Բարեխառն լեռնային կլիմա

Բարեխառն լեռնային կլիմա, Հայաստանում ձևավորվում է լեռնալանջերի և սարահարթերի մինչև 2400 մ բարձրություններում։ Կլիմայական սեզոնները համընկնում են օրացուցայինին։ Ձմեռը ցուրտ է (տևողությունը՝ 3-4 ամիս), համեմատաբար՝ խոնավ, հաստատուն ձնածածկույթով (ձյան շերտի հաստությունը՝ 5- 40 սմ)։

Օդի միջին ջերմաստիճանը հունվարին -2-ից -8 °C է, բացարձակ նվազագույնը՝ -35 °C: Գարունը մեղմ է, երկարատև, ամառը՝ տաք, չափավոր խոնավ, պարզ եղանակներով։ Օդի միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոսին 20-23 °C-ից 16 °C է, առավելագույնը՝ 36 °C: Աշունը տաք է՝ անհողմ եղանակների գերակշռությամբ։ Սառնամանիք ժամանակաշրջանը 110-170 օր է, 0°Օ-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 2100-3000 °C, տարեկան տեղումները՝ 600-700 մժ. Լանդշաֆտը անտառային և տափաստանային է. հիմնականում զբաղվում են հացահատիկային բույսերի, կարտոֆիլի, բանջարեղենի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Բարեխառն լեռնային կլիմայի գոտին նպաստավոր է ռեկրեացիոն (լեռն, հանգստավայրեր) և առողջարանային նպատակներով օգտագործելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։