Մազանդարան
Մազանդարան օսթան (պարս.՝ استان مازندران, Օսթան-է Մազանդարան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Սահմանակից է Գիլան և Ղազվին օսթաններին՝ արևմուտքից, Ալբորզ, Թեհրան և Սեմնան օսթաններին՝ հարավից, Գոլեստանին՝ արևելքից։ Հյուսիսում Կասպից ծովն է։ Հարավային սահմանի երկայնքով ձգվում է Էլբուրս լեռնաշղթան, որտեղ գտնվում է Իրանի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդ լեռը։ Օսթանի տարածքը կազմում է 23 842 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲3 283 582 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սարի քաղաքն է։
Մազանդարան օսթան պարս.՝ استان مازندران | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Սարի |
Բնակչություն | ▲3 283 582 մարդ (2016)[1] |
Տարածք | 23 842 կմ² |
Սահմանակցում է | Գոլեստան, Ալբորզի նահանգ և Գիլան |
Ժամային գոտի | UTC+3:30, UTC+4:30 և IRDT? |
ISO 3166-2 կոդ | IR-02 |
ostan-mz.ir | |
Մազանդարանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ Հետագայում Մազանդարանից անջատվել են Մարքազի և Սեմնան օսթանները, 1997 թվականին՝ Գոլեստանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 1-ին տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թեհրանը։
Պատմություն
խմբագրել529-536 թվականներին Մազանդարանը ղեկավարում էր սասանյան արքայազն Քավուսը (Քեյ-Քավուս), Քավադի որդին[4], գովաբանված «Շահ-Նամե»-ում։ Ֆիրդուսին Մազանդարանը նկարագրում է որպես հրեշների երկիր, որը դժվարությամբ նվաճում է Քեյ-Քավուսը, ում և օգնության է գալիս իրանական հերոս Ռուստամը։
Ռուսաստանի համար հաջող ռուս-պարսակական պատերազմից հետո 1723 թվականի սեպտեմբերի 12-ին Մազանդարանը հանձնվեց Ռուսաստանին։ Ռուս-թուրքական 1735-1739 թվականների պատերազմի ավարտին տարածաշրջանը վերադարձվեց Պարսկաստանին՝ Թուրքիայի դեմ դաշինք ձևավորելու նպատակով։
Բնակչություն
խմբագրել2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 893 087 մարդ` 783 169 տնային տնտեսություններում[5]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 3 073 943 մարդ, որոնք ապրում էին 931 007 տնտեսություններում[6]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 3 283 582 մարդ` 1 084 798 տնտեսություններում[7]։
2016 թվականի դրությամբ օսթանի քաղաքային բնակչությունը կազմում էր 1 897 238 մարդ կամ ընդհանուր բնակչության 57,8%-ը[7]։ Մազանդարանի խոշոր քաղաքները և դրանց բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում ներկայացված է ստորև բերված աղյուսակում։
Քաղաք | Բնակ. 1996[8] | Բնակ. 2006[5] | Բնակ. 2011[6] | Բնակ. 2016[7] |
---|---|---|---|---|
Սարի | 195 882 | 261 293 | 296 417 | 309 820 |
Բաբոլ | 158 346 | 198 636 | 219 467 | 250 217 |
Ամոլ | 159 092 | 197 470 | 219 915 | 237 528 |
Ղաեմշահր | 143 286 | 174 246 | 196 050 | 204 953 |
Բեհշահր | 72 067 | 83 537 | 89 251 | 94 702 |
Չալուս | 41 345 | 44 618 | 47 881 | 65 196 |
Նեքա | 35 208 | 46 152 | 50 680 | 60 991 |
Բաբոլսար | 38 644 | 47 872 | 50 477 | 59 966 |
Թոնքաբոն | 33 650 | 43 128 | 45 338 | 55 434 |
Նոուշահր | 35 133 | 40 578 | 43 378 | 49 403 |
Ֆերեդունքենար | 27 976 | 34 452 | 36 192 | 38 154 |
Ռամսար | 28 954 | 31 659 | 32 294 | 35 997 |
Ջույբար | 23 909 | 22 117 | 29 122 | 32 924 |
Մահմուդաբադ | 20 054 | 27 561 | 31 771 | 31 844 |
Ամիրքոլա | 21 280 | 25 186 | 28 086 | 30 478 |
Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ և գիլանցիներ են, ինչպես նաև պարսիկներ, թալիշներ։
Վարչական բաժանում
խմբագրելՄազանդարան օսթանը բաժանված է 22 շահրեստանների (գավառների).
