Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Որոշ լեզվաբանների տեսակետների համաձայն նոստրատիկ գերընտանիքի մասն է կազմում։

Հնդեվրոպական լեզուներ
Տեսակլեզվաընտանիք
Ենթադասմարդկային լեզու
Խոսողների քանակ3 320 000 000 մարդ[1]
IETFine
ԳՕՍՏ 7.75–97ино 208
ISO 639-2ine
ISO 639-5ine
ISO 639-6ineu
 Indo-European languages Վիքիպահեստում

Անվանում

խմբագրել

«Հնդեվրոպական լեզուներ» տերմինը (անգլ.՝ Indo-European languages) առաջին անգամ ներկայացվեց Թոմաս Յունգի կողմից 1813 թվականին[2]։ Գերմանալեզու գրականությունում հաճախ օգտագործվում է «Հնդգերմանական լեզուներ» տերմինը (գերմ.՝ indogermanische Sprachen)։ Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինով («Արիական լեզուներ») անվանում են Հնդեվրոպական լեզուների ընտանիքի լեզվական ենթաընտանիքներից մեկը, որի մեջ ներառվում են հնդեվրոպական լեզվաընտանիքի «Նուրիստանյան ճյուղը» և «Հնդիրանական լեզուները»։

Ուսումնասիրվածություն

խմբագրել

Հնդեվրոպական լեզվաընտանիքը աշխարհի ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվաընտանիքներից մեկն է[3][4][5]։

Տարածվածություն

խմբագրել

Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները տարածված են Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։

Հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղեր

խմբագրել

Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի.

 
 
     Ռոմանական լեզուներ      Հնդիրանական լեզուներ      Կելտական լեզուներ      Գերմանական լեզուներ      Բալթյան լեզուներ      Սլավոնական լեզուներ      Հայերեն      Հունարեն      Ալբաներեն      Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ չմտնող լեզուներ
 
Հնդեվրոպական կամ Արիական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող ժողովուրդների ներկայիս տարածումը աշխարհում։
 
Հնդեվրոպական կամ Արիական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները արդի Եվրոպայում։
 
Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները արդի Արևմտյան կիսագնդում։

Հնդկական ճյուղ

խմբագրել

Հնդկական ճյուղի մեջ է մտնում սանսկրիտը` հին հնդկերենը, որով գրված են Վեդաները և մի քանի արձակ գրվածքներ։ Վեդաները կազմում են հին հնդկերենի սրբազան գիրքը։ Հին հնդկերենով գրված է նաև գեղարվեստական, փիլիսոփայական ու գիտական գրականությունը. այս լեզուն կոչվում է սանսկրիտ։

Ժամանակակից հնդկական լեզուներն են՝ հինդի, բենգալի, օրիյա, գուջարաթի, փենջաբի, սինդհի, մարաթի, նեպալի, քաշմիրի և այլն։ Այս տեղական լեզուներին զուգընթաց Հնդկաստանում գործածվում է գրական ընդհանուր մի լեզու, որ կրում է հինդուստանի կամ ուրդու անունը արաբական այբուբենով և հինդի՝ հնդկական այբուբենով։

Իրանական ճյուղ

խմբագրել

Իրանական ճյուղը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ արևմտյան և արևելյան։ Արևմտյան իրանական լեզուներն են պարսկերենը, տաջիկերենը, քրդերենը, բելուջերենը, թալիշերենը, թաթերեն, գիլաներենը։ Պարսկերեն լեզվի զարգացումը բաժանվում է երեք շրջանի. ա) հին պարսկերեն (ավանդված մ. թ. ա. 6-րդ դարից), որով գրված են աքեմենյան թագավորների սեպագիր արձանագրությունները. հին պարսկերենին զուգահեռ բարբառ է համարվել Ավեստայի լեզուն, որը սխալ կերպով երբեմն կոչվել է զենդերեն։ Հին պարսկերենին մոտ է համարվում նաև սկյութերենը, որից ավանդված են միայն շատ քիչ բառեր. բ) միջին պարսկերեն կամ պահլավերեն, որ Սասանյանների և Պարթևների շրջանի լեզուն է. գ) նոր պարսկերեն, որ զարգանում է արաբական արշավանքների դարաշրջանից (7-րդ դարից), պարսկերենի գրական լեզուն է դառնում 9-րդ դարից և, իբրև այդպիսին՝ մնում է նաև մեր օրերում։ Արևելյան իրանական լեզուներն են աֆղաներենը, շուգնաներենը, յաղնոբերենը, օսերենը, սողդերենը (2-7-րդ դարերի գրավոր հուշարձաններով է ավանդված), խորեզմերենը (հայտնի է 13-րդ դարի արաբերենով գրված աշխատության տվյալներով) և սակերենը (խոթաներենը)։

