Խոսրով Ա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոսրով (այլ կիրառումներ)
Խոսրով Ա Քաջ` Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության արքա (206-253)[2]։
Խոսրով Ա Քաջ | ||
| ||
---|---|---|
206 - 253 | ||
Նախորդող | Վաղարշ Բ | |
Հաջորդող | Խոսրով Բ | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Ազգություն | Հայ | |
Դավանանք | Հեթանոսություն | |
Ծննդյան օր | անհայտ[1] | |
Վախճանի օր | 253 | |
Դինաստիա | Արշակունի | |
Հայր | Վաղարշ Բ | |
Մայր | Արշամուհի Փառնավազյան | |
Ամուսին | Խոսրովանույշ | |
Զավակներ | Տրդատ արքայազն, Տրդատ Մեծ, Խոսրովիդուխտ, Սողոմե |
Վաղարշ II-ի որդին և հաջորդը, Տրդատ III-ի հայրը, Արշակունիների արքայական հարստությունից[3]։
Կենսագրություն
խմբագրելՎաղարշ II-ի մահից հետո Մեծ Հայքի թագավորության արքա է հռչակվում նրա որդի Խոսրով I Քաջը (206-253), որը հսկայական խելքի, կազմակերպչական շնորհքի, ինչպես նաև զորավարական և դիվանագիտական ունակությունների տեր մի անձնավորություն էր։ Գահակալման սկզբին անցնում է Կովկասյան լեռները, ինչի արդյունքում, 207 թվականի գարնանը Խոսրով I Քաջի, սպարապետ Աշոտ Բագրատունու և Բաբկեն Արծրունու գլխավորությամբ պատժիչ արշավանքով Դերբենդի լեռնանցքն անցած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 110.000) Դերբենդ ամրոցի ճ-մ-ում հաղթեց Բասիլական ու Ալանական թագավորությունների միացյալ բանակին (մոտ 60.000, այդ թվում սարմատներ, խազարներ ու բուլղարներ), ինչի արդյունքում, դեռ իր հոր` Վաղարշ II-ի մղած պատերազմը ավարտվեց[4][5][6][7][8][9]: Որպես հետևանք՝ Ալանական, Բասիլական և Աղվանքի թագավորությունները ընդունեցին Մեծ Հայքի թագավորության գերիշխանությունը, իսկ սարմատներից, խազարներից, բասիլներից ու բուլղարներից էլ, որպես երաշխիք կնքված հաշտության, վերցվեցին պատանդներ: Ստեղծված Հայկական գերիշխանության սահմանները հյուսիսում հասան մինչև Վոլգայի հարավային հովիտ և Նախակովկասյան տափաստաններ, իսկ արևելքում` Կասպից ծով ու Ատրպատական։ Արդյունքում՝ հաջորդելով հորն և ծանր պարտության մատնելով Բասիլական ու Ալանական թագավորությունների միացյալ բանակին, Խոսրով Ա Քաջը, որը մինչ այդ իր գերիշխանության տակ ուներ նաև Իբերիայի թագավորությունն, ի դեմս այստեղ իշխող իր եղբայր Ռևի, դաշնակցային պարտավորություններ պարտադրեց նաև Բասիլական ու Ալանական թագավորություններին՝ ըստ էության ստեղծելով հյուսիսային պետությունների հզոր մի համադաշնություն՝ Մեծ Հայքի թագավորության գերիշխանության ներքո: Պաշտպանելով քրմական դասի շահերը՝ հալածում է քրիստոնեական համայնքներին։
202 թվականին, իր դաշնակից Հռոմեական կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ միասին, նրա արշավանքի ժամանակ լինում է Եգիպտոսում։
208-209 թվականներին Պարթև Արշակունիների դեմ Սասանյանների իրագործած հեղաշրջումից հետո և 213 թվականին, ի հակադրություն Վաղարշ VI-ի, Պարթևստանում արքայից արքա հռչակված Արտավան V-ին դաշնակցում և աջակցում է Խոսրով I-ը։
