Տնտեսական համակարգ
Տնտեսական համակարգ, նյութական և ոչ նյութական բարիքներ արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Յուրաքանչյուր երկրի տնտեսությունը մի մեծ համակարգ է, որում առկա են գործունեության բազում տեսակներ, և գործունեության յուրաքանչյուր ձև կարող է գոյատևել միայն այլ գործունեությունների հետ կապի և փոխհարաբերության պայմաններում։ Տնտեսական համակարգը բարիքների արտադրությունը և սպառումը յուրահատուկ ձևերով կանոնակարգելու գործողությունների ամբողջություն է։
Տեսություններ
խմբագրելՊրայորի կարծիքով՝ տնտեսական համակարգը ընդգրկում է բոլոր ինստիտուտները, կազմակերպությունները, օրենքները, ավանդույթները, համոզմունքները, արգելքները, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են տնտեսական վարքագծի վրա։
14-րդ դարում արաբ մտածող Իբն Հալդունը որպես տնտեսական համակարգը բնութագրելու չափանիշ է առաջարկել աշխարհագրական միջավայրը և աշխատանքի հասարակական բաժանումը։
18-րդ դարում ֆրանսիացի փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքյոն, ընդունելով երկու գործոնները՝ աշխարհագրական միջավայրը և աշխատանքի հասարակական բաժանումը, տնտեսական համակարգը բնութագրելու համար առաջարկում է հաշվի առնել նաև սեփականությունը և սովորույթները։
Թյուրգոն 18-րդ դարում հասարակության զարգացման տարբեր աստիճանների հերթափոխությունը բացատրել է տիրապետող գաղափարների փոփոխությամբ և առաջարկել է հասարակության պատմական զարգացման եռաստիճան ժամանակագրություն՝ կրոնական, քննադատական կործանման և պետական։
Կարլ Մարքսի կողմից մշակվել է տնտեսական ժամանակաշրջանների պարբերականացման ֆորմացիաների տեսությունը՝ ընդգծելով, որ հասարակության զարգաումը տնտեսական ֆորմացիաների հերթափոխության հաջորդականություն է։
Ժամանակակից տնտեսագիտության մեջ ընդունված է տնտեսական համակարգերի դասակարգումը կատարել ըստ սեփականության հարաբերությունների բովանդակության և տնտեսական գործընթացները կառավարելու ու կոորդինացնելու բնույթի։ Զանազան վիճակագրական չափանիշներ
Ձևական և ոչ ձևական նորմեր
խմբագրելՄարդկանց միջև փոխհարաբերությունների կարգավորման գործում էական դեր ունեն սովորույթը, ավանդույթը, կրոնական և բարոյական սկզբունքները, որոնք, պայմանավորված լինելով տվյալ ազգի կամ հասարակության կենսագործունեության արժեքային համակարգով, կոչվում են ոչ ձևական նորմեր։
Մարդկանց միջև փոխհարաբերությունների կարգավորման առումով, ոչ ձևական նորմերին զուգընթաց, գործում են նաև ձևական նորմերը։ Ձևական նորմեր են համարվում ընդունված իրավական նորմերը։ Դատական համակարգը, իրավական նորմերի կիրառման ճանապարհով, կոչված է կարգավորելու մարդկանց միջև փոխհարաբերությունները, որոնք վերաբերում են նրանց ունեցվածքին, անվտանգությանը, ազատությանը, աշխատանքի պաշտպանությանը։ Այդ նպատակով ընդունվում են համապատասխան օրենքներ, որոնց խախտման դեպքում մարդիկ ստանում են որոշակի պատիժներ։
Ոչ ձևական և ձևական նորմերի ամբողջությունը կոչվում է ինստիտուտ։
Տնտեսական համակարգի տեսակներ
խմբագրելՀասարակության զարգացման պատմության ընթացքում գոյություն ունեցող տնտեսական համակարգերի բնույթը տարբեր է եղել։ Դրանց օրինաչափությունները բացահայտելու համար օգտագործվում են տնտեսական համակարգերի հիմնական տիպերը։
