Ղզլբաշներ (պարս.՝ قزلباش‎ Qizilbāsh, թուրքերեն՝ Kızılbaş), Իրանի ու Հարավային Կովկասի տարածքներում շրջող թյուրքալեզու քոչվոր ցեղեր։ Անունը գալիս է ռազմիկների սովորությունից, երբ տասներկու շիա իմամների պատվին կրում էին տասներկու շարք կարմիր կտորներով չալմաներ։

Ղզլբաշների ցեղերը գտնվում էին Սեֆյանների ընտանիքից քաղաքական և կրոնական կախվածության մեջ, որոնք, հենվելով նրանց վրա և ստեղծելով յուրատեսակ հոգևորա-ասպետական միաբանություն, կատարում էին զավթումներ և տարածում շիիզմ։ 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին շեյխ Սաֆիի ժառանգներին, մասնավորապես՝ Իսմայիլին, հավատարմություն հայտնեցին և իրենց հայտարարեցին ռումլու, շամլու, ուսթաջլու, թաքալու, աֆշար, բայաթ, զուլկադար ցեղերը, որոնց միացան Հայաստանի կենտրոնական նահանգներում հաստատված բայբուրթլու, սաադլու, շամսադինլու և այլ ցեղեր։ Իսմայիլ I-ը, գլխավորելով նրանց, պարտության է մատնել ակ-կոյունլուներին, հիմնել Սեֆյան պետությունը։ Այն երբեմն հայտնի էր որպես Ղզլբաշների պետություն (դովլաթե ղզլբաշ)։

1501 թվականին Սեֆյանները գրավեցին Իրանի շահական իշխանությունը։ Սկզբնական շրջանում բարձրագույն իշխանության առավել աչքի ընկնող տիտղոսները պատկանում էին ղզլբաշների վերնախավին, չնայած իրենց այլազգի լինելու հանգամանքի հետ։ Թուրք-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում ղզլբաշները հրկիզել ու ավերել են Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, զանգվածաբար տեղահանել ու գերեվարել բնակչությանը։ Ղզլբաշների առաջնորդները Սեֆյանների արքունիքում զբաղեցրել են ռազմական և պետական կարևոր պաշտոններ (այդ թվում բեկլարբեկերի պաշտոնը), իրենց ռազմիկներով մասնակցել շահերի արշավանքներին։ Սեֆյանների զորքը նշանակալիորեն բաղկացած էր ղզլբաշ աշխարհազորայիններից։ Միայն հետագայում, հատկապես շահ Աբբասի (1587-1629) օրոք, ղզլբաշների ազդեցությունը որոշ չափով թուլացավ. նրա բարեփոխումների և կանոնավոր բանակի զորամասերի կազմավորման հետևանքով[1]։ Պետության կենտրոնական մարզ դարձավ ոչ թե Ատրպատականը, այլ Իրանի կենտրոնական նահանգները. մայրաքաղաքը Ղազվինից ու Թավրիզից տեղափոխվեց Սպահան։ 17-րդ դարի վերջին և 18-րդ դարում ղզլբաշները կորցրել էին իրենց զորությունը, սակայն Ռուսաստանում և եվրոպական երկրներում Իրանը կոչել են «ղզլբաշների երկիր», իսկ ժողովրդին՝ «ղզլբաշներ»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Marc Ferro. Comment on raconte l'histoire aux enfants. Payot, Paris. 106, Boulevard Saint-Germain, 1986
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 395