Վանա լիճ
ՎԱՆԱ ԼԻՃ
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հայկական լեռնաշխարհ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1648 մ | |
Երկարություն | 119 կմ | |
Ավազանի մակերեսը | 3647 կմ² | |
Ծավալը | 607 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 430 կմ | |
Ամենամեծ խորությունը | 451 մ | |
Միջին խորությունը | 171 մ (1984)[1] 161,2 (2006)[2] մ | |
Աղիությունը | 22 ‰ | |
Պարզությունը | 4.5 մ | |
Թափվող գետերը | 4 գետ | |
Սկիզբ առնող գետերը | Չկա | |
Վիքիպահեստում |
Վանա լիճ (թուրքերեն՝ Van Gölü, քրդ.՝ Gola Wanê, օսման.՝ وان كولى), անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում, Մեծ Հայքի Տուրուբերան և Վասպուրական նահանգներում[3], ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։
Լճի հայելին 3760 կմ² է, առավելագույն լայնությունը՝ մոտ 51 կմ, խորությունը՝ մինչև 451 մ։ Այն գրեթե 2.5 անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Ունի անկանոն քառանկյան տեսք, խիստ կտրված է, հաճախ՝ զառիթափ ափերով։ Հյուսիս–արևելքում Արճեշի խորշն է, ափերին՝ Դևեբոյնի, Ծղուկ, Կտուց հրվանդանները։ Վաղ շրջանում ունեցել է 7 կղզի, այժմ մնացել են 4-ը՝ Լիմ, Կտուց, Առտեր և Աղթամար։
Վանա լիճը գտնվում է տեկտոնական իջվածքում։ Նրա գոգավորությունը բարդ կառուցվածքի բազմաստիճան գրաբեն է, որի եզրերով անցնում են խոշոր բեկվածքներ։ Գրաբենը առաջացել է մախամիոցենում։ Ստորին միոցենում տրանսգրեսիան ծածկել է նաև լճի իջվածքը։ Սկսած տորտոնից տրանսգրեսիան նահանջել է, և իջվածքում ձևավորվել է լագունային ավազան։ Միոցենի վերջում, Հայկական Տավրոսի ինտենսիվ բարձրացման հետևանքով, լճի մնացորդային ավազանի ջուրը հոսել է դեպի Մուշի և հարևան իջվածքները, որից հետո, մինչև պլեյստոցեն, հիշատակված մարզը եղել է ցամաքային զարգացման փուլում։
Ժամանակակից լճի առաջացումը կապված է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտավիժած լավաներով ջրերի արգելափակման հետ։ Տեկտոնական շարժումները շարունակվում են երկրաշարժների ձևով նաև ներկայումս։ Սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և գետերից։ Լիճը, գտնվելով Հայկական լեռնաշխարհի ցամաքային կլիմայի պայմաններում, ամենախիստ ձմեռներին անգամ, ամբողջովին չի սառցակալում։ Գերիշխում են տեղական և բրիզ քամիները։ Օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից կա միայն տառեխ։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները, որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի արդյունագործությամբ։ Հնագույն ժամանակներից ի վեր լճում եղել է նավարկություն։
Վանա լճի անվանումներ
