Վուդրո Թոմաս Ուիլսոն (անգլ.՝ Woodrow Thomas Wilson, դեկտեմբերի 28, 1856(1856-12-28)[1][2][3][…], Woodrow Wilson Birthplace, Ստոնտոն, Վիրջինիա, ԱՄՆ - փետրվարի 3, 1924(1924-02-03)[1][2][4][…], Woodrow Wilson House, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[5]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 28-րդ նախագահ (1913-1921), դեմոկրատական կուսակցությունից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1919)։ Հայտնի է նաև որպես պատմաբան և քաղաքագետ, 1890-1902 թվականներին եղել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1902-1910 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։

Վուդրո Վիլսոն
անգլ.՝ Woodrow Wilson
Thomas Woodrow Wilson, Harris & Ewing bw photo portrait, 1919.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Դեվեդսոն քոլեջ (1874), Փրինսթոնի համալսարան (1879), Ջոն Հոփկինսի համալսարան (1886) և Վիրջինիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ակադեմիկոս և պետական գործիչ
Ազգություն շոտլանդա-իռլանդական ծագմամբ ամերիկացիներ
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր դեկտեմբերի 28, 1856(1856-12-28)[1][2][3][…]
Ծննդավայր Woodrow Wilson Birthplace, Ստոնտոն, Վիրջինիա, ԱՄՆ
Վախճանի օր փետրվարի 3, 1924(1924-02-03)[1][2][4][…] (67 տարեկան)
Վախճանի վայր Woodrow Wilson House, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[5]
Գերեզման Վաշինգտոնի ազգային տաճար
Թաղված Վաշինգտոնի ազգային տաճար
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Woodrow Wilson
Հայր Ջոզեֆ Ռագլզ Վիլսոն
Մայր Janet Woodrow?[6]
Ամուսին Էդիթ Վիլսոն և Էլեն Վիլսոն
Զավակներ Մարգարեթ Վուդրո Վիլսոն, Ջեսի Վուդրո Վիլսոն և Էլեոնոր Վիլսոն Մակադու
 
Ինքնագիր Woodrow Wilson Signature 2.svg
 
Պարգևներ

Խաղաղության Նոբելյան մրցանակ, Սպիտակ Արծվի շքանշան, Նյու Ջերսիի փառքի սրահ, Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտոր, Յագելոնյան համալսարանի պատվավոր դոկտոր և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

1911-1913 թվականներին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ։

1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հանդես եկել (1917 թվականից) Անտանտի կողմում։ 1917 թվականին Միացյալ Նահանգները մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ Անտանտի կազմում։ 1918 թվականի հունվարին առաջ է քաշել խաղաղության ծրագիր՝ իր նշանավոր տասնչորս կետերը։ Առաջին աշխարհամարտում Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Թուրքիայի պարտությունից հետո՝ գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը Փարիզի խաղաղության վեհաժողովում։

Գլխավորել է ԱՍՆ-ի պատվիրակությունը Փարիզի խաղաղության վեհաժողով 1919-1920 թվականներին, որի արդյունքները, սակայն, անբարենպաստ եղան Վիլսոնի համար։ ԱՍՆ Սենատը հրաժարվեց վավերացնել Վերսալի հաշտության պայմանագիրը։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պահպանեցին իրենց առաջատար դերը համաշխարհային, հատկապես եվրոպական քաղաքականության մեջ, որն իր արտահայտությունը գտավ նաև Վիլսոնի նախաձեռնած Հայաստանի մանդատով (1920 թվականին ԱՍՆ-ի սենատը մերժեց այն) և Սևրի հաշտության պայմանագրով ստեղծվելիք Հայկական պետության սահմանների որոշման հարցում։ Նախագահության ժամկետն ավարտվելուց (1921) հետո հեռացել է քաղաքական գործունեությունից։

ԾագումԽմբագրել

Թոմաս Վուդրո Վիլսոնը ծնվել է Սթաունթոնում (Վիրջինիա նահանգ) աստվածաբանության դոկտոր Ջոզեֆ Վիլսոնի (1822-1903) և Ջանեթ Վուդրոյի (1826-1888) ընտանիքում[7]: Մոր ազգանունը դարձել է Վիլսոնի երկրորդ (իսկ հետագայում` նաև առաջին) անունը:

Վուդրո Վիլսոնի երակներում հոսել է շոտլանդական և իռլանդական արյուն: Նրա հայրական պապն ու տատը Ամերիկա են ներգաղթել 1807 թվականին Սթրաբեյն (անգլ.՝ Strabane) քաղաքից (Տիրոն կոմսություն, Հյուսիսային Իռլանդիա): Հաստատվելով Օհայո նահանգում` Վիլսոնի պապը շուտով սկսել է հրապարակել աբոլիցիոնիստական և բողոքական թերթ՝ «The Western Herald and Gazette»: Սթյուբենվիլ քաղաքում (Օհայո նահանգ) ծնվել է նրա Ջոզեֆ Ռագլզ որդին, որը հոր հետքերով չի գնացել:

Աստվածաբան Ջոզեֆ Ռագլզ Վիլսոնն ամուսնացել է Ջանեթ Վուդրոյի հետ: Նրա հայրը` դոկտոր Թոմաս Վուդրոն, և մայրը՝ Մերիոն Ուիլյամսոնը, եղել են շոտլանդացիներ: 1851 թվականին Ջոզեֆն ու Ջանեթը տեղափոխվել են Հարավ, որտեղ Ջոզեֆ Ռագլզ Վիլսոնը շուտով գնել է ստրուկներ՝ իրեն հռչակելով ստրկության ջատագով: Ընդ որում, լինելով առավել հումանիստ մարդ՝ Ջոզեֆն իր ստրուկների համար կազմակերպել է կիրակնօրյա դպրոց: 1861 թվականին Վիլսոնները հանդես են եկել Համադաշնության օգտին: Եկեղեցուն կից նրանք բացել են հոսպիտալ վիրավոր զինվորներին բուժելու համար: Ջոզեֆ Ռագլզ Վիլսոնը եղել է Պաստորական եկեղեցական համայնքի հիմնադիրներից մեկը: Շուտով նա որպես կապելան մտել է Համադաշնության բանակ: Վուդրո Վիլսոնի մանկական հիշողությունների ամենավառ տպավորություններից են եղել գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիի հետ հանդիպումն ու հոր խոսքը. «Նախագահ է ընտրվել Աբրահամ Լինքոլնը, ուրեմն պատերազմ կլինի»:

Մանկություն, պատանեկությունԽմբագրել

 
Վուդրո Վիլսոնը 1880-ական թվականներին

Թոմաս Վուդրո Վիլսոնը մինչև 12 տարեկան հասակը կարդալ չի իմացել՝ ուսումնառության մեջ որոշակի դժվարություններ դրսևորելով: Հետագայում նա սովորել է սղագրություն և զգալի ջանքեր է ներդրել, որ վերացնի ուսման մեջ ունեցած դժվարությունները: Նա տանը սովորել է հոր մոտ, այնուհետև Ավգուստի փոքր դպրոցում:

1873 թվականին ընդունվել է Հյուսիսային Կարոլինայի Դևիդսոնի քոլեջ, որտեղ պատրաստում էին պաստորական եկեղեցու ծառայողներ: Հիվանդության պատճառով 1874 թվականի ամռանը լքել է քոլեջը և հաստատվել Ուիլմինգթոնում (Հյուսիսային Կարոլինա նահանգ), որտեղ այդ ժամանակ ապրել է նրա ընտանիքը:

1875 թվականին ընդունվել է Փրինսթոնի համալսարան, որն ավարտել է 1879 թվականին: Ուսումնառության երկրորդ տարվանից սկսած՝ ակտիվորեն հետաքրքրվել է քաղաքական փիլիսոփայությամբ և պատմությամբ, եղել է ոչ պաշտոնական բանավեճային ակումբի անդամ, ինքնուրույն կազմակերպել Լիբերալ բանավիճային հասարակություն:

1879 թվականին Վիլսոնն ընդունվել է Վիրջինիայի համալսարանի իրավաբանական դպրոց, սակայն 1880 թվականի վերջին առողջական խնդիրների պատճառով մեկնել է Ուիլմինգթոն, որտեղ շարունակել է ինքնուրույն պարապմունքները:

Իրավաբանական գործունեությունԽմբագրել

1882 թվականին Ատլանտայում հաջողությամբ հանձնել է քննություն և ձեռք բերել իրավաբանական գործունեություն ծավալելու իրավունք: Վիրջինիայի համալսարանում Վիլսոնի համակուրսեցիներից մեկը նրան որպես գործընկեր հրավիրել է աշխատելու իրավաբանական գրասենյակում: Վիլսոնը նրան միացել է 1882 թվականի և սկսել իրավաբանական պրակտիկան: Քաղաքում խիստ մրցակցություն էր ընթանում 143 իրավաբանների միջև: Վիլսոնը հազվադեպ է վարել գործեր և շուտով հիասթափվել է իրավաբանական գործունեությունից: Նա ուսումնասիրել է օրենսդրություն՝ նպատակ ունենալով անցնել քաղաքականության ոլորտ, սակայն հասկացել է, որ չի կարող շարունակել գիատական հետազոտությունները և միաժամանակ զբաղվել իրավաբանական գոծունեությամբ: Այդ պատճառով 1883 թվականին նա թողել է իրավաբանական գործունեությունը ակադեմիական կարիերա սկսելու նպատակով:

Ակադեմիական գործունեությունԽմբագրել

1883 թվականի ապրիլին Վիլսոնն ընդունվել է Ջոնս Հոփքինսի համալսարանի ասպիրանտուրա, որպեսզի փիլիսոփայության դոկտորի կոչում ստանա պատմության ու քաղաքագիտության ոլորտում[8]: 1885 թվականի հունվարին լույս է տեսել նրա «Կոնգրեսի կառավարում. ամերիկյան քաղաքագիտության հետազոտություն» աշխատությունը, որով նախատեսվում էր ԱՄՆ-ի պետական իշխանության բարեփոխում գործադիր իշխանության` նախագահի և նրա կաբինետի անդամների ուժեղացման միջոցով: Այս գրքի համար Վիլսոնին շնորհվել է Ջոնս Հոփքինսի համալսարանի հատուկ մրցանակ:

1886 թվականին ստանալով դոկտորի աստիճան` Վիլսոնը մեկնել է պատմություն դասավանդելու Ֆիլադելֆիայի մերձակաքում գտնվող Բրին Մոր կանանց քոլեջում, այնուհետև տեղափոխվել է Ուեսլիան (Կոնեկտիկուտ) համալսարան: 1890 թվականին նրան հրավիրել են քաղաքագիտություն դասախոսելու Փրինսթոնի համալսարանում: Գրել է «Ամերիկյան ժողովրդի պատմություն» («A History of thé American People». Vol. 1—5, 1902) գիրքը: 1902-1910 թվականներին եղել է Փրիսնթոնի համալսարանի ռեկտորը:

Նյու Ջերսիի նահանգապետԽմբագրել

1910 թվականի նոյեմբերին Վուդրո Վիլսոնն ընտրվել է Նյու Ջերսիի նահանգապետ: Այս պաշտոնում նա չի հետևել կուսակցության քաղաքական գծին, և ինքնուրույն որոշումներ է կայացրել, թե ինչ պետք է արվի:

Վիլսոնը Նյու Ջերսիում անցկացրել է նախնական ընտրություններ ներկուսակցական թեկնածուների և սոցիալական բնույթի մի շարք օրենքների համար (օրինակ՝ աշխատողների ապահովագրություն դժբախտ դեպքերում): Այս ամենի շնորհիվ՝ նա հայտնի է դարձել մեկ շրջանի սահմաններից դուրս:

1912 թվականի նախագահական ընտրություններԽմբագրել

Վուդրո Վիլսոնը նախագահի թեկնածու է առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից՝ լինելով Նյու Ջերսիի նահանգապետ: Նրա թեկնածությունը Դեմոկրատական կուսակցությունն առաջ է քաշել հունիսի 25-ին Բալթիմորում կայացած հավաքից հետո՝ որպես ներկուսակցական պայքարի կոմպրոմիսային տարբերակ:

Ընտրություններում Վուդրո Վիլսոնի հիմնական մրցակիցներն էին ԱՄՆ-ի` այն ժամանակ գործող 27-րդ նախագահ Ուիլյամ Տաֆտը և ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտը, որը պաշտոնը թողնելուց հետո խզել էր կապերը Տաֆտի ու Հանրապետական կուսակցության հետ և հիմնել Առաջադիմական կուսակցությունը: Ռուզվելտը և Տաֆտը մրցակցում էին հանրապետականների ձայների համար՝ իրենց համախոհների դաշտում ճեղքում առաջացնելով, ինչը զգալիորեն հեշտացրել է դեմոկրատ Վուդրո Վիլսոնի խնդիրը: Ամերիկացի քաղաքագետների կարծիքով եթե Ռուզվելտը չմասնակցեր ընտրություններին, Վիլսոնը հազիվ թե հաղթեր Տաֆտին: Բացի այդ, 1912 թվականի հոկտեմբերի 30-ին մահացել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Շերմանը՝ Տաֆտին թողնելով առանց փոխնագահի թեկնածության:

Ընտրությունների արդյունքում Վուդրո Վիլսոնը ստացել է 41.8 % ձայն, Թեոդոր Ռուզվելտը՝ 27.4 % , Ուիլյամ Տաֆտը՝ 23.2 %: Վուդրո Վիլսոնը հաղթել է նահանգների մեծ մասում և արդյունքում ստացել ընտրիչների 531 ձայներից 435-ը: ԱՄՆ-ի փոխնախագահ է նշանակվել Թոմաս Մարշալը:

Վուդրո Վիլսոնը դարձել է հարավցի առաջին նախագահը 1848 թվականին ընտրված Զաքարի Թեյլորից հետո: Վիլսոնը եղել է ԱՄՆ-ի միակ նախագահը, որն ունեցել է դոկտորի աստիճան, և Թեոդոր Ռուզվելտի հետ երկու նախագահներից մեկը, որ եղել է Ամերիկյան պատմության միության նախկին նախագահը:

Նախագահական առաջին շրջան (1913-1917)Խմբագրել

 
1913 թվականի դեկտեմբերի 24-ի թերթ: Վիլսոնը ստորագրել է Դաշնային պահուստների մասին օրենքը: Դաշնային պահուստի ստեղծումը ԱՄՆ-ի պետական կառուցվածքի սկզբունքային բարեփոխում էր: ԱՄՆ-ի նոր ու միակ փողը այդ բարեփոխմամբ դառնում էր «Federal Reserve Note»-ը: ԱՄՆ-ի հետագա պատմության մեջ միայն Ջոն Քենեդին է փորձել տպագրել այլ փող:

Առաջին նախագահության տարիներին Վուդրո Վիլսոնն իր «Նոր ազատություն» քաղաքականության շնորհիվ անցկացրել է տնտեսական բարեփոխումներ. ստեղծել է դաշնային պահուստների համակարգ, իրականացրել է բանկային բարեփոխումներ, հակամենաշնորհային ռեֆորմ[9]: Արտաքին քաղաքականության մեջ զբաղեցրել է չեզոք դիրք՝ փորձելով երկիրը զերծ պահել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշվելուց:

