Իրանական Ադրբեջան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)
Իրանական Ադրբեջան (պարս.՝ آذربایجان), պատմաաշխարհագրական երկրամաս Իրանի հյուսիս-արևեմուտքում, համապատասխանում է նախնադարում և վաղ միջնադարում գոյություն ունեցած Ատրպատական պետությանը և Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքին ու Պարսկահայքին։ 7-րդ դարում նվաճվելով արաբների կողմից՝ «Ատրպատական» (Ադրփայագան) բառն անվանափոխվել է «Ազարբայեջան»՝ արաբերենում համապատասխան հնչյունների բացակայության պատճառով։
Իրանի շահական կառավարման ընթացքում այդպես էր կոչվում պետության հյուսիսը, որն այժմ բաժանված է 3 ոստանների (նահանգներ)՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ադրբեջան նահանգների, իսկ Զանջանի նահանգը առավել մոտ է՝ մշակութային տեսանկյունից։ Տարածքը 140000 կմ2 է, բնակչությունը մոտ 9 միլիոն է, հիմնականում իսլամադավան, Արևմտյան Ադրբեջանում՝ քրդեր, մյուս նահանգներում՝ ազարիներ[1], ովքեր Ատրպատականի բնիկ բնակչությունն են, սակայն թյուրքացվել են 16-րդ դարից սկսած՝ Սեֆյան Պարսկաստանի հիմնադրումով, և այսօր իրենց լեզուն շատ մոտ է ադրբեջաներենին։ Ապրում են նաև պարսիկներ, հայեր, թալիշներ և ասորիներ։
20-րդ դարում Կովկասում Ադրբեջան պետության հռչակումով Իրանի հյուսիսը հայտարարվում է այդ պետության մի մասը՝ որպես «հարավային Ադրբեջան»։ Դա կապված էր պանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում էր Փոքր Ասիայից մինչև Միջին Ասիա տարածքները վերածել թյուրքական պետության։ Մինչ այդ Կովկասի տարածքում գոյություն չէր ունեցել Ադրբեջան անվանումով պետություն, իսկ Իրանի հյուսիսը ժամանակակից Ադրբեջանի հետ միասնական պետություն չէր եղել[2]։ Իրանը հաճախ տարաձայնություններ է ունենում Ադրբեջանի հետ, որը ձգտում է իրանական ադրբեջանցիների շրջանում տանել անջատողական գաղափարախոսություն։ Այդ հողի վրա, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական այլ տեսանկյուններից, սերտացել են Հայաստան-Իրան երկկողմանի հարաբերությունները։
Հասան Ռոհանիի կառավարության օրոք (2013-17) Իրանի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել[3] Իրանի 31 նահանգ-ոստանները միավորել 5 երկրամասերի մեջ, և երրորդ կամ Հյուսիսարևմտյան Իրան նահանգի մեջ ներառել նահանգներից 6-ը՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Զանջան, Գիլան և Քուրդիստան[4][5][6][7][8]։
Անվանում
խմբագրելԺամանակակից Իրանական Ադրբեջանը ընդգրկում է հիմնականում պատմական Ատրպատականի տարածքը, ինչպես նաև Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքն ու Պարսկահայքն ամբողջությամբ, որոնք անջատվել էին Հայաստանի առաջին բաժանումից հետո (387)։ Միջնադարում դրանք մասնակիորեն մտնում էին հայկական պետությունների (Մարզպանական Հայաստան, Բագրատունիների թագավորություն) կազմ, սակայն գլխավորապես մնում էին Ատրպատականում ձևավորված իշխանությունների ազդեցության տակ։
«Ատրպատական»՝ հին պարսկերեն նշանակում է կրակապաշտ հեթանոսներ, ատր՝ կրակ (ատրուշան) և պատական կամ փայագան՝ հեթանոս (pagan)։ Մեկ այլ բացատրությամբ՝ «փայագան» կամ «բայգան» բառը նշանակում է պահապան (կրակով պաշտպանված, կրակի կողմից հովանավորվող)։ Դրա անվանումը գալիս էր նաև Ատրոպատի՝ նրա առաջին արքայի անունից, ում անվանումը նույնպես այս բացատրությունն ուներ[9]։ 642 թվականին Իրանը կորցնում է անկախությունը, և կործանվում է Սասանյան Պարսկաստանը։ Եթե Հայկական լեռնաշխարհը և Կովկասը միավորվում են Արմինիա կուսակալության մեջ, ապա այստեղ ստեղծվում է Սաջյան ամիրայությունը։ Արաբերենում համապատասխան հնչյունների բացակայության հետևանքով փ-ն վերանվանվում է բ, իսկ գ-ն՝ ջ, ստացվում է Ազարբայեջան։
Անվանումը գործածության մեջ է մտնում միջին դարերում, հասնում 20-րդ դար։ 18-րդ դարի վերջին օգտագործվել է նաև «Հատրպէճան» ձևը[10]։
Այսօր այդպես է կոչվում ժամանակակից Հարավային Կովկասի պետություններից մեկը, որն իր անունը վերցրել է Իրանական Ադրբեջանից։
Պատմություն
խմբագրելԱտրպատական անվանումն առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերում՝ որպես Մարաստանի հյուսիսային երկրամաս, իսկ դրա կործանումից հետո, ավելի ուշ՝ Աքեմենյան Իրանի սատրապությունը[11]։ Մարաստան-Մեդիայի հետ անկախանում է մ.թ.ա. 321 թվականին. դա կապված էր Ալեքսանդր Մակեդոնացու հետ, ով նվաճել էր Աքեմենյան Իրանը, սակայն երիտասարդ տարիքում մահանացել էր և իր կայսրությունը բաժանվել էր մի քանի մասի։ Ատրպատականում թագավոր է դառնում Ատրոպատեսը, ով հիմնում է արքայական դինաստիա։ Մ.թ.ա. 80-ական թվականներին Ատրպատականի թագավոր Միհրդատն ընդունեց Տիգրան Բ Մեծի գերիշխանությունը՝ պարտավորվելով նրան տրամադրել իր ռազմական ուժերը և վճարել հարկեր[12], իսկ Արտաշատի պայմանագրից (մ.թ.ա. 66) հետո Ատրպատականն ընդունեց նախ Հռոմի, ապա՝ Պարթևստանի գերիշխանությունը։ 252 թվականին Ատրպատականը նվաճվեց և վերածվեց մարզպանության՝ Սասանյաններին ենթակա շահապի կամ սատրապի գլխավորությամբ։ Հայաստանի առաջին բաժանումից (387) հետո Պարսկահայք նահանգը Հեր, Զարևանդ գավառներով միացվեցին Ատրպատականին։ 451 թվականի մայիսի 26-ին երկրամասի հյուսիսում՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում Վարդանանց պատերազմի գլխավոր ճակատամարտը[13]։
642 թվականին արաբական զորքերը Նիհավենդի ճակատամարտում հաղթում են պարսիկներին և կործանում Սասանյան տերությունը։ Աստիճանաբար արաբներին են անցնում Իրանի բոլոր տարածքները, որոնցից վերջինը լինում է Ատրպատականը[14]։ Այն արաբները վերանվանում են Ազարբայեջան։ Այստեղ հիմնադրվում է Սաջյան ամիրայությունը, որին հետագայում փոխարինում են նաև այլ իշխանապետություններ։ Երկրամասում տարածվում է իսլամը, որը դուրս է մղում զրադաշտականությունը։ Արաբական խալիֆայության թուլացումից օգտվելով՝ Ատրպատականի բնակչությունը նույնպես ընդվզել է տիրակալների դեմ։ 11-րդ դարում Միջին Ասիայից տարածաշրջան են ներխուժում սելջուկները, ովքեր այստեղ հաստատում են Սելջուկյան սուլթանությունը։ 13-րդ դարում Վրաց թագավորությունը արշավանքներ է կազմակերպում սելջուկյան ամիրայությունների դեմ և ազատագրում Արևելյան Հայաստանը։ 1208 թվականին Թամար թագուհու զորքերը՝ Զաքարե ամիրսպասալար և Իվանե աթաբեկ Զաքարյանների գլխավորությամբ գրավում են Արդաբիլը և Թավրիզը, իսկ 1210 թվականին մտնում Խոյ, ապա՝ Ղազվին[15][16][17]։ Աստիճանաբար Ատրպատականի տարածքում հայտնվում են նորանոր թյուրքալեզու ցեղեր, որոնց հոսքն ուժեղանում է սուլթանության կործանումից և 13-րդ դարում մոնղոլ-թաթարական արշավանքներից հետո։ 14-րդ դարի վերջին Մերձավոր Արևելք է արշավում Լենկթեմուրը, իսկ 15-րդ դարում Հայկական լեռնաշխարհում և Իրանի հյուսիսում հայտնվում են Կարա-Կոյունլուների և Ակ-Կոյունլուների թուրքմենական պետությունները[18]։
16-րդ դարում Ատրպատականի բնակչությունը ամբողջովին իսլամադավան էր, հետզհետե գերակշռող էին դարձել թյուրքական լեզուները։ Երկրամասն այլևս ոչնչով չէր հիշեցնում կրակապաշտ իրանցիներին, ովքեր այստեղ բնակվում էին հարյուրամյակներ առաջ։ Հիմնադրվում է Սեֆյանների դինաստիան, որը կարողանում է սկզբում միավորել ամբողջ Ատրպատականը, ապա՝ Իրանական լեռնաշխարհը՝ ստեղծելով Սեֆյան տերությունը։ Նրանք շիադավան թյուրքեր էին, ովքեր թշամական էին տրամադրված Մերձավոր Արևելքի մյուս՝ սուննիական Օսմանյան կայսրության դեմ[19]։ Իրանցի-ազարիները, այդպիսով, կրում էին իրանական մշակույթը։ Ֆիզիկական տվյալներով նույնպես իրենք նման չէին շեղաչք օսմանցիներին։
16-18-րդ դարերում Իրանի և Թուրքիայի միջև Հայկական լեռնաշխարհում ու Միջագետքում տեղի ունեցող անընդհատ պատերազմների արդյունքում Իրանական Ատրպատականը դարձել էր հենարան՝ թշնամու վրա հարձակվելու համար։ Տեղի բնակչությունը սատարում էր Իրանի իշխանությանը, քանի որ իշխող հասարակարգը հենց այդ երկրամասից էր[20]։ Միայն մեկ անգամ՝ 1590 թվականին օսմանցի թուրքերը կարողանում են մտնել երկրամաս, սակայն որոշ ժամանակ անց այն ազատագրվում է Շահ Աբբաս I-ի կողմից։ Նա զարգացրել էր երկրամասի տնտեսությունը, այստեղ տեղափոխել հազարավոր հայերի ու ասորիների, հրեաների ու այլ ազգերի, բարեկարգել մետաքսի ճանապարհին գտնվող Թավրիզ քաղաքը, որը դարձել էր Իրանի տնտեսական, մշակութային ու քաղաքական խոշոր կենտրոններից մեկը։ 1724 թվականին Սեֆյան դինաստիան տապալվում է. մայրաքաղաք Սպահանը գրավվում է աֆղանների կողմից, և օսմանցիները երկրորդ անգամ ներխուժում են Ատրպատական։ Միայն 1730-ական թվականներին շահ դարձած Նադիր խանը (1736-1747) դուրս է վտարում նրանց Իրանից ու վերականգնում պետության սահմանները։ Նրան օժանդակում էին նաև հայերը՝ Սյունիքի ու Արցախի ինքնապաշտպանական կռիվներից հետո[21][22]։
18-20-րդ դարերում Իրանում տեղի են ունենում դինաստիական փոփոխություններ, սակայն Ատրպատականը մնում է Իրանի կազմում։ Իրար են հաջորդում Աֆշարիների (1750-1794), Ղաջարիների (1789-1925) և Փահլավիների արքայատոհմերը (1925-1979)։ 19-րդ դարում Իրանում քաղաքական իշխանությունը թուլանում է, ինչի հետևանքն են հանդիսանում ռուս-պարսկական առաջին և երկրորդ պատերազմները։ Արևմտյան տերությունները, մասնավորապես՝ Անգլիան և Ֆրանսիան, ցանկանալով խոչընդոտել Ռուսաստանի առաջխաղացումը, սատարում են Իրանին։ 1827 թվականի հոկտեմբերի 26-ին ռուսական զորքերը գրավում են Թավրիզը, ամբողջ Իրանական Ադրբեջանը։ Թուրքմենչայի պայմանագրով Իրանի հյուսիսային սահմանն է դառնում Արաքս գետը, իսկ տեղի հայության մի մասը՝ 40-42 հազար հոգի, հետ են մեկնում Արևելյան Հայաստան՝ Երևանի ու Նախիջևանի գավառներ, Ղարաբաղ և Զանգեզուր[23]։ Նրանց հետ մեկնում է նաև տեղի ասորի բնակչությունը։ 19-րդ դարի ընթացքում Իրանի հյուսիսում ուժեղ էր ռուսական, իսկ հարավում՝ անգլիական ազդեցությունը։ Վերջինս կապված էր Հնդկաստան-Պարսից ծոց ծովային առևտրային ճանապարհի հետ։
1905 թվականին Ռուսաստանում սկսում է հեղափոխություն, և Իրանի հյուսիսը, լինելով ռուսական ազդեցության գոտում, նույնպես ալեկոծվում է հեղափոխական շարժումներից։ Թավրիզը դառնում է 1905-1911 թվականների Իրանի սահմանադրական հեղափոխության կենտրոնը։ Դրանում մեծ դեր են խաղում Իրանական Ադրբեջանի հայ և թյուրքալեզու բնակիչները[24]։ Երբ ռուսական զորքերը մտնում են տարածաշրջան, օսմանյան բանակը օկուպացնում է Քուրդիստանը։ 1912 թվականին թուրքական զորքերը դուրս են գալիս Իրանի տարածքից, և երկրորդ անգամ ներխուժում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1914 թվականին։ Ռուսական զորքերը, ինչպես նաև հայկական զորաջոկատները, որոնք կազմակերպվել էին հիմնականում Հայ հեղափոխական դաշնակցության կողմից, մտնում են Իրան, ապա ազատագրում նաև Արևմտյան Հայաստանը՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի ու Տրապիզոնի վիլայեթները։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքում են նշած տարածքները, և թուրքերը դարձյալ մտնում են Իրանական Ադրբեջան, սակայն մնում այնտեղ մի քանի ամիս՝ մինչև 1918 թվականի հունիսից նոյեմբեր[25]։ Փահլավիների դինաստիայի ու իսլամական հանրապետության կառավարման տարիներին Ատրպատականը շարունակում է մնալ Իրանի մաս։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան շարունակում է վարել Ատրպատականի թուրքացման քաղաքականությունը։ Դա հատկապես կապված էր Ադրբեջան պետության առաջացման հետ, որի անվանումը գալիս էր հենց Իրանի հյուսիսային նահանգից[26][27][28]։ Դա պատահական չէր, այլ արվել էր նրա համար, որ հետագայում այն ընդլայնվի Կովկասի ու Հյուսիսային Իրանի հաշվին՝ Թուրքիան Միջին Ասիային կապելու տեսանկյունից։ Ադրբեջանը Սևրի պայմանագրի ստորագրումից առաջ ներկայացրել էր «Կովկասյան և Իրանական Ադրբեջանների» միավորման նախագիծ, որը մերժվել էր։ Իրանական Ադրբեջանի հանդեպ ծավալապաշտական քաղաքականությունը Թուրքիան վարում էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն դա հօդս ցնդեց՝ խորհրդային բանակի՝ Իրան մտնելու պատճառով[29]։ ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանական Ադրբեջանի թյուրքացման քաղաքականությունը և անջատողական դրսևորումները Թուրքիայից բացի վարում է նաև Ադրբեջանը, որի համար Իրանի հյուսիսը կամուրջ է դարձել ոչ միայն Թուրքիայի, այլև Նախիջևանի անկլավի հետ կապ հաստատելու տեսանկյունից։
Աշխարհագրություն
խմբագրելԻրանական Ադրբեջանը հյուսիսից եզերում է Արաքս գետը, որը Իրանի սահմանն է Հայաստանի և Ադրբեջանի հետ, արևմուտքից՝ Վասպուրականի լեռները, որոնք բնական սահման են հանդիսանում Թուրքիայի հետ, իսկ հարավում և արևելքում Իրանի նահանգներն են՝ բնակեցված պարսիկներով, քրդերով, գելերով ու թալիշներով։ Ամենացածր կետը հյուսիս-արևելքում է՝ Մուղանի դաշտավայր (170 մետր), ամենաբարձրը՝ արևելքում՝ Սավալան լեռ (4810 մետր)։ Վերջինս Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է Մասիսից (Մեծ Արարատ) հետո[30]։ Կլիման մերձարևադարձային է՝ հիմնականում կիսաանապատային կամ լեռնային քարքարոտ հողերով, փոքր տոկոս են զբաղեցնում անտառներն ու պուրակները։ Բնորոշ են շոգ ամառները և մեղմ, լեռնային շրջաններում՝ ցուրտ ձմեռները։
Լեռնագրության տեսանկյունից Իրանական Ադրբեջանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի ու Իրանական բարձրավանդակի սահմանին. տարածքը ավելի քան 2/3-ով լեռնային է։ Այստեղ են գտնվում Վասպուրականի (Կոտուր), Ղարադաղի (Հայկական) լեռնաշղթաները Հայկական լեռնաշխարհի տարածքով, Էյնալի լեռնաշղթան՝ Իրանական բարձրավանդակում։ Դրանց միջև՝ 1300-1700 մետր բարձրության վրա, գտնվում են Ուրմիայի գոգավորությունը և Թավրիզի դաշտը՝ սարահարթեր, որտեղ զարգացած է ոռոգովի երկրագործությունը և այգեգործությունը[31]։
Սավալան գագաթը հանգած հրաբուխ է, այստեղ գտնվում են հանքային ջրերի բուժիչ աղբյուրներ, գործում է Ալվարեսի լեռնադահուկային կենտրոնը և Սարեյն առողջարանը։ Այստեղ ալպիական մարգագետիններ են։ Համաձայն պատմիչ Համդալլահ Ղազվինիի՝ այստեղ Զրադաշտը խոսել է Ահուրա Մազդայի հետ[32]։ 2010 թվականին Թավրիզից ոչ հեռու բացվել է Էյնալիի ճոպանուղին։ Բացի Սավալանից՝ այստեղ բարձր գագաթներ են Սոհունդը (3707 մ) կենտրոնում և Բոզգուշը (3306 մ) ծայր հարավում[33]։ Վերջինս նույնպես հանգած հրաբուխ է, և ընդերքը հարուստ է շինանյութային օգտակար հանածոներով (անդեզիտ)։
Ջրագրությամբ աղքատ այս տարածաշրջանն ունի ընդամենը 17 գետ ու գետակ։ Դրանք բաժանվում են երկու խմբի՝ Ուրմիո (Կապուտան) լճի և Կասպից ծովի գետեր։ Առաջին խմբի գետերը հիմնականում գործածվում են Ուրմիայի ու Թավրիզի դաշտերը ոռոգելու համար, դրանցից հայտնի է Գադար գետը։ Կասպից ծովի գետերից հայտնի են Արաքսը՝ Ահար վտակով և Սեֆիդրուդ գետը՝ Կզլ-Ուզան վտակով։ Փոքր լճակներից հայտնի են Շորաբիլը, Գուրիգյոլը, Նեորը։
Գետերի ջրերի անվերահսկելի շահագործման պատճառով իջել է Ուրմիո լճի մակարդակը և խիստ կրճատվել լճի մակերեսը՝ 5200 քառակուսի կիլոմետրից վերածվելով մոտ քսան անգամ փոքր ջրավազանի։ Դեռ 1984 թվականի դրությամբ լիճն ունեցել է այդ մակերեսը և 16 մետր խորություն։ Աղիությունը եղել է շատ բարձր՝ 150-250%, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են աղուտների ձևով։ Կենդանական աշխարհը ներկայացված է միայն մանր խեցգետնանմանների և որոշ ջրիմուռների տեսքով[34]։
Բնակչություն
խմբագրելԱտրպատական-Ադրբեջան պատմաաշխարհագրական տարածքը հիմնականում բնակեցված է մուսուլմաններով։ 2016 թվականի դրությամբ իրանաբնակ ադրբեջանցիների (ազարիներ) ընդհանուր թիվը հասնում է 17 միլիոնի, որոնց մոտ կեսը բնակվում է Իրանական Ադրբեջանում[35]։ Նրանց մի մասն էլ բնակվում է մայրաքաղաք Թեհրանում (ավելի քան 2 միլիոն) Համադանի նահանգում (1 միլիոն) և այլուր։ Իրանական Ադրբեջանում ապրել են հետևյալ ազգությունները՝
Նահանգ | ընդամենը | ազարիներ | % | քրդեր | % | պարսիկներ | % | այլ ազգեր | % |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արդաբիլ[36] | 1 270 420 | 1 247 298 | 98,18 % | 5 209 | 0,41% | 13 720 | 1,08% | 4 193 | 0,33% |
Արևելյան Ադրբեջան[37] | 3 724 620 | 3 642 678 | 97,80% | 7 822 | 0,21% | 53 635 | 1,44% | 20 485 | 0,55% |
Արևմտյան Ադրբեջան[38] | 3 080 576 | 2 347 090 | 76,19% | 669 717 | 21,74% | 24 953 | 0,81% | 38 816 | 1,26% |
Զանջան[39] | 1 015 734 | 992 474 | 98,34% | 4 672 | 0,46% | 11 478 | 1,13% | 7 110 | 0,07% |
Իրանական Ադրբեջան | 9 091 350 | 8 229 540 | 90,52% | 687 420 | 7,56% | 103 786 | 1,14% | 70 604 | 0,78% |
Իրանական Ադրբեջանը երկրի ամենախիտ բնակեցված հատվածներից է, որտեղ բացի շիադավան ազարիներից հանդիպում են նաև այլ ազգերի ու կրոնների ներկայացուցիչներ[40], հատկապես՝ սուննի քրդեր ու շիա պարսիկներ, ինչպես նաև՝ հրեաներ, քրիստոնյա հայեր ու ասորիներ, իսլամադավան թալիշներ ու թաթեր։
տեղ | անուն | պատկեր | գավառ | նահանգ | բնակիչ (գավառ) | տեղ | անուն | պատկեր | գավառ | նահանգ | բնակիչ (գավառ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Թավրիզ | Թավրիզի գավառ | Արևելյան Ադրբեջան | [41] | 1 695 0942 | Ուրմիա | Ուրմիայի գավառ | Արևմտյան Ադրբեջան | [41] | 963 738||
3 | Արդաբիլ | Արդաբիլի գավառ | Արդաբիլի նահանգ | [41] | 564 3654 | Զանջան | Զանջանի գավառ | Զանջանի նահանգ | [41] | 486 495||
5 | Խոյ | Խոյի գավառ | Արևմտյան Ադրբեջան | [41] | 354 3096 | Միանդոաբ | Միանդոաբի գավառ | Արևմտյան Ադրբեջան | [41] | 260 628||
7 | Մարաղա | Մարաղայի գավառ | Արևելյան Ադրբեջան | [41] | 247 6818 | Մարանդ | Մարանդի գավառ | Արևելյան Ադրբեջան | [41] | 239 209
Տնտեսություն
խմբագրելԻրանական Ադրբեջանի տնտեսությունը հիմնված է ծանր, ինչպես նաև՝ թեթև և սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության վրա։ Այստեղ կան ազատ առևտրի երկու գոտիներ՝ «Արաքս» (Հայաստանի և Իրանի, Ադրբեջանի և Իրանի), ինչպես նաև՝ «Մակու» (Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի միջև)[42]։ Գյուղատնտեսության զարգացումը հանգեցրել է նրան, որ Իրանում սպառվող տեղական գյուղմթերքի 50 %-ն ապահովում է Իրանական Ադրբեջանը[43]։
Թավրիզում են գտնվում Իրանի տրակտորային մանուֆակտուրայի կազմակերպությունը (անգլ.՝ Iran Tractor Manufacturing Company, ITMCO), որն արտադրում է գյուղատնտեսական ծանր, մեքենայական տեխնիկա՝ 1968 թվականից, Թավրիզի մեքենաշինական գործարանը (անգլ.՝ Machine Sazi Tabriz Co., MST)՝ 1969 թվականից, ռուսական «Կամազ» գործարանի գործընկեր Ռախշ դիզել ձեռնարկությունը (անգլ.՝ Rakhsh Khodro, RKD), ինչպես նաև մետաղամշակման գործարաններ ու այլ ֆաբրիկաներ, Արդաբիլում՝ նորակառույց մեքենաշինական-հաստոցաշինական գործարան (2009 թվականից), Ջուղայում (Ջոլֆա)՝ «Ազար Մոտոր» ֆաբրիկան (1989) և այլն։ Իրանական Ադրբեջանում շարունակում են գորգագործության ավանդները. հատկապես հայտնի են Արդաբիլի, Թավրիզի, Հերիզի, Զանջանի ու Ղարադաղի գորգատեսակները, որոնք արտահայտում են մշակույթի տեղական առանձնահատկությունները։
Զարգացած է տրանսպորտային հանգույցը։ Այստեղով են անցնում Բաքուն Նախիջևանի, Երևանը Թեհրանի, Վանը Թավրիզի հետ կապող միջազգային ավտոմայրուղիները։ Այդ տեսանկյունից կարևոր են Ուրմիա լճի ու Արաքս գետի վրայով անցնող կամուրջները։ Կարևոր է նաև երկաթուղային ցանցը. այժմ գործում է Իրան-Թուրքիա երկաթուղին, ժամանակին նաև՝ Ջուլֆա-Նախիջևան երկաթուղին, որն այժմ փակ է։ Վերջինիս միջոցով Իրանը կապվում էր Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին, վերջին երկուսի միջոցով նաև՝ Ռուսաստանին։
Իրանական Ադրբեջանի գլխավոր օդային դարպասը Թավրիզի միջազգային օդանավակայանն է[44]։ Այստեղ են գործում նաև տեղական ATA Airlines և Eram Air ավիաուղիները, համագործակցում են Iran Air, Iran Air Tours, Aseman Airlines և այլ պարսկական, ինչպես նաև արտասահմանյան ընկերություններ։ Քաղաքացիական և ռազմական նշանակություն ունեն նաև փոքր օդանավակայանները Ուրմիայում, Արդաբիլում, Զանջանում, Մարաղայում, Խոյում և Փարսաբադում, որոնք իրականացնում են նաև սեզոնային միջազգային թռիչքներ՝ գլխավորապես դեպի Իրաք, Ադրբեջան և Թուրքիա։
Մշակույթ
խմբագրելԱզարիները, լինելով արդեն թյուրքախոս իրանցիներ, զգալի ազդեցություն են թողել իրանական մշակույթի վրա։ Դարեր շարունակ լինելով Իրանի մի հատվածը՝ որպես սահմանակից երկրամաս, այն հաճախ պատուհան էր այդ երկրի համար՝ դեպի Հայկական լեռնաշխարհ և Կովկաս, ավելի ուշ՝ Ռուսաստան։ Այդ պատճառով այստեղ զգացվում է նաև այլ ժողովուրդների մշակութային ազդեցությունը։
