Աղվաններ, Կուր գետի ստորին հոսանքում և Մեծ Կովկաս լեռնային համակարգի տարածքում բնակվող 26 հնագույն ցեղեր, որոնք հանդես չեն եկել որպես միասնական աղվանական ազգ[1]: Խոսել են լեզգիական լեզվախմբի աղվաներեն լեզվով[2]: Խումբը պատկանում է Իբերո-Կովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան ճյուղին:

15-րդ դարի հայկական ձեռագիր, որը պարունակում է աղվաներենի այբուբենը

ԱնվանումԽմբագրել

Աղվանների մասին առաջին հիշատակումը հասնում է մինչև մ.թ.ա. 4-րդ դար[3]: Հույն պատմիչ Արիանոսը վկայում է, որ «ալբանական ցեղերը» մասնակցել են Գավգամելայի ճակատամարտին (մ.թ.ա. 331)՝ պարսից շահ Դարեհ III-ի զորահրամանատար Ատրոպատեսի հրամանատարությամբ զինվորներ՝ մարերի, կադուսիների և սակերի հետ միասին[Ն 1]: Մ.թ.ա. 286-281 թվականներին Սելևկոս I Նիկատորը կարողանում է վերահսկողություն հաստատել Կասպից ծովի արևմտյան և արևելյան ափերին՝ ներառելով նաև աղվանաբնակ տարածքը:

Ցեղերի անվանումը մեկ այլ վարկածի համաձայն, գալիս է Ալուան[4] (վրացերեն՝ ალაზანი՝ ալազանի) անունից: Վերջինս Կուր գետի ձախակողմյան վտակն է, և դրա հովիտը համարվում է աղվանների հայրենիքը:

Աղվանների մասին առավել հարուստ տեղեկություններ են հաղորդում հայ մատենագիրներ Մովսես Կաղանկատվացին, Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը և ուրիշներ: Հայերենում «աղվան» անվանումը բացատրվում է երկակի՝ որպես «ալբան» բառի տառադարձում[Ն 2], կամ որպես «քաղցր, անուշ երկիր»[Ն 3]:

ԾագումԽմբագրել

Աղվանական ցեղերի էթնիկական և լեզվական պատկանելության հարցը տարաձայնությունների առիթ է հանգեցնում: Ուսումնասիրողների որոշ հատվածը նրանց՝ «կովկասյան» ծագման վարկածի կողմնակիցն է, իսկ մյուսը՝ «հյուսիսիրանական» ծագման վարկածի:

Ըստ «կովկասյան» ծագման վարկածի, աղվանական ցեղերը բնակվել են Վիրքից Կասպից ծով ընկած տարածքներում՝ հիմնականում Կուր գետից արևմուտք: Որպես այդպիսիք հիշատակվում են ուտիները, գարգարացիները, կասպերը և ուրիշներ: Նրանք, լինելով բնիկներ, մարդաբանական տեսանկյունից աստիճանաբար ձուլվել են իրանական ցեղերի հետ, որոնք Ատրպատականից անցել են Կովկաս Աքեմենյանների տիրապետության շրջանում:

Ըստ «հյուսիսիրանական» ծագման վարկածի, աղվանական ցեղերը ձևավորվել են այսպես կոչված նախասկյութական՝ սպարդաների (Ասքանազյան ծագում ունեցող և Կուր-Արաքսյան միջագետքում բնակվող ցեղեր) ու մազքութների (մոսոքյան ծագում ունեցող և Կասպիական ափամերձ տարածքներում բնակվող ցեղեր) միախառնումից, որում բնականաբար իրենց մեծ մասնակցությունն են ունեցել Կովկասյան ցեղերը (հատկապես՝ ուտիները): Այդպիսով՝ աղվանները ներկայացվում են որպես նախաալանական ցեղեր (հայկական պատմական աղբյուրներում՝ առավեղյան ցեղեր): Այս վարկածի հիմնական հիմքերից են հանդիսանում պատմական աղբյուրներում հիշատակվող և աղվաններին վերաբերվող՝ հնդեվրոպական ծագման անձնանունների ու տեղանունների առկայությունը, ինչպես նաև աղվան էթնոսի դյուրին միաձուլումը հայկական և հյուսիսիրանական էթնոսի հետ: Այդ իսկ պատճառով. նրանց երկիրը բացի «Բուն Աղվանք կամ Խորին Հայք» անվանումից, անվանել են նաև «Աղվանից կամ Մազքթաց երկիր»: Ելնելով այս ենթադրություններից, ներկայումս կարծիքներ կան այն մասին, որ Աղվանների անմիջական հետնորդները կարող են հանդիսանալ իրանալեզու այժմյան օս ժողովրդի հարավային հատվածի (Հարավային Օսիա) էթնիկական խումբը:

ՊատմությունԽմբագրել

Ըստ հույն պատմիչ Ստրաբոնի՝ գեղեցիկ ու բարձրահասակ աղվանները խիզախ պատերազմողներ էին, հիմնականում զբաղվում էին պարզունակ փոխանակային առևտրով։

ԿրոնԽմբագրել

Հեթանոս աղվանները պաշտել են լուսինը (գլխավոր աստված), արեգակը և այլն։ 370-ական թվականներին Ուռնայր թագավորի օրոք, աղվանները պաշտոնապես ճանաչել են քրիստոնեությունը։ Դաշնակցային և դրացիական դարավոր կապերի մեջ գտնվելով Մեծ Հայքի հետ՝ աղվանները խորապես կրել են նրա ազդեցությունը։ Մեսրոպ Մաշտոցը աղվան Բենիամինի հետ միասին ստեղծեց աղվանական այբուբենը։ Սելջուկ–թուրքերի և մոնղոլ–թաթարների տիրապետության ժամանակներում (11-14-րդ դարեր), երբ Մերձկասպյան շրջանները վերածվեցին նորեկ քոչվորների ձմեռային արոտավայրերի, աղվանների մնացորդները ձուլվեցին Ատրպատականից դեպի հյուսիս շարժվող միջինասիական ծագմամբ օղուզա–թուրքմենական ցեղերին[5]։

ՆշումներԽմբագրել

  1. Աքեմենյան Պարսկաստանի սատրապությունների թվում էր Ատրպատական-Մեդիան կամ Մարաստանը: Ատրոպատես սատրապի ենթակայության տակ էր ոչ միայն վերոնշյալ տարածքը, այլև կադուսիներով բնակեցված Կասպից ծովի հարավարևմտյան, ինչպես նաև սակ-սկյութներով, աղվաններով ու կասպերով բնակեցված արևմտյան ափը
  2. Գրաբարում «ղ» (ղատ) գրույթով էր տառադարձվում օտարալեզու անունների «լ» (լյուն) գյույթը (Պաղեստին, Երուսաղեմ, Հեղինե), իսկ «վ» (վեվ) տառով՝ «բ» (բեն) գրույթը (Բաբելոն, Բյուզանդիա, Բենիամին):
  3. Տեղի իշխանի քաղցր բնավորության պատճառով այս երկրամասը կոչվել է Աղուանք (հին հայերեն լեզվով «աղու» նշանակում է հեզ, բարի, լավ, քաղցր, անուշ):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Վիկտոր Շնիրելման, Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье / (խմբ. Լեոնիդ Ալաև), Մոսկվա, «Академкнига», էջ 196 — 592 էջ. — 2000 հատ, ISBN 5-94628-118-6։
  2. Древние и современные языки кавказских албанцев
  3. Encyclopædia Iranica, Albania
  4. Հակոբ Գրգեարյան, Նորա Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, հ. 1 (խմբ. Ջ.Ա. Բաբախանյան, Մ.Վ. Վարդանյան, Ա.Թ. Ավետիսյան), Երևան, «Լույս», էջ 13 — 471 էջ, ISBN 5545000291։
  5. Վիկտոր Համբարձումյան (1975)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն։ էջ 263 

Արտաքին հղումներԽմբագրել

  Ընթերցե՛ք «աղվաններ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։