Բացել գլխավոր ցանկը

ԱՄՆ Արևելյան հայոց թեմ

Հայ առաքելական եկեղեցու թեմ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևելյան թեմ (այլ կիրառումներ)

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու գործող թեմ ԱՄՆ-ում։ Առաջնորդանիստը՝ Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցի։

ՊատմությունԽմբագրել

Արևելյան թեմը կազմավորվել է 1927-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի հայրապետական կոնդակով։ Մինչ այդ ԱՄՆ-ի հայ համայնքը միավորված էր մեկ թեմի մեջ՝ ստեղծված 1898-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Կենտրոնն էր Ուստր քաղաքը (Մասսաչուսեթս նահանգ), 1923-ից՝ Բոստոնը, իսկ 1927-ից՝ Նյու Յորքը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով (1927) ԱՄՆ-ի արմ. նահանգներն ընդգրկվել են նոր՝ Արմ. թեմի մեջ, իսկ արլ., հվ., հվ-արմ. և կենտր. նահանգները մնացել Արլ. թեմի իրավասության ներքո։ Կենտրոնը մնացել է Նյու Յորքը։ Այժմ (2001) ԱՄՆ Արևելյան թեմը ընդգրկում է ԱՄՆ-ի 21 նահանգների 64 եկեղեց. համայնքներ։ Թեմի տարածքում է գտնվում ԱՄՆ-ի առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Փրկիչը, որը կառուցվել է 1891-ին, Ուստրում։

1902-ին Մկրտիչ Ա Վանեցին հաստատել է ի գործադրություն հայ ժողովրդյան Ամերիկայի սահմանադրությունը, որն այժմ հայտնի է որպես Կանոնադրություն Ամերիկայի (Արլ. թեմ) Հայաստանյայց եկեղեցու։

1898-ից ցայսօր թեմն ունեցել է 11 առաջնորդ։ Առաջինը Հովսեփ արք. Սարաճյանն էր, 1939–44-ին՝ Գարեգին արք. Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս), 1966–90-ին՝ Թորգոմ արք. Մանուկյանը, 1990-2018-ին՝ Խաժակ արք. Պարսամյանը։

Թեմի առաջնորդանիստ Մայր տաճարը՝ Ս. Վարդանը, 1968-ին օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը։ Թեմին են պատկանում շուրջ 42 եկեղեցիներ՝ Յունյըն Սիթիում՝ Ս. Խաչ (1907), Ուոթըրվլիթում՝ Ս. Պետրոս (1916), Չելթենհեմում՝ Ս. Երրորդություն (1917), Սաութ Միլուոքիում՝ Ս. Հարություն (1924), Նյու Բրիթընում՝ Ս. Հարություն (1925), Չիկագոյում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ (1926), Սաութֆիլդում՝ Ս. Հովհաննես (1931), Վաշինգտոնում՝ Ս. Մարիամ (1963) ևն։

Թեմի հովանու ներքո հիմնվել են մի շարք կրթ. հաստատություններ։ Նյու Յորքում 1961-ից գործում է Տիրան արք. Ներսոյանի նախաձեռնությամբ ստեղծված Ս. Ներսես ընծայարանը (ճեմարանը), որը պատրաստում է հոգևոր սպասավորներ (դաստիարակ, ծխատեր քահանա ևն)։ Ընծայարանն ունի ԱՄՆ-ի Արլ., Արմ. և Կանադայի թեմերի կողմից ընտրված խնամակալ մարմին, որի նախագահն է Արլ. թեմի առաջնորդը։

Կրոնական դաստիարակության բաժանմունքը և Հայ դպրոցների կրթական կենտրոնը ստեղծում են դասագրքեր և պատրաստում ուսուցիչներ թեմի դպրոցների համար։ Կրտսերների և պատանիների համար կրոնական դաստիարակության բաժանմունքն ունի ամառային ճամբար (Ս. Վարդան ճամբար)։

Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվական կենտրոնն ունի արխիվային նյութեր, մամուլի հավաքածուներ, գրքեր, քարտեզներ ևն։ Կազմակերպում է դասախոսություններ և գիտաժողովներ՝ նվիրված հայոց պատմության և մշակույթի խնդիրներին։

Միջեկեղեցական հարաբերության բաժանմունքի միջոցով սերտ կապեր են պահպանվում Առաջնորդարանի և ԱՄՆ-ի կրոն. այլ հարանվանությունների միջև։ Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի ծխերում, կազմակերպում է տարեկան մարզական մրցախաղեր և համագումարներ։

Տիկնանց միության կենտրոնական խորհուրդը ևս մասնաճյուղեր ունի ծխերում, աշխատանք է կատարում հայ հավատքի պահպանման համար։

ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) 1988-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, գործակցելով բարեգործական, հայրենակցական և այլ կազմակերպությունների հետ, զգալի օգնություն է ցուցաբերել աղետյալ բնակչությանը։ Միջոցներ է տրամադրել Ստեփանավան քաղաքի վերականգնման համար, բազմաթիվ ծրագրեր իրականացրել մշակույթի, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, մարդասիր․ օգնություն կազմակերպել նաև Արցախի բնակչությանը։ Հայաստանում և Արցախում գործում են ՀՕՖ-ի մասնաճյուղերը։

ԱՄՆ Ա․ թ-ի առաջնորդն է Դանիել եպս. Ֆնտըքյանը (2018-ից)։

ԳրականությունԽմբագրել

  • Ավագյան Ք., Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ գաղութի պատմությունը (սկզբնավորումից մինչև 1924 թ), Ե, 2000։
  • The Torch was Passed The Centennial History of the Armenian Church of America, N. Y., 1998
  • Արտեն ավ. քհն. Աշճյան (ԱՄՆ)
  • , Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, ««Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ»», 2002, էջ 40-41 — 1076 էջ։