Ազգայնականություն
Ազգայնականություն, նացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։
«Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։
Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։
Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։
Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։
Հասկացության սահմանում
խմբագրելԱզգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։
Քաղաքական սահմանումներ
խմբագրելՔաղաքական սահմանումները ազգայնականությունը ներկայացնում են որպես քաղաքական հայեցակարգ (doctrine) և շարժում, որը կենտրոնանում է պետության վրա։ Համաձայն այս սահմանումների՝ ազգայնականությունը պահանջ է, ըստ որի կառավարողները և կառավարվողները պետք է կամ մշակույթով կամ քաղաքականապես նույնական լինեն. ազգային պետության ձևավորում կամ պահպանություն, ինչը ենթադրում է կամ ազգ կոչվող մշակութային համայնքների, որոնք արդեն ունեն պետականություն և դիմակայում են արտաքին վտանգներին, քաղաքական անկախության պահպանություն կամ պետականության ստեղծում այն ազգերի կողմից, որոնք գտնվում են բազմազգ պետությունների գերիշխող, ավելի հզոր ազգերի տիրապետության տակ։ Այսպիսով, ազգայնական շարժումները կարող են ներառել դիմադրություն օտար ուժին կամ ձգտում ինքնակառավարման կամ ինքնորոշման՝ ապահովելու ազգի ֆիզիկական և մշակութային հարատևությունը։ Այս բնույթի քաղաքական ազգայնականությունը ազգային պետությունը, համարում է մարդկային քաղաքական կազմակերպման ամենանաիդելական ձևը։ Պետականության այս տեսլականի հիմնական ներկայացուցիչը, ինչպես նաև քննադատը Էլի Կեդորին է։ Նրա համար ազգայնականությունը ինքնակառավարման հայեցակարգ է[1]։
Հաջորդ տեսակը պետության կողմից իրականացվող բնակչության մշակութային հոմոգենիզացիան է։ Այս դեպքում պետությունը իր վրա վերցնում է նոր՝ մշակութային դեր։ Պետությունն այժմ դառնում է ժողովրդին կրթող և մշակույթի պահապան։ Այն ստեղծում է ազգը։ Պետության կողմից իրականացվող մշակութային հոմոգենիզացիան, կամ այլ կերպ ասած ազգայնականացումը կարող է ներառել, առաջին՝ պետության կողմից հովանավորվող դպրոցների ստեղծում, որտեղ ուսանելը պարտադիր է բոլորի համար, և երկրորդ՝ նախապես առկա մշակութային տարրերի ստանդարտացում, հատկապես լեզվի առումով։ Լեզվի ստանդարտացումն առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում Լուիս 14-րդ կողմից 1635 թվականին Ֆրանսիական Ակադեմիան հիմնելուց հետո՝ չնայած այն փաստին, որ դրա կրողը ազնվականության սակավաթիվ կրթված զանգվածն էր։
Պետության կողմից տարվող մշակութային հոմոգենիացիան կարող է ունենալ այնպիսի դրական արդյունքներ, ինչպես ծայրամասի մասսայական բնակչության ընդգրկումը կենտրոնի շրջանակներում, որպես ամբողջի հավասարազոր բաղկացուցիչ։ Հոմոգենիզացիայի պահանջը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ։ Առաջին հերթին՝ կոնֆլիկտ ազգային մշակույթի էության վերաբերյալ, երկրորդ՝ մշակութային նույնության հիմքով պարտադրված համերաշխություն, երրորդ՝ մշակութային փոքրամասնությունների էթնիկ զտումներ, չորրորդ՝ մշակութային փոքրամասնությունների ստիպողական թուլացում և հինգորորդ՝ անձնային ազատությունների սահմանափակում կամ վերացում պետական ճնշման տակ։