Արտաքին քաղաքականությունԽմբագրել

1914-1917 թվականներին Վուդրո Վիլսոնը հեռու է պահել երկիրը Առաջին համաշխարհայինի մեջ ներքաշվելուց: 1916 թվականին նա՝ որպես միջնորդ, իր ծառայություններն է առաջարկել, սակայն հակամարտող կողմերը լուրջ չեն վերաբերվել նրա առաջարկությանը: Հանրապետականները, որոնց առաջնորդում էր Թեոդոր Ռուզվելտը, քննադատել են Վիլսոնին խաղաղասիրական քաղաքականության և ուժեղ բանակ ստեղծելու ցանկություն չունենալու համար: Դրա հետ մեկտեղ, Վիլսոնը վայելել է պացիֆիստ ամերիկացիներների համակրանքը՝ պնդելով, որ սպառազինությունների մրցավազքը կհանգեցնի ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելուն: Վիլսոնն ակտիվորեն ելույթ է ունեցել Անսահմանափակ ստորջրյա պատերազմի դեմ (պատերազմի տեսակ ծովային թատերաբեմում, որի ժամանակ սուզանավերը խորտակում էին քաղաքացիական առևտրական նավեր` առանց հաշվի առնելու ծովային պատերազմի կանոնները), որը հռչակել էր Գերմանիան: Անսահմանափակ ստորջրյա պատերազմում գերմանական զորքերը ոչնչացրել են տարածք մտած նավեր, որոնք պատկանել են Մեծ Բրիտանիային: 1915 թվականի մայիսի 7-ին գերմանական ստորջրյա նավերը խորտակել են ուղևորատար «Լուզիտանիա» նավը, որի արդյունքում մահացել է մոտ 1.000 մարդ, որից 124-ը եղել է ամերիկացի: Դա առաջացրել է ԱՄՆ-ի վրդովմունքը: 1916 թվականին ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Գերմանիային անսահմանափակ ստրոջրյա պատերազմն ավարտելու պահանջով, նաև պաշտոնաթող է արել իր՝ խաղաղասիրական տրամադրություններ ունեցող պետքարտուղար Բրայանին: Գերմանիան համաձայնել է Վիլսոնի պահանջներին, ինչից հետո Մեծ Բրիտանիայից պահանջել է սահմանափակել Գերմանիայի ծովային շրջափակումը, ինչն էլ հանգեցրել է անգլո-ամերիկյան հարաբերությունների բարդացմանը:

1916 թվականի նախագահական ընտրություններԽմբագրել

1916 թվականին Վիլսոնը դարձյալ առաջադրվել է նախագահի թեկնածու: Վիլսոնի գլխավոր կարգախոսն է եղել. «Նա մեզ պաշտպանել է պատերազմից»: Վիլսոնի ընդդիմախոս և հանրապետականների թեկնածու Չարլզ Էվանս Հյուզը արտահայտվել է այն բանի օգտին, որ մեծ ուշադրություն պետք է հատկացվի մոբիլիզացիային և պատերազմի նախապատրաստությանը, իսկ Վիլսոնի կողմնակիցները վերջինիս մեղադրել են այն բանի համար, որ նա երկիրը ներքաշում է պատերազմի մեջ: Վիլսոնը հանդես է եկել բավական խաղաղասիրական ծրագրով՝ միաժամանակ ճնշում գործադրելով Գերմանիայի վրա և նպատակ ունենալով դադարեցնել ստորջրյա անսահմանափակ պատերազմը: Նախընտրական քարոզչության ժամանակ Վիլսոնը շեշտադրել է իր կատարած նվաճումները՝ զերծ մնալով Հյուզի ուղղակի քննադատությունից:

Վիլսոնը դժվարությամբ է հաղթել ընտրություններում. ձայների հաշվարկը տևել է մի քանի օր և առաջացրել վիճաբանություններ: Այսպես, Կալիֆորնիայում Վիլսոնը հաղթել է ոչ մեծ առավելությամբ՝ 3773 ձայնով, Նյու Հեմփշիրում՝ 54 ձայնով, իսկ Մինեսոտայում Հյուզը պարտվել է 393 ձայնով: Ընտրիչների քվեարկության ժամանակ Վիլսոնի օգտին գրանցվել է 277 ձայն, իսկ Հյուզի օգտին՝ 254: Կա կարծիք, որ 1916 թվականի ընտրություններում Վիլսոնը հիմնականում հաղթել է այն ընտրողների հաշվին, որոնք 1912 թվականին սատարել էին Թեոդոր Ռուզվելտին և Յուջին Դեբսին:

Նախագահական երկրորդ ժամկետԽմբագրել

Նախագահական երկրորդ ժամկետում Վուդրո Վիլսոնն իր ջանքերը կենտրոնացրել է Առաջին համաշխարհային պատերազմի վրա, որի մեջ ԱՄՆ-ն ներգրավվել է 1917 թվականի ապրիլի 6-ին՝ Վիլսոնի նախագահական երկրորդ ժամկետը ստանձնելուց քիչ անց:

ԱՄՆ-ի որոշումը պատերազմին մասնակցելու մասինԽմբագրել

 
Նախագահ Վուդրո Վիլսոնը Կոնգրեսի առաջ բարձրացնում է Գերմանիային պատերազմ հռչակելու հարցը, 1917 թվականի փետրվարի 3-ի նիստ

Երբ 1917 թվականի սկզբին Գերմանիան վերսկսել է ստորջրյա անսահմանափակ պատերազմը, Վիլսոնը որոշում է կայացրել ԱՄՆ-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմում ներգրավելու մասին: Նա դաշնակցային համաձայնագրեր չի կնքել Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի հետ՝ գերադասելով գործել ոչ թե իբրև դաշնակից, այլ աջակից պետություն: Նա ձևավորել է մեծաթիվ բանակ և հրամանատար նշանակել գեներալ Ջոն Պերշինգին՝ նրան բավական ազատություն տրամադրելով տակտիկական հարցերում, ռազմավարության և նույնիսկ դիվանագիտության մեջ: Վիլսոնը կոչ է արել «պատերազմ հռչակել բոլոր պատերազմներն ավարտելու նպատակով»: Սա նշանակում է, որ Վիլսոնը ցանկանում էր հիմք դնել առանց պատերազմների խաղաղության համար, կանխել հետագա աղետաբեր պատերազմները, ավերածություններն ու մահերը: Այս նպատակն էին հետապնդում Վուդրո Վիլսոնի 14 կետերը, որոնք մշակվել ու առաջադրվել են տարածքային վեճերը լուծելու, ազատ առևտուր հաստատելու, խաղաղությունը պահող կազմակերպություն (այն հետագայում ձևավորվեց Ազգերի լիգայի տեսքով) ստեղծելու համար: Վուդրո Վիլսոնն այդ ժամանակ որոշեց, որ պատերազմը սպառնալիք է ողջ մարդկության գոյությանը: Պատերազմում ներգրավվելու մասին իր ճառում նա հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չներգրավվի պատերազմում, ապա արևմտյան քաղաքակրթությունը կարող է կործանվել:

Տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը պատերազմի սկզբինԽմբագրել

Որպեսզի հայրենիքում ճնշի պարտվողական, անկումային տրամադրությունները, Վիլսոնը Կոնգրեսի միջոցով օրենքներ է ընդունել լրտեսության (1917) և ապստամբության (1918) մասին, որոնք ուղղված էին հակաբրիտանական, հակառազմական ու գերմանամետ տրամադրությունները ճնշելուն: Նա սատարում էր սոցիալիստներին, որոնք, իրենց հերթին, կողմ էին պատերազմին մասնակցությանը: Չնայած Վիլսոնը համակրանք չի տածել արմատական կազմակերպությունների հանդեպ, սակայն նրանք տեսնում էին նախագահի վարչակարգի առավելությունները, աշխատավարձի աճը: Բացի դրանից, չէր գործում գների կարգավորում, և ապրանքների գները կտրուկ աճում էին: Երբ ավելացվել է եկամտահարկը, ամենից շատ տուժել է մտավոր աշխատանք կատարող խավը: Մեծ հաջողություն են ունեցել ռազմական բաժնետոմսերը, որոնք թողարկում էր կառավարությունը:

Վիլսոնը ստեղծել է հասարակության հետ կապերի կոմիտե Ջորջ Կրիլի գլխավորությամբ, որը տարածում էր հայրենասիրական, հակագերմանական տրամադրություններ և տարբեր տեսակի գրաքննություն էր սահմանում: Այն հետագայում ստացել է «զամբյուղային կոմիտե» («Creel Commission») մականունը:

Վուդրո Վիլսոնի գաղափարը՝ հավաքական անվտանգության սկզբունքըԽմբագրել

Իրենց էությամբ հավաքական անվտանգության և դաշինքների ստեղծման համակարգերը լիովին տարբեր երևույթներ են։ Այսպես՝

  • Դաշինքներն ուղղված են ընդդեմ կոնկրետ սպառնալիքի և ենթադրում են կոնկրետ պարտավորություններ երկրների որոշակի խմբի համար։ Մինչդեռ հավաքական անվտանգության սկզբունքը չի ներառում կոնկրետ սպառնալիքի առկայություն և չի տալիս երաշխիքներ որևէ առանձին երկրի։ Այն հակադրվում է խաղաղության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի, անկախ նրանից, թե ով է դրա կրողը, կամ ում դեմ է այն ուղղված։
  • Դաշինքները ենթադրում են կոնկրետ հակառակորդի առկայություն։ Մինչդեռ հավաքական անվտանգության համակարգը պաշտպանում է միջազգային իրավունքը վերացականորեն։ Կարգուկանոնը նրա միջոցով ապահովվում է ճիշտ այնպես, ինչպես քրեական օրենսգիրքն է ապահովում երկրի իրավական համակարգը։

Վուդրո Վիլսոնի 14 կետերԽմբագրել

1918 թվականի հունվարի 8-ին Կոնգրեսում ունեցած իր ելույթում Վուդրո Վիլսոնը հռչակել է պատերազմի նպատակների մասին իր թեզերը, որոնք հայտնի են «14 կետեր» անվանումով[10]: Ստորև ներկայացվում է դրանց համառոտ բովանդակությունը[11]:

  1. Խաղաղության պայմանագրերի կնքում։
  2. Ծովերում նավագնացության բացարձակ ազատություն։
  3. Առևտրի ազատություն՝ մաքսային պատնեշների վերացում։
  4. Զինաթափման երաշխիքներ։
  5. Գաղութային հարցերի անկանխակալ կարգավորում։
  6. Գերմանիայի կողմից ռուսական բոլոր բռնազավթված տարածքների ազատագրում։
  7. Բելգիայի ազատագրում և պետության վերականգնում։
  8. Գերմանիայի կողմից բռնազավթված ֆրանսիական տարածքների վերադարձ՝ ներառյալ Էլզաս-Լոթարինգիան։
  9. Իտալիայի սահմանների ճշգրտում։
  10. Ավստրո-Հունգարիայի ժողովուրդներին ինքնիշխանության տրամադրում[12]։
  11. Գերմանիայի կողմից բռնազավթված Ռումինիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքների ազատագրում, Սերբիային դեպի ծով ելքի տրամադրում։
  12. Օսմանյան տերության թուրքական մասերի ինքնուրույն գոյություն և ազգային երկրամասերի ինքնիշխանություն։
  13. Լեհաստանի անկախ պետության ստեղծում։
  14. Ազգերի համընդհանուր միության (Ազգերի լիգա) ստեղծում՝ տարածքային ամբողջականության և մեծ ու փոքր պետություններին հավասարապես քաղաքական անկախության երաշխիքների տրամադրման նպատակով։