խմբագրելՆախքան Հայկական լեռնաշխարհում առաջին պետության՝ Վանի թագավորության ի հայտ գալը, Վանա լիճը ասորեստանցիները կոչում էին «Նաիրի երկրի ծով» (tâmtu ša mât Nairi), ընդ որում հնարավոր է, որ «Նաիրի» անվանումը ասորերեն նշանակում էր «ուրարտացիներ»[4]։ Վանա լճի ուրարտական անվանումն անհայտ է, բայց որոշ հին հունական աշխարհագետների որոշակի հիշատակություններով ենթադրվում է, որ ուրարտացիները նրան անվանել են «Արսենե» (հին հունարեն՝ Αρσηνή, Ստրաբոն XI, գլուխ. XIV, 3)։ Բացի այդ, շատ անտիկ հեղինակներ օգտագործում էին «Տոսպիտիս» կամ «Տոպիտիս» անվանումը (հին հունարեն՝ Θωπι̂τιν, լատին․՝ Thospites), որը բխում է ուրարտական մայրաքաղաք Տուշպայի անվանումից։ Այս արմատը պահպանվել է նաև միջնադարյան հայ հեղինակների մոտ «Տոսպ» կամ «Տոսբ» ձևով, Մովսես Խորենացի III, 35; Փավստոս Բուզանդ IV, 55, 58 և V, 37), ովքեր նաև օգտագործում էին «Բզնունեաց ծով» և «Ռշտունեաց ծով» անվանումները՝ լճի տարածքում իշխող ցեղերի անուններով՝ Բզնունի և Ռշտունի։ Ժամանակակից «Վան» անվանումը հավանաբար ծագում է ուրարտական Բիայնի(լի) բառից, որը նշանակում էր կա՛մ հենց Ուրարտու պետությունը, կա՛մ նրա կենտրոնական հատվածը[5]։ Լճի ժամանակակից անվանումը՝ Վան քաղաքի անվամբ, իսկ դա իր հերթին հայերեն «վան»՝ «գյուղ, բնակատեղի, բնակավայր». հիշատակվում է նաև վան ցեղախմբի անվան մասին, բայց դա, ըստ երևույթին, երկրորդական է՝ «Վանա լճի մոտ ապրողներ կամ ավելի վաղ «Վան բնակավայրի բնակիչներ»։ Հնադարում եղել են նաև Արճեշ, Թիրիք, Խիլաթ և այլն[6]։
Վանի թագավորության (Ուրարտու) ամրոցի ավերակներ՝ հավանաբար կառուցված Սարդուրի Ա-ի կողմից՝ Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան ամրացնելու նպատակով (մ.թ.ա IX դար)։ | Հայկական Սուրբ խաչ եկեղեցին՝ կառուցված Աղթամար կղզում 915-921 թվականներին Արծրունի իշխան Գագիկի կողմից հին ուրարտական շինվածքի հիմքի վրա։ |
Պատմական հետագա ժամանակաշրջանում Մեծ Հայքի թագավորությունը երբեմն ձեռք էր բերում անկախություն, երբեմն հայտնվում էր Պարսկաստանի և Հռոմեական կայսրության տիրապետության տակ։ 17-րդ դարից սկսած լիճն իր շրջակայքով մտնում է Օսմանյան կայսրության կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրությունը սկսեց անկում ապրել, և իշխանության գլուխ անցավ երիտթուրքական կառավարությունը, որը 1915-1918 թվականներին մաս-մաս տեղահանեց և ոնչնչացրեց տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը։ Այժմ Վանա լճի շրջակայքում հիմնականում բնակվում են քրդեր, որոնք հավանաբար հանդիսանում են խեթերի հետնորդները՝ տարածաշրջանի բնիկ ժողովրդի, որոնք, ըստ տարածված կարծիքի, կազմում էին կենտրոնական Ուրարտուի բնակչության հիմնական մասը[5]։
Տարածաշրջանի պատմությունը լի է բազմաթիվ տեղահանություններով և նվաճումներով, ուստի շատ պատմական տեսակետներ մնում են որպես բանավեճի առարկա։ Բացի այդ, համաձայն վերջին գենետիկական հետազոտությունների՝ քրդերը, թուրքերը և հայերը գենետիկորեն շատ մոտ են[7]։ Ասպուրական աղբյուրներում հիշատակվում է Արխեստիա[8]։
Ուսումնասիրման պատմություն
խմբագրելՎանա լիճը հիշատակվում է անտիկ ժամանակաշրջանի պատմական և աշխարհագրական աշխատություններում։ Միջագետքյան (աքքադերեն, շումերերեն) սկզբնաղբյուրներում Վանա լիճը հիշատակվում է որպես «Նաիրի ծով», իսկ, օրինակ, անտիկ աշխարհագետ Ստրաբոնը Վանա լիճը նկարագրում էր այսպես.