Քաղաքական հոմոգենիզացիան ընդգրկում է կառավարողի և կառավարվողի քաղաքական ընդհանրությունը. ներկայացուցչական մարմինների միջոցով պետության բոլոր բնակիչների հավասար մասնակցությունը քաղաքական գործընթացներում, ինչը ենթադրում է կառավարողի և կառավարվողի մինչև տարբերության վերացում՝ «դեմոս»-ի քաղաքացիական իրավունքների ճանաչմամբ։ Ազգայնականությունը պահանջում է ժողովրդի իշխանություն՝ հաշվի առնելով կամ հաշվի չառնելով քաղաքացի լինելու կամ դառնալու մշակութային սահմանափակումները։
Էռնեստ Ռենանը և Դոմինիկ Շնեպեռը պատկանում են այն գիտնականների թվին, որոնք ազգայնականությունը համարում են որպես հիմնականում դեմոկրատական շարժում՝ միտված աշխարհագրորեն առանձնացված քաղաքացիների համայնքներ ստեղծելուն։
Մշակութային սահմանումներ
խմբագրելԱզգայնականության մշակութային սահմանումները ընդգծում են ազգային ծրագրի մշակութային և հատկապես ավանդական կողմերը։ Նրանք ազգայնականությունը ներկայացնում են որպես մի շարժում, որը քարոզում է համայնքի ավանդական մշակույթի վերածնունդը՝ հատկապես այն էթնիկ համայնքի ոսկեդարը, որում տվյալ շարժման ներկայացուցիչները ծնվել են։ Որպես այդպիսին՝ ազգայնականությունը կրթական շարժում է՝ ուղղված ներքին բարեփոխումներին։ Այն անհատին և խմբին տալիս է խմբային ինքնության ընդհանուր ծագման զգացում և արժեքային համակարգ։ Ազգայնականությունը քարոզում է և պաշտպանում անհատի կամ խմբի նույնացումը իր էթնիկ արմատներին, ֆիզիկական տիպին, լեզվին, տարածքին, պատմությանը, լեգենդներին, սիմվոլներին և ավանդույթներին, կամ ավելի հակիրճ ձևակերպմամբ իր ծնողների և նախնիների ապրելակերպին։ Համաձայն Մաքս Վեբերի՝ մշակութային վերը նշված ռեսուրսների պահպանությունը և վերածնունդը՝ որպես մշակութային անփոխարինելի արժեքներ, ձևավորում են ազգայնականության այս տեսակը։
Այս արժեքները կարող են լինել ցածր (ժողովրդական) կամ բարձր (վերնախավի) մշակույթի կամ նույնիսկ քաղաքակրթության մաս։ Ազգայնականության այս կոնցեպցիան ընդգծում է ինտելեկտուալների և արվեստագետների դերը էթնիկ մշակույթի հաստատման, համապատասխանեցման և փոխանցման ընթացքում։ Ազգայնականության մշակութային նման ըմբռնումը նվազեցնում է անկախ պետականության դերը ազգայնական շարժումներում։ Փաստորեն, պետականության ձեռքբերումը համայնքի ինքնարտահայտման պահանջի իրացման (այն է պահպանել իր մշակույթը և աշխարհայացքը) հնարավոր ձևերից միայն մեկն է։ Եվ իսկապես նման ձևակերպմամբ ազգայնականությունը կարող է ի հայտ գալ թե՛ մշակութային համայնքների ներսում թե՛ մի ազգի ներսում որը արդեն ունի պետականություն։ Ազգայնականության այս բացատրության հետ են կապված Հերդերի և Ջոն Հատչիսոնի անունները։
