Մեսրոպ Մաշտոց

հայերենի այբուբենի հիմնադիր

Մեսրոպ Մաշտոց (մոտ 362[1], Հացեկաց, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք[1] - փետրվարի 17, 440[1], Վաղարշապատ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան[1], թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, քրիստոնեական շրջանում հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ[2][3]։

Մեսրոպ Մաշտոց
Դիմանկար
«Մեսրոպ Մաշտոց», Ստ. Ներսիսյան, 1882
Ծնվել էմոտ 362[1]
ԾննդավայրՀացեկաց, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք[1]
Մահացել էփետրվարի 17, 440[1]
Մահվան վայրՎաղարշապատ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան[1]
ԳերեզմանՄեսրոպ Մաշտոցի դամբարան[1]
ՔաղաքացիությունՄեծ Հայք Մեծ Հայք
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն,
Հայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական եկեղեցի
Մասնագիտությունթարգմանիչ, լեզվաբան և աստվածաշնչի թարգմանիչ
ԱշխատանքՀայկական գրի ստեղծող, թարգմանիչ
 Mesrop Mashtots Վիքիպահեստում

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում[2][4]։

Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն (ասոմթավրուլի)[5][6][7][8] և աղվաներեն[6][8][9] այբուբենների ստեղծողն է։

Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Կենսագրություն խմբագրել

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395-396 թվականներին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Ա Պարթևի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

 
Մեծ Հայքի քարտեզը 3-ից 4-րդ դարերում

Մոտ 404 թվականին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ․), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թվականներին Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422 թվականներին մեկնել է Բյուզանդիա՝ Կոստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ական թվականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղագոմք գավառներում։ 431-439 թվականների միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439 թվականին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձրցին։

Հայ գրերի ստեղծում խմբագրել

 
Մեսրոպ Մաշտոցը պատկերված հայ մանրանկարչի կողմից Ջուղայում ստեղծված 1776 թվականի ձեռագրում (պահվում է Մատենադարանում)

Հայոց գրերի ստեղծման վերաբերյալ առկա են բավականին հակասական կարծիքներ՝ չնայած հիմնականում գերակշռում է դասական մոտեցումը, ինչը ենդթադրում է, որ Մեսրոպ Մաշտոցը հանդիսանում է հայերեն այբուբենի ստեղծողը։ Հետաքրքիր և զարգացող մոտեցում է նաև այն, որ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայոց այբուբենը, այլ վերականգնել այն։

Մեսրոպ Մաշտոցը որպես հայոց այբուբենի ստեղծող խմբագրել

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Գողթնում կատարած քարոզչությունը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ 387 թ. Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարենն էր, մասամբ ասորերենը, եկեղեցականների զգալի մասը հույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։

Հայ գրերի ստեղծման անհրաժեշտություն խմբագրել

Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968 թ.)։

Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

  1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողությունները կատարել հայերեն,
  2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն,
  3. հայությունը փրկել ձուլումից, և դա ապահովել հետագայի համար,
  4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում։

Մաշտոցի այս ծրագիրը ձևավորվեց Գողթնում ունեցած գործունեությունից հետո, երբ Կորյունի, «Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն (Հայոց) աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին» (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962 թ.) գրքում բերվում են նաև Մաշտոցի խոսքերը. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։

Սահակ Պարթև խմբագրել

 
Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը պատկերված հայ մանրանկարչի կողմից Կոստանդնուպոլսում ստեղծված 1651 թվականի ձեռագրում

387 թվականին կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունը։ Գալով Վաղարշապատ՝ Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը։ Գումարվում է ժողով՝ նվիրված հայերեն գիր ունենալու հարցին։ Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին՝ հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան։ Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր Վահրիճ անունով մի իշխանի ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ։ Վերջինս, Դանիելից առնելով գրերը, Վահրիճի հետ բերում է Հայաստան։ Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայոց լեզու ուսուցանել բերված գրերով։ Սկիզբ է դրվում հայերեն դպրությանը։ Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից. «… հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիզոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար»։ Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել։ Բացառված չէ, որ դրանցով ինչ որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու և հայոց դպրություն ստեղծելու համար։

Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ՝ հունական կրթության։ Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, «… նա շատ նեղություններ քաշեց իր ազգային մի բառի օգնություն գտնելու համար»

Հայերեն հնչյունական համակարգի ստեղծում խմբագրել

Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Մաշտոցը 405 թվականին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000)։ Ապա անցնելով Սամոսատ` հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.

  Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։  

Հայ դպրության հիմնադրում խմբագրել

Հայոց գրերը ստեղծելիս Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին Հայաստանի ավելի քան 300 հազար կմ քառակուսի տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորների համար հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը։

 
Արցախում առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցը հիմնել է Ամարասի վանքում

Հայերենի հնչյունային համակարգը որոշելիս Մաշտոցն առավելապես նկատի առավ արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Սուրբ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս։ Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները` նա որոշեց բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացառեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համարակարգերը, առաջնորդվեց մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծվեց մեկ նշանագիր (բացառություն էր «ու» հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ)։ Մաշտոցը իրավացիորեն հրաժարվեց տառերի ձայնային արժեքը փոխող կետերից ու գծիկներից` յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ։ Այդպես ստեղծվեց 36 տառ, որոնց կիրառությունը ճշտեց Սողոմոնի առակները թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական առաջընթաց հարմարագույն եղանակը, դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ թեև ստեղծվել էր «ը» տառը, բայց նկատի ունենալով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում` «ը» տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց)։ Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 1600 տարիներին։ Միջնադարում Մաշտոցի գրած տառերին ավելացան միայն «o» և «ֆ» տառերը։ Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխություններ (հատկապես արևելահայերենի համար՝ 1922, 1940)։

Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու ու քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում)։

Աստվածաշնչի թարգմանություն խմբագրել

 
Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանախումբը Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց

Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։

Հայ գրերի ուսուցման շրջագայություններ խմբագրել

Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու։

Առաջին երեք շրջագայությունները Մաշտոցը կատարել է Արևելյան Հայաստանում, չորրորդը Արևմտյան Հայաստանում։ Այստեղ Անատոլիս կուսակալը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2-րդ կայսրին։ Սա Մաշտոցին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել գործունեության իրավունքից և Մաշտոցը օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում, մնացածների հետ մեկնել է Կոստանդնուպոլիս, բանակցել կայսրի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատելու կայսերագիր իրավունքը։ Վերադառնալով Արևմտյան Հայաստան՝ այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակութային կենտրոններ։

Ըստ Կորյունի՝ Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, «սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար»։ (Մովսես Խորենացի Պատմություն Հայոց 1968)։

Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր («Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար» Խորենացի նույն տեղում), հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանչաց գործին։

Մաշտոցի և նրա աշակերտների գործունեություն խմբագրել

431 թվականին Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Վանանդենցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կոստանդնուպոլսից բերել են Աստվածաշնչի «Յոթանասնից» կոչվող հունարեն կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի («Մաշտոցի»), ժամագրքի նախնական տարբերակները։ Մաշտոցը գրել է քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հունական երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների խմբագրել է Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատում» քարոզների ժողովածուն։

 
Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանները Մատենադարանի դիմաց‎

Մաշտոցը եղել է ժամանակի խոշոր հայ բանաստեղծը։ Ըստ տեղեկությունների, ճգնակյաց կյանքի տարիներից սկսած նա հոգևոր բանաստեղծություններ է հորինել։ Տառերի գյուտից հետո, երբ շատացան եկեղեցու ծեսերը, երգեցողությունը հայացնելու խնդիրները, Մաշտոցի ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետայգայում մտան Շարակնոցի մեջ։ Ըստ բազում վկայությունների շարակնոցներում կա շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում Հարց. Տէր երկնից, Ողորմեա շարքերից։ Դրանք մեսրոպյան տառերով գրված բանաստեղծություններ են։ Մաշտոցի բանաստեղծությունները խորապես քնարական են, կրում են հեղինակի խոր ներշնչանքի կնիքը։

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ,
Մրըրկեալ ալիք թշնամին ինձ յարուցանէ,
Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն։
(Շարական)

 
Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին Էջմիածնում Մատենադարանի մուտքի մոտ։

Մաշտոցը Սահակ Պարթևի հետ, հիմնադրել է հայ մասնագիտական երաժշտությունը նրանք կարգավորել են հայոց բանավոր ժողովրդական ու հոգևոր ձայնեղանակները և օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը՝ պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով։ Մաշտոցը եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը։

Մաշտոցը հայերենի առաջին ուսուցիչը լինելով՝ նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է։ Նա մշակել է հայոց լեզվի, հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցանվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել է հայկական դպրոցի լեզվական հիմունքը դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանդել հայերեն, օտար լեզուները հայոց լեզվի հիման վրա։ Մաշտոցական այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս։

Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել։


Ստեղծագործություն խմբագրել

Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր, զբաղվել է թարգմանությամբ։ Մեսրոպ Մաշտոցը գրել է շարականներ։ Շարականը հոգևոր երգ է, օրհներգություն, որ կատարվում է կրոնական տոների ժամերգությունների ժամանակ։ Շարական բառն ստուգաբանվում է շար ականց, այսինքն՝ թանկարժեք քարերի շարք։ Շարակններն ունեին իրենց մեղեդին և կատարվում էին երգվելով։ Դրանց ասում են նաև ապաշխարանքի երգեր, որովհետև բովանդակությունն ապաշխարանքի էր, զղջումի խոսը, հոգու փրկության աղոթքը։

 

Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց,
Աստուած խաղաղութեան, օգնեա ինձ։

Ալեկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ,
Թագաւոր խաղաղութեան, ոգնեա ինձ։

Ի խորըս մեղաց ծովու տարաբերեալ ծփիմ,
Նաւապետ բարի, փրկեա զիս։

 

