Երևանի կուսակալություն
Երևանի կուսակալություն (պարս.՝ بیگلربیگی ایروان՝ Beglarbegi-e Īravān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ իշխանություն էր 1501-1724 թվականներին։ Թուրքմենական ակկոյունլուների տերության հաղթանակ տանելով[1]՝ Սեֆյան պետության հիմնադիր շահ Իսմայիլը 1501 թվականին այն միացրել է Պարսկաստանին[2]։ Հաջորդ տարի ձևավորվել է Երևանի կուսակալությունը[1]՝ թուրքմենական համանուն կուսակալության կամ Չուղուր-Սաադի տարածքի վրա[2][3][4]։
| |||
Կարգավիճակ | կուսակալություն | ||
Մտնում է | Իրան | ||
Ներառում է | Այրարատ և Սյունիքի մի մասը | ||
Վարչկենտրոն | Երևան | ||
Խոշորագույն քաղաք | Երևան | ||
Հիմնական լեզու | Պարսկերեն, | ||
Բնակչություն | 500 000 | ||
Ազգային կազմ | հայեր, թուրքեր, պարսիկներ, քրդեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Շիա իսլամ Սուննի իսլամ | ||
Տարածք | 45 000 | ||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 5,165 մ | ||
Հիմնադրված է | 1502-1724 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Այրարատ | ||
Կուսակալության տարածքը կազմել է շուրջ 45 000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգը՝ Արարատյան դաշտը, Շիրակը և Վանանդը, Արարատ և Արագած լեռները, Սևանի ավազանը, ինչպես նաև՝ Նախիջևանի հովիտը[2][5]։ Այժմ հիմնականում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածին, բացի Արարատ լեռից և Կարսի մարզից, որոնք ամբողջությամբ պատկանում են Թուրքիային[5], և Նախիջևանից, որը ինքնավար հանրապետություն է Ադրբեջանի կազմում[5]։
1723-1728 թվականների թուրք-պարսկական պատերազմի արդյունքում Երևանը միացվել էր Օսմանյան կայսրությանը։ 1736 թվականին Նադիր շահը այն կրկին միացրել է Իրանին։ 1747 թվականին կուսակալության տարածքի վրա ստեղծվում են Երևանի և Նախիջևանի խանությունները։
Երևանի կուսակալությունը 16-րդ դարում։ Երևանի բերդի հիմնադրումը
խմբագրել15-րդ դարում՝ Կարակոյունլուների և Ակկոյունլուների տերությունների տիրապետության ժամանակաշրջանում, անկում են ապել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունը (1453) և Վրացական թագավորությունը (1490)[4][5]։ Հայաստանի բոլոր թագավորական ու խոշոր իշխանական գերդաստանները հեռացել էին պատմության ասպարեզից[4][5]։ Զարգացած միջնադարի վերջին ազնվական ծագում ունեցող նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները, որոնք առաջացել էին վրաց Բագրատունիների հովանավորության տակ Զաքարյան իշխանապետության տարածքում, հետզհետե անկում էին ապրում[1][4]։ Այսպիսի պայմաններում 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ[1][4][6] հայ ժողովրդի ազատագրական պայքարը ղեկավարում է Հայ Առաքելական եկեղեցին. 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխվում է Վաղարշապատ։ Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին[4]։
Այդ ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում առաջանում ու հզորանում են երկու աշխարհակալ կայսրություններ՝ Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան[1][2][3]։ Սեֆյան պետության հիմնադիր Շահ Իսմայիլ I-ը (1502- 1524) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ 16-րդ դարի սկզբներին հիմնադրում է մի հսկայական երկիր, որի մեջ մտան Պարսկաստանը, Միջագետքը, Ատրպատականը և Վրաստանն ու Հայաստանը[2][3]։ 15-րդ դարի վերջերին սուլթանական Թուրքիան իր արևելյան սահմանն է դարձնում Եփրատ գետը[3]՝ Մեծ Հայքի արևմտյան սահմանագիծը[5]։ Հայաստանը դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ[5]։
Մինչև Սեֆյան Իրանին միանալը Երևանի կուսակալությունը ավելի քան 100 տարի առաջ հիմնադրել և ղեկավարում էին թուրքմենական կարակոյունլու[4], ապա՝ ակկույունլու ցեղերը[1][2]։ Բառացի նրանց անունները թարգմանվում էին որպես սև և սպիտակ ոչխար արածեցնողներ։ Թուրքմենական մի քանի ցեղեր 14-րդ դարի վերջերին արդեն միավորված էին ոմն Ամիր-Սաադի իշխանության ներքո, և դրանք իրենց ցեղապետի անունով հետագայում կոչվեցին սաադլուներ[2][3][4]։ Նրանք կազմեցին մի կուսակալություն, որը Ամիր-Սաադի անունով օտարները կոչեցին Չուխուր-Սաադ կամ Չուղուր-Սաադ[4], իսկ հայերը՝ Սաաթի փոս կամ Սահաթափոս (Սաադի փոս)[2][3]։ Այդ կուսակալության Չուգուր-Սաադ անունը գործածական է եղել պարսկական ու թուրքական մատենագրության մեջ։ Պարսկական մատենագրության մեջ «Չուխուր-Սաադը» թարգմանվել է «Երջանիկ փոս» կամ «Երջանիկ հովիտ» իմաստով։ 16-18-րդ դարերում Չուղուր-Սաադը շարունակվում է որոշ չափով գործածական մնալ թուրքական ու պարսկական աղբյուրներում՝ ընդհուպ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելը[3]։ Պարսկական տիրապետության շրջանում վարչատարածքային այդ միավորը սովորաբար կոչվում էր կենտրոնի՝ անունով Երևանի բեկլարբեկություն[2]։
Հերթական թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ 1582-1583 թվականներին օսմանցիները գրավում են Երևանը։ Զորահրամանատար Ֆարհադ փաշա Հրազդան գետի ափին՝ շուրջ հազարամյա հայկական ամրոցի հիմքերի վրա կառուցել է տալիս Երևանի բերդը[3]։ Այն արտաքուստ շրջապատված էր Գետառի ջրերով լցված խանդակով և հողե պաշտպանական շերտով։ Բերդի բնակիչները մուսուլմաններ էին՝ պարսիկներ, թուրքեր և քրդեր ՝ շուրջ 800 տուն[2]։ Այն հաճախ վտանգ էր ներկայացնում Երևանի և շրջակա գյուղերի հայ բնակչությանը[2][5]։ Բերդի պատերի բարձրությունը 10.5-12 մետր էր[3]։
Երևանի կուսակալությունը 17-րդ դարում։ Կուսակալության կործանումը
խմբագրել1604 թվականին վերջնականապես Երևանը անցնում է Պարսկաստանի տիրապետության տակ։ Շահ Աբբասը կուսակալ է նշանակում Ամիրգունա խանին (1604-1628), ում օրոք կառուցվում է Երևանի պարիսպների երկրորդ գիծը։ 1603-1604 թվականների բռնագաղթի հետևանքով կուսակալության տարածքը ոչ միայն հայաթափվել էր, այլև ավելի քան կիսով չափ դատարկվել[2]։ Վերաբնակեցված կամ արդեն հաստատված մուսուլմանների ընդհանուր քանակը ամբողջ կուսակալությունում չէր հասնում 100 հազարի։ 1639 թվականին տեղի է ունենում Հայաստանի չորրորդ բաժանումը[4]. Երևանի կուսակալությունից անջատվում է Կարսի շրջանը[2]։ Սկսում է հարաբերական հանգստի ժամանակաշրջան՝ մինչև 1723 թվականը, երբ թուրքերը կրկին արշավում են Պարսկաստան, հայերի դիմադրությունից հետո գրավում են Երևանը և վերացնում Երևանի կուսակալությունը[3][4][5]։
Այսպիսով, 17-րդ դարում Երևանի կուսակալությունը գոյատևում էր որպես մուսուլմանական երկրամաս։ Կուսակալի իշխանությունը ամրապնդում էին քուրդ աղաները և թուրք բեյերը։ 17-րդ դարի վերջին Պարսկաստանում ճամփորդած նկարիչ Ժան Շարդենը պատմում է Երևանի բերդի մասին։ Նրա այցից մի քանի տարի անց ուժեղ երկրաշարժ է լինում և Երևանի բերդը քանդվում է[2]։ Հայ բնակչությանը կեղեքելով՝ կուսակալները ամբողջությամբ վերականգնում են նախկինը։ 1724 թվականի թուրքական արշավանքի ժամանակ հայերը հերոսաբար պաշտպանվում են[5]։ Սակայն երբ ավարտվում են սննդի և զենքի պաշարները, կուսակալը համաձայնության է գալիս թուրքական զորահրամանատարի հետ և բացում քաղաքի դարպասները[2]։ Թուրքերը կոտորում են առանց այդ էլ փոքրաքանակ հայությանը[5], իսկ վերջին կուսակալը հանգիստ տեղափոխվում է Իրան։ Նախքան 1604 թվականը պահպանվել են մի քանի կուսակալների անուններ (Սուլթան Ռումլու՝ 1516-1527, Շահղուլի Սուլթան Ուսթաջլու, Թոխմախ խան Ուսթաջլու՝ 1568-75 և 1575-83, Աբու Թորաբ Սուլթան և Խալիլ խան Աֆշար՝ 1575-1583): 1604-1724 թվականներին Երևանում իշխել են հետևյալ 15 կուսակալները[3][4]՝
- 1604-1628 Ամիրգունա խան
- 1628-1634 Թահմասպ-ղուլի խան
- 1636-1641 Կալբալի խան
- 1641-1645 Քեթուկ Ահմեդ խան
- 1645-1650 Խոսրով խան
- 1650-1655 Մեհմեդ խան
- 1655-1660 Նաջաֆ խան
- 1660-1665 Աբբաս-ղուլի խան
- 1665-1670 Սեֆի-ղուլի խան 1
- 1670-1675 Սեֆի-ղուլի խան 2
- 1675-1680 Զալ խան
- 1680-1682 Մուրթազա-ղուլի հան
- 1682-1688 Մեհմեդ խան
- 1688-1710 Ֆարզալի խան
- 1710-1724 Ամիրգունա խան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Всемирная история. - М., 1957.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 http://armenianhouse.org/hakobyan-t/yerevan/title.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Հայկական սովետական հանրագիտարան
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
Արևելյան Հայաստան Երևանի կուսակալություն
(1502-1724)Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)Կարսի վիլայեթ
(1639-1878)
ԹուրքիաԵրևանի խանություն
(1747-1828)Նախիջևանի խանություն
(1747-1828)Ղարաբաղի խանություն
(1747-1822)Գանձակի խանություն
(1747-1804)Հայկական մարզ
(1828-1840)Ղարաբաղի գավառ
(1822-1840)Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)Վրացաիմերեթական նահանգի մաս Կասպիական մարզի մաս Կարսի մարզ
(1878-1918)Երևանի նահանգ
(1849-1918)Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)Հայաստան (1918-1920)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |