Անդրկովկասի սեյմ
Անդրկովկասյան սեյմ, պետական իշխանության մարմին Անդրկովկասում։ Կազմավորվել է 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում, Անդրկովկասում քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում՝ կապված երկրամասի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների և հասունացող թուրքական ագրեսիայի վտանգի հետ։
Անդրկովկասյան սեյմի մեջ մտան Սահմանադիր ժողովի Անդրկովկասից ընտրված պատգամավորները, ինչպես նաև երկրամասում գործող մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ՝ 36 վրացի մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 էսէռ, 14 այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Անդրկովկասի բոլշևիկները հրաժարվեցին մասնակցել սեյմին և բողոքեցին նրա կազմավորման դեմ։ Նախագահ ընտրվեց (հանրապետության նախագահի իրավունքով) մենշևիկ Ն. Չխեիձեն, կառավարության ղեկավար նշանակվեց մենշևիկ Ե. Գեգեչկորին։ Անդրկովկասյան սեյմը վերացրեց պետական իշխանության նախկին մարմինը՝ Անդրկովկասյան կոմիսարիատը, և իրեն հռչակեց օրենսդիր մարմին։
1918 թվականի մարտին հայտարարեց Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից։ Իր արտաքին քաղաքականության մեջ Անդրկովկասյան սեյմը շարունակեց Անդրկովկասյան կոմիսարիատի գործունեությունը, պայքար ծավալեց երկրամասում խորհրդային իշխանության հաստատման դեմ՝ նպատակ ունենալով հասնել Անդրկովկասի՝ խորհրդային Ռուսաստանից ամբողջովին անկախանալուն, Թուրքիա]]յի հետ հարաբերությունների կարգավորմանը, Անդրկովկասի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Անդրկովկասյան սեյմը հրաժարվեց մասնակցել խորհրդային Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բրեստ-Լիտովսկում տարվող բանակցություններին, ապա չընդունեց 1918 թվականի Բրեստի հաշտությունը և աշխատեց Թուրքիայի հետ կնքել առանձին պայմանագիր։ Սեյմը դիմեց թուրքական հրամանատարությանը բանակցություններ սկսելու առաջարկով, ստանալով թուրք, կողմի համաձայնությունը՝ Անդրկովկասյան սեյմը փետրվարի 16-ին հաստատեց բանակցությունների պատվիրակության կազմը, որի ղեկավար նշանակվեց մենշևիկ Ա. Չխենկելին։
Տրապիզոնում տարվող բանակցությունների ժամանակ (Տրապիզոնի բանակցություններ 1918) սեյմի պատվիրակությունը ձգտում էր վերականգնել մինչպատերազմյան ռուս-թուրքական սահմանը, հասնել արևմտյան Հայաստանի ինքնավարությանը։ Սակայն Անդրկովկասի դեմ թուրքական ագրեսիայի ծավալման պայմաններում Տրապիզոնի բանակցությունները մտան փակուղի և ընդհատվեցին։ Սեյմի պատվիրակությունը չընդունեց թուրքական կողմի ներկայացրած ծանր պայմանները։ Անդրկովկասի արտաքին քաղաքական վիճակը չփոխվեց նույնիսկ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության հռչակումից հետո (1918 թվականի ապրիլի 9-ին)։ Ե. Գեգեչկորու կառավարությունը հրաժարական տվեց, կազմվեց նոր կառավարություն մենշևիկ Ա. Չխենկելու գլխավորությամբ։ 1918 թվականի ապրիլի 28-ին թուրքական հրամանատարությունը հայտնեց Անդրկովկասյան սեյմին, որ Թուրքիա]]ն ճանաչում է Անդրկովկասի անկախությունը։
Մայիսին Բաթումում սկսվեցին բանակցություններ Թուրքիայի և անկախ Անդրկովկասյան Հանրապետության միջև, որոնք ընդհատվել էին Տրապիզոնում։ Օգտվելով անկախ Անդրկովկասի վիճակից և չբավարարվելով Բրեստի հաշտությամբ իրեն տրված տարածքներով՝ Թուրքիան ներկայացրեց նոր պահանջներ։ Բանակցությունների ընթացքում նորից դրսևորվեցին անդրկովկասյան պատվիրակության անդամների միջև եղած տարաձայնությունները. վրաց մենշևիկները, կողմնորոշվելով դեպի Գերմանիան, աշխատում էին հռչակել Վրաստանի անկախությունը, մուսավաթականները շահագրգռված էին թուրքական զորքերի Անդրկովկաս, հատկապես Ադրբեջան մտնելով, դաշնակցականները փորձում էին ստանալ Գերմանիայի աջակցությունը՝ խոչընդոտելու համար թուրքական ագրեսիան, հայկական տարածքների զավթումը։ Այս տարաձայնություններն ավելի էր խորացնում Թուրքիան՝ աոանձին բանակցությունների մեջ մտնելով սեյմի պատվիրակությունը կազմող Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Վերսկսելով հարձակումը՝ թուրքական զորքերը մայիսի 16-ին գրավեցին Ալեքսանդրապոլը և շարժվեցին Երևանի ուղղությամբ։
Գրավելով Բաթումը և Օզուրգեթը՝ թուրքական զորքերը սպառնում էին Թիֆլիսին։ Անդրկովկասյան սեյմը հայտարարեց զորահավաք, բայց ի վիճակի չէր զինելու և հանդերձավորելու զորքը։ Հայ և վրացի ազգային խորհուրդները երկրամասի պաշտպանության համար եռանդուն սկսեցին զինել ազգային զորքերը։ Անդրկովկասյան սեյմը չկարողացավ օգտագործել այդ հայրենասիրական պոռթկումը։ Ստեղծված իրապայմաններում, մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց ինքնացրման մասին։ Այդ առթիվ ընդունված որոշման մեջ ասված էր. «Նկատի ունենալով, որ պատերազմի և հաշտության հարցերով արմատական տարաձայնություններ դրսևորվեցին այն ժողովուրդների միջև, որոնք կազմել էին Անդրկովկասյան անկախ ռեսպուբլիկա և այդ պատճառով անհնարին էր դարձել Անդրկովկասի անունից խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը, սեյմն արձանագրում է Անդրկովկասի տրոհման փաստը և վայր է դնում իր լիազորությունները» («Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և խորհրդային իշխանության հաղթանակը Հայաստանում», 1960, Էջ 222)։ Նույն օրը Վրաստանի ազգային խորհուրդը հռչակեց անկախ Վրաստանի Հանրապետությունը, մայիսի 27-ին մուսուլմանական ազգային խորհուրդը հռչակեց Ադրբեջանի անկախ հանրապետությունը, մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը իրեն հռչակեց «Հայկական գավառների միակ և գերագույն իշխանություն»՝ դրանով իսկ սկզբնավորելով Հայաստանի Հանրապետությունը (1918-1920)։
Գրականություն
խմբագրել- Борян Б. А., Армения, международная дипломатия и СССР, т. 1, М. Л, 1928. Կ. Խուդավերդյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 400)։ |