Հայաստանում կան նաև մեծ լճեր… կա Արսենեն, որը կոչվում է նաև Տոսպիտաս։ Նրա ջուրը պարունակում է սոդա, որը մաքրում և վերականգնում է հագուստը։ Բայց խմելու համար այդ լճի ջուրն անպիտան է։ |
Բացի այդ, Ստրաբոնը, հիմնվելով Էրատոսթենես Կիրենացու տվյալների վրա, պնդում էր, որ Տիգրիս գետը հոսում է Վանա լճի մեջտեղով (և լճի այդ մասի ջուրը քաղցրահամ է), որից հետո անցնում է գետնի տակ և դուրս գալիս մեկ այլ տեղից[9]։
Լճի գիտական հետազոտությունը սկսվեց 19-րդ դարի կեսերին. օգտվելով տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի ազդեցությունից՝ մի քանի եվրոպացի ճանապարհորդներ և հետազոտողներ այցելեցին լճի շրջակայքը։ Նրանցից շատերը զբաղվեցին քարտեզագրությամբ և տեղանքի նկարագրությամբ, իսկ մի քանիսը, որոնց մեջ էր նաև հայտնի անգլիացի հնէաբան Լեյարդը, հետաքրքրվեցին լճի շրջակայքում ուրարտական ամրոցների մնացորդներով։
Այս շրջանում հրատարակվեցին մի քանի քարտեզական և բնութագարական աշխատություններ, համեմատաբար ճշգրիտ որոշվեց լճի մակերեսը և նրա բարձրությունը ծովի մակարդակից, բայց լուրջ սխալմունքով էր հաշվարկված նրա առավելագույն խորությունը։
Այս շրջանի հիմնական աշխարհագրական խնդիր էր համարվում Վանա լճի հոսքը գտնելը և նրա կապը Եփրատի ու Տիգրիսի ավազանների հետ պարզելը։ Նման կապի մասին ենթադրվում էր այդ ժամանակ շրջանառության մեջ գտնող տարածաշրջանի բարձրությունների քարտեզի և տեղի քուրդ բնակչության շրջանում պտտվող Վանա լճի միջոցով այդ երկու գետերի ավազանների միացած լինելու մասին խոսակցությունների հիման վրա։ Այն ժամանակվա մի քանի տեղեկատու հրատարակություններ, ներառյալ նաև 1875-1889 թվականների Բրիտանիկա Հանրագիտարանի իններորդ հրատարակությունը, այս տվյալների հիման վրա գրում էին, որ «բնիկները խոսում են ստորերկրյա ջրանցքների մասին, որոնց միջոցով լճի ջրերը միանում են Տիգրիս գետի ակունքներին», իսկ «ջրբաժանում ընկած Նազիկ լիճը բացառիկ ֆենոմենի արդյունքում իր ջրերն ուղարկում է և՛ Վանա լիճ, և՛ Եփրատ գետ»[10]։ Հետազոտողներից մեկն այն ժամանակվա հեղինակավոր աշխարհագրական ամսագրի էջերում պնդում էր, որ գտել է Նեմրութ հրաբխի ժայռերի անցքերի միջով ստորերկրյա այլ կապ Եփրատի և Վանա լճի միջև[11]։ Այս կապերն այդպես էլ մնացին ենթադրությունների և շշուկների մակարդակում, իսկ Բրիտանիկի հաջորդ՝ 1910-1911 թվականների բարեփոխված հրատարակությունից հանվեցին։ Այս ամենի հետ այս շրջանում հաստատվեց այն ենթադրությունը, որ տարածաշրջանի անսովոր ջրբաժանները և Վանա լճի առաջացումը կապված է Նեմրութ հրաբխի խոշոր ժայթքման հետ[11][12]։
Լճի խորությունների պարբերական հետազոտություն այն ժամանակ այդպես էլ չարվեց, չուսումնասիրվեց անգամ լճի ջրի բաղադրությունը։ 20-րդ դարում, ընդհուպ մինչև 1980-ական թվականները, լճում հետազոտական աշխատանքներ չկատարվեցին, որը հիմնականում կապված էր տարածաշրջանի քաղաքական անկայունության հետ։ Ստեղծված իրավիճակը հանգեցրեց նրան, որ 20-րդ դարի շատ աշխարհագրական աշխատություններ և տեղեկատուներ (ներառյալ նաև Խորհրդային Մեծ հանրագիտարանի վերջին հրատարակությունը) լճի միջին և առավելագույն խորության գնատականների մեջ թույլ էին տալիս լուրջ սխալներ, իսկ որպես հետևանք՝ կոպիտ սխալներ նրա ծավալի վերաբերյալ։ Օրինակ՝ լճի միջին խորություն էր նշվում 6-ից 40 մետր միջակայքը[13], որը զգալի ցածր է հետագայում հաստատված ճշգրիտ թվից՝ 161,2 մետր[2], 171 մ (1984)[1]։
Լճի առաջացում