Մաշտոցի առաքելություն ու հիշատակ խմբագրել

 
Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցին

Մաշտոցի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալ ճանաչելու և նրա հետ շփվելու շնորհիվ, որը մարդուն մղում է դեպի խոր զղջում, ապաշխարհություն և ճանապարհ բազում Կատարյալին մոտենալու ու ձուլվելու ներքնապես մաքրվելու և համընդհանուր սիրով լցվելու։ Մաշտոցի հասարակական հայացքների մեջ կարևոր են ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելու, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու գաղափարները։

Որպես անհատ Մաշտոցը, Մովսես Խորենացու վկայությամբ, գերազանցել է. «… բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»[10]։ Կորյունը վկայում է՝ «…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատռեց»[11]։

 
Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցիում

Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավար Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում, աճյունը տեղափոխում այնտեղ։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրելու Մաշտոցի կյանքն ու գործը։ Հայ եկեղեցին, նկատի ունենալով Մաշտոցի ժողովրդականությունը, նրան դասել է իր սրբերի շարքը։

428 թվականին Հայաստանի արևելյան մասում նույնպես վերացավ հայոց Արշակունիների պետականությունը։ Քաղաքական տեսակետից Հայաստանի համար այդ ծանր ժամանակաշրջանում Մաշտոցի գյուտով ծնունդ առած հայոց դպրությունը արագ ծաղկեց որպես երկրի քաղաքականապես անջատ մասերը հոգևոր ու մշակութային զոդումով միավորող և հայությանը ձուլումից պատսպարող ուժ։

Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ, դպրոցներ, փողոցներ և այլն։ 1962 թվականից Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը՝ Մատենադարանը։ Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան այբուբենին նվիրված հուշակոթող։ Մաշտոցի անունն է կրում նաև Երևան քաղաքի գլխավոր պողոտան։ Նրա անունով է կոչվում Օշականի գլխավոր փողոցը, միջնակարգ դպրոցը և Օշականում կա նրա անունը կրող եկեղեցի, որը կառուցվել է նրա շիրմի վրա։ Օշականում գործում է նաև նրա անունը կրող երիտասարդաց և պատանյաց միություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 469—471.
  2. 2,0 2,1 Մեսրոպ Մաշտոց՝ հոդվածը Ираника
  3. История Древнего мира / Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. — 2-е изд. — М., 1983. — Т. 3. Упадок древних обществ. — С. 201-220.
  4. Henri-Jean Martin. The History and Power of Writing / Trans. by Lydia G. Cochrane. — University of Chicago Press, 1995. — С. 39.
  5. Дональд Рейфилд. The Literature of Georgia: A History (Caucasus World). — RoutledgeCurzon. — С. 19. — ISBN 0700711635: «The Georgian alphabet seems unlikely to have a pre-Christian origin, for the major archaeological monument of the first century 4IX the bilingual Armazi gravestone commemorating Serafua, daughter of the Georgian viceroy of Mtskheta, is inscribed in Greek and Aramaic only. It has been believed, and not only in Armenia, that all the Caucasian alphabets — Armenian, Georgian and Caucaso-AIbanian — were invented in the fourth century by the Armenian scholar Mesrop Mashtots.<…> The Georgian chronicles The Life of Kanli — assert that a Georgian script was invented two centuries before Christ, an assertion unsupported by archaeology. There is a possibility that the Georgians, like many minor nations of the area, wrote in a foreign language — Persian, Aramaic, or Greek — and translated back as they read.»
  6. 6,0 6,1 Азия на рубеже древности и средневековья. Закавказье в IV—XI вв. // «История Востока» (Восток в средние века). —М., 1997. — Т. I.: «Христианизация закавказских стран имела важные последствия и для развития местной культуры. На рубеже IV—V вв. появилась армянская письменность, созданная Месропом Маштоцем. Не без его помощи были изобретены и национальные алфавиты в Грузии и Албании. »
  7. Lenore A. Grenoble. Language policy in the Soviet Union. — Springer, 2003. — С. 116. — ISBN 1402012985: «The creation of the Georgian alphabet is generally attributed to Mesrop, who is also credited with the creation of the Armenian alphabet.»
  8. 8,0 8,1 Тревер К. В. Очерки по истории и культуре Кавказской Албании IV в. до н. э. – VII в. н. э. (источники и литература). — М.-Л., 1959. — С. 294-295.:«Писатель Корюн является автором «Жития Маштоца», т. е. биографии Месропа Маштоца, изобретателя алфавитов армянского, грузинского и албанского»
  9. Peter R. Ackroyd. The Cambridge history of the Bible. — Cambridge University Press, 1963. — Т. 2. — С. 368.:«The third Caucasian people, the Albanians, also received an alphabet from Mesrop, to supply scripture for their Christian church. This church did not survive beyond the conquests of Islam, and all but few traces of the script have been lost, and there are no remains of the version known.»
  10. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968 թվական։
  11. Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962 թվական։

Ֆիլմեր խմբագրել

  • Մեսրոպ Մաշտոց (1988) Հայֆիլմ, փաստագրական ֆիլմ նվիրված հայոց գրերի ստեղծման պատմությանը և Մեսրոպ Մաշտոցին։ Սցենարի հեղինակ Արտաշես Մարտիրոսյան, ռեժիսոր Լևոն Մկրտչյան։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 469