Հայ գրականություն, հայոց լեզվով ստեղծված գրականություն։

Հայոց գրերի ստեղծում Խմբագրել

IV դարի վերջերին, կապված Հայոց թագավորության անկման և քրիստոնեական դավանանքի դիրքերի թուլացման հետ[1], Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը խնդիրը դառնում է հրատապ անհրաժեշտություն։ Այս պատմական առաքելությունը հանձն է առնում 390-ականների սկզբներից շրջիկ քարոզչությամբ զբաղվող Մեսրոպ Մաշտոցը` ծագումով Տարոնի Հացիկ գյուղից և մի քանի տարի հայոց արքունիքում աշխատած իբրև դիվանապետ։ Շուրջ 404 թ. նրա անմիջական նախաձեռնությամբ և կաթողիկոս Սահակ Պարթևի աջակցությամբ Վաղարշապատում գումարվում է հատուկ եկեղեցական ժողով` նպատակ ունենալով ելքեր որոնել ազգային գրավոր մշակույթի ստեղծման և դավանաբանական գրականության թարգմանության համար։ Այդ նպատակով հայոց թագավոր Վռամշապուհի աջակցությամբ և ցուցումով հյուսիսային Միջագետքից Հայաստան են բերվում գրեր՝ այսպես կոչված «Դանիելյան նշանագրերը»։ Մոտ երկու տարի անց «Դանիելյան գրերը» հանվեցին գործածությունից՝ հայերենի հնչյունական համակարգը լիարժեք արտահայտել չկարողանալու պատճառով։ Վռամշապուհի և կաթողիկոսի անմիջական աջակցությամբ Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ միասին մեկնում է հյուսիսային Միջագետք։ Շուրջ 405-406 թվականներին Եդեսիայում (հավանաբար Եդեսիայի դիվանում), ուսումնասիրելով տարբեր գրային համակարգեր, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը։ Այստեղից մեկնում է հյուսիս՝ Սամոսատ, ուր հույն գրագիր Հռոփանոսի հետ վերջնականապես շտկում է այբուբենի գծագրական ձևը։ Մոտ մեկ տարի։ Ըստ Կորյունի Մաշտոցը Միջագետք է մեկնել Վռամշապուհի գահակալության հինգերորդ տարում, վերադարձել՝ վեցերորդ տարում</ref> տևած շրջագայությունից հետո աշակերտների հետ վերադանում է հայրենիք՝ Վաղարշապատում բացելով առաջին ազգային դպրոց

V—X դարեր։ Հայ վաղմիջնադարյան գրականություն Խմբագրել

 
Մովսես Խորենացի

Ազգային այբուբենի ստեղծմամբ հայ գրավոր մշակույթը հիմք է առնում V դարի սկզբին։ Մոտ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։ V դարը գիտության մեջ ընդունված է անվանել Հայոց Ոսկեդար։ Կարևոր պատմական երկ է Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմությունը», որն ընդգրկում է IV դարի կեսերից մինչև 387-թ. ընկած դեպքերի շարադրումը։ Ոչ միայն ստույգ պատմագրական այլև գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Վարդանաց պատերազմին նվիրված Եղիշե պատմիչի «Վարդանի և Հայոց Պատերազմի մասին» մատյանը՝ գրված մոտ 464-465-ին[2]։ Մոտ 480-490-ական թվականներին է գրվել V դարի հայ գրականության ամենաընդգրկուն պատմագրական երկը՝ պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը», ուր հեղինակը առաջին անգամ փորձ է արել գրել հայոց ամբողջական պատմությունը՝ սկսած առասպելական Հայկ նահապետից մինչև 428 թվականը։ Խորենացին գրի է առել նաև հայ հեթանոսական բանավոր գրականության բացառիկ արժեք ներկայացնող մի շարք պատառիկներ։ V դարի հայ վերջին պատմիչը Ղազար Փարպեցին է։ Առ այսօր հայագիտության մեջ լուծված չէ Ագաթանգեղոսի պատմական դարաշրջանի խնդիրը։ Վերջինս համարվում է կամ IV դարի պատմիչ, որ գրել է հունարեն և թարգմանվել V դարում, կամ V դարի հեղինակ, որ գրել է Ագաթանգեղոս կեղծանվան տակ։