խմբագրելՎանա լիճը տեղակայված է տեկտոնական ծագման դաշտավայրի արևմտյան կողմում, որը շրջապատված է մի քանի լեռնային համակարգերով՝ Արևելյան Տավրոսով՝ հարավից, Կորդվաց լեռնաշղթայով՝ արևելքից, և Ծաղկանց լեռներով՝ հյուսիս-արևելքից։ Դաշտավայրի արևմտյան և հյուսիսարևմտյան հատվածում գտնվում են մի քանի հանգած հրաբուխներ, ներառյալ Սիփան և Նեմրութ հին հրաբուխները։
Միջին պլեստոցենովյան դարաշրջանում՝ մոտ երկու հարյուր հազար տարի առաջ, Նեմրութ հրաբխի ժայթքումը առաջացրել է 60 կիլոմետր երկարությամբ լավայի հոսք, որը արգելափակել է ջրերի հոսքը Վանի դաշտից Մշո դաշտ։ Վերջինս պատկանում է մոտակա Մուրադ գետի ավազանին, որն էլ հանգեցրել է լճի առաջացմանը։ Այսպիսով, Վանա լիճը զբաղեցնում է ամենախոշոր դաշտավայրի ամենախոր հատվածը՝ շրջապատված լեռներով։ Հավական է, որ որոշ ժամանակ անց Արևելյան Տավրոսի էրոզիան Բոտան-Չայ գետի (Տիգրիսի վտակ) վտակների կողմից կձևավորի լճի ջրերի նոր արտահոսք դեպի Տիգրիսի ավազան, և Վանա լիճը կփոքրանա կամ կդադարի գոյություն ունենալ[13]։
Տեսարան դեպի հարավային ափ և Արևելյան Տավրոս | Տեսարան Աղթամար կղզուց | Տեսարան դեպի լճի հյուսիսային ափ | Լճի հարավային ափ |
Ֆիզիկական աշխարհագրություն
խմբագրելՎանա լճի մակերեսը կազմում է 3574 կմ², որը նրան դարձնում է Թուրքիայի ամենամեծ և Մերձավոր Արևելքի մեծությամբ երկրորդ լիճը (Ուրմիո լճից հետո)։ Տեղաբնիկները պատմականորեն Վանա լիճն անվանում են «ծով»[14]։ Ուրմիո լճի ջրերի գոլորշիացման ու ներհոսքի պակասի պատճառով հայելու մակերեսը վերջին տարիներին խիստ կրճատվել է, ինչի արդյունքում Վանա լիճը դարձել է Մերձավոր Արևելքի ամենախոշոր լիճը։
Վանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1648 մետր բարձրության վրա[15], ունի անկանոն ձև՝ հիշեցնելով եռանկյուն։ Ամենալայն մասում լճի լայնությունը կազմում է 119 կիլոմետր։ Փոքրիկ նեղուցուվ լիճը բաժանվում է ծանծաղ հյուսիսային և ավելի խոշոր հարավային հատվածի, որտեղ խորությունը հասնում է 451 մետրի։ Վանա լճի միջին խորությունը հասնում է 161,2 մետրի, ջրի ընդհանուր ծավալը՝ 576 կմ³։ Ափերը հիմնական ժայռոտ են։ Վանա լճում տեղակայված են բազմաթիվ մանր կղզյակներ, մասնավորապես ափերի մոտ, և չորս խոշոր կղզիներ՝ Ղադիր (Լիմ), Կտուց, Աղթամար և Առտեր։ Սեբեոսը «Բզնունյաց կղզիք» է կոչել Բզնունյաց ծովի կամ Վանա լճի կղզիները[16]։ Ղադիրը (Լիմ) ամենամեծ կղզին է, որը գտնվում է լճի հյուսիսային մասում։ Կտուցը գտնվում է լճի արևելյան մասում, իսկ Աղթամարը և Առտերը գտնվում են միմյանց ոչ շատ հեռու՝ հարավային ափի մոտ։ Վանա լճից ոչ հեռու գտնվում են Նազիկ (դեպի հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1870 մ բարձրության վրա), Արճակ (արևելքում, ծովի մակերևույթից 1890 մետր բարձրության վրա) և Արին (հյուսիսում) լճերը։
Error: Invalid coordinate at line 14, must be a number. |
Թվերով նշված են՝
|
Լճի սնուցում և ջրի մակարդակ
խմբագրելՆերկայումս լիճը սնուցում են 4 փոքր գետեր՝ Բենդիմահին և Զեյլան-Դերեսին հյուսիսից, Ղարաշուն և Միչինգերը՝ արևելքից, ինչպես նաև մոտակա լեռների գարնանային ձնհալը։ Այս չորս գետերից ամենախոշորը Զեյլան-Դերեսին է (Զեյլան), որը սկիզբ է առնում է Ալադաղլարի լեռներից։ Ղարաշու գետի վրա կառուցված է ջրամբար։ Քանի որ Վանա լճի սնուցումը հիմնականում հալոցքային է, լճի ջրի մակարդակը տատանվում է 50 սանտիմետրի սահմաններում՝ առավելագույնին հասնելով հուլիսին։ Լճի առավելագույն մակարդակը լինում է ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում՝ կապված հալոցքի և գարնանային անձրևների հետ։ Վանա լճի ընդհանուր ջրհավաք ավազանի մակերեսը կազմում է ավելի քան 15 հազար քառակուսի կիլոմետր։
