Պահլավունիներ, միջնադարյան հայ ազնվական իշխանական ընտանիք էր, որը հայտնի դարձավ 10-րդ դարի վերջում՝ Բագրատունի թագավորության կառավարման վերջին տարիներին[1]։

Ըստ հին տեղեկությունների, Պահլավունիները սերել են Պարթևաց Արշակունիների տոհմաճյուղերից՝ Սուրենյան և Կարենյան Պահլավիկներից։ Պարթև Արշակունիների տապալումից և Սասանյան նոր արքայատան հաստաաումից հետո Կարենյան Պահլավիկներր փորձել են Իրանից անցնել Հայաստան, սակայն կոտորվել են գաղթի ճանապարհին։ Փրկվածներից Պերոզամատը փախել է Միջին Ասիա։ Պերոզամատի որդի Կամսարը III դ․ վերջին եկել է Հայաստան, Տրդատ Գ Մեծից կալվածներ ստացել Երասխաձորում ու Շիրակում, դարձել Կամսարականներ հայ տոհմաճյուղի հիմնադիրը։ III դ․ կեսին Հայաստանում ապաստանած Սուրենյան Պահլավիկներր ոչնչացվել են 259 թվականին, երբ այդ տոհմի նահապետ Անակ Պարթևը Սասանյանների հրահրմամբ դավադրաբար սպանել է Հայոց թագավոր Խոսրով Ա Մեծին։ Փրկվել է միայն Անակ Պարթևի մանկահասակ որդի Սուրենը, որը դաստիարակվելով ու կրթվելով Կեսարիայի քրիստոնեական համայնքներից մեկում, մկրտվել է Գրիգոր անունով, դարձել նոր տոհմի հիմնադիրը, թեև նրա սերունդը շարունակել է կրել պապենական Պահլավունի տոհմանունը։

Այդ տոհմաճյուղի ևս հինգ ներկայացուցիչներ (Արիստակես Ա Պարթև, Վրթանես Ա Պարթև, Հուսիկ Ա Պարթև, Ներսես Ա Մեծ, Սահակ Ա Պարթև) IV - V դդ․ ժառանգական իրավունքով աթոռակալել են որպես Հայոց կաթողիկոսներ․ Գրիգոր Ա Լուսավորչի թոռներից Գրիգորիսը համարվում է Աղվանից եկեղեցու հիմնադիր եպիսկոպոսը։ Պահլավունիների Գրիգորյան տոհմաճյուղն արական գծով սպառվել է Սահակ Ա Պարթևի մահով, նրա միակ դուստր Սահականույշն ամուսնացել է Համազասպ Մամիկոնյանի հետ, և այդ տոհմի կալվածներն անցել են Մամիկոնյաններին։

Կամսարական Պահլավունիները IX դ․ 1-ին կեսից հետո այլևս չեն հիշվում։ Այնուհետև Պահլավունիների շառավիղները հիշատակվում են X դարից։ Նոր Պահլավունիների գլխավոր ճյուղերից մեկի նախնի է համարվում Արտակ իշխանը (X դ․ սկիզբ), որն աղբյուրներում հիշվում է Կամսարյան։ Արտակի, ինչպես նաև նրա որդի Ապուղամրի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել։ Ապուղամրի որդի Գրիգոր Համզեն (941 - 982) հոր հիշատակին Անի քաղաքում կառուցել է Ապուղամրենց Սուրբ Գրիգոր տոհմական եկեղեցին, իր Շուշան տիկնոջ հետ հիմնել կամ նորոգել է այլ վանքեր, փրկագնել հայ գերիների, խնամել որբեր ու աղքատներ։

Գրիգոր Համզեի ու Շուշանի որդիներն էին՝ Վահրամը, Վասակ Հոլումը, Ապլղարիպը, Տիգրանը, Գրիգոր Համզե Մանուկը և դուստրը՝ Սեդան։ Հայոց սպարապետ և Իշխանաց իշխան Վահրամ Պահլավունին շուրջ 60 տարի առաջնորդել է հայկական զորաբանակը, իր Վասակ Հոլում և Ապլղարիպ եղբայրների, ինչպես նաև Սմբատ Մագիստրոս, Ապուղամր Մագիստրոս և Գրիգոր որդիների սերտ համագործակցությամբ նեցուկ եղել վերջին հայ Բագրաաունիների գահին։ Սմբատ Մագիստրոսը նշանավորվել է Ատրպատականի Մամլան ամիրայի դեմ տարած հաղթանակում, ինչպես նաև Արջո լեռան արևելյան ստորոտին Բագնայրի վանքի հիմնադրմամբ։ Նրա մյուս եղբայրը՝ ՝ Ապլղարիպը, Հովհաննես-Սմբատ Բագրատունու արքունիքում վարել է Հայոց մարզպանի պաշտոնը (հարկերի վերատեսչության գործը), 1036 թվականին ավարտել Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցու կառուցումը՝ կից շինելով Ս․ Ստեփաննոս և Ս․ Քրիստափոր մատուռները։

Վասակ Հոլումի ավագ որդին՝ Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Վահրամի զոհվելուց հետո ճանաչվել է Պահլավունիների նահապետ և իշխանաց իշխան։ Նրա որդի Վասակը Բյուզանդական կայսրությանը մատուցած ծառայությունների համար նշանակվել է Անտիոքի դուքս (նենգությամբ սպանվել է 1078 թվականին)։ Մյուս որդին՝ Վահրամ-Գրիգորը, որը մտավոր գործունեության համար հռչակվել է նաև Վկայասեր պատվանունով (համարվում է հայ միջնադարյան դպրության «Արծաթե դարի» ամենաականավոր դեմքը), 1065 թվականին օծվել է Հայոց կաթողիկոս։

Պահլավունիների շառավիղներից է եղել Դվինում իշխող Ապիրատը, որին ձերբակալել և սպանել է (1021) քուրդ ամիրա Աբու֊-լ-Ասվա֊րը։ Ապիրատի որդիներ Վասակն ու Ապլջահապը ապաստանել են Անի քաղաքում։ Վասակի որդիներն էին Գրիգոր իշխանը (XI դ․ 2-րդ կես) և Անիի արքեպիսկոպոս, ապա Հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցին։ Պահլավունիների մի այլ ճյուղի նախնի է հիշվում Հասան իշխանը (XI դ․ սկիզբ), որի որդին էր Ապիրատ իշխանը։ Վերջինիս որդի Վասակը ամուսնացել է Գրիգոր Մագիստրոսի Մարիամ դստեր հետ և ունեցել հինգ որդի (Ապիրատ, Վահրամ, Վասակ, Գրիգոր, Լիկոս), որոնք XI դ․ վերջին և XII դ․ 1-ին կեսին հռչակվել են որպես քաջ զորականներ ու նվաճողների դեմ անհաշտ պայքարողներ։ Նրանցից Գրիգորն ի վերջո նվիրվել է կրոնավորության, ընտրվել Եգիպտոսի հայոց արքեպիսկոպոս (աթոռանիստը եղել է Սայիդի մոտակայքում հիմնված Զահիր կամ Զահրատ հայկական վանքը)։ Գրիգորի միջնորդությամբ Վահրամն ու Վասակը կալվածներ են ստացել Սայիդում ու շրջակայքում, իրենց հայկական զորաջոկատներով ծառայության մտել Եգիպտոսի խալիֆայության բանակում։ Վահրամը 1134 թվականին կարգվել է խալիֆայի վեզիր (հազարապետ), մեծարվել Թաջ ադ-դավլա («պետության թագ») պատվանունով։ XII դ․ 2-րդ կեսին Վասակի որդիներ Լիկոսն ու Ապլղարիպը հիշվում են որպես Պիր և Թլպաշար բերդավանների իշխաններ։

Ծոփաց Ծովք դղյակում հաստատված Ապիրատ իշխանը սպանվել է 1111 թվականին, թողնելով Վասիլ, Շահան-Զորավար, Գրիգոր, Ներսես որդիներին և Մարիամ դստերը։ Գրիգորին և Ներսեսին եկեղեցական գործիչներ պատրաստելու նպատակով Գրիգոր Բ Վկայասերը նրանց խնամքն ու դաստիարակությունը հանձնարարել է Բարսեղ Ա Անեցուն։ Վերջինս մահից (1113) առաջ Գրիգորին օծել է Հայոց կաթողիկոս, որին հաջորդել է կրտսեր եղբայր Ներսեսը։ Նրանց ավագ եղբայր Վասիլը Ծովքից տեղափոխվել է Հայոց Միջագետք և հաստատվել Կարկառ բերդավանում (Եփրատի ձախափնյակում, Սամոսատի մոտ)։ 1149 թվականին գերի ընկնելով Իկոնիայի սուլթանի ձեռքը, Վասիլ իշխանը հարկադրաբար Կարկառը հանձնել է թշնամուն և բնակություն հաստատել նրա երկրում։ Վասիլի որդի Վասակը վախճանվել է 1170-ական թթ․ սկզբին, իսկ Գրիգոր որդին, Ներսես Շնորհալու մահից (1173) հետո ընտրվել է Հայոց կաթողիկոս։ Նրան հաջորդել է Վասիլի թոռը՝ Գրիգոր Ե Քարավեժը, իսկ վերջինիս՝ Շահան-Զորավարի որդի Ապիրատը։ Այնուհետև Պահլավունիների արական գծով սերունդների մասին տեղեկություններ չեն հանդիպում։ Գրիգոր Զ Ապիրատի քույրը՝ Շահանդուխտը, ամուսնացել է Լամբրոնի իշխան Օշին Հեթումյանի հետ, որի զավակներն էին Ներսես Լամբրոնացին և Հեթում Բ իշխանը։ Այժմ էլ շարունակվում է Պահլավունիների տոհմը, որոնք գաղթել են Իգդիրից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանով, Կիրիլ. «Կամսարական». Իրանիկա հանրագիտարան. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։