Հայոց Ոսկեդարի խոշորագույն[3] կոթողներից է Մաշտոցի աշակերտ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աստվածաբանական երկը, ուր հեղինակը քրիստոնեության դիրքերից դիտարկում է կրոնա-փիլիսոփայական բազմաթիվ խնդիրներ։ Երկը գրված է մոտավորապես 441-449-ի միջև[4]։ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Ստեփանոս Սյունեցուն (առաջին), Հովհան Մանդակունուն են վերագրվում տասնյակ հոգևոր շարականներ[5]։ Վերջինս համարվում է նաև մի շարք կրոնա-եկեղեցական ճառերի հեղինակ, որոնցում արժեքավոր տեղեկություներ են պարունակվում V դարի հայոց սոցիալ-հասարական կյանքի վերաբերյալ[6]։ Մաշտոցին է վերագրվում «Հաճախապատում ճառք» աստվածաբանակ երկը։

VI դարի հեղինակ է Աթանաս Տարոնացին, որից պահպանվել է մեկ փոքր ժամանակագրություն։ Այն ունի կարևոր աղբյուրագիտական արժեք, քանզի հեղինակը հենվել է նախորդ դարի հայ պատմիչների երկերի վրա։

VII դարը հայ վաղմիջնադարյան գրավոր մշակույթի վերելքի շրջան է։ VII դարի նշանավոր պատմիչ է Սեբեոսը, որի երկի շարադրումը հասցված է մինչև 661 թվականը[7], և գրված է իր ժամանակի համաշխարհային պատմական իրադարձություների ոլորտում։ Նույն դարի պատմիչ է Հովհան Մամիկոնյանը, որը հեղինակել է «Պատմություն Տարօնոյ» երկասիրությունը։ Նրանում պատմվում է VI դարի վերջին և VII դարի առաջին կեսին Տարոն գավառում տեղի ունեցած դեպքերի նկարագրությունը։ «Պատմություն Տարօնոյ» երկը գրվել է VII դարի կեսին[8], իսկ նրա առաջին մասը վերագրվում է Զենոբ Գլակին։ Նույն դարի վերջին է գրվել Աղվանից կամ Արևելից կողմանց իշխան Ջվանշիրի մահվան կապակցությամբ Դավթակ Քերթողի ներբովը, որ համարվում է նաև հայ աշխարհիկ բանաստեղծության հնագույն նմուշը։

VIII դարի խոշոր պատմիչ է Ղևոնդը։ Վերջինս շարունակել է Սեբեոսին՝ սկսելով VII դարի կեսերից՝ հասցնելով մինչև VIII դարի սկզբին Հայաստանի նվաճման պատմությունը։ Երկն ավարտել է մոտ 790-ին[9]։ IX դարի վերջին, X դարի սկզբին է ապրել Արծրունյաց պատմիչ Թովմա Արծրունին։ Նրա «Պատմություն տանն Արծրունյաց» աշխատության մի մասի հեղինակ է համարվում նույն շրջանում ապրած մեկ այլ անհայտ պատմիչ, որին հայագիտության մեջ պայմանականորեն անվանում են Անանուն Արծրունի։ X դարի խոշորագույն պատմիչներից է կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, որի «Հայոց Պատմությունը» հասցված է մինչև 924 թվականը[10], և կարևորագույն տեղեկություններ է պարունակում ոչ միայն տվյալ դարաշրջանի Բագրատունյաց Հայաստանի այլև Վիրքի, Աղվանքի և Իրանի մասին։ Մոտ 982-ին «Հայոց Պատմություն» է հեղինակում Ուխտանեսը։ Մովսես Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը» հիմնականում վերաբերում է երկու հայաբնակ նահանգների՝ Արցախի և Ուտիքի պատմական անցքերի նկարագրությանը[11]։ Վարքագրական գրականության մեջ ուշագրավ է Մեսրոպ Վայոցձորցու «Սուրբ Ներսեսի Վարքը»` ավարտված մոտ 967-ին։ Ստեղծվում են նաև կրոնա-եկեղեցական բնույթի տրակտատներ (Անանիա Նարեկացի և այլք[12])

