Խորեզմշահերի պետություն


Խորեզմշահերի պետություն (պարս.՝ خوارزمشاهیان‎), միջինասիական պետություն Ամուդարյայի ափին։ Ծաղկման գագաթնակետին հասել է 13-րդ դարում Ալա ալ-Դին Մուհամմադ II-ի օրոք։ Կործանվել է Չինգիզ խանի թյուրք-մոնղոլների կողմից։

Խորեզմշահերի պետություն
خوارزمشاهیان‎
1097 - 1231  
Քարտեզ

(1190-1220 թվական)
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք 1097-1220 Ուրգենչ
1212-1220 Սամարղանդ
1220-1221 Ղազնա
1221-1224 Դելի
1224-1231 Թավրիզ
Մակերես 20,000,000 կմ 2
Բնակչություն իրանական, թյուրքական, սեմական ցեղեր
Լեզու պարսկերեն, ղփչաղ-թյուրքերեն, խորեզմերեն
Կրոն Իսլամ
Արժույթ Դինար
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ Խորեզմշահեր

Խորեզմ

խմբագրել

10-րդ դարում Խորեզմը կիսանկախ էր և գտնվում էր Սամանիների պետության կազմում։ Երբ Կարախանների հարձակումների հետևանքով անկում ապրեց Սամանիների պետությունը, Խորեզմը իր՝ ծայրամասում գտնվելու շնորհիվ չմտավ ոչ Կարախանների, ոչ էլ Ղազնևիների պետության կազմի մեջ։ Մնալով ինքնուրույն՝ Խորեզմը հայտնվեց իր համար շատ բարենպաստ պայմաններում և կարող էր մեծ զարգացում ունենալ։ Խորեզմը գտնվում էր մի կողմից Կենտրոնական Ասիայից Մոնղոլիա և Չինաստան, մյուս կողմից Իրան տանող առևտրական խաչմերուկի ճանապարհին։ Բացի դրանից Խորեզմը առևտրական կապ էր հաստատել օղուզների հետ, որոնք արտահանում էին անասուն, միս և մորթի։ Արդյունքում երկիրը հարստանում էր։

Մինչև 966 թվականը Խորեզմը բաժանված էր 2 մասի՝ Հյուսիսային Խորեզմ և Հարավային Խորեզմ։ Հարավային Խորեզմի մայրաքաղաքը հնագույն Կյատ քաղաքն էր, որը խորեզմշահ տիտղոսը կրող կառավարչի նստավայրն էր։ Հյուսիսային Խորեզմի մայրաքաղաքը Ուրգենչն էր (այժմ՝ քաղաք Ուզբեկստանում), որը էմիրի նստավայրն էր։

Մամուն իբն Մուհամմադ

խմբագրել

966 թվականին Հյուսիսային Խորեզմի կառավարիչ Մամուն իբն Մուհամմադը միավորեց այս ոչ խոշոր, բայց հարուստ և մշակութային երկիրը և ստացավ խորեզմշահ տիտղոսը, իսկ մայրաքաղաք դարձրեց Ուրգենչը։ Մամուն իբն Մուհամմադը (995-999) ուժեղացրեց և զարկ տվեց Խորեզմի բանակին։ Ղազնևիների կառավարիչ Մահմուդ Ղազնևին, տեսնելով Խորեզմի հզորությունը և հարստությունը, ցանկանում էր Խորեզմի կառավարչին դարձնել իրեն հավատարիմ վասալ։ Նա իր երկու դստրերին ամուսնության է տալիս Մամուն իբն Մուհամմադի երկու որդիներին՝ փորձելով օգտագործել բարեկամական կապը քաղաքական ասպարեզում։

Մամուն իբն Մամուն

խմբագրել

1014 թվականին սուլթանի վեզիրը խոսակցության մեջ ակնարկում է, որ խորեզմշահ Մամուն իբն Մամունը իր երկրում սուլթանի անունով ուրբաթօրյա աղոթք սահմանի։ Մամուն իբն Մամունի (999-1017) վիճակը ծայրահեղ վատ էր։ Չցանկանալով լիովին ընդունել Ղազնևու գերիշխանությունը՝ նա ուրբաթօրյա աղոթք է սահմանում իրա միայն Նիսայում և Ֆիրավայում։ Դրանք նոր էին մտել Խորեզմի կազմի մեջ և քաղաքական կարևոր կշիռ չունեին։ Սուլթան Մահմուդին ուղարկվեցին շեյխեր, մեծամեծեր, 80,000 դինար և 3,000 ձի։

