Գործազրկություն, գործազուրկ է համարվում աշխատունակ հասակի մարդը, ով աշխատանք չունի, ակտիվ փնտրում է և գտնելուն պես պատրաստ է անցնել աշխատանքի։ Գործազրկությունը հանգեցնում է կապիտալի արտահոսքին, որը վատթարացնում է տնտեսական կոնյուկտուրան և հեռացնում է հավասարակշռված աճի հորիզոնները։ Բնակչության կենսամակարդակի նվազումը հանգեցնում է սպառողական պահանջարկի կրճատմանը, խնայողությունների մակարդակի նվազմանը, որը նույնպես նպաստում է արտադրության որոշ մասի կրճատմանը։ Գործազրկությունը, լինելով արտադրության անկման ծնունդ, դառնում է տնտեսական անկայունության այն օղակը, որն ընդունակ է այդ անկումը խորացնել։

Էություն

խմբագրել

Երկրի քաղաքացիական բնակչությունը (16 տարեկանից բարձր) սովորաբար բաժանվում է երկու մասի՝ աշխատուժի մեջ ընդգրկված մարդիկ և աշխատուժի կազմում չընդգրկված մարդիկ։ Աշխատուժի կազմում չընդգրկված քաղաքացիական բնակչությունն է՝ սեփական տնային տնտեսություններում զբաղվածները, ուսանողները, բանակում ծառայողները, կենսաթոշակառուները, հաշմանդամները։ Գործազրկությունը սոցիալ-տնտեսական երևույթ է, որը այս կամ այն չափով գոյություն ունի ցանկացած երկրում։ Գործազրկության դեպքում աշխատուժի առաջարկը գերազանցում է դրա նկատմամբ եղած պահանջարկին։

Տեսակներ

խմբագրել

Գործազրկության տեսակներն են՝

  • ֆրիկցիոն։ Այն մարդիկ են, ովքեր ժամանակավորապես չեն աշխատում, փնտրում են աշխատանք և գտնելուն պես անցնում են աշխատանքի։ Օրինակ՝ բուհ ավարտած ուսանողները, կամ մարդիկ ովքեր լքել են աշխատատեղը նոր և ավելի լավ աշխատանքի անցնելու համար։ Այսպիսի գործազրկությունը անխուսափելի է և ծագում է աշխատուժի կամքով, իր հիմքում ունենալով աշխատանքի պայմանների փոփոխություն, վարձատվություն, տեղի նախասիրությունների, մասնագիտական կողմնորոշման, սեզոնային աշխատանքի և այլնի հետ։ Այս պայմաններով պայմանավորված գործազուրկները անընդհատ փոխարինում են միմյանց, ուստի այս ձևը մշտապես առկա է։
  • կառուցվածքային գործազրկություն։ Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Մարդիկ կորցնում են իրենց "հնացած" աշխատատեղը և ստիպված են կամ վերապատրաստվել, կամ փոխել մասնագիտությունը։ Օրինակ՝ մեքենագրուհիները։ Սա պայմանավորված է սպառողական պահանջարկի և տեխնոլոգիայի փոփոխություններով, որոնք իրենց հերթին բերում են նաև աշխատուժի նկատմամբ ընդհանուր պահանջարկի փոփոխության։ Արդյունքում որոշ մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը կրճատվում է կամ ընդհանրապես վերանում է, մասնագիտական գիտելիքները սկսում են չհամապատասխանել աշխատաշուկայի պահանջներին, առկա աշխատուժի և աշխատատեղերի միջև առաջանում է անհամատեղություն։
  • ցիկլային գործազրկություն։ Առաջանում է տնտեսությունում տեղի ունեցող տնտեսական անկման արդյունքում, երբ արտադրությունները կրճատվում են և մարդիկ կորցնում են իրենց աշխատանք։ Այն բնութագրվում է ամբողջական ծախսերի անբավարարությամբ և ապրանքների ու ծառայությունների նկատմամբ ամբողջական պահանջարկը կրճատվում է, զբաղվածությունը նվազում է գործազրկությունը՝ աճում։

Լրիվ զբաղվածություն կատեգորիան բնորոշում է տնտեսական մի իրավիճակ, երբ պարբերաշրջանային գործազրկությունը հավասար է 0-ի, և տնտեսությունում առկա են ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկությունների տեսակները։ Այսինքն՝ լրիվ զբաղվածությունը հավասար է ֆրիկցիոն գործազրկություն + կառուցվածքային գործազրկություն։ Սա հաճախ անվանում են գործազրկության բնական մակարդակ։

Գործազրկության սոցիալական և տնտեսական հետևանքները

խմբագրել

Գործազրկությունը երբ հասնում է պրոբլեմային մակարդակի, այսինքն գերազանցում է բնական մակարդակը իր հետ բերում է մեծ տնտեսական և սոցիալական վնասներ։ Առաջին հերթին գործազրկության գլխավոր գինը չթողարկվող արտադրանքն է, այսինքն չարտադրված ՀԱԱ-ի որոշակի ծավալը։ Մակրոտնտեսագիտության հայտնի հետազոտող Արթուր Օուքենը այդ կապը արտահայտել է մաթեմատիկորեն։ Ըստ նրա օրենքի եթե գործազրկության մակարդակը գերազանցում է բնական մակարդակը   -ի չափով, ապա ՀԱԱ-ն նվազում է   -ով, ապա նշանակում է որ եթե գործազրկության մակարդակը չբարձրանա անհրաժեշտ է ՀԱԱ-ի տարեկան աճ։

Բարձր գործազրկությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական աղետ է. աշխատուժը կորցնում է իր որակավորումը, մարդիկ կորցնում են իրենց անձի նկատմամբ հարգանքը, քայքայվում են ընտանիքներ, ավելանում է արտագաղթը, աճում է հանցագործությունների թիվը։

Գործազրկության բնական մակարդակը

խմբագրել

Գործազրկության մակարդակը լրիվ զբաղվածության պայմաններում հավասար է ֆրիկցիոն և կառուցվածքային գործազրկության մակարդակների գումարին։ Այլ կերպ ասած տնտեսությունը լրիվ զբաղվածության մակարդակի հասնում է, երբ ցիկլային գործազրկությունը հավասար է 0-ի։ Ազգային արդյունքի իրական ծավալը, որը կապված է գործազրկության բնական մակարդակի հետ կոչվում է տնտեսական արտադրական պոտենցիալ։

Գործազրկության մակարդակը որոշելու համար 16 տարեկանից բարձր ամբողջ բնակչությունը բաժանվում է 3 մեծ խմբի՝

  1. զբաղվածներ (աշխատանք ունեցողներ),
  2. գործազուրկներ (աշխատանք փնտրողներ),
  3. աշխատուժի կազմից դուրս մնացածներ (ուսանողներ, թոշակառուներ, հաշմանդամներ, տնային տնտեսուհիներ և այլն)։

Այսպիսով ամբողջ աշխատուժը հավասար է զբաղվածների և գործազուրկների թվի գումարին։ Այստեղից գործազրկության մակարդակը հաշվում է որպես ամբողջ չափահաս բնակչության համար ցուցանիշ, ինչպես նաև առանձին սոցիալական խմբերի համար։

Գործազրկությունն աշխարհում՝ արտահայտված տոկոսով (2012-2021)[1]


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «World Development Indicators | DataBank». databank.worldbank.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.

Գրականություն

խմբագրել
  • Безработица // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Валентин Роик Экономика, финансы и право социального страхования. Институты и страховые механизмы. — М.: Альпина Паблишер, 2012. — 258 с. — ISBN 978-5-9614-1961-0.
  • Գ. Ե. Կիրակոսյան, Ի. Ե. Խլղաթյան, «Ընդհանուր տնտեսագիտության տեսություն» Երևան 2000 թվական
  • Անահիտ Մելքումյան «Աշխատանքի շուկա և զբաղվածություն», Երևան 1999, գլուխ 3-րդ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գործազրկություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 173