Որոշ գիտնականներ, առաջին հերթին՝ Իսա Բեռլինը ինչպես նաև Գելլները և Լիա Գրինֆիլդը, ազգայնական շարժումները ընկալում են որպես պայքար կարգավիճակի կամ հեղինակության համար։ Մասնավորապես, Բեռլինը ազգայնականությունը սահմանում է որպես շարժում ճանաչման համար[2]։ Ազգայնականությունը պահանջում է որևէ մշակութային համայնքի կամ որևէ կոլեկտիվ ինքնության իրավահավասարության ճանաչում՝ այլ մշակույթների կամ համայնքների համեմատությամբ։ Գրինֆլիդը նույնպես պնդում է, որ ընդվզումը գերակա բռնատիրական մշակույթի դեմ ազգայնականության հիմնական պատճառն է[3]։
Ազգայնականության Էնթոնի Սմիթի բացատրությունը հավանաբար ամենահամապարպակն է։ Ըստ նրա՝ ազգայնականությունը գաղափարախոսական շարժում է բնակչության անունից, որի որոշ անդամների կողմից այն համարվում է ազգ, կոչված՝ ձեռք բերելու և պահպանելու առաջինը՝ քաղաքական և տնտեսական ինքնավարություն (կամ անկախություն) և քաղաքացիական իրավունքներ, երկրորդը՝ էթնոմշակութային ինքնություն և երրորդ սոցիալական միասնություն[4]։
Ազգայնականության պատճառների քննարկում
խմբագրելԱզգայնականության պատճառների վերաբերյալ քննարկումները կարելի է բաժանել մոդեռնիստականի և հակամոդեռնիստականի։
Մոդեռնիստական քննարկումներ
խմբագրելՄոդեռնիստական քննարկումները իրենց հերթին կարող են լինել կամ համակարգային ֆունկցիոնալիստական կամ ինստրումենտալիստական։ Առաջին դեպքում համարվում է, որ ժամանակակից համակարգերը ազգայնականության պահանջ ունեն, իսկ ինստրումենտալիստական բացատրությունները պնդում են որ ազգայնական շարժումների առաջնորդների մտքերում կան անտեսանելի մղումներ։ Նրանք մասնավորապես ազգի անունից մարտահրավեր են նետում առկա մշակութային մոտեցումներին՝ դրանով քողարկելով իրենց քաղաքական և տնտեսական հեռահար նպատակները։ Ներկայումս, թե՛ քաղաքականությունը, թե՛ տնտեսությունը և թե մշակույթը կարող են անհրաժեշտություն ունենալ կամ օգուտներ քաղել ազգայնականությունից։
Քաղաքականության օգուտը ներկայացվել է Պոլ Բրասսի կողմից։ Նրա կարծիքով ժամանակակից ժողովրդավարություններում վերնախավերը օգտագործում են ժողովրդական զանգվածներին այլ վերնախավերի հետ պայքարում դիրքեր գրավելու համար։ Զանգվածները հակված են օգնելու նրանց, ովքեր հուզական ելույթներ են ունենում ընդհանուր ծագման, արժեքների կամ հատկապես կրոնի մասին։ Ազգայնական վերնախավերը քողարկում են իրենց իրական նպատակը, այն է՝ իշխանությանն փնտրտուք[5]։
Տնտեսական օգուտի մասին խոսել է Գելլները։ Նրա համար ազգայնականությունը շարժում է բարեկեցության համար սոցիալ-մշակութային մոդեռնիզացիայի և հոմոգենիզացիայի միջոցով։ Այն չի քարոզում հին մշակույթը, այլ նոր, գիտական մշակույթը, որը հասանելի է դառնում լեզվին տիրապետելու դեպքում։ Արդյունքում, բնակչությունը դառնում է ազգ, քանի որ լեզուն պայմանավորում է աշխատունակությունը[6]։ Ազգայնականության մեկ այլ տնտեսական դրդապատճառ նկարագրվում է Էրիկ Հոբսբաումը։ Հոբսբամը գտնում է, որ բուրժուական կապիտալիստական հասարակությունը, նույնպես կարևորում է համերաշխությունը բանվորների և արտադրության միջոցների կապիտալիստ տերերի միջև։ Այդ իսկ պատճառով, բուրժուական ինտելեկտուալները հայտնագործել և պրոպագանդել են երկու դասերի միջև առկա ընդհանուր էթնոմշակութային ինքնության և պատմության մասին գաղափարախոսությունը։ Այս հիմքով, նրանք պահանջում են ազգային համերաշխություն՝ համագործակցություն և բարիդրացիական հարբերություններ հասարակության բոլոր անդամների միջև։ Այսպիսով, ազգայնականությունը այս դեպքում մտացածին գիտակցություն էր, միտված փոխելու դասային ինքնության և համերաշխության իրականությունը[7]։
