Ընտրական վարք

քաղական վարքի տեսակ

Ընտրական վարք (անգլ.՝ voting behavior), քաղաքական վարքի դրսևորման տարատեսակ գործընթաց, որում արտահայտվում են քաղաքական նախապատվությունները, ինչպես նաև բնակչության ընտրություններին մասնակցելու և որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին քվերակելու ցանկությանը: Շատ հաճախ քաղաքական գիտություններում այս տերմինը օգտագործում են միայն ցույց տալու համար, թե ինչպես է ձևավորվում քաղաքացիների որոշումը որևէ թեկնածուի օգտին քվեարկելիս: Ավելին` ընտրությունների ընթացքում ընտրողների ակտիվության բնորոշման համար շատ հաճախ կարելի է հանդիպել ընտրական մասնակցություն, ընտրական ակտիվություն և աբսենտեիզմ տերմիններին:

Ընտրական վարքի տեսակներըԽմբագրել

Գոյություն ունեցող գրականության մեջ չկա ընտրական վարքի հստակ տիպաբանություն, սակայն տարբեր մակարդակներում անցկացվող 1) նախագահական, 2) խորհրդարանական, 3) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում և հանրաքվեների ընթացքում մարդիկ դրսևորում են միմյանցից տարբերվող ընտրական վարք: Նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկելիս մարդիկ հիմնականում առաջնորդվում են իրենց քաղաքական հայացքներով և դիրքորոշումներով: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տարածաշրջանային մակարդակի ընտրութունները տարբերում են, քանի որ շատերը ձգտում են ընտրել նրանց, ում միջոցով կարող են իրենց գործունեության բնագավառում աջակցություն ստանալ: Հանրաքվեն այլ տրամաբանություն ունի, քանի որ մարդիկ ընտրություն են կատարում՝ դեմ կամ կողմ քվեարկելով որևէ հարցի շուրջ[1]:

Ընտրական մշակույթԽմբագրել

Ընտրական վարքի ձևավորումը առաջին հերթին պայմանավորված է երկրում ձևավորված ընտրական մշակույթով: Ընտրական մշակույթը անմիջականորեն կապված է և համարվում է քաղաքական մշակույթի տարատեսակ դրսևորում[2]: Որքան արդար և թափանցիկ է ընտրությունների անցկացման գործընթացը որևէ երկրում, այնքան մեծ վստահությամբ կարելի է խոսել այդ երկրում ձևավորված ընտրական մշակույթի մասին[3]: Ընտրական մշակույթի մեջ շեշտադրվում են ընտրություններին քաղաքացիների քվեարկության կարևորության, դրա գաղտնիության ապահովման և գիտակցված ընտրություն կատարելու դրույթները, ինչպես նաև արդյունքների նկատմամբ ցուցաբերվող հասարակական վստահության անհրաժեշտությունը [4]: Ընտրական մշակույթի և իրավունքների փոխկապվածության և փոխազդեցության հիմնախնդիրների ուսումնասիրությունը առանձնակի կարևորություն ունի, քանի որ դրանք ժողովրդավարական գործընթացների գլխավոր ցուցիչն են: Ավելին՝ ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը ենթադրում է ընտրական համակարգի այնպիսի տիպ, որը ապահովում է լեգիտիմ իշխանական մարմինների ձևավորում և քաղաքացիների ազատ կամարտահայտում: Ընդ որում այս գործընթացում շեշտադրվում է նաև ընտրողների քաղաքացիական իրազեկումը, որը ենթադրում է տեղեկատվության մատուցում քվեարկության ողջ ընթացքի, քվեաթերթիկների լրացման, ընտրացուցակներում ընդգրկվելու, ընտրարշավի և ընտրությունների ընթացքում ծագող բոլոր հարցերի շուրջ, ինչպես նաև ընտրություններին մասնակցության կարևորության և գաղտնիության ապահովման վերաբերյալ մի շարք այլ հարցեր [5]:

Ընտրական վարքի վրա ազդող գործոններԽմբագրել

Ընդհանուր առմամբ ընտրական վարքը բարդ գործընթաց է, որը ենթադրում է մի խումբ կարճաժամկետ և երկարաժամկետ գործոնների ազդեցություն և որպես այդպիսին ընտրական վարքի ուսումնասիրությունը համեմատաբար նոր երևույթ է: Վերջինիս անհրաժեշտությունը նկատվել է քաղաքական թատերաբեմում լայնածավալ ընտրազանգվածների դերակատարության բարձրացմամբ: Ընտրական վարքի ուսումնասիրման սկիզբը դրվել է հայտնի ֆրանսիացի ազգագրագետ Անդրե Զիգֆրիդի կողմից, ով համարվում է «ընտրական աշխարհագրություն» ուղղության հիմնադիրը: Զիգֆրիդը առաջին անգամ շրջանառության մեջ դրեց այս տերմինը, որով բացատրում էր բնական միջավայրի բնորոշիչների և ընտրությունների արդյունքների միջև փոխպայմանավորվածությունը: Զիգֆրիդի կարծիքով բնակչության քաղաքական հայացքների ձևավորումը, որն ընկած է ընտրական վարքի հիմքում, պայամանավորված է բազմաթիվ գործոններով, այդ թվում երկրի ձևավորման պատմական, ադմինիստրատիվ և սոցիալ-քաղաքական առանձնահատկություններով, դրա սոցիալական կառուցվածքով, կրոնական նախապատվություններով, արտաքին միջավայրի ազդեցությամբ, ինչպես նաև հետազոտվող օբյեկտի ունակությամբ հակազդելու նմանատիպ ազդեցություններին: Սոցիալական գործոնները Զիգֆրիդը անմիջականորեն բխեցնում էր աշխարհագրականից: Ուսումնասիրելով Ֆրանսիայում ընտրողների վարքը Երրորդ Հանրապետության ժամանակ` Զիգֆրիդը փորձեց բացատրել, թե ինչու են քաղաքական հայացքների բնույթը տարբեր տարածքներում մնում անփոփոխ, չնայած ոչ ստաբիլ և հաճախ փոփոխվող կուսակցական կառույցների և կուսակցական համակարգի գոյության: Նա բացատրում էր անհատական վարքի կայունությունը բնական և սոցիալական պայմանների համադրությամբ և տեսնում էր բնական պայմաններում, օրինակ՝ այս կամ այն շրջանի երկրաբանական առանձնահատկություններում, հիմնական նախադրյալները սոցիալական և քաղաքական վարքի ձևավորման համար: Զիգֆրիդի աշխատանքները բազմաթիվ հետազոտությունների անցկացման սկիզբ հանդիսացան, որոնք ուղղված էին ընտրական վարքի և մարդկանց կեցության օբյեկտիվ պայմանների միջև կապերի բացահայտմանը[6]: Ազատ և արդար ընտրությունների անցկացումը ենթադրում է մի շարք փոխպայմանավորող գործոնների առկայություն, ինչպիսիք են անկողմնակալ ընտրական դաշտ, վստահելի ընտրական վարչակարգ, ընտրական գործընթացի արդյունավետ վերահսկողություն, իրազեկ և ակտիվ քաղաքացիներ, ներկայացուցչական և մրցունակ բազմակուսակցական համակարգ՝ թափանցիկ, բաց և հաշվետու կուսակցություններով[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Andreadis, Ioannis; Chadjipadelis, Th (2006). Differences in voting behavior (pdf). Fukuoka, Japan: Proceedings of the 20th IPSA World Congress. pp. 1–13. July 9–13, 2006.
  2. http://politike.ru/termin/elektoralnaja-kultura.html
  3. 4. Օրդուխանյան Է.; Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում; Երևան 2012
  4. Погорелый Е.Д., Филиппов К.В., Фесенко В.Ю. Политологический словарь-справочник. Ростов н/Д : Феникс, 2010 http://politike.ru
  5. Мерло П. Электоральная практика, права человека и общественное доверие к демократической системе // Политические исследования. – 1995. - №4. - С.130.
  6. Охременко И.В. Электоральное поведение: теория вопроса: Учебное пособие: В 2 ч. Ч.1. - Волгоград: Изд-во ВолГУ, 2002; стр. 5
  7. Հանսեն Հ. Ընտրությունների անաչառ և հավասարակշռված լուսաբանում. Ձեռնարկ լրագրողների համար, Էջ7