XI—XII դարեր Խմբագրել

 
Գրիգոր Նարեկացին 1173-ի ձեռագրից

X-XI դարերի սահմանագծին, Բագրատունյաց Հայաստանի հզորացման շրջանում, հայ պատմագրության մեջ նկատվում են հայոց ընդհանրական պատմություն գրելու նոր փորձեր։ Մոտ 1004-ին Ստեփանոց Տարոնացի Ասողիկը ավարտում է իր «Պատմություն Տիեզերականը»։ Այդ շրջանի նշանակալից պատմագրական կոթող է Արիստակես Լաստիվերտցու «Պատմությունը»` գրված մոտ 1072-1079-ին։ Երկում շարադրված են XI դարասկզբին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները` Բյուզանդիայի զավթումները, սելջուկ-թուրքական քոչվորների արշավանքները։ Գրիգոր Մագիստրոսը հայ գրականություն է ներմուծում էպիստոլյար ժանրը։

Պոեզիայի վերելքը նախ և առաջ կապված է Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հետ։ Վերջինիս ստեղծագործությամբ սկսվում է սիրո և բնության գովքը հայ բանաստեղծության մեջ։ 1002-ին Նարեկացին ավարտում է իր «Մատյան Ողբերգությանը»` որը հիրավի համարվում է հայ միջնադարյան գրականության գլուխգործոցներից մեկը։ Պոեզիան զարգանում է նաև Գրիգոր Պահլավունու, Վարդան Անեցու գործերում։ Վարդան Հայկազնի ստեղծագործությամբ սկիզբ է առնում կենսագրական պոեմի ժանրը։ XI-XII դարերի սահմանագլխին է ապրել նշանավոր բանաստեղծ և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը։

XII դարից սկսած գրաբարին փոխարինելու է գալիս միջին գրական հայերենը։

Դարաշրջանի կարևոր պատմագրական երկերից է Մաթէոս Ուրհայեցու «Ժամանակագրությունը», որ նշանակալից տեղեկություններ է պարունակում նաև առաջին խաչակրած արշավանքների մասին[13]։ XII դարի վերջին է գրվում Սամուել Անեցու «Ժամանակագրությունը»։ Վերջինս առանձնակի կարևոր տեղեկություններ է պարունակում նույն դարաշրջանի Հայաստանի, Կիլիկյան Հայկական Թագավորության և հարակից երկրների մասին։ Պատմագրությունը զարգանում է նաև Մխիթար Անեցու և ուրիշների գրվածքներում։ Ե՜ւ բովանդակային, ե՜ւ կառուցվածքային առումով նոր խոսք էր հայ գրականության մեջ Ներսես Շնորհալու ստեղծագործությունը։ 1145-ին Շնորհալին ավարտում է «Ողբ Եդեսիոյ» պոեմը՝ հայ գրականության մեջ քաղաքական պոեզիայի առաջին կոթողներից մեկը։ Վերջինս համարվում է նաև էպիկական պոեմի սկզբնավորողը։ Ժամանակի հայ գրականության և գրավոր մշակույթի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում Մխիթար Գոշը։ Գոշը համարվում է հայ արձակի հիմնադիրներից մեկը[14], ումից պահպանվել են շուրջ 190 առակներ։ Նրան է պատկանում նաև հայ իրավունի հիմնարար կոթող «Դատաստանագիրքը»։ Գրիգոր Տղայի 1189-ին գրված «Ողբ վասն առմանն Երուսաղեմի» պոեմում (մոտ երեք հազար տող) իրենց արտահայտությունն են գտել ժամանակին Կիլիկյան Հայաստանում տեղի ունեցած անցքերը։ Ներսես Լամբրոնացին ստեղծում է եկեղեցական բանաստեղծություններ և ճառեր։

XIII—XVI դարեր Խմբագրել

XIII դարի հայ պատմագրության մեջ բացառիկ տեղ է գրավում Կիրակոս Գանձակեցու «Հայոց Պատմությունը»` գրված 1241-1266-ի միջև։ Երկը ներառում է հայ ժողովրդի պատմության հազարամյա շրջան։ Նույն հարյուրամյակի վերջին է գրվել Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսականը», որ ներառում է խիստ արժեքավոր տեղեկություններ հայոց կարևորագույն նահանգներից մեկի՝ Սյունիքի պատմության վերաբերյալ։ 1270-ականներին իր «Պատմությունն» է ավարտում Սմբատ Սպարապետը, ուր շարադրված է Հայաստանի և Կիլիկիայի պատմությունը սկսած X դարից։ Դարավերջին պատմություն է գրում Մխիթար Այրիվանեցին։ Պատմագրության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում Վարդան Արևելցին։ Նույն դարի պատմիչ է Ստեփանոս Եպիսկոպոսը։

XIII հարյուրամյակը աչքի է ընկնում նաև զուտ գեղարվեստական գրականության բուռն ծաղկումով։ Դարի նշանավոր պոետ է Ֆրիկը, որից պահպանված 50 տաղերում արտացոլված են սոցիալական անհավասարության խնդիրը, մոնղոլական ծանր լծի տառապանքները։ Այս շրջանի պոեզիայում հատուկ տեղ է զբաղեցնում նաև Կոստանդին Երզնկացին, ով հայ գրականության մեջ սիրային պոեզիայի սկզբնավորաղներից մեկն է։ Երզնկացու ստեղծագործության մեջ փառաբանվում է սերը, բնությունը և մարդը։ Խաչատուր Կեչառեցու մոտ կարևոր տեղ է գրավում միջնադարյան մարդու հոգեբանական նկարագիրը։ Ժամանակի նշանավոր բանաստեղծ է Հովհաննես Երզնկացի Պլուզը։ Արձակ գրականությունը նոր բարձունքների է հասնում Վարդան Այգեկցու ստեղծագործություններում, մասնավորապես առակներում, որ ամփոփված են «Աղվեսագիրք» ժողովածուում։ XIII դարի հայ գրավոր մշակույթի կարևոր դեմքերից է Հովհաննես Տավուշեցին (Վանական Վարդապետ), ումից պահպանվել է «Հարցմունք և պատասխանիք» երկը՝ դարաշրջանի հայ մշակույթը լուսաբանող հանրագիտական բնությի գործը[15]։

Միջնադարյան հայ պոեզիայի գագաթներից է հայրեննեի արվեստը։ Դրանց թիվը հասնում է մոտ հինգ հարյուրի, որոնք մեծ մասամբ պատկանում են անանուն հեղինակների։ Հայրենները բնույթով սիրային բանաստեղծություններ են՝ գրված հիմնականում XIII-XVI դարերում։

XVII—XVIII դարեր Խմբագրել

17-18-րդ դարերի գրականությունը 17-րդ դարի 1-ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ-քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական գրակaանության զարգացմանը։ Գրչագրության և նորաստեղծ տպագրության (1512) շնորհիվ վերակենդանացել է միջնադարյան հայկական գրավոր հարուստ ժառանգությունը։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։ Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցու գրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ։

XIX դար Խմբագրել

XX դար Խմբագրել

Հղումներ Խմբագրել

  1. Խորենացի, III, ԽԷ
  2. Եղիշե. Վարդանի և հայոց պատերազմի մասին/ առաջաբանը Վ. Նալբանդյանի, աշխ. թարգմ. և ծանոթագր. Ե. Տեր-Մինասյանի, Եր. 1994, էջ 3
  3. Encyclopædia Britannica Armenian literature
  4. Եզնիկ Կողբացի. Եղծ աղանդոց, Եր. 1970, էջ 6
  5. Н. Тагмизян. Предисловие // Шаракан. Переводы Сурена Золяна. Из армянской поэзии V-XV вв. (Сборник).. — Ер.: Хорурдаин грох, 1990
  6. Г. Гоян. 3. Каким был армянский театр в V веке // 2000 лет армянского театра. Театр древней Армении. — М.: Искусство, 1952. — Т. II. — С. 32-44
  7. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 261
  8. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 6, էջ 552
  9. Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7, էջ 38
  10. Bagratids. Encyclopædia Iranica. C. Toumanoff
  11. С. В. Юшков. К вопросу о границах древней Албании. Исторические записки, № I, М. 1937, с. 137
  12. Армения // Православная энциклопедия. — М.: 2001. — Т. 3. — С. 286—322.
  13. Мсерианц Л., Е. П. (Поливанов Е.) Армянская литература // Литературная энциклопедия, Т. 1., 1930. — Стб. 241—252.
  14. Видные деятели армянской культуры, Ер., 1982, стр., 229
  15. Православная Энциклопедия