Կասկադ համալիր

ճարտարապետական համալիր Երևանում

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր և արվեստի կենտրոն Երևանում։ Կապում է Կենտրոն վարչական շրջանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ։ Ի սկզբանե նախատեսվում էր կառուցել 1920-ական թվականներին, սակայն շինարարությունը սկսվել է միայն 1971 թվականին և մասնակի ավարտվել 1980 թվականին՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Ասլան Մխիթարյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով։

Կասկադ համալիր
Տեսակճարտարապետական կոթող, արվեստի կենտրոն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԹամանյան փողոց 10, Երևան և Tamanjanova 10, Jerevan0009
ԲԾՄ1020 մետր
Ճարտարապետական ոճար-դեկո հայկական ազգային ճարտապետական տարրերով
Բարձրություն302 մետր
Լայնություն50 մետր
Հարկեր5
Շինանյութտրավերտին
ՍեփականատերԵրևանի քաղաքապետարան
Կառուցման սկիզբ1971
Հիմնադրված է1980
Բացված2009 (որպես արվեստի կենտրոն)
ՃարտարապետԱլեքսանդր Թամանյան, Ջիմ Թորոսյան և Ասլան Մխիթարյան
Կառուցման ավարտ1980
Վերանորոգվել է2002-2009 թթ Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամի կողմից
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

2025 թվականի դրությամբ համալիրի վերին հատվածը մնում է անավարտ, սակայն արդեն մշակվել է շինարարությունն ավարտելու նախագիծը, որի իրականացումը կսկսվի մոտ ապագայում։

Ընդհանուր տվյալներ

խմբագրել

Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է[1]։ Բարձրությունը հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր։ Լայնությունը 50 մետր է։ Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր։ Վերին հարթակի բարձրությունը 118 մետր է։ Ընդհանուր թեքությունը 15 աստիճան։

Համալիրը պարունակում է ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ, քանդակներ։

Կասկադի ներքևի հատվածում գտնվում է պուրակ՝ ժամանակակից քանդակագործների արձաններով, ինչպիսիք են Ֆերնանդո Բոտերոն, Լին Չադվիքը և Բարի Ֆլանագանը:

Կասկադի երկու կողմերում կան բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ, որոնք հաճախ են այցելում տեղացիներն ու զբոսաշրջիկները։ Գարնանը, ամռանը և վաղ աշնանը Կասկադում հաճախ են կազմակերպվում դասական և ջազային համերգներ:

Պատմություն

խմբագրել

Կասկադը նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924 թվականի գլխավոր հատակագծով։ Ըստ այդ նախագծի՝ Քանաքեռի բլուրների լանջերով պետք է անցնեին աստիճանավոր անցումներ, ջրվեժներ և ծաղկանոցներ։ Կասկադը պետք է միացներ քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածները։ Սակայն այդ նախագիծը կյանքի չկոչվեց։

Ներկայիս կասկադի նախագիծը մշակվել է 1970-ականների սկզբին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի, ինչպես նաև ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի կողմից։ Սակայն Թորոսյանն ամբողջությամբ չհետևեց Թամանյանի նախնական ծրագրին և որոշ փոփոխություններ կատարեց, այդ թվում՝ ավելացնելով ընդարձակ աստիճանավանդակներ, ցուցասրահներ, բակեր, ներքին շարժասանդուղքներ և տարբեր քանդակներ։ Նա ցանկանում էր այս կոթողը վերածել մշակութային նշանակություն ունեցող կենտրոնի։

Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։

Ամերիկահայ մեծ գործարար և բարեգործ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը (1925-2013), համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադի վերականգնումը։ Բարերարը 128 մլն դոլար նվիրաբերեց այդ նախագիծը իրականացնելու համար։ Կասկադի մեծ մասը լիովին վերանորոգվեց ու վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։ 2009 թվականին նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Կասկադի բացումը։ Այժմ այստեղ է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը[2]։

2023 թվականի գարնանը Երևանի քաղաքապետարանը Կասկադի տարածքի մերձակայքում հատեց առողջ բազմամյա ծառերը և դրանց փոխարեն սակուրաներ տնկեց։ Ծառերի զանգվածային հատումը տեղի բնակիչների և այլ քաղաքացիների բուռն քննարկումների և դժգոհության առիթ դարձան։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն, Երևան, XX դար, Երևան, «ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն», 2012, էջ 54 — 174 էջ, ISBN 978-99941-2-759-7։
  2. ԳԱԿ-ի մասին

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Կասկադի պատմությունից
  • «Շրջակայքը։ Կասկադ համալիր». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին.