Սյունիքի թագավորություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սյունիք (այլ կիրառումներ)

Սյունիքի թագավորություն (կոչվել է նաև՝ Կապանի թագավորություն), ավատատիրական հայկական պետություն միջնադարյան Հայաստանում, Սյունիք նահանգի տարածքում, որը գոյություն է ունեցել 987-1170 թվականներին՝ մայրաքաղաք ունենալով Կապան բերդաքաղաքը[1]։ Սյունյաց թագավորությունը կազմավորվել է Սյունիք նահանգում 10-րդ դարի 70-ական թվականներին[1][2]։ Իր գոյությունը պահպանել է մինչև 1170 թվականը[1]։ Այն ավելի ուշ է վերացել, քան Մեծ Հայքում եղած հայկական մյուս բոլոր թագավորությունները (Վասպուրականի, Անի-Շիրակի, Վանանդի կամ Կարսի, Լոռու կամ Տաշիր-Ձորագետի)[1]։

Սյունիքի թագավորություն
 Բագրատունյաց Հայաստան 987 - 1170[1] Զաքարյան Հայաստան 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կապան
Մակերես 5.000 կմ2
Մակերես 8.000 կմ2
Լեզու հայերեն
Կրոն Հայ առաքելական եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Սյունիներ
Պետության գլուխ թագավոր
Պատմություն

Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը իր մեջ ներառում էր մոտավորապես ներկայիս Հայաստանի Սյունիքի մարզը գրեթե ամբողջովին, բացառությամբ ներկայիս Գորայք համայնքը ընդգրկող տարածքի, նաև որոշ տարածքներ` Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (Ադրբեջան)[2]։

Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ամենավերջինն էր, որը հիմնադրվել էր 987 թվականին՝ Սմբատ Սյունու կողմից։ Տարածքն ընդգրկում էր Սյունիք նահանգի հարավային հատվածները՝ կազմելով 8 000 քառ. կմ։

Սյունիքի թագավորության մեջ կային 43 բերդ, 48 վանք և 1000-ից ավելի գյուղեր։ Մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ 10-րդ դարի վերջերից Կապան քաղաքը։

Սյունիքի թագավորության պատմությունը ամփոփված է մի քանի հայ պատմիչների աշխատություններում։ Նրանցից հատկապես մեծարժեք է Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմություն» երկասիրությունը։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Սյունիք անունը Մովսես Խորենացին (5-րդ դար) կապում է Հայկ նահապետի թոռ Սիսակի անվան հետ։ Գիտական բացատրությունը հավանաբար այն է, որ սեպագիր արձանագրություններում հիշատակված Սիունի (Ծիունի) տոհմանունից է առաջացել Սյունիք անունը[3]։

Աշխարհագրական բնութագիր խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Կովկասյան (Կապ-Կոհ) լեռնաշղթային գրեթե զուգահեռ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք տարածված է մի ընդարձակ լեռնաշխարհ, որն ընդհանուր առմամբ հայտնի է Փոքր Կովկաս (նաև՝ Ստորին, Անտիկովկաս) անվանումով[4]։ Փոքր Կովկասը բաղկացած է բազմաթիվ ճյուղավորություններ ունեցող մի քանի լեռնաշղթաներից, որոնք խաչաձևվելով՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասը վերածում են լեռնային առանձին փակ ֆիզիկա-աշխարհագրական շրջանների[4]։ Այդպիսի մի մեծ շրջան է իրենից ներկայացնում Սյունիքի թագավորությունը ընդգրկող Սյունքի հարավ-արևելյան մասը, որը սահմանափակված է արևմուտքից Զանգեզուրի (Սյունյաց) լեռներով, հարավից՝ Արաքս (Երասխ) գետով, արևելքից՝ Հագարի (Աղավնո) գետով և հյուսիսից՝ Իշխանասարի հրաբխային զանգվածով[2][4]։

Զանգեզուրի լեռներ խմբագրել

 
Տեսարան դեպի Զանգեզուրի լեռները՝ Գորիսի արևելքից։

Զանգեզուրի լեռները սկսվում են Հինալ (Կոնգուր) գագաթից (3367 մետր) և գրեթե միջօրեականի ուղղությամբ ձգվում է մինչև Արաքսի հոսանքը, ուր կտրվում է 600 մետր խորություն ունեցող ուղղաձիգ անդունդով[4]։ Զանգեզուրի լեռնաշղթան, Մեծ Կովկասից հետո, Անդրկովկասում ամենաբարձր լեռնաշղթան է[4]։ Նրա գլխավոր գագաթներից չորսի բարձրությունն անցնում է 3600 մետրից, իսկ մյուս 6-ինը՝ 3300 մետրից[4]։ Ամենաբարձր գագաթը՝ Կապուտջուղը (3927 մետր) ծածկված է մշտնջենական ձնածածկույթով[4][5]։ Շղթայի ամբողջ երկարությունը հասնում է 150 կմ-ի[4][6]։

Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասի գագաթներն ու լանջերը մեղմ թեքությամբ խառնվում են հարևան Ղարաբաղի (Արցախի) և Հայոց ձորի (Վայոց ձորի) բարձրադիր սարահարթերի հետ[4]։ Լեռնաշղթայի հյուսիսային մասի այդպիսի համեմատաբար փորք բարձրության պատճառով էլ նրա վրա գտնվող լեռնանցքները տեղ-տեղ հազիվ են նշմարվում, և չափազանց հեշտ է անցնել մի կողմից դեպի մյուսը[4]։ Շեռնաշղթայի այդ մասում է գտնվում Որոտանի լեռնանցքը (2300 մետր), որի վրայով էլ այժմ անցնում է ճանապարհը՝ Եղեգնաձորից դեպի Գորայք գյուղ, սակայն մոտենալով Սալվարդին («Աղոթարան»)՝ իր շրջապատի նկատմամբ հետզհետե բարձրանում է[4]։ Սալվարդ գագաթից ոչ հեռու գնտվում է Սիսիանի լեռնանցքը (2100 մետր), որով անցնում է Սիսիանից դեպի Նախիջևան ճանապարհը[4]։

 
Արևիք ազգային պարկը` Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրիի լեռնաբազուկի հարավային լանջին։

Զանգեզուրի (Սյունյաց) լեռների հարավային մասը, որը 94 կմ երկարությամբ ձգվում է Սալվարդից մինչև Արաքս, խիստ կերպով տարբերվում է հյուսիսային մասից[4]։ Նրա հարաբերական բարձրությունն անհամեմատ մեծ է, այստեղ են գտնվում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթները[4]։ Լեռնաշղթայի այս մասում տարածված են բազմաթիվ լճակներ, իսկ երկու կողմերից լանջերը ակոսված են խորխորատներով[4]։ Կողերից և հատակից հոսող ձյան հալոցքի ու անձրևների ջրերը շատ հաճախ առաջացնում են հսկայական քանակությամբ ցեխ, որը հոսելով դեպի ներքև, երբեմն մեծ վնասներ է հասցնում ստորին մասերում գտնվող գյուղերին[4]։ Այդպիսի մի աղետալի դեպք տեղի է ունեցել Ագուլիսի ձորերում՝ 1884 թվականի մայիսի 7-ին, որը հսկայական վնասներ է պատճառել[4][7]։

Լեռնաշղթայի այս մասում գտնվող լեռնանցքներից հաղորդակցության համար համեմատաբար հարմար է Կապուտջուղի լեռնանցքը, որով անցնում է ճանապարհը Ողջի գետի հովտից դեպի Գիլան գետի հովիտը[4]։ Այս ճանապարհը մատչելի է եղել միայն ամառվա ամիսներին՝ հետիոտն մարդկանց և գրաստների համար[4]։

Զանգեզուրի լեռներից սկիզբ են առնում մի քանի լեռնաշղթաներ, որոնք տարածվում են գրեթե լայնական ուղղությամբ[4]։ Դրանցից ամենաերկարը սկիզբ է առնում Որոտանի և Սիսիանի լեռնանցքների արանքից և ձգվելով դեպի արևմուտք՝ եզրավորում է Հայոց ձորի (Վայոց ձորի) գոգահովիտը հարավային կողմից[4]։ Ավելի հարավ գտնվող Բարկուշատի և Մեղրու (Արևիք) շեռնաշղթաները Զանգեզուրի լեռների հարավային մասից սկսվելով, իրար նկատմամբ գրեթե զուգահեռ ձգվում են դեպի արևելք և վերջանում Արաքսի ձախ ափին[4]։

Բարկուշատի արևմտյան մասում է գտնվում Աճանան (2393 մետր) գագաթը, իսկ նրանից մի փոքր արևելք՝ Բարկուշատի ամենաբարձր գագաթը՝ Արամազդը (3392)[4]։

