Տրդատ Գ

Մեծ Հայքի արքա
(Վերահղված է Տրդատ Գ Մեծից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրդատ Արշակունի (այլ կիրառումներ)

Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 - 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (253-261) որդին։

Տրդատ Գ
Մեծ Հայքի Արքա
Իշխանություն287–330
Ծնվել է՝255 կամ 250
Մահացել է՝330
Կամախ
ՆախորդԽոսրով Բ
ՀաջորդողԽոսրով Գ
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան և քաղաքական գործիչ
ՀայրԽոսրով Բ
ԵրեխաներԱնանուն Արշակունի, Խոսրով Գ, Սողոմե Արշակունի և Մահբանու Արշակունի
Հավատքհեթանոսություն մինչև 301թ., 301թ.-ից քրիստոնեություն

Կենսագրություն

խմբագրել

Կրթվել ու դաստիարակվել է Հռոմի կայսրի պալատներում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի ու Մովսես Խորենացու, նա տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում ու Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

Հռոմեա-պարսկական պատերազմները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

Տրդատի գահակալություն

խմբագրել
  Արտաքին տեսաֆայլեր
  Տրդատ III-ը՝ Մեծ Հայքի թագավոր

Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.

 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
 
- Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու
 

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ։ Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը։ Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։

Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։

Քրիստոնեության ընդունում

խմբագրել
 
Սբ Տրդատ Գ Մեծ Արշակունի Արքա Հայոց Մեծաց
 
Արշակունյաց Հայաստանը 298-387 թթ.

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298-330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։

 
Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։

Հայաստանի եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված 649 թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։ Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո։

 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի մայրաքաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ։ Արտազը եղել է հայոց արքունիքի ամառանոցը միայն, և այդ է պատճառը, որ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է Արտազում։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատում։ Այս փաստը բացատրում են նրանով, որ Աշտիշատում գոյություն է ունեցել մի հին եպիսկոպոսական Աթոռ։

5-րդ դարի հայ պատմագրության համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել։ Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հորը՝ Խոսրովին, սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն դառնալու երևույթը սերտորեն կապում է Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ։ Ըստ այդ ավանդության՝ սրանք հռոմեացի կույսեր էին, որոնք, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան, հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով, հրամայում է բոլոր կույսերին նահատակել։ Այս դեպքը տեղի է ունենում 300 թվականին։

Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ 5-րդ դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորությամբ ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի անթաղ մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն։

 
Խոր Վիրապ

Նորահիմն քրիստոնեությունը, սակայն, պետք է իր հովիվներն ու հովվապետերը ունենար։ Գրիգոր Լուսավորիչը հանդիսավորությամբ ուղարկվում է իր կրթավայրը՝ Կապադովկիայի Կեսարիա, եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալու։ Կեսարիայի եպիսկոպոս Ղևոնդը, Կապադովկիայի բազմաթիվ այլ եպիսկոպոսների հետ միասին, Գրիգոր Լուսավորչին ձեռնադրում է Հայաստանի եպիսկոպոս։ Ղևոնդ եպիսկոպոսը, ներկա բոլոր եպիսկոպոսների հավանությամբ, հանձնարարում է Սեբաստիայի Պետրոս եպիսկոպոսին ընկերանալ Գրիգոր Լուսավորչին և վերջինիս գահակալության արարողությունը կատարել Հայաստանում։ Ագաթանգեղոսի վկայությամբ, երբ Գրիգոր Լուսավորիչը վերադառնում է Կեսարիայից, թագավորը նրան բազմեցնում է իր արքունիքի երկրորդ գահին։ Նա Հայ Եկեղեցու նվիրապետությունը կազմակերպում է Հայաստանի պետական վարչական կառուցվածքի համաձայն. յուրաքանչյուր նախարարության համար մեկական եպիսկոպոս է ձեռնադրում, որոնք ենթակա էին իրեն, իսկ ինքը շուտով ստանում է Հայոց Հայրապետ անունը։ Այսպիսով, Գրիգոր Լուսավորիչը հաստատում է թվով 36 եպիսկոպոսություններ, որոնց գահակալներից 18-ը նստում էին նրանից աջ, և մյուս 18-ը՝ նրանից ձախ։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը և Նեմրութ լեռան դիցապաշտարանը։

Գրիգոր Լուսավորչին հաջորդեցին իր որդիները, նախ կրտսերը՝ կուսակրոն Արիստակեսը (325-333), հետո ավագ որդին՝ Վրթանեսը (333-341353 թվականին հայոց մեծամեծերի միանվագ համաձայնությամբ կաթողիկոս է ընտրվում Հուսիկ կաթողիկոսի թոռ Ներսես իշխանը, որն իր կրթությունը ստացել էր Կեսարիայում։ 28 եպիսկոպոսների և մեծամեծ նախարարների ուղեկցությամբ նա ուղարկվում է Կեսարիա, ձեռնադրություն ստանալու։