Մշակութային օգուտի մասին խոսել է Էլի Կեդորիին։ Ազգայնականությունը հայեցակարգ է՝ մշակված օտարված ինտելեկտուալների կողմից։ Այն ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու միջոց է և վերադարձ դեպի «տաքուկ ծննդավայր»` պրեմոդեռն ժամանակների գյուղ, ապա ավանդական մշակույթի իրողությունների անվերապահ ընդունում։ Այս տիպի այգայնականությունը էթնիկ մշակույթը և համայնքը ներկայացնում է որպես մարդկային գոյության բնական և իրական նախապայման[8]։
Այս մոտեցման մեկ այլ տարբերակ է առաջարկում Բենեդիկտ Անդերոսոնը՝ առաջ քաշելով հարաբերականորեն երկարաժամկետ մոդեռնիզացիայի և ազգային զարգացման մոդել։ Նախկինում կրոնական և տնտեսական պայմանները, հատկապես բողոքականության և տպագիր կապիտալիզմի պարագայում, պահանջում էին ժողովրդական զանգվածների լեզվի միատարություն և գրագիտություն։ Դրա պատճառները մասամբ կրոնական էին՝ Աստծու խոսքին ուղղակի առնչվելու առումով և մասամբ ել տնտեսական՝ եկամտի նկատառումներով, ինչքան ավելի շատ մարդ կարդալ իմանա, այնքան ավելի մեծ քանակով գրքեր կվաճառվեն։ Ավելի ուշ շրջանում, կրոնական համայնքը փոխարինվեց լեզվական համայնքով, որը հնարավոր դարձավ թերթերի և գրականության միջոցով շփման շնորհիվ[9]։
Հակամոդեռնիստական քննարկումներ
խմբագրելՀակամոդեռնիստական բացատրությունները չորս հիմնական տիպի են. սոցիոկենսաբանական, պրիմորդիալիստական, պերենիալիստական և էթնոսիմվոլիստական։
- Սոցիոկենսաբան Պիեռ վան դեն Բեռգեն պնդում է որ ազգայնականությունը կենսաբանորեն պայմանավորված սոցիալական շարժում է, որը պահանջում է համերաշխություն մշակութապես նման անհատների միջև։ Նմանի ընտրությունը՝ գենետիկորեն համարժեք անհատների խաչասերման միջոցով, ապահովում է տիպի գենետիկական հարատևություն։ Ազգայնականությունը գիտակցված Դարվինիզմն է[10]։
- Պրիմորդիալիստներ Էդվարդ Շիլսը և Ստիվեն Գրոսբին ազգայնականության արմատները տեսնում են կոնկրետ տարածքում կամ համայնքում ծնված լինելու հանգամանքում։ Մարդկային էակները բնականորեն կապված են առաջնային կենսատու ուժերին, ինչպիսիք են ընտանիքը և ծննդավայրը։ Մարդկային էակները էթնիկ կապվածությունը հակված են համալրելու ի վերուստ տրված, կենսական և հիմնարար սոցիալական կապով։ Ի տարբերություն սոցիոկենսաբանների՝ պրիմորդիալիստները ազգայնականությունը դիտում են որպես հուզական զգացում, պարտավորվածություն և սեր մարդու կյանքի աղբյուրի` ընտանիքի, հողի և այլ մարդկանց նկատմամբ, որոնք կապված են նույն մշակույթով և տարածական կապերով[11]։ Նմանապես Վոլկեր Կոննորը ընդգծում է ազգայնականության զգացմունքային հիմքը, ինչը նա անվանում է էթնոնացիոնալիզմ[12]։
- Պերենիալիստները՝ ինչպես Ջոն Արմստրոնգը, ազգերը դիտարկում են որպես երկար ժամանակահատվածի ընթացքում ձևավորված պրեմոդեռն էթնոմշակութային սոցիալական խմբավորումներ, խմբային փորձի, սիմվոլների, միֆերի կուտակման և այլ ազգերի հետ բախումների ընթացքում[13]։ Ազգայնականությունը այնուամենայնիվ, որպես երբեմն ֆանատիկ և ագրեսիվ գաղափարախոսություն, որը տարածվում է վերնախավերի կողմից՝ մոբիլիզացնելու ազգերը այլ ազգերի հետ պայքարելու նպատակով, նոր երևույթ է։ Ազգայնական վերնախավերը ուշադիր կերպով ուսումնասիրում են ժողովրդական հավատալիքները կամ սիմվոլները իրենց ընտրազանգվածը դիրքը, տարածք կամ այլ նյութական բարիքներ ստանալու նպատակով։
- Էթնոսիմվոլիստները՝ ինչպես Էնթոնի Սմիթը և Ջոն Հատչիսոնը, ո՛չ մոդեռնիստ են, ո/չ էլ հակամոդեռնիստ, թեև կարող են համարվել բավարար մոդեռնիստներ։ Այս տեսաբանները ժամանակակից ազգայնականությունը բացատրում են նախ մոդեռն տերմինաբանությամբ, որպես նոր հայեցակարգ կամ գաղափարախոսություն՝ ուղղված սահմանված նպատակների իրականացմանը՝ հանուն ազգի և հետո որպես ժամանակակից աշխարհի սոցիալապես և բարոյապես քայքայիչ երևույթներին պատասխան[14]։
Այս տեսաբանների համար ազգայնականությունը մեկտեղում է պատմությունը և ներկան, և վերջինիս հաջողությունը պայմանավորում են անցյալի անընդհատությամբ, մշակութային ինքնությունների ճկունությամբ, այլ ոչ ֆիքսվածությամբ և մարդկության ցանկությամբ՝ ապրելու մի համայնքում որն ունի պատմություն։
Ազգայնականության տեսակները
խմբագրելԳիտության մեջ ընդունված է ազգայնականությունը բաժանել քաղաքացիական (պետական) և էթնիկական (էթնոնացիոնալիզմ) տեսակների։ Առաջինը հաճախ անվանում են տարածքային, որն ուղղված է բնակչության կոնսոլիդացմանը՝ իրավաբանական կառույցների, համաքաղաքացիական իրավունքների, մշակույթի, գաղափարախոսության միջոցով։ Էթնիկ ազգայնականությունը կարող է լինել քաղաքական կամ մշակութային։
Մշակութային ազգայնականությունը ուղղված է պահապնելու ազգի ամբողջականությունը՝ ամրապնդելով լեզուն, մշակույթը, պատմական ժառանգությունը։ Այն դրական դեր է խաղում երկու պայմաններում. առաջին՝ եթե իր մեջ չի պարունակում մեկուսացման և մշակութային փակվածության գաղափարներ, բացասական ուղղվածություն դեպի այլ մշակույթը, երկրորդ՝ եթե նրանում ձգտում չկա կյանքի կոչելու մշակույթի Հնագույն այն տարրերը, որոնք կարող են խոչընդոտել էթնոսի զարգացմանը։ Սովորաբար քննադատվում է քաղաքական էթնոազգայնականությունը, որը բնութագրվում է որպես մի ժողովրդի կողմից մյուսի նկատմամբ գերակայություն՝ իշխանությունում, գաղափարախոսությունում, մշակույթում։ Չգերակայող էթնիկ խմբերի ազգայնականությունը ծայրահեղ ձևերում կարող է սեպարացիայի հասնել՝ մերժելով տարբերության բոլոր ձևերն ու միջոցները[15]։
Քաղաքացիական և էթնիկական ազագայնականությունները տարբերելով Էնթոնի Սմիթը նշում է, որ այս երկուսն էլ իդեալական տիպեր են և «որ յուրաքանչյուր ազգայնականություն ունի քաղաքացիական ու էթնիկ տարրեր տարբեր աստիճաննրում և տարբեր ձևերով»։
Առանձնացվում են ազգայնականության տիպաբանության այլ մոտեցումներ։ Ինչպիսիք են.