Շահրեստան | Բնակ. 2006[5] | Բնակ. 2011[6] | Բնակ. 2016[7] | Վարչ. կենտրոն |
---|---|---|---|---|
Աբասաբադ շահրեստան1 | — | 47 591 | 52 832 | Աբասաբադ |
Ամոլ շահրեստան | 343 747 | 370 774 | 401 639 | Ամոլ |
Բաբոլ շահրեստան | 464 538 | 495 472 | 531 930 | Բաբոլ |
Բաբոլսար շահրեստան | 172 600 | 124 323 | 135 191 | Բաբոլսար |
Բեհշահր շահրեստան | 154 957 | 155 247 | 168 769 | Բեհշահր |
Գալուգահ շահրեստան | 39 450 | 38 847 | 40 078 | Գալուգահ |
Թոնքաբոն շահրեստան | 193,428 | 153,940 | 166,132 | Թոնքաբոն |
Հյուսիսային Սավադքուհ շահրեստան2 | — | — | 24 834 | Շիրգահ |
Ղաեմշահր շահրեստան | 293 721 | 320 741 | 309 199 | Ղաեմշահր |
Մահմուդաբադ շահրեստան | 90 054 | 96 019 | 98 407 | Մահմուդաբադ |
Միանդորուդ շահրեստան3 | — | 55 776 | 55 053 | Սուրաք |
Նեքա շահրեստան | 104 753 | 111 944 | 119 511 | Նեքա |
Նոուշահր շահրեստան | 116 334 | 128 647 | 138 913 | Նոուշահր |
Նուռ շահրեստան | 104 807 | 109 281 | 121 531 | Նուռ |
Չալուս շահրեստան | 119 559 | 122 736 | 116 542 | Չալուս |
Ջույբար շահրեստան | 70 204 | 73 554 | 77 576 | Ջույբար |
Ռամսար շահրեստան | 67 675 | 68 323 | 74 179 | Ռամսար |
Սավադքուհ շահրեստան | 66 430 | 64 378 | 43 913 | Փոլ Սեֆիդ |
Սարի շահրեստան | 490 830 | 478 370 | 504 298 | Սարի |
Սիմորղ շահրեստան4 | — | — | 19 376 | Քիաքոլա |
Քելարդաշտ շահրեստան5 | — | — | 23 648 | Քելարդաշտ |
Ֆերեդունքենար շահրեստան6 | — | 57 980 | 60 031 | Ֆերեդունքենար |
Ընդհանուր | 2 893 087 | 3 073 943 | 3 283 582 | |
1Առանձնացվել է Թոնքաբոն շահրեստանից 2Առանձնացվել է Սավադքուհ շահրեստանից 3Առանձնացվել է Սարի շահրեստանից 4Առանձնացվել է Ղայեմշեհր շահրեստանից 5Առանձնացվել է Չալուս շահրեստանից 6Առանձնացվել է Բաբոլսեր շահրեստանից |
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության հիմնական ճյուղերն են՝ զբոսաշրջությունը, առևտուրը, տրանսպորտը, սննդի, տեքստիլ, ավտոմոբիլային, փայտամշակման, մետալուրգիական, ծխախոտի, թղթի արդյունաբերությունները, շինանյութերի արտադրությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը (ցիտրուսային, բրինձ, թեյ, ծխախոտ, բամբակ, շաքարի ճակնդեղ, հլածուկ, ծաղիկներ, խնձոր, դեղձ, կիվի, վարունգ, սոխ, ելակ, մորի, բանան, պնդուկ, կենաֆ), ձկնորսությունը, լեռնահանքային երկաթի և ածխի արդյունահանումը։
Սարի քաղաքում հիմնավորված են փայտամշակման և թղթային «Սանայե Չուբ Կագազ» ընկերությունը, էլեկտրոտեխնիկական «Պիշրանեխ Էլեկտրոնիկս» ընկերությունը։ Ամոլ քաղաքում գտնվում է «Դեսա Դիզել» շարժիչների գործարանը։ Բաբոլ քաղաքում գտնվում է ավտոմոբիլային «Իրան Հոդրո» / «Չերի Աուտոմոբայլ» գործարանը։ Նոուշեհր քաղաքում գտնվում է Ազատ տնտեսական գոտին, ավտոհավաք «ՄԱԶ» գործարանը։ Միյանդորուդ քաղաքում տեղակայված է ավտոմոբիլային «Սայպա» գործարանը։ Նեկա քաղաքում գտնվում է նավթային տերմինալը, «Շահիդ Սոլեյմի» ՋԷԿ-ը, նավաշինական «Սադրա» գործարանը։ Ամիրաբադ քաղաքում գտնվում է Ազատ տնտեսական գոտին, մետալուրգիական «Դեմավենդ» գործարանը։
