Աղթամարի կաթողիկոսություն

Աղթամարի կաթողիկոսություն, Հայոց եկեղեցու ինքնուրույն աթոռներից մեկը։

Սուրբ Խաչ Եկեղեցի, Աղթամար

Պատմություն խմբագրել

1470-ական թվականներին Աղթամարի կաթողիկոսությանը ենթակա եկեղեցական վիճակների (թեմերի) բնակչությունը Աղ-կոյունլուների թուրքմենական ցեղախմբի գերիշխանության ոլորտում էր։ Գրիչներն իրենց թողած հիշատակարաններում ուշագրավ ու արժանահավատ տեղեկություններ են հաղորդում Աղթամարի աթոռին ենթակա եկեղեցաթեմերում ստեղծված կացության մասին։ Աղ-կոյունլու փադիշահ Ուզուն Հասանի (1453–1477) գահակալության տարիները բնորոշվում են իբրև դառնաղետ ժամանակաշրջան։

Ըստ 1471 թվականի Աղթամարի Սուրբ Խաչ վանքում օրինակված Ճաշոցում եղած հիշատակագրության՝ «…երկիր ամենայն երերեալ կայ և տատանեալ ի ձեռաց անօրինաց… է զմահ և զսով, զսուր և զգերութիւն»[1]։ 1474 թվականին Խլաթի գավառակի Ծղակ գյուղի մոտակայքի վանքում արտագրված Ավետարանի գրիչը վկայում է, որ նույն թվականին Ուզուն Հասանը հարձակվում է Բաղեշի վրա «…և բազում ի մարաց[Ն 1] ազգէն կոտորեաց. և Հայոց ազգիս յոյժ ողորմած է, զի գերի ոչ առնէ…»[2]: Այդ փադիշահը ջանում էր սիրաշահել քրիստոնյաներին և ձեռք բերել Վենետիկի հանրապետության զորակցությունն ընդդեմ Օսմանյան սուլթանության։ Վենետիկ ուղարկած նրա չորս պատվիրակներից Մուրատը ծագումով հայ էր[3]։

Ուզուն Հասանի օրոք Աղթամարի կաթողիկոսությունը պահպանեց իր եկեղեցաթեմերը։ Ըստ վիճելի մի վավերագրի՝ 1474 թվականի դրանք տարածվում էին «…ի Շատխոյ մինչև… փոքր գեղորայք, վանորայք և անապատերն...»[4]: Սակայն պետականության բացակայության պայմաններում դրությունը մնում էր ծանր ու օրհասական։ 1475 թվականին Վանա լճի Կտուց կղզում ձեռագիր օրինակող Խաչատուր գրիչը նշում է՝ «Չգիտեմք, թէ ինչ տի լինի Հայոց ազգիս։ Ի գայլոց միջիս շիւարեալ կանք ողորմելի…»[5]: «Ի դառն և ի վշտալից ժամանակի, յորում կամք ընդ հարկի և ընդ ծառայութեան ազգին նետողաց»[6],– գրում է 1476 թվականին Աղթամարում Հայսմավուրք արտագրող գրիչը։

Աղթամարի կաթողիկոսությունը Յաղուբ Բեկի օրոք խմբագրել

Աղթամարի և նրա թեմերի բնակչության կացությունը շարունակում էր մնալ ծանր նաև 1478 թվականից Աղ-կոյունլուների փադիշահ դարձած Յաղուբ Բեկի օրոք։ Թեև 1481 թվականին Աղթամարի թեմերի հայ տանուտերերին հաջողվեց միջնորդել փադիշահի առջև փոքր-ինչ թեթևացնել տալով Աղթամարին ենթակա եկեղեցիների հարկերը[7], սակայն դա ևս չփրկեց դրությունը։ 1484 թվականին Աղթամարի վանքում ձեռագիր արտագրող Կարապետ գրիչն իր թողած հիշատակարանում շեշտում է` դաժան ու անհույս ժամանակը, երբ «…երկիր ամենայն երերեալ և տատանեալ կայ ի ձեռաց անօրէն ազգին նետողաց»[8][9][10][11]։

Աղթամարի կաթողիկոսությունը Ռուստամի օրոք խմբագրել

1480–1490-ական թվականներին Աղթամար կղզին քրդական ցեղապետ Մելիք Բեկի որդու՝ Ռուստամի իշխանության տակ էր[12]։ Ռշտունիքի Շատվան գյուղում 1489 թվականին Ատոմ գրչի թողած հիշատակարանում նշվում է, որ այլակրոն իշխանությունները «...բռնադատեն զամենեսեան զմանկունս եկեղեցւոյ դառնալ ի սնոտի և ի պատիր յոյսն իւրեանց… բազում եկեղեցիս տապալեցին և զխաչ և զԱւետարան նախատեցին»[13]։ Աղ-կոյունլուների փադիշահ Բայանդուրը (Յաղուբին հաջորդած), ջանալով հնազանդեցնել քրդական ցեղերին, զորք է հանում նրանց դեմ։ Զորքին դիմակայող քուրդ բեկի զորախումբը նահանջում է Ռշտունիք գավառ՝ «...հանդէպ Աղթամարայ, և անդ զօրաժողով առնէր»[14]։ Նրան հետապնդող թուրքմեն զորապետն ավերածության է մատնում Վանի գավառը։ Հատկապես այնտեղ եղած վանքերն «...առաւել աւերեցին, զի զդարանսն գտին և զգրեանսն և զամենայն սպասք եկեղեցեացն յաւար առին»[15]։ Նույն զորապետը թեև չի հասցնում գրավել Աղթամար կղզին, սակայն Աղթամարի աթոռին ենթակա թեմերի բնակչությունը ենթարկվում է բռնությունների, կրում զրկանքներ։ Նրանից հետ չէր մնում վերոնշյալ Ռուստամ Բեկը, որի օրոք՝ «...ի դառն և ի չար ժամանակիս … բռնացեր են ի վերայ Հայոց ազգիս»[16]։

Նշումներ խմբագրել

  1. Նկատի է առնվում քրդերին։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հ.1, էջ 255-256։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Խաչիկյան Լ․ (1958)։ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ Երևան։ էջ 308 
  2. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ էջ 312 
  3. Ալիշան Ղևոնդ (1896)։ Հայ-Վենետ։ Վենետիկ։ էջ 187 
  4. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ էջ 367 
  5. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ էջ 382 
  6. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 2-րդ։ էջ 402 
  7. Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի, կազմեց Ե. Լալայան։ Թիֆլիս։ 1915։ էջեր սյունակ 483 
  8. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան։ Երևան։ 1967։ էջեր 58–59 
  9. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան։ Երևան։ 1967։ էջ 85 
  10. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան։ Երևան։ 1967։ էջ 111 
  11. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ, կազմեց Լ. Խաչիկյան։ Երևան։ 1967։ էջ 121 
  12. Бидлиси Шараф-хан (1967)։ Шараф-Наме, т. 1։ Москва։ էջ 158 
  13. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ։ էջ 140 
  14. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ։ էջ 173 
  15. ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հատոր 3-րդ։ էջեր 173–174 
  16. Սրվանձտյանց Գարեգին (1888)։ Թորոս Աղբար, հատոր 2-րդ։ Կ․ Պոլիս։ էջ 426 

Գրականություն խմբագրել

  • Մաքսուդյանց Մ., Հավաքարան անվանց կաթողիկոսաց (Աղթամարա), Էջմիածին, 1916
  • Ակինյան Ն., Գավազանագիրք կաթողիկոսաց Աղթամարա, Վնն., 1920
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 255