Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մորգենթաու (այլ կիրառումներ)

Հենրի Մորգենթաու (անգլ.՝ Henry Morgenthau, ապրիլի 26, 1856(1856-04-26)[1], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն[2][3] - նոյեմբերի 25, 1946(1946-11-25)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դիվանագետ, ԱՄՆ դեսպանը Օսմանյան կայսրությունում (1913-1916 թթ.), դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում։

Հենրի Մորգենթաու
Hans Henry Morgenthau
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1856(1856-04-26)[1]
ԾննդավայրՄանհայմ, Բադենի Մեծ Դքսություն[2][3]
Մահացել էնոյեմբերի 25, 1946(1946-11-25)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԳերեզմանMount Pleasant Cemetery
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունձեռնարկատեր, դիվանագետ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայում ԱՄՆ դեսպան
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներՀենրի Մորգենթաու և Helen Morgenthau Fox?
 Henry Morgenthau, Sr. Վիքիպահեստում

Հանդիսանում է քաղաքագետ կրտսեր Հենրի Մորգենթաուի հայրը։ Իր թոռներն են Ռոբերտ Մորգենթաուն (հայտնի իրավաբան) և Բարբարա Թաքմանը (գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր)։

Կենսագրություն խմբագրել

Հենրի Մորգենթաուն ընտանիքի իններորդ երեխան էր տասնմեկից, ծնվել է Մանհայմում, Բադենի հերցոգությունում։ Ծնողներն էին Լազարուս և Բաբեթ Մորգենթաուները։ Հայրը ծխախոտի արտադրությամբ էր զբաղվում, ուներ գործարաններ Մանհայմում, Լորշում և Հեփփենհայմում, սակայն այն լճացավ 1860-ականներին՝ ԱՄՆ-ում գերմանական ծխախոտի մաքսահավաքի բարձրացման պատճառով։

Հենրի Մորգենթաուն 1865 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1877 թվականին ավարտել է Կոլումբիայի իրավաբանական քոլեջը, հետագայում եղել է ԱՄՆ-ի ժողովրդավարական կուսակցության գործուն անդամներից։ Կարիերան սկսել է որպես անշարժ գույքի բրոկեր։ Ամուսնացել է 1886 թվականին, ուներ 4 երեխա։

1913–1916 թթ-ին նա ԱՄՆ-ի դեսպանն էր Թուրքիայում, Առաջին աշխարհամարտի (1914–1918 թթ.) սկսվելուց հետո Օսմանյան կայսրությունում ներկայացրել է նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի շահերը։

1915 թվականից Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կոմիտեի փոխնախագահն էր։ Երբ հայտնի է դարձել, որ արևմտահայերի տեղահանության իրական նպատակը նրանց լիակատար բնաջնջումն է, Մորգենթաուն հանդիպել է երիտթուրքերի պարագլուխներ Թալեաթ և Էնվեր փաշաների հետ, փորձել է կասեցնել կոտորածն ու տեղահանությունը։ Դիմելով Թալեաթին՝ Մորգենթաուն ասել է. «Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը»։ Իր հուշերում, որոնք գրված են Օսմանյան Թուրքիայում Հալեպի ԱՄՆ հյուպատոսների զեկուցագրերի հիման վրա, նա առանձին գլուխներ է նվիրել արևմտահայերի ողբերգությանը։

1916 թվականին Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը՝ ասելով.

  Ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել։  

Մորգենթաուի գրքերն ու հոդվածները արժանահավատ վկայություններ են Մեծ եղեռնի մասին.

  • «Հայկական ջարդերի առթիվ» (1918 թ.)
  • «Ինչու պետք է կործանել Օսմանյան կայսրությունը» (1918 թ.)
  • «Հայաստանը կանչում է» (1918 թ.)
  • «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920 թ.)
  • «Հայերի կոտորածները 1915-ին» (1922 թ.) հոդվածները
  • «Հայաստանի ողբերգությունը» (1918 թ.)
  • «Բոսֆորի գաղտնիքներ. 1913–1916» (1918 թ.)
  • «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» (1918 թ., հայերեն՝ 1919 թ.) գրքերը։

Նա մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և ապացուցել, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր։ Մորգենթաուն դատապարտել է նաև եվրոպական տերությունների անտարբերությունը հայերի հալածանքների նկատմամբ, որն էլ իր հերթին խրախուսել է թուրք ջարդարարներին։

1919 թվայանին Մորգենթաուն գլխավորել է Լեհաստանում հրեաների դրությունն ուսումնասիրող հանձնաժողովը, 1923 թվականին նշանակվել է Ազգերի լիգայի փախստականների գործերով հանձնաժողովի նախագահ, կազմակերպել Թուրքիայից հույների տեղափոխումը Հունաստան և Հունաստանից թուրքերի տեղափոխումը Թուրքիա։

Մորգենթաուն եղել է Միջազգային Կարմիր Խաչի կազմակերպիչներից և ղեկավարել Ամերիկյան Կարմիր խաչը, զբաղվել է բարեգործությամբ, հատկապես խոշոր նվիրատվություններ է արել թանգարաններին։ Նա գործուն մասնակցություն է ունեցել նաև հրեական հասարակական-կրոնական կյանքին, եղել հրեական «Բնեյ Բրիտ» կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ։

Հայոց ցեղասպանության թանգարանին կից Հուշապատի վերջնամասում, ի թիվս այլ մտավորականների և գործիչների, որոնք բողոքել են Հայոց ցեղասպանության դեմ, ամփոփվել է նաև Մորգենթաուի շիրմից բերված հողով սափորը։ Մորգենթաուն այն գործիչներից է, որ արժանի է երախտիքի։

1999 թվականի ապրիլի 23-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ.126 հիմնական դպրոցն անվանակոչվել է Հենրի Մորգենթաուի անունով։

Գրքեր խմբագրել

  • The Ambassador Morgenthau’s Story (1918)
  • The Secrets of the Bosphorus (1918)
  • The Morgenthau Report (October 3, 1919)
  • I was sent to Athens (1929)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118971220 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Find A Grave — 1996.

Արտաքին Հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 49