Վիլսոնի ելույթը ոչ միանշանակ ընդունելություն է գտել ինչպես հենց ԱՄՆ-ում, այնպես էլ դաշնակից երկրներում: Ֆրանսիան ցանկանում էր Գերմանիայից ստանալ պատերազմական տուգանքներ, քանի որ ֆրանսիական արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ոչնչացել էին պատերազմի արդյունքում, իսկ Մեծ Բրիտանիան՝ որպես ռազմա-ծովային ամենահզոր տերություն, չէր ցանկանում ծովագնացության ազատություն: Վիլսոնը փոխզիջումների է գնացել Կլեմանսոյի, Լլոյդ Ջորջի և եվրոպական այլ առաջնորդների հետ, որպեսզի 14 կետերը, այնուամենայնիվ, կատարվեն, և ստեղծվել է Ազգերի լիգան: Ի վերջո, Ազգերի լիգայի համաձայնությունը ձախողել է Կոնգրեսը, իսկ Եվրոպայում 14 կետերից կյանքի են կոչվել միայն 4-ը:

Ռազմական ու դիվանագիտական այլ գործողություններԽմբագրել

1914-1918 թվականներին ԱՄՆ-ն բազմիցս միջամտել է Լատինական Ամերիկայի, հատկապես Մեքսիկայի, Հաիթիի, Կուբայի, Պանամայի գործերին: ԱՄՆ-ն զորքեր է մտցրել Նիկարագուա՝ դրանք օգտագործելով նախագահի թեկնածուներից մեկի օգտին, իսկ հետո ստիպել է կնքել Բրայան-Չամորոյի համաձայնագիրը: Հաիթիում ամերիկյան զորքերը տեղի խորհրդարանին պարտադրել են ընտրել Վիլսոնի սատարումը վայելող թեկնածու և այնտեղ մնացել 1915-1934 թվականներին:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանում տեղի է ունեցել Հոկտեմբերյան հեղափոխությունը և այն դուրս է եկել պատերազմից, դաշնակիցները զորքեր են ուղարկել, որպեսզի կանխեն բոլշևիկների կամ գերմանացիների կողմից զենքի, ռազմամթերքի յուրացումը, որոնք դաշնակիցները որպես օգնություն տրամադրում էին Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը: Վուդրո Վիլսոնն արշավախմբեր է ուղարկել Տրանսսիբիրյան երկաթուղի, նավահանգիստներ Արխանգելսկ և Վլադիսվոստոկ՝ նպատակ ունենալով ժամանակավոր կառավարության մատակարարումներն առգրավելու: Նրանց նպատակը չի եղել բոլշևիկների դեմ պայքարը, չնայած հնարավոր չի եղել խուսափել մի քանի բախումներից: Վիլսոնը հիմնական ուժերը հետ է կանչել 1920 թվականի ապրիլի 1-ից, չնայած որոշ ստորաբաժանումներ մնացել են մինչև 1922 թվականը: Առաջին համաշխարհային պատերազմի վերջին Վիլսոնը Լանսինգի և Կոլբիի հետ սառը պատերազմի հիմքերն է գցել:

1919 թվականի Վերսալյան պայմանագիրԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Վիլսոնը մասնակցել է բանակցություններին, որոնցում վճռվում էին հալածված ազգերի պետականության և իրավահավասար աշխարհ հաստատելու հարցերը: 1918 թվականի հունվարի 8-ին Վիլսոնը Կոնգրեսում հանդես է եկել ելույթով, որոնցում հնչեցրել է խաղաղության իր թեզերը, ինչպես նաև Ազգերի լիգայի գաղափարը՝ նպատակ ունենալով պահպանել մեծ ու փոքր ազգերի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական անկախությունը: Նա իր 14 կետերում մատնանշել է պատերազմի ավարտին բոլոր ազգությունների համար իրավահավասար աշխարհի ստեղծումը:

Դեռևս 1918 թվականին Ս. Էքսոնի հետ իր զրույցում Վուդրո Վիլսոնը հայտարարել է.