Այս քաղաքականությունը չփրկեց ոչ երկիրը, ոչ էլ խորեզմշահին։ 1017 թվականի գարնանը սուլթանի զորքը մտավ մայրաքաղաք, և արդյունքում խորեզմշահը սպանվեց։ Հազարասպի մոտ խորեզմցիները ջախջախվեցին ղազնևիների կողմից։ Ղազնևու զորքը մտավ մայրաքաղաք, գրավեց այն և Խորեզմի կառավարիչ դարձավ սուլթան Մահմուդի զինակից, ծագումով թյուրք Ալթուն-Թաշը՝ պահպանելով խորեզմշահ տիտղոսը։

Ալթուն-Թաշ

խմբագրել

Խորեզմի գրավումը կարևոր դիվանագիտական և ռազմական ձեռքբերում էր Մահմուդ Ղազնևու համար։ Եթե մինչև 1017 թվականը կարախանները իրենց համարում էին ղազնևիների հզորագույն մրցակիցը, ապա հիմա ամեն ինչ ղազնևիների ձեռքում էր։ Աշխարհագրական դիրքի շնորհիվ Խորեզմը միշտ անկախ պետություն էր, հատկապես այն կառավարում էր մի հմուտ զորահրամանատար և կառավարիչ, ինչպիսին էր Ալթուն-Թաշը։ Լինելով հեռատես քաղաքական գործիչ՝ նա իր մոտ ծառայության էր վերցնում մարդկանց այն ցեղերից, ովքեր հարձակումներ էին գործում Խորեզմի վրա։ Նա վարձում էր թյուրք զինվորներ և հզորացնում էր բանակը։ Մահմուդ Ղազնևուն սկսում է անհանգստացնել այն փաստը, որ Ալթուն-Թաշի բանակը օրեցօր հզորանում էր, չնայած նրան, որ խորեզմշահը ընդունում էր նրա գերիշխանությունը։ Մահմուդը հասկանում էր, որ Ալթուն-Թաշը հենվելով իր հզոր բանակի վրա կարող էր ապստամբել։

Մահմուդ Ղազնևու մահից հետո գահ բարձրացավ Մասուդը։ Վերջինս շարունկաեց հոր ծրագիրը. գրավել Մավարաննահրը Ալփտեղինից, գրավումը հանձնարարել Ալթուն-Թաշին։ 1032 թվականի գարնանը սուլթանի հրամանով Ալթուն-Թաշը մտավ Մավարաննահր։ Սուլթանը ուղարկեց 15,000-անոց օժանդակ զորք Բալխից։ Ալփտեղինը, թողնելով Բուխարան, նահանջեց Դաբուսի, որտեղ նա հանդիպեց օղուզներին՝ սելջուկների գլխավորությամբ։ Տեղի ունեցավ ճակատամարտ, որտեղ Ալթունթաշը մահացու վիրավորվեց, և փորձառու վեզիրի շնորհիվ զորքը վերադարձավ Խորեզմ։

Բարտոլդը գրել է. «Ալթուն-Թաշի մահից հետո Մասուդը չվերցրեց իշխանությունը նրա ժառանգներից, սակայն թուլացրեց նրանց իշխանությունը։ Խորեզմշահի տիտղոս ստացավ Մասուդի որդի Սաիդը, իսկ Ալթուն-Թաշի որդին՝ Հարունը, պետք է կառավարեր Խորեզմը որպես իշխան»։

Խորեզմը սելջուկների լծի տակ

խմբագրել

Հարունը կապ է հաստատում Ալփտեղինի և սելջուկների հետ և 1034 թվականին դուրս է գալիս Մասուդի դեմ և հրաժարվում ուրբաթօրյա աղոթքում հիշատակել նրա անունը։ Հարունը սպանվում է։ 1043 թվականին սելջուկների բազմաքանակ զորքը Տուղրիլ-Բեկի և Չաղրի-Բեկի գլխավորությամբ մտնում է Խորեզմ և պաշարում Կյատը։ Ուժասպառ բնակչությունն ընդունում է սելջուկների գերիշխանությունը։

