Գրաֆիկա
Գրաֆիկա (հունարեն՝ γραφικος- գրում եմ), կերպարվեստի տեսակ, որը ընդգրկում է գծանկարը, տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները (փորագրություն, վիմագրություն, օֆորտ և այլն)։ Գրաֆիկական նկարը ստեղծվում է թղթի վրա (հազվադեպ մետաքսի կամ մագաղաթի վրա) թղթի գույնի և գծի օգնությամբ՝ մատիտով (մատիտանկար), գրչով (գրչանկար), ածխով (ածխանկար), կավճաներկերով (կավճանկար) և գրաֆիկական նյութի վրա կատարվող փորագրության բազմազան տեխնիկայով։
Գրաֆիկայի արտահայտչական միջոցներն են գիծը, գծաշարը, լուսաստվերը, բիծը և սպիտակ կամ գունավոր թղթի գույնը։ Գրաֆիկան լինում է նաև գունավոր, սակայն գույնի դերը համեմատաբար սահմանափակ է։ Գծանկարը՝ որպես ստեղծագործության ինքնուրույն բնագավառ, ընդհանուր կողմեր ունի գեղանկարչության հետ։ Ջրաներկը, գուաշը, կավճաներկը, տեմպերան օգտագործվում են ինչպես գրաֆիկական այնպես էլ բնույթով ու ոճով գեղարվեստական աշխատանքներ ստեղծելիս։ Գրաֆիկան դիմում է նկարչական բոլոր ժանրերին՝ թեմատիկ կոմպոզիցիա, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ։
Պատմություն
խմբագրելԳրաֆիկական նկարչությունը, մասնավորապես գծանկարը՝ կերպարվեստի ամենահին տեսակն է (ժայռապատկեր, անտիկ սափորանկարչություն)։ Նախապես գրաֆիկա տերմինը օգտագործվել է գրչության և վայելչագրության առնչությամբ։ Միջնադարյան մանրանկարչության և վերածննդի արվեստում ընդլայնվել են գրաֆիկայի արտահայտչական միջոցները։ Գրքի տպագրության գյուտից հետո զարգացել են փորագրությունը պղնձի վրա, օֆորտը, փայտագրությունը, վիմագրությունը և գրքի գրաֆիկան։
Գրաֆիկայի վարպետներ
խմբագրել- Ալբրեխտ Դյուրեր
- Ռեմբրանտ վան Ռեյն
- Ֆրանցիսկո Գոյա
- Օնորե Դոմիե
- Ադրիան վան Օստադե
- Յակոբ վան Ռեյսդալ
- Անտոնիս վան Դեյք
- Խոսե դե Ռիբերա
- Ֆրանսուա Բուշե
- Ժան Օնորե Ֆրագոնար
- Ուիլյամ Հոգարտ
- Անտուան Վատտո
- Պաբլո Պիկասո
- Ժան Ֆրանսուա Միլլե
- Ժակ Կալլո
- Կամիլ Կորո
- Էդուարդ Մանե
- Էդգար Շահին
- Ադոլֆ ֆոն Մենցել
- Անդերս Լեոնարդ Ցորն
- Վալենտին Սերով
Պատկերասրահ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաֆիկա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 206)։ |