  Աշխարհն արմատապես փոխվում է, և ես համոզված եմ, որ կառավարությունները շատ ջանքեր պիտի իրականացնեն, ինչը ներկայումս բաժին է ընկնում առանձին անձանց ու կորպորացիաների:  


Վիլսոնը վեց ամիս է անցկացրել Փարիզում՝ մասնակցելով Փարիզի խաղաղության վեհաժողովին՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որ այդ պաշտոնում այցելել է Եվրոպա: Նա մշտապես աշխատել է իր պլանների զարգացման ուղղությամբ՝ Վերսալյան պայմանագրում ամրապնդելով Ազգերի լիգայի դիրքը: Վիլսոնը հանդես է եկել Չեխոսլովակիայի անկախության գաղափարի օգտին:

Վուդրո Վիլսոնին խաղաղությունն ամրապնդելու իր ջանքերի համար 1919 թվականին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ (այս մրցանակը շնորհվել է ԱՄՆ չորս նախագահների միայն): Սակայն Վիլսոնը ի վիճակի չի եղել Սենատում վավերացնել Ազգերի լիգայի համաձայնագիրը, և ԱՄՆ-ն չի միացել դրան: Հանրապետականները, որոնց գլխավորում էր սենատոր Հենրի Լոջը, Սենատում 1918 թվականի ընտրություններից հետո մեծամասնություն էին կազմում, բայց Վիլսոնը հրաժարվել է Փարիզի բանակցություններին հանրապետականներին թույլ տալուց՝ մերժելով նաև նրանց առաջարկած շտկումները: Հիմնական տարաձայնություններն այն հարցի շուրջ էին, թե արդյոք Ազգերի լիգան իրավունք ունի Կոնգրեսի՝ պատերազմ հռչակելու իրավունքը սահմանափակելու: Պատմաբանները Վիլսոնի վարչակարգի՝ Ազգերի լիգա մտնելու անհաջող փորձը համարում են նրա ամենամեծ ձախողումը:

1920-ական թվականների առաջին կեսին Մյունխենում աշխատած ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Մերֆին իր հուշերում գրել է. «Իմ ամբողջ տեսածից մեծ տարակուսանք է առաջացել Վուդրո Վիլսոնի մոտեցման ճիշտ լինելը, որը փորձում էր ուժով լուծել ինքնորոշման հարցերը: Նրա արմատական գաղափարները  և եվրոպական քաղաքականության պրակտիկ տեսանկյունների մակերեսային իմացությունը ավելի շատ է հանգեցրել եվրոպական ապաինտեգրացման»[13]:

Պատերազմի ավարտԽմբագրել

Վիլսոնը բավարար ուշադրություն չի հատկացրել հետպատերազմյան ապամոբիլիզացմանը. այդ գործընթացը եղել է վատ կառավարելի ու քաոսային: Մոտ չորս միլիոն զինվոր տուն է ուղարկվել ոչ մեծ գումարով: Շուտով սկիզբ են առել խնդիրներ գյուղատնտեսության մեջ. շատ ֆերմերներ սնանկացել են: 1919 թվականին հուզումներ են սկսվել Չիկագոյում և այլ քաղաքներում:

Նյու Յորքում և այլ քաղաքներում արմատական անարխիստների մի շարք հարձակումներից հետո Վուդրո Վիլսոնը գլխավոր դատախազ Միտչել Պալմերին ուղղորդել է վերջ դնել բռնությանը: Որոշում է ընդունվել ներքին քարոզիչներին ձերբակալելու մասին:

Կառավարման վերջին տարիներին Վիլսոնը խզել է իր հարաբերությունները քաղաքական շատ համախոհների հետ: Նա ցանկացել է գնալ նախագահական երրորդ շրջանի, սակայն Դեմոկրատական կուսակցությունը չի սատարել նրան:

Նախագահի անգործունակություն (1919-1921)Խմբագրել

1919 թվականին Վիլսոնն ակտիվորեն քարոզել է Ազգերի լիգայի համաձայնագրի վավերացումը, ելույթներով հանդես է եկել երկրում, ինչի արդյունքում ֆիզիզկական ծանրաբեռնվածություն ու հոգնածություն է զգացել: 1919 թվականի սեպտեմբերի 25-ին Պուեբլոյում (Կոլորադո նահանգ) ունեցած իր ելույթից հետո նա ծանր կաթված է տարել, ինչի արդյունքում պարալիզացվել է մարմնի ձախ կողմը, մի աչքը կուրացել: Հետագա մի քանի ամիսներին նա կարողացել է տեղաշարժվել միայն անվասայլակով, իսկ հետո՝ ձեռնափայտի օգնությամբ: Պարզ չէ, թե այդ ընթացքում ով է պատասխանատու եղել գործադիր իշխանության որոշումների համար: Կա կարծիք, որ դա հավանաբար եղել է առաջին տիկինը և նախագահի խորհրդականները: Նախագահի մերձավոր շրջանակները նրա կնոջ գլխավորությամբ ամբողջությամբ մեկուսացրել են փոխնախագահ Թոմաս Մարշալին թղթերի ստորագրումից, նախագահական նամակագրությունից: Մարշալը չի հանդգնել իր պաշտոնից բխող լիազորություններն իրականացնել, չնայած քաղաքական որոշ ուժեր հնչեցրել են դրա կոչը:

Պաշտոնաթողությունից հետոԽմբագրել

1921 թվականին Վուդրո Վիլսոնն ու նրա կինը լքել են Սպիտակ տունը և հաստատվել Վաշինգտոնի Դեսպանական թաղամասում (Embassy Row): Նույն թվականին Վիլսոնին շնորհվել է Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[14]: Վերջին տարիներին Վիլսոնը ծանր է տարել Ազգերի լիգայի ստեղծման որոշ անհաջողություններ՝ կարծելով, որ խաբել է ամերիկացի ժողովրդին՝ նրան իզուր ներքաշելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:

Վուդրո Վիլսոնը մահացել է 1924 թվականի փետրվարի 3-ին և թաղվել Վաշինգտոնի Մայր տաճարում:

ՆախասիրություններԽմբագրել

Վուդրո Վիլսոնը եղել է մոլի ավտոսիրող: Նա ավտոմոբիլով ամենօրյա ուղևորություններ է կատարել՝ նույնիսկ արդեն նախագահի պաշտոնում: Նախագահի այդ նախասիրությունն ազդել է հասարակական ճանապարհների կառուցմանը:

Վուդրո Վիլսոնը եղել է նաև բեյսբոլի սիրահար: Ուսանողական տարիներին նա խաղացել է ուսանողական թիմի կազմում, իսկ 1916 թվականին դարձել ԱՄՆ-ի առաջին նախագահը, որ այցելել է բեյսբոլի աշխարհի առաջնությանը:

ՀիշատակԽմբագրել

 
100.000 դոլար ինքնարժեքով ԱՄՆ դոլար՝ Վուդրո Վիլսոնի պատկերով
 
Վիլսոնի պատկերով ԱՄՆ նամականիշ, 1955
  • 1944 թվականին Վուդրո Վիլսոնի մասին նկարահանվել է ինքնակենսագրական «Վիլսոն» (անգլ.՝ Wilson) ֆիլմը, որի ռեժիսորն է Հենրի Քինգը, իսկ գլխավոր դերում նկարահանվել է Ալեքսանդր Նոքսը: Ֆիլմն արժանացել է 5 Օսկարի:
  • Վուդրո Վիլսոնը պատկերված է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ արժեքով՝ 100.000 դոլար արժողությամբ թղթադրամին:
  • 1968 թվականին նախագահի պատվին հիմնադրվել է Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնը:
  • Լեհական Պոզնան քաղաքում կանգնեցվել է Վուդրո Վիլսոնի հուշարձանը, որը տեղադրված է լեհ հեղափոխական, աշխատավորական շարժման գործիչ Մարցին Կասպշակի հուշարձանի տեղում:
  • 2011 թվականի նոյեմբերի 5-ին Պրահայում բացվել է Վուդրո Վիլսոնին նվիրված հուշարձան: Այն երկրորդն է. առաջինը ոչնչացվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
  • «Սիմփսոնները» մուլտսերիալի «Բարթը սիրեկան» սերիայում Բարթը նամակագրություն է հաստատում միսս Կրաբափլի հետ՝ ներկայանալով որպես Վուդրո Վիլսոն:
  • 2020 թվականին Հայաստանում քաղաքագետ Արա Պապյանը, կարևորելով «Վուդրո Վիլսոնի անուրանալի դերը հարյուր հազարավոր հայ որբերի փրկության գործում, ինչպես նաև նրա կայացրած Իրավարար վճռի (22 նոյեմբեր, 1920 թվական) կարևորությունը Հայաստանի Հանրապետության ապագայի համար», ստորագրահավաք է նախաձեռնել Երևանում Վուդրո Վիլսոնի արձանը տեղադրելու համար:

Վիլսոնը և Հայկական հարցըԽմբագրել

 
«Քառյակը» Վերսալյան կոնֆերանսից առաջ

Վիլսոնը Հայկական հարցի հայանպաստ լուծման և անկախ հայկական պետության հզորացման ջատագով էր։ Պաշտպանում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափարը։ Սևրի պայմանագրի իրողություները ամրագրելու նպատակով Ազգերի լիգայի հանձնարարությամբ Վիլսոնի կողմից գծվեց թուրք-հայկական նոր սահմանագիծը (հայտնի է Վիլսոնի իրավարարական պայմանակարգ կամ Վիլսոնի իրավարար վճիռ անուններով)։ Սակայն արագ փոփոխվող միջազգային կացությունը, Անտանտի երկրների միջև հակասությունների սրումը, Խորհրդային Ռուսաստանի հզորացումը և հակագրոհը, այդ նպատակով նրա մերձեցումը Քեմալական Թուրքիայի հետ, որի արդյունքում դադարեց Հայաստանի առաջին հանրապետության գոյությունը՝ ձախողելով ոչ միայն Սևրի պայմանագրի, այլև Վիլսոնի իրավարար վճռի իրագործումը։


Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 American National Biography — 1999.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118643401 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  6. Lundy D. R. The Peerage
  7. Heckscher (1991), p. 4
  8. Mulder (1978), pp. 71–72
  9. Яковлев, 1971, էջ 14
  10. Четырнадцать пунктов Вильсона
  11. История. «14 пунктов» Вильсона Արխիվացված է Օգոստոս 25, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  12. Preclík, Vratislav. Masaryk a legie (Masaryk and legions), váz. kniha, 219 pages, first issue vydalo nakladatelství Paris Karviná, Žižkova 2379 (734 01 Karviná - Mizerov, Czech Republic) ve spolupráci s Masarykovým demokratickým hnutím (in association with the Masaryk Democratic Movement, Prague), 2019, ISBN 978-80-87173-47-3, pages 36 - 39, 41 - 42, 106 - 107, 111-112, 124–125, 128, 129, 132, 140–148, 184–199.
  13. Пападаки Валериан Георгиевич. дипломат среди воинов
  14. «Uniwersytet Warszawski»։ 2013-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-22-ին։ Վերցված է 2017-10-02 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 111  
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վուդրո Վիլսոն հոդվածին