XI դարում և XII դարի առաջին կեսին Խորեզմը մտնում էր սելջուկների պետության կազմի մեջ, և միայն նրանց հաղթելու շնորհիվ կարող էր անկախանալ։ Խորեզմի անկախացմանը նպաստեց Կարախանների պետության թուլացումը, հակառակ դեպքում խորեզմցիները պետք է պայքարեին երկու հզորագույն դինաստիաների դեմ՝ սելջուկներ, կարախաններ։

1130-ական թվականներին խորեզմշահ Աթսիզը (1127-1156) պայքար է սկսում Խորեզմի լիակատար անկախության համար։ Խորեզմշահ Աթսիզը կարողանում էր օգտագործել իր հակառակորդների թուլությունները։ Հենց այս ժամանակ սերտ կապեր են հաստավում խալիֆայության և Խորեզմի միջև։ Ահմադ Սանջարը ( արաբ․՝ أحمد سنجر‎‎‎‎ ) Աթսիզին տեսնում էր դաշնակից սելջուկների դեմ պայքարում։ Ինչպես Սանջարի մյուս վասալները, այնպես էլ Աթսիզը, լինելով Խորեզմի և «անհավատ» թուրքերին սահմանակից հողերի կառավարիչ, պարտավոր էր նրանց ժամանակ առ ժամանակ ճնշում գործադրել նրանց վրա, սակայն միայն սուզերենի հրամանով կամ համաձայնությամբ։ Ինքնուրույն քայլեր չէին թույլատրվում։ Սակայն խորեզմշահը, չենթարկվելով հրամանին, իր դիրքերն ամրապնդելու համար արշավեց ղփչաղների ու օղուզների վրա առանց Սանջարի թույլտվության։ Խորեզմշահը գրավեց Սիրդարյայի ստորին հոսանքին կից տարածքները, Ջենդ քաղաքը, ուղղվեց հյուսիս, իր տարածքներին միացրեց Մանգիշլակը։ Սա Աթսիզի առաջին ինքնուրույն քայլն էր։ Երբ Սանջարը իմացավ Աթսիզի այդ ինքնագործունեության մասին, 1138 թվականի հեկտեմբերին զորք ուղարկեց Խորեզմ։ Սանջարը այլ ելք չուներ, հակառակ դեպքում մյուս վասալների՝ Կարախանների և Ղազնևիների համար ինքնուրույն գործելու ճանապարհ կբացվեր։ 1138 թվականի նոյեմբերի 15-ին Հազարասպի պատերի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, խորեզմցիները ծանր պարտություն կրեցին՝ կորցնելով 10,000 զինվոր։ Աթսիզը վերադառնում է Խորեզմ, իր հավատարմությունը հայտնում Սանջարին և ներվում։ Չի անցնում և մի քանի ամիս, և Աթսիզը հարձակվում է Սանջարի տարածքների վրա։ 1139 թվականին խորեզմշահը հարձակվում է Բուխարայի վրա, գրավում է այն, ավերում քաղաքի պատերը։ Այս արշավանքն ու Բուխարայի գրավումը վրեժ էր Սանջարի արշավանքի և Աթսիզի որդու սպանության համար։

 
Մահմուդ Սանջար

Այս ժամանակ Մավարաննահրում (արաբ․՝ ما وراء النهر‎‎՝ մա ուարա ալ-նահր՝ այն, ինչ գետից այն կողմ է՝ Սիրդարյայի և Ամուդարյայի միջագետք) նոր մեծ ուժ էր հայտնվել՝ կարակիտաները։ Այդ պատճառով Սանջարը Աթսիզին չի պատժում։ Աթսիզն էլ վախենալով իր տարածքների համար՝ վերադառնում է և 1141 թվականին երդում է տալիս Սանջարին։ Քաթաբանի կռվից և սուլթանի Թերմեզի փախուստից հետո խորեզմշահը խախտելով իր խոստումը անցնում է Ամուդարյան, գրավում է Սերախսը և թալանում Մերվը։ Խորեզմ են տարվում բոլոր գիտնականները և Սանջարի գանձարանը։ 1143 թվականին Սանջարը վերականգնում է իր իշխանությունը Մերվում, մտնում է Խորեզմի տարածք և պաշարում Ուրգենչը։ Պաշարումը ստիպում է Աթսիզին խաղաղ բանակցություններ վարել Սանջարի հետ։ Խորեզմը ընդունում է Սանջարի գերիշխանությունը և վերադարձնում Մերվից հափշտակած գանձարանը։

