Կոռուպցիա
Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները[1]։
Կոռուպցիայի սահմանումները
խմբագրելԿոռուպցիա տերմինը առաջացել է լատիներեն «corruptus» և «corrumpere» բառերից, որոնք նշանակում են փչացում, այլասերում, վարակում, ապականում, աղճատում, աղավաղում, կաշառում և այլն[2]։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության սահմանման համաձայն` կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով[3]։
Քլիթգարդը, ով համարվում է ակադեմիական հակակոռուպցիոն հետազոտությունների հեղինակ, առաջ է բերել կոռուպցիայի առաջացման պատճառների ֆորմուլան, որը սահմանում է՝ Կ=Մ+Հ-Հ (կոռուպցիան հավասար է մենաշնորհ+հայեցողություն-հաշվետվողականություն)։ Այս ֆորմուլան առաջինը հայտնվել է Քլիթգարդի 1988 թվականին տպագրված «Վերահսկելով կոռուպցիան» գրքում։ Կա կարծիք, որ Քլիթգարդի կոռուպցիայի ֆորմուլան շեղող ազդեցություն կարող է ունենալ, այդպիսով կարող է վտանգավոր լինել[4]։
Ըստ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվեցիայի կոռուպցիա նշանակում է՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը[5]։
Երկրում կոռուպցիայի առկայությունը բացասական ազդեցություն է ունենում բոլոր մարդկանց վրա, դա մեծամասամբ դրսևորվում է մարդկանց իրավունքների խախտմամբ։ Կոռուպցիան ազդում է մարդկանց առողջության, ազատության, անգամ կյանքի վրա։ Այն ոչնչացնում է ժողովրդավարությունը և երկրի իշխանության հանդեպ հավատը։ Կոռուպցիան նաև նվազեցնում է ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու հավանականությունը։ Կոռուպցիան խաթարում է երկրի տնտեսական, սոցիալական և իրավական հիմքերը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը երկրում հաստատում է բազմակողմանի և կայուն զարգացում[6]։Կոռուպցիան զարգացման վրա բացասական ազդեցություն ունի։ Այն խանգարում է տնտեսական աճին, կրճատում է սոցիալական ծառայությունները և արգելք է հանդիսանում ենթակառուցվածքներում ներդրումների համար։Կոռուպցիան ստեղծում է հակաժողովրդավարական միջավայր, որն ուղեկցվում է անվստահությամբ, այն անտեսում է բարոյական նորմերը և անհարգանք սերմանում պետական կառույցների և իշխանությունների հանդեպ[7]։
Կոռուպցիայի ծագումնաբանությունը
խմբագրելԿոռուպցիա հասկացությունը այնքան հին է, որքան մարդկային քաղաքակրթությունը[8]։Հասկացության հիմնական իմաստը, որը համընդհանուր կերպով ընդունվում է անկախ մշակույթից կամ հասարակությունից բխում է կրոնից, որտեղ ասվում է՝ բարոյականությունը և կոռուպցիան նույն մեդալի երկու կողմերն են։Կոռուպցիայի Աբրահամյան կրոնների հայտնի օրինակ է այն, որ Ադամը ուտելով արգելված պտուղը, տուրք տվեց գայթակղությանը[9]։
Միջնադարում Մաքիավելին նույնպես անդրադարձել է կոռուպցիա երևույթին։ Մաքիավելիի խոսքերով միակ հակաթույնը կոռուպցիայի դեմ հայրենասիրությունն է,այն մեծ սերը, որը անձը ունի իր երկրի հանդեպ։ Մաքիավելին գտնում էր, որ եթե կան այնպիսի գործողություններ, որոնք կարող են թուլացնել կամ ոչնչացնել քաղաքը, ապա այդ գործողությունների առաջացման հիմնական պատճառն այն է, որ տվյալ երկրի համապատասխան կառույցները այնքան հզոր չեն, որպեսզի մարդկանց սովորեցնեն վարքագծի կանոնները[10]։
Կոռուպցիայի տեսակները
խմբագրելՀանրային հատվածի կոռուպցիա․ Հանրային հատվածը կառավարությունն ու նրա ապակենտրոնացված ստորաբաժանումներն են, (ոստիկանություն, ռազմական սեկտոր, առողջապահական համակարգը և այլն), որոնք օգտագործում են պետական միջոցները և մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնք միտված են քաղաքացիների կյանքի բարելավմանը։ Այս մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակում կատարված որևէ չարաշահում հանրային բաժնի կոռուպցիա է։ Այն կարող է դրսևորվել կաշառակերությամբ, նեպոտիզմով և այլն[11]։
Մասնավոր հատվածի կոռուպցիա․ Մասնավոր հատվածը ընդգրկում է ցանկացած կառույց կամ ընկերություն, որը չի վերահսկվում հանրային բաժնի կողմից և որը ունի սեփական ֆինանսական միջոցներ։ Մասնավոր բաժնի կոռուպցիան սահմանվում է, որպես տվյալ կառույցի ներսում գործող որևէ խմբի կայացրած որոշումների կամ գործողությունների այնպիսի շրջանակ, որոնք հանդիսանում են վստահված լիազորությունների չարաշահում[12]։
Քաղաքական կոռուպցիա․Քաղաքական որոշումներ կայացնողների կողմից քաղաքականությունների, ինստիտուտների և ընթացակարգերի մանիպուլյացիա ռեսուրսների բաշխման և ֆինանսավորման գործում,որով քաղաքական որոշումներ կայացնողները չարաշահում են իրենց դիրքը, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը, կարգավիճակը և հարստությունը[13]։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը նաև տարբերակում է կոռուպցիան «ըստ կանոնների» և «ընդդեմ կանոնների»։ Կոռուպցիան «ըստ կանոնների» ձևի դեպքում կաշառք է տրվում մի բանի համար, որը կաշառք ստացողը պարտավոր է անել օրենքով սահմանված կարգով։ Կոռուպցիայի «ընդդեմ կանոնների» ձևի դեպքում կաշառքը տրվում է այնպիսի բանի համար, որը կաշառք ստացողը իրավունք չունի տրամադրելու[3] :
Տարբերում են կոռուպցիայի երկու մակարդակներ՝ «վերևների» և «ներքևների» կուպցիա։
- «Վերևների» կոռուպցիա անձնական օգուտից կամ շահից ելնելով քաղաքական գործիչների ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից որոշումներ կայացնելիս իրենց վստահված իշխանության չարաշահումն է։
- «Ներքևների» կոռուպցիա, որը նաև անվանում են վարչական կոռուպցիա բնորոշ է միջին և ստորին օղակի պաշտոնատար անձանց, որոնք ամենօրյա շփման մեջ են քաղաքացիների հետ[1]։
Կոռուպցիան չափելու գործիքները
խմբագրելԿոռուպցիան չափելը բարդ է թե հետազոտողների և թե քաղաքականությունը ստեղծողների համար։ Կոռուպցիան համարվում է աննկատելի ֆենոմեն, որը բարդ է չափել իր թաքնված բնույթի պատճառով։ 1990-ականների կեսերին սկսվեց քննարկվել, թե ինչպես կարելի է չափել կոռուպցիան։ Չնայած ակադեմիական մակարդակում մի շարք քննարկումների և բանավեճերի, կոռուպցիան չափելու մեխանիզմները դեռ ամբողջական չեն։Կոռուպցիայի ընկալման համաթիվը կոռուպցիան չափելու գործիքներից է։ Կոռուպցիայի ընկալման համաթվի դեպքում ցածր է հավանականությունը գնահատելու կոնկրետ քաղաքականության արդյունավետությունը կոնկրետ երկրում[14]։
Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) (անգլ.՝ Corruption Perception Index)գնահատում է տարբեր երկրների հանրային ոլորտներում կոռուպցիայի մակարդակի փորձագիտական ընկալումները։ Այն հիմնվում է գործարար ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանում անցկացված փորձագիտական գնահատումների և հարցումների վրա։ Կոռուպցիայի ընկալման համաթիվը կիրառում է 0-ից 100ն ընկած սանդղակը, որտեղ 0-ն նշանակում է բացարձակապես կոռումպացված, իսկ 100 բացարձակապես մաքուր կամ կոռուպցիայից զերծ։ Այն երկրներում, որտեղ առկա է կոռուպցիայի ընկալման համաթվի բարձր մակարդակ առկա է նաև քաղաքական ուժերի միջև երկխոսության լայն ընդգրկում[15]։
Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը (ԿՀԲ)(անգլ.՝ Global Corruption Barometer) շեշտը դնում է կոռուպցիայի նկատմամբ հանրության վերաբերմունքի վրա[16]:Աշխարհում հազարավոր մարդիկ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի միջոցով կարողանում են արտահայտել իրենց կարծիքը կոռուպցիայի մասին, ինչպես նաև կիսվում են իրենց փորձով[17]։
Միջազգային փաստաթղթեր
խմբագրելՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվեցիա․2005 թվականին Հայաստանը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվեցիան (անգլ.՝ United Nations Convention against Corruption (UNCAC)), այն Հայաստանի ազգային ժողովը վավերացրել է 2006 թվականին։Կոնվեցիայի նպատակն է կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մեխանիզմների ուժեղացումը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մղումը, պատժելիության սահմանումը, պատշաճ կառավարման հաստատումը[18]։
Հայաստանը 2003 թվականի մայիսի 15-ին ստորագրել, իսկ 2004 թվականի հունիսի 8-ին վավերացրել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվեցիան։ Հայաստանը 2004 թվականի փետրվարի 17-ին ստորագրել, իսկ դեկտեմբերի 8-ին վավերացրել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվեցիան։ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվեցիան անդրադարձ է կատարում կոռուպցիայի դեմ պայքարում ազգային մակարդակում անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմանը, շեշտադրելով օրենսդրական այնպիսի միջոցառումների կիրառումը, որոնք տարբեր մակարդակներում կկանխարգելեն և կբացահայտեն կոռուպցիան։ Կոռուպցիայի դեմ պայքարում շեշտադրվում է նաև միջազգային համագործակցությունը։ Հայաստանում կոնվեցիան ուժի մեջ է մտել 2006 թվականի մայիսի 1-ից[19]։ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվեցիայի նպատակն այն է, որ յուրաքանչյուր կողմ իր ներքին օրենսդրությամբ նախատեսի իրավական պաշտպանության միջոցառումներ և միջոցներ այն անձանց համար, ովքեր վնաս են կրել կոռուպցիոն գործողությունների արդյունքում։ Այն միտված է մարդկանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը։ Հայաստանում Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվեցիայի ուժի մեջ է մտել 2005 թվականի մայիսի 1-ին[5]։
Ոչ պարտադիր ուժ ունեցող միջազգային հանձնառություններ
խմբագրելՏնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), (անգլ.՝ The Organisation for Economic Co-operation and Development (OECD)) Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի կոռուպցիայի դեմ պայքարի ստամբուլյան միջոցառումների ծրագիր է։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության առաքելությունն է նպաստել այնպիսի գործելակերպերի և քաղաքականությունների ներդրմանը, որոնք մարդկանց կյանքում սոցիալ-տնտեսական բարեկեցության ապահովման հիմք կդառնան։ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցը (ՀԿՑ) ստեղծվել է 1998 թվականին։ Ցանցի նպատակը կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում պետություններին աջակցելն է։ ՀԿՑ-ն տարածաշրջանային ֆորում է, որը դրսևորվում է տեղեկությունների փոխանակմամբ, հակակոռուպցիոն միջոցառումների և միջոցների խթանմամբ, տարածաշրջանային սեմինարներով և հանդիպումներով։ Այն նաև ծառայում է, որպես Ստամբուլյան հակակոռուպցիոն ծրագրերի կենտրոն։ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը մեկնարկել է 2003 թվականին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում։ Այն ենթատարածաշրջանային փոխադարձ գնահատման ծրագիր է։ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը աջակցում է հակակոռուպցիոն բարեփոխումներին Հայաստանում, Վրաստանում, Մոնղոլիայում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում։ Աջակցությունը դրսևորվում է նշված երկրներում մասնակից պետությունների կողմից առաջարկությունների իրականացման վերաբերյալ շարունակական մոնիթորինգի միջոցով, ինչպես նաև ուսումնասիրությունների միջոցով[20]։
2018 թվականի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլի զեկույցում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում մոնիթորինգի երրորդ փուլից հետո տեղի ունեցած հիմնական դրական զարգացումներն առնչվում են միջազգային չափանիշների հետ օրենքների և կառույցների համապատասխանեցմանը։ Այս գործընթացները ներառում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ազդարարման, պետական ծառայության և քաղաքացիական ծառայության մասին նոր օրենքների ընդունումը, ինչպես նաև գույքի հայտարարագրման կարգավորումների ընդունումը։ Զեկույցում այլ դրական զարգացում է համարվում գնումների ոլորտի բարեփոխումները, հարկային ոլորտում իրականացված միջոցառումները և էլեկտրոնային տարբեր հարթակների ստեղծումը։ Զեկույցում նշված է, որ այս փոփոխությունները դրական են, բայց սահմանափակ ազդեցություն են ունենում և որ կոռուպցիան դեռևս շարունակում է խնդիր մնալ պետական կառավարման մի շարք ոլորոտներում, ինչպիսիք են դատական իշխանությունը, առողջապահական, կրթական, ռազմական, հարկային և մաքսային ոլորտները, ինչպես նաև իրավապահ համակարգը։ 2018 թվականի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլի զեկույցը ավարտվում է առաջարկությունների ցանկով, որտեղ շեշտադրվում են հակակոռուպցիոն քաղաքականության մի շարք տարրեր, ինչպիսիք են՝ հանրության իրազեկվածության բարձրացումը և կրթումը, հակակոռուպցիոն քաղաքականության համակարգման և կանխարգելման հաստատությունները, քաղաքացիական ծառայության բարեփոխման քաղաքականությունը, պետական մարմիններում գործող էթիկայի հանձնաժողովները, արժանիքների վրա հիմնված աշխատանքի ընդունումը, շահերի բախումը և այլն[20]։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (անգլ.՝ Extractive Industries Transparency Initiative (EITI)) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է։ ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները։ Այն անդրադառնում է բոլոր այն կետերին, որոնք կապված են, թե ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը,, ինչպես են տեղաբաշխվում այդ ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ովքեր են հանդիսանում այս գործընթացների շահառուները, ինչպես են ընթանում ֆինանսական և իրավական կարգավորումները և այլն։ ԱՃԹՆ-ի նպատակը ավելի թափանցիկ և հաշվետվողական գործարար և պետական համակարգերի ստեղծումը, ինչպես նաև հանրային երկխոսության կայացման ապահովումն ու դերի բարձրացումն է[21]։