Տրդատ Գ և Շապուհ Բ

խմբագրել
 
Տրդատ Գ թագավորն ու Գրիգոր Լուսավորիչը, խորաքանդակ Սուրբ Գրիգոր Լուսավորչի դարպասի վրա

Պարսկաստանում Շապուհ II–ի (309-379) գահակալմամբ կրկին սրվել են հայ պարսկական հարաբերությունները։ Վերջինիս հաջողվել է Տրդատ Գ–ի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Սակայն Տրդատ Գ նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Գարգարացվոց դաշտում հաղթանակ ճակատամարտ տվել հյուսիսային ցեղերին։ Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ սահմանային շրջաններում հաջող մարտեր է վարել նաև պարսկական զորքերի դեմ։ 330 թ. Նոյեմբերի 29-ին Տրդատ Գ թունավորվել է թշնամի նախարարների ձեռքով։ Հայկական եկեղեցին նրան դասել է սրբերի կարգը։

Տրդատ Գ Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։

Արշակունիների հարստություն

խմբագրել
 
Արշակունիների նշանակը։ Պահիր ինձ, իչպես աչքի բիբը և քո թևերի հովանու ներքո կբարձրանամ։

Արշակունիները պարթևական արքայական դինաստիայի ներկայացուցիչներ էին, որոնց մի ճյուղը հաստատվել է Հայաստանում։ Առաջին Արշակունին Տրդատ Ա-ն էր՝ Պարթևստանի թագավոր Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նա հայոց գահին է բազմել 52 թվականին և ընդմիջումներով իշխել ավելի քան քառորդ դար՝ մինչև 88 թվականը։ Պաշտոնապես նրա թագավորության սկիզբը համարվում է 66 թվականը, երբ նա թագավոր է ճանաչվում Հռոմի կայսր Ներոնի կողմից։

Արշակունիները ընդհատումներով իշխել են մոտ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Նրանց անվան հետ է կապված ավատատիրական կարգերի հաստատումը, քրիստոնեության ընդունումը, Հայոց գրերի գյուտը։

Անունը Իշխել է Նշումներ
Տրդատ Ա 66 - 88 պարթև արքա Վոնոն Բ-ի որդին, Վաղարշ Ա-ի եղբայրը
Սանատրուկ 88 - 110 Տրդատ Ա-ի որդին
Աշխադար 110 - 113 Բակուր Բ Պարթևի որդին
Պարթամասիր 113 - 114 Բակուր Բ Պարթևի որդին
հռոմեական բռնազավթում 114 - 116
Վաղարշ Ա 117 - 144 Սանատրուկի որդին
Սոհեմոս 144 - 161, 164-186 Ասորիքի Էմեսա քաղաքի թագավոր
Բակուր Ա 161 - 163
Վաղարշ Բ 186 - 198 Վաղարշ Ա-ի հարազատներից
Խոսրով Ա 198 - 217 Վաղարշ Բ-ի որդի
Տրդատ Բ 217 - 252 Խոսրով Ա-ի որդի
Արտավազդ Ե 252 - 272 Տրդատ Բ-ի որդի
Խոսրով Բ 272 - 287 Արտավազդ Ե-ի որդի
Տրդատ Գ Մեծ 287 - 330 Խոսրով Բ-ի որդի
Խոսրով Գ Կոտակ 330 - 338 Տրդատ Գ-ի որդի
Տիրան Բ 338 - 350 Խոսրով Գ-ի որդի
Արշակ Բ 350 - 368 Տիրան Բ-ի որդի
Պապ թագավոր 368 - 374 Արշակ Բ-ի որդի
Վարազդատ 374 - 378 Անոբի որդի, Արշակ Բ-ի թոռ
Արշակ Գ 378 - 389 Պապի որդի
Խոսրով Դ 387 - 389, 415-416
Վռամշապուհ 389 - 415 Խոսրով Դ-ի եղբայր
Շապուհ պարսիկ 416 - 420
թափուր 420 - 422
Արտաշես Գ 423 - 428 Վռամշապուհի որդի

Գրականություն

խմբագրել
  • Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Ե․, 1983:
  • Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968:
  • Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1913:
  • Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978:
Նախորդող
Խոսրով Բ Արշակունի 272 - 287
Մեծ Հայքի արքա
Տրդատ Գ Մեծ

287 - 330
Հաջորդող
Խոսրով Կոտակ 330 - 338
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։