Միխայիլ Գորբաչով
Միխայիլ Սերգեևիչ Գորբաչով (ռուս.՝ Михаи́л Серге́евич Горбачёв, մարտի 2, 1931[1][2][3][…], Պրիվոլնոե, Ստավրոպոլի երկրամաս, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ։ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991 թվականներ) և ԽՍՀՄ ղեկավար։ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ (1990 թվականի մարտի 15 - 1991 թվականի դեկտեմբերի 25)։ 1990 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[4]:
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1955 թվական) և Ստավրոպոլի գյուղատնտեսական ինստիտուտը (1967)։ 1966-1968 թվականներին՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի քաղկոմի առաջին քարտուղար, 1968-1978 թվականներին՝ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1975-1985 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (Քաղբյուրոյի անդամ՝ 1985-1990 թվականներին), 1988-1990 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահ։ ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնադրել է (1991 թվականից) Սոցիալ-տնտեսական և քաղաքագիտական հետազոտությունների միջազգային հիմնադրամ («Գորբաչով-ֆոնդ»), որի նախագահն է։ Խաղաղության Նոբելյան մրցանակ (1990 թվական)։
ԳործունեությունԽմբագրել
ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ական թվականների կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիրական համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական ճգնաժամից, հռչակել է, այսպես կոչված, «վերակառուցման» քաղաքականություն։ Սկզբնական շրջանում որոշակի հաջողություններ արձանագրվել են հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման, քաղաքական բազմակարծության արմատավորման, «սառը պատերազմի» ավարտի և այլ ուղղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չի եղել կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։ 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին հակասությունների խորացման, «վերակառուցման» իրագործման անհետևողականության, գործադրվող միջոցների սահմանափակության պատճառով հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ճգնաժամն ավելի է խորացել, և ԽՍՀՄ-ը փլուզվել է։
Գորբաչովը և Ղարաբաղյան շարժումըԽմբագրել
«Վերակառուցման» քաղաքականությունը, մյուս կողմից, հնարավոր է դարձրել ԽՍՀՄ առանձին հանրապետություններում անկախացման և ազգային-ազատագրական շարժումների է սկզբնավորումը։ ԼՂԻՄ-ի ազգաբնակչությունը, օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից, հերթական անգամ, 1988 թվականի փետրվարին բարձրացրել է ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցը։ Շարժման սկզբնական փուլում մեծ հույսեր կապելով Գորբաչովի հետ՝ համաժողովրդական ցույցերն անցնում էին «Միացում» և «Պարտիա-Լենին-Գորբաչով» կարգախոսներով։ 1988 թվականի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմը որոշում է ընդունել «Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ իրադարձությունների մասին», դրանով ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին ընդունած որոշումը հայտարարել հակասահմանադրական։ Միաժամանակ Հայաստանում և ԼՂԻՄ-ում հանրահավաքները դադարեցնելու նպատակով Գորբաչովը դիմել է հանրապետության ճանաչված մտավորականների օգնությանը։
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել Սիլվա Կապուտիկյանի և Զորի Բալայանի հանդիպումը Գարբաչովի հետ, որի ժամանակ վերջինս նշել է, որ ԼՂ-ի հիմնահարցի նման 19 խնդիր կա երկրում, ուստի պետք է ըմբռնումով մոտենալ այդ բարդույթին[5]: Ապա երկրի ղեկավարության ընդհանուր դիրքորոշումից ելնելով՝ Գորբաչովը ասել Է, որ հիմնահարցը պետք է լուծվի քաղաքական միջոցներով, ԼՂԻՄ-ի հայերի օրինական և սալար բաղձանքները պիտի բավարարում ստանան, սակայն առանց (ազգային) տարածքային վերաձևման, քանի որ այն կարող է շղթայական ռեակցիա առաջացնել երկրում[5]:
Մտածեք, թե ինչպիսին կարող է լինել ծավալվող հակամարտության հետևանքը։ Այն անխուսափելիորեն կբերի Ադրբեջանում ապրող 500 հազար հայերի և Հայաստանում ապրող 200 հազար ադրբեջանցիների տեղահանման։ Հսկայական թվով մարդիկ կմատնվեն զրկանքների ու տառապանքների |
Հանդիպման հաջորդ օրը Զորի Բալայանը Գորբաչովի խնդրանքով ներկայացրել է ԼՂԻՄ-ին առաջին օգնության 21 կետից բաղկացած առաջարկությունների ցուցակ՝ մարզի ճանապարհների և բնակարանաշինության, եկեղեցիների վերանորոգման, Երևանի ռադիոհեռուստահաղորդումների ընդունման, հայերեն գրականության հրատարակման, Ստեփանակերտում հայկական համալսարանի բացման և այլնի մասին։
Փետրվարի 26-ին հրապարակվել է Գորբաչովի ուղերձը (հեռարձակվել է միայն Հայաստանում և Ադրբեջանում), որով հանդարտության կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Սակայն հաջորդ օրն սկսվել և մինչև փետրվարի 29-ը շարունակվել է Սումգայիթում հայերի նկատմամբ կազմակերպված ջարդերը։
Երկրի բարձրագույն ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ ոչ միայն արժանի գնահատական չի տալիս Սումգայիթի կոտորածին, այլև փորձում է արդարանալ՝ պատճառաբանելով զորքի՝ ընդամենը կես օր ուշանալը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Горбачёв Михаил Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ «Միխայիլ Գորվաչով»։ Բրիտանիկա հանրագիտարան։ Վերցված է Ապրիլի 2, 2009
- ↑ 5,0 5,1 «ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ», վերցված է՝ նոյեմբերի 30, 2014, «yerablur.am»
Արտաքին հղումներԽմբագրել
- «Գորբաչով-ֆոնդ»-ի պաշտոնական կայք(ռուս.)(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Միխայիլ Գորբաչով կատեգորիայում։ |