Բնական պաշարների արդյունավետ և թափանցիկ կառավարման դեպքում երկիրը կարող է ապահովել տնտեսական աճ։ Ժողովրդավարական պետություններում կառավարությունը պատասխանատվություն է կրում ապահովելու իր կողմից կայացված որոշումների և իրականացված քաղաքականության թափանցիկությունն ու հաշվետվողականությունն։ Հայաստանի Հանրապետությունը ձգտում է հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել ավելի շատ օտարերկրյա ներդրումներ, որի համար էական նշանակություն ունի հանրության բոլոր շերտերի, այդ թվում գործարարների համար ոլորտի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հասանելիության ապահովումը։ ԱՃԹՆ-ին միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակներում։ 2016 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրեց թեկնածության հայտը։ Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը հաստատվեց 2017 թվականի մարտի 9-ին՝ Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում։ Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ ԲՇԽ-ն կազմված է տասնհինգ անդամներից՝ հետևյալ կազմով՝
- վեց ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարությունից,
- չորս ներկայացուցիչ հանքարդյունաբերական ընկերություններից,
- հինգ ներկայացուցիչ քաղաքացիական հասարակությունից (այդ թվում՝ մեկ ներկայացուցիչ գիտական համայնքից) ։
Այժմ ՀՀ ԱՃԹՆ ԲՇԽ-ի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ ԱՃԹՆ-ն Հայաստանում ստեղծել է հարթակ կառավարության, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության փոխհամագործակցության համար, որն ուղղված է արդյունահանող ոլորտի ֆինանսական հաշվետվողականության և թափանցիկության բարձրացմանը։ Այսպիսով, 2020թ. հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանը ԱՃԹՆ-ի 53 անդամ երկրներից 9-րդն է, որին շնորհվել է բավարարող առաջընթաց ունեցող երկրի կարգավիճակ[22]։
Բաց կառավարման գործընկերությունը (անգլ.՝ Open government partnership (OGP) ) ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ` ԱՄՆ, Մեքսիկա, Միացյալ Թագավորություն, Բրազիլիա, Ինդոնեզիա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա։ 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությանը։ Բաց կառավարման գործընկերությունը նպատակ ունի քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը այդպիսով խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, աջակցել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանությունների ձևավորանը հետևաբար պետություն-քաղաքացի հարաբերություններում հաստատել թափանցիկության, հաշվետվողականություն և վստահելիության[23]։
Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանը մշակել և ընդունել է երեք գործողությունների ծրագիր՝ 2012-2014, 2014-2016 և 2016-2018 թվականների համար։ ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ հիմք ընդունելով նաև ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկությունները։ Ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկումների և համաձայնեցումների մի շարք փուլերով։ ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրի համար ստացվել են 70-ից ավել առաջարկություններ, որոնցից ծրագրում ներառվել է 8 հանձնառություն։ Նշված հանձնառությունները ներառել են հետևյալ ոլորտները՝ հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց` արտասահման գործուղումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, զինկոմիսարիատներում մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկման մշակույթի ներդրում, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների բաց ֆորմատով հասանելիության ապահովում և այլն[24]։
Միջազգային կառույցներ, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարին
խմբագրելՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հիմնական նպատակներից է այն, որ անդամ պետությունները կարողանան կանխարգելել կոռուպցիան, ինչպես նաև պայքարեն դրա դեմ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (անգլ.՝ United Nations Convention against Corruption (UNCAC)) արդյունավետ իրականացման միջոցով[25]։
Հայաստանը 2004 թվականի հունվարի 20-ին անդամակցել է ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պետությունների խմբին (անգլ.՝ The Group of States against Corruption, (GRECO)): Այն իրականացնում է անդամ երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունների և ձեռնարկած միջոցառումների և վերոնշյալ կոնվեցիաների պահանջների նկատմամբ պարբերական գնահատումներ[26]։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը գերմանական հասարակական կազմակերպություն է հիմնադրված 1993 թվականին, կազմակերպության հիմնական նպատակն է հակակոռուպցիոն միջոցառումներով գլոբալ կոռուպցիայի դեմ պայքարն ու կոռուպցիոն հանցագործությունների կանխումը[27]։ Կազմակերպության առաքելությունն է կանխել կոռուպցիան և նպաստել թափանցիկությանը, հաշվետվողականությանը և արժանապատվությանը բոլոր մակարդակներում և հասարակության բոլոր շերտերում։ Նրանցտեսլականը մի աշխարհ է, ուր կառավարությունը, բիզնեսը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքականությունը և մարդկանց առօրյա կյանքը զերծ է կոռուպցիայից։Կազմակերպության արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, արժանապատվությունը, համերաշխությունը, խիզախությունը, արդարությունը և ժողովրդավարությունը[28]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Անգլերեն-հայերեն բառարան, Հ.