Կլիմա
խմբագրելՄազանդարանի կլիմայական պայմանները նպաստել են պատմական հուշարձանների պահպանմանը։ Բարենպաստ էկոլոգիական պայմանները, հաճելի և մեղմ մերձարևադարձային կլիման, գեղեցիկ բնական բնապատկերները և Թեհրանին մոտ գտնվելը գավառը դարձրել են Իրանի տուրիզմի հիմնական վայրերից մեկը։
Մշակույթում
խմբագրելՖիրդուսու «Շահնամե» էպոսում Մազանդարանը հզոր դևերի երկիր է։ Մեծագույն հերոս Ռոստամի 7 սխրանքները կատարվում են հենց Մազանդարան կատարած անհաջող արշավանքի արդյունքում դևերին գերի դարձած Քեյ-Քավուսի ազատագրման նպատակով նրա կատարած արշավանքի ժամանակ։
Հենրի Լայոն Օլդիի «Ես ինքս կվերցնեմ» վեպում Մազանդարանը դևերի երկիր է։
Գաստոն Լեռուի «Օպերայի ուրվականը» վեպում Մազանդարանն այն վայրն է, ուր գլխավոր հերոսը ապրել է իր կյանքի մեծ մասը։
«Hikari no Valusia ~What a Beautiful Hopes~»վիզուալ վեպում (ճապ.՝ 白光のヴァルーシア ~What a beautiful hopes~) Մազանդարանը շրջան է բերդի արևելյան մասում։
Տեսարժան վայրեր
խմբագրելՍարի քաղաքում գտնվում են Աբբասի և Եղիայի դամբարանները, Իմամ-Սաջադ, Հաջ Մուստաֆա Խան և Ռեզա Խան մզկիթները, ժամացույցներով աշտարակը, մերձակայքում՝ Հուտտոյի և Կամարբանդի քարանձավները, Դաշտ-է նազ ազգային պարկը։ Ռամսար քաղաքում գտնվում են Փահլևիների պալատը, հնագույն հյուրանոցներ և ազնվականության առանձնատներ։ Բաբոլ քաղաքում են գտնվում Սեֆյանների պալատի ավերակները և տեղի պատմության թանգարանը։ Ղայեմշեհր քաղաքում է գտնում Հեստպոլ կամուրջը։
Ամոլ քաղաքում գտնվում է Միր Հեյդար Ամոլի դամբարանը, Ամոլի շուրջ՝ Դեմավենդ հրաբուխը, Լար լիճը և ջրապատնեշը, Շահանդաշը գյուղի մոտ՝ ջրվեժը և Մալեք- Բահման ամրոցը։ Բեհշահր քաղաքում գտնվում է Սեֆյան դարաշրջանի այգին, մերձակայքում՝ Միանկալե թերակղզում՝ թռչնային արգելոցը և Աբբաս-Աբադ լիճը։ Սավադկուխ քաղաքի շուրջ գտնվում են Ռավատսար, Կանգելու, Հասան-Բուր, Մազիյար և Չեխել-Դար ամրոցները, Վերեսկ կամուրջը և Ուրիմ-Ռուդբար եկեղեցին։
Նոուշեհր քաղաքում գտնվում են Փահլևիների պալատը և ազնվականների հնագույն առանձնատները, մերձակայքում՝ Սիսանգան ազգային պարկը և Ավիդար լիճը։ Տոնեկաբոն քաղաքի մոտ գտնվում է Վալաշտ լիճը։ Գավառներում կան բնական տեռասներ և տաք հանքային աղբյուրներ (Բադաբ-է-Սուրտ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
- ↑ Iran Provinces
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Minorsky, V.; Vasmer, R. "Mazandaran" Encyclopaedia of Islam. Edited by: P. Bearman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel and W.P. Heinrichs. Brill, 2007. Brill Online.
- ↑ 5,0 5,1 5,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Մազանդարան նահանգի կայքը
- ICCIM’s page on Mazandaran Արխիվացված 2005-08-30 Wayback Machine
- Mazandaran Cultural Heritage Organization Արխիվացված 2004-01-03 Wayback Machine
- Mazandaran Tourism palaces
- Sari City, Capital of Mazandaran
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մազանդարան» հոդվածին։ |