Արշակունիների թագավորություն

(Վերահղված է Արշակունյաց Հայաստանից)

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ[1]։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Արշակունիների թագավորություն
 Արտաշեսյանների թագավորություն 65 կամ 66 - 66-428 Մարզպանական Հայաստան 
(Դրոշ)
Քարտեզ


(մոտ 150 թվական)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Արտաշատ
52-120
Վաղարշապատ 120-330
Դվին
336-428
Մակերես 300.000 կմ2
Լեզու Հայերեն
Հունարեն
Պարսկերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հելլենիզմ
Քրիստոնեություն
Տոն Նավասարդ
Արժույթ Տաղանդ
Զորք 100.000-120.000
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Արշակունիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Արշակունիների թագավորության ստեղծում 66
- Քրիստոնեության ընդունում 301
- Մեծ Հայքի բաժանում 387
- Գրերի գյուտ 405
- Արշակունիների թագավորության անկում 428

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։ Նրան հաջորդել է Սանատրուկը (88-110 թթ․), որը կառուցել է Մծուրք քաղաքը[2]։ Արիանոսը նրա մասին պատմելիս նշում է, որ նա միջահասակ արքա էր, որը կատարում էր մեծ գործեր։ Նրանից հետո գահի համար պայքար է ծավալվել, որը վերջապես լուծվել է 117 թվականին, երբ գահ է բարձրացել Վաղարշ Ա-ն (117-140 թթ․)։ Նրա օրոք Շրեշ բլրի վրա գտնվող Վարդգեսավան ավանը այնքան է զարգացել, որ Վաղարշը այդ քաղաքը պարսպապատել և իր անունով կոչել է Վաղարշապատ։ Վաղարշի մահը առիթ է դարձել հռոմեացիների համար, որպեսզի հայոց գահին բազմեցնեն սեփական թեկնածուին՝ Սոհեմոսին, որը հեռավոր ազգակցական կապ ուներ Արշակունիների հետ և Հռոմի ծերակույտի անդամ էր։ Սոհեմոսը գահակալել է 2 շրջանով՝ 140-161 թթ․ և 164-185 թթ․։ 161 թվականին պարսիկներն հաջողվել է հայոց գահին բարձրացնել Բակուր Արշակունուն, որը սակայն մի քանի տարի անց՝ 163 թվականին գահընկեց է արվել և գերեվարվել Հռոմ։ 185 թվականին Արշակունյաց գահը հանձնվել է Վաղարշ Բ-ին, որը հզոր դիվանագետ և քաղաքական գործիչ էր։ Նա կարողացել է հռոմեական գահի համար պայքարող երկու թեկնածուների միջև չեզոքություն պահպանել և վտանգի տակ չդնել երկրի անկախությունը։ Այս թագավորի օրոք Արշակունյաց թագավորության գահն սկսել է անցնել հորից ավագ որդուն՝ ժառանգաբար։ Նրա մահից հետո՝ 198 թվականին գահն անցել է որդուն՝ Խոսրով Ա-ին (198-215 թթ․), որը հոր մահվան համար վրեժխնդիր է եղել լեռնացիներից, որոնց հետ պատերազմի ժամանակ զոհվել էր Վաղարշ Բ-ն։ Խոսրով Ա -ն դավադրաբար սպանվել է Հռոմի Կարակալա կայսեր կողմից։ Գահն անցնել է Տրդատ Բ-ին, որը գահակալել է 216-252 թվականներին։ Նրա օրոք Արշակունյաց թագավորությունը նորից հզորացել է։ 226 թվականին Պարսկաստանում տեղի է ունեցած հեղաշրջման ժամանակ այնտեղ իշխող Արշակունիները, որոնք բարեկամ էին հայ Արշակունիներին, զրկվել են իշխանությունից, և իշխանությունն անցել է Սասանյան պարսիկներին։ Նրանց օգնելու համար նույն թվականին Տրդատ Բ-ն արշավել է Տիզբոն և հաղթանակ տարել պարսիկների նկատմամբ, սակայն դա չի փրկել պարթև արշակունիներին։ Ի վերջո 252 թվականին պարսիկների ճնշման տակ Տրդատ Բ-ն հեռացել է Հռոմեական կայսրություն։ Տրդատ Բ-ի մահից հետո Հայաստանում իշխում էր Արտավազդը, որին հաջորդում է Խոսրով Բ-ն։ Հենց նրա սպանությունից հետո էլ Հայաստանում սկսվել է «ժամանակ անիշխանության», որը տևել է շուրջ 26 տարի։ Այս ընթացքում պարսիկները Հայաստանում գահ են բարձրացրել պարսկական գահի թագաժառանգներին։

Ի վերջո 287 թվականին Հռոմից վերադարձել է Խոսրով Բ-ի որդին՝ Տրդատ Գ Մեծը, որը կարողացել է 298 թվականին Մծբինի պայմանագրով վերջնականապես հաստատվել հայոց գահին։ Նրա օրոք՝ 301 թվականին Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Նա գահակալել է մինչև 330 թվականը, որից հետո գահն անցել է Խոսրով Կոտակին, որը հայտնի է իր տնկած առաջին արհեստական անտառներով․ այդ անտառը ներկայումս կրում է նրա անունը՝ Խոսրովի անտառ։ Խոսրովը կառուցել է Դվինը և դիմակայել պարսիկների մի շարք ոտնձգումների։ Խոսրովից (330-338 թթ․) հետո գահին է բազմել Տիրանը (338-350 թթ․): Նա դեռևս հեթանոսական սովորություններով ապրող արքա էր, ինչի պատճառով էլ սրվել են արքայի և Հուսիկ կաթողիկոսի հարաբերությունները։ Այս ամենը պատճառ է դարձել, որ Հուսիկ Ա կաթողիկոսն արքայի հրամանով սպանվի։ Ի վերջո Տիրանը կուրացվել է պարսիկ արքայի կողմից և գահը թողել իր որդուն՝ Արշակ Բ-ին, որը դարձել է Արշակունիների թագավորության ամենանշանավոր արքաներից մեկը։ Նա տարիներ շարունակ դիմակայել է պարսիկների արշավանքներին, սակայն ի վերջո պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացի կողմից խաբվելով՝ գնացել է Տիզբոն և նետվել Անհուշ բերդ։ Այս ժամանակ Հռոմից Հայաստան է վերադարձել երիտասարդ արքա Պապը, որը վերականգնել է Հայաստանի անկախությունը և իշխել 370-374 թվականներին։ Նա 371 թվականին հաղթանակ է տարել Ձիրավի ճակատամարտում, ապա մի շարք բարեփոխումներ սկսել, որոնց թվում էր նաև եկեղեցական հողերի կրճատումը, նաև նրա օրոք Հայոց կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել Մեծ Հայքում։374 թվականին նա սպանվեց, Հռոմի Վաղես կայսեր հրամանով։ Նրանից հետո Արշակունիների թագավորությունը սկսել է թուլանալ։

Միմյանց հաջորդել են թույլ արքաներ՝ Վարազդատ, Արշակ Գ, Խոսրով Դ, որոնց թագավորության ժամանակաշրջանում՝ 387 թվականին տեղի է ունեցել Հայաստանի առաջին բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև։ 405 թվականին՝ Վռամշապուհ արքայի գահակալման շրջանում, տեղի է ունեցել ազգահպահպան նշանակություն ունեցող մի գյուտ՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծվել են հայոց գրերը։ Ի վերջո Արշակունիների թագավորությունը վերջնականապես անկում է ապրել Արտաշես Դ-ի օրոք՝ 428 թվականին։

Պատմություն

խմբագրել

Թագավորության հիմնում

խմբագրել

Արտաշեսյանների թագավորության անկումից հետո Հայաստանը թատերաբեր է դառնում տարածաշրջանի երկու հզորագույն տերությունների համար։ Այստեղ անընդհատ իշխում էին դրածո արքաներ, որոնք կեղեքում էին ժողովրդին և թալանում պետական գանձարանը։ Այս ժամանակաշրջանում իշխած գրեթե բոլոր դրածո թագավորները դառնում են հայոց ավագանու կազմակերպած դավադրությունների զոհը, որի մասին Վերգիլիոսը գրել է «կամուրջներ չհանդուրժող Արքաս», այսինքն՝ օտար տիրապետություն չհանդուրժող Հայաստան։

 
Պատերազմի առաջին փուլը՝ 58-60 թվականներ

Այս ժամանակշրջանում՝ 54 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ Ա-ն, որը ցանկանում էր իր երկու եղբայրներին՝ Բակուրին և Տրդատին բազմեցնել հարևան երկրներում՝ Ատրպատականում և Հայաստանում։ Այս քայլի գլխավոր նպատակը Պարթևստանում ընթացքող գահակալական կռիվներին վերջապես վերջակետ դնելն էր։ Նա կարողանում է արագորեն Ատրպատականի գահ բարձրացնել իր Բակուր եղբորը, սակայն Հայաստանում նույնը անելու համար նրանից մեկ տասնամյակ և մեծ ջանքեր են պահանջվում։ Սկսվում է հռոմեա-պարթևական պատերազմը, որը տևում է տասը տարի՝ 54-64 թվականներին[1]։

Մինչ այդ՝ 52 թվականին, Տրդատը պարթևական զորքով արդեն ժամանում է Հայաստան և թագավոր հռչակվում[3], սակայն հայոց գահին վերջնական հաստատվելու համար ավելի երկար ժամանակ էր անհրաժեշտ։ Պարթևական զորքը չի դիմանում հայոց երկրի կիլմային և հեռանում է Պարթևստան։ Այդ ժամանակ Տրդատը մնում է առանց ռազական լուրջ ուժի, ինչի հետևանքով անհաջողություններ է կրում։ Հռոմի Ներոն կայրը 54 թվականին Արևելք է ուղարկում Կորբուլոնին, որն իր զորքրեը դասավորում է հայ-կապադովկիական սահմանին և 58 թվականին ներխուժում Հայաստան։ Մինչև ներխուժելը նա իր լրտեսական ցանցի միջոցով կարողանում է ներքին հակասություններ, ապստամբություններ հրահրել Պարթևստանում, ինչի արդյունքում պարթևական զորքերը չէին կարողանալու օգնության հասնել Տրդատին։ Վերջինս փորձում էր մանր դիմադրություններ կազմակերպել, սակայն ապարդյուն։ Կորբուլոնը գրավում է Արտաշատը և ավերում այն՝ պատճառաբանելով, որ բավարար զորք չունի այն պահելու համար։ Այս ամենից հետո Տրդատը հեռանում է Ատրպատական՝ իր եղբայր Բակուրի մոտ։ 59 թվականիկ Կորբուլոնը շարժվում է դեպի Տիգրանակերտ, որը նույնպես գրավվում է։

60 թվականին Հռոմի կողմից հայոց գահին է բազմեցվում Տիգրան VI-ը, որը կապադովկիական արքայատոհմից էր։ Այդ ընթացքում Վաղարշ Ա-ն կարողանում է հարթել Վրկանից աշխարհում առաջացած ապստամբությունը և նորից գալ Հայաստան, որով սկսվում է պատերազմի երկրորդ փուլը։ Այդ նույն միջոցին Կորբուլոնը հեռանում է Կապադովկիա և այդտեղից լուր ուղարկում Ներոն կայսերը, որ նրան փոխարինող է պետք Արևելքում, քանի որ Վաղարշի արշավաքնները սպառնում են նաև իր Սիրիա նահանգին։ Մինչ Վաղարշը զբաղված էր իր երկրի ներքին գործերով՝ Հայաստանի նորանշանակ արքա Տիգրան VI-ը հասցնում է արշավանք ձեռնարկել Ադիաբենեի դեմ։ Վաղարշը հայ-պարթևական ուժերի և ադիաբենեցիների հետ միասին հարձակվում է Տիգրանակերտի վրա և պաշարում այն[4]։ Բանակցություններ են սկսվում պարթևների և հռոմեացիների միջև, ինչի արդյունքում Տիգրան Զ-ն հռոմեական երկու լեգեոնների հետ հեռանում է Հայաստանից։ Սակայն այս բանակցությունները արդյունք չեն տալիս և այդ միջոցին՝ 61 թվականի ամռանը Արևելք է ուղարկվում Պետոս զորավարը։

 
Պատերազմի երկրորդ փուլը՝ 61-63 թվականներ

Պետոսը 62 թվականին ներխուժում է Հայաստան և բանակում Հռանդեա կոչվող վայրում[1][1]։ Հայկական ուժերը շարժվում են հռոմեական ճամբար, իսկ պարթևական ուժերը, որոնք ղեկավարվում էին Վաղարշ Ա-ի կողմից, հասկանալով, որ Սիրիայի սահմանները շատ ամուր են, որոշում են միանալ հայերին Հռանդեայում և միասնական ուժերով ճակատամարտել։ Տեղի ունեցած Հռանդեայի ճակատամարտում հայ-պարթևական ուժերը ջախջախիչ հաղթանակ են տանում հռոմեական լեգեոնների նկատմաբ, զինաթափում նրանց և ստիպում անցնել հայերի նիզակներից կազմված լծի տակով, ինչը ամենաստորացուցիչ գործողությունն է զինվորական գործին նվիրված մարդու համար[3]։

Պետոսը լուր է ուղարկում Հռոմ, որ Արևելքում իրավիճակ չի փոխվել, սակայն Ներոն կայսրը ամեն ինչի մասին տեղյակ էր։ 64 թվականին Կորբուլոնի, Տրդատի և Վաղարշի միջև սկսվում են հռոմեա-պարթևական բանակցությունները, և հենց Հռանդեա կոչվող վայրում էլ տեղի է ունենում պայմանագրի կնքումը։ Ըստ Հռանդեայի պայմանագրի՝ Հռոմը ճանաչելու էր Արշակունիների թագավորության անկախությունը, իսկ Տրդատ Ա-ն պետք է մեկներ Հռոմ, որպեսզի թագադրվեր Ներոն կայսեր կողմից[4][5]։ 65 թվականին 3500-անոց պատվիրակությամբ, որի կազմում կային և՛ հայ, և՛ պարթև ազնվականներ, Տրդատը մեկնում է Հռոմ։ Նա հրաժարվում է ծովային ճանապարհորդությունից, քանի որ ըստ հին պարթևների կրոնի՝ արգելված է ծովի վրայով ճանապարհ գնալ։ Նրա ճանապարհորդության բոլոր ծախսերը հոգում էր հռոմեական գանձարանը։

Ի վերջո թագադրվելուց հետո՝ 66 թվականին Տրդատ Ա-ն վերադառնում է Հայաստան, և վերջնականապես հիմնադրվում է Արշակունիների թագավորությունը։

Թագավորության զարգացում

խմբագրել

Տրդատ Ա

խմբագրել
 
Գառնիի հեթանոսական տաճար

Տրդատը Հռոմում Ներոն կայսրից ստանում է մի մեծ գումար, որն ուղղվելու էր Արտաշատի վերականգման աշխատանքներին, քանի որ այն քարուքանդ էր արվել հռոմեական զորավար Կորբուլոնի կողմից։ 66 թվականին Տրդատը վերադառնում է Հայաստան և սկսում երկրի տնտեսության զարգազման, շինարարական աշխատանքներ։ 76 թվականին կառուցվում է Գառնիի հեթանոսական տաճարը, որն ունի 24 սյուն։ Սյուների քանակը խորհրդանշում է օրվա 24 ժամերը։ Գառնիի հեթանոսական տաճարը մաս է կազմել Գառնու ամրոցի, որը նույնպես կառուցվել է Տրդատ Ա-ի կողմից։ Պահպանվել է նաև խճանկարազարդ բաղնիք, որը տվյալ ժամանակաշրջանում հազվագյուտ երևույթ էր։ Հեթանոսական տաճարը ստեղծվել է երկթեք տանիքով, որը Վանի թագավորության գլխավոր աստված Խալդիի պաշտամունքային կենտրոնի՝ Արդինի-Մուսասիրի նմանությամբ է կառուցված։ Այն նվիրված է Միհր աստծուն[6][7]։ Տաճարը իր վրա կրում է նաև հունահռոմեական մշակույթի տարրեր, քանի որ կառուցվել է հելլենիզմի ժամանակաշրջանում։ Տրդատ Ա-ն երկու անգամ դիմակայել է նաև հյուսիսից լեռնային ցեղերի՝ ալանների արաշավանքներին, որի ժամանակ հազիվ է կարողացել փրկվել գերեվարվելուց[8]։

 
Սանատրուկ արքան և Ավդե թագուհին եռօրյա գերությունից հետո, ձնաբքի ժամանակ

Սանատրուկ

խմբագրել

Տրդատին 88 թվականին հաջորդում է Սանատրուկը, որը գահակալում է մինչև 110 թվականը։ Ըստ հույն պատմիչ Արիանոսի՝ նա միջահասակ էր, սակայն խելացի ու կշռադատ էր, որը հակված էր դեպի մեծ գործերը և մանավանդ ռազմական գործերը[9]։ Ըստ Խորենացու՝ Սանատրուկն արշավում է նաև դեպի Օսրոյենե և Ասորիք։ 91 թվականին նա պատերազմում է Օսրոյենեի արքա Աբգար Զ-ի դեմ և հաղթանակ տոնում նրա նկատմամբ։ Սանատրուկը տարածաշրանում կարողանում չեզոքություն պահպանել երկու տերությունների՝ Հռոմեական կայսրության և Պարթևստանի միջև։ Նա նաև շինարարական գործունեություն է ծավալում, կառուցում Մծուրք քաղաքը, որը գտնվում է Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման տեղում՝ Արտաշատից Տիգրանակերտ տանող ճանապարհի վրա[10]։ Նա նաև սպանել է իր Սանդուխտ դստերը քրիստոնեություն ընդունելու համար, իսկ Թադեոս առաքյալին՝ քրիստոնեություն տարածելու։ Նա թաղվել է Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի բերդում, որտեղ գտնվում էին նաև Արշակունի մյուս արքաների դամբարանները։ Դարեր անց, երբ պարսիկները գրավում են Անին, փորձում են բացել Սանատրուկի դամբարանը, բայց այն այնքան ամուր էր, որ դա նրանց չի հաջողվում[10]։

Վաղարշ Ա

խմբագրել

Սանատրուկի մահից հետո՝ 110 թվականին գահ է բարձրանում Աշխադարը, որը գահակալում է մինչև 113 թվականը։ Աշխադարը 113 թվականին գահազրկվում է պարթև Խոսրով Ա-ի կողմից, որին փոխարինում է իր եղբայր Պարթամասիրը։ Հռոմը սա դիտում է որպես Հռանդեայի պայմանագրի խախտում, և 114 թվականին Տրայանոս կայսրը արշավում է Հայաստան, գրավում այն, գահընկեց անում Պարթամասիրին և հայտարարում այն որպես հռոմեական պրովինցիա։ Սակայն 116 թվականի ամռանը Վաղարշ Ա-ն գլխավորում է հայոց ազատագրական պայքարն ընդդեմ Հռոմի և կարողանում է հաղթանակ տանել։ Պարթևաց Խոսրով Ա արքայի օգնությամբ Վաղարշը 117 թվականին դառնում է հայոց թագավոր[11]։ Տրայանոսի մահից հետո Հադրիանոս կայսրը Հայաստանից դուրս է բերում հռոմեական զորքերը, և հայոց անկախությունը նորից վերականգնվում է։ Ըստ Մովսես Խորենացու՝ Վաղարշը Շրեշ բլրի վրա գտնվող Վարդգեսավան քաղաքը պարսպապատում է և իր անունով կոչում Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին)։ 140 թվականին Վաղարշը գահընկեց է լինում Հռոմի Անտոնինոս Պիոս կայսեր կողմից․ Վաղարշին հայոց գահի վրա փոխարինում է Սոհեմոսը[12]։

 
Սոհեմոս-Տիգրանի հատած դրամները

Սոհեմոս և Վաղարշ Բ

խմբագրել

Սոհեմոսը Հայաստանում թագավորում է երկու ժամանակահատվածով։ Առաջին շրջանում՝ 140-161 թվականներին, նրա կառավարումն ընդհատվում է, երբ մահանում է Անտոնինոս Պիոսը։ Այդ ժամանակ պարթևական զորքերը ներխուժում են Հայաստան և այստեղ գահ բարձրացնում Բակուր Արշակունուն, որն այստեղ կառավարում է ընդամենը 2 տարի՝ 161-163 թվականներին։ 163 թվականի ամռանը հռոմեական լեգեոնները մտնում են Հայաստան և այստեղ նորից վերականգնում Սոհեմոսի իշխանությունը, իսկ Բակուրը գերեվարվում է Հռոմ։ Այս անգամ Սոհեմոսը անխռով իշխում է մինչև 185 թվականը։ Նրան հաջորդում է Վաղարշ Բ[13], որն օգտվելով հարմար առիթից կարողանում է երկրի տարածքից դուրս բերել հռոմեական լեգեոնները և երկիրն ամբողջապես անկախացնել։ Նրա կառավարման ժամանակաշրջանում կայսեր գահի համար պայքարում էին երկու թեկնածուներ՝ Նիգերը և Սևերոսը։ Նրանց միջև պայքարը վերածվում է քաղաքացիական պատերազմի։ Նիգերը օգնություն է խնդրում Վաղարշ Բ-ից, սակայն հեռատես քաղաքական գործիչը հասկանում էր, որ եթե Նիգերը պարտվեր, ապա դա հետագայում կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել հայերի համար։ Վաղարշը մերժում է նրան և չեզոքություն պահպանում։ Ի վերջո տեղի ունեցած Իսոսի ճակատամարտում հաղթանակ է տանում Սևերոսը և վերջնականապես հաստատվում կայսերական գահին[13]։ Հետագայում նա սկսում է հաշվեհարդար տեսնել այն մարդկանց հանդեպ, որոնք օժանդակել էի Նիգերին։ Նա գալիս է Միջագետք և բանակցություններ սկսում նաև Վաղարշի հետ, սակայն քանի որ Վաղարշը չէր օժանդակել Նիգերին, Սևերոսը հանում է հռոմեական զորքերը Հայաստանից և նույնիսկ հայոց բանակին կլորիկ գումար վճարում, որպեսզի նրանք պաշտպանեն Կովկասյան լեռնանցքերը լեռնացիների հարձակումներից։ Վաղարշը շարունակում է նաև Վաղարշապատ քաղաքի շինարարաությունը։ Նրա օրոք Արշակունիների թագավորությունն այնքան է զարգացել, որ գահն սկսել է անցնել հորից ավագ որդուն՝ ժառանգաբար[13]։

 
Կարակալլան, որը դավադրաբար ձերբակալեց Տրդատ Բ-ին։

Խոսրով Ա և Տրդատ Բ

խմբագրել

Վաղարշի որդին՝ Խոսրով Ա-ն, ժառանգում է գահը և թագավորում 198-217 թվականներին։ Նա վրեժխնդիր է լինում լեռնացիներից՝ խազրաց և բասլաց ցեղերից, որոնց դեմ ճակատամարտի ժամանակ էլ զոհվել էր իր հայրը՝ Վաղարշ Բ-ն։ 215 թվականին Արևելք է գալիս Հռոմի նոր կայսրը՝ Կարակալլան, որին այցելում է Խոսրով Ա-ն, սակայն այս այցելությունը ճակատագրական է լինում նրա համար, քանի որ նա թշնամաբար ձերբակալվում է և գերեվարվում։ Կարակալլայի այս արարքից հետո հայոց բանակը նոր արքա Տրդատ Բ-ի գլխավորությամբ ապստամբում է նրա դեմ, վերջինս ստիպված ազատ է արձակում Խոսրով Ա-ին։ Տրդատ Բ-ն գահակալում է 217-252 թվականներին։ 226 թվականին տեղի ունենում Սասանյան հեղաշրջումը, որով Պարթևստանում վերանում է Արշակունիների իշխանությունը, և այնտեղ սկսում են իշխել Պարսք նահանգի Սասանյանները[14]։ Նույն թվականին Տրդատ Բ-ն պարթև Արշակունիներին աջակցելու համար արշավանք է ձեռնարկում ընդդեմ Սասանյանների։ Նա հասնում է մինչև Տիզբոն, գրավում այն և մեծ փառքով վերադառնում Վաղարշապատ քաղաք։ Սակայն այս արշավանքը չի փրկում պարթև Արշակունիներին, և գահը անցնում է Սասանյաններին։ Այս հեղափոխությունից հետո Արշակունիների թագավորությունը ավելի հաճախ է հակվում դեպի Արևմուտք՝ Հռոմեական կայսրություն։ Ի վերջո 252 թվականին պարթև Շապուհ Ա արքայի ճնշումների տակ հեռանում է Հռոմեական կայսրության սահմաններ[14]։

Տրդատ Բ-ի հեռանալուց հետո Շապուհը գահը հանձնում է Արտավազդ Ե-ին, որի մասին տեղեկությունները շատ կցկտուր են։ Հռոմեացի պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը պատմում է, որ 260 թվականին նրա զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր դեմ Շապուհ Ա–ի վարած ճակատամարտին։ Նրա իշանության ավարտը կապված է Հռոմի կայսր Ավրելիանոսի հետ։ Նա 272 թվականի Հայաստանում գահ է բարձրացնում Խոսրով Բ-ին, որը Տրդատ Բ-ի որդին էր։ Նրա մասին տեղեկությունները նույնպես սուղ են․ հայտնի է միայն, որ նա սպանվել է Անակ Պարթևի կողմից, ինչից հետո Հայաստանում սկսվել է «ժամանակ անիշխանության»։ Այս ժամանակաշրջանում Հայաստանում թագավորում էին ապագա պարթև արքաները, թագաժառանգները։ Սա տևում է մինչև 287 թվականը, երբ Տրդատ Գ-ն՝ Խոսրով Բ-ի որդին, վերադառնում է Հռոմից[14]։

Թագավորությունը հզորության գագաթնակետին

խմբագրել

Տրդատ Գ Մեծ

խմբագրել

Թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Տրդատ Գ-ի օրոք և մնացել իր դիրքերում մինչև Պապ թագավորի մահը։ Խոսրով Բ-ի սպանությունից հետո Տրդատի խնամակալները նրան փախցրել են կայսեր արքունիք՝ Հռոմ, որտեղ էլ նա մեծացել և դաստիարակվել է։ Նա 276 թվականին մենամարտել է գոթերի իշխանի հետ և հաղթել նրան, ինչով էլ օգնել է Հռոմի կայսրին և ազատել գլխացավանքներից։ Նա հաղթել է նաև օլիմպիական խաղերում։ 287 թվականին Հռոմի կայսրը Տրդատին օգնական բանակ է տվել և ուղարկել Հայաստան։ Տրդատը թագադրվել է Հայաստանի արքա, սակայն վերջնականապես չի կարողացել հաստատվել գահին։ Իսկ Խոսրով Բ-ին սպանած Անակ Պարթևի որդուն նրա խնամակալները փախցրել էին Փոքր Ասիայի Մաժակ Կեսարիա քաղաք, որտեղ նա ստացել է քրիստոնեական կրթություն։ Ցանկանալով հոր մեղքերը քավել՝ Անակի որդին՝ Գրիգորը, մեկնել է Հայաստան և ծառայության անցել Տրդատի արքունիքում։ Տեղի ունեցող հեթանոսական ծեսերից մեկի ժամանակ Գրիգորը բացահայտվել է, երբ նրան հրամայել են երկրպագել հեթանոս աստվածներին, իսկ նա հրաժարվել է։ Իմանալով Գրիգորի քրիստոնյա լինելու մասին՝ Տրդատը հրամայել է նրան բանտարկել Արտաշատի զնդանում, որտեղ Գրիգորը մնացել է շուրջ 13 տարի։ Հետագայում այդտեղ է կառուցվել Խոր Վիրապ եկեղեցին[10][12][15][16]։

 
Գրիոգր Լուսավորիչ

Դիոկղետիանոս կայսրից փախած 33 կույսեր եկել էին Հայաստան և պատսպարվել այնտեղ։ Տրդատը սիրահարվել է նրանցից Հռիփսիմեին, նրան ամուսնության առաջարկություն արել, սակայն մերժում ստացել, ինչից հետո էլ հրամայել է սպանել բոլոր կույսերին։ Այս ամենի հետևանքով Տրդատ Գ-ն հիվանդացել է։ Ըստ հին ավանդության՝ Տրդատը հերթական որսերից մեկի ժամանակ հիվանդացել է և խոզի կերպարանք ստացել։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսել, որտեղ ասվում էր, որ Տրդատին կարող է փրկել միայն Գրիգորը։ Նա հրամայել է ազատ արձակել Գրիգորին և վիրապից բերել արքունիք։ Գրիգորը կարողացել է բուժել Տրդատին, իսկ արքան այդպիսով ընդունել է քրիստոնեություն[14][16][17]։

Տրդատը հայոց գահին հաստատվել է միայն այն ժամանակ, երբ Պարսկաստանն սկսել է պատերազմել Հռոմի դեմ։ 297 թվականին տեղի է ունեցել Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը ջախջախիչ հաղթանակի են հասել պարսիկների նկատմամբ։ 298 թվականին կնքվել է Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը, որտեղ պարսիկները վերջնականապես ճանաչել են Տրդատին որպես հայոց արքա, նաև պարտավորվել չհարձակվել նրա վրա 40 տարի[10][12]։

 
- Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու
 

Տրդատ Գ-ն հատուկ որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկել է Կեսարիա, որտեղ նա ձեռնադրվել է որպես եպիսկոպոս։ Գրիգորը, գալով Հայաստան, սկսել է արքունիքում, ապա նաև բոլոր գավառներում քարոզչություն կատարել, քանդել հեթանոսական հուշարձանները և դրանց վայրերում նոր եկեղեցիներ կառուցել։ Ի վերջո 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է որպես պետական կրոն։ Հետագայում տեսիլքի ձևով Աստված ցույց է տվել Գրիգոր Լուսավորչին, թե որտեղ պետք է կառուցվի Էջմիածնի Մայր Տաճարը, որի շինարարությունն ավարտվել է 303 թվականին[10][12][14][16]։

Խոսրով Կոտակ

խմբագրել

Տրդատ Գ-ին հաջորդել է Խոսրով Կոտակը, որը գահակալել է 330-338 թվականներին։ Նա իր «Կոտակ» մականունը ստացել է իր ցածր հասակի պատճառով, որը պահլավերեն բառ է և նշանակում է փոքր[17]։ Տրդատ Գ-ի մահից հետո Հայաստանում սկսվել են գահակալական խարդավանքներ, և մի շարք իշխաններ սկսել են պայքարել գահի համար․ այդ իշխաններից նշանավոր են հյուսիս–արևելյան սահմանակալ Սանատրուկ Արշակունին և հարավային սահմանապետ Աղձնիքի բդեշխ Բակուրը։ Նրանց օժանդակել է պարսից Շապուհ Բ արքան, սակայն գահին հաստատվել է Խոսրով Գ Կոտակը[18][19]։ Խոսրովի` գահին հաստատվելու գործում մեծ դեր է խաղացել հակապարսկական կուսակցությունը գլխավորող Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը, որը դիմել էր Կոստանդիանոս կայսրին։ Խոսրովը ճնշել է ապստամբներին, Հայկական Միջագետքը և Աղձնիքը նորից վերամիավորել Հայաստանին, ապա Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ամբողջովին ոչնչացրել երկու նախարարական տների՝ Որդունիներին ու Մանավազյաններին, քանի որ նրանք միմյանց հետ կռվում էին վիճելի տարածքների համար։

Շապուհի սադրանքվ Սանեսանը սկսում է մազքութների արշավանքը դեպի Հայաստան։ Նա հյուսիսի լեռնական ցեղերի հետ միասին 335 թվականին մտել է Հայաստան և գրավել Վաղարշապատը, ապա մեկ տարի շարունակ իշխել ամբողջ երկրում[17]։ Այդ ժամանակ Խոսրով Կոտակը գտնվում էր Կագովիտ գավառի Դարույնք բերդում։ Այդ ժամանակ սպարապետ Վաչե Մամիկոնյանը միավորել է հավատարիմ նախարարների զորքերը, հաղթել Ցլու գլխում բանակած Սանեսանի զորքին, ապա 336 թվականի Օշականի ճակատամարտում Վաչե Մամիկոնյանը ջախջախել է պասիկների և Սանատրուկի միացյալ զորքերին։ Ճակատամարտից հետո սպարապետը գլխատել է գահի հավակնորդ Սանատրուկին։

 
Արշակունյաց Հայաստանը 298-387 թթ.

Խոսրով Կոտակը հիմնել է նաև Դվին մայրաքաղաքը, որին զուգահեռ ստեղծվել է նաև աշխարհի առաջին արհեստական անտառներից մեկը, որն այժմ հայտնի է հենց արքայի անունով՝ Խոսրովի անտառ։ Այն բաղկացած է եղել Տաճարի մայր և Խոսրովակերտ մասերից։ 337 թվականին Շապուհ Բ Երկարակյացը երկու ճակատով հարձակման է անցել ընդդեմ Հայաստանի։ Հայոց արքան հրամայել է հարավային շրջանների իշխան Դատաբեին կասեցնել պարսիկների առաջախաղացումը, սակայն Դատաբեն անսպասելի անցել է պարսիկների կողմը և դավաճանել իր արքային[19]։ Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորույթամբ Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որտեղ հայոց 30 հազարանոց զորքերը հաղթանակ են տոնել։ Հաղթանակից հետո Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է Դատաբեի ամբողջ տոհմը[20]։ Այս դավաճանությունը առիթ է հանդիսացել, որ Խոսրով Կոտակը օրենք հրապարակի, ըստ որի՝ 1000 և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր իշխանները պետք է բնակվեն արքունիքում՝ արքայի հսկողության տակ։ Շուտով պարսիները նորից հարձակվել են Հայաստանի վրա, սակայն հայոց սպարապետը իր կյանքի գնով նորից կարողացել է հաղթանակ տոնել և դուրս վռնդել թշնամուն հայոց սահմաններից, իսկ արքան այդ դեպքերից քիչ անց մահացել է Դվինում․ նրա աճյունն ամփոփվել է Արշակունիների տոհմական գերեզմանոցում՝ Անիում։