Թոխարական լեզուներ

խմբագրել

Թոխարական լեզուները պայմանականորեն կոչվում են թոխարերեն Ա և թոխարերեն Բ, կամ քուչերեն. ավանդված են 5-8-րդ դարերի գրավոր հուշարձաններով։

Խեթական լեզուներ

խմբագրել

Խեթական լեզուներն են խեթա-կապադովկիական լեզուները, որոնց մեջ առավել նշանավոր է խեթերենը։ Ավանդված են սեպագիր (և հիերոգլիֆային) արձանագրություններով, մ. թ. ա. 13-12-րդ դարերից։

Սլավոնական լեզուներ

խմբագրել

Սլավոնական լեզուները բաժանվում են երեք ենթաճյուղի՝ արևելյան, հարավային և արևմտյան։ Արևելյան սլավոնական լեզուներն են ռուսերենը, բելառուսերենը և ուկրաիներենը, որոնցից ռուսերենը գրավոր հիշատակարաններ ունի 9-րդ դարից, իսկ մյուսները՝ 11-րդ դարից։ Հարավային սլավոնական լեզուներն են սլովեներենը, սերբերենն ու խորվաթերենը, բուլղարերենը և մակեդոնական խոսվածքները։ Այս խմբի մեջ են մտնում նաև մեռած հին սլավոներենը՝ ավանդված 9-րդ դարից, որ սլավոնական ժողովուրդների ընդհանուր գրական լեզուն է։ Արևմտյան սլավոնական լեզուներն են լեհերենը (ավանդված 14-րդ դարից), կաշուբերենը, չեխերենը (ավանդված 13-րդ դարից) և սլովակերենը, լուժիկերենը, պոլաբերենը (մեռած 18-րդ դարում

Հայերեն

խմբագրել
 
Գերմանացի լեզվաբան Ֆրանց Բոպպը (1791-1867 թվականներ) առաջինն էր, որ հայերենը համարեց հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող մի լեզու։
 
Գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանն (1848-1908 թվականներ) առաջինն էր, որ հայերենը համարեց անկախ լեզվաճյուղի պատկանող լեզու և առանձնացրեց հնդ–իրանական լեզուներից։

Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, որ գրավոր կերպով (գրաբար) ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն (կիլիկյան), որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են երեք ճյուղի՝ ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի՝ ում, կը, ել, ս։ Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են (օրինակ՝ Ագուլիսի, Մեղրու բարբառ և այլ բարբառներ)։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ (Պետերման, Վինդիշման, Գոշե և այլն), ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հրատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ՝ որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից (Մյուլլեր, Պոլ դը Լագարդ և այլք) մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի "Die Grundlage der Armenischen Sprache im Kreise der indogermanischen Sprachen" («Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում») աշխատությունը։ Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական (բնիկ) հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության, որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։ Իր այդ եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին հայերենի համեմատական ուսումնասիրությունը։ Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչը որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը (բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)՝ Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։

Կելտական ճյուղ

խմբագրել

Կելտական լեզուները բաժանվում են երկու ենթախմբի՝ մայրցամաքային և կղզիների։ Մայրցամաքային կելտական լեզուներ համարվում են գալլերենը և նրա տարբերակները, որոնք տարածված էին հին Գալլիայում և Իտալիայի հյուսիսում։ Թե՛ գալլերենը, թե՛ մյուսները 4-5-րդ դարերից արդեն մեռած լեզուներ էին։ Գալլերենից մեզ հասել են բազմաթիվ հատուկ անուններ (տեղի և անձի) և մի քանի արձանագրություններ։ Կղզիների կելտական լեզուները բաժանվում են երկու մասի՝ գաելյան և բրիտական։ Գաելյան լեզուներն են իռլանդերենը, շոտլանդերենը և մենական լեզուն (Մեն կղզում)։ Գաելյան լեզուները ավանդվել են 4-րդ դարից՝ այսպես կոչված օգամյան արձանագրություններով, ապա՝ 7-րդ դարից՝ իռլանդական գրականությամբ։ Բրիտական լեզուներն են՝ վալլիերենը կամ կիմրերենը (ավանդված 11-րդ դարից), բրետոներենը (ավանդված 8-րդ դարից) և կոռներենը (մեռած 18-րդ դարում)։

Ռոմանական ճյուղ

խմբագրել

Ռոմանական լեզուների մեջ են մտնում պորտուգալերենը, իսպաներենը, կատալաներենը, պրովանսալերենը, ֆրանսերենը, իտալերենը, ռետրոռոմաներենը կամ լատինականը, սարդիներենը, ռումիներենը և մոլդավերենը։

