Հայ դատ (անգլ. Armenian National Committe^iuj ազգային կոմիտե), ՀՅԴ կուսակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հասարակական աշխատանքների և կառավարական հարաբերությունների ազգային հանձնախումբ։ Պաշտպանում է հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները, ներկայացնում հայության հավաքական տեսակետը բոլոր մակարդակներով։ ԱՄՆ-ում ունի երկու հիմնական բաժանմունք արևելյան և արևմտյան։ Տնօրենների խորհուրդը հարաբերություններն իրականացնում է ֆեդերալ,իսկ մասնաճյուղային խորհուրդները՝ շրջանային մակարդակով։ Հայ դատի գրասենյակներ ունի Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, հանձնախմբեր՝ ԱՄՆ-ի մյուս հայաշատ քաղաքներում։

Հայ դատի կանոնադրություն

խմբագրել

Ըստ հանձնախմբի կանոնադրության, Հայ դատը կամ ավելի լայն առումով՝ հայկական հարցը մի համադրույթ է, որն ունի քաղաքական, տարածքային, բարոյական, սոցիալ-տնտեսական և իրավական հայեցակետ։ Ելնելով հայ իրականության այժմյան վիճակից, երբ ներկա Հայաստանի մեջ և Կովկասի հայաբնակ շրջաններում ապրում է հայ ժողովրդի գրեթե կեսը, մյուսը՝ խորհրդային Միության այլ մասերում ու աշխարհի շատ երկրներում, իսկ Հանրապետության տարածքը զբաղեցնում է Սևրի պայմանագրով (1920) ճանաչված և Վ. Վիլսոնի գծած սահմաններով հայկական հողերի միայն 1/6 մասը, երբ բռնագրավված արևմտյան Հայաստանը ամայի ու դատարկված է մնում իր բնիկ բնակչությունից (մինչդեռ սփյուռքահայերը իրենց ինքնությունը կորցնելու մշտական վտանգի տակ են), և թուրք, կառավարությունը նպատակամղված փորձում է ջնջել արևմտյան Հայաստանում հայերի պատմական ներկայության ամեն մի հետք (պատմ. հուշարձանների ավերում ու դրանց պատկանելության խեղաթյուրում). երբ միջազգային իրավունքը 1915-ին սկսված հայերի ցեղասպանությունը ճանաչում է որպես շարունակվող հանցանք, Հայ դատը գտնում է, որ Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանը պետք է միավորվեն մեկ միացյալ հայկական պետության մեջ։ Այն պետք է ընդգրկի նաև ԽՍՀՄ-ի (այժմ արդեն՝ նախկին) հայկական այն տարածքները, որոնք արհեստականորեն անջատվել են այսօրվա Հայաստանից։ Հայկական հարցի լուծումը պահանջում է ոչ միայն գոհացում ու հատուցում ցեղասպանության կամ հայերի կորուստների համար, այլև ազատ և դեմոկրատ, պետության ստեղծում։

Հայ դատի գործառույթները

խմբագրել

Հայ դատի քաղաքական գործողությունների և կառավարական կապերի բաժինը օժանդակում է հայերի ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ստեղծմանը տեղական, ֆեդերալ և միջազգային մակարդակներով, ուշադրություն հրավիրում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների վրա։ Նշելի միջոցառումներից են հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը (1984) և Լեռնային Ղարաբաղի մասին սենատի հանձնարարականը (1989)։ Կալիֆորնիայում նահանգային իշխանությունների որոշմամբ 1990-ի ապրիլի 24-ը նշվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Նահանգի հանրային դպրոցներում մտցվել են հայերի ցեղասպանության դասընթացներ, կազմըվել դասագիրք «Հայ դատ»։ Հայ դատը ֆինանսավորել է ցեղասպանության մասին կինոֆիլմերի արտադրությունը, ցույցեր ու հանրային այլ միջոցառումներ կազմակերպել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ դատապարտելով հայերի ցեղասպանությունն ու ջարդերը այդ երկրներում, Արցախի ու Հայաստանի շրջափակումը։

Հայ դատի հանձնախմբերը

խմբագրել

Հայ դատին կից գործում է հետազոտական կենտրոն, որն ուսումնասիրում և վերլուծում է իրադրությունը Հայաստանում, Անկախ պետությունների համագործակցությունում և Թուրքիայում։ Նրա ջանքերով մասնավորապես լույս են տեսել հայոց ցեղասպանությանը, Արցախի և Ադրբեջանի իրադրությանը վերաբերող մի շարք աշխատություններ։ Հայ դատի տեղական հանձնախմբեր են գործում Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, 1991ից՝ Երևանում։ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում և Գերմանիայում գործող Հայ դատի հանձնախմբերը 1970-1980-ական թթ. զգալի աշխատանք կատարեցին հայկական հարցի վերաբերյալ միջազգային հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ, նպաստեցին հայկական հարցի քննարկմանը Եվրոպական խորհրդարանում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։