216 թվականի աշնանը Խոսրով Ա Քաջը կնոջ հետ միասին ժամանեց Կորդուքում տեղակայված Հռոմեական կայսրության ճամբար, որտեղ, սակայն, Հայոց արքան ու թագուհին գերվեցին[10][11]: Տեղեկանալով այդ մասին` Տրդատ արքայազնի գլխավորած Մեծ Հայքի թագավորության բանակը (մոտ 100.000) արշավանքի դուրս եկավ և սկսեց շարժվել թշնամու բանակի ուղղությամբ: Սրան ի պատասխան Թեոկրիտոսի գլխավորած Հռոմեական կայսրության բանակը ինքն էլ շարժվեց Հայկական բանակին ընդառաջ: Կողմերը մոտեցան իրար և մարտակարգ ընդունեցին: Հայկական բանակը ծանր պարտության մատնեց Հռոմեական կայսրության բանակին, որը հետ քաշվեց դեպի Եդեսիա։ Սեպտիմիանոս Կարակալլայի գլխավորությամբ Եդեսիա-Խառան-Մծբին-Արբելլա երթուղով արշաված Հռոմեական կայսրության բանակը (մոտ 140.000) պատրաստվեց ներխուժել Պարթևական թագավորության տարածք: Տեղեկանալով այդ մասին` Արտավան V-ի գլխավորած Պարթևական (մոտ 80.000) և Տրդատ արքայազնի գլխավորած Մեծ Հայքի (մոտ 100.000) թագավորությունների միացյալ բանակը շարժվեց հակառակորդի ուղղությամբ, որը հետ քաշվեց մինչև Մծբին և այս քաղաքի մոտ ճամբար զարկեց: Ստացվեց այնպես, սակայն, որ ապրիլի 8-ին իր իսկ թիկնապահները սպանեցին Սեպտիմիանոս Կարակալլային, որից հետո, արդեն թշնամական բանակի անմիջական հարևանությամբ, կայսր հռչակեցին վերջինիս գրագիր և դավադրության իրական կազմակերպիչ Մարկոս Մակրինոսին (217-218): Հենց այս պայմաններում էլ արդեն ապրիլի 9-ին կողմերը մոտեցան միմյանց և մարտակարգ ընդունեցին: Ապրիլի 9-ին Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը հարձակման անցավ, սակայն ողջ օրը տևած համառ մարտը ոչ մի կողմին առավելություն չտվեց: Ապրիլի 10-ին հանդիպակաց մարտերը շարունակվեցին՝ այդպես էլ առավելություն չտալով հակառակորդներից որևէ մեկին: Ապրիլի 11-ին Պարթևական և Մեծ Հայքի թագավորությունների միացյալ բանակը, գերազանցելով հակառակորդին հատկապես հեծելազորի թվով, անցավ հարձակման ու փորձեց թևանցել Հռոմեական կայսրության բանակի մարտակարգը, որին ի պատասխան, սակայն, վերջինս ձգեց մարտակարգը և այնուհանդերձ պահեց դիրքերը։ Արդյունքում՝ բռնկված և ողջ օրը շարունակված համառ ու արյունահեղ մարտը կրկին առավելություն չտվեց կողմերից և ոչ մեկին, որից հետո ծանր կորուստներ կրած հակառակորդ բանակները օրվա վերջում նահանջեցին ելման դիրքեր: Ստեղծված ծանր պայմաններում Մարկոս Մակրինոսը, հիանալի ըմբռնելով այն հանգամանքը, որ իր հերթին ոչ թեթև վիճակում գտնվող հակառակորդը համառորեն մարտնչում է, թերևս, միայն Սեպտիմիանոս Կարակալլայի նկատմամբ վրեժի զգացումից դրդված, ապրիլի 12-ին ազատ արձակեց Խոսրով I Քաջին և նրա կնոջը ու վերջիններիս միջոցով հակառակորդ բանակի ղեկավարությանը տեղեկացրեց, որ Սեպտիմիանոս Կարակալլան արդեն չորս օր է, որ սպանված է, ինչն էլ հաշվի առնելով, առաջարկեց հաշտություն կնքել: Այս առաջարկը ընդունվեց: Եվ այսպես կնքվեց հաշտություն և Հռոմեա-Պարթևական V պատերազմը ավարտվեց։ Արդյունքում՝ Մեծ Հայքի թագավորության գահին կրկին հաստատվեց Խոսրով I Քաջը[12][13][14][15][16][17][18][19]։
224 թվականի ապրիլի 27-ին Որմզդականի ճակատամարտում Արտաշիր I-ի (220-243) գլխավորած Պարսից թագավորության և նրա դաշնակիցների միացյալ բանակը գլխովին ջախջախեց Արտավան V-ի գլխավորած Պարթևական թագավորության բանակին, ընդ որում Սասանյանների տոհմի առաջնորդը, որը անհաշտ ու նույնիսկ տոհմական ատելություն էր տածում Արշակունիների նկատմամբ, ոչ միայն չբավարարվեց Արտավան V-ի մահով, այլև, ոտքերի տակ գցելով մարմնից կտրված վերջինիս գլուխը, անսպառ ատելությամբ սկսեց կոխկրտել այն[20]։ Մերձավոր և Միջին Արևելքի համար բացվում էր նոր մի ժամանակաշրջան՝ Արշակունիների դարաշրջանն ավարտվում էր ու սկիզբ էր առնում Սասանյանների դարաշրջանը։
