Փայտակարան

Մեծ Հայքի նահանգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փայտակարան (այլ կիրառումներ)

Փայտակարան, Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հնում այս երկիրը հայտնի էր Կազբք (անտիկ մատենագիրների մոտ՝ Կասպիանա[1]) անունով, իսկ երբեմն էլ կոչվել է Բաղասական աշխարհ։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին։ Փայտակարանը տարբեր ժամանակներում մտել է տարբեր պետությունների կազմի մեջ։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորությունների[1] շրջանում Փայտակարանը որոշ ընդհատումներով կազմում էր Հայկական պետությանը ենթակա շրջան։ Հայաստանի առաջին բաժանումից հետո դուրս եկավ նրա պետական կազմից։

Փայտակարան
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է13 գավառ
Գլխավոր քաղաքՓայտակարան
Այլ քաղաքներՎարդանակերտ, Յոթնփորակյան Բագինք, Սպանդարան, Պիճան, Բագավան
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Փայտակարանը Մեծ Հայքի քարտեզի վրա

Վարչական բաժանում

խմբագրել

Փայտակարանը կազմված էր հետևյալ 13 գավառներից.

Գավառների անվանումների ուղղագրությունը զգալիապես տարբերվում է «Աշխարհացույցի» տարբեր ձեռագրերում։ Ս․ Երեմյանը գավառների թիվը հասցնում է տասի՝ հանելով Քոեկյանը, որը հիշատակվում է միայն երկու ձեռագրում, և միացնելով Ռոտ-ի-Բաղան ու Քաղան-ռոտը (կամ Բաղան-ռոտ), որը, ենթադրվում է, կրկնություն է։

Անվանում

խմբագրել

Փայտակարանը հիշատակվում է իբրև այս նահանգի անվանումը միայն «Աշխարհացույց» աշխատության և Ղևոնդ պատմիչի (8-րդ դար) պատմության մեջ։ Մյուս հայկական աղբյուրներում երկրամասը կոչվում է Կազբք/Կասպք կամ Կասպից երկիր։ Փայտակարանն ավելի հաճախակի է հիշատակվում որպես նահանգի գլխավոր քաղաքի անվանումը։ Հայագետ Հ․ Հյուբշմանի կարծիքով՝ նահանգի և նույնանուն քաղաքի անվանման ծագումը հայկական չէ և կապ չունի հայերեն «փայտ» բառի հետ։

Գիտնականները ենթադրում են, որ հայ Արշակունի թագավորների ժամանակ, մասնավորապես 3-րդ դարում (երբ Պարսկաստանում իշխանության գլուխ են անցնում Սասանյանները), այս նահանգում հիմնվում է Փայտակարան անունով մի քաղաք, որը դառնում է նահանգի կենտրոնը։ Հենց այդ Փայտակարանի անունով էլ նահանգը վերանվանվում է Փայտակարան։ Ասում են քաղաքը Փայտակարան է կոչվել հետևյալ պատճառով։ Երբ հայերը սկսում են քաղաքի հիմնադրումը, ծովափին ուժեղ քամի է բարձրանում, որը առանձին ընդմիջումներով շարունակվում է մի քանի ամիս։ Աշխատողների համար բաց դաշտում վրանների տակ մնալը դժվարանում է։ Մարդիկ սկսում են հիվանդանալ, և քաղաքի շինարարությունը կանգ է առնում։ Հենց այդ ժամանակ հայերը դիմում են հնարամտության։ Նրանք հսկա գերաններ են փոխադրում այստեղ և մի քանի օրում կառուցում հարյուրավոր փայտաշեն տներ, որտեղ ապաստանում են և զորականները, և քաղաքը կառուցող աշխատողները։ Հենց այդ փայտաշեն տների համար էլ նորակերտ քաղաքը կոչվում է Փայտակարան, այսինքն՝ փայտերով կառուցված։ Հետագայում, չնայած, այդ փայտաշեն տները վերանում են և քաղաքում բարձրանում են քարաշեն տներ, բայց քաղաքի Փայտակարան անունը չի փոխվում[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Կազբք անունը կապված է համանուն ցեղի հետ, որը բնակվում էր Կասպից ծովի արևմտյան առափնյա շրջաններում (այդ անունով էլ ծովը կոչվել է Կասպից ծով)։ Փայտակարանը տարածվում էր Արաքսի ստորին հոսանքից հարավ ընկած շրջաններում (ոմանք համարում են, որ նահանգը ևս ներառում էր Արաքսի որոշ ձախափնյա տարածքներ)։ Նրա արևելյան սահմանը հասնում էր Կասպից ծով, մյուս կողմերի սահմանները դեռևս չեն ճշտված։ Այս երկիրը, ինչպես նշված է «Աշխարհացոյց»-ում, հայտնի էր իր անբավ բամբակով։ Այստեղ տարածված էր նաև վայրի գարին։ Փայտակարանը տաք և խիստ ցամաքային կլիմա ունի։ Այստեղ հնագույն ժամանակներից սկսած կառուցվել են ջրանցքներ և ամբարտակներ, որոնց միջոցով ոռոգվել է նրա մի զգալի մասը։ Այդ ջրանցքների ու ամբարտակների հետքերը մինչև օրս էլ նշմարվում են Ադրբեջանի հարավարևելյան շրջաններում։ Փայտակարանում հայեր համեմատաբար քիչ էին, եթե չհաշվենք Արտաշեսյանների ու Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում այստեղ զետեղված հայկական կայազորները և վարչական ծառայողներին։ Մյուս ժողովուրդներից մեծ թիվ էին կազմում աղվաններն ու ատրպատականցիները (մարեր, կադուսիներ, մարդեր և այլ իրանական քոչվոր ցեղեր, հնարավոր է՝ այսօրվա թալիշների նախնիները)։ Փայտակարանի գավառների թիվը հասնում էր 13-ի։ Փայտակարանի բոլոր գավառների անուններն էլ անծանոթ են։ Դրանք ունեն հնագույն ծագում և, բացառությամբ աձնանունների հետ կապվածների, ժամանակակից լեզուներով հնարավոր չէ ստուգաբանել։ Գավառների մեծագույն մասի աշխարհագրական դիրքը չի որոշված։ Փայտակարանի պատմական վայրերից Փայտակարան քաղաքն ու Վարդանակերտ ավանը, հին Հայաստանի քաղաքական պատմության հետ առնչվելու շնորհիվ, հաճախ են հիշատակված մատենագիրների մոտ։ Թե՛ Փայտակարան քաղաքի և թե՛ Վարդանակերտ ավանի աշխարհագրական դիրքը վերջնականապես չի ճշտված։ Սակայն հայտնի է, որ Փայտակարանը գտնվում էր Կասպից ծովից արևմուտք Կուր և Արաքս գետերի գետաբերանների շրջանում, իսկ Վարդանակերտը տեղադրված էր Արաքսի ձախ ափին՝ Կուրի և Արաքսի գետախառնուրդից ոչ հեռու։ Միջնադարյան մի շարք հայ մատենագիրներ և աշխարհագիրներ, հետևելով Թովմա Արծրունուն, Փայտակարան քաղաքը շփոթում են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ։

Պատմական ակնարկ

խմբագրել
 
Փայտակարանի քարտեզ

Փայտակարանի տարածքում մարդը հաստատվել է հնագույն ժամանակներից։ Ըստ Հերոդոտոսի (մ․թ․ա․ 5-րդ դար)՝ այստեղ եղել է կասպերի ցեղային միություն, իսկ Ստրաբոնը գրում է, որ իր ժամանակներում (մ․թ․ 1-ին դար) կասպերն այլևս գոյություն չունեին։ Փայտակարանն առաջին անգամ մտել է Մեծ Հայքի թագավորության կազմի մեջ Արտաշես Ա-ի գահակալության ժամանակ, որն այն գրավել է Ատրպատականի մարերից։ Ըստ Ստրաբոնի՝ մ․թ․ 1-ին դարում Կասպից երկիրը պատկանում էր Աղվանքին։ Այն հավանաբար կորսվել էր Տիգրան Մեծի կայսրության փլուզումից հետո և վերստին անցել հայկական տիրապետության տակ Վաղարշ Ա-ի (մ․թ․ 2-րդ դար) ժամանակ։ Որպես Մեծ Հայքի թագավորության ծայրագույն արևելյան նահանգ, Փայտակարանը ռազմաքաղաքական մեծ կարևորություն է ստացել հյուսիսային կովկասյան լեռնականների դեմ մղվող պայքարում։ Թեև «Զորանամակում» հիշատակվում է Կասպից երկրի իշխան, որը 3000-անոց հեծելազոր էր տրամադրում հայոց զորքին, սակայն հայագետներ Կիրիլ Թումանովը և Ռոբերտ Հյուսենը կասկածի տակ են դնում նման իշխանի գոյությունը, քանի որ պատմիչներից և ոչ մեկը չի խոսում Փայտակարանի իշխանի կամ տեղական իշխանական տոհմի մասին։ Ամենայն հավանականությամբ՝ Փայտակարան նահանգը և համանուն քաղաքը եղել են արքունի կալվածքներ։

