Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ երկու հակառակորդ թիմերը, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում կազմված է լինում 5 խաղացողներից, պայքարում են ուղղանկյունաձև կորտում, 24 սմ տրամագծով բասկետբոլի գնդակը հակառակորդի՝ 3,048 մ բարձրության վրա տեղադրված, վահանակին ամրացված 46 սմ տրամագիծ ունեցող զամբյուղի մեջ գցելու համար, միաժամանակ թույլ չտալով հակառակորդին գնդակը գցել սեփական զամբյուղը։ Երբ գնդակը հայտնվում է զամբյուղում ցանկացած տեսակի նետումով (բացի տուգանային նետումից), թիմը ստանում է 2 կամ 3 միավոր, ինչը կախված է նետում կատարող խաղացողի և զամբյուղի միջև հեռավորությունից։ Կոպիտ խաղի դեպքում, ժամանակը կանգնեցվում է և այն խաղացողը ում հանդեպ կատարվել էր խախտումը ստանում է 1 միավորանոց մեկ կամ մի քանի ազատ նետումների (Free throw) հնարավորություն (տեխնիկական խախտման դեպքում նույնպես տրվում է 1 միավորանոց ազատ նետման հնարավորություն)։ Խաղում հաղթում է այն թիմը, որը խաղի ընթացքում վաստակում է ավելի շատ միավորներ, իսկ եթե խաղի հիմնական ժամանակը ավարտվում է «ոչ-ոքի» արդյունքով` նշանակվում է հավելյալ ժամանակ։

Բասկետբոլ
Տեսակգնդակով խաղ և թիմային մարզաձև
ՄարմինՖԻԲԱ
Ծագման երկիր ԱՄՆ
Թիմ փոքր5
ՍեռԱրական, իգական; առանձին առաջնություններ
ԿարգավիճակԹիմային, գնդակով խաղ
ՀարմարանքԲասկետբոլի գնդակ
ՎայրԲասկետբոլային դաշտ
Առաջին առաջնություն1891 թ., Սպրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Օլիմպիական խաղերՍկսած 1936 թ-ից
Տարբերվում էնեթբոլ
ՊորտալՊորտալ:Բասկետբոլ
 Basketball Վիքիպահեստում

Խաղացողները քայլելիս կամ վազելիս պետք է տեղաշարժվեն գնդակը վարելով (դրիբլինգ) կամ գնդակը փոխանցեն թիմակիցներին, ինչը մեծ վարպետություն է պահանջում։ Հարձակվելիս մարզիկները կարող են օգտագործել նետման բազմաթիվ տեսակներ, օրինակ՝ ցատկով, վահանակից անդրադարձով նետում (Layup shot), նետում թռիչքի ժամանակ (The jump shot), նետում՝ գնդակը դնելով անմիջապես զամբյուղի մեջ (Slam dunk): Պաշտպանության ժամանակ խաղացողները իրավունք ունեն գնդակը խլել վարում կատարող հակառակորդից, որսալ փոխանցումները, կասեցնել նետումները։ Եվ՛ հարձակման, և՛ պաշտպանության ընթացքում խաղացողները կարող են որսալ նաև զամբյուղից կամ վահանակից անդրադարձած՝ զամբյուղում չհայտնված գնդակը։ Առանց գնդակի վարման հենարան ոտքը գետնից պոկելը կամ տեղաշարժելը, գնդակի վարումը դադարեցնելուց հետո կրկին վերսկսելը համարվում են կանոնների խախտումներ (վարման ընթացքում գնդակին երկու ձեռքով դիպչելը համարվում է վարման դադարեցում)։

Բասկետբոլում թիմի 5 անդամներից յուրաքանչյուրն ունի իր խաղային դերը։ Ամենաբարձրահասակ մարզիկը թիմի կենտրոնական խաղացողն է (Center), բարձրահասակ և ուժեղ մարզիկը` ծանր հարձակվողը (Power Forward), մի փոքր ցածրահասակ, բայց շարժուն մարզիկը հանդիսանում է թիմի թեթև հարձակվողը (Small Forward), իսկ գնդակի հետ աշխատելու լավագույն հմտություն ունեցողին տրվում է հարձակվող-պաշտպանի դերը (Shooting Guard): Թիմի 5-րդ անդամը խաղարկողն է (Point Guard), ով պատասխանատու է մարզչի ծրագիրը իրականացնելու համար։ Խաղարկողը կատարում է և՛ պաշտպանական, և՛ հարձակողական գործողություններ։ Ոչ պաշտոնական խաղերում պարտադիր չէ, որ թիմերը կազմված լինեն հինգական մասնակիցներից, և նրանցից յուրաքանչյուրն ունենա իր հստակ խաղային դերը։ Կարող են խաղալ ինչպես հինգը` հինգի, այնպես էլ երեքը` երեքի, երկուսը` երկուսի և նույնիսկ մեկը մեկի դեմ։

Բասկետբոլը ստեղծվել է 1891 թվականին կանադա-ամերիկացի մարմնակրթության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում և դարձել է աշխարհում ամենահայտնի ու լայն տարածում ունեցող խաղերից մեկը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) պրոֆեսիոնալ բասկետբոլի ամենահեղինակավոր լիգան է թե ճանաչվածության, թե աշխատավարձերի, թե տաղանդավոր մարզիկների ու թիմերի, և թե մրցաշարերի անցկացման բարձր մակարդակի տեսանկունից։ Հյուսիսային Ամերիկայից դուրս գործող առաջատար ակումբները իրենց ազգային լիգաներից որակավորվում են մայրցամաքային մրցաշարերի համար, ինչպիսիք են Եվրոլիգան (EuroLeague) և Ամերիկայի բասկետբոլի չեմպիոնների լիգան (BCLA): Բասկետբոլի աշխարհի առաջնությանը և Օլիմպիական խաղերում բասկետբոլի տղամարդկանց մրցաշարերը համարվում են այս մարզաձևի ամենամեծ միջազգային իրադարձությունները, որոնց մասնակցում են լավագույն ազգային թիմերը ամբողջ աշխարհից։ Յուրաքանչուր մայրցամաքում անցկացվում են տարածաշրջանային մրցումներ ազգային հավաքականների համար, ինչպիսին է օրինակ՝ ԵվրոԲասկետը (EuroBasket):

Կանանց բասկետբոլի առաջնությանը և Օլիմպիական խաղերում բասկետբոլի կանանց մրցաշարին մասնակցում են մայրցամաքային մրցաշարերի ազգային լավագույն հավաքականները։ Հյուսիսային Ամերիկայում առաջատար լիգան համարվում է Կանանց բասկետբոլի ազգային առաջնությունը (WNBA), մինչդեռ Եվրոպական  ուժեղագույն թիմերը մասնակցում են Կանանց Եվրոլիգա (EuroLeague Women) մրցաշարին։

Պատմություն խմբագրել

Ստեղծում խմբագրել

1891 թվականին՝ դեկտեմբերի սկզբին կանադացի պրոֆեսոր և ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիայի միջազգային մարզական դպրոցի (YMCA) (ներկայումս՝ Սփրինգֆիլդ քոլեջ) մարմնակրթության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթը փորձում էր անձրևոտ օրերին նույնպես արդյունավետ անցկացնել իր մարմնակրթության դասերը։ Նա ձգտում էր ստեղծել փակ տարածքում անցկացվող խաղ, որպեսզի Նոր-Անգլիա շրջանի երկար ձմեռային շրջանում աշակերտները կարողանան պահպանել լավ ֆիզիկական վիճակը։ Գոյություն ունեցող այլ խաղերը համարելով շատ կոպիտ կամ ոչ արդյունավետ՝ նա ձեռնամուխ է լինում իր խաղը ստեղծելուն. գրում է նոր խաղի կանոններ և ձեռքի տակ եղած դեղձի զամբյուղը ամրացնում է պատին՝ հատակից 3 մետր բարձրության վրա։ Ի տարբերություն ներկայիս բասկետբոլի զամբյուղների՝ այդ դեղձի զամբյուղը ուներ փակ հատակ և ամեն անգամ գնդակները նետելուց հետո բարձրանալու և դրանք զամբյուղից հանելու անհրաժեշտություն էր առաջանում։ Բայց այս անհարմարությունը երկար չտևեց՝ շուտով զամբյուղի հատակը հեռացրին, ինչը հնարավորություն տվեց երկար ձողով, տակից հրելու միջոցով՝ գնդակները դուրս բերել զամբյուղից։

Ի սկզբանե, բասկետբոլը խաղացել են ֆուտբոլային գնդակով։ Այն ժամանակ ֆուտբոլի կլոր գնդակների մեջ փչվող օդախցիկը տեղադրելու համար նախատեսված էր բացվածք, որը փակվում էր դրսից քուղերով կարելու միջոցով։ Քուղերի օգտագործումը անհարթ էր դարձնում գնդակի մակերեսը, որի պատճառով գետնանց փոխանցումների ժամանակ գնդակի հետցատկի ուղղությունը հաճախ կարող էր լինել անկանխատեսելի։ Ի վերջո հայտնագործվում է առանց դրսի կարի գնդակների պատրաստման մեթոդ, և խաղում այդպիսի գնդակների օգտագործումը հավանության է արժանանում Ջեյմս Նեյսմիթի կողմից։ Հատուկ բասկետբոլի համար առաջին գնդակները եղել են շագանակագույն և միայն 1950-ականների վերջում գնդակը՝ խաղացողների և հանդիսատեսի համար ավելի տեսանելի դարձնելու նպատակով, Թոնի Հայնքլը ներկայացնում է նարնջագույն գնդակները, որոնք բասկետբոլում օգտագործվում են մինչ օրս։ Սկզբնական շրջանում բասկետբոլի կանոններով գնդակի վարում՝ դրիբլինգ, նախատեսված չի եղել, բացառությամբ թիմակիցներին գետնանց՝ անդրադարձով փոխ­անց­ում կատարելը (գնդակի տեղափոխումը խաղահրապարակի մի կետից մյուսը կատարվել է փոխանցումների միջոցով)։ Հետագայում բասկետբոլի կանոնների մեջ մտցվում է վարումը (Dribbling): 1896 թվականին վարումը բասկետբոլում արդեն տարածված էր, իսկ 1898-ին կիրառության մեջ է մտնում կրկնակի վարումը (Double dribble) արգելող կանոնը։

Դեղձի զամբյուղներն օգտագործվել են մինչև 1906 թվականը, որից հետո դրանք փոխարինվել են վահանակին (հետնապատին) ամրացված մետաղական օղակներով։ Այս փոփոխությամբ գնդակը հեշտությամբ անցնում էր օղակի միջով, և ամեն անգամ, երբ մարզիկը գնդակը գցում էր զամբյուղը նրա թիմը ստանում էր միավոր։ Խաղի ընթացքում ավելի շատ միավորներ ձեռք բերած թիմը հաղթում էր։ Մինչ այս փոփոխությունը զամբյուղները առանց հետին պատը ամրացվում էին խաղահրապարակի վերին հարթակի փայտե ճաղերին, բայց դա՝ այնքան էլ ճիշտ չէր, քանի որ այնտեղ գտնվող հանդիսատեսը հաճախ խանգարում էր նետումների ժամանակ։ Խնդրի լուծման համար ստեղծեցին հետին «պատը»՝ վահանակը և այն հնարավորություն տվեց ոչ միայն պաշտպանել խաղը հանդիսատեսի միջամտությունից, այլև կատարել այնպիսի նետումներ, որոնց ժամանակ գնդակը զամբյուղում էր հայտնվում վահանակից անդրադարձի արդյունքում։ Ջեյմս Նեյսմիթի ձեռագիր նոթատետրերը, որոնք 2006 թվականին հայտնաբերվել են նրա թոռնուհու կողմից, վկայում են այն մասին, որ բասկետբոլի որոշ կանոններ Նեյսմիթը վերցրել էր «Բադիկը քարի վրա» մանկական խաղից և անհանգստացած էր իր հայտնագործած խաղի ապագայի համար, քանի որ շատ նմանատիպ փորձեր նախկինում ձախողվել էին։

Ֆրենկ Մեհենը, ով Նեյսմիթի ստեղծած խաղի առաջին խաղացողներից մեկն էր, 1892 թվականին ամանորյա հանգստյան օրերից հետո մոտենում է նրան և հարցնում է, թե ինչպես է պլանավորում անվանել խաղը։ Նեյսմիթը պատասխանում է, որ դեռ չի հասցրել մտածել այդ մասին, քանի որ պարզապես ցանկանում է, որ մարդիկ հետաքրքրվեն իր խաղով։ Ֆրենկը առաջարկում է այն անվանել «Նեյսմիթի գնդակ», ինչի կապակցությամբ Նեյսմիթը ծիծաղելով ասում է «այդ անունը կսպանի ցանկացած խաղ»։ Արդյունքում Մեհենը առաջարկում է խաղը կոչել բասկետբոլ (Basket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից)։

Բասկետբոլի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1892 թվականի հունվարի 20-ին Նյու Յորք նահանգի YMCA դպրոցում։ Խաղը, որին մասնակցել են 9 խաղացողներ, ավարտվել է 1։ 0 հաշվով,  իսկ հաղթական նետումը կատարվել է զամբյուղից 7,6 մետր հեռավորությունից։ Խաղադաշտն  իր չափերով եղել է 2 անգամ փոքր ներկայիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)խաղադաշտերից։

Այն ժամանակ ֆուտբոլ խաղում էին 10 հոգանոց թիմերով (մարզիկների քանակը հետագայում փոխվեց 11-ի)։ Երբ ձմռանը եղանակը դառնում էր ոչ բարենպաստ ֆուտբոլ խաղալու համար, ֆուտբոլային թիմի մարզիկները բաժանվում էին 2 թիմի, յուրաքանչյուրում՝ 5 հոգի և փակ տարածքում խաղում էին բասկետբոլ։ Հետագայում 1897-1898 թվականներին 5 հոգանոց թիմերը դարձան ստանդարտ։

Բասկետբոլը քոլեջում խմբագրել

Բասկետբոլը մեծ տարածում է գտնում ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ դրա կողմնակիցները տեղափոխվում են YMCA դպրոցներ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։ 1895 թվականին բասկետբոլը՝ որպես մարզաձև կայանում է նաև կանանց մի քանի ավագ դպրոցներում։ Այս ժամանակ YMCA-ն պատասխանատու էր բասկետբոլի նախնական զարգացման և տարածման համար, սակայն կոպիտ խաղերն ու աղմկոտ ամբոխը շեղում են YMCA-ին իր հիմնական առաքելությունից։ Այնուամենայնիվ այլ սպորտային ակումբները, քոլեջները արագ լրացրին ստեղծված բացը։ Իսկ Առաջին համաշխարային պատերազմին նախորդող տարիներին, Սիրողական աթլետիկ միությունը (AAU) և ԱՄՆ-ի ուսանողական սպորտաձևերի ասոցիացիան (Intercollegiate Athletic Association of the United States) (1910 թվականին այդ մարմինը փոխեց իր անվանումն Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցացիա (NCAA) պայքարում էին բասկետբոլի կանոնները վերահսկելու համար։

Առաջին պրոֆեսիոնալ լիգան՝ Ազգային Բասկետբոլի Լիգան (NBL) ստեղծվել է 1898 թվականին խաղացողներին շահագործումից պաշտպանելու և կոպիտ խաղը կանխելու նպատակով։ Այս լիգան գործել է ընդամենը 5 տարի։

Ջեյմս Նեյսմիթը մեծ դեր է ունեցել քոլեջում բասկետբոլի զարգացման գործում։ Նրա գործընկեր Ք. Օ. Բեյմիսը YMCA-ի հետ խաղից ընդամենը մեկ տարի անց Պիտսբուրգի Ջինեվայի Քոլեջում (Pittsburgh Geneva College) ստեղծեց քոլեջի բասկետբոլի առաջին թիմը։ Ավելի ուշ Կանզասի համալսարանում (University of Kansas) վեց տարի մարզչի գործունեություն ծավալելուց հետո Նեյսմիթն իր տեղը զիջեց հայտնի մարզիչ Ֆորեստ «Ֆոգ» Ալենին։ Նեյսմիթի աշակերտ Ամոս Ալոնսո Ստագը բասկետբոլը Չիկագոյի համալսարան է (University of Chicago) բերում, մինչ Ադոլֆ Ռուպը՝ Նեյսմիթի աշակերտը, Կանզասում մեծ հաջողութան է հասնում Կենտուկիի համալսարանի մարզիչի դերում:1895 թվականի փետրվարի 9-ին Հեմլայնի համալսարանում տեղի է ունեցել առաջին միջքոլեջային խաղը Հեմլայինի համալսարանի և Մինեսոտայի համալսարանի մասնաճյուղ հանդիսացող Գյուղատնտեսության դպրոցի միջև։ Խաղում հաղթեց Գյուղատնտեսության դպրոցը 9-3 հաշվով։

1901 թվականին Չիկագոյի, Կոլումբիայի, Կորնելի, Մինեսոտայի, Կոլորադոյի, Եյլի համալսարանները,  ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան, Դարտմուտի քոլեջներ և այլք սկսեցին ֆինանսավորել տղամարդկանց բասկետբոլի խաղերը։

Կանադայում միջհամալսարային բասկետբոլի առաջին խաղը անցկացվել է 1904 թվականի փետրվարի 6-ին Քինգսթունում գտնվող YMCA դպրոցում։ Մակհիլի համալսարանը խաղաց Թագուհու համալսարանի հետ, հաղթելով 9-7 հաշվով ավելացված ժամանակում։

1937 թվականին կազմակերպվել է տղամարկանց առաջին ազգային մրցաշարը՝ Միջքոլեջային բասկետբոլի ազգային ասոցացիայի մրցաշարը (NAIA Men's Basketball Championship), որը մինչ հիմա գործում է, որպես Միջքոլեջային աթլետիկ ազգային ասոցացիայի մրցաշար (National Association of Intercollegiate Athletics (NAIA) tournament):

Իսկ 1938 թվականին Նյու Յորքում կազմակերպվել է NCAA թիմերի համար առաջին ազգային մրցաշարը՝ Ազգային հրավերք մրցաշարը (NIT): 1 տարի անց սկիզբ առավ նաև NCAA-ի ազգային մրցաշարը (NCAA national tournament): 1948- 1951 թվականներին NIT-ին կորցրեց NCAA մրցաշարի աջակցությունը, երբ լավագույն թիմերից տասնյակ խաղացողներ մեղադրվել են անարդարությունների մեջ։

Բասկետբոլը ավագ դպրոցում խմբագրել

20-րդ դարի առաջին կեսին բասկետբոլը շատ արագ դարձավ իդեալական միջդպրոցական մարզաձև շնորհիվ իր հասանելության՝ պարզության  սարքավորումների  և այլ հարցերում։ Նախքան պրոֆեսիոնալ և ուսանողական մարզաձևի ակտիվ լուսաբանումը, ավագ դպրոցի բասկետբոլը, արդեն իսկ մեծ տարածում էր գտել Ամերիկայի շատ հատվածներում։ Հատկապես Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի նահանգների բնակիչները հայտնի են ավագ դպրոցի բասկետբոլի հանդեպ մեծ հավատարմությամբ, իսկ տեղի մրցաշարը հաճախ անվանում են  «Ինդիանայի բնակչի հիստերիա» («Hoosier Hysteria»): Պատահական չի որ դպրոցական թիմերից, գուցե, ամենալեգենդարը հենց Ինդիանայի «Ֆրանկլին Վոնդեր ֆայվ» -ն էր (Franklin Wonder Five), որը 1920 – ականներին ազգային ճանաչում վաստակելով իշխում էր Ինդիանայի բասկետբոլում։

Այսօր ԱՄՆ-ի ցանկացած ավագ դպրոց ունի բասկետբոլի թիմ, որը մասնակցում է տարբեր մրցաշարերի։ Ավագ դպրոցների ասոցիացիայի ազգային ֆեդերացիայի (NFHS) 2016-2017 մրցաշրջանի տվյալներով 980 673 աղջիկներ և տղաներ ներկայացնում էին իրենց դպրոցները բասկետբոլի միջդպրողական մրցաշարերում։ Իսկ դպրոցներում ուսումը ավարտելուց հետո բասկետբոլով հետաքրքրված աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու ավելի բարձր մակարդակի մրցաշարերի։

Այս պահին չկա մրցաշար որով որոշվում է երկրի բասկետբոլի չեմպիոնը ավագ դպրոցների միջև։ Ամենալուրջ միջոցառումը դարձավ 1917-1930 թվականներին Չիկագոյի համալսարանում կայացող Բասկետբոլի Ազգային միջդպրոցական մրցաշարը National (Interscholastic Basketball Tournament at the University of Chicago): Մրցաշարը, որը կազմակերպվում էր Ամոս Ալոնզո Ստագգի կողմից, սկիզբ առավ միջին արևմուտքից, սակայն հետո տարածում գտավ նաև այլ շրջաններում։ 1929 թվականին մրցաշարին մասնակցում էին նահանգի 29 չեմպիոններ։ 1930 թվականին կայացավ մրցաշարի վերջին խաղը, քանի որ այն բախվեց դիմադրության Ավագ դպրոցների ասոցացիայի ազգային ֆեդերացիայի (NFHS ու Քոլեջների և դպրոցների հյուսիս-կենտրոնական ասոցացիայի կողմից (NCA), ինչի պատճառով դպրողները կարող էին զրկվել հավատարմագրերից։ Կազմակերպությունները նշեցին, որ նրանք անհանգստացած են այն փաստով որ մրցաշարը օգտագործվում է նախնական պատրաստության շարքերից պրոֆեսիոնալ խաղացողներ հավաքելու համար։

Պրոֆեսիոնալ բասկետբոլ խմբագրել

1920-ական թվականներին բասկետբոլի թիմերի քանակը կտրուկ աճում էր։ Կային հարյուրավոր՝ տղամարդկանց բասկետբոլի պրոֆեսիոնալ թիմեր ԱՄՆ-ի մեծ ու փոքր քաղաքներից, սակայն պրոֆեսիոնալ խաղը լավ չէր կազմակերպված։ Խաղացողները մի թիմից մյուսն էին տեղափոխվում, իսկ թիմերը խաղում էին մարզադաշտերում կամ ծխով լի պարային սրահներում։ Լիգաները գալիս և գնում էին։ Թիմերը ինչպիսիք են «Օրիջինալ Սելթիքսը» (Original Celtics), Նյու Յորք ռենեսանսի ֆայվը (New York Renaissance Five), Հարլեմ Գլոբեթրոթերսը ( մեկ տարում ունեցել են 200 հանդիպում իրենց ազգային մրցաշարերում։

1946 թվակամին կազմավորվեց Ամերիկայի Բասկետբոլի Ասոցացիան (BAA), որի առաջին խաղը կայացել է 1946 թվականի նոյեմբերի 1 Տորոնտոյում, «Տորոնտո Հասկիս» (Toronto Huskies) և «Նյու Յորք Նիքերբոքերներս» (New York Knickerbockers) թիմերի միջև։ Երեք մրցաշրջան անց 1949 թվականին BAA-ը միացավ Բասկետբոլի Ազգային լիգայի (NBL) հետ և ստեղծվեց Բասկետբոլի Ազգային Ասոցիացիան (NBA): 1950-ականների սկզբին բասկետբոլը դարձավ հիմնական մարզաձևը քոլեջներում, դրանով իսկ մեծացնելով հետաքրքրությունը պրոֆեսիոնալ բասկետբոլի նկատմամբ։

1959 թվականին Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում առաջին խաղի անցկացման վայրում հիմնվեց Բասկետբոլի փառքի սրահը։ Դրա անվանացանկերում հայտնվեցին հոյակապ խաղացողների, մարզիչների, մրցավարերի և այլ մարդկանց անուններ, ովքեր իրենց կարիերայում հասել են մեծ հաջողությունների և մեծ ավանդ են ունեցել խաղի զարգացման գործում։ 1967 թվականին ստեղծվեց մի նոր  կազմակերպություն Ամերիկյան բասկետբոլի ասոցիացիան (ABA), որը շատ կարճ ժամանակում սպառնալիք էր դարձել բասկետբոլի ոլորտում NBA-ի իշխանությանը, մինչ 1976 թվականի դրանց միաձուլումը։ Այսօր NBA-ը համարվում է աշխարհի առաջատար պրոֆեսիոնալ բասկետբոլի լիգան, թե ճանաչվածության, թե աշխատավարձերի, թե տաղանդավոր մարզիկների ու թիմերի, և թե մրցաշարերի անցկացման բարձր մակարդակի տեսանկունից։

NBA-ը ունեցել է մի շարք  հայտնի բասկետբոլիստներ, այդ թվում նաև Ջորջ Միկանը՝ առաջին գերիշխող կենտրոնական խաղացողը, գնդակի կառավարման կախարդ՝ Բոբ Քոուզին և Բոստոն Սելտիքս (Boston Celtics), պաշտպանության հանճար՝ Բիլլ Ռասսելը, խարիզմատիկ կենտրոնական՝ Ուիլթ Չեմբերլենը, ով ի սկզբանե խաղում էր «Հարլեմ Գլոբթրոթերսի» (Harlem Globetrotters) կազմում։ Ինչպես նաև համաշխարհային աստղեր՝ Օսկար Ռոբերտսոնը և Ջերրի Ուեսթը, ավելի ժամանակակից կենտրոնականներ՝ Կարիմ Աբդուլ-Ջաբարը, Շաքիլ Օ՛Նիլը, Հակիմ Օլջաուոն և Կառլ Մալոնը։ Խաղարկողներ՝ Ջոն Ստոքթոնը, Այզեա Թոմասը և Սթիվ Նաշը, երկրպագուների սիրելի հարձակվողներ՝ Ջուլիուս Ըրվինգը և Չարլս Բարկլին, Եվրոպայի աստղեր՝ Դըրք Նովիցկին, Փաու Գասոլը և Թոնը Փարքերը։ Մեր օրերի սուպերաստղեր՝ ԼեԲրոն Ջեյմսը, Ալեն Այվերսոնը և Կոբի Բրայանտը։ Իսկ 1980-1990-ականներին Լարրի Բըրդի, Ըրվին «Մեջիք» Թոնսոնի և Մայքլ Ջորդանի շնորհիվ, շատերի կարծիքով, պրոֆեսիոնալ բասկետբոլը մեծ ճանաչում ստացավ։

2001 թվականին NBA-ը ստեղծեց զարգացման լիգա, Բասկետբոլի ազգային զարգացման լիգա (National Basketball Development League), որը հետագայում հայտնի դարձավ որպես NBA-ի D-լիգա, այնուհետև G-Լիգա (սպորտային սննդի ամերիկյան Գաթորադ ընկերության հետ բրենդային համաձայնությունից հետո)։ 2018-19 մրցաշրջանի տվյալներով լիգայում կա 27 թիմ։

Միջազգային բասկետբոլ խմբագրել

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան  (FIBA) ձևավորվել է 1932 թվականին, 8 հիմնադիր երկրների կողմից՝ Արգենտինա, Չեխոսլովակիա, Հունաստան, Լատվիա, Պորտուգալիա Ռումինիա և Շվեյցարիա։ Այդ ժամանակ կազմակերպությունը վերահսկում էր միայն սիրողական մակարդակի մարզիկներին։ Դրա «ՖԻԲԱ» հապավումը ձևավավորվել է Ֆրանսիայի Սիրողական բասկետբոլի միջազգային ֆեդերացիա անվանումից ( rench Fédération Internationale de Basket-ball Amateur):

1936 թվականին Բեռլինում կայացող ամառային Օլիմպիական խաղերի կազմում առաջին անգամ ներառվել է տղամարդկանց բասկետբոլը, սակայն ցուցադրական մրցաշարը անցկացվել էր դեռ 1904 թվականին։ Առաջին եզրափակիչ խաղում ԱՄՆ-ն հաղթեց Կանադային։ Այս մրցաշարում հիմնական առաջատարն էր ԱՄՆ-ն, որի թիմը հաղթեց բոլոր տիտղոսները, բացառությամբ՝ երեքի։ Դրանցից էր 1972 թվականին Մյունխենում կայացած, եզրափակիչը, որում ԱՄՆ-ն հանդիպել էր ԽՍՀՄ-ին։ Թիմերը ունեցել են երեք եզրափակիչ հանդիպում, և ի վերջո չեմպիոնի տիտղոսը բաժին է հասել ԽՍՀՄ-ին։

1950 թվականին Արգենտինայում կայացավ տղամարդկանց բասկետբոլի ՖԻԲԱ աշխարհի առաջին մրցաշարը (FIBA World Championship), որը հիմա հայտնի է որպես բասկետբոլի ՖԻԲԱ Աշխարհի առաջնություն (FIBA Basketball World Cup): Երեք տարի հետո Չիլիում կայացավ կանանց բասկետբոլի ՖԻԲԱ աշխարհի առաջին մրցաշարը, որը այժմ հայտնի է որպես կանանց բասկետբոլի ՖԻԲԱ աշխարհի առաջնություն (FIBA Women's Basketball World Cup): 1976 թվականին կանանց բասկետբոլը առաջին անգամ ընդգրկվեց՝ Կանադայի Մոնրեալ քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի կազմում, որտեղ ԱՄՆ-ի թիմի հետ մրցակցում էին ԽՍՀՄ-ի, Բրազիլիայի, Ավստրալիայի թիմերը։

1989 թվականին ՖԻԲԱ-ն առաջին անգամ՝ NBA-ի պրոֆեսիոնալ խաղացողներին թույլ տվեց մասնակցել Օլիմպիական խաղերին։ Մինչ 1992 թվականի ամառային Օլիմպիական խաղերիը, դրանց կարող էին մասնակցել միայն Եվրոպայից և Հարավային Ամերիկայից թիմեր։

Չնայած, որ ԱՄՆ-ի գերիշխանությունը շարունակվում էր «Դրիմ» թիմի (Dream Team) ներկայացմամբ 2004 թվականին Աթենքում կայացած Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ն ունեցավ իր առաջին կորուստները պրոֆեսիոնալ մարզիկների շրջանում։ Խմբային փուլում ԱՄՆ-ն պարտվեց Պուերտո-Ռիկոյին (պարտություն 19 միավորով) և Լիտվային, իսկ կիսաեզրափակչում լքեց մրցաշարը պարտվելով Արգենտինային։ Ի վերջո ԱՄՆ-ն հաղթեց բրոնզե մեդալ հաղթելով Լիտվային, բայց զիջելով Արգենտինային և Իտալիային։

2008 թվականի Օլիմպիական խաղերում «Ռիդիմ» թիմը (Redeem Team) հաղթեց ոսկե մեդալ։ 2010 թվականին Թուրքիայում կայացած բասկետբոլի ՖԻԲԱ-ի աշխարհի մրցաշարում Բ-թիմը (B-Team) նույնպես հաղթեց ոսկե մեդալ, չնայած թիմի կազմում չկար 2008 թվականի թիմի ոչ մի մարզիկ։ ԱՄՆ-ն շարունակեց իշխել բասկետբոլում՝ 2012 թվականի Օլիմպիական խաղերում, 2014 թվականի բասկետբոլի ՖԻԲԱ աշխարհի առաջնությանը և 2016 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալներ հաղթելով։

Ամբողջ աշխարհում անցկացվում են բասկետբոլի տարբեր տարիքային խմբերի աղջիկների և տղաների մրցաշարեր։ Այս մարզաձևի աշխարհում լայն տարածման ապացույց են NBA-ում ներկայացված տարբեր ազգությունները։ Այսօր NBA-ում կան մարզիկներ բոլոր 6 բնակեցված մայրցամաքներից։ 1990-ական թվականների NBA սկսեցին գալ միջազգային մեծ ճանաչում ունեցող մարզիկներ այդ թվում նաև խորվաթներ ՝ Դրաժեն Պետրովիչը և Թոնի Կուկոչը, սերբ՝ Վլադե Դիվացը, լիտվացիներ` Արվիդաս Սաբոնասը, Շարունաս Մարշելոնասը, հոլանդացի՝ Ռիկ Սմիթսը և գերմանացի՝ Դեթլիֆ Շխեմփֆը։

1975 թվականի ապրիլի 9-ին Ֆիլիպիններում Կեսոն-Սիթի նահանգի Կուբեո քաղաքում գտնվող Արանետա Կոլեզեյում կայացել է Բասկետբոլի ֆիլիպինական ասոցացիայի (PBA) առաջին խաղը։ Ասոցացիան ստեղծվել է, որպես ներկայումս գոյություն չունեցող Մանիլայի Արդյունաբերական և Առևտրային Աթլետիկ Ասոցացիայից (MICAA), մի քանի թիմերի «ապստամբություն»։ MICAA- խիստ վերահսկվում էր ՖԻԲԱ-ի կողմից հավանության արժանացած, սակայն արդեն գոյություն չունեցող Ֆիլիպինների բասկետբոլի ասոցացիայի կողմից։ Արդյունքում 1975 թվականի ապրիլի 9-ին MICAA-ի 9 անդամ թիմեր մասնակցեցին Բասկետբոլի ֆիլիպինական ասոցացիայի լիգայի առաջին մրցաշրջանին։

Բասկետբոլի ազգային լիգան (NBL) Ավստրալիայի տղամարդկանց բասկետբոլի առաջատար լիգան է։ Լիգան սկսել է իր աշխատանքը 1979 թվականին, խաղալով ձմեռային մրցաշրջանը (ապրիլ-սեպտեմբեր) և իր գոյությունը շարունակել մինչև 1998 թվականը՝ 20-րդ մրցաշրջանի ավարտը։ Ձևաչափի փոփոխությունից հետո 1998-1998 մրցաշրջանը դարձավ առաջինը ամառային մրցաշրջանը (հոկտեմբեր-ապրիլ)։ Այս փոփոխությունը Ավստրալիական ֆուտբոլային սպորտաձևերի հետ մրցակցությունից խուսափելու փորձ էր։ Մրցաշարին մասնակցում էին 8 թիմեր Ավստրալիայից և մեկ թիմ Նոր Զելանդիայից։ Մրցաշարին միջազգային ճանաչում բերեցին մի քանի խաղացողներ, այդ թվում Լուկ Լոնգլին, Էնդրյու Գեյզը, Շեյն Հիլը, Քրիս Էնսթեյը և Էնդրյու Բոգուտը։ 1981-ին մեկնարկեց նաև Կանանց Բասկետբոլի ազգային լիգան (WNBL):

Կանայք բասկետբոլում խմբագրել

Կանանց բասկետբոլը սկիզբ է առել 1892 թվականին Սմիթ քոլեջում, երբ մարմնակրթության ուսուցչուհի Սենդա Բերենսոնը փոփոխեց Նեյսմիթի կանոնները՝ հարմարեցնելով աղջիկներին։ Սմիթում աշխատանքի անցելուց հետո, նա հանդիպում է Նեյսմիթին խաղի մասին ավելի շատ ինֆորմացիա ստանալու նպատակով։ Հիացած լինելով խաղով և դրա միջոցով դասավանդվող արժեքներով 1893 թվականին մարտի 21-ին Բերենսոնը կազմակերպում է կանանց քոլեջային բասկետբոլային հանդիպում, որտեղ Սմիթ քոլեջի առաջին և երկրորդ կուրսեցիները խաղում են միմյանց դեմ։ Բերենսոնի առաջին կուրսեցիները հաղթեցին երկրորդ կուրսեցիներին։ Նույն տարում կանանց բասկետբոլ սկսեցին խաղալ նաև Մաունթ Հոլիյոք (Mount Holyoke) և Սոֆի Նյուքոմբ քոլեջում (Sophie Newcomb College) (մարզիչ ՝ Կլարա Գրիգորի Բեյր Clara Gregory Baer): Չնայած կանանց առաջին միջինստիտուցիոնալ խաղը տեղի էր ունեցել դեռ 1892 թվականին Կալիֆորնիայի համալսարանի և Միսս Հեդ դպրոցի միջև։ Արդեն 1895 թվականին կանանց բասկետբոլը տարածում գտավ երկրի բոլոր քոլեջներում Ուելսի, Վասսար և Բրին Մոր քոլեջները ներառյալ ներառյալ։ 1896 թվականի ապրիլի 4 -ին կայացավ կանանց բասկետբոլի առաջին միջքոլեջային բասկետբոլային հանդիպումը, որտեղ Սթենֆորդի համալսարանը 2-1 հաշվով հաղթեց Բերկլիի համալսարանին։ 1899 թվականին առաջին անգամ հրապարակվեցին Բերենսոնի կանոնները Ա.Գ. Սփալդինգի կանանց բասկետբոլի ձեռնարկում։

1905 թվականին Ամերիկայի մարմնակրթության ասոցիացիայի (APEA) կողմից ստեղծվեց Բասկետբոլլի կանոնների գործերով գործադիր կոմիտեն (Կանաց բասկետբոլի ազգային կոմիտե)։ Այս կանոնները ենթադրում էին յուրաքանչուր թիմում 6-9-ական խաղացողներ և 11 պաշտոնատար անձանց առկայություն խաղում (օրինակ՝ մրցավարը պաշտոնատար անձ է)։ Կանանց սպորտի միջազգային ֆեդերացիան (The International Women's Sports Federation) (1924) ներառեց նաև կանանց բասկետբոլի մրցաշարեր։ 1925 թվականին անցկացվել են կանանց բասկետբոլի 37 ավագ դպրոցների կամ պետական մրցաշարեր։ Իսկ 1926 թվականին Սիրողական աթլետիկ միությունը աջակցեց կանանց բասկետբոլի առաջին ազգային մրցաշարին, որը լրացված էր տղամարդկանց խաղի կանոններով։

1915-1940 թվականներին հանդես էր գալիս կանանց կանադական բասկետբոլի թիմ «Էդմոնթոն Գրադսը» (Edmonton Grads): Նրանք հյուրախաղերով ճանապարհորդում էին Հյուսիսային Ամերիկայում և բացառիկ հաջողությունների հասնում։ Հանդիպելով ցանկացած թիմի հետ, ով իրենց մարտահրավեր էր նետում և ֆինանսավորում նրանց ճանապարհորդությունները` խաղի տոմսերի վաճառքից ստացված գումարով նրանք սահմանեցին ռեկորդ` այդ ընթացքում ունենալով 522 հաղթանակ և ընդամենը 20 պարտություն։ Գրադսը փայլեց նաև Եվրոպայում՝ մի քանի ցուցադրական ճանապարհորդությունների ընթացքում և հաղթեց Օլիմպիական չորս հաջորդական ցուցադրական մրցաշարերում 1924, 1928, 1932 և 1936 թվականներին, չնայած մինչ 1976  թվականը կանանց բասկետբոլը պաշտոնապես Օլիմպիական սպորտաձև չէր։ Գրադսի խաղացողները չէին վարձատրվում և պարտավորվում էին չամուսնանալ։ Նրանց ոճը թիմային խաղն էր, շեշտը դրված չէր խաղացողների անհատական հմտությունների վրա։ 1929 թվականին ընտրվեց Ամերիկյան համալսարանների ասոցացիայի կանանց առաջին համաամերիկյան թիմը։ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում տեղծվեցին կանանց արդյունաբերական լիգաներ՝ ծնելով հայտնի մարզիկների, նրանց թվում է նաև Բեյբ Դիրիքսոնը Գոլդեն Սայքլոնս (Golden Cyclones) ակումբից և «Օլլ Ամերիքան Ռեդ Հեդս» (All American Red Heads Team) թիմը, որը մրցակցում էր տղամարդկանց թիմերի հետ, խաղալով տղամարդկանց կանոններով։ Արդեն 1938 թվականին կանանց ազգային մրցաշարը երեք կորտերով խաղից անցավ երկուսի, իսկ թիմում խաղացողների քանակը դարձավ 6-ը։

1997 թվականին իր գործունեությունը սկսեց NBA-ի կողմից աջակցություն ստացող Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիան (WNBA): Չնայած որ այն ուներ անկայուն ուկնդիրների քանակ, մի քանի բասկետբոլիստուհիներ՝ Լիզա Լեսլիի, Դիանա Թրասիի, Քենդենս Փարքերի և ուրիշների շնորհիվ մրցաշարի մակարդակը բարձրացավ և լիգան մեծ ճանաչում ձեռք բերեց։ ԱՄՆ-ի կանանց բասկետբոլի այլ պրոֆեսիոնալ լիգաների, ինչպիսին է, օրինակ՝ Ամերիկյան բասկետբոլի լիգան,  (1996–98) ստեղծվելուն է նպաստել նաև WNBA-ի ճանաչվածությունը։ Շատերը WNBA-ը համարում են նիշային լիգա։ Սակայն, վերջերս լիգան քայլեր է անում դեպի առաջ։ 2007 թվականի հունիսին WNBA-ը երկարաձգեց  ESPN -ի հետ ստորագրված պայմանագիրը և նոր հեռուստատեսային գործարքը գործեց 2009-2016 թվականներին։ Այս գործարքի հետ մեկտեղ պատմության մեջ առաջին անգամ կանանց պրոֆեսիոնալ սպորտային լիգայում խաղացողներին սկսեցին վարձատրել։ Պայմանագրի 8 տարիների ընթացքում «միլիոնավոր և միլիոնավոր դոլլարներ են ցրվել լիգայի թիմերին»։ 2009 թվականի մարտի 12-ին հրապարակված հոդվածում NBA-ի հանձնակատար Դեյվիդ Սթըրնը ասաց որ վատ տնտեսության պայմաններում «NBA-ը շատ ավելի քիչ եկամուտ է ունենում քան WNBA-ը։ Մենք կորցնում ենք մեծ գումարներ թիմերի մեծ քանակի պատճառով։ Մենք կանխատեսում ենք որ WNBA այս տարի կորուստներ չի ունենա»։

Կանոններ և կարգավորումներ խմբագրել

 
Բասկետբոլի կանոնների փոփոխությունը՝ ստեղծման պահից մինչև մեր օրեր

Այս բաժնում ներկայացված չափումները և ժամանակային սահմանափակումները հաճախ տարբերվում են տարբեր մրցաշարերում և կազմակերպություններում։ Այս բաժնում օգտագործվում են NBA-ի և միջազգայնորեն ընդունված կանոնները։

Խաղի նպատակն է բասկետբոլի գնդակը գցել հակառակորդի զամբյուղի մեջ (վերևից ներքև անցկացնել օղակի միջով), միաժամանակ թույլ չտալով հակառակորդին գնդակը գցել սեփական զամբյուղը։ Այս կերպ միավոր վաստակելու փորձը անվանում են նետում (shot):

Հաջողված նետումն գնահատվում է 2 կամ 3 միավոր, ինչը կախված է նետում կատարող խաղացողի և զամբյուղի միջև հեռավորությունից։ Եթե գնդակը նետված է երեք միավորանոց աղեղի այն կողմից (միջազգային խաղերում աղեղի հեռավորությունը զամբյուղից 6.75 մետր է, NBA -ում  7.24 մետր) թիմը վաստակում է 3 միավոր։ Կոպիտ խաղի դեպքում, խաղացողը ում հանդեպ կատարվել է խախտում ստանում է հատուկ նշանակված կետից 1 միավորանոց մեկ կամ մի քանի ազատ նետումներ (free throws) կատարելու իրավունք։

Խաղի կանոնները խմբագրել

Պրոֆեսիոնալ խաղերը անցկացվում են չորս՝ 10 (FIBA) կամ 12 (NBA) րոպեանոց քառորդներով։ Տղամարդկանց քոլեջի խաղերում օգտագործվում են երկու՝ 20 րոպեանոց խաղակեսեր, կանանց քոլեջի խաղերում 10 րոպեանոց քառորդներ, իսկ ԱՄՆ-ում ավագ դպրոցի խաղերում 8 րոպեանոց քառորդներ։

FIBA-ի, NBA-ի և NCAA-ի կանոններին համաձայն խաղի ընթացքում թույլատրվում են 15 րոպեանոց ընդմիջումներ։ Ավելացված ժամանակահատվածները ունեն 5 րոպե տևողություն, բացառությամբ ավագ դպրոցների, որտեղ ավելացված ժամանակահատվածները ունեն 4 րոպե տևողություն։

Թիմերը երկրորդ խաղակեսում փոխանակվում են զամբյուղներով։

Խաղի համար հատկացված ժամանակը իրական խաղի ժամանակն է, հետևաբար ժամանակը կանգնեցվում է, երբ խաղը չի ընթանում։ Ամեն դեպքում խաղերը ավելի շատ ժամանակ են պահանջում, քան հատկացված ժամանակը, հիմնականում մոտ երկու ժամ։

Կորտում միառժամանակ կարող են գտնվել միայն 5 խաղացողներ յուրաքանչյուր թիմից։

Փոխարինումների քանակը անսահմանափակ է, սակայն դրանք կարող են արվել միայն այն ժամանակ, երբ խաղը չի շարունակվում։

Յուրաքանչյուր թիմ ունի գլխավոր մարզիչ ով հետևում է խաղի զարգացումներին, թիմի ռազմավարությանը, ինչպես նաև՝ այլ անձնակազմ ինչպիսիք են այլ մարզիչները, մարզչի օգնականները, մենեջերները, վիճակագրագետները և բժիշկները։

Եվ՛ տղամարդկանց, և’ կանանց համար ստանդարտ համազգեստը բաղկացած է կիսատաբատից և մարզաշապիկից, որի վրա պարզ երևում է խաղացողի՝ թիմում չկրկնվող համարը՝ տպված մարզաշապիկի և՛ դիմացի, և՛ ետևի կողմերից։ Խաղացողները կրում են հատուկ սպորտային կոշիկներ, որոնք ապահովում են ոտքերի կոճերի հավելյալ պաշտպանությունը։ Որպես կանոն մարզաշապիկների վրա գրված են լինում խաղացողների անունները, թիմերի անունները և հովանավորների անունները (Հյուսիսային Ամերիկայից դուրս)։

Թույլատրելի են սահմանափակ քանակով կարճ ընդմիջումներ, երբ մարզիչը խնդրում է կանգնեցնել խաղի ժամանակը (կամ ինչպես NBA -ում՝  նախապես նշանակված կարճ ընդմիջումներ) խաղացողների հետ կարճատև ժողովի համար։ Սովորաբար այդ ընդմիջման տևողությունը չի գերազանցում մեկ րոպեն (NBA -ում տևողությունը 100 վարկյան է), եթե չկա հեռուստատեսային գովազդի կարիք։

Խաղը վերահսկվում է պաշտոնատար անձանց (Official) կողմից, որոնց կազմում է գլխավոր մրցավարը (NBA-ում անձնակազմի ղեկավարը) և մեկ կամ երկու մրցավարի օգնականներ (NBA-ում մրցավարներ)։ NBA-ում և շատ ավագ դպրոցների խաղերում դաշտում են լինում 3 մրցավար։ Խաղը վերահսկում են նաև «սեղանի պաշտոնյաները» (Table officials), ովքեր արձանագրում են խաղի ժամանակ կատարվող գործողությունները (թիմերի վաստակած միավորները, կանոնների խախտումները, փոխարինումները և այլն), ինչպես նաև կառավարում են խաղի պատշաճ ղեկավարման համար անհրաժեշտ էլեկտրոնային սարքերը

Մարզական պարագաներ/սարքավորումներ խմբագրել

Բասկետբոլի խաղի համար միակ հիմնական անհրաժեշտություններն են գնդակն ու կորտը (Basketball court)՝ հարթ, ուղղանյունաձև մակերևութ, հակադիր կողմերում գտնվող երկու զամբյուղներով։ Միջազգային խաղերում բասկետբոլի կորտի կարգավորումները հետևյալն են. երկարությունը 28 մետր է, լայնությունը՝ 15 մետր։ NBA-ում և NCAA-ում կորտերը ունեն 29 մետր երկարություն և 15 մետր լայնություն։ Կորտերը հիմնականում ունեն փայտե հատակ, սովորաբար բաղկացած թխկե տախտակներից, որոնք շարվում են կորտի երկար կողմի ուղղությամբ։ Հյուրընկալող թիմի տարբերանշանը և անվանումը հիմնականում նկարված է լինում կորտի կենտրոնում կամ կենտրոնական շրջանագծի շուրջ։

Բասկետբոլի զամբյուղը իրենից ներկայացնում է 1,8 մետր երկարությամբ և 1,1 մետր լայնությամբ, վահանակին փակցված, 46 սանտիմետր տրամագծով երկաթե օղակ՝ վրան կցված ցանցով։ Վահանակի վրա սպիտակ ուրվագծված ուղղանկյունն ունի 46 սանտիմետր բարձրություն և 61 սանտիմետր լայնություն։ Գրեթե բոլոր մակարդակների մրցաշարերում օղակի վերին հատվածը գտնվում է կորտից 3.05 մետր բարձրության վրա, իսկ դիմային եզրագծից 1.22 մետրով շեղված է դեպի կորտի կենտրոն։

Չնայած կորտի և վահանակի չափսերը կարող են փոփոխվել, կարևոր է համարվում օղակի ճիշտ բարձրությունը, քանի որ անգամ մի քանի սանտիմետրի շեղումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նետումների ճշտության վրա։

Բասկետբոլի գնդակի չափերը նույնպես կարգավորվում են։ Տղամարդկանց համար նախատեսված գնդակի պաշտոնական չափսը 7-ն է, որն ունի 75 սանտիմետր շրջանագծային երկարություն և կշռում է 623.69 գրամ։ Կանանց համար նախատեսված գնդակի պաշտոնական չափսը 6-ն է, որն ունի 72 սանտիմետր շրջանագծային երկարություն և կշռում է 567 գրամ։ Խաղերում, երբ թիմերից յուրաքանչուրը կազմված է 3 խաղացողներից (և կանանց, և տղամարդկանց մրցաշարերում) օգտագործվում են հատուկ գնդակներ որոնք ունեն 6-րդ չափսի գնդակի շրջանագծային երկարություն և 7-րդ չափսի գնդակի զանգված։

Մրցակցային մակարդակները պահանջում են սարքավորումների ավելի լայն շրջանակ։ Խաղերում օգտագործվում են ժամացույցներ, մարզական ցուցատախտակներ, գնդակի տիրապետման փոփոխական սլաքներ և սուլիչից կախված ժամանակը կանգնեցնող համակարգեր։

Կանոնների խախտումներ խմբագրել

Գնդակը զամբյուղի մոտ կարող է տեղափոխվել նետումների,  խաղացողների միջև փոխանցումների, վարման կամ գլորման միջոցով, սակայն ցանկացած պարագայում գնդակը պետք է մնա կորտի սահմաններում։

Թիմը, որը վերջինն էր հպվել գնդակին մինչ դրա դաշտի սահամններից դուրս գալը կորցնում է գնդակը վերահսկելու հնարավորությունը։

Գնդակը դուրս է գալիս կորտի սահմաններից, եթե դիպչում է սահմանագծին, որևէ խաղացողի կամ ցանկացած այլ մարմնի, որը գտնվում է կորտի սահմաններից դուրս։

Խաղացողը կարող է առանց գնդակը վարելու կատարել սահմանափակ թվով քայլեր, այլապես արձանագրվում է կանոնների խախտում։

Գնդակի վարումը դադարեցնելուց հետո կրկին վերսկսելը նույնպես համարվում է կանոնների խախտում՝ կրկնակի վարում (Double dribble) (վարման ընթացքում գնդակին երկու ձեռքով դիպչելը համարվում է վարման դադարեցում)։

Վարման  ընթացքում խաղացողը չի կարող բռնել և տեղափոխել գնդակը ձեռքը դնելով դրա տակից, կարձանագրվի խախտում գնդակի տեղափոխում/կրում (Carrying):

Թիմը, որը գնդակի հանդեպ վերահսկողություն է հաստատել դեռ իր կիսադաշատում՝ անցնելով հակառակորդի կիսադաշտ չի կարող գնդակը ետ վերադարձնել և առաջինը դիպչել գնդակին։ Խախտումը կհանգեցնի գնդակի վերահսկողության իրավունքի կորստին։

Գնդակը չի կարող փոխանցվել բռունցքով կամ ոտքով։ Հարձակվող թիմի համար այս կանոնի խախտումը կհանգեցնի գնդակի վերահսկողության կորստին։ Իսկ պաշտպանվող թիմի կողմից խախտման պարագայում շատ լիգաներ զրոյացնում են ժամացույցը, որը կատարում է հարձակվող թիմին տրված ժամանակի հետհաշվարկը (միավորներ վաստակելու փորձի համար), ապա հարձակվող թիմին է տրվում գնդակի վերահսկողությունը հակառակորդի մրցադաշտում։

Ժամանակային սահմանափակում կա գնդակը հակառակորդի կիսադաշտ տեղափոխելու համար (NBA-ում և FIBA-ում 8 վայրկյան, NCAA-ում և ավագ դպրոցներում երկու սեռերի համար 10 վարկյան)։ Ինչպես նաև նետման, զամբյուղի գրավման փորձի համար (NBA-ում և FIBA-ում U Sports -ում (Կանադական ուսանողական սպորտի կառավարման մարմին) երկու սեռերի դեպքում 24 վայրկյան, NCAA-ում երկու սեռերի դեպքում 30 վարկյան), գնդակը պահելու համար, երբ հակառակորդի պաշտպանը մոտիկ վերահսկում է (5 վայրկյան) և  սահմանափակ գոտում (հայտնի որպես ազատ-նետման գոտի) մնալու (3 վայրկյան)։ Այս կանոնների նպատակն է հարձակումների քանակի մեծացումը։

Այլ խաղացողի նետմանը միջամտելու փորձը նույնպես համարվում է կանոնների խախտում։ Օրինակ՝ երբ խաղացողը հպվում է ներքև ուղղված հետագծով՝ դեպի զամբյուղը ընթացող գնդակին (բացառություն են այն դեպքերը, երբ գնդակը ակնհայտորեն չէր կարող հայտնվել զամբյուղում)։  Արգելված է նաև դիպչել օղակի վերևում գտնվող երևակայական գլանաձև տարածքում հայտնված գնդակին կամ հեռացնել զամբյուղում հայտնված գնդակը։ Երբ այս կանոնը խախտում է պաշտպանվող թիմը ՝ արձանագրվում է զամբյուղի գրավում հակառակորդ թիմի կողմից, իսկ հարձակվող թիմի խախտման պարագայում նրանց զամբյուղի գրավումը չի հաշվվում։ Երկու դեպքերում գնդակի վերահսկողությունը տրվում է պաշտպանվող թիմին։

Առողջապահություն խմբագրել

Բասկետբոլը զարգացնում և ամրապնդում է հենաշարժողական ապարատը, բարձրացնում շնչառական և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները, բարելավում տեսողական, շարժողական, անդաստակային վերլուծիչների աշխատանքը, շարժումների համաձայնեցումը, մեծացնում ընդհանուր ֆիզիկական դիմացկունությունը, իսկ առանձնահատկությունների շնորհիվ այն մատչելի է երիտասարդների (սովորաբար մինչև 36-38 տարեկան) համար։

Խաղի տարրերը կարելի է սովորեցնել 10-12, իսկ հատուկ մարզումներն սկսել 12-14 տարեկանից։ Ըստ տարիքային խմբերի (երեխաներ, պատանիներ և աղջիկներ), որպես կանոն, մրցումների մասնակցել թույլատրվում է մշտական մարզումներից 1-1,5 տարի հետո։ Ցածր դպրոցական տարիքի երեխաների և պատանիների պարապմունքների ընթացքում սահմանափակվում են խաղի տևողությունը, խաղահրապարակի չափերը, զամբյուղի բարձրությունը, գնդակի քաշը, կանոնակարգվում մրցումների քանակը։

Վնասվածքներ խմբագրել

Առավել հաճախ հանդիպող վնասվածքներից են սալջարդը, սրունքաթաթային հոդի գերձգվածությունը, մատների հոդախախտումները և այլն, որոնց կանխման համար նշանակություն ունեն խաղահրապարակի ճիշտ կառուցումն ու բարեկարգ պահելը, խաղի կանոնների պահպանումը, ծնկակապերը և առանց կրունկի (ավելի հարմար է ռետինե ներբաններով) կոշիկները։ Բասկետբոլի պարապմունքների ժամանակ անհրաժեշտ է բժշկական հսկողություն։ Խաղի տարբեր տարրեր (գնդակը զամբյուղ նետելը և այլն) օգտագործվում են բուժական ֆիզկուլտուրայում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 303