Բացել գլխավոր ցանկը

ԱՄՆ-ի հայկական թատրոն՝ ԱՄՆ-ի հայաշատ վայրերում 1890-ական թվականներից կազմակերպվել են թատերական միջոցառումներ և ներկայացումներ։ Նյու Յորքի «Հայկական դրամատիկ ընկերության» խմբից (1897-1920) բացի՝ թատերախմբեր են գործել նաև Բոստոնում, Փրովիդենսում, Դետրոյտում, Ֆրեզնոյում և այլուր, որոնք բեմադրել են ժամանակակից հայ և օտար հեղինակների գործերից։ Ամերիկահայ թատրոնի զարգացմանը նպաստել են դերասաններ Ֆլորա Ձաբելը, է. Խիմեթյանը, Մ. Նուրյանը, Պ. Կարապետյանը, 1921-1923 թվականներին՝ Ձարիֆյան ամուսինները («Ձարիֆյան», «Նոր այգ»), 1923 թվականից՝ Սուրաբյան ամուսինները («Սուրաբյան թատերախումբ»), 1921 թվականից՝ Վարյա Մելիքյանը, որոնք ամերիկահայ թատրոն են փոխանցել արևելահայ թատրոնի ռեալիստ, ավանդույթները։ 1950-ական թվականներից գործել են Նյու Յորքի հայկական թատերական միությունը, Լոս Անջելեսի «Պերճուհի», 1960-ական թվականներին՝ «Սևան», «Նորք» և այլ թատերախմբեր։ Տեղի թատերական կյանքին աշխուժություն են հաղորդել Հայաստանից և այլ երկրներից ԱՍՆ տեղափոխված թատերական գործիչները, հիմնել են Նյու Յորքի «Համազգային» (ղեկավար՝ Հրանտ Մարգարյան), Բոստոնի «Պարոնյան» (ղեկավար՝ Հ. Վարդիվառյան), Լոս Անջելեսի «Վարդան Աճեմյան» (ղեկավար՝ ժան Նշանյան), «Հեքիաթն է կանչում» (ղեկավար՝ Գ. Ավետիսյան), Փասադենայի «Սրտավազդ» (ղեկավար՝ Գրիգոր Սաթամյան) և այլ թատերախմբեր։ Ամերիկահայ թատրոնում ճանաչված են դերասաններ Վարո Գրիգորյանը, Առլին Ֆրենսիսը (Գազանչյան), էդ Սեդրակյանը, Մագդա Հարութը, Շաքե Թուխմանյանը, Ռիմա Սարիբեկյանը, Մարի Աբուսեֆյանը, ռեժիսորներ ժան Նշանյանը, Սիրին Գասպարյանը, Նշան Բառլաքյանը և ուրիշներ։ 1990-ական թվականներից ավելի են ընդլայնվել Սփյուռքի և ՀՀ թատերական կապերը, փոխադարձ հյուրախաղերով ելույթներ են ունենում ինչպես անհատ թատերական գործիչներ, այնպես էլ թատերախմբեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png