Կրոնական տեսանկյունից՝ Իրանական Ադրբեջանի բնակչության բացարձակ մեծամասնությունը շիա մուսուլմաններ են։ Դա իսլամի երկու առավել տարածված ճյուղերից մեկն է, որն, ի հակառակ սուննի ճյուղի, գտնում է, որ Մուհամմադ մարգարեից հետո կապն աստծո հետ շարունակվել է իր մահից հետո՝ եղբորորդի ու հոգեզավակ Ալիի և Մուհամմադի դուստր Ֆաթիմայի կազմած ընտանիքով։ Այդպիսով իրանցի ազարիները (ինչպես նաև Կովկասի ադրբեջանցիները), շիադավան են, իսկ Թուրքիայի, Միջին Ասիայի ու Ռուսաստանի ու Չինաստանի տարածքում ապրող թյուրքալեզու ժողովուրդները՝ սուննիադավան։ Ինչպես և իրանցի մյուս ժողովուրդները, ազարիները նշում են նովրուզը՝ «գարնան տոն-ամանորը»՝ մայիսի 21-ին։ Դա Մերձավոր Արևելքի տարածքում նշվում էր որպես նոր տարի, սակայն իսլամի կամ քրիստոնեության ընդունումից հետո բոլոր ժողովուրդները դա փոխարինել են Զոհաբերության տոնով կամ Սուրբ Ծննդով, իսկ անհավատները (այդ թվում՝ Հայկական ԽՍՀ, Վրացական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ)՝ Նոր տարվա տոնով։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից հետո վերադարձել են ազգային-կրոնական այդ տոներին, սակայն Նոր տարվա ավանդույթը շարունակվում է։
Որոշակի թիվ են կազմում նաև քրիստոնեադավան հայերը և ասորիները, որոնց թիվը տարածաշրջանում, ինչպես և ողջ Իրանում, խիստ նվազել է։ Հայկական սուրբ Թադե, սուրբ Ստեփանոս, սուրբ Աստվածածին, Ծոր Ծոր և Չուպան վանքերն ու եկեղեցիները դարձել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս։ Իսլամական մշակույթից այդ ցուցակում են Սոլթանիեի մզկիթը և շեյխ Սաֆիի մզկիթ-դամբարանը Արդաբիլում։ Այլ կենտրոններ են Թախթ ե Սոլեյման զրադաշտական համալիրը և Թավրիզի շուկան[45]։
Տեղի ուսումնական կենտրոններից նշանավոր են Թավրիզի, Սահանդ, Բժշկական, Իսլամական արվեստի և Շահիդ Մադանի համալսարանները Թավրիզում, Ուրմիայի տեխնոլոգիական համալսարանը, Մարաղայի աստղադիտարանը և տասից ավելի այլ կենտրոններ։
Իրանական Ադրբեջանն ունի նաև սեփական հեռուստաալիքները՝ «Սահանդ» (Թավրիզ), «Էշրաղ» (Զանջան), «Սաբալան» (Արդաբիլ), «Azerbaijan TV» (Ուրմիա)։ Բոլոր հեռուստաալիքները երկլեզու են (պարսկերեն, ադրբեջաներեն), բացի վերջինից (նաև քրդերեն)։ Ադրբեջաներենը չի դասավանդվում իրանական միջնակարգ դպրոցներում, սակայն ադրբեջաներեն լեզուն և գրականությունը դասավանդում են Թավրիզի համալսարանում։
Որոշակի զարգացման է հասել նաև սպորտը։ Հայտնի են տեղի բասկետբոլի, ֆուտբոլի, մինի ֆուտբոլի խմբերը, իրականացվում են նաև միջազգային մրցույթներ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Touraj Atabaki. Azerbaijan: Ethnicity and the Struggle for Power in Iran. — I.B.Tauris, 2000 — p. 112
- ↑ The Paths of History — Igor M. Diakonoff, Contributor Geoffery Alan Hosking, Published in the year 1999, Cambridge University Press, pg 100. Բնօրինակ տեքստ (անգլ.)
Until the twentieth century, the term Azerbaijan (a late form of the term Atropatene derived from the name Atropates, satrap and later king of Western Media at the end of the fourth century BC) was used solely for the Turkic-speaking regions of North-Western Iran. When, in 1918—1920, the power in Eastern Transcaucasia (Shirvan, etc.) was taken over by the party of Musavatists, they gave to their state the name ‘Azerbaijan’, hoping to unite it with Iranian Azerbaijan, or Azerbaijan in the original sense of the term; that territory had much greater Turkic population; the Musavatists relied on the state of complete political disintegration of Iran at that period, and hoped to easily annex Iranian Azerbaijan into their state. Until the twentieth century, the ancestors of the present-day Azerbaijanis called themselves Turki, while the Russians called them Tatars, not distinguishing them from the Volga Tatars. The Azerbaijani language belongs to the Oghuz branch of Turkic; the Volga Tatar language belongs to the Kipchak branch of Turkic.
- ↑ «منطقهبندی کشور، بیمها و امیدها». Jamejam Online. 2014 թ․ հունիս. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». Hamshahri Online. 2014 թ․ հուլիս. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». Entekhab Online. 2014 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «ایران، فدرال می شود؟ تقسیم کشور به 5 منطقه مستقل». Khabar-Online. 2014 թ․ հուլիս. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند». Jamejam Online. 2014 թ․ հուլիս. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «استانهای کشور به 5 منطقه تقسیم شدند». yjc. 2014 թ․ հուլիս. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Atropates, Iranica online
- ↑ «Օսմանյան կայսրության քարտեզ, 1787, Սբ. Լազար».
- ↑ Azerbaijan i. Geography, Iranica online
- ↑ История Древнего мира / Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. — 2-е изд. — М., 1983. — Т. 2. Расцвет Древних обществ. — С. 399-414.Բնօրինակ տեքստ (ռուս.)
Находившийся в плену армянский царевич Тигран уговорил Митридата II вернуть его на престол Армении в обмен на передачу Парфии «70 долин» в Атропатене. В 95 г. до н. э. Тигран II Великий стал царем Армении.
- ↑ Markus Aurelius Bleeding for Allah: Why Islam Will Conquer the Free World : what Americans Need to Know. — AuthorHouse, 2007. — С. 182—183. — 296 с. — ISBN 1467863882Բնօրինակ տեքստ (անգլ.)
In 451 AD, the Armenian prince Vartan led a heroic, but unsuccessful revolt against the Persian Empire. Painfully outnumbered, they fought the Persians to nearly the last man at the Battle of Avarayr. Prince Vartan was killed as well, but not until they had killed uncountable numbers of Persian soldiers. Indeed, it was a pyrrhic vitory for the Persians as they could not afford to deplete their forces in such stupendous quantities. As a consequence, the Persians were compelled later to give Armenia greater independence.
- ↑ Willem Vogelsang (2002), The Afghans, Blackwell Publishing, ISBN 0-631-19841-5
- ↑ L. Baker, Patricia; Smith, Hilary; Oleynik, Maria (2014). Iran. London, United Kingdom: Bradt Travel Guides. էջ 158. ISBN 1841624020.
- ↑ Salia, Kalistrat (1983). History of the Georgian nation. Madison, WI: University of Wisconsin. էջ 181.
- ↑ Mikaberidze, Alexander (2011). Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia, Volume 1. Santa Barbara, California, USA: ABC-CLIO. էջ 196. ISBN 1598843362.
- ↑ Հայաստանը XV դարում // Արևմտահայաստանի և Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն. Արխիվացված է 24 նոյեմբերի, 2017 սկզբնաղբյուրից:
- ↑ Michel M. Mazzaoui, «Islamic Culture and literature in the early modern period» in Robert L. Canfield, Turko-Persia in historical perspective, Cambridge University Press, 1991. pg 87 Բնօրինակ տեքստ (անգլ.)
Safavid power with its distinctive Persian-Shi'i culture, however, remained a middle ground between its two mighty Turkish neighbors. The Safavid state, which lasted at least until 1722, was essentially a "Turkish" dynasty, with Azeri Turkish (Azerbaijan being the family's home base) as the language of the rulers and the court as well as the Qizilbash military establishment. Shah Ismail wrote poetry in Turkish. The administration nevertheless was Persian, and the Persian language was the vehicle of diplomatic correspondence (insha'), of belles-lettres (adab), and of history (tarikh)
- ↑ Н. В. Пигулевская, А. Ю. Якубовский, И. П. Петрушевский, Л. В. Строева, А. М. Беленицкий. История Ирана с древнейших времён до конца XVIII века. — Л.: Изд-во Ленинградского университета, 1958. Стр. 252. Բնօրինակ տեքստ (ռուս.)
В XV в. главной опорой Сефевидов стали тюркские кочевые племена, говорившие на азербайджанском языке. Они были разного происхождения, большая их часть откочевала в Азербайджан и Иран из Малой Азии, из вражды к османским султанам и их централистской политике. Первоначально таких племен было семь: шамлу, румлу, устаджлу, текели, афшар, каджар и зулькадар.
- ↑ Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն սկզբից մինչև 18-րդ դարի վերջ, Երևան, 1975, էջ 683-686 — 785 էջ։
- ↑ Սիմոնյան Հ., Հայոց պատմություն. հիմնահարցեր, Երևան, 2000, էջ 112-120 — 487 էջ։
- ↑ Ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին. Արխիվացված է 25 նոյեմբերի, 2017 սկզբնաղբյուրից:
- ↑ Арутунян Г. С., Иранская революция 1905 - 11 гг. и большевики Закавказья, E., 1956։
- ↑ A Peace to End All Peace: The Fall of the Ottoman Empire and the Creation of the Modern Middle East. Macmillan. 2009. էջեր 360–373. ISBN 978-0-8050-8809-0.
- ↑ Atabaki, Touraj (2000). Azerbaijan: Ethnicity and the Struggle for Power in Iran. I.B.Tauris. էջ 25. ISBN 9781860645549.
- ↑ Dekmejian, R. Hrair; Simonian, Hovann H. (2003). Troubled Waters: The Geopolitics of the Caspian Region. I.B. Tauris. էջ 60. ISBN 978-1860649226. «Until 1918, when the Musavat regime decided to name the newly independent state Azerbaijan, this designation had been used exclusively to identify the Iranian province of Azerbaijan.»
