ՆԱՍԱ
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն (ՆԱՍԱ) (անգլ. National Aeronautics and Space Administration, կրճատ՝ NASA), գործակալություն, որը պատկանում է ԱՄՆ դաշնային կառավարությանը, ենթարկվում է անմիջականորեն ԱՄՆ փոխ-նախագահին և 100% ֆինանսավորվում է ԱՄՆ պետական բյուջեից։ Պատասխանատու է երկրի քաղաքացիական տիեզերական ծրագրերի համար։ ՆԱՍԱ-ի և նրա ստորաբաժանումների կողմից, այդ թվում նաև բազմաթիվ աստղադիտակների և ինտերֆերոմետրերի միջոցով ստացված լուսանկարները և տեսանյութերը հրապարակվում են որպես հասարակական ունեցվածք և կարող են ազատ պատճենվել։
ՆԱՍԱ | |
---|---|
Կարգախոսը | «Ի շահ բոլորին» (For the Benefit of All) |
Գործունեությունը | տիեզերական հետազոտություններ |
Ստեղծման ամսաթիվը | 29 հուլիսի 1958 թ. |
Իրավանախորդը | Օդագնացության ազգային խորհրդատվական կոմիտե (3 մարտի 1915 թ.) |
Ենթարկվում է | ԱՄՆ փոխ-նախագահ ԱՄՆ կառավարություն |
Գլխավոր գրասենյակ | ԱՄՆ Վաշինգտոն (Կոլումբիա) |
Ղեկավարը | Չարլզ Բոլդեն (Charles F. Bolden, Jr.) |
Ոլորտը | Աերո-տիեզերական |
Ծրագրերը | Մերկուրի Ջեմինի Ապոլոն Սքայլաբ Սփեյս Շաթլ |
Աշխատակիցներ | 18800 (11 հունվարի 2011) |
Բյուջեն | 17,6 միլիարդ դոլար (փետրվար 2009) |
Պատմություն
խմբագրելՆԱՍԱ-ն ստեղծվել է 1958 թվականի հուլիսի 29-ին ՕԱԽԿ-ի ուժեղացման և վերանվանման միջոցով։
Իրականացրած ծրագրերը
խմբագրելՄերկուրի (1959-63 թթ.)
խմբագրել«Մերկուրի» | |
---|---|
անձնակազմ | 1 մարդ |
զանգված | 1355 կգ |
երկարություն | 4,04 մ |
մեծագույն տրամագիծ | 1,89 մ |
բնակելի ծավալ | 1,7 մ3 |
թռիչքի տևողություն | 1 օր |
կրող հրթիռներ | «Ռեդսթոուն» «Ատլաս Դ» |
Մերկուրի, (անգլ.՝ Mercury) - ԱՄՆ առաջին տիեզերագնացների թռիչքների տիեզերական ծրագիր։ «Ռեդսթոուն» և «Ատլաս Դ» կրող հրթիռների ցածր բեռնատարողության պատճառով «Մերկուրի» պարկուճների հնարավորությունները չափազանց սահմանափակ էին և իրենց տեխնիկական հագեցվածությամբ զգալիորեն զիջում էին սովետական «Վոստոկ» տիեզերանավերին։ Այնուամենայնիվ ծրագրի ընթացքում փորձարկվեցին տիեզերանավի կողմնորոշման մեթոդները և ստացվեց զգալի տեխնիկական և բուժա-բիոլոգիական փորձ, որոնք օգտագործվեցին «Ջեմինի» և «Ապոլոն» ծրագրերում։ Բացի այդ, աստրոնավտները վայրէջք էին կատարում իջեցվող սարքի խցիկում, այլ ոչ թե կատապուլտով դուրս էին թռնում տիեզերանավից, ինչպես «Վոստոկ»-ներում։ «Մերկուրի» տիեզերանավերը զգալիորեն փոքր ու թեթև էին «Վոստոկ»-ներից, արգելակման շարժիչը պինդ վառելանյութով էր աշխատում, տիեզերագնացը ավելի շատ էր մասնակցում տիեզերանավի թռիչքի կառավարմանը քան «Վոստոկ»-ներում, որոնք չափազանց ավտոմատացված էին։ Այս ծրագրով թռիչքների ամբողջ գումարային ժամանակը երկու օրից ավելին է։
Ջեմինի (1961-66 թթ.)
խմբագրել«Ջեմինի» | |
---|---|
անձնակազմ | 2 մարդ |
զանգված | 3851 կգ |
երկարություն | 5.67 մ |
առավելագույն տրամագիծ | 3.05 մ |
բնակելի ծավալ | 2.55 м3 |
թռիչքի տևողություն | 14 օր |
կրող հրթիռ | Տիտան 2 |
Ջեմինի (անգլ.՝ Gemini), ԱՄՆ տիեզերագնացների թռիչքների տիեզերական ծրագիր։ «Ջեմինի» շարքի տիեզերանավերը «Մերկուրի»-ների շարունակությունն էին, սակայն ունեին զգալիորեն ավելի մեծ հնարավորություններ (2 անձնակազմի անդամ, ավելի երկար ավտոնոմ թռիչքի հնարավորություն, ուղեծրի փոփոխության հնարավորություն և այլն)։ Այս ծրագրի ընթացքում փորձարկվեցին մոտեցման և կցման մեթոդները, առաջին անգամ պատմության մեջ կատարվել է տիեզերական սարքերի կցում։ Կատարվեցին մի քանի ելքեր բաց տիեզերք, սահմանվեց այն ժամանակվա թռիչքի տևողության ռեկորդը։ Այս ծրագրով թռիչքների ամբողջ գումարային ժամանակը կազմեց ավելին քան 41 օր։ Գումարային բաց տիեզերքում անցկացրած ժամանակը 10 ժամ։ Ջեմինի ծրագրի իրականացման ընթացքում ստացված փորձը օգտագործվեց Ապոլոն ծրագրի իրականացման ընթացքում։
Ապոլոն (1961-72 թթ.)
խմբագրելԱպոլոն ծրագիր - ՆԱՍԱ-ի տիեզերագնացների թռիչքների տիեզերական ծրագիրը, հաստատվել է 1961 թվականին՝ Լուսնի վրա մարդու առաջին վայրէջքը իրականացնելու համար (Ապոլոն-11) և ավարտվել է 1975 թվականին։ Նախագահ Ջոն Քենեդիին այս նպատակը նշեց 1961 թվականի սեպտեմբերի 12-ի իր ելույթում, որը իրականացվեց 1969 թվականի հուլիսի 20-ին Ապոլոն-11-ի առաքելության ժամանակ, Նիլ Արմսթրոնգի և Բազ Օլդրինի վայրէջքով։ Սրանից բացի Ապոլոն ծրագրի շրջանակներում կատարվեցին ևս հինգ հաջողված աստրոնավտների վայրէջքներ Լուսնի վրա, վերջինը 1972 թվականին։ Այս վեց թռիչքները Ապոլոն ծրագրով այս պահին միակն են մարդկության պատմության ընթացքում, երբ մարդիկ վայրէջք են կատարել այլ երկնային մարմնի վրա։
Սոյուզ - Ապոլոն (1972-75 թթ.)
խմբագրել«Սոյուզ» - «Ապոլոն» փորձնական նախագիծ (անգլ.՝ Apollo-Soyuz Test Project (ASTP) ռուսերեն` Экспериментальный полёт Союз - Аполлон (ЭПАС)), սովետական «Սոյուզ-19» տիեզերանավի և ամերիկյան «Ապոլոն» տիեզերանավի համատեղ փորձնական թռիչքի ծրագիր։
Ծրագիրը հաստատվել է 1972 թվականի մայիսի 24-ին ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության համաձայնագրով տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման մասին։
Ծրագրի հիմնական նպատակներն էին`
- համատեղ մոտեցման համակարգերի փորձարկումը ուղեծրում;
- ակտիվ-պասիվ կցման ագրեգատների փորձարկում;
- մեկ տիեզերանավից մյուս տիեզերագնացների անցման ապահովման համար տեխնիկայի և սարքավորումների փորձարկում;
- ՍՍՀՄ և ԱՄՆ համատեղ թռիչքների կատարման փորձի կուտակում։
Բացի այդ ծրագիրը նախատեսում էր կցված տիեզերանավերի կողմնորոշման ղեկավարման հնարավորությունների ուսումնասիրություն, միջտիեզերանավային կապի և սովետական և ամերիկյան թռիչքների կառավարման կենտրոնների գործողությունների կոորդինացիայի փորձարկում։
Սքայլաբ
խմբագրելՍքայլաբ (անգլ.՝ Skylab, անգլ.՝ sky laboratory (թարգմանաբար՝ երկնային լաբորատորիա)), ամերիկյան ուղեծրային կայան, նախատեսված տեխնիկական, աստղաֆիզիկական, կենսա-բժշկական հետազոտությունների, ինչպես նաև Երկրի դիտարկումների համար։ Արձակվել է 1973 թվականի մայիսի 14-ին, ընդունել է երեք արշավախումբ 1973 թվականի մայիսից մինչև 1974 թվականի փետրվարը, իջել է ուղեծրից և ոչնչացել 1979 թվականի հուլիսի 11-ին։
Երկարությունը 24,6 մ, մեծագույն տրամագիծը 6,6 մ, զանգվածը - 77 տ, ներքին ծավալը 352,4 մ³: Ուղեծրի բարձրությունը 434 - 437 կմ (պերիգեյ-ապոգեյ), թեքումը 50°: Ընդհանուր առմամբ կայան են այցելել երեք արշավախումբ։ Արշավախմբերի հիմնական նպատակն էր անկշռությանը մարդու հարմարվողականության ուսումնասիրությունները և գիտական փորձերի իրականացումը։
Առաջին արշավախումբը (Չարլզ Կոնրադ, Փոլ Ուայթց, Ջոզեֆ Կերվին) շարունակվեց 28 օր (24.05.1973 - 22.06.1973) և ուներ ոչ այնքան գիտական, այլ վերանորոգողական բնույթ։ Դեպի բաց տիեզերք կատարված մի քանի ելքերի ընթացքում աստրոնավտները բացեցին չբացված արևային մարտկոցը և վերականգնեցին կայանի ջերմակարգավորումը։
Երկրորդ արշավախումբը Ալան Բինի, Ջեք Լասումայի և Օուեն Գերրիոտի մասնակցությամբ կայան ժամանեց 28.07.1973 և անցկացրեց ուղեծրում արդեն 59 օր։
Երրորդ և վերջին արշավախումբը (Ջերալդ Կարր, Էդվարդ Գիբսոն, Վիլիամ Պոուգ) մեկնարկեց 1973 թվականի նոյեմբերի 16-ին և սահմանեց մարդու տիեզերքում անցկացնելու բացառիկ ռեկորդ - 84 օր։
Սփեյս Շաթլ (1972-2011 թթ.)
խմբագրելՏիեզերական տրանսպորտային համակարգ (անգլ.՝ Space Transportation System), ավելի հայտնի է որպես՝ Սփեյս Շաթլ (անգլ.՝ Space shuttle - տիեզերական մաքոք), ամերիկյան բազմակի օգտագործման տիեզերանավ։ Շաթլները տիեզերական տարածություն էին արձակվում էին կրող հրթիռների միջոցով, տիեզերքում կատարում էին տեղաշարժումներ տիեզերանավի նման և վերադառնում էին Երկիր՝ ինքնաթիռի նման։
Ենթադրվում էր, որ շաթլները հաճախակի կթռչեին Երկրի ուղեծրի և մակերևույթի միջև՝ երկու ուղղություններով օգտակար բեռներ տեղ հասցնելով։ Նախագծման ընթացքում նախատեսվել է, որ ամեն մի շաթլ դեպի տիեզերք պետք է կատարեր մինչև 100 թռիչք։ Սակայն, գործնականում նրանք օգտագործվեցին զգալիորեն ավելի քիչ։ 2011 թվականի մարտի տվյալներով ամենաշատ թռիչքներ իրականացրել է «Դիսքավերի» շաթլը՝ 39 թռիչք։
Ծրագիրը ավարտվել է 2011 թվականին, բոլոր գործող տիեզերանավերը ուղարկվել են թանգարաններ։ Վերջին թռիչքը կատարել է «Ատլանտիս» շաթլը՝ վայրէջքը եղավ 2011 թ. հուլիսի 21-ին։
Միջազգային տիեզերակայան (1993 թ.-Մինչև օրս)
խմբագրելՄիջազգային տիեզերակայանը (կրճատ՝ ՄՏԿ, անգլերեն` International Space Station, կրճատ` ISS, ռուսերեն` Междунаро́дная косми́ческая ста́нция, կրճատ` МКС) որպես բազմանպատակ հետազոտական համալիր օգտագործվող ուղեծրակայան է։
Կառավարումն իրականացվում է համատեղ՝ Հյուսթոնի թռիչքների կառավարման կենտրոնից և Կորոլյովի տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնից։ Ստեղծվել է սովետական, ապա՝ ռուսական Միր-2 կայանի, Եվրոպական Կոլամբուս կայանի և ճապոնական Կիբո լաբորատորային մոդուլի հետ համատեղ։
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 516)։ |