1147 թվականին տեղի ունեցավ սելջուկների III արշավանքը Խորեզմ։ Պատճառն այն էր, որ բացահայտվել էր, որ Աթսիզը ծրագրում է իսլամիստների միջոցով սպանել Սանջարին։ Արշավանքն ավարտվեց Աթսիզի պարտությամբ, ով նորից իր հավատարմությունը հայտնեց Սանջարին և կրկին ներվեց։ Աթսիզը շարունակում էր ինքնուրույն իշխել Խորեզմում։

XII դարի 40-ական թվականների երկրորդ կեսին և 50-ական թվականների սկզբին (կարակիտաների հարձակումից հետո) Կենտրոնական Ասիայում ձևավորվել էր բարդ իրավիճակ։ Աթսիզը ստիպված ընդունում է Գուր-Խանի գերիշխանությունը և պարտավորվում տարեկան 30,000 դինար հարկ վճարել։

1152 թվականի ապրիլին խորեզմշահ Աթսիզը գրավում է Ջենդը, հետո Մանգիշլակը։ Սանջարը ոչ մի պատժիչ գործողություն չի ձեռնարկում։ 1153 թվականի գարնանը Խորասանում տեղի են ունենում Աթսիզի համար բարենպաստ իրադարձություններ։ Քոչվոր օղուզները պարտության են մատնում սուլթանի զորքին և գերի վերցնում սուլթանին։ Օղուզները թալանում են Մերվը, Նիշապուրը և Խորասանի այլ քաղաքներ։ Այս անգամ Աթսիզը չօգտվեց սուլթանի դժբախտությունից, այլ գործեց հօգուտ Սանջարին։ Սանջարի փախուստը գերությունից օղուզներին ստիպեց սթափվել, և նրանք դադարեցրին թալանը։ Սրանում մեծ էր նաև Աթսիզի դերը, ով նամակագրական կապ էր հաստատել օղուզների առաջնորդների հետ։

1157 թվականի մայիսի 9-ին մահացավ սելջուկ հռչակավոր սուլթան Սանջարը։ Նրա մահով ավարտվեց սելջուկյան գերիշխանությունը Մավարաննահրում։ Սանջարի մահվանից տաս ամիս առաջ (1156 թվականի հուլիսի 30) մահացավ նրա անուղղելի վասալ Աթսիզը։ Նա լուծեց ոչ միայն Խորեզմի անկախության խնդիրը, այլ նաև իսլամական աշխարհի արևելքում մի նոր հզոր տերության հիմք դրեց։

Վերջին իշխողներ

խմբագրել

Իլ-Արսլան

խմբագրել

1156 թվականի օգոստոսի 22-ին գահ է բարձրանում Իլ-Արսլանը, ով իր կառավարման առաջին իսկ տարում ավելացնում է զորքին տրվող վարձը։ Խորասանում տիրում էր անարխիա և Սանջարի էմիրների կամայականությունները ավելի էին թուլացնում սուլթանությունը։ Օղուզները, ովքեր զբաղեցնում էին Արևելյան Խորասանը և այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մերվը, Բալխը և Սերասխը, չէին ճանչում ոչ մի գերիշխանություն, բայց ուրբաթօրյա աղոթքում հիշատակում էին մահացած Սանջարի անունը։ Խորեզմշահ Իլ-Արսլանը կազմավորել էր մեծ և հզոր բանակ և ուներ մեծ հեղինակություն։ Իլ-Արսլանը մահանում է 1172 թվականին։

Իլ-Արսլանի մահվանից հետո պայքար սկսվեց նրա որդիների միջև գահի համար։ Իր-Արսլանը իրեն ժառանգ է նշանակում կրտսեր որդի Սուլթան-Շահին։ Այս մասին իմանալուց հետո Թեքեշը ուղևորվում է կարակիտաների կայսրուհու մոտ՝ օգնություն խնդրելու՝ փոխարենը խոստանալով հարկ վճարել։ Երբ կարակիտաների զորքը մոտեցավ Ուրգենչին, Սուլթան-Շահը փախավ Խորասան։ Այսպիսով, 1172 թվականի դեկտեմբերին Թեքեշը դարձավ խորեզմշահ։ Կռիվը գահի համար շարունակվեց 20 տարի մինչև Սուլթան-Շահի մահը՝ 1193 թվական։