Ավանդական տնտեսություն
խմբագրելԱվանդական տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային մակարդակի վրա։ Դրանց հիմքի վրա են ձևավորվում համապատասխան ինստիտուտները։ Տարբեր են այս կամ այն երկրի որդեգրած տնտեսական համակարգի բնույթը։ Աֆրիկա մայրցամաքում ապրող ցեղախմբերի համատեղ կյանքը կարգավորվում է քարացած ավանդույթների, տոտեմիստական մտածելակերպի և հոգեբանության, անձնապաշտության միջոցով, որոնք ձևավորում են նրանց զարգացման մակարդակին համապատասխան ինստիտուտներ։ Դրանց գործունեությունն ազդում է արդյունքի արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման գործընթացի կազմակերպման բնույթի վրա։ Դարերով ձևավորված ավանդույթները իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության կարգավորման արդյունավետության, այսինքն՝ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մակարդակի վրա։
Ավանդական տնտեսության առանձնահատկություններն են․
- Պարզ տեխնոլոգիաներ
- Գերակշռում են ձեռքի աշխատանքները
- Տնտեսական հարաբերությունների մասնակիցները համախմբված են ամուր սոցիալական կապով
- Հիմնական տնտեսական խնդիրները լուծվում են ավանդույթներին և սովորույթներին համապատասխան
Ավանդույթները, սովորույթները, կրոնական համոզմունքները, մշակութային արժեհամակարգը ժամանակի ընթացքում ենթարկվում են համապատասխան փոփոխությունների, բայց չեն վերանում։ Այն երկրները, որոնք կարողացել են հաղթահարել ավանդական տնտեսության սահմանափակումները (օրինակ՝ Եվրոպա մայրցամաքի երկրները, ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան և այլն), ապահովում են բարձր տնտեսական աճ։ Ավանդական տնտեսությունը հատկապես բնորոշ է բնատնտեսությանը։ Բնատնտեսության հիմնական բնութագիրն այն է, որ արտադրողները (ընտանիքի կամ համայնքի ներկայացուցիչները) իրենց կարիքների բավարարման համար անհրաժեշտ բոլոր բարիքներն իրենք են արտադրում, և գրեթե գոյություն չունի դրանց փոխանակություն։ Արտադրողն ու սպառողը տարանջատված չեն և մարմնավորված են միևնույն տնտեսական սուբյեկտի մեջ։ Բնատնտեսությունը բնորոշ է եղել հասարակության զարգացման նախնական փուլին և տնտեսապես հետամնաց ու թույլ զարգացած երկրներին։
Շուկայական տնտեսություն
խմբագրելՇուկայական տնտեսական համակարգը լիարժեք ձևավորվել է 18-րդ դարում և ամենաճկուն տնտեսական համակարգն է, որը ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ ինքնուրույն վերափոխվում ու զարգանում է։ Իր պատմական զարգացման ընթացքում այն ընդունել է դասական շուկայական տնտեսության, խառը տնտեսության և սոցիալ-շուկայական տնտեսության Արխիվացված 2015-09-10 Wayback Machine դրսևորումներ։ Դասական շուկայական տնտեսությանը բնորոշ են հետևյալ հիմնական հատկանիշները՝
- տնտեսական ռեսուրսների մասնավոր սեփականություն,
- կատարյալ մրցակցություն, որն ապահովում է շուկա մուտքի և ելքի, տնտեսության մի ճյուղից մյուս ճյուղ կապիտալի ազատ հոսքի լիարժեք հնարավորություն,
- շուկայում բազմաթիվ արտադրողների առկայություն, որոնք ինքնուրույն որոշում են կայացնում՝ ինչպես և ում համար արտադրել,
- միմյանցից անկախ բազմաթիվ սպառողների գոյություն, որոնք ինքնուրույն որոշում են որ արտադրանքը և որ արտադրողից գնել,
- առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության հիման վրա ապրանքների շուկայական գնի ազատ ձևավորում,
- բարիքների արժևորման և համարժեքային փոխանակության ազատություն,
- սահմանափակ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու և շահույթը մաքսիմալացնելու կողմնորոշվածություն,
- շուկայի գործունեությանը արտաքին միջամտության սահմանափակում։
Շուկայական տնտեսության պայմաններում արտադրողի հիմնական կողմնորոշիչը սպառողի պահանջարկն է, որը թելադրում է, թե արտադրողը ինչ արդյունք պետք է թողարկի։ Արտադրողը, ելնելով շուկայում առկա պահանջարկից, ինքն է որոշում, թե արդյունքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսները (կապիտալ, բնական ռեսուրսներ, աշխատանք) որտեղի՞ց և ո՞ր տնտեսավարող սուբյեկտից պետք է ձեռք բերի կամ գնի։ Արտադրողները գտնվում են անհրաժեշտ փոխհարաբերությունների մեջ։ Գոյություն ունի ոչ միայն անձնական (հագուստ, ավտոմեքենա, սնունդ, բնակարան և այլն), այլև արտադրական (մեքենաներ, սարքավորումներ, հումք, նյութեր, բնական ռեսուրսներ, գիտատեխնիկական միտք և այլն) սպառում։ Արտադրողը արդյունք թողարկելու համար օգտագործում է մյուս արտադրողների արտադրանքը։ Ամբողջ տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերությունների համակարգ է, որը կարգավորվում է ինքնաբերաբար, առանց որևէ մեկի թելադրանքի։ Միակ թելադրողը շուկայում ձևավորված պահանջարկն է։ Տնտեսագիտական գրականության մեջ փոխհարաբերությունների այս ձևը կոչվում է հորիզոնական համակարգում (կոորդինացիա) կամ ինքնակարգավորվող (ինքնաբերաբար կարգավորվող) տնտեսություն։ Սա Ադամ Սմիթի հայտնի «անտեսանելի ձեռքի» տեսությունն է, համաձայն որի՝ անհրաժեշտ է ապահովել արտադրողների լիիրավ ազատություն, որոնց միջև փոխհարաբերությունը պետք է կարգավորվի շուկայում ձևավորված պահանջարկի և դրանից բխող առաջարկի միջոցով։
Շուկայական մեխանիզմը գնագոյացման մեխանիզմ է, որը գործում է մրցակցությամբ կարգավորվող առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության միջոցով։ Այսպիսով, շուկան ինքնակառավարվող մեխանիզմ է, որը գործում է գների ազատ փոփոխման միջոցով։ Հավասարակշռության մակարդակից գների բարձրացումը հանգեցնում է գնագոյացման և չիրացված արտադրանքի կուտակման։ Հավասարակշռության գնից գնի իջեցումը հանգեցնում է գնորդների թվի ավելացման։ Այս դեպքում առաջանում է ապրանքների դեֆիցիտ, որի հետևանքով էլ առաջանում է գների աճ։
Պլանային տնտեսություն
խմբագրելՊլանային տնտեսության հիմնական հատկանիշներն են՝
- Մասնավոր սեփականության վերացումը և պետական (հասարակական) սեփականության հաստատումը ունեցվածքի նկատմամբ։ Այդ ժամանակ մասնավոր սեփականության առարկա է համարվում միայն անձնական օժանդակ տնտեսության հողը, դրա մշակման համար անհրաժեշտ գործիքները, այդ տարածքում կառուցված տունը, ավտոմեքենան, տան իրերը, ձեռք բերված կենսական միջոցները։