Հանուն Արշակունյաց պատերազմի սկիզբը
խմբագրելԱռաջնորդվելով սկիզբ առնող վտանգը կանխելու մտայնությամբ, ինչպես նաև գուցե ինչ-որ տեղ հույս ունենալով վերականգնել իր ազգակիցների իշխանությունը Իրանական լեռնաշխարհում, Մեծ Հայքի թագավորության արքա Խոսրով I Քաջը պայքար սկսեց Սասանյանների դեմ։ Սկիզբ էր առնում և դրանից հետո մոտ երեք տասնամյակ Արշակունյաց աշխարհի ներսում շարունակվելու էր վճռական մի պատերազմ, որը խոշոր հետևանքներ էր ունենալու։ Սկիզբ առավ Հանուն Արշակունյաց կամ Հայ-Պարսկական II պատերազմը (224-253): 225 թվականը ծախսելով ուժերը կենտրոնացնելու վրա՝ 226 թվականի գարնանը Խոսրով I Քաջի գլխավորած Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների (մոտ 120.000), ինչպես նաև Իբերիայի, Ալանական, Բասիլական ու Աղվանքի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 50.000, այդ թվում հոներ, խազարներ և լեզգիներ) ասպատակեց Ատրպատականը և Հյուսիսային Միջագետքը[21], որից հետո արագացված երթով մոտեցավ Տիզբոնին։ Հենց այս քաղաքի պարիսպների տակ էլ նույն թվականի ամռանը դաշնակից ուժերը ծանր պարտության մատնեցին Արտաշիր I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակին (մոտ 120.000), սակայն ի վերջո, չկարողանալով տիրել Արշակունիների նախկին մայրաքաղաքին, նահանջեցին[22][23][24][25][26][27]։ Հայոց արքայի գլխավորած դաշնադրությունը վերստին հարվածեց Սասանյանների Ատրպատականին ու Միջագետքին 227[28][29][30][31], 228[32][33][34][35] և 229[36][37][38][39] թվականներին, ընդ որում բոլոր դեպքերում էլ Խոսրով I Քաջի միացյալ բանակն այնուհանդերձ արդյունքում ստիպված էր լինում նահանջել։ Իհարկե, այս հարձակումների արդյունքում Սասանյանների և Արտաշիր I-ի վիճակն էլ մեծ հաշվով թեթև չէր, բայց այնուհանդերձ վճռական հաջողության չէին կարողանում հասնել նաև Արշակունիների օգտին գործող ուժերը, որոնք, դրան գումարած նաև, 228 թվականին կորցրին Միջագետքում քիչ թե շատ իշխանություն ունեցող Վաղարշ VI-ին, որը գահընկեց արվեց և սպանվեց։ 230 թվականի գարնանը, փորձելով կանխել Հայոց արքայի հերթական տարեկան հարվածը, Արտաշիր I-ի գլխավորած Պարսից, Սարհատի (մոտ 198-240) գլխավորած Ադիաբենեի և Դոմիցիանի (մոտ 220-240) գլխավորած Քարակենեի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 45.000) անակնկալ հարված հասցրեց Հյուսիսային Միջագետքի ուղղությամբ, որից հետո Հռոմեական կայսրության բանակից (մոտ 1.000) ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (մոտ 500) գրավեց Բզաբդե ամրոցը (Հայոց Միջագետք, Ծավդեք գավառ, Տիգրիսի աջ ափին)[40][41], իսկ Մեծ Հայքի թագավորության բանակից էլ՝ Արզնը[42]։ Մծբինը, սակայն, քաղաքը համառորեն պաշտպանած կայսերական բանակից թշնամին չկարողացավ գրավել[43]։ Այսպիսով Սասանյանների հղացած հարվածը արևմտյան ուղղությամբ նրանց որևէ էական հաջողություն չտվեց և արդյունքում հենց նույն 230 թվականին Հայոց արքան հերթական հարվածը հասցրեց Ատրպատականին ու Միջագետքին[44][45][46], իսկ 231 թվականին էլ ոչ միայն կրկնեց այն[47][48][49][50][51], այլև հասավ նրան, որ Արտաշիր I-ը իր բանակի մնացորդով նահանջեց մինչև Քուշանական թագավորության արևմտյան սահմաններ։ Փաստորեն Հայկական գերիշխանության սահմանները հարավում հասան մինչև Կենտրոնական Միջագետք և Պարսքի հյուսիսային սահման։
Ալեքսանդր Սևերոսի Արևելյան արշավանքը
խմբագրելԱլեքսանդր Սևերոսը, բնականաբար, սակայն, իր մոտիկների դրդումով, պատրաստվեց հարված հասցնել Պարսից թագավորությանը, ընդ որում այս ճանապարհին աչքաթող չարվեց նաև դաշնակցությունը Խոսրով I Քաջի հետ։ Հակասասանյան ուժերը, պատրաստվելով ոչնչացնել Պարսքում հիմնավորված Արտաշիր I-ին, նախատեսել էին վերջինիս հարված հասցնել երկու հիմնական ուղղություններով։ Առաջին ուղղությունը, որը ըստ Հռոմեական կայսրության ռազմական տեսաբանների կոչված էր լինելու գլխավորը, իր մեջ ներառում էր հարված Մծբինից դեպի հարավ-արևելք՝ Հռոմեական կայսրության հիմնական, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության հարակից օժանդակ ուժերով։ Երկրորդ ուղղությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր արդեն Հայոց արքայի դաշնակից համադաշնության բանակին և որում արդեն Հռոմեական կայսրության ուժերն էին ավելի փոքրաթիվ ու օժանդակ, ընդգրկում էր Հայաստանից հասցված հարվածը Թավրիզին, որից հետո կողմերը պետք է իրար գային Պարսքի հյուսիսում։ Թվում էր, թե ամեն ինչ լավ է մտածված, սակայն հիշատակված ծրագիրն այնուհանդերձ հաջողության չբերեց։ Անհաջողության պատճառներից գլխավորն, ըստ երևույթին, այն եղավ, որ Ալեքսանդր Սևերոսը, ականջ կախելով ապագա պատերազմի վտանգներից որդուն զերծ պահելու մղումներով տրվող սեփական մոր խորհուրդներին, դանդաղ գործեց։ Այսպես, արդեն աշնան սկզբին Խոսրով I Քաջի գլխավորած ուժերը Վասպուրական-Թավրիզ-Գանձա երթուղով իջան Ատրպատական, սակայն տեղում պարզվեց, որ ավելի արևմուտքից դեպի Միջագետք առաջացող Հռոմեական կայսրության ռազմական մեքենան ուշանում էր։ Արդյունքում՝ Պարսից թագավորության բանակի (մոտ 30.000) անկանոն հարվածների, ինչպես նաև սկսված ձմեռային ցրտերի պայմաններում կրելով զգալի կորուստներ, Խոսրով I Քաջի գլխավորած ուժերը ի վերջո հետ քաշվեցին դեպի հյուսիս[52][53]։ Նույն այս ժամանակ ավելի լավ չէին ընթանում, սակայն, նաև Ալեքսանդր Սևերոսի գործերը։ Իրոք, երիտասարդ այս կայսրը, փորձելով այնուհանդերձ առաջանալ Մծբինից դեպի հարավ-արևելք, թեև 232 թվականի նոյեմբերին Հատրայի ճ-մ-ում ծանր գնով, բայց այնուհանդերձ հաղթեց Պարսից թագավորության բանակներից գլխավորին (մոտ 70.000, 700 փիղ, 1.800 մարտակառք), սակայն, Պարսից թագավորության մեկ այլ բանակ շրջապատեց Եփրատ գետի հովտով հարավ շարժվող Հռոմեական կայսրության բանակի լրացուցիչ զորասյանը (մոտ 30.000) ու, թեև ծանր կորուստներով, սակայն լիովին ոչնչացրեց այն, իսկ այս ամենի արդյունքում էլ Ալեքսանդր Սևերոսի հիմնական ուժերը վերջին հաշվով ստիպված եղան նահանջել[54][55][56][57][58][59][60][61]։ Փաստորեն հակասասանյան ուժերի գլխավոր այդ հարվածը, որին մասնակցեց նաև Հռոմեական հզոր կայսրությունը, ավարտվեց լիակատար անհաջողությամբ և Արտաշիր I-ը կարողացավ ոչ միայն պահել դիրքերը, այլև շարունակել սպառնալիք հանդիսանալ շրջակա երկրների համար։
Հանուն Արշակունյաց պատերազմի շարունակությունը
խմբագրելԱրդյունքում՝ Սասանյանների դեմ պայքարում փաստորեն կրկին առաջամարտիկի դեր ստանձնած Խոսրով I Քաջը, հավաքելով իր բանակը և կենտրոնացնելով սեփական համադաշնության ուժերը, 233 թվականին Վասպուրական-Թավրիզ-Գանձա-Կենտրոնական Ատրպատական երթուղով կրկին իջավ դեպի հարավ ու այս անգամ կարողացավ զգալի հաջողություն գրանցել՝ տիրելով Էկբատանին[62][63][64][65]։ Այնուհետև, ձգտելով վերջնականապես ճզմել Սասանյան տիրակալին, Հայոց արքան 234[66][67][68][69], 235[70][71][72][73], 236[74][75][76][77] և 237[78][79][80][81] թվականներին ծանր հարվածներ հասցրեց արդեն Պարսքին ու Հարավային Միջագետքին, թեև արմատախիլ անել Սասանյաններին վերջին հաշվով այդպես էլ չկարողացավ։ Իր հերթին, 238 թ-ին Արտաշիր I-ի գլխավորած Պարսից, Սարհատի գլխավորած Ադիաբենեի ու Դոմիցիանի գլխավորած Քարակենեի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 50.000) Հռոմեական կայսրության բանակից (ընդհանուր՝ մոտ 1.000) և նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներից (ընդհանուր՝ մոտ 500) գրավեց Մծբինը և Խառանը[82]: Դրանից հետո մարտական գործողություններում սկիզբ առավ դադար, քանի որ Խոսրով I Քաջը պետք է ուժերը կարգի բերեր։ 243 թվականի ապրիլին, հիմնադրած Սասանյանների նոր պետությունը, բայց մեծապես հենց Հայոց արքա Խոսրով I Քաջի ջանքերով դիրքերն այդպես էլ ամրապնդել չկարողացած ու սեփական ջանքերի պտուղները լիարժեք վայելել այդպես էլ չհասցրած, Արտաշիր I-ը հեռացավ կյանքից, իսկ նրան էլ հաջորդեց մինչ այդ իր գահակից ավագ որդի Շապուհը՝ Շապուհ I-ը (243-273)։ Շապուհ I-ի դեմ պայքարի ողջ բեռը մնաց Հայոց արդեն ծերացող արքա Խոսրով I Քաջի ուսերին:
Հանուն Արշակունյաց պատերազմի հետագա ընթացքը և ավարտը
խմբագրել249 թվականի սեպտեմբերի վերջին Խոսրով I Քաջի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների (մոտ 120.000), ինչպես նաև Իբերիայի, Ալանական, Բասիլական և Աղվանքի թագավորությունների միացյալ բանակը (մոտ 50.000, այդ թվում հոներ, խազարներ և լեզգիներ) հերթական անգամ իջավ Միջագետք ու Տիզբոնի ճ-մ-ում հաղթանակ տարավ Շապուհ I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակի (մոտ 130.000) նկատմամբ[83][84][85][86]։ Դրանից հետո, փորձելով զարգացնել հաջողությունը արդեն 250 թվականին, Հայոց արքան մի նոր հարված հասցրեց Ատրպատականի և Էկբատանի ուղղությամբ՝ այս անգամ նպատակ ունենալով միավորվել Վասուդևա II-ի (մոտ 220 - ուղ. 250) գլխավորությամբ արևելքից ի վերջո առաջխաղացող և, կարծես թե, Արշակունիների դատի պաշտպանության գործին լծված Քուշանական թագավորության բանակի (մոտ 80.000) հետ։ Արդյունքում, սակայն, ստացվեց այնպես, որ Շապուհ I-ի գլխավորած Պարսից թագավորության բանակն ինքն առաջինը հասավ Վասուդևա II-ի բանակին և անակնկալ հարձակումով գլխովին ջախջախեց վերջինիս, ընդ որում մարտում զոհվեց նաև քուշանների արքան։ Ստեղծված պայմաններում, փաստորեն մնալով առանց հիմնական դաշնակից ուժերի, Հայոց արքան իր ուժերով հետ քաշվեց դեպի սեփական լեռներ[87][88][89][90][91][92][93][94][95][96], ընդ որում հատկանշական է, որ Շապուհ I-ը ևս, խուսափելով ընդհարումից, հեռացավ Պարսք։ 251 թվականը Շապուհ I-ի համար ամենևին էլ հեշտ չէր։ Ընթանում էր նոր արքայի ինքնուրույն գահակալության արդեն 8-րդ տարին, սակայն վերջինիս ոչ մի կերպ չէր հաջողվում իր իշխանությունը ամրապնդել, այն ամբողջովին տարածել Իրանական լեռնաշխարհի վրա և պոկվել իր համառ հակառակորդից՝ Հայոց արքա Խոսրով I Քաջից։ Փաստորեն ստեղծվել էր մի իրավիճակ, երբ արդեն պարզ էր, որ առաջիկա տարիներին զուտ ռազմական միջոցառումներով ոչ մի լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Այս պայմաններում Շապուհ I-ը դիմեց քաղաքական սպանության հինավուրց և փորձված մեթոդին՝ որոշվեց Հայոց արքային սպանել։ Հայոց արքայի դեմ նյութված դավադրության հանգամանքները բավականին հայտնի են՝ Սուրենյան տոհմին պատկանող Անակը, իբր ապստամբած լինելով Շապուհ I-ի դեմ, 252 թվականի սկզբին իր ընտանիքով և տոհմով տեղափոխվեց Հայոց թագավորության տարածք և այստեղ Սասանյանների դեմ պայքարում դաշնակիցների աջակցության մեծ կարիք ունեցող Խոսրով I Քաջի կողմից լավ ընդունելության արժանացավ։ Այնուհետև, արդեն 253 թվականի ապրիլին, օգտվելով հարմար առիթից, Անակը, եղբոր հետ միասին միայնակ մնալով Հայոց արքայի մոտ, սրի հատու հարվածով ծանր վերք հասցրեց վերջինիս։ Դրանից հետո դեռևս կենդանի Խոսրով I Քաջի հրամանով սպանվեց ինչպես փախուստի դիմած Անակը, այնպես էլ կոտորվեցին նրա տոհմն և ընտանիքի անդամները, բացառությամբ մանկահասակ որդի Գրիգորի[97][98][99][100][101][102][103][104][105][106][107][108], սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չերկարացրեց Հայոց հզոր այս արքայի կյանքը, որը այս դեպքերից կարճ ժամանակ անց էլ հենց մահացավ: Այսպիսով՝ Պարսից թագավորության դեմ գրեթե երեք տասնամյակ մղված Մեծ Հայքի թագավորության պայքարը, կարծես թե, գտնվելով հաջողության փուլում, իր անակնկալ ավարտը ունեցավ, քանզի Խոսրով I Քաջի սպանությունից հետո Հայկական գերիշխանությունը, ըստ էության, վերջացավ, ավարտվեց նաև Հանուն Արշակունյաց կամ Հայ-Պարսկական II պատերազմը և Մեծ Հայքի թագավորությունից անջատվեցին գերիշխանություն ընդունած բոլոր երկրները։ Մեծ Հայքի թագավորության կազմում մնացին Հայաստանի 14 նահանգ և Մինչեփրատյան Ծոփքը, իսկ Տրդատ արքայազնի մանկահասակության պայմաններում էլ թագավորության խնամակալ-արքա հռչակվեց Խոսրով I Քաջի եղբայր Խոսրովը` Խոսրով II-ը (253, 293-298` մի մասում)։ Երկիրը կանգնեց բարդ մարտահրավերների առջև։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65, 74
- ↑ «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 22․
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 65
- ↑ Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 46, 47
- ↑ Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5
- ↑ Սամվել Անեցի «Ժամանակագրություն»
- ↑ Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17
- ↑ Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»
- ↑ Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 78, գլուխ 12, 18, 19, 21
- ↑ Էլիոս Սպարտիանոս «Օգոստոսների կենսագրություններ», «Անտոնիոս Կարակալա», մաս 6
- ↑ Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 79, գլուխ 3, 11, 26, 27
- ↑ Հերոդիանոս «Պատմություն», գիրք 4, մաս 15
- ↑ Հուլիոս Կապիտոլիոս «Օգոստոսների կենսագրություններ», «Օպիլիոս Մակրինոս», մաս 8
- ↑ Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 8, գլուխ 20
- ↑ Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 21
- ↑ Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 18
- ↑ Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 74, 78
- ↑ Մանանդյան Հ. Հ. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հատոր 2, Երևան 1978, էջ 70-71։
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19։
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Վախուշտի Բագրատունի «Քարթլիի պատմությունը»
- ↑ Զոնորաս «Պատմություն»
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»
- ↑ Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն»
- ↑ Մշիխա Զեխա «Ադիեբենեի եկեղեցու պատմությունը»:
- ↑ Զոնորաս «Պատմություն»:
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Տաբարի «Արքաների ու մարգարեների պատմություն»
- ↑ Հերոդիանոս «Պատմություն», գիրք 6, մաս 4-6
- ↑ Զոնորաս «Պատմություն»
- ↑ Հերոդիանոս «Պատմություն», գիրք 6, մաս 5-6
- ↑ Էլիոս Լամպրիդոս «Օգոստոսների կենսագրություններ, «Ալեքսանդր Սևերոս», մաս 50
- ↑ Ռուֆուս Սեքստուս «Կեսարների պատմությունը», գլուխ 14, 22
- ↑ Ավրելիանոս Վիկտոր «Կեսարների մասին», գլուխ 24
- ↑ Օրոսիոս «Պատմություն ընդդեմ հերետիկոսների» գիրք 7, գլուխ 18
- ↑ Եվտրոպիոս «Համառոտ պատմություն քաղաքի հիմնադրումից ի վեր», գիրք 8 գլուխ 23
- ↑ Հեթում Պատմիչ «Ժամանակագրություն»
- ↑ Դավիթ Բագրատունի «Վրաստանի պատմությունը», գլուխ 61
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ «Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 8
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Զոնորաս «Պատմություն»
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 71, 72
- ↑ Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 46, 50
- ↑ Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5
- ↑ Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 19
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 72, 73
- ↑ Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 51
- ↑ Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9
- ↑ Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17
- ↑ Զաքարիա Քանաքեռցի «Հայոց պատմություն» գիրք 1, գլուխ 2
- ↑ Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»
- ↑ Զոնորաս «Պատմություն»
- ↑ Փարսադան Գորգիջանիձե «Հայոց դարձի պատմությունը»
- ↑ Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»
- ↑ Դավիթ Հռոմեացի «Հայոց պատմություն», մաս 24-34
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 74, 78
- ↑ Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 53-55
- ↑ Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»
- ↑ «,Քարթլիս-Ցխովրեբա», Լեոնտիոս Մրովելի «Վրաց թագավորների, նախահայրերի և տոհմերի պատմությունը»
- ↑ Անանուն Եթովպացի «Պատմություն»
- ↑ Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5
- ↑ Թովմա Արծրունի «Պատմություն Արծրունյաց տան», գիրք 1, գլուխ 9
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 8
- ↑ Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 17
- ↑ Աբբաս-գուլի-աղա Բաքիխանով «Դրախտային ծաղիկ», մաս 1
- ↑ Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 78)։ |