Սանատրուկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանատրուկ (այլ կիրառումներ)
Սանատրուկ Բ (անհայտ - 110), Հայոց Արշակունի թագավոր 88-110 թվականներին։
Սանատրուկ Բ | |
---|---|
Մեծ Հայքի և Օսրոյենեի Արքա | |
Սանատրուկ Բ | |
Իշխանություն | 88–110 |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 110 |
Նախորդ | Տրդատ Ա |
Հաջորդող | Աշխադար |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Տրդատ Ա |
Մայր | Ավդե Արշակունի |
Երեխաներ | Վաղարշ Ա |
Հաջորդել է Տրդատ Ա արքային։
Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ, ինչպես լավագույնները հույների և հռոմեացիների մեջ։
Կառավարում
խմբագրելԸստ Մովսես Խորենացու, Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը Օսրոյենեի թագավորությանը նվիրված իր ուսումնասիրության մեջ դրանով է բացատրել Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91-109)։ Ըստ հունա-հռոմեական պատմիչների Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։
Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։ Տարոն գավառի արևմտյան կողմում՝ Արածանիի և Մեղրագետի միախառնման վայրում, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը (որը 4-րդ դարի կեսերին արդեն ավերկակ էր), նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Ըստ Սեբեոսի վկայության, այդտեղ է ապրել «Մարաբայ փիլիսոփա Մծուրնացի» ասորի գիտնականը, որը գրել է (հավանաբար հունարեն) «Հայոց պատմություն»[1]։ Նույն Սեբեոսը հաղորդում է, որ ավերված Մծուրքի՝ Սանատրուկ թագավորի ապարանքի ավերակներում, արքայական պալատի դռան դիմաց գտնվել է քարի վրա փորագրված հունարեն արձանագրություն, որը պարունակում էր ժամանակագրական տեղեկություններ հայ և պարթև առաջին թագավորների մասին։ Հենց այս փաստի հիման վրա էլ Մանանդյանը ենթադրել է, որ Մծուրքը եղել է Սանատրուկի աթոռանիստ քաղաքը[2][3][4][5]։
Մահ
խմբագրելԹաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։
Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին՝ 360 թվականին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը Դարանաղյաց Անի բերդում՝ Արշակունիների հանգստարանում, որը «հսկայաշեն, հաստապինդ և ճարտարագործ կառուցվածք էր»[4]։
Սանատրուկի հաջորդներ
խմբագրելՍանատրուկից հետո Հռոմի կայսր Տրայանոսի (98-117) համաձայնությամբ թագավորել է պարթևական Բակուր Բ թագավորի (78-110) որդի Աշխադարը (կամ Շիրադար, 110-113)։ Բակուր Բ-ին հաջորդած Բակուր Բ-ի եղբայր Խոսրով Ա Պարթևը (110-129), համարելով, որ Աշխադարը չի համապատասխանում իր գրաված դիրքին, առանց Տրայանոսի կարծիքն հաշվի առնելու, գահընկեց է արել նրան և փոխարենը Հայոց թագավոր նշանակել Բակուր Բ-ի մյուս որդուն՝ Պարթամասիրին (113 թվական)։ Այս ինքնակամ նշանակումն առիթ է ծառայել նոր ընդհարումների՝ կայսրությունների և պարթևների միջև։ Տրայանոսն օգտվելով այս հանգամանքից՝ պատերազմ է հայտարարել պարթևներին ու հայերին։ Այդպիսով չեղյալ է հայտարարել Հռանդեայի դաշնագիրը, և Մեծ Հայքը դարձել է հռոմեական պրովինցիա։ Այսպիսով, 50 տարի տևող (63-113) խաղաղությունը կրիկին, թեև կարճատև, խաթարվել է․ 117 թվականին Վաղարշ Ա հռչակվել է անկախ Հայաստանի արքա։
Նախորդող Տրդատ Ա, 52-88 |
Մեծ Հայքի արքա Սանատրուկ 88-110 |
Հաջորդող Աշխադար Արշակունի 110-113 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սեբեոս «Պատմություն», էջ 1-2
- ↑ Հակոբ Մանանդյան «Քննական տեսություն․․․» հատոր Բ, մասն Ա, էջ 17
- ↑ Հակոբ Մանանդյան. Քննական տեսություն․․․. էջեր հատոր Բ, մասն Ա, էջ 17.
- ↑ 4,0 4,1 Հայ ժողովրդի պատմություն, հատոր1, գլուխ երեսուներորդ, Հայաստանի քաղաքական վիճակը մ․ թ․ II դարում. էջեր 766–767.
- ↑ Մանանդյան, Հակոբ. «Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության». serials.flib.sci.am. էջեր 17, հատոր Բ, մասն Ա. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 176)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանատրուկ կատեգորիայում։ |