- Անհրաժեշտ բարիքների արտադրության, ռեսուրսների բաշխման որոշում, որը կայացվում է կենտրոնական իշխանությունների կողմից։ Որոշվում է, թե արտադրական ձեռնարկությունները ինչ պետք է արտադրեն և ինչ քանակությամբ։ Հումքի, նյութերի, սարքավորումների, մեքենաների և այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումը իրականացվում է նախապես մշակված պլաններին համապատասխան։ Արդյունքի թողարկման, մատակարարման պլանները համարվում են պետական դիրեկտիվ․ դրանց կատարումը պարտադիր է, իսկ չկատարելու դեպքում ձեռնարկության ղեկավարությունը ենթարկվում է պատասխանատվության, անգամ՝ քրեական, որովհետև պլանը համարվում է օրենք, իսկ չկատարումը՝ դրա խախտում։
- Արդյունքների նկատմամբ սահմանվում են գներ (բացառությամբ գյուղացիական օժանդակ տնտեսության արդյունքների), որոնցից շեղումը համարվում է օրենքի խախտում, և մեղավորների նկատմամբ կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ։
- Սահմանվում է յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի չափը։
- Ստեղծված արդյունքի և դրա դիմաց ստացվելիք եկամտի փոխկապվածությունը թույլ է։ Գործում է արտադրողի, այլ ոչ թե սպառողի գերակայությունը։ Այդ պայմաններում արտադրողը անհրաժեշտ նյութական շահագրգռվածություն չունի արդյունքը որակով արտադրելու համար։
- Գոյություն չունի մրցակցություն արտադրողների միջև։
Իր սահմանափակ հնարավորություններով՝ այս տնտեսաձևը ապահովում է համեմատաբար բարձր արտադրողականություն, որովհետև պլանային (պարտադիր) հրահանգները չեն տարածվում անձնական օժանդակ տնտեսությունների վրա, և հիմնականում գործում են շուկայական տնտեսության սկզբունքները։ Տնտեսություններում արտադրողների նյութական շահագրգռվածության աստիճանը անհամեմատ բարձր է։ Զարգացած երկրների տնտեսական համակարգը կառուցված է այդ երկուսի արդյունավետ համադրմամբ։ Տնտեսական կյանքը կարգավորվում է շուկայական ազատ մրցակցության սկզբունքների և պետական լծակների (հատկապես հարկաբյուջետային և դրամավարկային) արդյունավետ զուգակցման միջոցով։ Իրականում գործում է խառը տնտեսաձևը։
Խառը տնտեսություն
խմբագրելԽառը տնտեսությունը շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման տնտեսական մոդելների համադրությունն է։ Պատմականորեն խառը տնտեսաձևը, այս կամ այն երկրի զարգացման առանձնահատկությունից և ժամանակաշրջանի բնույթից կախված, տարբեր է եղել։ Շուկայական հարաբերությունները հազարամյակի պատմություն ունեն։ Պատմագիտական բոլոր հետազոտությունները վկայում են, որ փոխանակության հարաբերությունները և տարբեր երկրների միջև առևտրական կապերը վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել։ Շուկայական համակարգը ունեցել է կարևոր և վճռորոշ դեր տնտեսության զարգացման գործում։
Խառը տնտեսությունը, որպես շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման սկզբունքների համադրություն, համարվում է տիրապետող տնտեսաձև, որն իր յուրահատուկ դրսևորումներն է ունենում պատմական զարգացման անցյալ, ներկա և ապագա փուլերում։ Վարչահրամայականից (ուղղահայաց համակարգում) շուկայականին (հորիզոնական համակարգում) անցման, ինչպես նաև տնտեսական ճգնաժամերի կամ ցնցումների (օրինակ՝ 1929-33 թվականների մեծ տնտեսական ճգնաժամը) հետևանքով պետական կարգավորման լծակների ընդլայնման և հետագայում անհրաժեշտաբար դրանց սահմանափակման առումով պահանջվում է որոշակի անցումային ժամանակաշրջան, որն ունի տնտեսության կարգավորման իր առանձնահատկությունները։
Անցումային տնտեսություն