Բացի այդ, Վանա լճում առկա են քիչ հետազոտված խոշոր, հնարավոր է շրջափուլային ջրի մակարդակի տատանումներ, օրինակ՝ 20-րդ դարի 90-ական թվականներին լճում ջրի մակարդակը բարձրացավ մինչև 2,6 մետր՝ իր տակ առնելով գյուղատնտեսական տարածությունների մեծ մասը։ 2000 թվականին լճի ջրերը նահանջեցին։ Դեռ առաջին հետազոտողներն ուշադրություն դարձրեցին ափերի դարավանդներին, որոնք վկայում էին այն մասին, որ նախկինում լճի ջրի մակարդակը 55 մետրով բարձր է եղել, քան ներկայումս[13]։ Հետագա հետազոտությունները հաստատեցին, որ վերջին սառցակալման ընթացքում՝ մոտավորապես 18 հազար տարի առաջ, Վանա լճի ջրի մակարդակը 72 մետրով բարձր էր, քան ներկայումս[17]։ 1990 թվականին Վանա լճում աշխատում էր միջազգային հետազոտական արշավախումբը, որն իրականացրեց խորջրյա հորատում և լճի հատակից վերցրեց հանքային նստվածքների նմուշներ։ Հորատման անսպասելի արդյունքներից մեկն էլ այն փաստն էր, որ Վանա լիճը մոտավորապես 17 հազար տարի առաջ համարյա ամբողջովին չորացել է՝ վերածվելով աղե լճակների, իսկ հետո դարձյալ լցվել է[18]։ Հետազոտողներից շատերը սա կապում են կլիմայական փոփոխությունների հետ, չնայած այս երևույթի ստույգ պատճառները, լճի կրկին չորացման հավականությունը և Վանա լճի շրջանում հարևան շրջանների հետ կլիմայական փոփոխությունների կապը դեռևս վիճելի են։ Հետազոտողները նաև նշում են Վանա լճի հետ 15-18 հազար տարի առաջ կատարվածի նմանությունը ներկայումս Մեռյալ ծովում կատարվող երևույթների հետ[2]։
Աջից՝ Վերջին 20 հազար տարիների ընթացքում Վանա լճի ջրի մակարդակի փոփոխություններ սանդղակ։ Մոտավորապես 17-18 հազար տարի առաջ լճի ջրի մակարդակը իջել է 450 մետրով, իսկ լիճը համարյա չորացել է։ Սանդղակը ստղեծված է գերմանացի գիտնականների խմբի տվյալներով[18]'
Ներքևում՝ 1944 թվականից 1994 թվականին Վանա լճի ջրի մակարդակի փոփոխությունների սանդղակ։ Ջրի մակարդակի տատանումը եղել է 4 մետրի սահմաններում։ Սանդղակը ստեղծված է 1990 թվականի արշավախմբի գիտնականների խմբի տվյալներով։[19] |
|||
Կլիմա
խմբագրելՎանա լիճը տեղակայված է Հայկական լեռնաշխարհում, որը տարբերվում է բավական խիստ մայրցամաքային կլիմայով։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնում հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է +22 մինչև +25 °C, հունվարին՝ -16 մինչև -12 °C։ Ձմեռային շատ ցուրտ օրերին ջերմաստիճանը լեռնաշխարհի կենտրոնում հասնում է -45 °C։ Վանա լիճը մեղմացնում է շրջակա միջավայրի կլիման, այդ պատճառով Վան քաղաքում՝ լճի ափին, ամառային միջին ջերմաստիճանը կազմում է +22,5 °C, հունվարին՝ -3,5 °C։ Վանա լճի ավազանում տեղումների տարեկան միջինը տատանվում է 400-700 մմ սահմաններում։ Շնորհիվ լճի մեղմացնող կլիմայի և լճափնյա շրջաններում արհեստական ոռոգման, չնայած 1700 մ բարձրության՝ Վանա լճի շրջակայքում աճում ու լավ բերք են տալիս միջերկրածովյան կլիմայում աճող բույսեր՝ ձիթենի, խնձորենի, դեղձենի, նռնենի և այլ ծառեր[13]։
Լճի մակերևությին ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է +20 °C, 50 մետրից ավելի խորություններում՝ մշտապես +3 °C։ Լճի բարձր աղայնությունը հանգեցնում է նրան, որ նույնիսկ խիստ ձմեռներին Վանա լիճը սի սառցակալում, բացառությամբ հյուսիսային ծանծաղ մի քանի տեղամասերի։ Մակերևույթին ջրի արագ սառեցումը ամեն աշնան հանգեցնում է լճում տարեկան ջրապտույտի։
Ջրի բաղադրություն