Ռոմանական լեզուների մեջ են մտնում նաև հին լատիներենը և այսպես կոչված ժողովրդական լատիներենը, որը նոր ռոմանական լեզուների (իտալերեն, ռումիներեն, ֆրանսերեն, կատալաներեն, իսպաներեն, պորտուգալերեն և այլն) հիմք է հանդիսացել։ Թե՛ ժողովրդական, թե՛ գրական լատիներենը (ավանդված մ. թ. ա. 6-րդ դար) օսկերենի և ումբրերենի հետ կազմում են ռոմանական ճյուղի իտալյան ենթաճյուղը։ Ումբրերենը ծանոթ է մ. թ. ա. գրված արձանագրություններով։ Այս երեք լեզուներն էլ մեռած լեզուներ են։ Ոմանք այս երկուսը՝ օսկերենը և ումբրերենը, համարում են առանձին ճյուղ հնդեվրոպական լեզուների շարքում և կոչում են իտալյան ճյուղ։

Գերմանական լեզուներ

խմբագրել

Գերմանական լեզուները բաժանվում են երեք ենթաճյուղերի՝ արևելյան, արևմտյան և հյուսիսային կամ սկանդինավյան։ Արևելյան գերմանական լեզուներն են՝ գոթերենը, վանդալերենը և բուրգունդերենը. բոլորն էլ մեռած են։ Գրավոր աղբյուրներ մնացել են միայն գոթերեն լեզվով՝ 4-րդ դարից (Աստվածաշնչի մի մասի թարգմանությունը)։ Արևմտյան գերմանական լեզուներն են՝ անգլերենը (ավանդված 8-րդ դարից՝ հին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն), ֆրիզերենը, ստորին գերմաներենը (ավանդված 9-րդ դարից), հոլանդերենը և ֆլամանդերենը, վերին գերմաներենը, որ ավանդված է 8-րդ դարից՝ հին վերին գերմաներեն (Althochdeutsch) արձանագրություններով, և որը ժամանակակից գրական գերմաներենի հիմքն է կազմում։ Արևմտյան գերմանական ենթաճյուղին են պատկանում նաև ժամանակակից հրեերենը (իդիշ), որ կազմվել է միջին դարերում գերմանական բարբառների հիմքի վրա, և բուրերենը կամ աֆրիկանս։ Հյուսիսային գերմանական (սկանդինավյան) լեզուներն են՝ իսլանդերենը, նորվեգերենը, շվեդերենը, ֆառյորականը և դանիերենը. իսլանդերենը ավանդված է հնագույն «Էդդա» էպոսով և 3-րդ դարի արձանագրություններով։

Բալթիական լեզուներ

խմբագրել

Բալթիական լեզուների մեջ են մտնում լիտվերենը, լատիշերենը (ավանդված 16-րդ դարից) ու լատհալերենը (ավանդված 18-րդ դարից) և պրուսերենը՝ մեռած 17-րդ դարից։

Ալբաներեն

խմբագրել

Բաժանվում է երկու բարբառի՝ հյուսիսային և հարավային։ Ենթադրում են, որ ալբաներենը հնում պատկանել է իլլիրական ճյուղին, որի մեջ մտել են քիչ հայտնի վենետերենը, մեսսապերենը և իլլիրերենը։

Հունարեն

խմբագրել

Բաժանվում է երեք շրջանի՝ ա) հին հունարեն (ավանդված մ.թ.ա. 7-րդ դարից), որի գլխավոր բարբառներն են եղել յոնիական-ատտիկյանը, դորիականը, աքեականը և էոլականը։ Մ.թ.ա. 3-րդ դարում ատտիկյան բարբառի հիման վրա զարգացավ ընդհանուր հունարեն գրական լեզուն (կոյնե)։ Յոնիական-ատտիկյան բարբառով են գրված Հոմերոսի ստեղծագործությունները, Հերոդոտոսի «Պատմությունը» և հետագայի գիտական ու փիլիսոփայական ամբողջ գրականությունը. բ) միջին հունարեն կամ բյուզանդական հունարեն (5-15-րդ դարեր), գ) ժամանակակից հունարեն, որ կազմավորվել է 16-րդ դարում։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.ethnologue.com/insights/largest-families/
  2. London Quarterly Review X/2 1813.; cf. Szemerényi 1999:12, footnote 6.
  3. Էդուարդ Աղայան, Լեզվաբանության ներածություն, Ե., Մակմիլան Արմենիա, 2009, էջ 242-244։
  4. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 184։
  5. Հրաչյա Աճառյան, Հայերեն արմատական բառարան։

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդեվրոպական լեզուներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 471