խմբագրելՄի տնտեսական համակարգից մյուսին անցնելն է, անցումային շրջանը, կախված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, կարող է ինչպես կարճատև (տասնամյակներ), այնպես էլ երկարատև (հարյուրավոր տարիներ) լինել։ Հետխորհրդային երկրներում տեղի է ունենում անցում վարչահրամայական տնտեսական համակարգից շուկայականի, անցումային տնտեսություն է եղել նաև ավանդական տնտեսական համակարգից շուկայականին անցման ժամանակ։ Անցումային տնտեսությանը բնորոշ են սեփականության ձևի և տնտեսական գործունեության համակարգման հատկանիշներ։ Անցումային տնտեսությանը հատուկ են բազմակացութաձևություն, սոցիալ-տնտեսական հարաբերությունների սրացում, տնտեսության անկում, գործազրկության աճ, փողի արժեզրկում և այլն։ Հին համակարգի լիարժեք կերպափոխությունը հիմնականում կախված է անցում կատարող երկրի սոցիալ-տնտեսական զարգացածության մակարդակից, ներքին ուժերի դիմադրության աստիճանից, ավանդույթներից, սովորույթներից, ինչպես նաև արտաքին գործոնների ազդեցությունից։ Անցումային շրջանն ավարտված կարելի է համարել, երբ նոր տնտեսական համակարգն ապացուցում է իր տնտեսական և սոցիալական կենսունակությունը, իսկ երկրի բնակչությունը համոզվում է դրանում։
Տնտեսական համակարգի մոդելներ
խմբագրելՑանկացած հասարակությունում գոյություն ունեցող տնտեսության կազմակերպման ազգային մոդելները կարող են կրել ամենատիպիկ երկրի անվանումը, քանի որ երկրները տարբերվում են իրենց պատմությամբ, տնտեսական զարգացման մակարդակով, սոցիալական և ազգային պայմաններով։
Ամերիկյան մոդել
խմբագրելԱմերիկյան մոդելը լիբերալ շուկայական կապիտալիստական մոդել է, որը կառուցված է անհատականության, ձեռնարկատիրական ակտիվության, բնակչության առավել ակտիվ մասի հարստացումն ամենայն կերպ խրախուսելու համակարգի վրա։ Բնակչության անապահով խմբերի համար մասնակի արտոնությունների և նպաստների հաշվին ստեղծվում է կյանքի ընդունելի մակարդակ։ Սոցիալական հավասարության կամ արդարության խնդիր այստեղ չի դրվում։ Այս մոդելը հիմնված է մասնավոր սեփականության, շուկայական մրցակցային մեխանիզմի, կապիտալիստական դրդապատճառների, աշխատանքի արտադրողականության բարձր մակարդակի և անձնական հաջողության նվաճման մասսայական կողմնորոշման վրա։ Ամերիկյան մոդելին ամբողջությամբ վերցված բնորոշ է նաև պետական ներգործությունը, որն ուղղված է կայուն ենթակառուցվածքի և տնտեսական հավասարակշռության պահպանմանը։
Գերմանական մոդել
խմբագրելԳերմանական մոդելը սոցիալական - շուկայական տնտեսության մոդել է, որում մրցակցային սկզբունքների ընդարձակումը կապվում է հատուկ սոցիալական ենթակառուցվածքների ստեղծման հետ, որը մեղմացնում է շուկայի և կապիտալի թերությունները, ձևավորում բազմաշերտ ինդուստրիալ սոցիալական քաղաքականության սուբյեկտներ։ Այն ձևավորվել է հիտլերյան ժամանակների կոնցեռների վերացման և տնտեսության բոլոր ձևերին (խոշոր, միջին, մանր) կայուն զարգացման հնարավորության տրամադրման շնորհիվ։ Պետությունն ակտիվորեն ազդում է գների, մաքսատուրքերի և տեխնիկական նորմաների վրա և կոչված է երաշխավորելու ազատ գներ և մրցակցություն, շուկայական տնտեսության հավասարակշռվածություն և ապահովել նրա զարգացման սոցիալական ուղղվածությունը։
Շվեդական մոդել