- ↑ Rezvani, Babak (2014). Ethno-territorial conflict and coexistence in the caucasus, Central Asia and Fereydan: academisch proefschrift. Amsterdam: Amsterdam University Press. էջ 356. ISBN 978-9048519286. «The region to the north of the river Araxes was not called Azerbaijan prior to 1918, unlike the region in northwestern Iran that has been called since so long ago.»
- ↑ Helen Chapin Metz Iran: A Country Study. World War II And The Azarbaijan Crisis. — Washington Արխիվացված է 26 հոկտեմբերի, 2017 սկզբնաղբյուրից:
- ↑ География. Современная иллюстрированная энциклопедия. Статья: Армянское нагорье. — Մոսկվա։ Росмэн. Под редакцией проф. А. П. Горкина. 2006. Բնօրինակ տեքստ (ռուս.)
Наиболее значительные по выс. потухшие вулканы Большой Арарат (5122 м), Арагац (4090 м), Себелан (4811 м), Сюпхан (4053 м), Малый Арарат (3896 м).
- ↑ «Iran brings sweet treat to 100 countries». PressTV. 2015 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ James R.Russell. Zoroastrianism in Armenia. — Harvard University, 1987. — P. 164.
- ↑ National Geographic Society (2005) National Geographic Atlas of the World (8th ed.) Washington, DC, ISBN 0-7922-7542-X
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 429 — 992 էջ։
- ↑ «Azerbaijan». Encyclopædia Britannica. 2009 թ․ մարտի 9. (excerpt:"geographic region that comprises the extreme northwestern portion of Iran. It is bounded on the north by the Aras River, which separates it from independent Azerbaijan and Armenia; on the east by the Iranian region of Gīlān and the Caspian Sea; on the south by the Iranian regions of Zanjān and Kordestān; and on the west by Iraq and Turkey. Azerbaijan is 47,441 square miles (122,871 square km) in area.")
- ↑ شماره کتابشناسی ملی:۲۸۷۸۱۶۶/طرح بررسی و سنجش شاخصهای فرهنگ عمومی کشور (شاخصهای غیرثبتی){گزارش}:اردبیل/به سفارش شورای فرهنگ عمومی کشور؛ مدیر طرح و مسئول سیاست گذاری:منصور واعظی؛ اجرا:شرکت پژوهشگران خبره پارس -شابک:۳-۳۷-۶۶۲۷-۶۰۰-۹۷۸ *وضعیت نشر:تهران-موسسه انتشارات کتاب نشر ۱۳۹۱ *وضعیت ظاهری:۲۴۹ ص:جدول (بخش رنگی)، نمودار (بخش رنگی)
- ↑ شماره کتابشناسی ملی:۲۸۹۰۸۲۱/طرح بررسی و سنجش شاخصهای فرهنگ عمومی کشور (شاخصهای غیرثبتی){گزارش}:استان آذربایجانشرقی/به سفارش شورای فرهنگ عمومی کشور؛ مدیر طرح و مسئول سیاست گذاری:منصور واعظی؛ اجرا:شرکت پژوهشگران خبره پارس -شابک:۹-۳۵-۶۶۲۷-۶۰۰-۹۷۸ *وضعیت نشر:تهران-موسسه انتشارات کتاب نشر ۱۳۹۱ *وضعیت ظاهری:۲۹۳ ص:جدول (بخش رنگی)، نمودار (بخش رنگی)
- ↑ طرح بررسی و سنجش شاخصهای فرهنگ عمومی کشور (شاخصهای غیرثبتی){گزارش}:استان آذربایجان غربی/به سفارش شورای فرهنگ عمومی کشور؛ مدیر طرح و مسئول سیاست گذاری:منصور واعظی؛ اجرا:شرکت پژوهشگران خبره پارس -شابک:۶-۳۶-۶۶۲۷-۶۰۰-۹۷۸ *وضعیت نشر:تهران-موسسه انتشارات کتاب نشر ۱۳۹۱
- ↑ شماره کتابشناسی ملی:۲۸۷۹۴۱۴/طرح بررسی و سنجش شاخصهای فرهنگ عمومی کشور (شاخصهای غیرثبتی){گزارش}:استان زنجان/به سفارش شورای فرهنگ عمومی کشور؛ مدیر طرح و مسئول سیاست گذاری:منصور واعظی؛ اجرا:شرکت پژوهشگران خبره پارس -شابک:۶-۴۹-۶۶۲۷-۶۰۰-۹۷۸ *وضعیت نشر:تهران-موسسه انتشارات کتاب نشر ۱۳۹۱ *وضعیت ظاهری:۲۹۲ ص:جدول (بخش رنگی)، نمودار (بخش رنگی)
- ↑ Encyclopaedia Iranica, page 243 = accessed January 9, 2007
- ↑ 41,0 41,1 41,2 41,3 41,4 41,5 41,6 41,7 «The population of Iranian cities». Statistical Center of Iran. 2012 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «دبیر اجرایی خانه کارگر تبریز: برندهای معتبر بزرگترین سرمایه کشورها هستند». Nasr News. 2016 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
- ↑ «استانهای آذری نشین قطب تولید شیرینی و شکلات کشور». Donya-e-Eqtesad. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Tabriz International Airport official website». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ» (անգլերեն). Վերցված է 13 ապրիլի, 2009-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրանական Ադրբեջան» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի դեկտեմբերի 2-ի օրվա հոդված: |