջանում՝ աստիճանաբար դառնալով գեղանկարչության հիմնական ժանրերից մեկը։
-
Ժան Ֆրանսուա Միլլե, Գարուն
-
Կոնստանտին Կրիժիցկի, Ճանապարհ, 1899
-
Ֆրեդերիկ դը Մուշերոն, Անտառային բնապատկեր, 1660-ական թվականներ
-
Ալբերտ Բիրշտադտ, Յոսեմիտի հովիտ, 1866
-
Վինսենթ վան Գոգ, Մարգագետին լեռներում
Ծովանկարչություն
խմբագրելԾովանկարում պատկերվում է ծովային տեսարան, ծովամարտ կամ ծովում տեղի ունեցող այլ իրադարձություն։ Ծովանկարչությունը բնանկարչության մի տեսակն է, որ առանձնացել է XVII դարի սկզբին Հոլանդիայում։
-
Էժեն Դելակրուա, Ծավը Դեպի բարձունքից, 1852, Լուվր
-
Թոմաս Մորան, Մայրամուտը ծովում, 1906, Բրուքլինի թանգարան
-
Ուիլյամ Թյորներ, Տրաֆալգարյան ճակատամարտ, 1822
-
Միխայիլ Տկաչենկո, «Մերկուրի» բրիգի մարտն ընդդեմ թուրքական նավերի 1829 թվականի մայիսի 14-ին, 1907
-
Ալեքսեյ Բոգոլյուբով, Աթոսի ճակատամարտը 1807 թվականի մայիսի 19-ին, 1853
-
Հովհաննես Այվազովսկի, Օդեսայի նավահանգիստ, Սև ծով, 1852
Պատմական գեղանկարչություն
խմբագրելՊատմական գեղանկարչությունն սկիզբ է առել Վերածննդի դարաշրջանում։ Այս ժանրն ընդգրկում է ոչ միայն իրականում տեղի ունեցած պատմական դեպքերի, այլև առասպելական ու աստվածաշնչյան թեմաներով նկարները, որոնք վերաբերում են առանձին ժողովրդի կամ մարդկության պատմությանը։
-
Կոռնելիս դը Վոս, Ալեքսանդր և Դիոգենե
-
Կոնստանտին Ֆլավիցկի, Իշխանուհի Տարականովա, 1864
-
Ֆեոդոր Բրոննիկով, Պյութագորականները տոնում են արևածագը, 1869
-
Ֆրանսիսկո Պրադիլյա, Արքայազն Խուանի՝ Ֆերդինանդի ու Իզաբելայի որդու մկրտությունը, 1910
Մարտանկարչություն
խմբագրելՄարտանկարչության պատկերման հիմնական առարկան ցամաքային ու ծովային մարտերն են, ինչպես նաև ռազմական արշավանքները։ Նկարիչը փորձում է պատկերել պատերազմի ամենավճռորոշ պահը, ցույց տալ կռվի հերոսականությունը, բացահայտել տվյալ մարտի պատմական նշանակությունը։
-
Ֆրանսուա Էդուար Պիկո, Կալեի պաշարումը, 1838
-
Անհայտ նկարիչ, Մարտ Օշայի մոտ
-
Յուզեֆ Բրանդտ, Կռիվ թուրքական դրոշի ներքո, 1905
-
Բորոդինյան համայնապատկերի մի հատված
-
Ժան-Բատիստ Դեբրե, Նապոլեոնի ելույթը բավարական զորքի առաջ Աբենսբերգում 1809 թվականի ապրիլի 20-ին
Նատյուրմորտ
խմբագրելՆատյուրմորտը անկենդան առարկաների պատկերումն է։ Սկիզբ է առել 15-16 դարերում, սակայն որպես առանձին ժանր ձևավորվել է միայն 17-րդ դարում հոլանդացի ու ֆլամանդացի գեղանկարիչների շնորհիվ։
-
Վիլլեմ Կլաս Հեդա, Նատյուրմորտ, 1637
-
Դավիթ Տենիրս Կրտսեր, Նատյուրմորտ, 1645-50
-
Ջոն Կոնստեբլ, Ծաղիկներ ապակե ծաղկամանում, 1814
-
Պոլ Սեզան, Սեղանի անկյունը, 1895-1900
-
Զիգմունդ Վալիշևսկի, Նատյուրմորտ, 1915
Կենցաղանկարչություն
խմբագրելԿենցաղային տեսարանները դեռ հնագույն ժամանակներից եղել են գեղանկարչության պատկերման առարկա, սակայն որպես առանձին ժանր կենցաղանկարչությունը ձևավորվել է միջնադարում և զարգացել նոր ժամանակներում։
-
Բեռնարդո Ստրոցի, Խոհարարուհի, 1625
-
Գաբրիել Մետսյու, Թռչնավաճառը, 1662
-
Յան Ստեն, 1665
-
Ռուդոլֆ Էպ, Գործող աղջիկը
Ճարտարապետական գեղանկարչություն
խմբագրելՃարտարապետական գեղանկարչության պատկերման հիմնական առարկան ճարտարապետական կառույցներն են ու դրանց ինտերիերը։
-
Հանս Վրեդեմեն դը Վրիս, «Architectural Landscape», 16-րդ դար, Էրմիտաժ
-
Ֆրանսու դը Նոմե, Explosão de una Catedral
-
Լուի Դեգար, Մառախուղ ու ձյուն, որ երևում են գոթական քանդված սյունաշարի միջով, 1826
-
Ադոլֆ Վեգելին, 1845
-
Վինսենթ վան Գոգ, Entrance Hall of Saint-Paul Hospital, 1889
Անիմալիստական գեղանկարչություն
խմբագրելԱնիմալիստական գեղանկարչության պատկերման առարկան կենդանիներն են։
-
Կիմ Հոն Դո, Վագրը սոճու տակ
-
Պաուլյուս Փոթթեր, 1649
-
Ջորջ Ստաբս, Քնած ընձառյուծ, 1777
-
Մելխիոր դե Հոնդեկուտեր, մոտ 1680
-
Ֆրանց Մարկ, 1912
Դեկորատիվ գեղանկարչություն
խմբագրելԹատերական-դեկորատիվ գեղանկարչությունն զբաղվում է թատերական ներկայացումների դեկորացիաների ու ներկայացումների ու ֆիլմերի համար հագուստի էսքիզների պատրաստմամբ[3]։
Դեկորատիվ որմնանկաչությունը դրվագազարդ կամ որոշակի սյուժե ունեցող կոմպոզիցիաներ են, որոնք նկարվում են ճարտարապետական կառույցների վրա[4]։
-
Թուլուզի քաղաքապետարան, առաստաղ
-
Ամառանոց Բոսկորեալեում, որմնանկար
-
Գերտ Նյուհաուս, որմնանկար, Շարլոտենբերգ
-
Մայա Մելանդսո, հատված
Նշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Владимирская А., Владимирский П. Искусство для простых смертных. М.: Вильямс, 2006.
- ↑ ««լեսել» - բացատրություն, հոմանիշներ, հականիշներ, դարձվածքներ». bararanonline.com. Վերցված է 2024-07-16-ին.
- ↑ Искусство. Современная иллюстрированная энциклопедия.» Под ред. проф. Горкина А.П.; М.: Росмэн; 2007. «живопись». Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «роспись декоративная». «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В.М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
Գրականություն
խմբագրել- Շիշմանյան Ռ․, Բնանկարն ու հայ նկարիչները, Ե․, 1958:
- Ազարյան Լ․Ռ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ․, Ե․, 1964:
- Հայկական մանրանկարչություն, Ե․, 1967։ Ավետիսյան Ա․ Ն․, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Ե․, 1971:
- Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 1-2, Ե․, 1971–75:
- Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII - XVIII դարերում, գեղանկարչություն Ե․, 1974:
- Дурново Л․ А․, Краткая история древнеармянской живописи, Е․, 1957;
- Измайлова Т․ А․, Айвазян М․ А․, Искусство Армении, М․, 1962;
- Недошивин Г․ А․, Беседы о живописи, 2 изд․, перераб․, М․, 1964;
- Всеобщая история искусств, т․ 1–6, М․, 1956–66;
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղանկարչություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 709)։ |