Աճանան (Տափասար) լեռնագագաթը։
Արամազդ լեռնագագաթը։

Բարկուշատի վրա նշանավոր է Արամազդի լեռնանցքը[4]։

Բարկուշատից հարավ գտնվող Մեղրու լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Բաղացսարն ունի 3256 մետր բարձրություն, բայց ավելի մեծ բարձրություն ունի այդ շղթայից դեպի հյուսիս տարածվող լեռնաճյուղերից մեկի՝ Խուստուփ-Կատարի լեռների վրա գտնվող Խուստուփ սարը (3214 մետր)[4]։ Մեղրիի լեռներում հիշատակության արժանի է Մեղրու լեռնանցքը, որտեղով այժմ անցնում է Կապանից դեպի Մեղրի տանող խճուղին[4]։

Երկրաբանական կառուցվածք խմբագրել

Վաղ անցյալում Սյունյաց աշխարհի հարավ-արևելյան մասում չեն դադարել գործելուց հրաբխային և տեկտոնական երևույթները[2]։ Մինչև այժմ շարունակվող լեռնակազմական երևույթների արտահայտությունն են այստեղ տեղի ունեցող երկրաշարժերը[2]։

Վայոց ձորի երկրաշարժ (735) խմբագրել

Ավելի վաղ ժամանակներում տեղի ունեցած համեմատաբար աղետաբեր երկրաշարժերի մասին տեղեկություններ են հայտնում հայ պատմիչները[8]։ Կիրակոս Գանձակեցու հիշատակության համաձայն 8-րդ դարի առաջին կեսում Սյունյաց նահանգի Հայոց ձոր (Վայոց ձոր) գավառում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է 10․000 մարդ, երկրաշարժի կատարած ավերումների պատճառով ընկղմվել է Մոզ քաղաքը, իսկ գավառն այդ օրվանից իբրև թե կոչվել է «Վայոց (ողբի) ձոր»[9]։

  «Եւ ահա խաւար ի վերուստ անտեսանելի կալաւ
զՄոզանն սահմանն, և զաւուրս քառասուն շարժեցաւ
վայրն, և խորասույզ եղեալ ընկղմեցան կենդանւոյն
ոգիք իբրև տասն հազար։ Վասն այնօրիկ Վայոյ Ձոր
անուանեցաւ մինչ ցայսօր ժամանակի»։
- «Պատմութիւն Հայոց», Կիրակոս Գանձակեցի
 

Հայոց ձորում տեղի ունեցած այդ երկրաշարժի մասին վայություններ ունեն նաև Մխիթար Այրիվանեցին[10] ու Ստեփանոս Օրբելյանը[11], որոնց հաղորդած տեղեկությունները լիովին համապատասխանում են Գանձակեցու հիշատակությանը[8]։ Գևորգ Մեսրոպի հաշվարկներով Վայոց ձորի երկրաշարժը տեղի է ունեցել 735 թվականին[8][12]։ Հնարավոր է համարվում, որ երկրաշարժի հետևանքով ընկղմվածների թիվը չափազանցված է պատմիչների կողմից, սակայն հիշյալ նկարագրություններից ենթադրվում է այդ երկրաշարժի կործանիչ բնույթը[8]։

Քարկոփի երկրաշարժ (906) խմբագրել

10-րդ դարի սկզբներին տեղի ունեցած երկրաշարժը բավականին վնասներ է պատճառել Սյունիքում[13][14]։

Գանձակի երկրաշարժ (1139) խմբագրել

1139 թվականին Գանձակի աղետաբեր երկրաշարժի ալիքները հասնում են նաև Սյունիք, որի հետևանքով փլվում է Տաթևի վանքի մեծ եկեղեցու գմբեթը[14][15]։

Սյունիքի երկրաշարժ (1143) խմբագրել

Գանձակի երկրաշարժից 4 տարի անց, 1143 թվականին Սյունքում տեղի է ունեցել ավելի աղետաբեր երկրաշարժ։ Այս երկրաշարժի մասին հայտնում է Ստեփանոս Օրբելյանը[14][15]։

  «․․․և ամենևիմբ ջնջեցավ մարդ և անասուն․
և անբնակ եղև բոլոր աշխարհս Սիսական․
միայն թէ ի ծերպս մնացեալ էին
ուրեք ուրեք երկու կամ երեք արք»։
- «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփանոս Օրբելյան
 

Հավանական է, որ 1143 թվականին տեղի ունեցած երկրաշարժի պատճառած վնասների նկարագրությունը Օրբելյանկի կողմից չափազանցություն է, սակայն պարզ է, որ այս երկրաշարժը Սյունիքում աղետալի հետևանքներ է ունեցել[14]։ Հետագա դարերում ևս ներքին ուժերն իրենց պարբերաբար զգացնել են տվել երբեմն թույլ, երբեմն էլ մեծ ուժի երկրաշարժերի ձևով[14]։

Զանգեզուրի երկրաշարժ (1931) խմբագրել

1931 թվականի ապրիլի 27-ին Զանգեզուրում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժը զգալի ավերումներ է պատճառում մի քանի գյուղերի՝ փոփոխություններ առաջացնելով նաև երկրակեղևի վրա[8]։ Երկրաշարժի հետևանքով մի քանի տեղերում (մասնավորապես Ողջի գետի վերին հոսանքի շրջանում) առաջացան փլվածքներ, ցամաքեցին մեծ թվով աղբյուրներ և այլն[8]։

Ռելիեֆ խմբագրել

Սյունյաց աշխարհի հարավ-արևելյան մասի ռելիեֆը ձևավորվել է երրորդական և չորրորդական ժամանակաշրջաններում[2]։ Հետագայում հսկայական փոփոխություններ է առաջացրել գետերի և մթնոլորտային տեղումների ներգործությունը, որոնք կտրտել և ողողել են լեռնաշղթաներն ու առանձին բարձրացումները[2]։

Ջրագրություն խմբագրել

 
Շաքիի ջրվեժ

Բնություն խմբագրել

Բուսական աշխարհ խմբագրել

Սիսիանի լեռնանցքից սկսած դեպի հարավ հանդիպում են թփուտների առանձին պուրակներ, իսկ ավելի հարավ, Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան մասում անտառներն արդեն համեմատաբար ավելի խիտ են և բարձրահասակ[4]։

Բարկուշատի և Մեղրու լեռնաշղթաների բարձրադիր լեռնալանջերը գտնվում են ալպիական մարգագետինների շրջանում[4]։ Լանջերի մեծ մասը ծածկված են անտառներով[4]։

Նախապատմություն խմբագրել

«Աշխարհացոյցի» համաձայն` Սյունիք նահանգն ունեցել է 12 գավառ։ Դրանցից 7-ը (Բաղք-Քաշունիքի հետ՝ 8) ներառվել են Բաղաց կամ Սյունիքի թագավորության կազմում՝

  • Ծղուկ - 1950 կմ2 (այժմյան Սյունիքի մարզի Սիսիանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 7-րդ գավառը)
  • Աղահեճք - 1402 կմ2 (այժմյան Քաշաթաղի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 6-րդ գավառը)
  • Հաբանդ - 1325 կմ2 (այժմյան Գորիսի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 8-րդ գավառը)
  • Բաղք (Քաշունիքի հետ) - 925 կմ2 (այժմյան Կապանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 9-րդ գավառը)
  • Ձորք - 525 կմ2 (այժմյան Կապանի շրջանի Գեղվաձորը, ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 10-րդ գավառը)
  • Արևիք - 625 կմ2 (այժմյան Մեղրիի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի» Սյունիքի 11-րդ գավառը)
  • Կովսական - 625 կմ2 (նախկին Զանգելանի և մասամբ Կապանի շրջանները, ազատագրումից հետո վերանվանված դարձյալ Կովսական։ Ըստ «Աշխարհացոյցի»՝ Սյունիքի 12-րդ գավառը)

Տարածքը սկզբնական շրջանում բավականաչափ մեծ էր՝ իր մեջ ընդգրկում էր 5-րդ դարի պատմիչ և աշխարհագետ Մովսես Խորենացու «Աշխարհացոյց»-ում նկարագրված Սյունիք աշխարհի ավելի քան կեսը մասը։ Թագավորության սահմաններից դուրս էին Սյունիքի Սոդք և Գեղարքունիք գավառները, այսինքն՝ Սևանա լճի ավազանը, ինչպես նաև Վայոց ձոր և Երնջակ գավառները։

Բագրատունի Գագիկ Ա թագավորը (990-1020) 1003-ին Սյունիքի թագավորությունից գրավում Անի-Շիրակի թագավորությանն է միացնում Վայոց ձորն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։ Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին Զանգեզուրի լեռների հարավային մասը, հարավում Արաքս գետը, արևելքում՝ Աղավնո (Հագարի) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի և Որոտան գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր Բաղք, Կապան, Արևիք, Կովսական ու Հաբանդ գավառները ամբողջությամբ և Ծղուկք գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են 11-րդ դարին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը ՝ հետագա ժամանակների համեմատությամբ։

Սյունիքին բնորոշ են բարձր լեռնաշղթաները, նրանց արանքում սեղմված բարձրադիր հովիտները, որոնց միջով անցնող ոչ մեծ գետերի ջրերը (Որոտան գետի վտակներ) կյանք են տալիս նրանց։ Լեռնային հովիտների կլիման մեղմ է, նպաստավոր երկրագործության համար։ Նախիջևանի և Մեղրու հովիտները բարենպաստ են պտղատու և խաղողի այգիների մշակման համար։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անասնապահության զարգացման համար։

Պատմություն խմբագրել

Թագավորության հիմնում խմբագրել

10-րդ դարի 70-ական թվականներին նախկին Սյունիք նահանգի հարավ-արևելյան մասում կազմավորվում է Սյունիքի թագավորությունը[2]։ Նրա տարածքը իր մեջ ներառում էր ներկայիս Հայաստանի Սյունիքի մարզը՝ գրեթե ամբողջությամբ, նաև որոշ տարածքներ՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից ու Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (Ադրբեջան)[2]։

Հայկական պետականության վերականգնումից (885) 21 տարի անց հայ իշխանները ժամանել էին Տաթև՝ ուրախությամբ նշելու Սյունյաց եպիսկոպոսական աթոռի մայր տաճարի՝ Պողոս-Պետրոս եկեղեցու նավակատիքը։ 906 թվականին օծման արարողություններին մասնակցում էին հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, պատմիչ-կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, Աղվանքի կաթողիկոս Սիմեոնը, Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին, Գեղարքունիքի մեծ իշխան Գրիգոր Սուփանը, Արցախի Եսայի և Ատրներսեհ իշխանները, Գարդմանա տեր Սահակ Սևադան, Աշոտ և Վասակ Գնթունիները, Սյունյաց գահերեց և գահակալ իշխաններ Աշոտը, Ձագիկը, Հրահատը և այլք։

 
Տաթևի վանք

Սակայն 2 տարի անց, արտաքին ուժերի սադրանքով Գագիկ Արծրունին 908 թվականին Ատրպատականի արաբական ոստիկան Յուսուֆի աջակցությամբ իրեն հռչակեց Հայաստանի թագավոր։ Պատճառը Նախիջևանն էր, որ Սմբատ Ա Բագրատունին վերցրեց Վասպուրականից և հանձնեց Սյունյաց գահերեց իշխանին։ Սա առիթ հանդիսացավ քաղաքական երկպառակության։ Այնուհետև աստիճանաբար բզկտվեց Հայաստանի քաղաքական քարտեզը գերագահության մարմաջով բռնված իշխանական հզոր տոհմերի միջև։ Առանձին թագավորություն ունենալու խմորումներ առաջացան նաև Սյունիքում, որի տերերից Վասակ Գաբուռն ամուսնացած էր Բագրատունյաց արքայադուստր Մարիամի հետ։ Սյունյաց բարձրաստիճան հոգևորականությունը և հատկապես Վահան եպիսկոպոս (հետագայում՝ կաթողիկոս) Ջևանշերյանը՝ Բաղք-Ձորք գավառների գահակալ իշխան Ձագիկի թոռը, բացահայտորեն կամ ծածուկ նպաստում էր այդ գաղափարի իրականացմանը։

970 թվականին Սյունյաց գահերեց իշխան Աշոտի թոռը՝ Սահակի որդի Սմբատը, նույնպես արտաքին ուժերի սադրիչ միջամտությամբ իրեն հռչակեց Սյունիքի թագավոր։

  Այդ ինչու՞, գրում է Ստեփանոս Օրբելյանը, Հրաչյայի կողմից գերեվարված Բագրատունիների ժառանգներից կարող են օծվել հայոց թագավորներ, իսկ Սյունյաց աշխարհից՝ ոչ։ Չէ՞ որ ի Հայկայ երևելի հարազատութեամբ որդիք զհարս փոխանակելով և տերութեամբ եկեալ հասեալ էին մինչև ցայժմ։ Սյունյաց աշխարհի իշխանները «երբեք ոչ ըմբոստացան ի հայրենի տերութեանցն», ուստի «քրեական մեղք» չի կարելի համարել Սմբատի գահակալություն  
 
Վահանավանք

Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը վախճանվեց 998 թվականին և ամփոփվեց Տաթևի վանքում։ Գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան։ Վասակ թագավորի միամորիկ դուստրը՝ Կատրանիդեն, ամուսնացած էր Գագիկ Ա Բագրատունի թագավորի (989-1020) հետ և իր մոր՝ Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ։

Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր՝ թագուհի Կատրանիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս 4-րդ դարում Ներսես Մեծի կողմից և վերացվել էր Անանիա Մոկացի կաթողիկոսի կոնդակով 960-ական թվականներին։ Պատմական որոշակի արժեք է ներկայացնում Սարգիս Սևանցի կաթողիկոսի 1006 թվականի շրջաբերական նամակը՝ ուղղված Վասակ թագավորին և Սյունյաց Սևադա ու Աշոտ իշխաններին՝ Սյունիքի հոգևոր թեմին ենթակա հարկատու գավառների մասին։ Ի թիվս այլ գավառների՝ այստեղ մտցված են Նախիջևանը, Ագուլիսը, Ջուղան, Օրդվատը (Օրդուբադը), Երնջակը, Ճահուկը և այլ բնակավայրեր։

Հոգևոր-մշակութային կյանքի ծաղկում խմբագրել

 
Որոտնավանք

Սյունյաց թագավորների մեծ մասը արու զավակ չեն ունեցել, ինչի արդյունքում խնամիական կապեր հաստատած Արցախի իշխանները հայտնվել են Սյունիքի գահին։ Սմբատ Բ-ի կրտսեր եղբայր Գրիգորը (1051-1072) ամուսնացած էր Արցախի ականավոր իշխան Սահակ Սևադա Բ-ի դստեր՝ Շահանդուխտի հետ։ Նրանք նույնպես ժառանգ չունեին, որպիսի փաստը արձանագրված է Վահանավանքի սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցու 1086 թվականի վիմական բնագրում։

Սմբատ Բ և Գրիգոր Ա թագավոր-եղբայրները զբաղվել են շինարարական աշխատանքներով։ Աջակցել և «ամենայն պիտոյիւք» օգնել են Տաթևի վանքի, Վահանավանքի, Բղենո-Նորավանքի և հոգևոր-կրթական այլ կենտրոնների վերանորոգման աշխատանքներին։ Նրանց գահակալության տարիներին առավել հարստացան Սյունիքի կրոնական օջախները, առանձնապես Տաթևի վանահայրությունը, որն ուներ միաբանության ավելի քան 1000 անդամ։

 
Բաղաբերդ

Գրիգոր Ա-ի մահվանից հետո Սյունյաց ազնվականության որոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը, ով պատերազմներ է մղել Սյունիքի Կովսական գավառ ներխուժած Փատլուն ամիրայի դեմ։ Նա ունեցել է 4 որդի (Գրիգոր, Սմբատ, Սևադա, Կյուրիկե) և մեկ դուստր։ 1081 թվականին, Շահանդուխտ թագուհին, «սրբասնունդ օրիորդ» Կատան՝ նրա քույրը, և Սենեքերիմ եղբայրը իրենց մոր՝ Աղվանից թագուհի իշխանուհի Սոփիայի հիշատակը հավերժացնելու նպատակով գեղաքանդակ խաչքար են կանգնեցրել մեծ տաճարի արևելյան սարալանջին։ Վահանավանքի կրկնահարկ դամբարան-եկեղեցու գավթում է թաղված Աղվանից կաթողիկոս Տեր-Ստեփանոսը, որը Կապան էր եկել «նեղեալ ի Տաճկաց», այսինքն՝ սելջուկ-թուրքերից, հավանաբար, 1070-ական թվակականներին։

Ի տարբերություն հարևան Վասպուրականի իշխողների, որոնք քրիստոնյա Բյուզանդիայի աջակցությամբ, փաստորեն, կործանեցին իրենց երկիրը՝ փոխանակելով այն Կեսարիայի հետ, Սյունիքի տերերը իրենց հեռատես և դիվանագիտական հմուտ քայլերի շնորհիվ բարեկամական հարաբերություններ հաստատեցին սելջուկ սուլթանների հետ ու պահպանեցին Սյունյաց աշխարհն ավերիչ ասպատակություններից։ Այս նուրբ, ճկուն ու հեռատես քաղաքականությունը հետագայում որդեգրեցին հատկապես Օրբելյան և Պռոշյան իշխանները, երբ մոնղոլների աշխարհավեր արշավանքներից տարիներ հետո հարաբերական անդորրն ու կայունությունն օգտագործելով՝ Սյունյաց լեռնաշխարհի ապահով մի անկյունում հիմնադրեցին հանրահռչակ Գլաձորի ուսումնագիտական կենտրոնը։