խմբագրելՇվեդական մոդելը իր դասական ձևով սոցիալական մոդել է, որը տարբերվում է բնակչության ամենաանապահով շերտերի օգտին ազգային եկամտի վերաբաշխմամբ, ունեցվածքային անհավասարության կրճատմանն ուղղված ուժեղ սոցիալական քաղաքականությամբ։ Այստեղ պետության ձեռքում է գտնվում հիմնական ֆոնդերի ընդամենը 4%-ը, սակայն պետական ծախսերի բաժինը 90-ական թ. կազմել է շուրջ 70% (համախառն ներքին արդյունքի)։ Այդ ծախսերի կեսից ավելին ուղղվում է սոցիալական կարիքներին։ Տնտեսական գործունեության 90%-ից ավելին իրականացնում են մասնավոր ֆիրմաները, կառավարությունը եռանդուն մասնակցում է տնտեսական կայունության ապահովմանը և եկամուտների վերաբաշխմանը։ Բնականաբար, դա հնարավոր է միայն հարկավորման բարձր նորմայի պայմաններում։ Այդպիսի մոդելը ստացել է «ֆունկցիոնալ սոցիալիզացիայի» անվանումը, որի ժամանակ արտադրության ֆունկցիան ընկնում է մրցակցային շուկայական պայմաններում գործող մասնավոր ձեռնարկությունների վրա, իսկ բարձր կենսամակարդակի (ներառյալ զբաղվածությունը, կրթությունը, սոցիալական ապահովագրումը) և ենթակառուցվածքի բազմաթիվ տարրերի (տրանսպորտի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների) ապահովման գործառույթը՝ պետության վրա։
Ճապոնական մոդել
խմբագրելՃապոնական մոդելի հիմքում ընկած է կոլեկտիվիզմի, փոխադարձ օգնության սկզբունքը։ Բնակչության բարձր կենսամակարդակը ապահովվում է աշխատավարձի նկատմամբ աշխատանքի արտադրողականության առավել բարձր աճի տեմպերով, որի հաշվին նվաճվում է արտադրանքի ինքնարժեքի իջեցում և համաշխարհային շուկայում նրա մրցունակության կտրուկ բարձրացում։ Ունեցվածքային շերտավորմանը խոչընդոտներ չեն դրվում։ Այդպիսի մոդելը հնարավոր է միայն ազգային ինքնագիտակցության զարգացման բացառիկ բարձր մակարդակի, կոնկրետ մարդու շահերի համեմատությամբ ազգային շահերի գերակայության դեպքում, երբ բնակչությունը պատրաստ է երկրի բարգավաճման համար գնալ որոշակի նյութական զոհաբերությունների։
Հարավ-կորեական մոդել
խմբագրելՀարավ-կորեական մոդելը շատ ընդհանուր գծեր ունի ճապոնականի հետ։ Դա վերաբերում է երկրի բնակչության հոգեբանական խառնվածքի առանձնահատկություններին, նրա բարձր աշխատասիրությանը և պատասխանատվությանը։ Երկու մոդելների համար էլ ընդհանուր է պետական մարմինների ակտիվ մասնակցությունը տնտեսության վերակառուցմանը։ Շուկայական հարաբերությունների թույլ զարգացվածության հետևանքով հարավ-կորեական պետությունը նպատակաուղղված նպաստեց շուկայական տնտեսության հզոր հենակետի (պլացդարմի) ստեղծմանը՝ խոշոր կորպորացիաների ձևով, որոնք հետագայում վերաճեցին ֆինանսաարդյունաբերական կոնգլոմերատների։ Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում փոքր և միջին բիզնեսին։ Այստեղ առկա է գործառույթների հստակ բաժանումը կենտրոնի և ծայրամասերի միջև, որը նույնպես նպաստեց հզոր շուկայական տնտեսության ստեղծմանը։
Չինական մոդել
խմբագրելՉինական մոդելը ձևավորվել է «մաքուր սոցիալիզմի» տնտեսությունից անցումային պայմաններում։ Շուկայական մեխանիզմը և ոչ պետական հատվածը վերափոխման տարիներին զգալիորեն ուժեղացրին իրենց դիրքերը, սակայն սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ պետական կարգավորումն «ուղղորդիչ պլանավորման» ձևով և սոցիալական երաշխիքները մնում են որպես առաջնային։ Այդպիսի մոդելը կարող է որոշվել որպես գերազանցապես սոցիալիստական մոդել՝ խառը տնտեսությամբ։