Ա. Ասմանգուլյան և Մ.Ի. Հովհաննիսյան». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն». transparency.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Stephenson, Matthew (2014 թ․ մայիսի 27). «Klitgaard's Misleading "Corruption Formula"». GAB (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: Text "The Global Anticorruption Blog" ignored (օգնություն) - ↑ 5,0 5,1 Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվեցիա
- ↑ «Corruptionary A-Z». Transparency.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Anti-corruption, Final version,UNDP, February 2003
- ↑ Von Alemann, Ulrich (2004). "The unknown depths of political theory: The case for a multidimensional concept of corruption.". էջեր Crime, Law and Social Change no. 42.
- ↑ Heidenheimer, Arnold J., Michael Johnston, and Victor T. Le Vine. Political corruption : a handbook. New Brunswick, U.S.A. էջ 7.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ménissier, Thierry (2013). Corruption, Virtue and Republic in Machiavelli’s Work. South-East European Journal of Political Science. էջ 6.
- ↑ «What is public sector corruption?» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
{{cite web}}
: Text "Space for Transparency" ignored (օգնություն) - ↑ «Private sector - Corruptionary A-Z» (անգլերեն).
- ↑ «Political corruption - Corruptionary A-Z» (անգլերեն).
- ↑ Hub, Knowledge (2020 թ․ հուլիսի 26). «Transparency International Knowledge Hub». Knowledge Hub (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն». transparency.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն». transparency.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Global Corruption Barometer». Transparency.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվեցիա
- ↑ 20,0 20,1 Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում, Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի չորրորդ փուլ, զեկույց
- ↑ «Ինչ է ԱՃԹՆ-ն - Eiti.am». www.eiti.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «ԱՃԹՆ-ի պատմությունը - Eiti.am». www.eiti.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Նախաձեռնության մասին - Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան». www.ogp.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Նախաձեռնության մասին - Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան». www.ogp.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «UNODC ROEA Objective». www.unodc.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարը. Երևան. 2016. էջ 8.
{{cite book}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Our story». Transparency.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Mission, Vision, Values - The Organisation». Transparency.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակակոռուպցիոն բլոգ
- Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
- http://www.un.am/res/UN%20Treaties/XI_9.pdf Արխիվացված 2020-01-13 Wayback Machine
- https://transparency.am/hy/resources/international-organizations
- https://www.coe.int/en/web/greco
- https://www.oecd.org/corruption/acn/istanbulactionplancountryreports.htm
- https://www.opengovpartnership.org/
- http://www3.weforum.org/docs/WEF_TheGlobalCompetitivenessReport2019.pdf
- https://www.undp.org/content/undp/en/home/librarypage/democratic-governance/anti-corruption/user-s-guide---measuring-corruption-and-anticorruption.html Արխիվացված 2020-07-26 Wayback Machine
- https://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Armenia-4th-Round-Monitoring-Report-July-2018-ENG.pdf
- https://knowledgehub.transparency.org/helpdesk/latest-trends-in-corruption-measurement-and-analysis
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռուպցիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռուպցիա» հոդվածին։ |