խմբագրելՎանա լճի ջրի միջին աղիությունը կազմում է 22 ‰, ինչը ծովի ջրի միջին աղիության մակարդակից ցածր է 35 ‰, բայց լճի հարավային մասում առկա են ավելի քան 100 մետր խորությամբ իջվածքներ, որտեղ ջրի աղիությունը հասնում է 67 ‰[20]. Ջրի ջրածնային ցուցիչը (pH) կազմում է 9,5-9,8, լճի ջուրն ալկալիական է։ Լճի աղերի շարքում են նատրիումի աղերը, ներառյալ նատրիումի կարբոնատը (Na2CO3), նատրիումի սուլֆատը (Na2SO4) և նատրիումի քլորիդը (NaCl), որը ջրին տալիս է լվացող հատկություններ (օճառների շատ տեսակներ որպես ակտիվ բաղադրիչ պարունակում են հենց այս աղերը)։
Վանա լճի ջրերում առկա է նաև կալցիումի կարբոնատ (CaCO3)։ Կալցիումի պարունակությունը կազմում է մոտավորապես 4 մգ/լ[21]։
Անիոնային հերթագայությունը՝ HCO3−•CO32− > Cl− > SO42−։ Թթվածնի պարունակությունը ջրում կազմում է 8 մգ/լ մակերևույթին, 75 մետր խորությունում իջնում է մինչև 5 մգ/լ, 400 մետր խորություններում՝ մինչև 1,5 մգ/լ։
Ալկալիների պարունակությունը մէք/լ | Cl− մէք/լ | SO42− մէք/լ | Na+ մէք/լ | Mg2+ մէք/լ | Ca2+ մէք/լ | pH | |
---|---|---|---|---|---|---|---|
3 մ խորությունում | 151,2 | 160,2 | 48,86 | 337,9 | 8,870 | 0,210 | 9,74 |
440 մ խորությունում | 155,8 | 166,5 | 50,9 | 347,5 | 9,072 | 0,174 | 9,69 |
Ծովի ջուր մակերևույթին (համեմատության համար) | 2,33 | 546 | 56,6 | 468 | 106,2 | 20,6 | 8,24 |
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՎանա լճում տարածված է ձկան միայն մեկ տեսակ։ Տառեխ (լատին․՝ Alburnus tarihi, թուրքերեն՝ dareh,) էնդեմիկ տեսակը իրականում ցեղակից է եվրոպական կպչողաձկանը (սպիտակաձուկ) ծածանների ընտանիքից, բայց արտաքինից հիշեցնում է ծովատառեխ (հարինգ)։ Alburnus tarihi-ն կարող է ապրել ինչպես քաղցրահամ, այնպես էլ առավելագույնը 23 ‰ աղի ջրերում, բայց բազմանում է միայն քաղցրահամ ջրերում՝ Վանա լիճ թափվող գետերի և գետակների գետաբերաններում։
Վանա լճի ջրի աղիությունը տատանվում է համարյա քաղցրահամից՝ գետաբերաններում մինչև գերաղի՝ լճի հարավային խորություններում, դրա համար լճում՝ նրա տարբեր մասերում, առկա են ջրի տարբեր աղիության հատվածներում հարմարված տարբեր օրգանիզմներ, մասնավորապես՝ Hexarthra fennica polydonta, B. plicatitis, B. angularis, Filinia maior, Colurella adriatica, Keratella cochlearis (2 տեսակ), K. quadrata, Trichocerca taurocephala, H. f. Polydonta, H. fennica, Acrodiaptomus spinosus և M. Viridis։
Լճի ջրերը մեղմացնում են Հայկական լեռնաշխարհի մոտակա տարածքների կլիման, որը նպաստում է հողագործությանը և այգեգործությանը՝ հնարավորություն տալով ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա աճեցնել պտղատու ծառեր։
Վերջապես, Վանա լճի շրջանը հայտնի է վանա կատու` հազվագյուտ ընտանի կատուների ցեղատեսակով, որը, ի տարբերություն կատուների մեծամասնության, սիրում է լողալ ջրում։
Մշակութային պատմություն
խմբագրելՎանա լճի շրջանում մարդու առաջին հետքերը հայտնի են պալեոլիթի ժամանակաշրջանից։ նեոլիթական ժամանակներից լճի շրջանում ապրող ցեղերն արդեն զբաղվում էին մետաղաձուլությամբ[23][24]։ Վանա լճի շրջանում առաջին պետությունը, ըստ էության, Ուրարտուն է եղել, որը գոյություն է ունեցել մ.թ.ա 11-6-րդ դարերը։ Լճի ափին՝ այժմյան Վանի տեղում, գտնվում էր Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան։ Ուրարտական արքա Մենուայի կողմից մ.թ.ա. 8-րդ դարում կառուցված յոթանասուն կիլոմետրանոց ջրանցքը, որը պետք է Տուշպան ապահովեր քաղցրահամ ջրով, գոյություն ունի մինչ օրս։ Մ.թ.ա. 7-րդ դարում ասորացիների կողմից պարտություն կրելուց հետո Ուրարտուն աստիճանաբար սկսում է անկում ապրել և դադարում է գոյություն ունենալ մ.թ.ա. 6-րդ դարում։ Լճի տարածքում պահպանվել են ուրարտական արքաներ Սարդուրի Ա-ի, Իշպուինիի, Մենուայի, Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրություններով շինությունների մնացորդներ։
