Հարություն (Հարրի) Գրիգոր Դաղլյան կրտսեր (անգլ.՝ Haroutune Krikor Daghlian, Jr, մայիսի 4, 1921(1921-05-04)[1], Ուոթերբերի, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - սեպտեմբերի 15, 1945(1945-09-15), Լոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ամերիկահայ ֆիզիկոս, Մանհեթենյան նախագծի մասնակից, որի նախագծած և ստեղծած ռումբերը օգտագործվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Հարրի Դաղլյան
անգլ.՝ Haroutune Krikor Daghlian
Harry-K-Daghlian.gif
Ծնվել էմայիսի 4, 1921(1921-05-04)[1]
ԾննդավայրՈւոթերբերի, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 15, 1945(1945-09-15) (24 տարեկանում)
Մահվան վայրԼոս Ալամոս, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
ԳերեզմանCedar Grove Cemetery
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Կրոնհրաժարում կաթոլիկությունից
ԿրթությունՊերդյու համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունֆիզիկոս և միջուկային ֆիզիկոս
ԱշխատավայրԼոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա
Haroutune Krikor Daghlian, Jr. Վիքիպահեստում

1945 թվականի օգոստոսի 21-ին Նյու Մեքսիկոյի Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի հեռավոր Օմեգա վայրում կրիտիկական զանգվածի գիտափորձի ժամանակ ճառագայթահարվել է, որից 25 օր հետո մահացել է:

Դաղլյանը ճառագայթահարվել է կրիտիկական պատահարի հետևանքով, երբ պատահաբար վոլֆրամի կարբիդի աղյուսն ընկել է 6.2 կգ պլուտոնիումի միջուկի վրա, որին անվանում են «հրեշ-լիցք», որի պատճառով ավելի ուշ մահացել է ֆիզիկոս Լուիս Զլոտինը[2]:

ԿենսագրությունԽմբագրել

Հարություն Գրիգոր Դաղլյան կրտսերը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Ուոթերբրի քաղաքում 1921 թվականին Հարություն Գրիգոր Դաղլյանի և Մարգարի Ռոզի ընտանիքում: Ունեցել է քույր՝ Հելենը և եղբայր՝ Էդվարդը[3]: Տղայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Կոնեկտիկուտի Նյու Լոնդոն ծովափնյա քաղաք, որտեղ Հարությունը նախնական կրթություն է ստացել, դպրոցական նվագախմբում ջութակ նվագել, սովորել Բրուքլինի ավագ դպրոցում: 1938 թվականին՝ 17 տարեկան հասակում ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ մտադրվելով ուսանել մաթեմատիկա[4], սակայն հետաքրքրվել է ֆիզիկայով, մասնավորապես տարրական մասնիկների ֆիզիկայով և տեղափոխվել է Ինդիանա նահանգի Պերդյուի համալսարան (Purdue University), որն ավարտել է 1942 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև ֆիզիկոս Մարշալ Հոլոուեյի ղեկավարությամբ աշխատել ցիկլատրոնների վերաբերյալ դոկտորական թեզի վրա։ 1944 թվականին միացել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում Մանհեթենյան նախագծի վրա աշխատող Օտտո Ֆրիշի միջուկի կրիտիկական զանգվածի հետազոտությամբ զբաղվող խմբին[5][6][7]:

Կրիտիկական դժբախտ պատահարԽմբագրել

 
Պլուտոնիումի ոլորը շրջապատված նեյտրոն-արտացոլող վոլֆրամ կարբիդի բլոկներով 1945 թվականի Դաղլյանի կատարած փորձարկման ժամանակ[8]

1945 թվականի օգոստոսի 21-ի փորձարկման ժամանակ Դաղլյանը պլուտոնիումի միջուկի շուրջ փորձում էր ձեռքով միջուկից ճառագայթող նեյտրոնների անդրադարձման համար նախատեսված վոլֆրամի կարբիդից պատրաստված հատուկ աղյուսներ դասավորել: Նեյտրոնային ռեֆլեկտորի նպատակն էր պլուտոնիումի հիմքում կրիտիկականության հասնելու համար անհրաժեշտ զանգվածի նվազեցումը[8]:

Վերջին շարքին հասնելով՝ հաշվիչն ազդանշան տվեց, որ չի կարելի նոր աղյուս ավելացնել։ Դաղլյանն իսկույն ձեռքը հետ քաշեց և, պատահաբար, աղյուսը գցեց միջուկի վրա, ինչը հանգեցնելու էր միջուկի գերկրիտիկական վիճակի: Դաղլյանը վայրկենապես աջ ձեռքով մի կողմ հրեց աղյուսը՝ կասեցնելով վերահաս շղթայական ռեակցիան[8]։ Դաղլյանը ռիսկը նվազեցնելու համար մասնակիորեն քանդեց նաև միջուկը շրջապատող աղյուսների շարքը, ապա հսկիչին տեղեկացրեց պատահարի մասին։ Նրան անմիջապես տեղափոխեցին Լոս Ալամոսի հիվանդանոց, սակայն ճառագայաթահարման հետևանքներն անդառնալի էին[9]:

Հիվանդանոցում Դաղլյանի առողջությունն արագ քայքայվում էր։ Նա ստացել էր ճառագայթման մեծ դոզա՝ մոտ 510 ռենտգեն (5.1 Զվտ)[8]։ Դաղլյանի մասին հոգ էին տանում մայրն ու քույրը (հայրը մահացել էր 1943 թվականին)[4]: Ճառագայթահարման արդյունքում կոմայի մեջ գտնվելով՝ Դաղլյանը 25 օր անց մահացավ[9]: Դաղլյանը միջուկային դարաշրջանի առաջին զոհերից մեկն էր: Թաղված է Կոնեկտիկուտի Նյու Լոնդոնի Սիդար գրով գերեզմանատանը[10]:

 
Հարրի Դաղլյանի բշտիկներով պատված և այրված ձեռքը ճակատագրական ճառագայթումից հետո

ՀիշատակԽմբագրել

Միջադեպի արդյունքում նախագծի անվտանգության կանոնները մանրամասն ուսումնասիրվեցին և վերանայվեցին: Ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը վերանայում է ցանկացած նմանատիպ փորձեր և համապատասխան անվտանգության ընթացակարգերի խորհուրդներ տալիս: Ըստ փոփոխված ընթացակարգերի՝ փորձարկման ժամանակ առնվազն երկու մարդ պետք է ներգրավված լինի, որոնք կօգտագործեն առնվազն երկու սարքեր, որոնք մոնիտորինգ են անում ունկնդրելի ահազանգերի նեյտրոնային ինտենսիվությունները և պատրաստում են գործառնական մեթոդների ծրագիր և ցանկացած չնախատեսված դեպք, որ կարող է առաջանալ նմանատիպ փորձերի ընթացքում: Քննարկումների և նախագծումների արդյունքում ստեղծվել է «Լեդի Գոդիվա» սարքը[11]:

Դեպքից մեկ տարի անց՝ 1946 թվականին, դարձյալ լաբորատորիայում աշխատելիս նման հանգամանքերի հետևանքով է մահացել մեկ այլ երիտասարդ գիտնական՝ Լուիս Զլոտինը[8]:

2000 թվականի մայիսի 20-ին՝ ամերիկյան զինված ուժերի օրը, Նյու Լոնդոնում Դաղլյանի հիշատակին բացվել է հուշաքար, որի վրա գրված է․

  Մանհեթենյան նախագծի մասնակից փայլուն գիտնական Հարրի Դաղլյանի հիշատակին։ Նրա աշխատանքը նվիրված էր կրիտիկական զանգվածի որոշմանը։ Խոտորված գիտափորձի արդյունքում նա դարձավ ամերիկացի զոհը միջուկային դարաշրջանում։ Թեև ոչ համազգեստով՝ նա մահացավ ծառայելով իր երկրին[3][10][12]:  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.comicvine.com/harry-daghlian/4005-83988/
  2. «Ինչպես հայազգի գիտնականը դարձավ ռադիացիայից զոհված առաջին ամերիկացին»։ Վերցված է 2016-08-23 
  3. 3,0 3,1 «Harry K. Daghlian»։ Soylent Communications։ Վերցված է օգոստոսի 15, 2015 
  4. 4,0 4,1 Baumann Paul (օգոստոսի 6, 1985)։ «NL man was 1st victim of atomic experiments»։ The Day։ էջեր 1,4։ Վերցված է օգոստոսի 15, 2015 
  5. «Harry Daghlian»։ Atomic Heritage Foundation։ Վերցված է օգոստոսի 15, 2015 
  6. «Harry Daghlian, Jr., wins Purdue honor»։ The Day։ ապրիլի 1, 1941։ էջ 3։ Վերցված է օգոստոսի 15, 2015 
  7. «ABC. Ճառագայթման թունավորման վատագույն դեպքերից՝ Հարի Դաղլյանի մահը»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-08-23 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 McLaughlin, Thomas P.; Monahan, Shean P.; Pruvost, Norman L.; Frolov, Vladimir V.; Ryazanov, Boris G.; Sviridov, Victor I. (May 2000), A Review of Criticality Accidents, Los Alamos, New Mexico: Los Alamos National Laboratory, pp. 74–75, LA-13638, http://www.orau.org/ptp/Library/accidents/la-13638.pdf, վերցված է April 21, 2010 
  9. 9,0 9,1 Miller Richard L. (1991)։ Under the Cloud: The Decades of Nuclear Testing։ The Woodlands, Texas: Two Sixty Press։ էջեր 68, 69, 77։ ISBN 0-02-921620-6 
  10. 10,0 10,1 Slosberg Steven (June 8, 2000)։ «A quiet victim of a horrific war he helped end»։ The Day։ էջ C1։ Վերցված է August 15, 2015 
  11. Hayes Daniel F. (August 1956)։ «A Summary of Accidents and Incidents Involving Radiation in Atomic Energy Activities, June 1945 through December 1955»։ Oak Ridge, Tennessee: U.S. Atomic Energy Commission։ էջեր 2–3։ TID-5360։ Վերցված է օգոստոսի 8, 2015 
  12. Dion Arnold S.։ «Harry Daghlian: America's first peacetime atom bomb fatality»։ Վերցված է April 13, 2010