Տնտեսական համակարգերի հիմնական խնդիրները
խմբագրելՌեսուրսների սահմանափակության պայմաններում գործունեության ճիշտ ընտրություն կատարելու համար տնտեսավարող սուբյեկտները պետք է լուծեն երեք հիմնական խնդիր՝ ինչ արտադրել, ինչպես արտադրել, ում համար արտադրել։
Առաջին խնդրի լուծումը կապված է բարիքների արտադրության կառուցվածքի ընտրության հետ։ Բարիքների արտադրությունը կախված է դրանց նկատմամբ ձևավորված պահանջարկից։ Պահանջարկն էլ կախված է հասանելիության զարգացման աստիճանից, ազգային առանձնահատկություններից, սովորույթներից, ավանդույթներից, բարքերից և այլն։ Օրինակ՝ զարգացած երկրներում սպասարկման և ծառայությունների ոլորտի արդյունքների նկատմամբ պահանջարկը ավելի մեծ է, քան զարգացող երկրներում։ Զարգացած երկրների միջև նույնպես գոյություն ունեն էական տարբերություններ պահանջարկի կառուցվածքի պահանջարկի կառուցվածքի առումով, ինչը պայմանավորված է նրանց մշակութային տարբերություններով։ Ցանկացած տնտեսական համակարգ, ելնելով առկա պահանջարկի կառուցվածքից, արտադրում է անհրաժեշտ բարիքներ։
Երկրորդ խնդրի լուծումը կապված է բարիքների արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսային և տեխնոլոգիական ապահովվածության հետ։ Մյուս կողմից խնդիրը պայմանավորված է սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, որի առնչությամբ էական է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը արտադրության մեջ։ Առկա պահանջարկի բավարարման առավելագույն մակարդակին հասնելու միջոցը ռեսուրսների կամ արտադրության գործոնների այնպիսի համակցության ձևավորումն է, որը կապահովի յուրաքանչյուր գործոնի համեմատաբար բարձր արտադրողականություն։
Երրորդ խնդրի լուծումը կապված է ստեղծված բարիքների տնօրինման հետ։ Լայն առումով՝ խնդիրը հասարակության տարբեր սոցիալական խմբերի, սեփականատերերի, անհատների, ընտանիքների միջև եկամուտների բաշխումն է։ Սա շոշափում է ոչ միայն զուտ տնտեսական, այլև սոցիալական հիմնահարցեր։ Տնտեսական արդյունավետության տեսանկյունից կարևոր է բաշխումը կատարել ըստ արտադրության յուրաքանչյուր գործոնի (աշխատանք, կապիտալ, բնական ռեսուրս, ձեռնարկատիրություն) արտադրողականության։ Այդ սկզբունքի համաձայն՝ աշխատանքի մասնակցության չափով արտադրողը ստանում է աշխատավարձ, կապիտալի սեփականատերը՝ տոկոս, բնական ռեսուրսի սեփականատերը՝ ռենտա, իսկ ձեռնարկատերը՝ շահույթ։ Սակայն, եկամուտների բաշխման այս ձևը որոշակի անարդարության տարրեր է պարունակում, որոնք փորձում են մեղմել պետության սոցիալական քաղաքականության միջոցով։ Ըստ այդմ՝ անաշխատունակները, գործազուրկները, բազմանդամ ընտանիքները, թոշակառուները, սովորողները և այլ սոցիալական խավեր ստանում են նպաստներ։ Այսինքն, տեղի է ունենում եկամուտների վարաբաշխում։
Աղբյուրներ
խմբագրել- Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.։ Տնտեսագետ, 2008.- 172 էջ
- Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
- Թամարա Տոնոյան, Տնտեսագիտության հիմունքներ․ - Երևան, 2003 թ, 142 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնտեսական համակարգ» հոդվածին։ |