Անկում խմբագրել

Սյունիքի թագավորությունը, նույն ժամանակաշրջանի մյուս հայկական թագավորությունների նման, մինչև 1045-ը Անի-Շիրակի թագավորության վասալն էր։

 
Խնձորեսկ

Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու Վասպուրականի թագավորությունների ու Աղվանքի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, գյուղատնտեսությունից բացի, մեծ զարկ էր ստացել պղնձի հանույթն ու ձուլումը։

Սյունիքի թագավորության տնտեսական վերելքը երկար չի տևում։ 11-րդ դարի վերջերից նա ընկնում է քաղաքական աննպաստ դրության մեջ։ 1094 (կամ 1096) թվականին խաղաղության դաշն կնքելու պատրվակով, միջնորդ ունենալով Շիրակի Գրիգոր Ապիրատյան իշխանին, Գանձակի ամիրան ժամանում է Կապան, որտեղ՝ Բաղաբերդ ամրոցում, ճակատամարտի էր պատրաստվում Սենեքերիմ արքան։ Գրիգոր իշխան Անեցին, մտնելով ամրոց, համոզում է Սյունիքի թագավորին, որ Գանձակի տերը եկել է Սյունիք բարի առաքելությամբ՝ միայն խաղաղության դաշն կնքելու և բարեկամություն հաստատելու նպատակով։ Հավատալով հայ իշխանի խոսքին՝ Սենեքերիմն իջնում է ամրոցից, սակայն բանակցությունները դեռ չսկսած՝ «չարաթոյն գազան» թուրք բռնապետը անսպասելիորեն «ստեաց ուխտին և յարձակեալ մռմռանօք ի վերայ եսպան զթագաւորն»,- գրում է պատմիչը։ Ապա՝ շարունակում է. «Այսպես շիջաւ ճրագն քրիստոնէից, որ կայր մնացեալ յամուրսն Բաղաց»: Սենեքերիմը նույնպես թաղվեց Վահանավանքի արքունական դամբարանատանը՝ «ի շիրմի ընդ այլ թագաւորսն»։

1103 թվականին սելջուկ-թուրքերը Մելիք-Շահի երբեմնի մատռվակ Չորթմանի գլխավորությամբ ներխուժում են Սյունիքի Բաղք գավառ։ Նրանց հիմնական նպատակն էր գրավել Կապան մայրաքաղաքը, ոչնչացնել թագավորության զինական ուժը և վերջնականապես լուծել «Սյունյաց խոչընդոտի» հարցը։ Չորթմանի հրոսակները կոտորածն սկսում են Կապանի Ջհտաթաղ (հրեաների թաղ) կոչված արվարձանից։ Թշնամուն չի հաջողվում գրավել արքայանիստ Բաղաբերդ ամրոցը և կողոպտած հարուստ ավարով հեռանում է քաղաքից։ Սյունիքի մայրաքաղաք Կապանի ավերակները գտնվում են Կապան-Քաջարան մայրուղու ձախակողմյան սարալանջին, Ողջի գետի աջ ափին, այժմյան դպրոցական ճամբարների և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի առողջարանային համալիրի տարածքում։ Երբեմնի քաղաքը ծածկված է անտառային խիտ բուսականությամբ, սակայն հարավային մասում տեղ-տեղ երևում են պարսպապատերի մնացորդները՝ երբեմն 2-2,5 մ բարձրությամբ։ Կատաղի մարտերը տևեցին մեկ տարի։ 1104 թվականին նրանք ներխուժեցին Որոտն և Բղեն գավառ, որը գտնվում էր Հաբանդի (այժմյան Գորիսի շրջան) և Բաղքի (այժմյան Կապանի շրջան) միջնամասում։ Գերվեց Բղենո Խոսրովիկ իշխանը։ Ապա՝ Սյունիքը խաղաղության մեջ գտնվեց ևս 22 տարի։ 1126 թվականին Հարոն ամիրան գրավեց Արևիք գավառը (այժմյան Մեղրիի շրջանը)։ 1152 թվականին թուրքերին հաջողվեց նվաճել Շլորուտի բերդը, իսկ հինգ տարի հետո՝ 1157 թվականին ընկավ Մեղրու բերդը։ 1170 թվականին թուրքերը Կապան քաղաքի մերձակա գրավեցին Սյունյաց աշխարհի «հոյս եւ ապաւէն» Բաղաբերդ ամրոցը։ Կողոպտվեցին և ոչնչացվեցին այստեղ ամբարված ավելի քան 10 000 ձեռագիր մատյաններ, սրբություններ, Սյունյաց նահանգի արքունական գանձերը։ Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմից Երուսաղեմը կործանելու հետ։ Ուսումնասիրողներից ոմանք համարում են, որ Բաղաբերդը Կապան քաղաքի միջնաբերդն էր, որպիսի վարկածը ընդունելի չէ, քանզի պատմական Կապան քաղաքը գտնվելիս է եղել Ողջի գետի աջ ափին, իսկ Բաղաբերդ ամրոցը՝ գետի ձախակողմյան սարալանջին՝ Բաղակու քարին հանդիպակաց։

Թագավորների ցանկ խմբագրել

1166 թվականին մահանում է Սյունիքը 70 տարի իշխած Գրիգոր Բ թագավորը, ով սերում էր Խաչենի Առանշահիկների իշխանական տոհմից։ Նույն տարում մահանում է նաև եղբայրը։ Գրիգորը իր միակ դստերը՝ Կատային, կնության էր տվել Խաչենցի իշխանազն Հասան Գեռաքարեցուն։ Վերջինս էլ դառնում է Սյունիքի 7-րդ թագավորը։

Սակայն Հասան Խաչենցի թագավորը, ով հայտնի էր նաև որպես Գեռաքարեցի, անկարող գտնվեց կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և ընտանիքը վերցրած, հեռացավ Արցախ։

Այսպիսով՝ պատմության ասպարեզից վերացավ Հայաստանի վերջին քաղաքական կազմավորումը (բուն Հայաստանում)՝ Սյունիքի թագավորությունը, որը համառորեն գոյատևեց 200 տարի շարունակ։ Սյունիքը ղեկավարել են յոթ արքաներ՝

Անունը Իշխել է Նշումներ
Սմբատ Ա 987-998 Սիսակ իշխանի որդի, Աշոտ Սյունի գահերեց իշխանի թոռ, Սյունիքի թագավոր
Վասակ Ա 998-1040 Սմբատ Ա-ի որդի, Սյունիքի թագավոր
Սմբատ Բ 1040-1051 Աշոտի (Աշոտիկի) որդի, Սյունիքի թագավոր
Գրիգոր Ա 1051-1072 Աշոտի (Աշոտիկի) որդի, Սյունիքի թագավոր
Սենեքերիմ Սևադյան 1072-1096 Սևադայի որդի, Սյունիքի թագավոր
Գրիգոր Բ 1096-1166 Սենեքերիմի որդի, Սյունիքի թագավոր
Հասան Խաչենցի 1166-1170 Սյունիքի վերջին թագավոր

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Սյունիքի թագավորությունը (պատմա-աշխարհագրական առումով)», Թադևոս Հակոբյան, Երևան, 1966, էջ 3։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Սյունիքի թագավորությունը (պատմա-աշխարհագրական առումով)», Թադևոս Հակոբյան, Երևան, 1966, էջ 5։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 639 — 804 էջ։
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 «Սյունիքի թագավորությունը (պատմա-աշխարհագրական առումով)», Թադևոս Հակոբյան, Երևան, 1966, էջ 8-12։
  5. «География Кавказа», Թիֆլիս, 1924, էջ 50։
  6. «География Кавказа», Թիֆլիս, 1924, էջ 60։
  7. «ՀԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն», Ստեփան Լիսիցյան, Երևան, 1940, էջ 30։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Սյունիքի թագավորությունը (պատմա-աշխարհագրական առումով)», Թադևոս Հակոբյան, Երևան, 1966, էջ 6։
  9. «Պատմութիւն Հայոց», Կիրակոս Գանձակեցի, Թիֆլիս, 1909, էջ 70։
  10. «Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն Հայոց», Մոսկվա, 1860, էջ 52։
  11. «Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբելեան արքեպիսկոպոսի Սիւնեաց», Թիֆլիս, 1910, էջ 142-143։
  12. «Հայոց պատմութիւն (քննական)», հ․ Ա, Կ․ Պոլիս, 1914, էջ 97։
  13. «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփանոս Օրբելյան, Թիֆլիս, 1910, էջ 236։
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Սյունիքի թագավորությունը (պատմա-աշխարհագրական առումով)», Թադևոս Հակոբյան, Երևան, 1966, էջ 7-8։
  15. 15,0 15,1 «Պատմութիւն նահանգին Սիսական», Ստեփանոս Օրբելյան, Թիֆլիս, 1910, էջ 341։

Գրականություն խմբագրել