Ալա ալ-Դին Թեքեշ

խմբագրել
 
Սուլթան Ալա ալ-Դին Թեքեշի կառուցած մզկիթը

Կառավարման առաջին իսկ օրերից ի հայտ եկավ մրցակից, ով ավելի շատ շանսեր ուներ Առաջավոր և Միջին Արևելքում մեծ տերություն ստեղծելու համար, քան խորեզմշահը։ Նա գուրիական սուլթան Գիյաս ալ-Դին ալ-Գուրին էր՝ ծագումով տաջիկ՝ Հերաթից արևելք ընկած գուրի լեռնային հատվածի կառավարիչը։ Օգտվելով սելջուկների թուլացումից՝ 1175 թվականին նա գրավում է Հերաթը՝ տարածելով իր իշխանությունը Խորասանի այլ շրջանների վրա նույնպես։ Թեքեշը տեսնում էր գուրիների առավելությունը առաջիկա կռվում մուսուլմանական աշխարհում գերակա տեղը զբաղեցնելու համար, բայց և այնպես, շարունակում էր հոր և պապի քաղաքականությունը և ցանկանում էև ստեղծել Խորեզմական մեծ և անկախ պետություն։ Իր ուժերը ամրապնդելու համար Թեքեշը դաշինք է կնքում ղփչաղների հետ և ամուսնանում է ղփչաղական խանի դստեր հետ։ Արդյունքում մեծ թվով ղփչաղներ ցանկություն հայտնեցին ծառայել խորեզմշահին։

Սկսած 1180 թվականից խորեզմշահի զորքերը սկսեցին մտնել կարակիտաների տարածքների խորքերը։ Նույն ժամանակ խորեզմշահը արշավանք է կատարում Մավարաննահր և 1182 թվականին գրավում Բուխարան։ 1187 թվականին Թեքեշը գրավում է Նիշապուրը, 1192 թվականին՝ Ռեյը, 1193 թվականին՝ Մերվը, 1194 թվականին ջախջախիչ պարտության է մատնում արևմտյան սելջուկների սուլթան Տուղրիլ II-ին, որը մահանում է ճակատամարտում։ Իրանի ամբողջ արևելյան մասն անցնում է Թեքեշին։ Խորեզմական պետությունը ավելի քան երկու անգամ ընդլայնում է տարածքները և հարևան է դառնում մի կողմից Գուրիներին, մյուս կողմից՝ Աբբասյան խալիֆայությանը։ Խալիֆը նույնպես ցանկանում էր օգտվելով սելջուկների թուլացումից ընդլայնել խալիֆայության տարածքները, սակայն Թեքեշը պարտության է մատնում խալիֆին։ Սա սկիզբ դրեց աբբասյանների և խորեզմցիների թշնամությանը։ Թեքեշը իր կյանքի վերջին տարիներն անց կացրեց իսլամիստների դեմ պայքարում։ Թեքեշի գործունեության արդյունքը խորեզմշահերի պետության զգալի հզորացումն էր։

Մուհամմադ իբն Թեքեշ

խմբագրել

Ալա ալ-Դին Թեքեշն իր որդի Մուհամմադին թողեց միասնական, հզոր, կազմակերպված պետություն հզոր բանակով։ Մուհամմադը գահ բարձրացավ 1197 թվականի գարնանը։ 1201 թվականին խորեզմշահ Մուհամմադի զորքերը պաշարեցին Հերաթը, բայց գրավել չկարողացան։ Գուրիների զորքը հարձակվեց Խորեզմի վրա։ Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ։ Խորեզմշահը օգնություն խնդրեց կարակիտաներից, ինչի արդյունքում գուրիները փախուստի դիմեցին։ 1205 թվականի դեկտեմբերին խորեզմշահ Մուհամմադը մտավ Հերաթ։ Մուհամմադը դարձավ Արևելքի մուսուլման կառավարիչներից ամենահզորը։ Այս պայմաններում նա չէր կարող մնալ կարակիտաների վասալ։ Բուխարայի գրավումը ուժեղացրեց խորեզմշահի իշխանությունը Մավարաննահրում, նրա կողմն անցան կարախան հայտնի մարդիկ։ Այս ամենն ստիպեց կարակիտաներին պատերազմ սկսել խորեզմշահի դեմ։ Պատերազմում խորեզմշահը ջախջախվում է։ Մինչև 1209 թվականը խորեզմշահը կարակիտաների վասալ։ 1210 թվականին խորեզմշահը պարտության է մատնում կարակիտաներին։

Կարակիտաների պետությունն ապրում էր իր վերջին օրերը։ Նայմանների Կյուչլուկ-խանը, ով փախել էր Չինգիզ խանից, հաստատվում է կարակիտաների Գուր-խանի մոտ, ամուսնանում է նրա դստեր հետ, և հավաքելով մոնղոլներից փախչող նայմաններին՝ գրավում է Գուր-խանի գրեթե բոլոր տարածքները։ Գուր-խանը ձևականորեն գահին էր, իսկ փաստացի կառավարիչը Կյուչլուկ-խանն էր։ Խորեզմշահը պահանջում է, որ Կյուչլուկ-խանը հանձնի իրեն Գուր-խանի տերությունն ու գանձարանը, սակայն Կյուչլուկ-խանն առաջարկում է կիսել այդ ամենը։

Խորեզմշահը ուղղվում է դեպի արևմուտք։ 1215 թվականին խորեզմշահի տարածքներին են միանում Կերմանը, 1217 թվականին՝ Իրանն ամբողջությամբ, Մազանդարանը, Արրանը, Ատրպատականը, Շիրվանը, Ֆարսը, Մեկրանը, Մանգիշլակը, Քեշը, Սաջիստանը, Գուրը, Ղազնան՝ մինչև Հնդկաստանի սահմանը։ Մուհամմադը պատրաստվում էր իր 50 000-անոց զորքով գրավել Վրաստանը, Անատոլիան և Սիրիան։

Խորեզմշահերի պետության կործանումը

խմբագրել
 
Չինգիզ խան

Դառնալով հսկա կայսրության տեր՝ խորեզմշահ Մուհամմադ իբն Թեքեշը ցանկանում էր դառնալ ողց իսլամական աշխարհի տերը։ 1217 թվականին խորեզմշահը զորք է ուղարկում Բաղդադ։ Զինվորների մեծ մասը չդիմանալով ցրտին մահանում է։ Խորեզմշահը մայրաքաղաք է դարձնում Սամարղանդը։ Մուհամմադը երազում էր արշավել Չինաստան, սակայն 1215 թվականին Չինգիզ խանը գրավել էր Հյուսիսային Չինաստանի մայրաքաղաք Պեկինը։ Խորեզմշահը լսել էր Չինգիզ խանի հզորության մասին և ստուգելու համար Չինգիզ խանի մոտ պատվիրակ է ուղարկում։ Ի պատասխան Չինգիզ խանը քարավան է ուղարկում այսպիսի երկիմաստ պատասխանով. «Ես Արևելքի տերն եմ, իսկ դու՝ Արևմուտքի։ Թող մեր մեջ լինի ամուր պայմանագիր ընկերության և խաղաղության մասին։ Ես քեզ կվերաբերվեմ ինչպես որդուս...»:

Խորեզմշահն այս պատասխանը նվաստացուցիչ է համարում։ Չինգիզ խանը 1218 թվականին Խորեզմ է ուղարկում մեծ առևտրական քարավան՝ 450 առևտրականով և պատվիրակով։ Պատվիրակն ու առևտրականները ձերբակալվում են, իսկ քարավանը կողոպտվում։ Չինգիզ խանը պատերազմ է սկսոում։

1221 թվականին Խորեզմշահերի պետությունը պատերազմի արդյունքում կործանվում է։

Գահացանկ

խմբագրել

Մամունիների դինաստիա

խմբագրել
Տիտղոս Անուն Reign
Էմիր
امیر
Աբու ալ-Ալի Մամուն իբն Մուհամմադ
ابو علی المأمون ابن محمد
995–997 թթ.
Էմիր
امیر
Աբու ալ-Հասան Ալի իբն Մամուն
ابو الحسن علی ابن المأمون
997–1008/9 թթ.
Էմիր
امیر
Աբու ալ-Աբաս Մամուն իբն Մամուն
ابو العباس مأمون ابن المأمون
1008/9–1017 թթ.
էմիր
امیر
Աբու ալ-Հարիս Մուհամմադ իբն Ալի
ابو الحارث محمد ابن علی
1017 թ.
  • Կապույտ աղյուսակ՝ Սամանիների վասալ
    • Կանաչ աղյուսակ՝ Ղազնևիների վասալ

Ալթուն-Թաշ կառավարիչները Խորեզմում

խմբագրել
Տիտղոս Անուն Տարեթիվ
Էմիր
امیر
Աբու Սայիդ Ալթուն-Թաշ
ابو سعید التون طاش
1017–1032 թթ.
Էմիր
امیر
Հարուն իբն Ալթուն-Թաշ
ہارون ابن التون طاش
1032–1034 թթ.
Էմիր
امیر
Իսմայիլ Խանդան իբն Ալթուն-Թաշ
اسماعیل خاندان ابن التون طاش
1034–1041 թթ.
  • Կանաչ աղյուսակ՝ Ղազնևիների կառավարում

Դինաստիա չկա (1940-ական)

խմբագրել
Տիտղոս Անուն Տարեթիվ
Էմիր
امیر
Աբուլ-Ֆավարիս
أبو الفوارس
Շահ Մելիք իբն Ալի
شاہ ملک ابن علی
1041–1042 թթ.
Խորեզմը նվաճվում է Տուղրիլ-Բեկի և Չաղրի-Բեկի կողմից։
    • Կանաչ աղյուսակ՝ Ղազնևիների տիրապետություն

Անուշտեղիններ (Սելջուկների տիրապետություն)

խմբագրել
Տիտղոս Անուն Տարեթիվ
Շիհնա
؟
Անուշ Տեղին Ղարչայի
أنوش طگین غارچائی
1077–1097 թթ.
    • Մանուշակագույն աղյուսակ՝ Սելջուկների տիրապետություն

Դինաստիա չկա

խմբագրել
Տիտղոս Անուն Տարեթիվ
Շիհնա
؟
Էքինչի իբն Կոչար
ایکینچی بن قوچار
1097 թթ.
    • Մանուշակագույն աղյուսակ՝ Սելջուկների տիրապետություն

Անուշտեղիններ

խմբագրել
Տիտղոս Անուն Տարեթիվ
Շահ
شاہ
Քութբ ալ-Դին Աբուլ–Ֆաս
قطب الدین ابو الفتح
Արսլան Տեղին Մուհամմադ իբն Անուշ Տեղին
ارسلان طگین محمد ابن أنوش طگین
1097–1127/28 թթ.
Շահ
شاہ
Ալա ալ–Դունյա վա ալ–Դին Աբուլ–Մուզաֆֆար
علاء الدنیا و الدین، ابو المظفر
Կիզիլ Արսլան Աթսիզ իբն Մուհամմադ
قزل ارسلان أتسز بن محمد
1127 - 1156 թթ.
Շահ
شاہ
Թաջ ալ–Դունյա վա ալ–Դին Աբուլ–Ֆաս
تاج الدنیا و الدین، ابو الفتح
Իլ–Արսլան իբն Կիզիլ Արսլան Աթսիզ

ایل ارسلان بن قزل ارسلان أتسز ‎

1156–1172 թթ.
Շահ
شاہ
Ալա ալ–Դունյա վա ալ–դին Աբուլ–Մուզաֆֆար
علاء الدنیا و الدین، ابو المظفر
Թեքեշ իբն Իլ–Արսլան

تکش بن ایل ارسلان

1172–1200 թթ.
Շահ
شاہ
Ջալալ ալ–Դունյա վա ալ–Դին Աբուլ–Քասիմ
جلال الدنیا و الدین، ابو القاسم
Մահմուդ Սուլթան–Շահ իբն Իլ–Արսլան
محمود سلطان شاہ ابن ایل ارسلان
Initially under regency of Turkan Khatun,
1172–1193 թթ.
Շահ
شاہ
Ալա ալ–Դունյա վա ալ–ԴԻն Աբուլ–Ֆաս
علاء الدنیا و الدین، ابو الفتح
Մուհամմադ իբն Թեքեշ
محمد بن تکش
1200–1220 թթ.
Գենղիս Խան
چنگیز خان
Ջալալ ալ–Դունյա վա ալ–Դին Աբուլ–Մուզաֆֆար
جلال الدنیا و الدین، ابو المظفر
Մինգբուրնու իբն Մուհամմադ
مِنکُبِرنی ابن محمد
1220–1231 թթ.
  • Մանուշակագույն աղյուսակ՝ Սելջուկների տիրապետություն
    • Վարդագույն աղյուսակ՝ Կարակիտաների և Սելջուկների տիրապետություն
      • Նարնջագույն աղյուսակ՝ Կարակիտաների տիրապետություն

Աղբյուրներ

խմբագրել