Բեզոարյան այծ
Բեզոարյան այծ | |
Բեզոարյան այծ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Սնամեջ եղջերավորներ (Bovidae) |
Ցեղ | Լեռնային այծեր (Capra) |
Տեսակ | Բեզոարյան այծ (C. aegagrus) |
Միջազգային անվանում | |
Capra aegagrus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Բեզոարյան այծ, քարայծ կամ մորուքավոր այծ (լատին․՝ Capra aegagrus), սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճաղակվոր, լեռնային վայրի այծ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելԻրանի երկարությունը մոտ 1,5 մ է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև և 130 սմ երկարությամբ եղջյուրներ։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։
Տարածվածություն
խմբագրելԲեզոարյան այծը տարածված է Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում (կովկասյան ենթատեսակ՝ Capra aegagrus aegagrus), Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։ Հանդիպում է դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բեզոարյան այծը պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։
Հայաստանում արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (Շորժա գյուղի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը։ Մեկուսացած խմբերը պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտան գետի կիրճում և Արփա գետի հովտի վերին մասում։ Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է[1]։
Սննդառություն
խմբագրելՍնվում են խոտաբույսերով, կիսաթփերով և տերևներով։
Բազմացում
խմբագրելԾնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ[2]։
Պահպանություն
խմբագրելՏեսակը գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ներկայիս գնահատմամբ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ։ Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների։
Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը և անասունների արածեցումը։
Պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
- ↑ ՀՍՀ, հատոր 2։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեզոարյան այծ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեզոարյան այծ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 352)։ |