Խորեն Տեր-Հարության

հայ քանդակագործ

Խորեն Տեր-Հարության (ապրիլի 2, 1909(1909-04-02) - 1991), հայազգի աշխարհահռչակ քանդակագործ։ Արարել է ոչ միայն քանդակագործության, այլ նաև գրաֆիկայի և գեղանկարչության ասպարեզներում։ Նրա ստեղծագործության ողջ հյուսվածքի միջով անցնող առանցքային թեմաներ կան. ընտանիք, մայրություն, ոճրագործություն, եղեռն, պատերազմ։

Խորեն Տեր-Հարության
ինքնանկար
Ի ծնեԽորեն Տեր-Հարության
Ծնվել էապրիլի 2, 1909(1909-04-02)
Մահացել է1991
Ազգությունհայ
Ստեղծագործություն(ներ)«Վերածնված Հայաստան» քանդակ և Հայոց ցեղասպանության հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
Գործունեությունըքանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ

Կենսագրություն

խմբագրել
 
Հայոց ցեղասպանության հուշարձան (Ֆիլադելֆիա)

Ծնվել է 1909 թվականին Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում։ 1921 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում, Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում։ Սովորել է տեղի միջնակարգ, նաև Վուսթերի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցներում։ 1930 թվականին մեկնել է Ջամայկա, և մի քանի տարի բնակվել է այնտեղ։ Արևադարձային պերճաշուք գունագեղությունը որոշիչ է դառնում Տեր-Հարությանի արվեստի ձևավորման հարցում։

Նվաճումներ

խմբագրել

Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա), սկսած 1929 թվականից մասնակցել է համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետների հետ համատեղ ցուցահանդեսներին (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների։ Նրա արվեստն ըստ արժանվույն գնահատվել է արվեստի քննադատների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում։

Գործունեությունը Հայաստանում

խմբագրել

Արվեստագետն առաջին անգամ Հայաստան է այցելել 1970 թվականին, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով։ Տեր-Հարությանը Երևանի արվեստասեր հասարակայնությանը ներկայացել է 1971 թվականին անհատական ցուցահանդեսով, որը բացվեց Երևանի նկարչի տանը։ 1983 թվականին արվեստագետն իր գործերը տեղափոխում է Հայաստան. թվով 90 քանդակ, 160 գրաֆիկական աշխատանք, 17 գեղանկար։ Նրա անհատական ցուցահանդեսը բացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում։ Այս բոլոր գործերը նա մեծ սիրով նվիրում է ՀԱՊ-ին, իսկ 1994 թվականին Էջմիածնի մասնաճյուղում բացվում է Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը։

Խորեն Տեր-Հարությանը վախճանվել է 1991 թվականին Նյու Յորքում, դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով։

 
Խորեն Տեր-Հարությանի թանգարան
 
Վերածնված Հայաստան

Ստեղծագործություններ

խմբագրել

Տեր-Հարությանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում, մոնումենտալ աշխատանքները տեղադրված են ԱՄՆ-ի մի քանի քաղաքներում. «Փոքր Մհեր», «Գյուտարար» (Ֆիլադելֆիա), նաև Հայաստանում. «Վերածնված Հայաստան»` Երևան։ Լավագույն գործերից են «Ցեղասպանություն», «Լեդան և կարապը», «Լեռների մայրը», «Պտղաբերություն», «Ծովային թռչունը և ձուկը»։ Քանդակագործի ստեղծագործությունը շատ ինքնատիպ է և անհատական։ Այդ անհատականությունը բխում է նրա արվեստի ազգային էությունից, ինչը չի խանգարում այն բնորոշել որպես համամարդակային նշանակություն ունեցող արվեստ։ Իր շատ ձեռնարկումներում նա ուղղորդվել է համաշխարհային ժառանգության ավանդույթներով և լավագույն աշխատանքները այդ ժառանգության ժամանակակից հայացքով ընկալման արդյունքն է։ Ըմբռնելով հայ քանդակագործության ընդհանուր ոճը, փորձել է ստեղծագործել նոր ժամանակների գաղափարական համատեքստում։

Ցուցադրություն

խմբագրել

Տեր-Հարությանի ամբողջական ցուցադրությունը կազմակերպվել է պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում, որն այն ժամանակ զբաղեցնում էր Գևորգյան ճեմարանի շենքը։ Անկախության տարիներին ճեմարանը եկեղեցուն վերադարձնելուց հետո թանգարանը տեղավորվել է կինոթատրոնի շենք, և այսօր բոլորովին ոչ այդ նպատակի համար նախատեսված սրահում ցուցադրվում է սփյուռքահայ արվեստագետի աշխատանքների, կարելի է ասել, մեկ հինգերորդ մասը։

Գրականություն

խմբագրել
  • Khoren Der Harootian, sculptures, dessins, aquarelles, pastels։ 14 avril - 5 mai, 1971:
  • Հարությունյան Վ., Քարը հայերեն է խոսում, ՍԱ, 1965, համար 3.:
  • Խորեն Տեր-Հարության, կատալոգ, երևան,1983։

Տես նաև

խմբագրել

Հղումներ

խմբագրել