Երբ պարսիկները 338 թվականի գարնանը ներխուժել են Հայաստան, արքայորդի Տիրանը և կաթողիկոս Վրթանեսը ստիպված հեռացել են Բյուզանդիա, որպեսզի ապահովության մեջ լինեն։ 339 թվականին, երբ արդեն մահացել էր Խոսրով Կոտակը, Տիրանը Հռոմի կայսեր՝ Կոստանդիանոսի, օգնությամբ վերադարձել է Հայաստան։ Նրա հետ կնքված հատուկ համաձայնությամբ Տիրանն ընդունել է Հռոմի գերակայությունը և իր Տրդատ որդուն և թոռներին պատանդ տվել հռոմացիներին։ Տիրանի իշխանության վերջին տարիները անհամեմատ ավելի անհանգիստ են անցել։ Այդ տարիներին հայ իշխաններից մի քանիսն սկսել են կենտրոնախույս քաղաքականություն վարել։ Սկսվել է նաև առաջին անգամ տեղի ունեցող բախումները պետության և եկեղեցու միջև։ Դրա հետևանքով Հուսիկ Ա կաթողիկոսն արգելել է արքային մտնել եկեղեցի՝ պատճառաբանելով նրա հեթանոսական վարքուբարքը։ Այս ամենը հանգեցրել են նրան, որ արքայի հրամանով Հուսիկ Ա կաթողիկոսը բրածեծ է արվել և նահատակվել[21]։

  Ինչո՞ւ դուք մոռացաք ձեր արարիչ Աստծուն, Նրա՝ ձեզ ցույց տված գութը, հրաշքները և խրատները, որ կատարեց ձեր հայրերի ու ձեր հանդեպ, իսկ դուք էլ դարձաք ձեր նախնիների մոլար կռապաշտության՝ ատելության, ագահության, զրկողության, աղքատներին հարստահարելու, նենգության, միմյանց զրկելու, սպանությունների։
- Տիրան արքային ուղղված մեղադրանքներ
 

Օգտվելով երկրի ներքին խոցելի վիճակից՝ Ատրպատականի Վարազ իշխանը ներխուժել է Հայաստան և գերեվարել Տիրանին, ածուխով այրել նրա աչքերը և ուղարկել Շապուհ Բ-ի մոտ[22]։ Սակայն երբ Շապուհն իմանում է, որ հայերը Կոստանդիանոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել, անմիջապես ազատ է արձակում Տիրանին, որը վերադառնում է Հայաստան և իր կյանքի վերջին տարիները անց կացնում Արագածի լանջին գտնվող Կոշ գյուղում[23]։

Արշակ Բ

խմբագրել

Արշակ Բ-ն սկսել է գահակալել 350 թվականին։ Նրա օրոք Արշակունիների թագավորությունը հզորացել է։ Արշակը Տիրանի ավագ որդին չէր, սակայն քանի որ թագաժառանգ Արտաշեսը զոհվել էր, մյուս որդի Տրդատը պատանդ էր Հռոմում, Հռոմի համաձայնությամբ Հայաստանում գաահակալում է Արշակ Բ-ն։ 350 թվականին տեղի է ունենում Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը հաղթանակ են տանում պարսիկների նկատմամբ։ Վալենտինիանոս I կայսրն Արշակին ճանաչում է որպես հայոց արքա, սակայն նա չի դառնում Հռոմի կամակատարը։ Այս ամենը հանգեցնում են նրան, որ Վալենտինիանոս I կայսրը սպանել է տալիս Հռոմում պահվող Արշակի Տրդատ եղբորը[24], ապա հզոր ուժերով հարձակվում հայոց վրա։ Արշակը հաշտություն է խնդրում Վալենտինիանոս I կայսրից և ճանաչում նրա գերիշխանությունը։ Ի նշանավորումն հաշտության՝ Արշակն ամուսնանում է կայսեր մահացած եղբոր կնոջ՝ Օլիմիայի հետ, իսկ կայսրն ազատ է արձակում Արշակի եղբայրներին՝ Գնելին ու Տիրիթին, որոնք պատանդ էին Հռոմում։ Սակայն կան նաև այլ վարկածներ, ըստ որի՝ Արշակը հենց իր գահակալման սկզբում պատվիրակություն է ուղարկում Հռոմ և որպես հաշտության նշան ամուսնանում Օլիմպիայի հետ[25]։

Արշակը սպարապետությունը նորից հանձնել է Մամիկոնյաններին և վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում․ նա սպարապետությունը փոխանցել է Վասակ Մամիկոնյանին[25][26]։ Կաթողիկոսությունը հանձնվել է Հուսիկի թոռանը՝ Ներսեսին[27], որը մինչ այդ զինվորական էր և արքունի սենեկապետ։ Ներսեսը 354 թվականին Աշտիշատում հրավիրել է առաջին եկեղեցական ժողովը, որտեղ մի շարք կարևորագույն որոշումներ են ընդունվել․ արգելվում էր մի շարք հեթանոսական սովորություններ և ծեսեր (օրինակ՝ մահացածների հետևից անվայելուչ լացը)։ Այս ժողովում ընդունվել են նաև դպրոցներ, հիվանդանոցմեր, աղքատանոցներ բացելու մասին որոշումներ[26]։ ժողովը կոչ էր անում աշխատավոր խավին հնազանդ լինել իրենց տերերին, իսկ տերերին՝ չափից շատ չշահագործել ռամիկներին։

Արշակը բանակը ամրացնելու համար զորքը բաժանել է 4 մասի և տեղադրել երկրի 4 կողմերում․ դրանով նա ցանակացել է էր պաշտպանել երկիրը հանկարծակի հարձակումներից։ Արշակի գահկալաման շրջանում եկեղեցական կալվածքները այնքան է մեծացել, որ սկսվել է պայքար աշխարհիկ և եկեղեցական դասերի միջև։ Այս ամենի մասին մենք պատկերացում ենք կազմում Փավստոս Բուզանդի փոխանցած տեղեկություներից։ Ըստ դրանց՝ արքունիքում մեծ դեր ունեցող Հայր Մարդպետը Աշտիշատում գտնվելու ժամանակ բարձրացել է տանիք և նայել ընդհարձակ կալվածքներին, ապա կաթողիկոսին հայտնել իր դժգոհությունը, թե ինչու են այս ընդհարձակ կալվածքները պատկանում «կանացիահանդերձ» հոգևորականներին։ Նա ասել է նաև, որ երբ վերադառնա արքունիք, համոզելու է Արշակ արքային, որ հետ վերցնի այդ կալվածքները եկեղեցուց։ Ներսես կաթողիկոսը պատասխանել է, որ եթե Հայր Մարդպետը այդպիսի չար մտադրություն ունի, ուրեմն նա արքունիք չի հասնի։ Մարգարեությունը կատարվում է, և նա ճանապարհին սպանվում է։ Այս պատմությունը ցույց է տալիս աշխարհիկ և եկեղեցական դասերի լարվածությունը, ինչը շարունակվում է նաև հետագա տարիներին։

 
Արշակավան քաղաքի մոտ գտնվող Բայազետ քաղաքը (Թուրքիա)

Արշակ արքան սկսում է նոր մայրաքաղաքի կառուցապատումը, որի համար վայր է ընտրվել Մասիսի հարավային լանջերը՝ հին Բայազետի վայրը, որը հանդիսացել է առևտրական խաչմերուկ շատ առևտրականների համար։ Արշակավանի կառուցումը հետապնդել է երկու նպատակ՝ քաղաքը կդառնար առևտրական կենտրոն, ինչը մեծ եկամուտներ կբերեր պետությանը, և քաղաքում կտեղակայվեին մեծ քանակությամբ ռազմական ուժ, որը օգտակար կլիներ կենտրոնախույս նախարարների դեմ պայքարի մեջ։ Սակայն Արշակ արքայի համար հեշտ չէր մեծ թվով բնակչություն հավաքել քաղաքում, այդ պատճառով նա հրովարտակ է հրապարակել և իր կառուցած քաղաք հրավիրել բոլոր-բոլորին, նույնիսկ եթե եկվորները հանցագործներ կլինեին․ նրանք բոլորը ազատվելու էին իրենց հանցանքների պատասխանատվությունից։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ այս հրովարտակը պատճառ է հանդիսացել, որ երկրի բոլոր կողմերից այստեղ սկսում են հավաքվել հանցագործներ։ Կանայք, որոնք չէին ցանկանկացել այլևս ապրել իրենց ամուսինների հետ, փախել են և եկել Արշակավան։ Տարբեր մարդիկ վերցրել են ավանդներ և հեռացել Արշակավան քաղաք։ Նույն աղբյուրը հավաստում է նաև, որ Արշակավանը ունեցել է գեղեցիկ կերտվածքներ, եկեղեցիներ, արքունական պալատ։ Ի վերջո Արշակավանը դարձել է մեծ բնակչությամբ մի քաղաք։

Այս ամենը առաջացրել է գավառապետ իշխանների, հոգևորականների զայրույթը, քանի որ Արշակավան փախչողներից ոչ մեկի հանդեպ այլևս դատ ու դատաստան չէր կարելի կիրառել։ Նույնիս հայոց Խադ եպիսկոպոսը, որը որոշ ժամանակ փոխարինել էր Ներսեսին, քանի որ նա այդ պահին գտնվել է Բյուզանդիայում, եկել է արքունիք և իր դժգոհությունը հայտնել Արշակ արքային ու առաջարկել հետ կանգնել այդ անհեռատես մտքից, սակայն արքան չի լսել նրան և շարունակել է նույն կերպ վարվել։ Բյուզանդիայից վերադառնալուց հետո նույնը արել է նաև Ներսես կաթողիկոսը, որը առաջարկել է արքային, որ քանդի Արշակավան քաղաքը և դրա փոխարեն օրինական ճանապարհով կառուցի նոր քաղաք։ Այս առաջարկը նույնպես մերժվել է արքայի կողմից։ Այս հակասությունները այնքան են սրվել, որ հայ իշխանները դիմել են Պարսկաստանի արքա Շապուհ Բ-ին, որը առիթը օգտագործել է և հայ իշխանների տրամադրության տակ դրել իր զորամասերից մեկը։ Այս զորամասին միացել են նաև հայ իշխանների ուժերը և Ներսեհ Կամսարականզի հրամանատարությամբ հարձակվել Արշակավանի վրա ու հիմնահատակ ավերել այն, երբ Արշակը գտնվել է Վրաստանում։ Կան նաև մի քանի այլ տեսակետներ, ըստ որոնց՝ Արշակավանը կարող է կարծանված լինել երկ-րաշարժից կամ բնակչութոյւնը ամբողջապես մահացած լինեն համաճարակի հետևանքով։ Ըստ տարբեր պատմիչների տվյալների՝ Արշակավանում սպանվել է 18-20 հազար ընտանիք, այսինքն՝ նվազագույնը շուրջ 30-40 հազար մարդ։

Այդ ամենից հետո Արշակը վերադարձել է հայաստան և սկսել պատժել կենտրոնախույս ձգտումներ ունեցող հայ իշխաններին, սակայն Ներսես կաթողիկոսը հաշտեցրել է հայ իշխաններին արքայի հետ։ Սակայն այս պայքարը հետագայում նորից շարունակվել է և Արշակը հարձակվել է Կամսարականների կալվածքների վրա, գրավել այն, կոտորել ամբողջ Կամսարական տոհմին և այլ կենտրոնախույս ձգտումներ ունեցող իշխանական տոհմերին։ Արշակավանի կործանումը թվագրվում է մոտ 358 թվականին։

 
Արշակ Բ և Շապուհ II Երկարակյաց

Կայսրը, հասկանալով որ Արշակը վարելու է չեզոք քաղաքականություն և չի դառնալու իր հնազանդ կամակատարը, փորձել է Գնելի և Տիրիթի միջոցով խռովություններ կազմակերպել Հայաստանում, սակայն Արշակ Բ-ն երկուսին էլ սպանել է և ամուսնացել Գնելի կնոջ՝ Փառանձեմի հետ։ Այս ամենը քրիստոնեական օրենքների բացահայտ խախտում էր, քանի որ ընդունված էր միակնություն, իսկ Արշակը արդեն ամուսնացած էր Օլիմպիայի հետ։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ Ներսես կաթողիկոսը եկել է Արշակի մոտ, ամբաստանել նրան և տեսնելով, որ իր կոչերը անիմաստ են՝ հրաժարվել է կաթողիկոսական աթոռից։