Որոշ ժամանակից Ուրարտուին փոխարինելու են գալիս հին հայկական պետություններ, որոնցից մեկն էլ Մեծ Հայքի թագավորությունն էր՝ «երեք լճերի երկիր» (Վանա լիճը, Ուրմիա լիճը և Սևանա լիճը)։ Լճի ափերի և կղզիներում պահպանվել են հայկական տաճարների և ամրությունների ճարտարապետական հուշարձաններ։ Ամենահայտնին և լավ պահպանվածը Սուրբ խաչ եկեղեցին է, որը կառուցվել է մ.թ. X դարում Աղթամար կղզում։ Լճի հյուսիսարևմտյան ափից ոչ հեռու գտնվում է Հացիկ (Հացեկաց) գյուղը, որտեղ 361 թվականին ծնվել է հայոց, վրաց և աղվանների այբուբենների ստեղծող Մեսրոպ Մաշտոցը։
Տնտեսություն
խմբագրելՎանա լճի շրջանը Թուրքիայի ամենաաղքատ շրջաններից մեկն է։ Մի կողմից այստեղ զարգացած չէ արդյունաբերությունը, մյուս կողմից, Վանի շրջանը վատ է կապված երկրի մնացած տրանսպորտային ցանցի հետ։ Մոտակա գյուղերի բնակիչները զբաղվում են հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ, իսկ սահմանամերձ շրջաններում՝ այգեգործությամբ, ձկնորսությամբ և աղահանությամբ։ Վանա լճից հանված աղերը օգտագործվում են լվացող միջոցների արտադրությունում։
Լճով անցնում է լաստանավային միջանցիկ ճանապարհ՝ այն երկաթուղու վրա, որը կապում է Թուրքիայի երկաթուղին Վան քաղաքի և այնուհետև Իրանի հետ։ 20-րդ դարի 1970-ական թվականներին, երբ ընթանում էր երկաթուղու շինարարությունը, թուրքական իշխանությունները որոշեցին օգտագործել հենց լաստանավային փոխադրումը, այլ ոչ թե լիճը շրջապատող ժայռոտ ափերով կառուցել երկար շրջանցիկ երկաթուղային ճյուղ։ Վանա լաստանավը պարբերաբար երթևեկում է. լճի հարավային ափին կա ոչ մեծ նավահանգիստ։
Վերջին տարիներին Թուրքիայի կառավարությունը ջանքեր է գործադրում զբոսաշրջիկներին Վանա լճի շրջան գրավելու համար։ 2006 թվականին միջոցներ հատկացվեցին այստեղ պահպանված հայկական Սուրբ Խաչ եկեղեցու վերակառուցման համար, ինչպես նաև վերածնվեցին հին հայկական լեգենդները լճում «Վանա հրեշի» գոյության մասին (թուրքերեն՝ Van Gölü Canavarı)՝ նման Լոխ-Նեսի հրեշին[25]։
Այլ անվանումներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Վանա լիճը
-
Վանա լիճը
-
Վանա լիճը տիեզերքից
-
Վանա լիճը
-
Խաչքարեր Վանա լճի ափերին
-
Սուրբ Հովհաննես վանքը Կտուց կղզում
-
Սուրբ Գևորգ վանքի ավերակները Լիմ կղզում
-
Նարեկավանք (կործանվել է 1951 թվականին)
-
Վանա լիճը և Աղթամար կզին
-
Վանա լիճը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Degens, E.T.; Wong, H.K.; Kempe, S.; Kurtman, F. (June 1984), «A geological study of Lake Van, eastern Turkey», International Journal of Earth Sciences, Springer, 73 (2): 701–734, doi:10.1007/BF01824978, ISSN 0016-7835, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 16-ին, Վերցված է 2014 թ․ մարտի 26-ին Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «Degens_1984» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ 2,0 2,1 2,2 Warren J. K. Evaporites: Sediments, Resources and Hydrocarbons, Springer, 2006 ISBN 3-540-26011-0
- ↑ Մեծ Հայքի քարտեզը(չաշխատող հղում)
- ↑ Меликишвили: Урартские клинообразные надписи
- ↑ 5,0 5,1 Пиотровский, Борис Борисович Ванское царство (Урарту) / Орбели И.А.. — Մոսկվա: Издательство Восточной литературы, 1959. — 286 с. — 3500 экз.