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակաշրջանում Անգեղտան իշխանը Փայտակարանի բանտն է նետել 438 քուրմ, որոնք չեն հրաժարվել հեթանոսությունից։ Փայտակարան քաղաքը մեծ կարևորություն է ձեռք բերել Հայոց Տրդատ Մեծ թագավորի գահակալման տարիներին։ Աղվանքի թագավորությունում քրիստոնեությունը տարածելու նպատակով հայկական հյուսիս–արևելյան երկրամասեր է ուղարկվել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը, իսկ Փայտակարանի վերակացու է նշանակվել Սանատրուկ Արշակունին, որին հանձնարարվել էր օժանդակել Գրիգորիսի առաքելությունը։ Վերջինս, Տրդատ Գ–ի մահից հետո, Մազքթաց Սանեսան թագավորի հրամանով սպանվել էր Վատնյան դաշտում, իսկ Սանատրուկն իրեն թագավոր է հռչակել և, տիրելով Փայտակարան քաղաքին, փորձել է օտարների օգնությամբ տիրել Հայոց թագավորությանը։ Երբ հայ–հռոմեական զորքերը պաշարել են Փայտակարանը, Սանատրուկը փախել է Պարսկաստան՝ ապավինելով Շապուհ II–ի օգնությանը։ 4-րդ դարի 30-ական թվականների սկզբին Մեծ Հայքի մյուս երկրամասերի հետ մեկտեղ Փայտակարանը ևս տուժել է Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքից, որի զորաբանակը ջախջախվել է Օշականի մոտ։ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ նահանգն ապստամբել է Արշակունյաց թագավորության դեմ, իսկ Պապ թագավորիօրոք այն վերանվաճել է սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը։

Մեծ Հայքի 387[3] թվականի բաժանումից հետո Փայտակարան քաղաքը մնացել է Արևելյան Հայաստանի կազմում մինչև Արշակունյաց թագավորության անկումը։ 428 թվականին Փայտակարանը միացվել է Ատրպատականի մարզպանությանը։ 450-451 թվականներին, Վարդանանց պատերազմի ժամանակ, Փայտակարան քաղաքը վերածվել է պարսկական զորքերի հենակետի։ 620–ական թվականներին Փայտակարանը ասպատակել են բյուզանդական զորքերը։ 6-7-րդ դարերում Կասպից ծովի խիստ իջեցման հետևանքով ջուրը հեռացել է Փայտակարան քաղաքից, որի պատճառով քաղաքը անշքացել է, ապա շատ չանցած՝ անհետացել։ 7-րդ դարի վերջին արաբները Փայտակարանը գրավել և մտցրել են Ատրպատականի մեջ։ 9-րդ դարի 1–ին կեսին Փայտակարանը ներառվել է Բաբեկյան շարժման ոլորտը, 9-րդ դարի վերջին մտել Սաջյանների, 10-րդ դարի 40–ական թվականներից՝ Սալարյանների, 10-րդ դարի վերջից՝ Ռավվադյանների պետության մեջ։ 11-րդ դարի 2–րդ կեսին Փայտակարանը գրավել են սելջուկյան թուրքերը։ 12-րդ դարի 30–ական թվականներից եղել է Ելտկուզյանների պետության կազմում։ 12-րդ դարի 1–ին կեսին Փայտակարանը գրավել են մոնղոլները։ 13-14-րդ դարերում այն ենթարկվել է Ոսկե Հորդայի խաների, 14-րդ դարի վերջին՝ Լենկթեմուրի աշխարհավեր արշավանքներին։ 17-րդ դարի կեսերին Փայտակարանի տարածքում ձևավորվել են Թալիշի և Ղարադաղի խանությունները, որոնցից առաջինը 1809 թվականին վերջնականապես միացվել է Ռուսաստանին։ 1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով վավերացվել է Փայտակարանի արևելյան մասի անցումը Ռուսաստանին, իսկ արևմտյան հատվածը մնացել է Պարսկաստանի կազմում։ 1826 թվականին վերացվել է Թալիշի խանությունը, որի տարածքը 19-րդ դարի 2–րդ կեսին և 20-րդ դարի սկզբին մտել է Բաքվի նահանգի մեջ[4]։

Գրականություն

խմբագրել
  • Ս. Տ. Երեմյան, Ատլաս «Հայ ժողովրդի պատմություն» գրքի (Առաջին մաս), Երևան, 1952, Հայկական լեռնաշխարհի քարտեզը։
  • Թ. Խ. Հակոբյան, «Հայաստանի պատմական աշխարհագրություն», Երևան, 1984։
  • Hewsen, Robert H. (1973). «Caspiane: An Historical-Geographical Study» (PDF). Հանդես ամսօրյա (1–3): 87–106.։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Пайтакаран, область Гуштасфи и гора Сабалан в армянских и в иных литературных источниках (этимологии названий и происхождение традиции)
  2. https://krtaditak.am/wp-content/uploads/open-lecture/EP_OPEN_LECTURE_TOPIC_3.pdf Էդիթ Պրինտ անդրադարձ
  3. «Очерки по истории и культуре Кавказской Албании» К. В. Тревер. Но Киракос, как и Моисей Каланкатуйский, ошибается в том отношении, что считает Пайтакаран принадлежащим в 30-х годах IV в. Албании, тогда как присоединение его имело место позднее, после мирного договора 387 г.
  4. https://akunq.net/am/?p=76 Ակունք անդրադարձ