- լիբերալ ազգայնականությունը, որը ազգը դիտում է որպես եղբայրական ընդհանրություն և նպատակ ունի իրականացնելու ազգի յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու ազատությունները, դրանով ապահովել բոլորի երջանկությունը։
- Յակոբինյան ազգայնականությունը ազգային հանրույթին հանձնարարում է այլ ժողովուրդների մեջ տարածել լիբերալ ազգայնականության գաղափարները։
- ավանդական ազգայնականությունը ձգտում է համախմբել ազգին անցյալի փառահեղությունների ներքո՝ փառաբանելով անցյալի սովորույթները, արժեքները, համախմբվածությունը, ձեռքբերումները և այլն։
- սինկրետիկ ազգայնականությունը ձգտում է ազգին պաշտպանել օտարածին գաղափարների ազդեցություններից։
- ինտեգրալային ազգայնականությունը ձգտում է քաղաքացիների շահերը ենթարկել ազգի շահերին, որ դիտվում են որպես միաձույլ ամբողջականություն։
Ազգայնականության մեկ այլ դրսևորում է մեսիանական ազգայնականությունը։ Այս գաղափարախոսությունը առաջացնում է այնպիսի զգացում, որով տվյալ ազգի անդամը հավատում է իր արարչային ծագմանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kedourie, E. (1960) Nationalism . Hutchinson , London, p 45.
- ↑ Berlin, I. (1998) The Proper Study of Mankind . Farrar , Straus, & Giroux, New York.
- ↑ Greenfeld, L. (1992) Nationalism: Five Roads to Modernity . Harvard University Press , Cambridge, MA.
- ↑ Smith, A. D. (1986) The Ethnic Origins of Nations . Blackwell , Oxford.
- ↑ Brass, P. R. (1991) Ethnicity and Nationalism: Theory and Comparison . Sage , London.
- ↑ Gellner, E. (1983) Nations and Nationalism . Blackwell , Oxford.
- ↑ Hobsbawm, E. (1990) Nations and Nationalism since 1780: Programme, Myth, Reality . Cambridge University Press , Cambridge., Hobsbawm, E. & Ranger, T. (Eds.) (1983) The Invention of Tradition . Cambridge University Press , Cambridge.
- ↑ Kedourie, E. (1960) Nationalism . Hutchinson , London.
- ↑ Anderson, B. (1983) Imagined Communities . New Verso , London.
- ↑ Van den Berghe, P. L. (1987) The Ethnic Phenomenon . Praeger , New York.
- ↑ Shils, E. (1957) Primordial, Personal, Sacred and Civil Ties . British Journal of Sociology (8) : 130 45, Grosby, S. (1994) The Verdict of History: The Inexpungeable Ties of Primordiality . Ethnic and Racial Studies (17) : 164 71.
- ↑ Connor, W. (1994) Ethnonationalism: The Quest for Understanding . Princeton University Press , Princeton.
- ↑ Armstrong, J. A. (1982) Nations Before Nationalism . University of North Carolina Press , Chapel Hill.
- ↑ Smith, A. D. (1986) The Ethnic Origins of Nations . Blackwell , Oxford.,Hutchinson, J. (1987) The Dynamics of Cultural Nationalism . Allen & Unwin , London.
- ↑ Арутюнян Ю.В. и др. Этносоциология. уч. пос. для ВУЗов. М., 1998.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Nationalism». Internet Modern History Sourcebook. Fordham University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
- «The Nationalism Project». Association for Research on Ethnicity and Nationalism in the Americas. University of South Carolina. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
- Nationalism : selected references
Աղբյուրներ
խմբագրել- Քաղաքագիտություն։ Ուսումնական ձեռնարկ բուհերի ուսանողների համար, 2006.
- Стефаненко Т. Г. Этнопсихология. – М.: Институт психологии РАН, «Академический проект», 1999.., с.320.
- Kohn, H. (1961 [1944]) The Idea of Nationalism . Collier-Macmillan, New York.
- Hayes, C. J. H. (1960) Nationalism: A Religion . Macmillan, New York.
- Андерсон Б. Воображаемые сообщества. Размышления об истоках и распространении национализма. М.: "КАНОН-пресс-Ц", "Кучково поле", 2001.
- Виды национализма и причины его возникновения. [1].
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգայնականություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 209)։ |