- ↑ Поспелов Е. М. {{{заглавие}}} / Отв. ред. Р. А. Агеева. — «Русские словари».
- ↑ Arnaiz-Villena A., Gomez-Casado E., Martinez-Laso J. Population genetic Relationships Between Mediterranean Populations Determined by HLA Distribution and a Historic Perspective, Tissue Antigens, № 60, 2002
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 446 — 992 էջ։
- ↑ Страбон. География XVI 1, 21
- ↑ Élisée Reclus. South-Western Asia // The Earth and its inhabitants, Vol. IV, New York, 1891 (Электронная версия)
- ↑ 11,0 11,1 Ainsworth W. F. The sources of the Euphrates // The Geographical Journal, Royal Geographical Society, London, Vol. VI, 1895
- ↑ Geographical Notes // Nature № 48, July 1893
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 Матвеев, "Турция"
- ↑ Матвеев С.Н. Турция (Азиатская часть - Анатолия). Физико-географическое описание.. — Москва - Ленинград: Издательство Академии Наук СССР, 1946.
- ↑ Այս և մյուս այլ տվյալները բերված են ըստ նորագույն՝ 1991-2006 թթ ուսումնասիրությունների արդյունքների
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 681 — 992 էջ։
- ↑ Degens E. T., Wong H. K., Kempe S., Kurtman F. A Geological Study of Lake Van, Eastern Turkey // Geologische Rundschau, № 73, 1984
- ↑ 18,0 18,1 Landmann G., Reimer A., Lemcke G., Kempe S. Dating Late Glacial abrupt climate changes in the 14570 year long continuous varve record of Lake Van, Turkey // Palaeogeography Palaeoclimatology Palaeoecology, № 122, 1996
- ↑ Kadioglu M., Sen Z., Batur E. The greatest soda-water lake in the world and how it is influenced by climatic change // Annual Geophysicae № 15, 1997
- ↑ Hammer U. T. Saline lake ecosystems of the world, Dr. W. Junk Publishers, Dordrecht - Boston, 1986 ISBN 90-6193-535-0
- ↑ Thiel V., Jenisch A., Landmann G., Reimer A., Michaelis W. Unusual distributions of long-chain alkenones and tetrahymanol from the highly alkaline Lake Van, Turkey // Geochimica et Cosmochimica Acta № 61, 1997
- ↑ Kempe S., Kazmierczak J. Modern Soda Lakes. Model Environments for an Early Alkaline Ocean // Modelling in Natural Sciences: Design, Validation and Case Studies, Springer, 2003 ISBN 3-540-00153-0
- ↑ Գևորգյան Ա․; Ց.«Հայկական լեռնաշխարհի հնագույն մետալուրգիայի պատմությունից», Հայկական ԽՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1980
- ↑ Cambel H. Braidwood R. An Early Farming Village in Turkey // Scientific American № 3, 1970
- ↑ Sea monster or monster hoax?
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 453 — 992 էջ։
Գրականություն
խմբագրել- Матвеев С.Н. Турция (Азиатская часть - Анатолия). Физико-географическое описание. Москва - Ленинград։ Издательство Академии Наук СССР, 1946.
- Даркот, Бесим. География Турции. Издательство иностранной литературы, Москва, 1959
- Hammer U. T. Saline lake ecosystems of the world, Dr. W. Junk Publishers, Dordrecht-Boston, 1986 ISBN 90-6193-535-0
- Warren J. K. Evaporites։ Sediments, Resources and Hydrocarbons, Springer, 2006 ISBN 3-540-26011-0
Արտաքին հղումներ
խմբագրել- Վանա լճի լուսանկարներ։ ( Արխիվացված 2008-09-08 Wayback Machine)
- Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն ու վանքերը՝ Վանի շրջան
- Վանա լիճ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանա լիճ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |