Եկեղեցի

հավատացյալների համայնք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եկեղեցի (այլ կիրառումներ)

Եկեղեցի (հունարեն ἐκκλησία բառից), ժողով, ժողովարան, հավաքատեղի, քրիստոնեության իմաստով՝ քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք։

Եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակtype of Christian institution?, religious concept? և type of organisation?
Մասն էքրիստոնեություն
Կազմված էparachurch organization?, modality? և Sodality?
Հիմնադրվածմայիսի 24, 33

լավոդիկէ ի եկդղեցի խմբագրել

Եկեղեցի բառը մի քանի նրբիմաստներ ունի։ Նոր Կտակարանը երկու իմաստով է գործածում եկեղեցի բառը.

  • Տեղական եկեղեցի` քրիստոնեական առանձին համայնքներ՝ հավատացյալների տեղական, տեսանելի հավաքույթները բնորոշելու համար (Կորնթոս, Փիլիպպե),
  • Տիեզերական` կիրառվում է ավելի լայն իմաստով՝ մատնանշելու համար բոլոր քրիստոնյաների ամբողջությունը,
  • Քրիստոնյաների հավաքատեղի՝ շինություն։

Եղիշե վարդապետը եկեղեցի բառը մեկնում է «ցրվածներին մի տեղում ժողովել, կանչել» իմաստով։ Հայ մատենագրության մեջ եկեղեցու շինություն իմաստով հանդիպում է նաև «կոչարան» բառը։

Եկեղեցու սահմանում խմբագրել

Ըստ Շնորհք Պատրիարք Գալուստյանի՝ «Եկեղեցին Ժողով է հավատացյալների, որոնք մեկ հավատքով և մեկ մկրտությամբ կապված են Քրիստոսին՝ իբրև իրենց Տիրոջը և Փրկչին, պաշտում են Մեկ ճշմարիտ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, մեկ հաստատուն հույսով ակնկալում են փրկություն և Աստվածային երանական տեսություն և մեկ անկեղծ սիրով միացած են իրար Սուրբ Հոգով, նույն խորհուրդների հաղորդության մեջ են և կառավարվում են նույն նվիրապետական իշխանությամբ»։

Եկեղեցու հատկանիշներ խմբագրել

Համաձայն Նիկիական հավատամքի, որն ընդունվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, եկեղեցին բնորոշվում է հետևյալ կերպ. «Հավատում ենք Մեկ, Ընդհանրական և Առաքելական, Սուրբ Եկեղեցուն»։

Եկեղեցին մեկ է, քանի որ այն Հիսուս Քրիստոսի մարմինն է, այդ մարմնի գլուխն էլ Քրիստոս է։ Եկեղեցին մեկ է իր հավատքով, մկրտությամբ, նվիրապետությամբ և միավորիչ Սուրբ Հոգով։ Ըստ Իգնատիոս Անտիոքացու՝ «որտեղ Քրիստոսն է, այնտեղ է նաև Եկեղեցին» (Ubi Cristus, ibi ecclesia)։ Աստծո կողմից տրված եկեղեցին ունի այդ միությունը, որն արտահայտվում է տարբեր համայնքներում, մշակույթներում և իրավիճակներով։ Ըստ Նիկոլաս ֆոն Ցինզենդորֆի՝ Եկեղեցու պատմական էվոլյուցիան նման է ծառի ճյուղերի աճմանը, և հակառակ եղած տարբերությունների` բոլոր ավանդական եկեղեցիները օրգանական միության մեջ են։

Եկեղեցին ընդհանրական է կամ կաթողիկե։ Այս բառը հաճախ շփոթում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ։ Այն նշանակում է ընդհանրական կամ տիեզերական։ Ընդհանրական է կոչվում բոլոր եկեղեցիների ամբողջությունը։

Եկեղեցին առաքելական է, քանի որ Քրիստոս առաքյալների միջոցով հաստատեց Եկեղեցին։ Այն առաքելական է ըստ ծագման, ըստ վարդապետության, որովհետև առաքյալների փոխանցած հավատքն է պահում, և ըստ հաջորդականության, քանի որ առաքյալներից սկսած իր իշխանությունը, նվիրապետությունը հաջորդաբար շարունակում է։

Եկեղեցին Սուրբ է, իր գլխով՝ Հիսուս Քրիստոսով, որով սրբված է, իր մեջ ունի Սուրբ Հոգու ներկայությունը և զորությունը, իր մեջ է Մկրտության ավազանը, որից ծնվում են քրիստոնյաները մեղքերից մաքրված։ Ըստ Օգոստինոսի՝ Եկեղեցու սրբությունը վերաբերում է ոչ թե իր անդամներին, այլ Քրիստոսին։ Այս աշխարհում եկեղեցին չի կարող սրբերի համայնք լինել, այստեղ նրա անդամներն ապականված են նախնական մեղքով։ Այնուամենայնիվ եկեղեցին նվիրագործված և սրբված է Քրիստոսի կողմից։

Այլ հատկանիշներ խմբագրել

Եկեղեցաբանության մեջ եկեղեցուն տրվող հատկանիշներից են նաև անսխալականությունը և անպակասելիությունը։ Եկեղեցին անսխալական է վարդապետական և հավատքային հարցերում, քանի որ դրանք հիմնված են Սուրբ Գրքի և Սրբազան Ավանդության վրա և հաստատվել են Սուրբ Հայրապետների կողմից գումարված տիեզերական ժողովներում։

Ըստ Պողոս առաքյալի՝ Սուրբ Հոգին է առաջնորդում եկեղեցուն, որպեսզի այն չսխալվի։ Եկեղեցին, որ մարդկանց առաջնորդում է դեպի փրկություն, անպակասելի է այս երկրի վրա մինչև աշխարհի վախճանը, որից հետո դառնում է հավիտենական երկնքում։ Ըստ Հովհան Ոսկեբերանի՝ «Ավելի հեշտ է, որ արեգակը հանգչի, քան եկեղեցին խավարի»։

Եկեղեցու մասեր խմբագրել

Ըստ Հայ եկեղեցու եկեղեցաբանության՝ բոլոր սրբերը և երկնային էակները՝ հրեշտակները մաս են կազմում Հաղթանակած եկեղեցու, քանի որ նրանք այլևս այս աշխարհում չեն և չեն պայքարում չարի դեմ։ Իսկ այս երկրի բնակիչները, որ զինված Աստծու խոսքով, պայքարի են ելել չարի դեմ, մաս են կազմում Զինվորյալ եկեղեցու։ Սա իր հերթին բաժանվում է երկու մասի՝ ուսուցանողների և ուսանողների։ Ուսուցանողները հովիվների ամբողջությունն է, եկեղեցու նվիրապետությունը, իսկ ուսանողները՝ աշխարհական հավատացյալները։

Աղբյուրներ խմբագրել

  • Եզնիկ քհն. Պետրոսյան, «Հայ Եկեղեցու պատմություն», 1990։
  • Շնորհք եպս. Գալուստյան, «Տեղիք աստվածաբանության», Երուսաղեմ, 1993։
  • Հակոբ Քյոսեյան, «Եկեղեցու հայրեր, վարդպետներ», Երևան, 2007։
  • Ալիստեր Ե. Մակ-Գրեթ, «Աստվածաբանության հիմունքներ», թարգմ. Գևորգ աբղ. Սարոյան, Էջմիածին, 2009։

Տես նաև խմբագրել

  Ընթերցե՛ք «եկեղեցի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 496