Հայաստանը նորից հայտնվել էր Բյուզանդիայի և Պարսկաստանի ուշադրության կենտրոնում և շարունակում էր կռվախնձոր հանդիսանալ այս երկու հզոր պետությունների միջև։ Այս ամենը երևում է Շապուհ Բ-ի և Կոստանդիանոս Ա Մեծի նամակագրությունից, որը տեղի է ունեցել 358 թվականին։ Այստեղ Շապուհը առաջարկել է իրեն հանձնել Միջագետքը և Հայաստանը, քանի որ այն իր պապերից խլված երկիր է։ Նա նաև իր խոսքերը հավաստել է օրինակ բերելով բժիշկներին, որոնք հաճախ կտրում են մարմնի որոշ մասեր, որպեսզի մարմնի մնացած մասերի համար դա խնդիրներ չառաջացնի։ Նույն կերպ էլ նա Բյուզանդիայի կայսրին առաջարկել է Հայաստանը և Միջագետքը հանձնել իրեն, որպեսզի խաղաղություն տիրի մնացած երկրամասերում։ Պատասխան նամակում Կոստանդիանոս Ա Մեը կտրուկ մերժել է Շապուհի այս առաջարկը և խորհուրդ տվել սին սպառնալիքներ չհնչեցնել։ Այս իրավիճակում Արշակը վարել է սիրաշահելու շրջահայաց քաղաքականություն․ նա դաշինք է կնքել և՛ Պարսկաստանի, և՛ Բյուզանդիայի հետ։

359 թվականին սկսվել է պատերազմը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։ Շապուհը 100 հազարանոց զորքով հարձակվել է Միջագետքում գտնվող Ամիդ (Դիարբեքիր) քաղաքի վրա և 73-օրյա պաշարումից հետո, 30 հազար զինվորների կյանքի գնով գրավել է այն։ Նույն միջոցին Կոստանդիանոս Ա Մեծը Արևմուտքում զբաղված էր ալամանների դեմ պատերազմով, ինչը ավարտելուց հետո նա գալիս է Կեսարիա, որպեսզի կասեցնի Շապուհի առաջխաղացումը։ Այս իրավիճակում կարևոր դեր կարող էր ունենալ Արշակ արքայի բռանծ դիրքը, որը կարող էր հաղթանակ պարգևել մեկ կամ մյուս կողմին։ Երկու տերությունների՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի առաջնորդները փորձել են սիրաշահել Արշակին։ 360 թվականին Կեսարիայում հանդիպում է տեղի ունենում Արշակի և Կոստանդիանոս Մեծի միջև, որի ժամանակ Արշակը հավաստիացրել է, որ «ինքն ավելի շուտ իր կյանքից կհրաժարվի, քան թե կդրժի կնքված դաշնադրությունը »։ 361 թվականի գարնանը կայսրը իր զորավարներից մեկին՝ Հուլիանոսին, իր լեգեոնների հետ միասին Թրակիայից տեղափոխել է Արևելք, սակայն Հուլիանոսը ապստամբել է և իրեն հռչակել կայսր։ Քաղաքացիական պատերազմ չի սկսվել, քանի որ Կոստանդիանոս Ա Մեծը մահանցավ 361 թվականի նոյեմբերի 3-ին։ Հուլիանոսը վճռականորեն շարունակել է պայքարը պարսիկների դեմ, սակայն Տիզբոնի ճանապարհին տեղի ունեցած ճակատամարտում զոհվել է։ Նրա փոխարեն կայսր է հռչակվել Հովիանոսը, որը չի շարունակել պատերազմը, այլ 363 թվականին կնքել է Մծբինի պայմանագիրը․ դեպքերի ժամանակակից Ամիանոս պատմիչը այս պայմանագիրը անվանել է «ամոթալի», քանի որ այդ պայմանագրով Բյուզանդիան պարտավորովել է չօգնել Հայաստանին, եթե Արշակը այդպիսի խնդրանք ուղղի նրան։ Պարսկաստանին են զիջվել նաև մի շարք հռոմեական տիրույթներ։ Այս պայմանագրի հետևանքով Հայաստանը ընկել է ծանր իրավիճակի մեջ, քանի որ պետք է միայնակ պայքար մղեր պարսկական հսկա ուժի դեմ։

Պայմանագրի կնքումից հետո Շապուհ Երկարակյացը պատերազմ է սկսել ընդդեմ Արշակունիների թագավորության։ Առաջին ներխուժման փորձը տեղի է ունեցել 363 թվականին։ Սասանյան Պարսկաստանը իր զորքերը կուտակել է Գանձակի մոտ և պատրաստվել ներխուժման, սակայն հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանը, ճակատամարտելով հակառակորդի հետ, կասեցրել է նրա առաջխաղացումը։ Հետագայում նույնպես շարունակվել են հարձակումները։ Հաջորդ տարի Շապուհը նորից արշավել է Հայաստան՝ իր զորքը բաժանելով երեք մասի։ Տեղի ունեցած Երևյալի, Առեստի և Ոսխայի ճակատամարտերում հայերը նորից հաղթանակ են տարել թշնամու հանդեպ։

Այս ժամանակաշրջանում ապստամբել և Շապուհին էր ներկայացել Մերուժան Արծրունին, որը ցանկանում էր դառնալ հայոց թագավոր։ Նա ուրացել էր քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականություն։ Շապուհը նրան ճանաչել է հայոց արքա և զորք տրամադրելով՝ ուղարկել Հայաստան։ Հայ-պարսկական պատերազմը տևել է 5 տարի, որը մեծ կորուստներ էր պատճառում երկու կողմերին։ Այդ պատճառով պարսից Շապուհ արքան խորամանկում և իր մոտ է հրավիրու Արշակ Բ-ին՝ վիճելի հարցերը խաղաղ կարգավորելու համար։ Արշակը պահանջել է երդվել, որ իրեն վտանգ չի սպառնա պարսից հողի վրա, որը ստանալուց հետո միայն, նա Վասակ Մամիկոնյանի հետ միասյին մեկնել է Տիզբոն։

Ըստ հին հայկական ավանդության՝ պարսից Շապուհ արքան խորհրդակցել է իր մոգերի հետ և որոշել ճեմասրահի երկու տարբեր մասերում հայկական և պարսկական հող լցնել, ապա այնտեղ շրջելով Արշակ թագավորի հետ՝ զրուցել։ Երբ հայոց արքան պարսկական հողի վրա է եղել, նա խեղճացել է, սակայն երբ ոտք է դրել հայոց հողի վրա, այսպես է պատասխանել նա Շապուհին․

  Հեռու ինձանից, չարագործ ծառա, որ այսօր քո տերերի վրա տեր ես դարձել, հափշտակել քո տերերի գահը։ Ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը։ Դուք՝ ծառաներդ, մեր Արշակունիների՝ ձեր նախկին տերերի, բարձն եք հափշտակել. ես այդ թույլ չեմ տա, մենք պետք է մեր տեղը գրավենք։  

Լսելով այս խոսքերը՝ Շապուհը հասկացել է, որ եթե Արշակը վերադառնա Հայաստան, շարունակելու է հակապարսկական քաղաքականությունը։ Այդ պատճառով Արշակ Բ-ն և Վասակ Մամիկոնյանը ձերբակալվել են։ Հարցաքննության ժամանակ Վասակ սպարապետը էլ ավելի հանդուգն պատասխաններ է տվել Շապուհին, որի հետևանքով մորթազերծ է արվելով սպանվել է, իսկ Արշակ Բ-ն բանտարկվել է Անհուշ բերդում, որտեղ էլ ինքնասպան է եղել։

Փառանձեմ

խմբագրել
 
Փառանձեմ թագուհու վերջին ճակատամարտը, հեղինակ՝ Ռուբեն Քոչարյան

Արշակ II-ի ձերբակալությունից հետո՝ 368 թվականին, Շապուհի 50 հազարանոց զորքը ներխուժում է Մեծ Հայք։ Հայոց թագուհին՝ Փառանձեմը, վերցնելով հայոց գանձարանը, 11-հազարոնց արքունի պահակազորի հետ միասին ամրանում է Արտագերս ամրոցում։ Կազմակերպելով դիմադրություն՝ թագուհին ձգտում էր դիմակայել հակառակորդի մեծաթիվ ուժերին այնքան ժամանակ, որ Արևելյան Հռոմեական կայսրությունից հռոմեական օժանդակ ուժերի հետ միասին հայրենիք վերադառնան գահաժառանգը՝ Պապ թագավորը և սպարապետը՝ Մուշեղ Մամիկոնյանը։ Սակայն օգնությունն ուշացել է․ պաշարման 14-րդ ամսում ամրոցում համաճարակ է բռնկվել, ինչի զոհն են դարձել բարդապահների մեծ մասը։ Արդյունքում բերդը ի վերջո հանձնվել է հակառակորդին և թալանվել[28]։ Գերեվարվել են մեծաթիվ հայեր, որոնց թվում էր նաև թագուհին՝ Փառանձեմը, որը որոշ ժամանակ անց սպանվել է։

«Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհ... և թագավորի առաջը հանեցին...Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին... և այդ բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին»[29]։

Մինչ Պապը գտնվում էր Բյուզանդիայում, հայոց դավաճան իշխանները Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ղեկավարությամբ պարսկական զորքի հետ միասին ասպատակել են Մեծ Հայքը։ Այդժամ Վաղես II կայսեր օժանդակությամբ 370 թվականին հայոց գահաժառանգ Պապը հաստատվում է օրինապես իրեն պատկանող գահին, ինչը առաջացնում է պարսիկների դժգոհությունը։ Հայ-հռոմեական դաշնակից ուժերի և պարսիկների միջև բախումը տեղի է ունենում 371 թվականին Ձիրավի դաշտում, որտեղ դաշնակից ուժերը կարողանում են հաղթանակի հասնել վերջիններիս նկատմամբ։

Իր իշխանությունն ամրապնդելուց հետո Պապն սկսել է կատարել մի շարք բարեփոխումներ։ Հասկանալով, որ կուսանոցները, բորոտանոցները, աղքատանոցները տարածում են միայն ծուլություն, հանգեցնում են բնակչության կրճատմանը, Պապ թագավորը որոշում է փակել դրանց, ինչի արդյունքում կրճատվում են նաև արքունի ծախսերը[30]։ Պապը կրճատում է եկեղեցական հողերը, որոնք շնորհվել էին դեռևս Տրդատ Մեծի գահակալության ժամանակ։ Այս ամենի արդյունքում հակասություններ են առաջանում Պապի և Ներսես Մեծի միջև, սակայն վերջինս շուտով մահանում է[31]։ Նրա մահից հետո կաթողիկոս է դառնում Շահակը, որը կաթողիկոս ձեռնադրվելու համար այլևս չի մեկնում Մաժակ-Կեսարիա, այլ օծվում է հենց հայրենիքում։ Պապը մեծացնում է նաև զորքի թիվը՝ հասցնելով այն 90 հազարի[32][33]։

Շուտով լարվածություն է ծագում Պապի և Վաղես II կայսեր միջև, քանի որ վերջինս սկսել էր շատ միջամտել հայոց ներքին գործերին։ Այդ ամենի հիմնական պատճառը Մեծ Հայքում մնացած հռոմեական զորավար Տերենտիոսի նամակներն էին Վաղես կայսրին, որի մեջ նա գրում էր Պապի պարսկամետ լինելու մասին։ Պապը տարածքային պահանջներ էր ներկայացրել Վաղես կայսերը, ինչի շուրջ բանակցելու պատրվակով նա կանչվում է Տարսոն, սակայն հասկանալով, որ դա ծուղակ է՝ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին փախուստի է դիմում և վերադառնու հայրենիք[34]։ Այնուամենայնիվ, 374 թվականին Մեծ Հայքում մնացած բյուզանդական զորքի նոր հրամանատարը՝ Տրայանոսը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան կաչնելով խնջույքի՝ թունավորում ու սպանում է[35][36][37][38]։

Թագավորության թուլացում

խմբագրել

Վարազդատ

խմբագրել
 
Վարազդատ արքա, հեղինակ՝ Վահան Ղարիբյան

Վաղես կայսեր օժանդակությամբ հայոց գահին բազմում է Պապի եղբորորդին[39]՝ Վարազդատը, որը Մեծ Հայքի սահամններից ներս և դուրս ուներ քաջ մարդու հանբավ[40]։ Այդժամ հայոց սպարապետը շարունակում էր մնալ Մուշեղ Մամիկոնյանը, որը հավակնոտ ծրագրեր ուներ հայոց բանակաշինության վերաբերյալ։ Նա իր ծրագրերը հիմնականում կապում էր հռոմեական օժանդակության հետ։ Փաստոս Բուզանդւ պատմում է, որ ըստ այդ ծրագրի՝ հայոց ամեն գավառում պետք է կառուցվեր մեկ քաղաք-ամրոց, որը պետք է ամրացվեր և որում պետք է տեղակայվեր բերդապահ զորք։ Զորքերը ռոճիկ ստանալու էին բյուզանդական գանձարանից, ինչն էլ առաջացնում է մի շարք իշխանների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, այդ զինվորական կազմակերպությունը կարող էր ամբողջովին ջնջել հայոց թագավորությունը և այն խաղալիք դարձնել կայսրի ձեռքում[41]։ Այս դժգոհ իշխաններին ղեկավարում էր արքայի դայակը՝ Բատ Սահառունին, որը Վարազդատ արքային տրամադրում է Մուշեղ Մամիկոնյանի դեմ՝ ասելով, որ վերջինս մասնակցել է Պապ թագավորի սպանությանը։ Ցանկանալով վրեժխնդիր լինել դրա համար՝ Վարազդատը կազմակերպում է նույնանման սպանություն․ Մուշեղ Մամիկոնյանը հրավիրվում է խնջույքի և Բատ Սահառունու կողմից սպանվում, ինչից հետո էլ սպարապետության ազատ պաշտոնը հանձնվում է Բատին, ինչը սահմանված կարգի խախտում էր[42]։

Մուշեղի մահվան համար որոշում է վրեժխնդիր լինել նրա ազգականը՝ Մանվել Մամիկոնյանը, որը դիմում է Վարազդատին՝ նրան անվանելով ոչ զտարյուն Արշակունի և պահանջելով, որ նա հեռանա Արշակունիների թագավորությունից։ Վարազդատը նույնը պահանջում է նաև Մանվելից, սակայն երկար բանակցություններից հետո գործը ի վերջո հասնում է կռվի, որում Մանվել Մամիկոնյանը հասնում է հաջողության, սակայն չի սպանում Վարազդատին՝ թույլ տալով, որ նա հեռանա Մեծ Հայքից, սակայն Բատ Սահառունուն նա չի խնայում։ Բատի որդիներին իրենց հոր աչքի առջև սպանելուց հետո նա սպանում է նաև Բատին, ինչով էլ վրեժխնդիր է լինում իր ազգականի մահվան համար։ Մանվելին, հավանական է, հովոնավորում էին պարսկակն ուժերը, որոնք ձգտում էին հեռացնել Բյուզանդիայի կողմից նշանակված Վարազդատ թագավորին[43]։ Այս ամենի արդյունքում հայոց թագավորներ են հռչակվում Պապի երկու որդիները՝ Արշակն ու Վաղարշակը, սակայն երկրի իրական ղեկավարումը իրականցվում էր խնամակալի՝ Մանվելի կողմից[44][45][46][47][48]։

Արշակ Գ և Խոսրով Դ

խմբագրել
 
Սահակ Պարթև

Մանվել Մամիկոնյանի մահից հետո Արշակ Գ արքան շարունակում է գահակալել հայոց աշխարհում, սակայն նա հակասություններ է ունենում պարսից արքունիքի հետ և փոփոխություններ կատարում իր դիրքորոշման մեջ՝ ավելի շատ հակվելով դեպի Բյուզանդիան։ Հայ պարսկասեր իշխանների մի մասը, դժգոհ լինելով հայոց Արշակ Գ արքայի հունասիրությունից, մեկնում է պարսից արքունիք և Շապուհ Երկրարակյացի մոտ դժգոհում նրանից։ Նրանք պարսից արքայից խնդրում են հայոց աշխարհը հանձնել այլ մարդու, որը կլինի Արշակունի։ Օգտվելով հարմար առիթից՝ Շապուհը հայոց արքա է հռչակում Խոսրով Դ-ին, որը 385 թվականին գալիս է Մեծ Հայք և հաստատվում արևելյան ընդարձակ հատվածում, իսկ մյուս արքան՝ Արշակ Գ-ն, մեկնում է արևմտյան հատված, որը անհամմեմատ ավելի փոքր տարածք էր գրավում։ 387 թվականին տեղի է ունենում Հայաստանի առաջին բաժանումը, որի արդյունքում Մեծ Հայքի մեծ մասը անցնում է Պարսկաստանին, իսկ ավելի փոքր մասը՝ Բյուզանդիային[49][50]։

Արշակ Գ-ի մահից հետո Հայաստանի արևմտյան մասում բյուզանդական ղեկավարությունը այլևս արքա չի կարգել, այլ իր հատվածը ղեկավարել է իշխանների միջոցով։ Սակայն շուտով հայոց և պարսից արքունիքների միջև սկսում է լարվածություն առաջանալ, քանի որ հայոց Խոսրով արքան որոշ չափով ինքնուրույն քաղաքականություն էր վարում՝ փորձելով վերամիավորել հայոց թագավորության անջատված մասերը։ Հակասությունները էլ ավելի սրվեցին, երբ հայոց արքան առանց պարսից արքունիքի համաձայնության հայոց կաթողիկոս կարգեց Սահակ Պարթևին, ինչի համար նրանից բացատրություն պահանջվեց։ Երբ Խոսրով Դ-ն փորձեց հակապարսկական ապստամբության միջոցով ամբողջապես անակախացնել Հայաստանը, նա դիմեց Բյուզանդիայի օգնությանը, սակայն կայսրը ոչ միայն չօգնեց, այլ ընդհակառակը՝ հայոց ապստամբական տրամադրությունների մասին տեղյակ պահեց պարսիկներին։ Շուտով՝ 388 թվականին, Խոսրով Դ արքան ձերբակալվում և տարվում է պարսից մայրաքաղաք՝ Տիզբոն, որտեղ էլ մեղադրվում է և գահընկեց արվելով՝ բանատարկվում Անհուշ բերդում։

Վռամշապուհ

խմբագրել
 
Վռամշապուհ արքայի պատկերով հուշադրամ

Վռամշապուհի երկարատև գահակալությունը ամբողջովին խաղաղության և բարգավաճման տարիներ էին հայոց պառակտված պետության համար[51]։ Ըստ Լեոյի՝ «քաջ կռվող չէր Վռամշապուհը, ոչ էլ պետական բազմակողմանի կարողությամբ օժտված մի գործիչ, խաղաղ ու համեստ մի թագավոր էր, որ․․․ աչքի էր ընկնում իր գրասիրությամբ»[52]։ Հենց նրա օրոք էր, որ տեղի ունեցավ դարակազմիկ մի փոփոխություն․ հայոց արքայի և կաթողիկոսի՝ Սահակ Պարթևի օժանդակությամբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, ինչի արդյուքնում Մեծ Հայքի և՛ արևելյան, և՛ արևմտյան հատվածներում սկսվում է լուսավորության և կրթության տարածումը։ Հայոց տարբեր նահանգներում և քաղաքներում բացվում են դպրոցներ, որտեղ ուսուցանվում էին հայոց գրերը։ Գրերի գյուտով (405) սկսվում է հայոց ոսկեդարը, որը նշանավորվում է գրականության և հատկապես պատմագրության զարգացմամբ, թարգմանություններով, ինչի շնորհիվ հետագա դարերի ընթացքում հայերը կարողանում են պահպանել սեփական մշակույթն ու ինքնությունը։

Թագավորության անկում

խմբագրել

Վռամշապուհի գահակալությունից հետո նորից հայոց գահը հանձնվում է Խոսրով Դ-ին, որը, սակայն, չի կարողանում երկար գահակալել և մի քանի ամիս անց մահանում է՝ գահը թողնելով թափուր։ Պարսից արքան հայոց գահը հանձնում է իր որդի Շապուհին, որը գահակալում է 415-419 թվականներին, սակայն հայոց իշխանական համակարգը չհամակրեց այս դրածոյին։ Ինչպես հաղորդում է պատմահայր Մովսես Խորենացին՝ «բոլորը նրան ատեցին և թագավորաբար չէին մեծարում որսի կամ խաղերի ժամանակ»։ Հենց այդ պատճառով էլ Տիզբոն մեկնելու ճանաարհին Շապուհը սպանվում է։ Այս ամենին հաջորդում է 422 թվականին կնքված պարսկա-բյուզանդական հաշտությունը, ինչի արդյունքում երկու երկրների համաձայնությամբ հայոց արքա է դառնում Վռամշապուհի որդին՝ Արտաշես Դ-ն։

Հայոց իշխանական համակարգը այս անգամ նույնպես հակադրվում էր հայոց նոր արքային, իսկ Արտաշեսը չէր կարողանում կարգավորել հարաբերությունները իշխանների հետ։ Հայոց կաթողիկոսությունը Սահակ Պարթևի գլխավորությամբ օժանդակում էր հայոց նոր արքային, սակայն հնարավոր չեղավ հաշտեցնել Արտաշեսին և հայ անհնազանդ նախարարներին։ Հայոց նախարարները մեկնում են Տիզբոն և պարսից արքայի մոտ ամբաստանում հայոց Արտաշես արքային, ինչից հետո վերջինս նույնպես Սահակ Պարթևի հետ միասին կանչվել է պարսից մայրաքաղաք և կանգնել դատարանի առջև։ Պարսից արքայի ճնշումների տեղի չտալով՝ Սահակ Պարթևը չի ամբաստանել հայոց արքային՝ ասելով «Քավ լիցի՝ իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին...»։ Այս ամենից հետո Արտաշես Արշակունին 428 թվականին գահընկեց է արվում և հայոց գավառների կառավարումն անցնում է իշխանների ձեռքը[51]։

Աշխարհագրություն

խմբագրել

Արշակունիների թագավորությունը ընդգրկում է գրեթե այն նույն տարածքը, ինչ ընդգրկել է նրանից առաջ գոյություն ունեցած Արտաշեսյանների թագավորությունը։ Այն իր մեջ է ներառում հայկական լեռնաշխարհը, որը գտնվում է Փոքր Ասիա թերակղզու արևելքում և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է, կան 4000-5000 մետր բարձրության հասնող լեռներ։ Թագավորության ամենաբարձր կետը Արարատ լեռն էր, որի բարձրությունը կազմում է 5165 մ։ Հայկական լեռնաշխարհի կենտրոնով է ձգվում Պար լեռնաշղթան, որը սկիզբ էր առնում Արարատ լեռից։ Հայկական լեռնաշխարհը սահմանազատող լեռնաշղթաներից են Արևելապոնտական (հյուսիս-արևմուտքից), Հայկական Տավրոս (արևմուտքից), Կորդվաց (հարավից) լեռնաշղթաները։ Լեռնաշխարհը ուներ 3 մեծ լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։ Հայկական լեռնաշխարհում կան նաև այլ լճեր՝ Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Փարվանա, Ծովք, Արճակ, Գայլատու և այլն։ Հայկական լեռնաշխարհը ունեցել է նաև մի շարք գետեր․ դրանցից ամենանշանավորն են Տիգրիսը, Եփրատը, Կուրը և Արաքսը։ Այս գետերը օգտագործվել են հիմնականում ոռոգման և ձկնորսության համար, նաև՝ նավարկությունների և առևտրի նպատակով[53]։

Պետական կարգ

խմբագրել

Հայոց պետության գլխին կանգնած էր արքան, որը կոչվում էր թագավոր կամ արքա Հայոց մեծաց։ Թագավորությունը Արշակունիների հարստության ժառանգական իրավունքն էր և հիմնականում արքաներ դառնում էին այդ տան ներկայացուցիչները։ Արքայի տված հրամանները ունեին օրենքի ուժ։ Նա նաև զորքերի գերագույն հրամանատարն էր և երկրի կյանքի բոլոր ասպարեզների գլխավոր ղեկավարը։ Նա ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, այլ երկրներ դեսպանություններ ուղղարկելու, դեսպանություններ ընդունելու, նոր քաղաքներ ու ամրոցներ հիմնադրելու և անվանակոչելու իրավասություն[54]։

Արշակունիների թագավորության պետական կարգ,Պետության կառավարումը միապետական էր։ Կառավարումը չէր կարող կատարվել միայն արքայի կողմից, ինչում նրան օգնում էր արքունիքը,որը գտնվում էր մայրաքաղաքում։ Որի կազմի մեջ մտնում էին թագավորը, նրա որդիներն ու եղբայրները, արքունի գործակալները, մեծամեծ իշխանները և արքունի պաշտոնյաները։ Կարևոր որոշումներ ընդունելու համար նշանակալի էին նաև աշխարհաժողովները և կաթողիկոսական ժողովները։ Այս ժամանակաշրջանում գործակալությունները, որոնց միջոցով կատարվում էր երկրի կառավարում, նույնպես դարձել էին ժառանգական պաշտոններ և ղեկավարվում էին հիմնականում նույն տոհմերի կողմից։

 

Վարչական բաժանում

խմբագրել
 
Մեծ Հայքի վարչական բաժանում

I դարի երկրորդ կեսին Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել է նահանգների, որոնց թիվը սկզբում 20 էր, սակայն հետագայում, ըստ «Աշխարհացույց», նահանգների թիվը հասել է 15-ի, ինչի նպատակը պետության կառավարման համակարգի հեշտացումն էր։ Դրանք տարբեր աղբյուրներում անվանվում են տարբեր կերպ․ հունա-հռոմեական աղբյուրները դրանք կոչում են ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ, իսկ հայկական աղբյուրները՝ նահանգ կամ աշխարհ։ Այս նահանգները ունեին սեփական դիվանատներ։ Գավառների ավելի փոքր վարչական միավորները գյուղական համայնքներն էին, որոնք ղեկավարվում էին գեղջավագի կողմից, որը պետական ստորադաս պաշտոնյա էր։ Նա իրավասու էր իրականացնել հարկերի գանձում, պարհակների կատարում, առուների ու գյուղական ճանապարհների անցկացում, բանակի համար զինվորների հավաքագրում և այլն[55]։

Հայաստանի առաջին բաժանումից հետո (387) հայոց վարչական բաժանումը էական փոփոխություններ կրեց։ Հայոց արևելյան ընդարձակ տարածքները անցան Պարսկաստանին, իսկ արևմտյան ավելի սակավաթիվ նահանգները՝ Բյուզանդիային։ Շուտով՝ Արշակ Գ թագավորի մահից հետո հայոց արևմտյան մասի կառավարման և վարչական համակարգը էականորեն փոխվել է, իսկ կառավարումը իրականացրել է ոչ թե միակենտրոն՝ արքայի միջոցով, այլ տարբեր իշխաննների ձեռքով։

 
Բանակը բաղկացած էր այրուձիուց, հետևակից և աշխարհազորից
 
371 թվականին, Ձիրավի ճակատամարտում Պարսից Շապուհ Բ-ին հաղթանակած Հայոց արքա Պապ Արշակունին (ձախից), սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը (աջից) և հայոց այրուձին. 16-րդ դարի մանրանկար:

Պետական իշխանության պահպանման կարևորագույն գրավականը կայացած բանակն էր, որի գերագույն հրամանատարը արքան էր, ապա սպարապետը։ Սպարապետը պատերազմի ժամանակ թագավորի անմիջական օգնականն ու խորհրդական էր և զորքի հրամանատարը։ Նա պարտավորված էր իրականացնել զորքի ռազմամթերքի և պարենի մատակարարումը։ Զորքը գլխավորապես հավաքագրված էր հայերից։ Արքունիքին կից գործում էր նաև թագավորի թիկնապահ հեծելազորը կամ մաղխազական գունդը, որն ապահովում էր թագավորի և արքունիքի անվտանգությունը։ Այդ թիկնապահ գնդի ղեկավարն էր մաղխազը։ Գնդի 10 հազար մարտիկներից 6 հազարը պատերազմի ժամանակ մշտապես ուղեկցում էին թագավորին և մասնակցում պատերազմական գործողություններին[54]։

Հայոց զորքի հիմնական հարվածային ուժը հեծելազորն էր՝ հայոց այրուձին, որը զինված էր հիմնականում նիզակներով, սրերով, վահաններով և նետ ու աղեղներով։ Զրահապատ էր ոչ միայն հեծյալը, այլ նաև ձիու խոցելի հատվածները։ Բանակի մեծ մասը հետևակն էր, որոնք բաժանված էին նետաձիգների, նիզակակիրների, սակրավորների ու տեգակիրների։ Պատերազմի ժամանակ բանակը կարող էր համալրվել նաև աշխարհազորով, որոնց գնդերը ղեկավարվում էին գավառակալ իշխանների կողմից[56]։ Հայոց զորքի թիվը Պապ թագավորի օրոք նրա կատարած բարեփոխումների շնորհիվ հասավ շուրջ 90 հազարի[32][33]։

Տնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման ոլորտում Արշակունիների թագավորության պայմանները բարենպաստ էին։ Երկրագործության համար հարմար տարածքներ էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտ), Բասենի դաշտերը, Վանի շրջակայքը և բազմաթիվ այլ գետահովիտներ։ Այնտեղ զարգանում էին հացահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը։ Իսկ անասնապահության զարգացման համար հարմար էին երկրի ընդարձակ ալպյան մարգագետիններն ու արոտավայրերը։ Այս ամենի արդյունքում Հայաստանն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ[57]։

Հանքարդյունաբերություն և արհեստագործություն

խմբագրել

Հայոց աշխարհը վաղուց հայտնի է եղել ոսկու, արծաթի, երկաթի, պղնձի ու կապարի օգտակար հանածոներով և շինարարական քարատեսակներով՝ տուֆ, մարմար, բազալտ և այլն։ Այս հանածոների հանքամշակումը նպաստում էր արհեստների զարգացմանը։ Բանակի հանդերձանքը, զենք-զրահը, պաշարողական մեքենաները ստեղծվում էին արհեստավորների կողմից։ Նրանք պատրաստում էին նաև գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր (պղնձաման, անոթ, կարաս, կուլա, կուժ և այլն)։ Մեծ հռչակ ունեին հայ ոսկերիչներն ու արծաթագործները, որոնք հատկապես հմտացել էին կանացի զարդեր պատրաստելու գործում։ Այս ժամանակաշրջանում մեծ զարգացում էին ապրում նաև կաշեգործությունը, մանածագործությունը և գորգագործությունը։ Երկրում արտադրվող մետաղների մի մասն արտահանվում էր դեպի դրկից երկրներ[57]։

Առևտուր

խմբագրել

Մեծ Հայքի տնտեսության համար կարևոր էր ներքին և արտաքին առևտուրի զարգացումը։ Արշակունիների թագավորության վրայով էին անցնում Առաջավոր Ասիայի մի շարք առևտրական ճանապարհներ, որոնց միջոցով երկիրն ակտիվ մասնակցություն էր ունենում միջազգային տարանցիկ առևտրին։ Առևտրական ճանապարհների հիմնական խաչմերուկը սկզբում Արտաշատ մայրաքաղաքն էր, իսկ երկրորդ դարի վերջերից՝ արդեն Վաղարշապատը[57]։ Առևտրի և արհեստների վերելքի արդյունքում քաղաքները դառնում էին ոչ միայն դրամական շրջանառության կենտրոններ, այլ նաև արքունիքի տնտեսական հիմնասյունը[58]։

Բնակավայրեր

խմբագրել

Քաղաքներ

խմբագրել

Արշակունիների թագավորության քաղաքներում իշխող դիրք ունեին միջնաբերդերը, իսկ դրանց շուրջ տարածվում էր պարսպապատ բուն քաղաքը կամ շահաստանը, որտեղ կենտրոնացած էր առևտրով և արհեստագործությամբ զբաղվող բնակչությունը։ Մինչքրիստոնեական ժամանակաշրջանում այստեղ էր գտնվում այն աստծու տաճարը, որի հովանավորության տակ էր համարվում քաղաքը, սակայն քրիստոնեության ընդունումից հետո դրանք վերացվեցին։ Շահաստանից դուրս արդեն տարածվում էին արվարձանները, որտեղ բնակվում էր բնակչության հիմնականում ընչազուրկ խավը[58]։

Գյուղեր, դաստակերտներ, ագարակներ

խմբագրել

Գյուղական բնակչությունը, որի մեջ մտնում էին շինականներն ու գեղջուկները, կազմում էին համայնքներ։ Դրանց ղեկավարելու համար ընտրվում էին գեղջկավագներ։ Գյուղերի հողերը բաժանվում էին ըստ երդերի շնչերի՝ հավասար չափով։ Հարկերը գանձվում էին յուրաքանչյուրից հավասարապես։ Համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները լուծվում էին համայնքի անդամների ընդհանուր ժողովների միջոցով։ Բացի գյուղացիներին շահագործման հանձնված հողերից՝ համայնքները տիրապետում էին նաև արոտավայրերի, մարգագետիններ, որսատեղեր, անտառներ, ինչպես նաև ջրեր և լճակներ։ Հետագայում, երբ զարգացան հասարակական հարաբերությունները, համայնքներում նույնպես սկսվեցին հասարակական շերտավորումներ առաջ գալ։ Հասարակական որոշ ուժ ունեցող ընտանիքները արդեն յուրացնում էին համեմատաբար ավելի լավ հողերը, իսկ ավելի թույլերը ստիպված էին բավարարվել ավելի պակաս արգավանդ հողերով։ Հողաբաժանումը կատարվել է յուրաքանչյուր 15-20 տարին մեկ անգամ։ Պետության կանոնավոր բանակի մեծ մասը և աշխարհազորը համալրվում էին գյուղական համայնքի անդամներից, այդ պատճառով պետությունը փորձում էր ամրապնդել համայնքների հիմքերը և թույլ չտալ գյուղացիներին հեռանալ այնտեղից։

Գյուղական համայնքներին պատկանող հողերը կոչվում էին համայնական, սակայն բացի դրանք, գոյություն ունեին հողատիրության այլ ձևեր ևս, որոնցից էին դաստակերտները, ագարակները կամ ձեռակերտները՝ մասնավոր հողերը, որտեղ աշխատում էին հիմնականում ստրուկները։ Այդպիսի դաստակերտների մեծ մասը պատկանում էր թագավորին, նրա ընտանիքի անդամներին, արքունիքի պաշտոնյաներին, տաճարներին կամ եկեղեցիներին և զորահրամանատարներին։ Ավելի փոքր ագարակներ պատկանում էին տեղական մանր պաշտոնյաների և զինվորների։ Դրանցում հիմնականում արտադրվում էին երկրագործական մթերքներ՝ ցորեն, գարի և այլ հացահատիկներ, պտուղներ, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Կային խաշնարածական, ինչպես նաև զուտ անասնապահական տնտեսություններ նույնպես։ Հարուստ և առավել ուժեղ հողատերերը հաճախ փորձեր էին անում բռնագարվել նաև համայնական հողատարածքները, սակայն արքունիքը փորձ էր անում խանգարել նաման գործընթացները, քանի որ դրանք զրկում էին գյուղացուն եկամտի աղբյուրից, ինչից հետո նա շահագրգռված չէր լինի հարկ վճարել կամ զորակոչվել բանակ։ Արշակունիների թագավորության հիմնական արտադրողները գյուղացիներն էին, որոնց կողքին կային նաև նշանակալի թվով ստրուկներ՝ մի մասը պարտային, իսկ որոշներն էլ պատերազմի միջոցով ձեռք բերված[59]։

Արշակունիների թագավորությունը կորնական տեսանկյունից բաժանվում է երկու ժամանակաշրջանի՝ նախաքրիստոնեական և քրիստոնեական։ Հայ հին դիցարանը ղեկավարվել է գլխավոր եռյակի կողմից, դրանք էին․ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը (պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվել է Դարանաղյաց գավառի Անի ամրոցը), Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, կոչվել է Վահեվանյան)։ Հին հեթանոսության ժամանակաշրջանում աստվածների գլխավոր եռյակ ունենալը հետագայում հեշտացրել է քրիստոնեության և սուրբ Երրորդության ընկալումը և տարածումը[60]։

Հայոց հին դիցարանի աստվածների գլխավոր եռյակը
 
 
 
Արամազդ աստծո քանդակը Նեմրութ լեռան դիցապաշտարանում Անահիտ աստվածուհի Վահագնը վիշապ սպանելիս
(քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան)

301 թվականին Արշակունիների թագավորությունը որպես աշխարհում առաջին պետություն քրիստոնեությունը ճանաչեց պետական կրոն[61]։ Հայոց առաջին կաթողիկոսը դարձավ Գրիգոր Լուսավորիչը, որից հետո Արշակունիների ժամանակ հիմնականում կաթողիկոսական աթոռին էին բազմում Լուսավորչի տան ներկայացուցիչներ։ Քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո վերացվեցին հայ նախաքրիստոնեական մշակույթի վերաբերող մեծաթիվ տարրեր՝ հեթանոսական տաճարները, նախկին ծեսերը և ծիսակատարություններ, ազգային տոներ, որոնք փոխարինվեցին նորերով։ Սակայն քրիստոնեության ամրապնդումը ժողովրդի մեջ շատ դանդաղ էր տեղի ունենում, քանի որ նրանց քրիստոնեություն քարոզում էին օտար լեզուներով գրված Աստվածաշնչերի միջոցով։ Քրիստոնեության ամրապնդումը ժողովրդի մեջ նպաստեց հայ գրերի գյուտը, որը տեղի ունեցավ 405 թվականին՝ եկեղեցու գործուն աջակցության ներքո։

Գիր և գրականություն

խմբագրել

Ըստ մի շարք պատմիչների և գրողների՝ հայերը ունցել են նախամաշտոցյան գրեր․ այդ պատմինչներն են Կորյունը[62], Մովսես Խորենացին[63], Փիլոն Ալեքսանդրացին, Հիպպողիտոս Բոստրացին[64], Վարդան Արևելցին[65], Ղազար Փարպեցին[66] և այլք, սակայն ի հակադրություն այս ամենի՝ ոչ մի այդպիսի գիր մեզ չի հասել։ Այնուամենայնիվ, հայոց ժամանակակից գրերը ստեղծվել են 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Նա, փորձելով հեշտացնել քրիստոնեության քարոզման ընթացքը, հասկացել է, որ պետք է քարոզն իրականացնել հայերեն թարգմանված «Աստվածաշնչի» միջոցով։ Քննարկելով այդ հարցը հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի և հայոց արքա Վռամշապուհի հետ՝ Մաշտոցը լծվել է հայոց գրերի ստեղծման գործին։ Նա իր աշակերտների հետ մեկնում է Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, որտեղ ուսումնասիրում է օտարալեզու մատյաններ, խորհրդակցում ասորի և հույն մատենագիրների հետ, ինչից հետո 405 թվականին ստեղծում հայոց գրերը։

 
Պատկեր Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ձեռագրից (15-րդ դար)

Հայոց նոր այբուբենը կազմված էր 36 տառերից, որոնք ամբողջովին համապատասխանում էին հայերենի հնչյունաբանությանը։ Այս ամենից հետո Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է Հայաստան և սկսում կատարել ուսուցչություն։ Ամբողջ Հայաստանով մեկ բացվում են դպրոցներ, ուսուցանվում են հայոց գրերը, աշակերտները կատարում են թարգմանություններ։ Առաջին հայերեն թարգմանված նախադասությունը հետևյալն է՝

  Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ
- Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը
 

Թարգմանվում է Աստվածաշունչը, որի թարգմանությունը էականորեն հեշտացնում էր քրիստոնեության քարոզիչների գործունեությունը։ Գրերի ստեղծմանը հետևում է հայ գրականության ոսկեդարը, որի ընթացքում հայ հեղինակները սկսում են զբաղվել հիմնականում պատմագրությամբ, ինչպես նաև վարքագրությամբ։ Հայ առաջին պատմիչներից էին Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին։

Աղբյուրներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՅԵՐԻ ՏԱՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ (54—64 ԹԹ.)։ ԿՈՐԲՈԻԼՈՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԱՐՏԱՇԱՏ». armenianhouse.org. Վերցված է 2019-25-08-ին.
  2. «Սանատրուկ թագավոր։ Քրիստոնեության տարածման սկիզբը Հայաստանում։ Թադեոս և Բարթողիմեոս առաքյալներ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. 3,0 3,1 «Հայ-պարթևական մերձեցումը։ Տրդատ Արշակունին (52/66-76) հայոց թագավոր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. 4,0 4,1 «Տրդատ «Ա»․ Հռանդեայի ճակատամարտը». operativ.am. Վերցված է 2019-25-08-ին.
  5. «Կարևորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը» (PDF). arak29.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019-28-08-ին.
  6. «Excursion to Garni Temple and Geghard Monastery». findarmenia.com. Վերցված է 2019-28-08-ին.
  7. «Շինարարական արվեստը, ճարտարապետությունը, կերպարվեստը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. «ՏՐԴԱՏ Ա ԱՐՇԱԿՈՒՆԻ. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. «Սանատրուկ թագավոր։ Քրիստոնեության տարածման սկիզբը Հայաստանում։ Թադեոս և Բարթողիմեոս առաքյալներ».
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «ՏՐԴԱՏ Գ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Վաղարշ Ա».
  12. 12,0 12,1 12,2 12,3 «ՏՐԴԱՏ Գ ՄԵԾ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Վաղարշ Բ-ն Մեծ Հայքի ժառանգական թագավոր».
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Սասանյան հեղաշրջումը Պարսկաստանում և Մեծ Հայքի թագավորությունը».
  15. «Տրդատ Գ Մեծ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Սբ. Տրդատ թագավորի, առաքինազարդ Աշխեն թագուհու և աստվածասեր Խոսրովիդուխտի հիշատակության օր».
  17. 17,0 17,1 17,2 «Պարսից պատերազմ».
  18. «ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ (85)».
  19. 19,0 19,1 «ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. «Խոսրով 3-րդ Կոտակ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. ՍՈՒՐԲ ՀՈՒՍԻԿ Ա ՊԱՐԹԵՎ
  22. «Պարսից պատերազմ։ ՏԻՐԱՆ».
  23. «Պարսից պատերազմ։ ՀՈՒՅՆԵՐԻ ԿՌԻՎԸ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ ԵՎ ՏԻՐԱՆԻ ԱԶԱՏՈՒՄԸ».
  24. «Արշակ 2-րդ և Պապ».
  25. 25,0 25,1 «Պարսից պատերազմ։ Արշակ Բ».
  26. 26,0 26,1 «Արշակ Բ».
  27. «Հայկական Հանրագիտարան։ Արշակ Բ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  28. «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 22–28.
  29. Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, գիրք Ե, գլուխ Ծե։
  30. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 479.
  31. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 482.
  32. 32,0 32,1 «Հայ ռազմական արվեստի պատմությու». armenianhouse.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  33. 33,0 33,1 Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 478.
  34. «Պապ թագավոր». encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 14․08․2020-ին.
  35. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 486.
  36. Հայ ժողովրդի պատմություն, ութ հատորով, ՀՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակություն, հատոր երկրորդ, Երևան, 1984 թ., էջ 102-106։
  37. Հրանդ Արմէն, Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958 թվական։
  38. https://archive.org/stream/knnakanpatmutiw01muragoog#page/n51/mode/2up
  39. Փավստորս, Ե, լէ
  40. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 487.
  41. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 489.
  42. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 490.
  43. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 491.
  44. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 492.
  45. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայյոց, Ե․, 1968։
  46. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։
  47. Մանանդյան Հ․, Երկրագործություն, հ․ 2, Ե․, 1978։
  48. Шанин Ю․ В․, Герои античных стадио– нов, М․, 1979, с․ 133․
  49. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 496.
  50. «Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև». findarmenia.org. Վերցված է 20․08․2020-ին.
  51. 51,0 51,1 «Վռամշապուհի գահակալությունը։ Հայոց թագավորության թուլացումն ու անկումը». findarmenia.org. Վերցված է 20․08․2020-ին.
  52. Լեո «Հայոց Պատմություն» առաջին հատոր. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. 196. էջ 500.
  53. Հայկական լեռնաշխարհ
  54. 54,0 54,1 «Թագավոր։ Արքունիք». findarmenia.org. Վերցված է 20․08․2020-ին.
  55. findarmenia.org http://findarmenia.org/arm/history/18/118/120. Վերցված է 20․08․2020-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  56. «Հին Հայաստանի տարածքը, վարչական բաժանումը և բանակը». findarmenia.org. Վերցված է 2019-21-08-ին.
  57. 57,0 57,1 57,2 «Գյուղատնտեսություն, արհեստագործություն, առևտուր». findarmenia.org. Վերցված է 20․08․2020-ին.
  58. 58,0 58,1 «Քաղաքները». findarmenia.org. Վերցված է 20․08․2020-ին.
  59. «Գյուղեր, դաստակերտներ, ագարակներ». findarmenia.org. Վերցված է 21․08․2020-ին.
  60. «ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ». armenianhouse.org. Վերցված է 2019-24-08-ին.
  61. «USF Library Special & Digital Collections Exhibits | USF Armenian Studies : Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում». exhibits.lib.usf.edu. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  62. Կորյուն, Վարք Մաշտոցի (Մանուկ Աբեղյանի խմբագրմամբ) (Պատմութիւն Վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշտոցի վարդապետի մերոյ թարգմանչի), Երևան, 1941։
  63. Մովսես Խորենացի, Գիրք Բ, գլուխ ԽԸ, Հայոց Պատմություն (Ստեփան Մալխասյանի խմբագրմամբ) (Պատմութիւն Հայոց), Երևան, 1940։
  64. Հիպպողիտոս Բոստրացի, Ժամանակագրություն (χρονολογία)։
  65. Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն (Պատմութիւն տիեզերական), Մոսկվա, 1861, էջ 70։
  66. Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն, թուղթ Վահան Մամիկոնյանին (Բագրատ Ուլուբաբյանի խմբագրմամբ) (Պատմութիւն Հայոց, թուղթ առ Վահան Մամիկոնեան), Երևան, 1982, էջ 29-37։