Մոնթե Մելքոնյան

Հայաստանի ազգային հերոս

Մոնթե Մելքոնյան (մարտական անունը՝ Ավո, նոյեմբերի 25, 1957, Վիսեյլիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 12, 1993, Մարզիլի, հայ-ադրբեջանական շփման գիծ), Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից[2]։

Մոնթե Մելքոնյան
նոյեմբերի 25, 1957(1957-11-25)[1] - հունիսի 12, 1993(1993-06-12)[1] (35 տարեկան)
ԾննդավայրՎիսեյլիա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մահվան վայրԱրցախ Մարզիլի գյուղ, Մարտունու շրջան, Արցախ
ԳերեզմանԳերեզման` Մոնթե Մելքոնյանի (Ավո)
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ
Ծառայության տարիներԼիբանան 1978-1982 թթ.
{{{ASALA}}} ՀԱՀԳԲ 1982-1983 թթ.
Հայաստան (Արցախ) ՊԲ 1990-1993 թթ.
ԿոչումՀՀ ԶՈՒ փոխգնդապետ
Հրամանատարն էրԻՊՈՒ Մարտունու ՊՇ
ՊաշտոնՇտաբի պետ
Մարտեր/
պատերազմներ
Լիբանանի Քաղաքացիական պատերազմ, Արցախյան ազատամարտ և Վան ռազմագործողություն
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ՊարգևներՀայաստանի ազգային հերոսի կոչում

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին Մեծ Եղեռնից փրկված և ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսեյլիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում։ 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան՝ իր պապերի ծննդավայրը։ Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը 1972 թվականի ամռանը տասնհինգամյա Մոնթե Մելքոնյանը ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մինչ ավագ դպրոցի նոր ուսումնական տարվա մեկնարկը դպրոցի տնօրեն Դեյվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ երկրի ամենահեղինակավոր «Tokyo Kamata High School» դպրոցում ուսումը շարունակելու նպատակով։ Մոնթեի՝ Ճապոնիա ուղարկելու որոշումը պատահական չէր կայացվել. նա երկար ժամանակ այցելում էր կարատեի խմբակներ և Կալիֆոռնիա նահանգի պատանիների մինչև 14 տարեկանների խմբի չեմպիոնն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, այդ թվում՝ մասնակցել էր ճապոներեն լեզվի դասընթացներին։ Մեկ ու կես տարում ճապոնական Օսակա քաղաքի վարժարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի մոտ։ Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական գործողություններին, ստեղծում բազմաթիվ լուսանկարներ մոլեգնող պատերազմի մասին։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։ Լայն աշխարհընկալում ու ընդունակություններ ունենալու շնորհիվ չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը և կազմակերպում ցուցահանդես՝ նվիրված 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը։ Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը, որը նա պաշտպանում է 1978 թվականին։ Այնուհետև ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն նա գնում է Արևմտյան Հայաստան, որպեսզի ուսումնասիրի և չափագրի Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։

Լիբանանի քաղաքացիական պատերազմ խմբագրել

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, մասնակցում Իրանի շահի դեմ կազմակերպված ցույցերին։ Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմը հասել էր իր գագաթնակետին։ Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ Այստեղ նա սովորում է արաբերեն և արդեն 22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ խմբագրել

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը։ 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում. ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ՝ հետագայում դարձել է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը։ 1983 թ. գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է ԱՍԱԼԱ-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում։ 1983 թ. օգոստոսին համախոհների հետ ստեղծել է «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը։ 1985 թ. նոյեմբերին երկրորդ անգամ է ձերբակալվել Փարիզում՝ հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության և դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989 թ. հունվարն անցկացրել Ֆրեն և Պուասի բանտերում։ 1989 թ. հունվարին Մոնթեն ազատ է արձակվել։ Փաստաթղթեր չունենալու պատճառով 1989 թ. փետրվարից մինչև 1990 թ. սեպտեմբերն ապրել է թափառական ու հալածական, նախ՝ կարճ ժամանակով Եմենում, ուր նրան է միացել կինը, ապա՝ Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ Հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

Արցախյան ազատամարտ խմբագրել

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստան, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը։ Մ. Մելքոնյանը մասնակցել է Հայաստանի Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար։ Արցախի Մարտունի քաղաքի բնակիչներն, ի պատիվ հրամանատարի, քաղաքն անվանում են Մոնթեաբերդ։ Մոնթեի ընտանիքի անդամները վերջին անգամ Հայաստանում էին 2018 թվականին։ Խիզախության, բացառիկ հմտության, հայրենիքի պաշտպանության գործում անձնազոհ ծառայության համար պարգեւատրվեց (ետմահու) ԼՂՀ զինվորական «Մարտական Խաչ» առաջին աստիճանի ամենաբարձր պարգեւով։

Ամուսնություն խմբագրել

Սեդա Գպրանյանը 15 տարեկանում ծանոթացել է Մոնթե Մելքոնյանի հետ։ Փարիզում Մոնթեի ձերբակալումից հետո Սեդան նամակագրական կապ է ունեցել ապագա ամուսնու հետ և հետագայում՝ 1987 թվականի փետրվարի 9-ին այցելել նրան։ Մոնթեն 1990 թվականի հոկտեմբերի 6-ին առաջին անգամ այցելել է Հայաստան։ Սեդան և Մոնթեն ամուսնացել են 1991 թվականի օգոստոսի 3-ին, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Գեղարդի վանքում։ Մոնթեի մահից որոշ ժամանակ հետո Մոնթեի ծնողների հորդորով Սեդան ամուսնացել է։ Նրա երկրորդ ամուսինը Մոնթեի մանկության ընկերն է՝ իռլանդա-գերմանական ծագումով Հովել Կընդընը։ Երկրորդ ամուսնությունից հետո Սեդան կրում է Սեդա Գպրանյան-Մելքոնյան-Կընդընը անուն ազգանունը։ Հովելի և Սեդայի որդին կրում է Մոնթե-Սարո անունը[3]։

Սպանություն խմբագրել

Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։ Հայաստանի պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

Հիշատակ խմբագրել

 
Մոնթե Մելքոնյանի դիմանկարը, Հայաստանի և Արցախի դրոշները Երևան-Սևան ավտոճանապարհի կողքին

Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են բազմաթիվ վավերագրական ֆիլմեր այդ թվում՝ չորս մասից բաղկացած Գաղափարի զինվորը Գոյամարտ ստուդիա[4], Սա մեր վերջին պայքարը չի[4], 00-ն կապի մեջ է, Մոնթե Մելքոնյանի վերջին ռադիոկապի ձայնագրություն[5], Սուր անկյուն հաղորդաշարի «Մեր ժամանակի հերոսը» բաժնում Մոնթե Մելքոնյանի մասին տեսանյութ և այլ ֆիլմեր[6]։

Նրա անունով է կոչվում Հայաստանի զինված ուժերի ռազմական ուսումնարաններից մեկը, փողոցներ Հայաստանում և Արցախում։

Երևանի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 65-Ն որոշմամբ[7] 2014 թվականի հունիսին բացված նորակառույց փողոցը[8] կոչվել է Մոնթե Մելքոնյանի անունով։ Մոնթե Մելքոնյանի կերպարն իր արտացոլումն է գտել 2015 թվականին Երևանում հրատարակված Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավիպակում։

Երկեր խմբագրել

  • Պատմութիւն ԱՍԱԼԱ-ի, Լոզան, 1990, 272 էջ։
  • Մելքոնյան Մոնթե, Գասպարյան-Մելքոնյան Սեդա «Իրականությունը (ՀԱՀԳԲ հեղափոխական շարժման փաստաթղթերը)», Երևան, 1992, 248 էջ։
  • Ուրարտական ժայռափոր դամբարանները (նկարագրություն և վերլուծություն), Երևան, 1995, 106 էջ։
  • Մելքոնյան Մոնթե, Գասպարյան-Մելքոնյան Սեդա «Իրականությունը (ՀԱՀԳԲ հեղափոխական շարժման փաստաթղթերը)», 2-րդ հրատ., Երևան, 1996, 248 էջ։
  • Պայքարելու իրավունքը. Հայոց ազգային հարցի մասին, Երևան, 2003, 320 էջ։
  • Սա իմ վերջին պայքարը չէ, Երևան, 2013, 64 էջ։

Գրականություն խմբագրել

  • Բաղրյան Վարդգես «Ավո», Ստեփանակերտ, 1993։
  • Քամալյան Սեյրան «Ավոն մեր աչքերով», Երևան, 1994, 240 էջ։
  • Պողոսյան Գայանե «Անավարտ հերոսավեպ», տե՛ս Ավետաբերները. Ազգային հերոսներ (դիմանկարների ժողովածու)», կազմեց՝ Գրիգոր Ջանիկյան, Երևան, 1997, էջ 13-23։
  • Բաղրյան Վարդգես «Ֆենոմեն», Ստեփանակերտ, 1998, 268 էջ։
  • Մուսայելյան Բաբկեն «Հանուն Արցախի և հանուն Մարտունու», Ստեփանակերտ, 1998, 133 էջ։
  • Հասրաթյան Սենոր «Գաղափարի զինվորը», Երևան, 2006, 157 էջ։
  • Բաղրյան Վարդգես «Ավո (հուշապատում)», Ստեփանակերտ, 2007, 128 էջ։
  • Ծառուկյան Ասպրամ «Բարև, ի՞նչպես եք, լա՞վ եք (հուշեր Մոնթեի մասին)», Երևան, 2007, 320 էջ։
  • Մելքոնյան Մարգար «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքն ու մահը», Երևան, 2007, 428 էջ։
  • Բաղրյան Վարդգես «Ավո (հուշապատում)», Ստեփանակերտ, 2009, 128 էջ։
  • Ծառուկյան Ասպրամ «Բարև, ի՞նչպես եք, լա՞վ եք. հուշեր Մոնթեի մասին», 2-րդ լրացված հրտ., Երևան, 2009, 408 էջ։

Պատկերասարահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #135887801 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Հայաստանի ազգային հերոսներ
  3. Սեդա Գպրանյան-Մելքոնյան
  4. 4,0 4,1 «Մոնթե Մելքոնյան»(չաշխատող հղում) songsodia.in: Վերցված է՝ 12 Փետրվարի 2015։
  5. «Մոնթե Մելքոնյանի վերջին ռադիոկապի ձայնագրությունը» YouTube: Վերցված է՝ 13 Փետրվարի 2014։
  6. «Սուր անկյուն 22.09.2014 - տեսանյութ 6» Արմենիա ՀԸ։ Վերցված է՝ 12 Փետրվարի 2015։
  7. «ՈՐՈՇՈՒՄ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Վերցված է 2017 Դեկտեմբեր 1-ին.
  8. «Երևանում նոր փողոց է բացվել». Վերցված է 2017 Դեկտեմբեր 1-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են